Գլխավոր տեղեկություն
Համար
N 1396-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.05-2022.09.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2022 թվականի N 1396-Լ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-260-11.05.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

08.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-260-11.05.2022-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում է հետևյալը.

2019 թվականին տրված օրենսդրական կարգավորումները նպատակ ունեին մեղմելու իրանական ցեմենտի ցածր գներով ներմուծման արդյունքում ցեմենտի տեղական շուկայում առաջացած խնդիրները և ստեղծելու որոշակի հավասար պայմաններ ներմուծվող և տեղում արտադրվող ցեմենտի համար։

Կարգավորումները մշակելիս Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնորդվել էր նաև այն տրամաբանությամբ, որ Իրանում սուբսիդավորվող և Հայաստան արտահանվող ցեմենտը կարող էր հանգեցնել Հայաստանի ցեմենտ արտադրող ընկերությունների գործունեության խաթարմանը (ընդհուպ՝ մինչև դադարեցմանը), որից հետո իրանական ցեմենտը գրավելով մենաշնորհային դիրք` կարող էր հանգեցնել ցեմենտի տեղական շուկայում գների անցանկալի աճին։

Ուստի, տնտեսության համար ռազմավարական ապրանք համարվող ցեմենտի ներմուծումը որպես լիցենզավորվող գործունեություն սահմանելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնորդվել է հավասար մրցակցություն ապահովելու, տեղական ցեմենտի շուկայում ամբողջությամբ ներմուծման կախվածությունը բացառելու և հայկական ցեմենտի արտադրության ոլորտը պահպանելու անհրաժեշտությամբ։

Հաշվի առնելով վերը նշված նկատառումները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի առարկում Հայաստան ներմուծվող իրանական ցեմենտի և կլինկերի պետական տուրքի վերանայման առաջարկությանը, պայմանով, որ առաջարկվող պետական տուրքի նոր դրույքաչափերը կապահովեն տեղական արտադրողների և ներմուծողների համար մրցակցային հավասար պայմաններ:

Այդ իսկ նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է մինչև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում նախագծի քննարկումը ևս մեկ անգամ ուսումնասիրել ներկայիս դրությամբ (սահմանին ցեմենտի և կլինկերի ներկայումս ձևավորված գների, ինչպես նաև տեղի ունեցող դրամի արժևորման պարագայում) տեղական շուկայում առկա գործոնների ազդեցությունը ներմուծվող ցեմենտի և կլինկերի գնագոյացման վրա, որի արդյունքների հիման վրա ձևավորել վերջնական դիրքորոշում նախագծով առաջարկվող դրույքաչափերի վերաբերյալ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան