Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-87-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.28/17(541) Հոդ.366
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին

ՄԵՂՐԻ-ՔԱՋԱՐԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության Արտահանման Զարգացման Բանկի միջև կնքված համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ծրագիրն իրականացնող կազմակերպություն կամ պատվիրատու) և Իրանի Իսլամական Հանրապետության «Սանիր» ընկերության (այսուհետ՝ կապալառու) միջև կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում իրականացվող Մեղրի-Քաջարան գազատարի շինարարության աշխատանքների (այսուհետ՝ ծրագիր) նկատմամբ հարկային արտոնությունների սահմանման և դրանց կիրառման հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Համաձայնագրով իրականացվող ծրագրի շրջանակներում ծախսված միջոցների հաշվին`

1) կապալառուի կողմից պատվիրատուին ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից: Այդ կապակցությամբ պատվիրատուն ազատվում է ոչ ռեզիդենտի կողմից ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից ոչ ռեզիդենտի համար ավելացված արժեքի հարկի գծով հարկային գործակալ հանդես գալու պարտավորությունից.

2) կապալառուն ազատվում է ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից շահութահարկի վճարումից: Այդ կապակցությամբ պատվիրատուն ազատվում է ոչ ռեզիդենտի կողմից ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից ոչ ռեզիդենտի համար շահութահարկի գծով հարկային գործակալ հանդես գալու պարտավորությունից:

Սույն հոդվածով սահմանված հարկային արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր և այլն), ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հաստատած կարգին համապատասխան` պատվիրատուի կողմից տրված տեղեկանքը:

 

Հոդված 3. Համաձայնագրով իրականացվող ծրագրի շրջանակներում կապալառուի կողմից պատվիրատուին մատակարարվող ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցվող ծառայությունների գծով հարկային հաշիվ չի լրացվում (լրացվում է սահմանված կարգի համաձայն` այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր):

 

Հոդված 4. Սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունները չեն տարածվում ծրագրի շրջանակներում կապալառուի` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ենթակապալառուների վրա: Այդ կազմակերպությունների կողմից կապալառուին ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված հարկի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ սահմանված ընդհանուր կարգով:

 

Հոդված 5. Սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունները կիրառվում են ծրագրի սկսման պահից և մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծրագրի շրջանակներում պատվիրատուի մոտ հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները (կապալառուի փոխարեն` ավելացված արժեքի հարկը, կապալառուին վճարված եկամուտներից` շահութահարկը, ինչպես նաև դրանց գծով տույժերը և տուգանքները) ենթակա են վերահաշվարկման:

 

Հոդված 6. Սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունների կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 15
Երևան
ՀՕ-87-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան