ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/23657/02/202022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/23657/02/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա. Մկրտչյան Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի հոկտեմբերի 21-ին
գրավոր ընթացակարգով քննելով Վահե Հովսեփյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2021 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Վահե Հովսեփյանի, երրորդ անձ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վահե Հովսեփյանը պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ ինքը 02․12․1991-01․07․1993 թվականներին աշխատել է «БЕЙ ТТТ» հարավսլավա-իտալական համատեղ ձեռնարկությունում` որպես գլխավոր տնօրենի օգնական, 06․07․1993-20․11․1996 թվականներին աշխատել է «Տուրիստական-կոմերցիոն կենտրոնում»` որպես փոխտնօրեն, 20․11․1996-05․04․1998 թվականներին աշխատել է «Տարոն-Սևան» ՍՊԸ-ում` որպես փոխտնօրեն:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Գաբրիելյան) (այսուհետ` Դատարան) 17.09.2020 թվականի որոշմամբ դիմումը թողնվել է առանց քննության:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.01.2021 թվականի որոշմամբ Վահե Հովսեփյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.09.2020 թվականի «Դիմումն առանց քննության թողնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահե Հովսեփյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ, 83-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 14-րդ հոդվածները, 180-րդ հոդվածի 8-րդ կետը, 139-րդ, 237-րդ, 239-րդ, 364-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն գործով Ծառայությունը որևէ կերպ չի հիմնավորել իրավունքի մասին վեճի առկայությունը, այլ ընդամենը հայտարարել է դրա մասին: Ծառայությունն իր կողմից ներկայացված դիրքորոշմամբ սույն գործի որևէ փաստ չի վիճարկել, այլ միայն ըստ հերթականության թվել է փաստերը և վերջում հայտարարել իրավունքի մասին վեճի առկայությունը: Այսինքն՝ Ծառայությունը որևէ կերպ չի հիմնավորել սույն գործով իրավունքի մասին վեճի առկայության հանգամանքը, մինչդեռ ստորադաս դատարաններն առանց որևէ հիմնավորման հաստատված են համարել այն:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքում, ի թիվս այլնի, ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 14-րդ հոդվածների խախտմամբ դատական ակտ կայացնելու հիմքեր և հիմնավորումներ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի անդրադարձել նշված հիմքերին, որևէ գնահատման չի արժանացրել այդ հիմքերը։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.01.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ծառայության 16.06.2016 թվականի թիվ 53/14-987 գրությամբ Վահե Հովսեփյանին տեղեկացվել է, որ «БЕЙ ТТТ» հարավսլավա-իտալական համատեղ ձեռնարկության և «Տարոն-Սևան» ՍՊԸ-ի փաստաթղթերը «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ին չեն հանձնվել, հետևաբար նշված ժամանակահատվածի համար տեղեկանքներ չեն կարող տրամադրել (գ.թ. 33):
2) «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից 31.03.2017 թվականին տրված թիվ Հ-3060 արխիվային տեղեկանքի համաձայն` «БЕЙ ТТТ» հարավսլավա-իտալական համատեղ ձեռնարկության և «Տարոն-Սևան» ՍՊԸ-ի փաստաթղթերը «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ին չեն հանձնվել, հետևաբար նշված ժամանակահատվածի համար տեղեկանքներ չեն կարող տրամադրել (գ.թ. 34):
3) Ծառայության կողմից Վահե Հովսեփյանին 22.11.2019 թվականին տրված գրությամբ հայտնվել է, որ «БЕЙ ТТТ» հարավսլավա-իտալական համատեղ ձեռնարկության և «Տարոն-Սևան» ՍՊԸ-ի անձնակազմերին վերաբերող փաստաթղթերն արխիվի պահպանմանը չեն հանձնվել և չի հաջողվել պարզել փաստաթղթերի գտնվելու վայրը (գ.թ. 29-30):
4) 11.09.2020 թվականին Ծառայությունը Դատարան է ներկայացրել դիրքորոշում, որով հայտնել է, որ Դատարանը վճիռ կայացնելիս պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ տվյալ վճիռը հանդիսանալու է Ծառայության իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ակտ, քանի որ նման փաստի հաստատումն ինքնին ենթադրում է հետագայում Ծառայության կողմից որոշակի գործողությունների կատարում, մասնավորապես՝ կենսաթոշակի նշանակում։ Հետևաբար պահանջել է դիմումը թողնել առանց քննության (գ.թ. 43-48):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը հակասում է թիվ ԵԴ/3061/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.02.2021 թվականի որոշմամբ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, հատուկ և հայցային վարույթների առանձնահատկությունների լույսի ներքո, հարկ է համարում անդրադառնալ փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու վերաբերյալ գործերով աշխատողի և կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի միջև իրավունքի մասին վեճի ծագման իրավական հնարավորության խնդրին` վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը հատուկ վարույթներն իրականացնում է նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը հատուկ վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը. իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են`
1) անձանց ազգակցական հարաբերություններին.
2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելուն.
3) ծննդյան, որդեգրման, ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցմանը.
4) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.
5) ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին.
6) դժբախտ պատահարին.
7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.
8) սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը.
9) անհաղթահարելի ուժի առկայությանը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանն օրենքով նախատեսված դեպքերում քննում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:
Դատարան դիմելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` հատուկ վարույթի գործերի քննության ընթացքում վեճ է ծագել իրավունքի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` քաղաքացիական դատավարության մասնակիցներն են (այսուհետ` դատավարության մասնակիցներ)` իրավասու անձինք և մարմինները` օրենքով նախատեսված դեպքերում:
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով (այսուհետ` Նախկին օրենսգիրք) նախատեսված կարգավորումների շրջանակում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է հատուկ վարույթի կարգով քննող դիմումների առանձնահատկությանը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացիական գործի հարուցման հիմքը հայցի կամ դիմումի առկայությունն է, հետևաբար շահագրգիռ անձը քաղաքացիական դատավարության կարգով իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությունն իրականացնում է դատարան կամ հայց, կամ դիմում ներկայացնելով: Ընդ որում, կախված այն հանգամանքից, թե քաղաքացիական գործի հարուցման հիմքում ընկած է դիմումը, թե հայցադիմումը, օրենսդիրն առանձնացրել է հատուկ և հայցային վարույթները, որոնք միմյանցից էականորեն տարբերվում են և ունեն գործերի քննության իրենց բնորոշ առանձնահատկություններ: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին: Այսպես, հայցային վարույթը քաղաքացիական դատավարության հիմնական տեսակն է, քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, հողային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև այլ իրավահարաբերություններից ծագող սուբյեկտիվ իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին վերաբերող վեճերի քննությանն ու լուծմանն ուղղված դատավարական կարգը: Իրավունքի պաշտպանության հայցային վարույթում առկա են`
1) կողմի` խախտված կամ վիճարկվող իրավունքից ծագող և օրենքով սահմանված որոշակի կարգով քննության ենթակա նյութաիրավական պահանջ, այսինքն` հայց,
2) սուբյեկտիվ իրավունքի մասին վեճ,
3) հակադիր շահերով օժտված երկու կողմեր, որոնք օժտված են նաև իրենց իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանելու որոշակի լիազորություններով: Մինչդեռ հատուկ վարույթի կարգով դատարանը հաստատում է քաղաքացիների կամ կազմակերպությունների գույքային կամ անձնական ոչ գույքային իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման հիմք հանդիսացող իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը, քաղաքացու որոշակի իրավական վիճակը կամ նրան պատկանող իրավունքը: Հատուկ վարույթը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով`
1) այստեղ իրավունքի մասին վեճ չկա, քանի որ դիմողն այլ անձանց որևէ նյութաիրավական պահանջ չի ներկայացնում,
2) հատուկ վարույթին բնորոշ է ոչ թե վեճի բացակայությունն ընդհանրապես, այլ դատական մարմինների քննությանն օրենքով հանձնված իրավունքի մասին վեճի բացակայությունը,
3) հատուկ վարույթում դատարանի լուծմանը ենթակա իրավունքի մասին վեճ չկա, ուստի այստեղ չկան նաև հայցվոր ու պատասխանող, այստեղ կան միայն դիմողներ և շահագրգիռ այլ անձինք,
4) հատուկ վարույթում չկա նաև հայց:
Այսպիսով, հատուկ վարույթի գործերով բացակայում է իրավունքի մասին վեճը, իսկ շահագրգիռ անձն էլ որևէ մեկի դեմ որևէ պահանջ չի ներկայացնում: Այսինքն` հատուկ վարույթի գործերով բացակայում է դատարանի քննությանը ենթակա (նրա լուծմանը հանձնված) իրավունքի մասին վեճը(տե՛ս, ըստ Ասատուր Հարությունյանի դիմումի` թիվ ԵՄԴ/3384/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.08.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյոք գործի փաստերից ելնելով առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյոք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա։ Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի բացակայության դեպքում իրավունքի մասին վեճի վերաբերյալ հայտարարությունն ինքնին իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով հայցն առանց քննության թողնելու հիմք չէ (տե՛ս, ըստ Աշոտ Սիմոնյանի դիմումի` թիվ ԵԷԴ/0543/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ կենսաթոշակ նշանակելու և դրանից բխող այլ գործողություններ կատարելու համար էական նշանակություն ունի դիմողի աշխատանքային ստաժը, որը ենթակա է հաստատման օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված կարգով: Ըստ այդմ, օրենսդրի կողմից ամրագրվել է այն ընդհանուր կանոնը, ըստ որի` օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած անձի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն է`
1. մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար` աշխատանքային գրքույկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ,
2. 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:
Միաժամանակ օրենսդիրը Ծառայությանը` որպես կենսաթոշակային ապահովության ոլորտում ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի, օրենսդրորեն վերապահել է, ի թիվս այլնի, պահանջել կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, նշանակել կենսաթոշակներ, ապահովել կենսաթոշակների վճարումը կամ մերժել կենսաթոշակ նշանակելու դիմումները։ Ընդ որում, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթով նախատեսվել է աշխատանքային ստաժը` որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, դատական կարգով հաստատելու հնարավորություն, եթե բացակայում են`
1. աշխատանքային գրքույկը կամ,
2. աշխատանքային գրքույկում համապատասխան գրառումները կամ,
3. ստաժը հաստատող համապատասխան փաստաթղթերը (օրինակ` սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը) և
4. եթե միևնույն ժամանակ առկա չէ աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տեղեկանքը։
Այսինքն` բոլոր այն դեպքերում, երբ առկա չեն վերը թվարկված բոլոր պայմանները և դիմողը հնարավորություն չունի արտադատական կարգով ստանալու իր աշխատանքային ստաժը հավաստող օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերը (օրինակ` աշխատանքային գրքույկ, համապատասխան արխիվային տեղեկանք, պարտադիր սոցիալական ապահովության վճարների վերաբերյալ կատարված վճարումները հավաստող փաստաթուղթ և այլն), ապա օրենսդիրն իրավունք է վերապահել տվյալ անձին իր աշխատած աշխատանքային տարիները հաստատելու փաստով դիմելու դատական պաշտպանության: Ընդ որում, տվյալ գործի քննության ընթացքում դիմումատուի և շահագրգիռ անձի միջև նյութաիրավական վեճ ծագելու դեպքում, դիմումը պետք է թողնվի առանց քննության (տե՛ս, ըստ Արտուշ Մնացականյանի դիմումի` թիվ ԱՐԴ/4208/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.09.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում գործող քաղաքացիադատավարական կարգավորումների շրջանակում ըստ Արտուշ Մնացականյանի դիմումի` թիվ ԱՐԴ/4208/02/16 քաղաքացիական գործով 17.09.2018 թվականի որոշմամբ եզրահանգել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը դիմումի ելքով շահագրգիռ անձ է և դիմողի ու ծառայության միջև իրավունքի մասին վեճ է ծագել, ուստիև գտել է, որ Արտուշ Մնացականյանի դիմումը պետք է թողնել առանց քննության։
ՀՀ վճռաբեկ դատարանը, գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների շրջանակում անդրադառնալով հատուկ վարույթի կարգով քննվող դիմումների առանձնահատկությանը, արձանագրել է, որ ի տարբերություն Նախկին օրենսգրքի, գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով օրենսդիրը դատավարության մասնակիցների շրջանակում ներառել է նաև իրավասու անձանց և մարմիններին` օրենքով նախատեսված դեպքերում: Այսինքն` օրենսդիրը դատավարության մասնակից դիտարկում է նաև իրավասու անձանց և մարմիններին, որոնք թեև գործի ելքում չունեն նյութաիրավական շահ, սակայն վերջիններիս մասնակցությունը կոչված է ապահովելու արդարադատության արդյունավետ իրականացումը, մի դեպքում նպաստելով խոցելի անձանց շարքում գտնվող անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությանը (օրինակ` երեխաների շահերին առնչվող գործերով խնամակալության և հոգաբարձության մարմնի մասնակցությունը), մեկ այլ դեպքում` գործի բազմակողմանի և լրիվ քննությանը։ Հատուկ վարույթների գործերով իրավասու անձանց և մարմինների մասնակցությունը ևս պայմանավորված է այս վարույթների առանձնահատկություններով։ Այսպես, հատուկ վարույթի կարգով քննվող գործերով, բացի դիմողներից, կարող են ներգրավվել նաև այն իրավասու անձինք և մարմինները, որոնց օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստով հաստատված իրավունքի իրականացումը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «օրենքով նախատեսված դեպքում» ձևակերպումը պետք է ընկալել լայն իմաստով: Այն ներառում է ինչպես այն դեպքերը, երբ օրենքում ուղղակի նախատեսվում է իրավասու անձանց և մարմինների մասնակցությունը որևէ գործի քննությանը, այնպես էլ` այն դեպքերը, երբ իրավասու անձանց և մարմինների լիազորություններից ուղղակի կամ անուղղակի բխում է համապատասխան իրավունքի իրականացումը, որը հաստատվել է տվյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստով: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հատուկ վարույթի, այդ թվում նաև` իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի քննության գործերի հիմնական նպատակն այնպիսի փաստերի վեր հանումը և հստակեցումն է, որոնց հետ օրենսդիրը կապում է դիմումատուի որոշակի իրավունքների և պարտականությունների ծագումը, փոփոխումը և դադարումը: Այլ կերպ ասած` իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի քննության գործերի վարույթը (հատուկ վարույթ) կոչված է վերացնել այն փաստական հանգամանքների անորոշությունը, որոնք անմիջականորեն կապված են դիմողի` օրենքով պաշտպանվող շահերի հետ: Ըստ այդմ` այդ վարույթում ենթակա չէ քննության որևէ նյութաիրավական պահանջ, այլ` տվյալ վարույթում հաստատման են ենթակա այնպիսի փաստեր, որոնք անհրաժեշտ են դիմումատուին` օրենքով իրեն վերապահված իրավունքը լիարժեք իրականացնելու համար: Հատուկ վարույթի վերջնական նպատակը նույնպես նյութական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է, բայց այդ նպատակն այս վարույթում իրականացվում է ոչ թե խախտված կամ վիճարկվող իրավունքը վերականգնելու միջոցով, ինչպես դա կատարվում է հայցային վարույթում, այլ` իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը, քաղաքացիների որոշակի իրավական վիճակը, քաղաքացիների կամ իրավաբանական անձանց այս կամ այն իրավունքը հաստատելու միջոցով, որի հիման վրա դիմողը հնարավորություն է ստանում իրավասու մարմիններում (ոչ դատական) իրացնել իր իրավունքները և օրինական շահերը: Հատուկ վարույթին բնորոշ է ոչ թե վեճի բացակայությունն ընդհանրապես, այլ` իրավունքի մասին վեճի բացակայությունը։ Դատարանը հետևություններ չի անում դիմողի խնդրանքով հաստատված փաստերից բխող իրավունքների և պարտականությունների մասին: Այդ փաստերի հիման վրա ծագող իրավունքների իրականացման հարցը լուծում են իրավասու անձինք և մարմինները` սոցիալական ապահովության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և այլ մարմինները: Հատուկ վարույթի կարգով քննվող գործերով հնարավոր է ծագի համապատասխան փաստի հաստատման վերաբերյալ վեճ, նկատի ունենալով, որ յուրաքանչյուր փաստի հաստատումն իր հերթին պահանջում է համապատասխան ապացույցների կազմ:
Նշվածի հիման վրա` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործող քաղաքացիական դատավարության օրենսդրության շրջանակներում հատուկ վարույթի կարգով քննվող` փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու վերաբերյալ գործերով բացի դիմողներից կարող են ներգրավվել նաև այն իրավասու անձինք և մարմինները, որոնց օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում է համապատասխան իրավունքի իրականացումը, որը հաստատվել է տվյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստով: Իրավասու անձի կամ մարմնի ներգրավմամբ օրենսդիրը նպատակ է հետապնդել ըստ էության ապահովել դիմումի պահանջի հիմնավորվածության և իրավաչափության, փաստի վերաբերյալ վերջինիս դիրքորոշման արտահայտումը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի տրամաբանությունից բխում է, որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը պետք է հաստատվի որոշակի նպատակի համար, այսինքն` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատմամբ դիմողը պետք է հնարավորություն ստանա իրացնել իր իրավունքները և օրինական շահերն այն մարմիններում, որոնց վրա օրենքով սահմանված կարգով դրված է համապատասխան իրավունքի իրականացումը, սույն դեպքում` Ծառայությունում: Հետևաբար, փաստի հաստատմամբ պայմանավորված` ապագայում Ծառայության կողմից որոշակի գործողություններ կատարելու պարտականությունն ինքնին չի ենթադրում իրավունքի մասին վեճի առկայության մասին, քանի որ սույն դեպքում դիմողը Ծառայությանը որևէ նյութաիրավական պահանջ չի ներկայացնում: Ձևական նկատառումներով կամ առանց որևէ հիմնավոր փաստարկի իրավունքի մասին արհեստական վեճի ստեղծումը կարող է հանգեցնել դիմումն առանց քննության թողնելուն, ինչը կարող է ընդհանրապես իմաստազրկել դատական կարգով աշխատանքային ստաժի վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման ինստիտուտը` դիմողներին զրկելով նշված կարգով իրենց սուբյեկտիվ իրավունքների իրականացման խոչընդոտները վերացնելու հնարավորությունից:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավունքի զարգացման արդյունքում ձևավորված նոր դիրքորոշումը պետք է գերակայի նախորդ դիրքորոշման նկատմամբ և հիմք ընդունվի Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը` ձևավորված որոշման կայացման պահին դատարանների վարույթներում գտնվող գործերի լուծման համար: Գործող քաղաքացիադատավարական նորմերի կարգավորումների լույսի ներքո անդրադառնալով բողոքի հիմքում բարձրացված հարցադրմանը` Վճռաբեկ դատարանը գտել է, որ.
ա) աշխատանքային ստաժը` որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու պահանջի մասին գործերով, որպես իրավասու մարմին գործի քննությանը պետք է մասնակից դարձվի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը,
բ) նշված գործերով բացառվում է իրավունքի մասին վեճի ծագման իրավական հնարավորությունը, այդուհանդերձ, չբացառելով փաստի մասին վեճի ծագման իրավական հնարավորությունը (տե՛ս, ըստ Սեյրան Խաչատրյանի դիմումի` թիվ ԵԴ/3061/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.02.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Դատարանը Վահե Հովսեփյանի դիմումը թողել է առանց քննության պատճառաբանելով, որ Ծառայության կողմից գրավոր դիրքորոշում ներկայացնելու և դիմումն առանց քննության թողնելու մասին պահանջը բավարար է իրավունքի մասին վեճ ծագելու հանգամանքը հաստատված համարելու համար, ուստի Վահե Հովսեփյանի կողմից ներկայացված իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատումը կապված է դատարանի ենթակայությանը վերապահված իրավունքի մասին վեճի լուծման հետ, քանի որ հաստատման ենթակա փաստի և Ծառայության լիազորությունների միջև առկա է փոխադարձ կապ:
Վերաքննիչ դատարանը, Վահե Հովսեփյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և պատճառաբանել, որ Ծառայությունը, հանդիսանալով կենսաթոշակային ապահովության ոլորտում վերահսկողություն իրականացնող պետական կառավարման մարմին, ըստ էության վիճարկել է դիմումատուի աշխատանքային ստաժի հաստատման հիմքում ընկած փաստական տվյալները։ Սույն գործով իրավաբանական նշանակություն ունեցող փաստն անդրադառնում է դիմող Վահե Հովսեփյանին հասանելիք կենսաթոշակի հաշվարկման և նշանակման առնչությամբ Ծառայությանը՝ որպես կենսաթոշակային ապահովության ոլորտում վերապահված պետական կենսաթոշակային ապահովության օրենսդրության կիրառման օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությանը: Հետևաբար Ծառայության իրավունքի վերաբերյալ ծագել է վեճ, իսկ Վահե Հովսեփյանի կողմից ներկայացված փաստի հաստատումը կապված է դատարանի ենթակայությանը վերապահված իրավունքի մասին վեճի լուծման հետ, քանի որ հաստատման ենթակա փաստի և դիմումի ելքով շահագրգռված անձ հանդիսացող Ծառայության լիազորությունների միջև առկա է փոխադարձ կապ։
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Տվյալ դեպքում, Վահե Հովսեփյանը, սպառելով արտադատական կարգով վիճելի իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունները, դատական կարգով պահանջել է հաստատել իր աշխատանքային ստաժը, այսինքն, որ ինքը 02․12․1991-01․07․1993 թվականներին աշխատել է «БЕЙ ТТТ» հարավսլավա-իտալական համատեղ ձեռնարկությունում՝ որպես գլխավոր տնօրենի օգնական, 06․07․1993-20․11․1996 թվականներին աշխատել է «Տուրիստական-կոմերցիոն կենտրոնում»՝ որպես փոխտնօրեն, 20․11․1996-05․04․1998 թվականներին աշխատել է «Տարոն-Սևան» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն: Սույն գործով Ծառայությունը ներգրավել է որպես երրորդ անձ, վերջինս Դատարան է ներկայացրել դիրքորոշում, որում հայտնել է, որ Դատարանի վճիռը հանդիսանալու է Ծառայության իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ակտ, քանի որ պահանջում նշված փաստի հաստատումն ինքնին ենթադրում է հետագայում Ծառայության կողմից որոշակի գործողությունների կատարում, մասնավորապես` կենսաթոշակի նշանակում:
Սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի վարույթի շրջանակներում քննարկման է ենթակա դիմողի կողմից որոշակի ժամանակահատվածում աշխատանքային գործունեություն ծավալած լինելու հանգամանքը, այլ ոչ թե Ծառայության կողմից ոչ ճիշտ գործողությունները վերացնելու կամ դիմողի` որոշակի ժամանակահատվածի համար կենսաթոշակ ստանալու իրավունքի հարցը: Դիմողի կողմից ներկայացված պահանջի պայմաններում իրավունքի մասին վեճ կարող էր առաջանալ գործատուի կողմից այդ պահանջի դեմ առարկելու պարագայում: Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պարագայում Ծառայության կողմից ապագայում որոշակի գործողություններ կատարելու պարտականությունն ինքնին չի կարող վկայել հատուկ վարույթում իրավունքի մասին վեճի առկայության մասին, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի տրամաբանությունից բխում է, որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը պետք է հաստատվի որոշակի նպատակի համար, այսինքն` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատմամբ դիմողը պետք է հնարավորություն ստանա իրացնել իր իրավունքները և օրինական շահերն այն մարմիններում, որոնց վրա օրենքով սահմանված կարգով դրված է համապատասխան իրավունքի իրականացումը, սույն դեպքում` Ծառայությունում: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում դիմողը Ծառայությանը որևէ նյութաիրավական պահանջ չի ներկայացնում և առկա չէ իրավունքի մասին վեճ, հետևաբար հիմնավոր չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով դիմումն առանց քննության թողնելը։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, հաստատված համարելով, որ սույն գործով առկա է իրավունքի մասին վեճ, իսկ Վերաքննիչ դատարանն էլ անփոփոխ թողնելով Դատարանի 17.09.2020 թվականի «Դիմումն առանց քննության թողնելու մասին» որոշումը, եկել են սխալ եզրահանգման, հետևաբար անհրաժեշտ է սույն գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. Դրմեյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Ս. Անտոնյան Գ. Հակոբյան Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Ա. Մկրտչյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
Զեկուցող
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2023 թվական: