ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
Մ-7923/21 | ||||
Գործ թիվ Մ-7923/21 |
|||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի | |
|
Ս. Օհանյանի |
16 նոյեմբերի 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 6-ի որոշման դեմ դիմող Հրայր Ադամի Խաչատրյանի ներկայացուցիչ Խ․Խաչատրյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2021 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի պարտականությունները ժամանակավոր կատարողի միջնորդությունն ու թույլատրվել՝ 2 (երկու) ամիս ժամկետով Արայիկ Սանդրոյի Հախվերդյանի նկատմամբ իրականացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում», «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
2․ Դիմող Հրայր Ադամի Խաչատրյանի ներկայացուցիչ Խ.Խաչատրյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 16-ի՝ հիշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին որոշման դեմ: Նշված բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2021 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող Հրայր Խաչատրյանի ներկայացուցիչ Խ.Խաչատրյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
4. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին, ինչպես նաև՝ դատարանի կիրառած դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Այսպես՝ բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ Վերաքննիչ դատարանն առանց բավարար հիմքերի սահմանափակել է Հ.Խաչատրյանի՝ դատարան դիմելու, իր իրավունքները սահմանափակող ու իր մեղադրանքի և կալանավորման հիմքում դրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների ձեռք բերման իրավաչափությունը վիճարկելու, այդ թվում՝ դրանք կատարելու թույլտվություն տալու մասին դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքները:
Ըստ բողոք բերած անձի՝ թեև դատարանի որոշմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կատարվել են Արայիկ Հախվերդյանի նկատմամբ, սակայն դրանց արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները դրվել են Հ.Խաչատրյանի ինչպես մեղադրանքի, այնպես էլ կալանավորման հիմքում, ինչի մասին է վկայում Հ.Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատական ակտի պատճառաբանությունը։ Մասնավորապես՝ դրանում որպես Հ.Խաչատրյանին վերագրվող հանցագործությունների հիմնավոր կասկածը հաստատող փաստական տվյալ, վկայակոչված են Ա․Հախվերդյանի նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ Այդ պատճառով բողոքաբերը փաստել է, որ Հ.Խաչատրյանը հանդիսանում է շահագրգիռ անձ, քանի որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որոշումն անմիջականորեն առնչվում է նրա իրավունքներին ու օրինական շահերին։
4․1․ Նշվածի հետ մեկտեղ, բողոքի հեղինակի պնդմամբ, Վճռաբեկ դատարանի` Սամվել Բաբայանի և մյուսների գործով կայացված որոշմամբ կանխորոշված է օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը վիճարկելու երկու ինքնավար ընթացակարգ․ իրավաչափության վիճարկումը վերադաս դատական ատյանում և քրեական գործի հիմնական դատական քննության ընթացքում։ Միևնույն ժամանակ, արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու կառուցակարգի ընտրությունը թողնվել է անձի հայեցողությանը։ Նշված պատճառաբանությամբ բողոք բերած անձը եզրահանգել է, որ Վճռաբեկ դատարանի հիշյալ որոշմամբ ձևավորված դիրքորոշման հաշվառմամբ Վերաքննիչ դատարանի դատողությունը ևս հիմնավոր չէ։
5. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 6-ի որոշումը՝ կայացնելով նոր դատական ակտ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Վերաքննիչ դատարանը, դիմողի ներկայացուցչի բողոքն առանց քննության թողնելով, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ․ «(…) Առաջին ատյանի դատարանի (…) դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է բերվել այն անձի կողմից, ով սույն գործի շրջանակներում բողոք բերելու իրավունք չուներ։
(…) Մասնավորապես, ինչպես բողոք բերելու իրավունք սահմանող ընդհանուր կանոնները, այնպես էլ հատուկ կանոնները սահմանել են համապատասխան դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավասությամբ օժտված սուբյեկտների ցանկը, ըստ որի՝ Հրայր Խաչատրյանը կամ նրա պաշտպանը տվյալ դեպքում չունեն վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք։ Բացի այդ, ինչպես երևում է սույն որոշմա[մբ] (…) նշված փաստական տվյալներից, համապատասխան միջնորդությունը վերաբերել է Արայիկ Հախվերդյանի [նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ] իրականացնելուն, և ըստ այդմ՝ վիճարկվող դատական ակտով քննության է առնվել Արայիկ Հախվերդյանի հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի ու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման հարցերը։
Սակայն, ինչպես վերաքննիչ բողոքում, այնպես էլ դատական գործի նյութերում բացակայում են համապատասխան բավարար փաստական տվյալներ առ այն, որ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող դատական ակտն առերևույթ ուղղակիորեն վերաբերել է Հրայր Խաչատրյանի իրավունքների սահմանափակմանը։ Այլ կերպ՝ Հրայր Խաչատրյանի պաշտպան Խ․Խաչատրյանը ըստ էության վիճարկել է Արայիկ Հախվերդյանի վերաբերյալ դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը։ Մինչդեռ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու կատարման արդյունքում այլ անձի հնարավոր իրավունքների առերևույթ սահմանափակման ենթադրյալ հանգամանքը մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության առարկա չէ և բավարար չէ փաստելու, որ հնարավոր այլ անձինք կարող են վիճարկել մեկ այլ անձի իրավունքների սահմանափակման վերաբերյալ դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը:
Այսինքն՝ տվյալ դեպքում կոնկրետ անձի իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման տեսանկյունից Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը՝ նախնական դատական վերահսկողության կարգով, անհնար է, քանի որ համապատասխան միջնորդությունը և դատարանի որոշումը վերաբերում են մեկ այլ անձի՝ Ա․Հախվերդյանի իրավունքների սահմանափակմանը։
Բացի այդ, հարկ է նշել, որ եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքները կառնչվեն որևէ այլ անձի՝ մեղադրյալի, իրավունքներին և ազատություններին, ապա տվյալ պարագայում անձը՝ մեղադրյալը, զրկված չէ այլ ընթացակարգերով, այդ թվում՝ վերաբերելի չափանիշների և պայմանների առկայության դեպքում հետագա դատական վերահսկողության կարգով կամ դատական քննության շրջանակներում, ստանալ արդյունավետ դատական պաշտպանություն (Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Վճռաբեկ դատարանի 15.06.2018 թվականի թիվ ԵԿԴ/0189/01/17 որոշումը)։ Հետևաբար, վերը նշված հետևությունները վկայում են նաև այն մասին, որ տվյալ դեպքում չեն սահմանափակվում նաև անձի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները։
Ամփոփելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Հրայր Խաչատրյանի պաշտպան Խ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության՝ բողոքարկման իրավունք չունեցող անձի կողմից բերված լինելու պատճառաբանությամբ»2։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
7. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Ա.Հախվերդյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Հ.Խաչատրյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը։
8․ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, (…) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:
Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի համատեքսում, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան վերաբերելի գնահատականների հիման վրա, Արա Շահնազարյանի գործով, վերահսկողության գաղտնի միջոցառումների դեպքում Վճռաբեկ դատարանն այդ միջոցառումների իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատական ակտերի նկատմամբ «արդյունավետ վերահսկողություն» դիտարկել է բացառապես վերադաս դատական ատյանի կարգով դրանց իրավաչափությունը ստուգելու ընթացակարգի շրջանակներում։ Նախնական դատական վերահսկողության ենթակա օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրավաչափության վերադասության կարգով վիճարկելու սուբյեկտային կազմի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերահսկողության գաղտնի միջոցառումների «արդյունավետ վերահսկողության» հիշյալ մեխանիզմը կարող է գործադրվել այն դեպքում, երբ այդ միջոցառման արդյունքում անձը դարձել է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման զոհ։
Վերոգրյալի հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրենց բնույթով կարող են «թիրախավորել» անորոշ թվով անձանց շրջանակ, Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում հստակեցրել է նաև դրանց իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը վերադաս դատական ատյան բողոքարկելու չափանիշը։
Մասնավորապես, որպես այդպիսի չափանիշ դիտարկվել է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման զոհի վիճակի հիմնավորումը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափությունը վիճարկելիս անձը պետք է հիմնավորի, որ իր մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն, որն ուղղակի կամ անուղղակի վնաս է պատճառել իրեն կամ ազդեցություն է թողել իր լեգիտիմ շահերի վրա։
Վերոնշյալը վկայում է այն մասին, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափության վիճարկման կառուցակարգի գործադրման երկաստիճան չափանիշը ենթադրում է հետևյալ հարցերի պարզում.
ա) արդյո՞ք անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն,
բ) եթե այո, ապա արդյո՞ք այդպիսի միջամտությունն ուղղակի կամ անուղղակի վնաս է պատճառել անձին կամ ազդեցություն թողել իր լեգիտիմ շահերի վրա։
Միաժամանակ, ընդգծվել է, որ վերոնշյալ վերջին չափանիշը իրավակիրառ պրակտիկայում չպետք է այն աստիճան ձևականացվի (excessive formalism), որ անձը, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի ունեցած միջամտության պայմաններում, զրկվի օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափությունը ստուգման ենթարկելու հնարավորությունից։
Մյուս կողմից էլ, նշվել է, որ շահագրգիռ անձինք իրենց բողոքը ներկայացնելիս պետք է հիմնավորեն վերոնշյալ չափանիշների առկայությունը։ Այս առումով, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա անձին որպես մեղադրյալ ներգրավելը և մեղադրանք առաջադրելն ինքնին չի կարող վկայել վերոնշյալ չափանիշները հաղթահարված գնահատելու համար։ Մասնավորապես, անձանց նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված տվյալների հիման վրա կարող են որպես մեղադրյալ ներգրավվել երրորդ անձինք: Նշվածը խնդրո հարցի համատեքստում չի կարող դիտարկվել որպես լեգիտիմ շահի պաշտպանության մեխանիզմ, եթե այդ երրորդ անձանց որևէ իրավունք չի ենթարկվել միջամտության բուն օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման շրջանակներում։ Նրանք կարող են հետագայում՝ հնարավոր քրեական վարույթի շրջանակներում վիճարկել մեղադրանքի հիմքում դրված այդ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների թույլատրելիությունը3։
9. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի պարտականությունները ժամանակավոր կատարողի միջնորդությունն ու թույլատրվել՝ 2 (երկու) ամիս ժամկետով Ա․Հախվերդյանի նկատմամբ իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ4,
- Հ․Խաչատրյանի ներկայացուցիչ Խ.Խաչատրյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ, որը Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ թողնվել է առանց քննության5։
Վերաքննիչ դատարանը գտել է, որ Հ․Խաչատրյանը կամ նրա ներկայացուցիչը տվյալ դեպքում չունեն վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ դիմողի ներկայացուցիչը վիճարկում է Ա․Հախվերդյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը, մինչդեռ դատարանի կողմից կարգադրված օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու արդյունքում այլ անձի իրավունքների սահմանափակման ենթադրյալ հանգամանքը բավարար չէ արձանագրելու, որ վերջինս օժտված է երրորդ անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը սահմանափակող դատական ակտը նախնական դատական վերահսկողության կառուցակարգով վիճարկելու հնարավորությամբ։ Այսինքն՝ կոնկրետ անձի իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման տեսանկյունից Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը նախնական դատական վերահսկողության կարգով, անհնար է, քանի որ համապատասխան միջնորդությունը և դատարանի որոշումը վերաբերում են մեկ այլ անձի՝ Ա․Հախվերդյանի իրավունքների սահմանափակմանը։
Միաժամանակ, հղում կատարելով Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Բաբայանի և մյուսների գործով 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ԵԿԴ/0189/01/17 որոշմանը, Վերաքննիչ դատարանը դիրքորոշում է հայտնել, որ եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքները կառնչվեն որևէ այլ անձի՝ մեղադրյալի, իրավունքներին և ազատություններին, ապա նա զրկված չէ այլ ընթացակարգերով, այդ թվում՝ վերաբերելի չափանիշների և պայմանների առկայության դեպքում, հետագա դատական վերահսկողության կարգով կամ դատական քննության շրջանակներում ստանալ արդյունավետ դատական պաշտպանություն։ Հետևաբար, դատարանը գտել է, որ տվյալ դեպքում չեն սահմանափակվում նաև անձի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված` արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները6։
10. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 8-րդ կետում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշման լույսի ներքո, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, առհասարակ բացառելով օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրող որոշումը երրորդ անձանց կողմից վերադասության կարգով բողոքարկելու հնարավորությունը՝ հաշվի չի առել, որ այդ որոշումների հիման վրա կարող է տեղի ունենալ միջամտություն երրորդ անձանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվությունը տրվել է Ա․Հախվերդյանի նկատմամբ, սակայն նշված հանգամանքն ինքնին բավարար չէր եզրահանգելու, որ Հ․Խաչատրյանը դա բողոքարկելու իրավունք չունի։ Վերոգրյալի հետ մեկտեղ, սույն գործի փաստական հանգամանքների շրջանակներում գնահատելով դիմող Հ․Խաչատրյանի կողմից Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու իրավասությունը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դիմողի ներկայացուցչի կողմից չեն ներկայացվել փաստական տվյալներ և չի հիմնավորվել, որ այդ որոշման հիման վրա միջամտություն է տեղի ունեցել Հ․Խաչատրյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին, որն ուղղակի կամ անուղղակի վնաս է պատճառել իրեն կամ ազդեցություն է թողել իր լեգիտիմ շահերի վրա: Բողոքաբերն իր փաստարկները հիմնավորել է միայն այն պատճառաբանությամբ, որ կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված տվյալները դրվել են Հ․Խաչատրյանի մեղադրանքի և կալանավորման հիմքում7։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա անձին որպես մեղադրյալ ներգրավելը և մեղադրանք առաջադրելն ինքնին չի կարող վկայել սույն որոշմամբ վկայակոչված չափանիշները հաղթահարված գնահատելու համար։ Հետևաբար, թեև Վերաքննիչ դատարանը սխալ է պատճառաբանել իր դատական ակտը, սակայն, բողոքաբերի կողմից ներկայացված հիմնավորումների պայմաններում, հանգել է ճիշտ եզրահանգման։
Անդրադարձ կատարելով բողոքաբերի՝ սույն որոշման 4․1-րդ կետով նշված փաստարկին, հարկ է նշել, որ Սամվել Բաբայանի և մյուսների գործով 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ԵԿԴ/0189/01/17 որոշմամբ Վճռաբեկ դատարանը սահմանազատել է ապացույցի ձեռքբերման ընթացակարգի իրավաչափության ստուգումն այդ ապացույցը ձեռքբերելու թույլտվություն տվող դատարանի որոշման իրավաչափության ստուգման ընթացակարգից, արձանագրելով, որ հիմնական քրեական գործը քննող դատարանը գնահատական է տալիս օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու վերաբերյալ միջնորդության քննման արդյունքում ընդունված դատարանի որոշմամբ ձեռքբերված ապացույցի թույլատրելիությանը, վերաբերելիությանը և արժանահավատությանը՝ առանց այդ որոշման օրինականությունը կասկածի տակ դնելու8։ Այսինքն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափությունը քրեական գործի ըստ էության քննության շրջանակներում վիճարկելու կառուցակարգ Վճռաբեկ դատարանը հիշյալ որոշմամբ չի դիտարկել։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում դիմողը զրկված չէ այլ ընթացակարգերով, այդ թվում վերաբերելի չափանիշների և պայմանների առկայության դեպքում հետագա դատական վերահսկողության կարգով կամ դատական քննության շրջանակներում ստանալ արդյունավետ դատական պաշտպանություն, մասնավորապես՝ վիճարկել այդ ապացույցի թույլատրելիությունը։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանի այն պնդումը, թե տվյալ դեպքում չեն սահմանափակվում նաև անձի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, հիմնավոր է։
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ա.Հախվերդյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Հ.Խաչատրյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր է։
11. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, դիմող Հ.Խաչատրյանի ներկայացուցիչ Խ․Խաչատրյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելիս, թեև սխալ է պատճառաբանել դատական ակտը, սակայն թույլ չի տվել քրեադատավարական օրենքի խախտում, ուստի, վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 6-ի որոշումը՝ թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Դիմող Հրայր Ադամի Խաչատրյանի ներկայացուցիչ Խ․Խաչատրյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 6-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 12-15:
3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արա Շահնազարյանի գործով 2022 թվականի հունիսի 30-ի թիվ Բ-3683/20 որոշումը։
4 Տե՛ս սույն որոշման 1-րդ կետը։
5 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամվել Բաբայանի և մյուսների գործով 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ԵԿԴ/0189/01/17 որոշումը, 14-րդ կետ։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
|
Ս. Օհանյան |