Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
20.05.2022
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵԿԴ/0163/01/12

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

20 մայիսի 2022 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Դավիթ Սուրենի Գալստյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԵԿԴ/0163/01/12) Դավիթ Սուրենի Գալստյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով ու 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ։ ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով Դ.Գալստյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 13 (տասներեք) տարի ժամկետով՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել քան՝ 229.985.750 (երկու հարյուր քսանինը միլիոն ինը հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամը և 221.825 (երկու հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր քսանհինգ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ ազատազրկում` 10 (տասը) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով։

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով, հանցանքների համակցությամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Դ․Գալստյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 15 (տասնհինգ) տարի ժամկետով՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել քան 229.985.750 (երկու հարյուր քսանինը միլիոն ինը հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամը և 221.825 (երկու հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր քսանհինգ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը։

Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2011 թվականի սեպտեմբերի 23-ից։

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Արտուշ Հակոբյանը, Սամվել Դավթյանը, Արթուր Մանուկյանը:

1․1. Դ.Գալստյանի շահերի պաշտպան Ս.Ոսկանյանի և մյուս ամբաստանյալների ու նրանց պաշտպանների վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2015 թվականի մայիսի 12-ի որոշմամբ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը:

1․2․ Վերոնշյալ որոշման դեմ Դ.Գալստյանի պաշտպան Ս.Ոսկանյանի և մյուս ամբաստանյալների պաշտպանների վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ մերժվել է:

2․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 16-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԵԱԴԴ/0116/01/17) Դավիթ Գալստյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով, և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 9 (ինը) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով՝ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 2 (երկու) տարի ազատազրկումը, և վերջնական պատիժ է նշանակվել` ազատազրկում՝ 11 (տասնմեկ) տարի ժամկետով։

Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2020 թվականի հունվարի 16-ից։

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Վլադիմիր Մինասյանը:

2․1․ Դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2021 թվականի փետրվարի 3-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 16-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

2․2․ Վերոնշյալ որոշումը վճռաբեկության կարգով չի բողոքարկվել։

3. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի դեմ դատապարտյալ Դավիթ Գալստյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 13-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

4. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Դ․Գալստյանը թիվ ԵԿԴ/0163/01/12 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է այն բանի համար, որ «[Ա]ռանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր մոտ է պահել խոշոր չափի` 10 գրամ հաստատուն քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց: (…)»:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.

6. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի մայիսի 12-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել, բեկանել և փոփոխել այն՝ քրեական գործով վարույթը կարճելով ու քրեական հետապնդումը դադարեցնելով՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Միևնույն ժամանակ, դատապարտյալ Դ.Գալստյանը խնդրել է մասնակիորեն՝ պատժի մասով բեկանել և փոփոխել նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 3-ի որոշումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Դավիթ Գալստյանի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը վերանայելու համար:

9. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա՛մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա՛մ մեղմացնում է պատիժը, կա՛մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն1:

11. ՀՀ Սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»2:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»3:

12․ Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ՝ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար4։

13. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով (...)»։

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 5.0 գրամից մինչև 500.0 գրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո, ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, խոշոր չափ է սահմանվել 12.5 գրամից մինչև 62.5 գրամը ներառյալ:

14. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Դ․Գալստյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում՝ 10 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է։ Ուստի` դատապարտյալ Դ․Գալստյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասին։

Նման պայմաններում, թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Դ․Գալստյանի կողմից կատարված արարքի վրա:

15. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Դ․Գալստյանի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը վերանայելու համար:

16. Վերանայման արդյունքում, անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Դավիթ Գալստյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի մայիսի 12-ի որոշումը:

Դ.Գալստյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 8 (ութ) ամիս ժամկետով` հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև գործի նյութերում առկա` Դ․Գալստյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ Դ․Գալստյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 13 (տասներեք) տարի ժամկետով ազատազրկմանը՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել քան՝ 229.985.750 (երկու հարյուր քսանինը միլիոն ինը հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամը և 221.825 (երկու հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր քսանհինգ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նշանակված առանց գույքի բռնագրավման 11 (տասնմեկ) տարի ժամկետով ազատազրկում պատժից՝ 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով առանց գույքի բռնագրավման նշանակված՝ 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկում պատժից՝ 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նշանակված` 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկում պատժից՝ 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 8 (ութ) ամիս ժամկետով ազատազրկում պատժից՝ 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և Դ․Գալստյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 14 (տասնչորս) տարի 9 (ինը) ամիս ժամկետով՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել քան՝ 229.985.750 (երկու հարյուր քսանինը միլիոն ինը հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամը և 221.825 (երկու հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր քսանհինգ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը։

Անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 3-ի որոշումը վերանայելու բողոքաբերի պահանջին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած նշված դատական ակտը վերանայելու բացառիկ հիմքերը բացակայում են5։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415․1-րդ, 418․1-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426․1-426․2-րդ, 426․4-րդ, 426․7-րդ և 426․9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Դավիթ Սուրենի Գալստյանի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դավիթ Սուրենի Գալստյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի մայիսի 12-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

Դավիթ Սուրենի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 8 (ութ) ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ Դավիթ Սուրենի Գալստյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 13 (տասներեք) տարի ժամկետով ազատազրկմանը՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել քան՝ 229.985.750 (երկու հարյուր քսանինը միլիոն ինը հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամը և 221.825 (երկու հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր քսանհինգ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նշանակված առանց գույքի բռնագրավման 11 (տասնմեկ) տարի ժամկետով ազատազրկում պատժից՝ 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով առանց գույքի բռնագրավման նշանակված՝ 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկում պատժից՝ 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նշանակված ` 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկում պատժից՝ 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 8 (ութ) ամիս ժամկետով ազատազրկում պատժից՝ 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և Դ․Գալստյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 14 (տասնչորս) տարի 9 (ինը) ամիս ժամկետով՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել քան՝ 229.985.750 (երկու հարյուր քսանինը միլիոն ինը հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամը և 221.825 (երկու հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր քսանհինգ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը:

3․ Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

4. Վճռաբեկ բողոքը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 3-ի որոշումը վերանայելու մասով, մերժել։

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_____________________________________________________________________________

1 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

2 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

3 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

4 Քրեական օրենքի հետադարձության վերաբերյալ, տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Մելիք Մեսրոպյանի գործով 2021 թվականի հունիսի 11-ի թիվ ԵԷԴ/0040/01/12 որոշումը։

5 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Մելիք Մեսրոպյանի գործով 2021 թվականի հունիսի 11-ի թիվ ԵԷԴ/0040/01/12 որոշումը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան