Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 158
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.10.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

17 հոկտեմբերի 2022 թվականի

թիվ 158

քաղ. Բիշքեկ

 

ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 12 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների ցանկի 2.10 կետի իրագործման նպատակով, Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում ապրանքների կայուն առաջարկը պահպանելու համար, հաշվի առնելով արտադրական գործընթացների տեխնոլոգիական առանձնահատկությունները Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասախանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի համար անդամ պետությունների կառավարությունների կողմից կարող են սահմանվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու կարգի կիրառման առանձնահատկությունները՝ այդ արտադրանքը մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը (այդ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները) մաքսային մարմիններին ներկայացնելու կարգն ու դեպքերը սահմանելու մասով։

Սույն կետի առաջին պարբերությանը համապատասխան սահմանված՝ արտադրանքի ներմուծման առանձնահատկությունները չեն կարող բացառել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման պարտավորությունը և գործում են մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ։

Անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովին անհապաղ տեղեկացնում են սույն կետին համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի մասին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ապահովում է անդամ պետությունների անհապաղ տեղեկացումը ձեռնարկված նորմատիվ իրավական ակտերի մասին։

2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան անդամ պետության տարածք ներմուծված արտադրանքը նախատեսված է այդ անդամ պետության տարածքում շրջանառության համար։

Անդամ պետությունների լիազորված մարմիններին՝ ձեռնարկել սույն որոշման 1-ին կետին համապատասխան անդամ պետության տարածքում շրջանառության մեջ դրված արտադրանքի շրջանառության ապահովմանն ուղղված միջոցներ բացառապես այդ անդամ պետության տարածքում՝ ի նկատի ունենալով այդ արտադրանքի մասով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի անվերապահ պահպանումը։

Սույն որոշման 1-ին կետին համապատասխան, անդամ պետության տարածք ներմուծված արտադրանքի շրջանառությունը հաստատելու նպատակով՝ անդամ պետությունների լիազորված մարմիններին՝ բացառապես այդ անդամ պետության տարածքում ապահովել ներմուծվող և փոխադարձ մատակարարվող ապրանքների վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տեղեկությունների փոխանակումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին պաշտոնական վիճակագրական տեղեկություններ տրամադրելու մասին» թիվ 184 որոշմանը համապատասխան։

3. Ներմուծվող (ներմուծված) արտադրանքի մասով՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 711 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի կիրառման կարգը կիրառվում է՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով արտադրանքի դրոշմավորման հնարավորությունը՝ անդամ պետության տարածք դրա ներմուծումից հետո։

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված՝ ներմուծվող (ներմուծված) արտադրանքի դրոշմավորումը ռուսերենով և (կամ) անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով) կարող է իրականացվել անդամ պետության տարածք դրա ներմուծումից հետո։

Օտարերկրյա արտադրողի կողմից լիազորված անձը կամ սույն կետին համապատասխան անդամ պետության տարածք ներմուծված արտադրանքի ներմուծողը դրոշմավորման զետեղումը պետք է ապահովի նախքան այդ արտադրանքը ձեռք բերողին (սպառողին) իրացնելը։

Սույն կետին համապատասխան անդամ պետության տարածք ներմուծված արտադրանքն անդամ պետությունների տարածքներում կարող է շրջանառության մեջ դրվել միայն համապատասխան դրոշմավորման զետեղումից հետո։

4. Սույն որոշման 3-րդ կետով սահմանված առանձնահատկությունները գործում են մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝ 

Բելառուսի Հանրապետությունից՝ 

Ղազախստանի Հանրապետությունից՝ 

Ղրղզստանի Հանրապետությունից՝ 

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: