Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.05.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.11.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/39264/02/21
2022
թ.

Նախագահող դատավոր

 Կ. Չիլինգարյան

Դատավորներ

 Տ. Նազարյան

 Ն. Կարապետյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի նոյեմբերի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ դիմումի Ընկերության (դիմումի քննության ելքով շահագրգռված անձ` հաճախորդ Սարգիս Կարապետյան)` Ֆինանսական համակարգի հաշտարարի 09.07.2021 թվականի թիվ 15-3642/21 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել Ֆինանսական համակարգի հաշտարարի 09.07.2021 թվականի թիվ 15-3642/21 որոշումը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Է. Ամալյան) (այսուհետ՝ Դատարան) 16.12.2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.03.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և բողոքաբերին տրամադրվել է տասնհինգօրյա ժամկետ դրանում թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.04.2022 թվականի որոշմամբ Ընկերության կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Նորայր Յուզբաշյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը և 372-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշումը, որը պետք է կիրառեր, և կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պետական տուրքի վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց է համարվում վճարահաշվարկային փաստաթղթի՝ հանձնարագրի (հանձնարարականի) բնօրինակը, որը համապատասխանում է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշմամբ սահմանված նվազագույն վավերապայմաններին:

Նշված որոշմամբ էլեկտրոնային եղանակով ձևավորված վճարման հանձնարարագրի վրա ֆինանսական կազմակերպության (բանկի) ստորագրության կամ կնիքի առկայության պարտադիր պահանջ սահմանված չէ։ Փոխարենը նշված է, որ այդ վճարահաշվարկային փաստաթուղթը պարտադիր պետք է պարունակի վճարողի կնիքը, որն առկա է եղել Վերաքննիչ դատարան ներկայացված փաստաթղթի վրա։

Վերաքննիչ դատարանը նշել է, որ վճարահաշվարկային փաստաթղթում որպես վճարող նշված է այլ սուբյեկտ, սակայն անտեսել է, որ դրանում նշված անվանումը հանդիսանում է Ընկերության կրճատ անվանումը: Բացի այդ՝ առկա չէ որևէ կանոն, ըստ որի՝ վճարումը պարտադիր պետք է կատարվի այն սուբյեկտի կողմից, ով ներկայացնում է համապատասխան բողոքը, ուստի այլ սուբյեկտի կողմից վճարված լինելու դեպքում անգամ այն պետական տուրքի վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 22.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ էլեկտրոնային եղանակով կատարված պետական տուրքի վճարման վերաբերյալ փաստաթուղթը թղթային տարբերակով ներկայացնելիս դրա վավերապայմաններին և լրացման կանոններին։

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (…) մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը (…)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վերը նշված հոդվածների բովանդակությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան (տե՛ս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն ընդդեմ Լիանա Սարգսյանի և Մարտին Գալստյանի թիվ ԱՐԴ1/1869/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2021 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Որոշմամբ հաստատված՝ «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» (այսուհետ՝ Կանոններ) վերնագիրը կրող հավելվածի համապատասխան դրույթները, իրավական դիրքորոշում է հայտնել վճարահաշվարկային համակարգի հասկացության վերաբերյալ՝ արձանագրելով, որ այն իրենից ներկայացնում է որոշակի տեխնիկածրագրային միջոցների ամբողջություն (վճարային գործիքներ, քլիրինգ և այլն), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին: Նշված որոշմամբ անդրադառնալով նաև վճարահաշվարկային փաստաթղթի հասկացությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով բանկին տրված հանձնարարությունն է` վճարելու կամ հանձնարարելու այլ բանկի վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար (տե՛ս Ստեփան Ոսկանյանն ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2967/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.09.2018 թվականի որոշումը):

Կանոնների 1-ին կետի համաձայն՝ նշված կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացված` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, փոխանցելու կամ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող և (կամ) վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը հաստատող, մատուցված ծառայությունների և (կամ) կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի (այսուհետ` վճարահաշվարկային փաստաթղթեր) վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:

Կանոնների 5-րդ կետի համաձայն՝ նույն կարգը սահմանում է հետևյալ վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները`

1) վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են կարգադրություն դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու, փոխանցելու, վճարումը (փոխանցումը) չեղյալ համարելու վերաբերյալ և (կամ) հաստատում (հավաստում) են ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը (…):

Կանոնների 8-րդ կետի համաձայն՝ նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը կարող են կիրառվել (ներկայացվել) թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով (…):

Կանոնների 14-րդ կետի համաձայն՝ նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման համար գործում են հետևյալ կանոնները.

Վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմաններում կիրառվող`

1) «համարը» վավերապայմանում լրացվում է տվյալ փաստաթղթի չկրկնվող (ունիկալ) համարը, ընդ որում` համարի ունիկալության պահանջը կարող է չպահպանվել, եթե հաճախորդը նույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը ներկայացնում է թղթային եղանակով,

2) «ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի»,

3) «արժույթը (բառերով կամ կոդովդաշտում լրացվում է գործարքի գումարի արժույթը բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն է, կամ նշվում է տվյալ արժույթի համար սահմանված կոդը` ըստ ԻՍՈ (ISO) 4217 ստանդարտի, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն չէ,

4) «գործարքի նպատակ» դաշտում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը (...),

5) «ստորագրություն» վավերապայմանը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթում լրացվում է.

ա. թղթային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում պարտադիր դրվում է հաճախորդի ստորագրությունը, ընդ որում` իրավաբանական անձանց դեպքում դրվում է իրավաբանական անձի իրավասու անձի (անձանց) ստորագրությունը (ները), իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարող է դրվել նաև լիազոր անձի ստորագրությունը,

բ. էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագիր և (կամ) այլ միջոց: Ընդ որում` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ, առանց վճարային քարտի և էլեկտրոնային փողի օգտագործման, կանխիկ դրամական միջոցների տրամադրմամբ կանխիկի մուտքագրում, վճարում և փոխանցում իրականացնելու դեպքում «ստորագրություն» վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով, (…)

8) «Անունը, ազգանունը կամ անվանումը» վավերապայմանում լրացվում է գործարքն իրականացնող անձի անունը և ազգանունը` ֆիզիկական անձ լինելու դեպքում կամ անվանումը` իրավաբանական անձ լինելու դեպքում,

9) «Միջնորդավճարը» դաշտում ֆինանսական կազմակերպության կողմից նշվում է գործարքի կատարման համար գանձվող միջնորդավճարը` գումարային արտահայտությամբ կամ վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ,

10) «Գումարը (թվերով և (կամ) բառերովդաշտում լրացվում է վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարը` թվերով և բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է թղթային եղանակով, հակառակ դեպքում, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է էլեկտրոնային եղանակով, նշվում է գումարը` թվերով և (կամ) բառերով:

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ անդրադարձել է Կանոններով սահմանված վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմաններին՝ նշելով, որ էլեկտրոնային եղանակով վճարահաշվարկային փաստաթղթի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագրի և (կամ) այլ միջոցի տրամադրումը: Ընդ որում, ստորագրության վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով: Վճռաբեկ դատարանը, նշված որոշմամբ անդրադառնալով մասնավորապես վճարման հանձնարարականի վավերապայմաններին, նշել է, որ դրանում վճարումը ստացող ֆինանսական կազմակերպության իրավասու անձի ստորագրության առկայության վավերապայմանը պարտադիր չէ այն դեպքում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով (տե՛ս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Տարոնիկ Գրիգորյանին թիվ ԱՐԱԴ/0405/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.10.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումը, հավելել է, որ Կանոնների 14-րդ կետի 5-րդ ենթակետի ուժով էլեկտրոնային եղանակով կատարված վճարումների վերաբերյալ վճարահաշվարկային փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում պահանջվում է բացառապես վճարող իրավաբանական անձի իրավասու անձի ստորագրությունը (տե՛ս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն ընդդեմ Լիանա Սարգսյանի և Մարտին Գալստյանի թիվ ԱՐԴ1/1869/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2021 թվականի որոշումը):

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի դատավարական փաստերի համաձայն՝ Ընկերությունը 18.01.2022 թվականին Դատարանի 16.12.2021 թվականի որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 2, գ.թ. 3-10):

Վերաքննիչ դատարանը 16.03.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձրել է՝ ի թիվս այլ խախտումների, դրա ներկայացման համար օրենքով սահմանված կարգով պետական տուրքի գումարի վճարումը հավաստող թույլատրելի ապացույց վերաքննիչ բողոքին կցված չլինելու և պետական տուրքի գծով արտոնություններ կիրառելու միջնորդություն ներկայացված չլինելու հիմքով (հատոր 2, գ.թ. 16-17): Վերաքննիչ դատարանը, մասնավորապես նշել է, որ «(…) հայցվորի կողմից ներկայացված` «Բյուջետային փոխանցում N S0126» վերնագրով փաստաթուղթը, որպես վճարահաշվարկային փաստաթուղթ, չի կարող Վերաքննիչ դատարանի կողմից ընկալվել որպես Օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված «պետական տուրքը վճարելու մասին ապացույց»` Օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված նորմի իմաստով: Դրանում առկա չէ վճարողի ստորագրությունը (դրանում առկա է պատճենահանված «ստորագրություն» միայն) կամ պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով վճարում կատարված լինելու մասին վկայող որևէ գրառում, ուստի դա չի կարող Վերաքննիչ դատարանի կողմից ընդունվել որպես թղթային եղանակով ներկայացված թույլատրելի ապացույց»:

Ընկերությունը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ որպես 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումարը վճարելու փաստը հավաստող ապացույց կցելով «Բյուջետային փոխանցում N S0126» վերտառությամբ նոր փաստաթուղթը (հատոր 2, գ.թ. 46)։

Վերաքննիչ դատարանը 22.04.2021 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումն այն պատճառաբանությամբ, որ«(…) կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցվել է նույնպիսի փաստաթուղթ, որում պետական տուրքի վճարման նպատակին վերաբերող անհամապատասխանությունը վերացված է, իսկ թղթային եղանակով ներկայացվող վճարահաշվարկային փաստաթղթի վավերապայմաններին վերաբերողը` ոչ (ավելին, այդ փաստաթղթում կատարված գրառման համաձայն` վճարում կատարած սուբյեկտի անվանումն է ««ՌԳՍ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ», որը չի համապատասխանում բողոք բերած ընկերության անվանմանը` «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ), (…)»:

Գործում առկա վերաքննիչ բողոքի համար էլեկտրոնային համակարգով վճարված պետական տուրքի անդորրագրի ուսումնասիրությունից Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ներկայացված վճարահաշվարկային փաստաթղթով պետական տուրքի վճարումը կատարվել է էլեկտրոնային եղանակով, իսկ վճարումը հավաստող ապացույցը Վերաքննիչ դատարան ներկայացվել է թղթային տարբերակով:

Մասնավորապես, նշված վճարման անդորրագրում առկա է փաստաթղթի համարը՝ «d113743a-a40c-4348-ba4a-e538ca834006», վճարման օրը, ամիսը, տարին՝ «12/01/2022», վճարված գումարի չափը՝ «10.000», արժույթը՝ «AMD» (ՀՀ դրամ), վճարման նպատակը՝ «թիվ ԵԴ/39264/02/21 դատական գործով 15-3642/21 ՖՀՀ որոշման դեմ /Սարգիս Կարապետյան/ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար», վճարող ընկերության անվանումը՝ ««ՌԳՍ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ» (բողոքաբեր), վճարող ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ «02589581», վճարող ընկերության բանկի անվանումը՝ «Ամերիաբանկ», շահառուի (ստացող) անվանումը՝ «Պետական գանձապետարան», շահառուի հաշվեհամարը՝ «900005016010», գործարքն իրականացնող անձի տվյալները, ստորագրությունը և վճարող Ընկերության կնիքն ու Կանոնների 14-րդ կետի 5-րդ ենթակետի իմաստով՝ ստորագրությունը:

Վերոգրյալից հետևում է, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված վճարահաշվարկային փաստաթուղթը պարունակում է Կանոնների 14-րդ կետով սահմանված վավերապայմանները, այդ թվում նաև՝ նույն կետի 5-րդ ենթակետով պահանջվող հաճախորդի ստորագրությունը, հետևաբար այն հանդիսանում է վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի կիրառության հարցին և արձանագրել, որ նշված հոդվածով սահմանված են փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով դատարան ներկայացնելու կարգին վերաբերող դրույթներ (տե՛ս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն ընդդեմ Լիանա Սարգսյանի և Մարտին Գալստյանի թիվ ԱՐԴ1/1869/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2021 թվականի որոշումը): Մինչդեռ քննարկվող դեպքում վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը, ներկայացվել են թղթային տարբերակով՝ փոստային ծառայության միջոցով: Վերոգրյալից հետևում է, որ Ընկերությունը վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս շտկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված թերությունը՝ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցել է օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող պատշաճ ապացույց:

Վերաքննիչ դատարանը բողոքարկված որոշմամբ նաև նշել է, որ «փաստաթղթում կատարված գրառման համաձայն` վճարում կատարած սուբյեկտի անվանումն է ««ՌԳՍ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ», որը չի համապատասխանում բողոք բերած ընկերության անվանմանը` «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընթացակարգային նորմերը պետք է մեկնաբանվեն բարեխիղճ: Մասնավորապես, ընթացակարգային նորմերի մասով չպետք է ցուցաբերվի խիստ ձևական մոտեցում, ինչը կարող է հանգեցնել Սահմանադրության 80-րդ հոդվածի պահանջի անտեսման՝ չերաշխավորելով հիմնական իրավունքների և ազատությունների մասին սահմանադրական դրույթների էության անխախտելիությունը:

Բողոքաբերը նշել է, որ վերաքննիչ բողոքին կցված վճարահաշվարկային փաստաթղթում նշված անվանումը՝ «ՌԳՍ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ», սույն գործով դիմող «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության կրճատ ֆիրմային անվանումն է՝ ըստ Ընկերության Կանոնադրության, հետևաբար Կանոնների 14-րդ կետի 8-րդ ենթակետով պահանջվող՝ գործարքն իրականացնող իրավաբանական անձի անվանումը նշելու պահանջը նույնպես պահպանված է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշմամբ սահմանված կանոնները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, արդյունքում սխալ է գնահատել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը՝ թույլ տալով դատավարական նորմի խախտում։ Վերաքննիչ դատարանը, օրենքով սահմանված համապատասխան հիմքի բացակայության պայմաններում մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, զրկել է Ընկերությանը Դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքից՝ խախտելով բողոքաբերի արդար դատաքննության իրավունքը։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ, 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական: