Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 87-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ընդունման ամսաթիվ
15.09.2023
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ստորագրման ամսաթիվ
15.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2023

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 սեպտեմբերի 2023 թվականի

ք. Երևան

թիվ 87-Ա

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՒՄ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՍՓՌՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2023 թվականի հունիսի 2-ին հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ)՝ մեկ սլոթի քանակով՝ հիմք ընդունելով, որ օրինական ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատարանի 2023 թվականի մարտի 17-ի վճռով վերացվել է ՀՀ վարչական դատարանի 30.08.2022թ-ի որոշմամբ կիրառված՝ հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման մեկ սլոթի համալրմանն ուղղված մրցույթ իրականացնելու արգելանքը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի 2023 թվականի մայիսի 29-ի որոշմամբ վերացվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 01․09․2022թ-ի որոշմամբ կիրառված սահմանափակումը։

Մրցույթին մասնակցելու հայտերի և կից փաստաթղթերի ներկայացման համար սահմանված ժամանակահատվածում (03.07.2023թ.-ից մինչև 24.07.2023թ.-ը ներառյալ) հայտեր են ներկայացրել «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը՝ 2023 թվականի հուլիսի 21-ին, և «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը՝ 2023 թվականի հուլիսի 24-ին (միասին այսուհետ՝ Ընկերություններ)։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 46-րդ հոդվածի 3-րդ մասի և Հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի` «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 16-րդ կետի համաձայն` Ընկերությունները հայտերին կից ներկայացրել են`

1. փաստաթուղթ՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողի (հեռարձակող) նախանշված նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ,

2. ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր,

3. տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ,

4. տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ,

5. էթիկայի կանոնագիր,

6. էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցներ,

7. լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր:

2023 թվականի օգոստոսի 2-ին Հանձնաժողովի դռնբաց նիստում հրապարակվել են ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը՝ Ընկերությունները մինչև 30 րոպե տևողությամբ ներկայացրել են դրանց բովանդակությունը։

Հայտերը և կից փաստաթղթերը ներկայացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

Ընկերությունների կողմից նախանշված նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ փաստաթղթերում ներկայացվել են իրենց ծրագրերի հիմնական տեսլականներն՝ ուղղորդվելով գնահատման չափանիշներով։

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության («Երկիր Մեդիա» ծրագիր) հայտի համաձայն ընկերության առաքելությունն է՝ «աջակցել հեռուստադիտողին իրացնել տեղեկացված լինելու իր իրավունքը, խթանել բազմակարծությունն ու հանդուրժողականությունը, լինել ազատ խոսքի ամբիոն, դառնալ համահայկական ալիք՝ կամրջելով ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում ապրող հայությանը»։

Ընկերության տեսլականն է՝ «դառնալ հասարակական-քաղաքական և լրատվական հաղորդումների ամենամեծ լսարան ունեցող հեռուստաընկերություններից մեկը և սփյուռքում ամենամեծ լսարան ունեցող հայաստանյան հեռուստաընկերությունը»։

Հայտի համաձայն ընկերության քաղաքականությունն ուղղված է հանրային կյանքին վերաբերող բոլոր բնագավառներում տեսակետների բազմազանության և լրատվության բազմակարծության խթանմանը, հասարակության սոցիալական և քաղաքական իրականության արտացոլմանը՝ արտադրելով և հեռարձակելով որակապես նոր և տարբերակված հաղորդումներ։

Նշվել է, որ ընկերությունը խստորեն հետևելու է լրագրողական ճշգրտության, ազնվության, գաղտնիության պահպանման սկզբունքներին, պահպանելու է ինքնակարգավորման և լրագրողական էթիկայի բոլոր կանոնները, հետևողական է լինելու հասարակության մեջ թշնամանքի, անհանդուրժողականության մթնոլորտի վերացման պայքարում։ Եթերում բացառվելու է հայհոյախոսությունը, չեն ներառվելու գռեհիկ, բռնություն կամ քրեական ենթամշակույթ քարոզող, հումորային կոչվող, բայց հումորի հետ որևէ առնչություն չունեցող ֆիլմեր։

Ներկայացվել է հաղորդումների թեմատիկ բաշխվածությունը` «լրատվական-վերլուծական՝ 27%, հասարակական-քաղաքական՝ 17,2%, ֆիլմեր՝ 25%, ժամանցային՝ 17,3%, գիտակրթական՝ 3,5%, մշակութային՝ 9%, մանկապատանեկան՝ 1%»։ Նախատեսվում է ավելացնել հասարակական-քաղաքական հաղորդումները, զգալի եթերաժամ հատկացնել գիտակրթական, մշակութային հաղորդումներին, ինչպես նաև հայրենական արտադրության փաստագրային և խաղարկային ֆիլմերին։

Ընկերությունը նշել է, որ «Երկիր Մեդիա» ծրագրի զգալի մասը լրատվություն է՝ ստուգված և հավաստի տեղեկություններ։

Համաձայն հայտի՝ եթերաժամի զգալի մասը նվիրվում է սփյուռքի տարբեր գաղթօջախների քաղաքական, հասարակական, եկեղեցական, մշակութային ու մարզական կյանքի լուսաբանմանը։

Ներկայացված փաստաթղթերի համաձայն «Երկիր Մեդիա» ծրագրում հայրենական արտադրության հաղորդումները կազմում են եթերի մոտ 95%-ը (չհաշված ֆիլմերը)։ Նշվել է նաև, որ, ֆիլմերի մի մասը հաշվի չառնելով, եթերից հնչում է բացառապես հայոց լեզուն, իսկ սեփական արտադրության հաղորդումները կազմում են 90%։ Նշվել է, որ այժմ սեփական արտադրության հաղորդումների թիվը 2022 թվականի համեմատ 12-ից հասցվել է 24-ի, իսկ լիցենզիա ստանալու դեպքում ծրագրվում է այն հասցնել 35-ի։

Ընկերությունը ստանձնում է նպաստել բազմակարծության ձևավորմանը, ամրապնդել ազատ արտահայտվելու իրավունքն ու մշակույթը, հասարակության մեջ սերմանել հանդուրժողականություն և հարգանք այլակարծության նկատմամբ։ Եթերը բաց է լինելու քաղաքական տարբեր հայացքների, դիրքորոշումների համար։

Նշվել է, որ բազմակարծությունը կարևորվում է նաև ընտրական գործընթացների ժամանակ՝ իրենց ծրագրերով հեռուստաընկերության եթերում են թե իշխանության, և թե ընդդիմության քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել է տեխնիկական միջոցների ցանկը՝ անվանական, քանակական տվյալներով և տեխնիկական բնութագրերով։ Նշվել է, որ 2020 թվականից հետո երկու տարվա ընթացքում ձեռք է բերվել նոր գույք՝ տեսախցիկներ, լուսային և ձայնային համակարգեր։ Տեխնիկական վերազինում է իրականացվել նաև 2022 թվականի մրցույթի արդյունքների ամփոփումից հետո ընկած 7 ամիսների ընթացքում։ Նշվել է, որ ձեռք բերված սարքավորումների շնորհիվ հեռարձակվում է անհամեմատ որակյալ արտադրանք։

Ընկերության ֆինանսական հոսքերը, համաձայն հայտի, գոյանում են գովազդի հեռարձակումից, սփյուռքի տարբեր կառույցների համար ֆիլմերի և հաղորդումների պատրաստման համար վճարվող գումարներից, ինչպես նաև 2022թ. ապրիլին գործարկված «Երկիր Հերիթեջ» կայքի բաժանորդային վճարներից։

Նշվել է, որ 2021թ.-ին հասույթը կազմել է 293,3 մլն դրամ, իսկ 2022թ.-ին՝ մոտ 289,3 մլն դրամ, տարեկան կտրվածքով դրամական հոսքերը նվազել են մոտ 1,4%-ով, ինչն, ըստ ընկերության, արդյունք է 2022 թվականի մրցույթում լիցենզիա չստանալուն։ 2022թ․ մրցույթում հաղթող չճանաչվելու արդյունքում 2023թ․-ի 1-ին կիսամյակում էականորեն նվազել են ընկերության ֆինանսական հոսքերը, սակայն նշվել է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ընկերությունը կարողացել է կայունացնել ֆինանսական վիճակը։ Ընկերությունը ՀՀՌՑ-ի հետ կնքել է պարտքերի մարման ժամանակացույց, որի արդյունքում 40%-ով նվազեցրել է պարտքը։

Համաձայն ներկայացված տեղեկատվության՝ հեռուստաընկերության հիմնական հասույթի աղբյուրը հանդիսանում է գովազդը, և նոր կնքված գովազդային պայմանագրերի շնորհիվ ակնկալվում է դրամական հոսքերի աճ։ Ներկայացվել է հիմնական գովազդատուների ցանկը, ինչպես նաև գովազդային և ծառայությունների մատուցման պայմանագրեր, նախատեսվում է գովազդային պայմանագրերի կնքում, որը գտնվում է վերջնական փուլում։

 Ընկերությունը ներկայացրել է աշխատակազմի կազմակերպական կառուցվածքն ու աշխատողների թվաքանակն ըստ բաժինների։ Հայտի համաձայն` ընկերությունն ունի 73 աշխատող, որոնց մեծ մասն ունի բարձրագույն կրթություն։ Նոր հաստատված հաստիքացուցակով նախատեսվում է աշխատակազմի թվաքանակի ավելացում` մինչև 98 աշխատող, ինչպես նաև աշխատավարձի ավելացում։ Ընկերությունն իրականացրել է կառուցվածքային փոփոխություններ, ինչը պայմանավորվել է մեդիադաշտում կատարված փոփոխություններով, ինչպես նաև «Երկիր Մեդիա» ծրագրի հանրապետական սփռումից զրկվելու հետևանքով ստեղծված նոր իրավիճակով։

Հայտի համաձայն՝ ընկերության մշակութային և գիտակրթական հաղորդումների առանցքն ու հիմքը հայկական մշակույթն ու հայկական ավանդական արժեքներն են. «Երկիր Մեդիա» ծրագիրը սերունդներին հաղորդակից է դարձնելու հայ ժողովրդի պատմությանը, արժեքներին ու ավանդույթներին, ներկայացվելու է հայկական մշակույթի ողջ գանձարանը, վերջին մշակութային նորություններն ու իրադարձությունները, Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող և ստեղծագործող արվեստագետների աշխատանքները։ Ընկերությունը նախաձեռնել է ինչպես Հայաստանի տարբեր մարզերի, այնպես էլ Արցախի պատմությանը նվիրված վավերագրական ֆիլմերի ստեղծման աշխատանքները։ Որպես մշակութային նորաստեղծ հաղորդումներ նշվել են «Ամֆիթատրոն», «Քանքարավոր ընկեր», «Շիտակ պատմություն» հաղորդումները։

Հաղորդումներում անդրադարձ է կատարվում նաև համամարդկային արժեքներին և համաշխարհային մշակույթին։

«ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության («ՖասթՍպորթս» ծրագիր) հայտի համաձայն` ընկերության հիմնական նպատակն է «հայաստանյան մեդիադաշտում դառնալ սպորտային բովանդակություն հավաքագրող և ցուցադրող առաջին ազգային հեռարձակողը, Հայաստանում խթանել ու զարգացնել սպորտը, դրանով իսկ խրախուսել առողջ և ակտիվ ապրելակերպ»։ Ընկերությունը լուսաբանում է աշխարհում ու Հայաստանում տեղի ունեցող սպորտային ամենահեղինակավոր ու ամենավարկանիշային մրցաշարերը՝ վերլուծելով խաղերի և մրցաշարերի ընթացքն ու ամփոփելով արդյունքները։ Ընկերության նպատակներից է սեփական արտադրության սպորտային հաղորդումների, միջազգային առաջատար ընկերություններից ձեռք բերված բացառիկ սպորտային գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի, վարկանիշային հեռուստասերիալների, հեղինակավոր մրցաշարերի ցուցադրությամբ նպաստել Հայաստանում սպորտի նկատմամբ հետաքրքրության աճին։ Ընկերությունն ունի երկակի առաքելություն՝ «դառնալ Հայաստանի առաջատար սպորտային հեռարձակողը և ակտիվորեն նպաստել հայկական սպորտի զարգացմանը՝ խրախուսելով երիտասարդ սերնդին զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով և վարել առողջ ապրելակերպ»։

Հայաստանում սպորտն ավելի մասսայական դարձնելը, սպորտային կազմակերպությունները, թիմերը, ակումբներն ու նրանց ձեռքբերումներն ավելի հանրայնացնելն ընկերության առանցքային նպատակներից է։ Մասնավորապես, ընկերությունն ամբողջությամբ ապահովել է բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնության, WBA cruiserweight վարկածով աշխարհի չեմպիոնական մենամարտի, Երևանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի, Ճանապարհ դեպի ONE Championship MMA-ի և Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հանդիպումների նկարահանումն ու հեռարձակումը։

Համաձայն հայտի՝ ընկերության տեսլականը գերազանցում է զուտ հեռարձակող լինելու սահմանը, այն հարթակ է, որը ցուցադրում է հաջողություն, հաստատակամություն, ձգտում։ Հաղորդումներում լուսաբանվում են տվյալ առաջնության հանդիպման արդյունքները, իրադարձությունները, անդրադարձ է կատարվում լավագույն մարզիկներին, ներկայացվում են հարցազրույցներ մարզիկների, մարզիչների հետ, ցուցադրվում են բացառիկ կադրեր կայացած հանդիպումներից, թիմերի մարզումներից, մարզիչների ասուլիսներից և այլն։ Բացի ամենօրյա լրատվական թողարկումներից, նշանակալի սպորտային իրադարձություններին ընդառաջ պատրաստվում են տվյալ իրադարձությանը նվիրված հատուկ թողարկումներ, որտեղ բազմակողմանի ներկայացվում է այդ իրադարձության մասին։

Ընկերությունը նշել է, որ հետևողականորեն անդրադառնում է նաև հաշմանդամային սպորտին, ներկայացնում է պարալիմպիկ մարզաձևերում նվաճումների հասած մարզիկների պատմություններն ու պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց հաջողությունները։

Որպես մրցակցային առավելություն նշվել է, որ ընկերությունը «հանդիսանում է առաջատար սպորտային հեռարձակող, որն ապահովում է տեղեկատվական, վաճառվող, գրավիչ ու զվարճալի բովանդակության բացառիկ տեսակներ», «սպորտային կարևորագույն մրցաշարերը, ֆուտբոլի, հոկեյի, բասկետբոլի, բռնցքամարտի և այլ մարզաձևերի համաշխարհային ու մայրցամաքային առաջնությունները հեռարձակման բացառիկ իրավունքով հասանելի կլինեն ՀՀ ամբողջ տարածքում», իսկ «ծրագրավորման առաջադիմական լուծումներն ու ժամանակակից տեխնոլոգիաները կապահովեն հեռարձակման բարձր որակ»։ Սպորտային վերլուծական հաղորդումները նոր հայացք են հայկական սպորտի անցուդարձին, զարգացմանն ու հեռանկարներին։ Նշվել է նաև, որ «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը միակն է ՀՀ-ում, որ իրականացնում է սպորտային բովանդակության արտադրություն ու տարածում։

 Որպես գլխավոր առավելություն ընկերությունը նշել է, որ հանդիսանում է ՀՀ-ում ՈՒԵՖԱ-ի էքսկլյուզիվ գործընկերը և հնարավորություն ունի բացառիկ իրավունքով լինել ՈՒԵՖԱ-ի ակումբային լիգաների և Ազգերի լիգայի պաշտոնական հեռարձակողը, հանդիսանում է նաև Անգլիայի պրեմիեր լիգա, Իտալիայի Ա Սերիա, Իսպանիայի լա լիգա, Գերմանիայի Բունդեսլիգա, Ֆրանսիայի լիգա 1, Ֆորմուլա-1, UFC, NBA և NHL լիգաների բացառիկ հեռարձակողը։ Ընկերությունը հանդիսանում է Ազգերի լիգայի հիմնական նկարահանող և տարածող ընկերությունը։ Հանդիսանալով նշված սպորտային լիգաների և մրցաշարերի բացառիկ հեռարձակողը, «ՖասթՍպորտս» ծրագիրն ապահովում է ոչ միայն դրանց ցուցադրությունը, այլև հարակից նյութերի պատրաստումն ու հեռարձակումը, իրականացվում են նկարահանումներ իրադարձությունների էպիկենտրոնից, մեկնաբանում սպորտային իրադարձությունները հենց մարզադաշտից, կազմակերպում համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկների մասնակցությամբ բացառիկ հարցազրույցներ, վերլուծական հաղորդումներ և ֆիլմաշարեր։

Որպես զարգացման ծրագիր` ընկերությունը դիտարկում է գովազդային հարթակների լայնածավալ տարածումն ու կիրառումը։ Առաջիկայում պլանավորվում են սեփական մրցաշարերի կազմակերպում, մարզական իրադարձությունների նկարահանում և հեռարձակում, լիգաների հաղորդումների հեռարձակում, սպորտի վերաբերյալ հանրային միջոցառումների կազմակերպում։

Համաձայն ներկայացված տեղեկատվության` ընկերությունը համագործակցում է աշխարհի ամենառեյտինգային առաջնությունների ու հեռարձակման տեխնիկական ապահովում տրամադրող գործընկերների հետ՝ UEFA Champions league, UEFA Europa & Europa Conference leagues, Setanta Sports, ATP Masters 1000, Eurovision Servises SA, Innovator LLC և այլն։ Որպես հայկական սպորտային հեռարձակող` մի շարք աշխարհահռչակ հեռարձակողների հետ ընկերությունը մասնակցել է համաշխարհային ճանաչում ունեցող Sportel Monaco և ICE London էքսպոներին՝ ներկայացնելով հեռարձակման սեփական լուծումները։

Նշվել է, որ ընկերությունը հեռարձակում է սեփական արտադրության սպորտային հաղորդումներ, ինչպես նաև՝ ընկերության հաղորդումները հեռարձակվելու են հայալեզու մեկնաբանությամբ։

Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ նշվել է, որ կազմավորման շրջանում ընկերությունն աշխատել է առաջատար տեխնիկական ապահովում տրամադրող կազմակերպությունների հետ և հիմք դրել նախադեպը չունեցող, նորագույն տեխնիկական լուծումներով հագեցած հեռարձակող հեռուստաընկերության։ Ներկայացվել է ընկերության կողմից օգտագործվելիք տեխնիկական միջոցների ցանկը՝ տեխնիկական բնութագրերով ու քանակական տվյալներով, ինչպես նաև տեխնիկական միջոցներն իրենց նկարագրություններով՝ ըստ տեղաբաշխման։

Ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ նշվել է, որ ընկերության հիմնական միջոցները 2021 թվականին կազմել են շուրջ 1,01 մլրդ դրամ, 2022 թվականին՝ շուրջ 1,164 մլրդ դրամ, ակտիվները 2021 թվականին կազմել են 4,370 մլրդ դրամ, 2022 թվականին՝ 5,284 մլրդ դրամ: Ընկերությունը 2021-2022 թվականների ընթացքում ունեցել է զարգացման աճի բարձր տեմպ։ 2021թ.-ի համեմատ 2022թ.-ին վճարված հարկերի չափով ընկերությունն ունեցել է զգալի աճ՝ մոտ 76,8%, համախառն աշխատավարձի զգալի աճ՝ 156,3%, ինչպես նաև հիմնական և ընդհանուր միջոցների զգալի աճ։ Ներկայացվել է ընկերության հաշվի քաղվածքը՝ 01.04.2023թ.-21.07.2023թ. ժամանակաշրջանի համար։

Աշխատակազմի վերաբերյալ նշվել է, որ 2 տարվա ընթացքում, ունենալով ընդամենը 150 աշխատակից, ընկերությունն ապահովել է 3 հեռուստածրագրի անխափան եթերը՝ լուսաբանելով Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած սպորտային գրեթե բոլոր խոշոր մրցաշարերը։

Ներկայացվել է 176 աշխատողներից բաղկացած աշխատակազմի կառուցվածքային գծապատկերը, ինչպես նաև 19 աշխատողի աշխատանքային փորձի, կրթության և լեզուների իմացության մասին տվյալներ, որոնց համաձայն նրանց մեծ մասն ունի մասնագիտական աշխատանքային փորձ։ Նշվել է, որ լրատվական ծառայությունում աշխատում են գերմոտիվացված երիտասարդ լրագրողներ, որոնք անընդհատ փնտրում են օպերատիվ տեղեկատվություն ու նորարարական մոտեցումներ՝ նպաստելու սպորտի հասարակայնացմանը։ Մոնտաժային և հետմոնտաժային մասնագետները լրատվական ծառայություններում երկար տարիների փորձառու աշխատակիցներ են, խմբագիրները ոլորտի լավագույն գիտակներ են, որոնք ունեն լրագրողի ու խմբագրի մասնագիտական փորձ։

Ընկերությունն իր մարզական բովանդակությամբ հանրօգուտ հաղորդումներում ներկայացնում է հաջողակ անհատների պատմություններ, մարդիկ, որոնք չեն վախենում ձախողումից, և ընդգծում է համառության կարևորությունը։ Ընկերությունը նպատակ ունի ոգեշնչելու և մոտիվացնելու հեռուստադիտողին՝ նոր բարձունքներ նվաճելու և լավագույնը դառնալու իրենց ընտրած գործերում, միաժամանակ առաջնորդելու հայ մարզիկներին և խրախուսելու երիտասարդ սերնդին զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով ու վարել առողջ ապրելակերպ, սպորտը դարձնել ապրելակերպ, իսկ ձգտումն ու հաղթանակները՝ օրինաչափություն։

 

Հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունը) և եզրահանգումը.

 

Այսպիսով, Հանձնաժողովը, ղեկավարվելով օրինականության, ժողովրդավարության, հավասարության, անաչառության, ինքնուրույնության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքներով, Ընկերությունների հայտերի և կից փաստաթղթերի ուսումնասիրության, համադրման և գնահատման արդյունքում ամրագրում է հետևյալը`

Օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովը մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ հաշվի է առնում սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը, հայերեն հաղորդումների գերակայությունը, բազմակարծությունը խթանելու կարողությունը, հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը, գործող լիցենզավորված հեռարձակողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:

Հարկ է նշել, որ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը հեռուստահաղորդումների հեռարձակման ոլորտում գործունեություն է իրականացնում 2004 թվականից։ 2020-2021 թվականներին անցկացված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթում Հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի թիվ 14-Ա որոշմամբ հաղթող է ճանաչվել նաև «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը և ստացել լիցենզիա, սակայն նշված որոշումը «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության կողմից բողոքարկվել է դատական ատյաններում։ Դատավարության արդյունքում վերոնշյալ որոշումն անվավեր է ճանաչվել ՀՀ վարչական դատարանի 2021 թվականի ապրիլի 2-ի վճռով։ Հիմք ընդունելով վերոնշյալը, Հանձնաժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերին անցկացվել է նոր մրցույթ, որին մասնակցել է նաև «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը, սակայն հաղթող չի ճանաչվել։ Ընկերությունը 2023 թվականի հունվարից շարունակել է հեռարձակումը որպես հեղինակազորված ընկերություն՝ կաբելային ցանցերով, իսկ 2023 թվականի օրենսդրական փոփոխության արդյունքում (Օրենքի 58-րդ հոդվածի 7-րդ մաս) 2023 թվականի հունիսի 30-ից շարունակում է հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում մինչև 2023 թվականի հունիսի 2-ին հայտարարված նոր մրցույթի արդյունքների ամփոփումը։ Ընկերությունը հեռարձակում է «Երկիր Մեդիա» ծրագիրը՝ օրական 24-ժամյա ռեժիմով։

Մրցույթին մասնակցող «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը 2021 թվականից հեղինակազորված տեսալսողական մեդիածառայություն մատուցող է, և ընկերության «ՖասթՍպորտս» ծրագիրը վերահաղորդվում է կաբելային ցանցերով՝ ապահովելով օրական 24-ժամյա հեռարձակում։

Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովն իրականացնում է հեռարձակողների և օպերատորների գործունեության մշտադիտարկում։

Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ լիցենզիա ստացած հեռարձակողները պարտավոր են վարել տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյան, որի տվյալների հիման վրա Հանձնաժողովը վերահսկում է հեռարձակողների գործունեության համապատասխանությունը օրենսդրության պահանջներին:

Վերոնշյալ իրավական կարգավորումների համատեքստում նշենք, որ Հանձնաժողովի կողմից Ընկերությունների մրցութային հայտերի ուսումնասիրության, համադրման և վերլուծության համար հիմք են հանդիսացել տեսլականներում ներկայացված և Հանձնաժողովի կողմից 2023 թվականի հուլիս և օգոստոս ամիսների ժամանակահատվածում իրականացված Ընկերությունների գործունեության փաստացի դիտարկման արդյունքները, ինչպես նաև 2023 թվականի հուլիս ամսվա ժամանակահատվածում «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի (այսուհետ՝ էլեկտրոնային մատյան) փաստացի տվյալները։

 

Սեփական արտադրության և հայերեն հաղորդումներ

 

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության հայտի համաձայն` «Երկիր Մեդիա» ծրագրում սեփական արտադրության հաղորդումները կազմում են 90%, հայերեն հաղորդումները՝ 95%, չհաշված ֆիլմերի մի մասը, եթերից հնչում է բացառապես հայոց լեզուն։ Ընկերության հայտում նշված սեփական արտադրության և հայերեն հաղորդումների ցուցանիշները էլեկտրոնային մատյանի տվյալներից տարբերվում են։ Էլեկտրոնային մատյանի տվյալների համաձայն «Երկիր Մեդիա» ծրագրում հայերեն տեսալսողական հաղորդումները 2023 թվականի հուլիս ամսվա ժամանակահատվածում կազմել են ընդհանուր եթերի 82,59%-ը, ռուսերեն լեզվով հաղորդումները՝ 17,45%-ը, սեփական արտադրության հաղորդումները՝ 64,75%-ը։

Հարկ է նշել, որ համաձայն ներկայացված տեղեկատվության` ընկերությունը հեռարձակում է նաև առանց հայերեն լեզվով թարգմանության օտարալեզու ֆիլմեր, ինչն Օրենքի խախտում է՝ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն օտար լեզուներով հեռարձակվող տեսալսողական տեղեկատվությունը պետք է ուղեկցվի հայերեն ընկալման միջոցներով (կրկնօրինակումով, հնչյունավորումով և (կամ) ենթագրով): Նշված խախտման հիմքով «Երկիր Մեդիա» ծրագրում օտար լեզվով ֆիլմերն առանց հայերեն լեզվով թարգմանության հեռարձակելու համար, Հանձնաժողովի կողմից 2023 թվականի օգոստոսին «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք, ընդ որում, որոշման բողոքարկման ժամկետը չի լրացել։

Միաժամանակ, Հեռարձակողի կողմից հայերեն հաղորդումների սահմանված ծավալի պահպանման պահանջն ամրագրված է Օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով, համաձայն որի՝ հայերեն տեսալսողական հաղորդումները մեկ հեռարձակողի հեռարձակմամբ չեն կարող պակաս լինել ամսական ընդհանուր ժամաքանակի 55 տոկոսից։

«ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը ներկայացված տեղեկատվության համաձայն հեռարձակում է սեփական արտադրության սպորտային հաղորդումներ` միաժամանակ նշելով, որ հաղորդումները հեռարձակվելու են հայալեզու մեկնաբանությամբ։ Փաստացի դիտարկման արդյունքում պարզվել է, որ ծրագրում հայերեն հաղորդումները կազմում են 100%։

Վերոնշյալ տեղեկատվության համատեքստում նշենք, որ Ընկերություններն իրենց ծրագրերում հեռարձակում են հայերեն և սեփական արտադրության հաղորդումներ։ Թեև «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության հայտում նշվել է, որ այժմ սեփական արտադրության հաղորդումների թիվը 2022 թվականի համեմատ, 12-ից հասցվել է 24-ի, սակայն այդ հաղորդումների ծավալը թե 2022 թվականի, և թե 2023 թվականի հայտերում նույնն է նշվել։

«ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության ծրագրում հայերեն հաղորդումների ծավալը գերազանցում է «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության հայերեն հաղորդումների ծավալը։

 

Բազմակարծությունը խթանելու կարողությունը

 

Կարևորելով հանրային իրազեկման գործում հեռարձակողների դերակատարումը և ժողովրդավարական պետության մեջ քաղաքացու տեղեկացվածության իրավունքի ապահովումը` Օրենքով երաշխավորված է տեղեկատվության ազատությունը, հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը, կարծիքների արտահայտման իրավունքը, որը կնպաստի տեսալսողական հաղորդումների բովանդակության բազմազանությանը և բազմակարծության խթանմանը: Այս համատեքստում հարկ է նշել, որ հեռարձակողներն իրենց ծրագրերում պետք է ապահովեն նաև հաղորդումների բազմազանություն։

Համաձայն ներկայացված փաստաթղթերի` «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության ծրագրում ներառվելու են տարբեր թեմատիկ ուղղվածության հաղորդումներ, որոնք ուղղված են լինելու տարբեր կարծիքների, տեսակետների արտահայտմանը։

«Երկիր Մեդիա» ծրագրի ուսումնասիրությունից կարելի է փաստել, որ թեմատիկ ուղղվածության հաղորդումները հիմնականում լրատվական, հասարակական-քաղաքական, գիտահանրամատչելի, մշակութային, մանկապատանեկան, երիտասարդական, առողջապահական, մարզական, ժամանցային են, հեռարձակվում են նաև ֆիլմեր (գեղարվեստական, վավերագրական, սերիալ)։ Այս համատեքստում «Երկիր Մեդիա» ծրագրի թեմատիկ ուղղվածությունը համապատասխանում է մրցութային հայտով ներկայացված տեսլականին։

Հայտի համաձայն ընկերության խմբագրական քաղաքականությունն ուղղված է լինելու հանրային կյանքին վերաբերող բոլոր բնագավառներում տեսակետների բազմազանության և լրատվության բազմակարծության խթանմանը, եթերի զգալի մասը լրատվություն է, որը հիմնված է ստուգված և հավաստի տեղեկությունների և բազմակարծության սկզբունքների վրա։

Համաձայն հայտի` «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը բազմակարծությունն ապահովում է նաև հասարակական-քաղաքական հաղորդումներով, սակայն իրականացված դիտարկման արդյունքում պարզվել է, որ նշված ուղղվածության որոշ հաղորդումներ ընկերության ծրագրում չեն հեռարձակվում, օրինակ՝ «Երկիր քաղաքական», «Երկիր սոցիալական», «Երկիր տնտեսական», «Երկիր ժառանգություն»։ Միաժամանակ նշենք, որ ընկերության խմբագրական քաղաքականությունը նախորդ տարիների համեմատ չի փոխվել, քաղաքական-հասարակական և լրատվական հաղորդումները (օրինակ՝ «Երկրի հյուրասրահը») հիմնականում միակողմանի բնույթ են կրում, հասարակական-քաղաքական անցուդարձն ընդհանուր առմամբ քննարկվել և վերլուծվել է միակողմանի։

Այս չափորոշիչի ապահովման համադրումը որոշ չափով դժվարանում է այն հիմնավորմամբ, որ Ընկերությունները հեռարձակում են տարբեր ուղղվածության թեմատիկ հաղորդումներ, որոնցում բազմակարծությունը խթանելու կարողությունը կախված է նաև հաղորդումների բնույթից։ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը հեռարձակում է ընդհանուր թեմատիկ ուղղվածության հաղորդումներ, որոնցում բազմակարծության ապահովման շատ ավելի լայն հնարավորություն կա սպորտային ուղղվածության հաղորդումներ հեռարձակող «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության համեմատ։ Այնուամենայնիվ նշենք, որ «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության ծրագրում հեռարձակվում են տարբեր մարզաձևերի վերաբերյալ հաղորդումներ՝ բացահայտելով սպորտը տարբեր կողմերից և նպաստելով հաղորդումների բազմազանությանը։ Հաղորդումներում հրավիրվում են հյուրեր, անցկացվում են քննարկումներ, հարցազրույցներ, որոնց ժամանակ հնչում են տարատեսակ կարծիքներ։ Հաղորդումներում ներկայացվում են նաև վերլուծություններ մարզաշխարհի անցուդարձի առավել հետաքրքիր տեղեկությունների և փաստերի մասին։

 

Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումներ

 

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության ծրագրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծրագրում առկա են մի շարք մշակութային և գիտակրթական հաղորդումներ, որոնք միտված են ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների ապահովմանը։ Ծրագրում տեղ են գտնելու նաև հանրօգուտ բովանդակության կրթական, մանկական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումներ։

Էլեկտրոնային մատյանի տվյալների համաձայն` «Երկիր Մեդիա» ծրագրում հանրօգուտ բովանդակության՝ մանկական, կրթական, մշակութային, մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումները շաբաթական կտրվածքով ընդհանուր եթերում մոտավոր կազմել են՝ 03.07.2023թ.-09.07.2023թ.՝ 20,18%, 10.07.2023թ.-16.07.2023թ.՝ 20,79%, 17.07.2023թ.-23.07.2023թ.՝ 24,77%, 24.07.2023թ.-30.07.2023թ.՝ 24,85%:

Թեև «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության սպորտային հաղորդումները չեն ներկայացվել մշակութային, կրթական հանրօգուտ հաղորդումների տեսանկյունից, սակայն նշել է, որ ընկերության նպատակներից է «Հայաստանում խթանել ու զարգացնել սպորտը, դրանով իսկ խրախուսել առողջ և ակտիվ ապրելակերպը»։ Ըստ հայտի՝ ծրագիրը ներկայացնում է հաջողակ անհատների պատմություններ, մարդիկ, որոնք չեն վախենում ձախողումից, և ընդգծում է համառության կարևորությունը։ Ընկերությունը նպատակ ունի ոգեշնչելու և մոտիվացնելու հեռուստադիտողին՝ նոր բարձունքներ նվաճելու և լավագույնը դառնալու իրենց ընտրած գործերում, միաժամանակ առաջնորդելու հայ մարզիկներին և խրախուսելու երիտասարդ սերնդին զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով ու վարել առողջ ապրելակերպ, սպորտը դարձնել ապրելակերպ, իսկ ձգտումն ու հաղթանակները՝ օրինաչափություն։

Նշենք, որ սպորտը` որպես ընդհանուր մշակույթի, կրթության բաղկացուցիչ մաս, ուղղված է մարդկանց առողջության բարելավմանը, ֆիզիկական կարողությունների զարգացմանը։ Այն ձևավորում է անձնական որակներ՝ հաստատակամություն, ձգտում։ Բացի ֆիզիկական ակտիվությունից, սպորտային գործունեությունը նպաստում է մարդու կենսունակության և ընդհանուր կարողությունների զարգացմանը, հոգևոր կարողությունների բարելավմանը և, ի վերջո, հանգեցնում է սոցիալապես ակտիվ մարդու ձևավորմանը, անհատի համակողմանի և ներդաշնակ զարգացմանը: Սպորտային կրթությունը, դաստիարակությունը նպաստում է անհատի սպորտային մշակույթի ձևավորմանը։ Հետևաբար, սպորտային հաղորդումները նաև հանրօգուտ բնույթի հաղորդումներ են։

Հարկ է նշել, որ հեռարձակողի ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումների պահպանման պարտավորությունը սահմանված է Օրենքով. մասնավորապես Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ լիցենզիա ստացած հեռարձակողի ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները պետք է կազմեն շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսը:

Արձանագրենք, որ Էլեկտրոնային մատյանի փաստացի տվյալների համաձայն «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը պահպանել է Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը՝ մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումների շաբաթական եթերաժամի առնվազն 20%-ի պահպանման պարտավորությունը, իսկ նշված պարտավորությունը «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության վրա չի տարածվում, քանի որ ընկերությունը լիցենզավորված հեռարձակող չի հանդիսանում։

 

Տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ

 

Ընկերությունների կողմից ներկայացված տեխնիկական միջոցների և ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ իրականացված ուսումնասիրության և վերլուծության արդյունքում կարող ենք արձանագրել հետևյալը

Ըստ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված տեխնիկական հիմնական միջոցների ցանկի` ընկերությունն ունակ է իրականացնել տեսալսողական բովանդակության արտադրության և հեռարձակման գործառույթներ:

2022թ. մրցութային հայտով ներկայացրած տեխնիկական միջոցների ցանկի հետ համեմատ, նոր մրցութային հայտով ներկայացված տեխնիկական միջոցները մասամբ արդիականացվել են՝ ցանկում առկա են հեռուստատեսային, համակարգչային, ձայնային և լուսային տեխնիկական նոր միջոցներ: Ընկերությունը հեռուստատեսային տեխնիկական միջոցների արդիականացում մեծամասամբ իրականացրել է միջազգային ճանաչում ունեցող Blackmagic Design ընկերության ապրանքանիշով՝ թարմացնելով եթերային հեռարձակման համակարգերը։

Եթերային սերվերային համակարգերում օգտագործվում են FORWARD HD-SD FD 422 մակնիշի եթերային տպասալիկներ, իսկ ընկերության արտադրական տաղավարներում օգտագործվում են ունիվերսալ տեսապատեր, որոնց վրա տարբեր ձևաչափի պատկերների կիրառումը բովանդակությունը դարձնում են հագեցած և օպերատիվ։

Ընկերությունն օգտագործում է 3 LIVE U LU-SOLO և 1 TERADEK VIDIU PRO մակնիշի հեռարձակման համակարգեր, որոնք բջջային կապի առկայության պարագայում հնարավորություն են ընձեռում հանրապետության ցանկացած վայրից միաժամանակ ապահովելու ուղիղ եթեր: Նշված հեռուստահամակարգերը հնարավորություն ունեն տվյալ ազդանշանը հեռարձակել նաև համացանցի սոցիալական հարթակներում:

Ընկերությունը շահագործում է հեռուստաաշտարակի հետ երկկողմանի հեռուստաազդանշանի փոխանցման համար 1 լրակազմ ռադիոռելեային կապուղու համակարգ, որը հնարավորություն է տալիս եթերային հեռուստաազդանշանը պահուստային տարբերակով հեռուստաընկերությունից հեռարձակել հեռուստաաշտարակի MUX կայան։

Ընկերության կողմից շահագործվող արբանյակային կայանը (1 լրակազմ) նախատեսված է արբանյակից հեռուստաազդանշան ստանալու, ապակոդավորելու և հեռուստաազդանշանը հեռուստաընկերության եթերային համակարգեր փոխանցելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հեռուստաարբանյակ ընկերության ազդանշանը բարձրացնելու համար։

Աշխատանքների անխափան կազմակերպման համար հեռուստաընկերության տարածքում օգտագործում են 3 հզոր անխափան սնուցման սարքեր։

Ներկայացված տեխնիկական հիմնական միջոցների ցանկի համաձայն «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը շահագործում է հեռուստաշուկայում առկա վերջին սերնդի տեխնիկական միջոցներ:

Ընկերությունն օգտագործում է ոլորտում առաջատարներից մեկը համարվող SN/MAM եթերային հեռարձակման համակարգ, որն ապահովում է եթերային հեռարձակման ամբողջ փուլը՝ եթերի պլանավորումից մինչև արխիվացման գործընթաց:

Գծային և ոչ գծային հարթակներում ընկերության եթերային սերվերային համակարգերն իրականացնում են FULL HD որակի հեռարձակում և հնարավորություն ունեն միաժամանակ հեռարձակել 3 հեռուստատեսային ալիք և ընդունել 20 տարբեր հեռուստաազդանշան։

Ընկերության լրատվական ծառայությունում կիրառվում է OCTUBUS NEWSROOM համակարգ, որը հնարավորություն է տալիս միաժամանակ իրականացնել հետևյալ ֆունկցիաները՝ եթերի համար նախատեսված լրատվական նյութերի խմբագրական աշխատանք, եթերային ֆայլերի հերթականության կարգավորում, տեսաձայնային ֆայլերի գծային մոնտաժ, լրատվական եթերային պատրաստի ֆայլերի տեղափոխում սերվերային համակարգեր, տաղավար և հուշարարի համակարգ:

Ընկերությունն օգտագործում է 500 TB ծավալով և 10 GB բարձր թողունակությամբ DELL մակնիշի CORE STORAGE հիշողության սերվերային պահոցային համակարգ:

Ընկերությունը շահագործում է 2 լրակազմ LIVE LU 600-DVB-HEVC-HD մակնիշի շարժական համակարգեր (ուսապարկ), որոնք աշխատում են 8 մոբայլ SIM քարտերով, հնարավորություն տալով բջջային կապի կամ ինտերնետի հասանելիության պարագայում աշխատել ուղիղ եթերի ձևաչափով, ազդանշանը հասցնելով ընկերության եթերային սարքասրահ, ինչպես նաև հեռարձակել տարբեր սոցիալական հարթակներում:

Ընկերության կողմից շահագործվող արբանյակային կայանը կարող է ստանալ և վերահեռարձակել տարբեր ձևաչափերի 12 արբանյակային կայաններից մոտ 90՝ թե HD 1080 i/p, թե 4K ձևաչափի հեռուստաազդանշաններ։

Արբանյակային կայանն օգտագործում է Եվրոպայի հեռարձակման միությունում, GLOBCAST, EUTELSAT և այլ առաջատար ընկերություններում շահագործվող դեկոդերներ և դեմոդուլյատորներ, հնարավորություն ունենալով ընդունելու և դեկոդավորելու մարզական միջոցառումներ։

Ըստ ներկայացված ցանկի ընկերության նկարահանումների և ուղիղ եթերների համար շահագործվող արտադրական տաղավարի տեխնիկական միջոցները հնարավորություն են տալիս աշխատել տարբեր ձևաչափերով՝ ընդհուպ մինչև 4K-60P հեռուստատեսային տեխնիկական ստանդարտների:

Տաղավարում շահագործվում են բարձր տեխնիկական թողունակությամբ օժտված LED հեռուստատեսային էկրաններ, որոնք աշխատում են VIZRT համակարգչային ծրագրով՝ հնարավորություն ընձեռելով ցուցադրել տարբեր ձևաչափերի հեռուստատեսային ազդանշաններ թե ուղիղ եթերի, թե նկարահանումների ժամանակ:

Ըստ ներկայացրած ցանկի, ընկերությունը շահագործում է միջազգային չափորոշիչներին համապատասխանող լուսային սարքեր։

Ընկերությունը շահագործում է ONYX/NX2 մակնիշի նորագույն լուսավորման կառավարման վահանակ, ինչպես նաև TRICASTER ELITE միջազգային ճանաչում ունեցող 2 ունիվերսալ համակարգ: Համակարգն օժտված է լայնաշերտ տեսաձայնաազդանշանների թողունակությամբ, միաժամանակ մինչև 32 հեռուստաազդանշան ընդունելու հնարավորությամբ, ներառյալ IP, HDMI, NDI, SDI ձևաչափի հեռուստաազդանշաններ:

Ըստ ներկայացված ցանկի ընկերությունը շահագործում է 2 FULL HD/4K ձևաչափով շարժական հեռուստատեսային կայաններ, որոնցում օգտագործվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան տեխնիկական միջոցներ։

Հեռուստատեսային շարժական կայաններն ունեն ուղիղ հեռարձակման IP հնարավորություն, որը թույլ է տալիս տվյալ հեռուստաազդանշանը միաժամանակ հասցնել տարբեր սոցիալական հարթակներ:

 

Ընկերությունների կողմից ներկայացված տեղեկատվության վերլուծության և համադրման արդյունքում պարզվել է`

 

«ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության կողմից օգտագործվում է DELL մակնիշի CORE STORAGE հիշողության սերվերային պահոցային համակարգ, որն ունի 500 TB ծավալ և 10 GB բարձր թողունակություն, իսկ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության բոլոր սերվերային համակարգերի ընդհանուր ծավալային տարողունակությունը կազմում է մոտ 84 TB:

«ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունն աշխատում է 58 համակարգչային լիցենզավորված ծրագրերի հիման վրա, իսկ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության ներկայացրած ցանկում այս մասին որևէ տեղեկատվություն չկա:

«ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության կողմից օգտագործվող արբանյակային հեռուստատեսային կայանն իր տեխնիկական հնարավորություններով մի քանի անգամ գերազանցում է «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության արբանյակային կայանին` հնարավորություն ունենալով ստանալու և վերահեռարձակելու տարբեր ձևաչափերի 12 արբանյակային կայաններից մոտ 90 հեռուստաազդանշաններ, որոնք կարող են լինել HD 1080 i/p և 4K ձևաչափի: «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության արբանյակային կայանը չունի նման տեխնիկական հնարավորություն:

Ի տարբերություն «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության, «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը շահագործում է 2 FULL HD/4K ձևաչափով շարժական հեռուստատեսային կայան, որոնց տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն է տալիս նկարահանել և միաժամանակ ուղիղ հեռարձակել տարբեր մարզական միջոցառումներ: «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունն օգտագործում է հեռուստատեսային տեսանյութերի և ձայնանյութերի արտադրության TRICASTER ELITE 2 միջազգային ճանաչում ունեցող ունիվերսալ համակարգ, որն իր ֆունկցիոնալ և տեխնիկական հնարավորություններով գերազանցում է «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության ներկայացրած համակարգերին:

«ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունն օգտագործում է FASTTV OTT ինտերնետային հարթակը, որը նախատեսված է Android և Ios օգտատերերի համար` հարթակի բաժանորդներին հնարավորություն տալով դիտել ոչ միայն հեռուստաալիքի եթերային հաղորդումները, այլև միաժամանակ ուղիղ եթերի հաղորդումները: «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունն, ըստ ներկայացված ցանկի, չի օգտվում OTT ինտերնետային հարթակներից:

«ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունն իր տաղավարում շահագործում է Telemetrica PT-RE-2 RoboEye 2 PTZ հեռուստատեսային տեսախցիկ, որը հնարավորություն ունի աշխատելու ավտոմատացված համակարգով՝ տեղաշարժվելով X և Y հարթություններում, զուգորդելով վիրտուալ տաղավարի AR և VR օպերացիոն ծրագրերը: «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը չունի նման տեխնիկական հագեցվածությամբ տեսախցիկներ:

«ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունն օգտագործում է VSN/MAM եթերային հեռարձակման համակարգեր`, հնարավորություն ունենալով միաժամանակ հեռարձակել FULL HD որակի 3 հեռուստատեսային ալիք, միաժամանակ ընդունելով 20 տարբեր հեռուստաազդանշան: «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության եթերային հեռարձակման համակարգերը չունեն նման ֆունկցիոնալ տեխնիկական հնարավորություններ:

«ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունն ըստ ներկայացված ցանկի, արտատաղավարային նկարահանումների ժամանակ շահագործում է հեռուստաշուկայում բարձր տեխնիկական հնարավորություններով աչքի ընկնող Panasonic AG-CX350-4K Camcoder մակնիշի տեսախցիկներ՝ 16 լրակազմ: «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունն, ըստ ներկայացված ցանկի, չունի նման տեխնիկական լուծումներով հագեցված տեսախցիկներ:

«ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունն իր արտատաղավարային նկարահանումների ժամանակ շահագործում է թվային ֆոտո-տեսախցիկ Canon EOS Cinema՝ 5 լրակազմ, թվային ձայնագրիչ TASCAM DR-701D՝ 2 լրակազմ: Նմանատիպ հեռուստատեսային տեխնիկական միջոցներ բացակայում են «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության ներկայացրած ցանկում:

Ըստ ներկայացված հայտերի` երկու Ընկերություններն էլ շահագործում են GO PRO ձևաչափի տեսախցիկներ՝ «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը՝ 3 հատ և «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը՝ 1 հատ։

Ըստ Ընկերությունների ներկայացրած ցանկերի՝ «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող հեռուստատեսային տեսախցիկների օբյեկտիվները ոչ միայն քանակական, այլև ֆունկցիոնալ հնարավորություններով գերազանցում են «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության կողմից շահագործվող հեռուստատեսային տեսախցիկների օբյեկտիվներին («ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերություն` 22 հատ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերություն` 8 հատ)։

 

Ընկերությունների կողմից ներկայացվել են նաև ֆինանսական հնարավորությունները հիմնավորող փաստաթղթեր, սակայն նշենք, որ ֆինանսական հնարավորությունները գնահատելիս Հանձնաժողովը հաշվի է առել ստանձնած ֆինանսական պարտավորությունների ծավալը և այդ պարտավորությունները հիմնավորող ֆինանսական փաստաթղթերի առկայությունը։

 

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության հայտում նշվել է, որ ընկերությունն այս պահին ունի մոտ 275,0 մլն ՀՀ դրամի պայմանագրեր, որոնք ապահովում են ընկերության ֆինանսական կայունությունը։ Համաձայն հայտի` վերջնականացման փուլում են 37.2 մլն դրամ գումարի գովազդի տեղադրման պայմանագրերը։

Ներկայացված գովազդային պայմանագրերի տարեկան մուտքերը կազմում են 150,76 մլն դրամ, իսկ ֆիլմերի և հաղորդումների պատրաստման և տրամադրման պայմանագրերի տարեկան մուտքերը՝ շուրջ 6,5 մլն դրամ և 300,0 հազար ԱՄՆ դոլար։

Հայտում ներկայացվել է նաև մեկ պայմանագիր, որի համաձայն տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար ընկերությանը տրամադրվել է 15 000 ԱՄՆ դոլար։

Նշվել է նաև, որ ընկերությունն այս պահին ունի 73 աշխատակից, միջին աշխատավարձը կազմում է 164 410 դրամ: Ընկերության խորհրդի կողմից հաստատված նոր հաստիքացուցակի և աշխատավարձի սանդղակի համաձայն աշխատակիցների թիվը կդառնա 98, միջին աշխատավարձը կբարձրանա նվազագույնը 50%-ով, այսինքն` կկազմի մոտ 246 615 դրամ:

«ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊԸ հայտում ներկայացված տվյալներով ընկերության հիմնական միջոցները 2021 թվականին կազմել են շուրջ 1,01 մլրդ դրամ, 2022 թվականին՝ շուրջ 1,164 մլրդ դրամ, ակտիվները 2021 թվականին կազմել են 4,370 մլրդ դրամ, 2022 թվականին՝ 5,284 մլրդ դրամ, ինչից երևում է, որ գրանցվել է ակտիվների զգալի աճ։

Նշվել է, որ ընկերությունը 2021-2022 թվականների ընթացքում ունեցել է զարգացման աճի բարձր տեմպ։ 2021 թ.-ի համեմատ 2022 թ.-ին վճարված հարկերի և աշխատավարձի չափով ընկերությունն ունեցել է զգալի աճ՝ համապատասխանաբար մոտ 76,8% և 156,3%:

Ներկայացվել է ընկերության հաշիվների քաղվածքները 01.04.2023 թ.-21.07.2023 թ. ժամանակաշրջանի համար, որի համաձայն մուտքերը կազմել են՝ 685 720 609.6 դրամ և 2 450 000 եվրո, իսկ ելքերը՝ 684 591 220,4 դրամ և 2 127 964,85 եվրո։

 

Ընկերությունների կողմից ներկայացված ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության վերլուծության և համադրման արդյունքում պարզվել է

 

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության հայտում «Հաշվապահական հաշվեկշիռ» և «Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն» ներկայացված չեն, բացակայում է հիմնական միջոցների և ակտիվների մասին տեղեկատվությունը: Որևէ տեղեկատվություն առկա չէ ծախսերի և եկամուտների կառուցվածքի, դրանց ֆինանսական կանխատեսումների մասին: Ներկայացված չէ ընկերության բանկային հաշվի որևէ քաղվածք: Հայտում նշված չեն այն հավելյալ ֆինանսական աղբյուրները և միջոցները, որոնք կապահովեն աշխատավարձի և աշխատակիցների քանակի կտրուկ բարձրացման խոստումը, նշվել է միայն տեղեկատվություն այն մասին, որ ավարտական փուլում են 37,2 մլն դրամ գումարի գովազդի տեղադրման պայմանագրերը:

«ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հայտում «Հաշվապահական հաշվեկշիռ» և «Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն» ներկայացված չէ, սակայն առկա է հիմնական միջոցների և ակտիվների մասին տեղեկատվությունը: Ոչ ամբողջությամբ ներկայացված է ծախսերի և եկամուտների կառուցվածքի մասին տեղեկատվությունը: Ներկայացված են ընկերության 01․04․2023 թ.-21․07․2023 թ. ժամանակահատվածի հաշիվների քաղվածքները, սակայն ներկայացված չէ որևէ կնքված պայմանագիր քաղվածքներում նշված մուտքերի գումարների վերաբերյալ:

Քաղվածքում նշված 817 964 եվրո ելքերը՝ ըստ invoice-ի, և արտարժույթներով փոխանակված գումարները հիմնավորող որևէ փաստաթուղթ կցված չէ:

Ֆինանսական հոսքերի, եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ Ընկերությունների կողմից ներկայացված ֆինանսական միջոցների մասին տեղեկատվությունը թեև հնարավորություն է տալիս ապահովելու հեռուստածրագրի հանրապետական ծածկույթով սփռումը հանրային մուլտիպլեքսով, բայց, քանի որ վերը նշված Ընկերությունների կողմից ներկայացված հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերն ամբողջական չեն, ուստի հնարավոր չէ կատարել լիարժեք համեմատություն:

 

Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը

Մրցույթին մասնակցող Ընկերությունները ներկայացրել են բավարար չափով տեղեկություններ իրենց աշխատակազմերի, նրանց մասնագիտական կարողությունների վերաբերյալ, որոնք փաստում են մասնագետների փորձառության և մասնագիտական պատրաստվածության մասին։ Ընկերությունների աշխատակազմերում ներառված աշխատողների մեծ մասն ունի բարձրագույն մասնագիտական կրթություն, իսկ քանակական առումով «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության աշխատակազմը գերազանցում է «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության աշխատակազմին։ Նշենք, որ ի տարբերություն «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության, «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը հեռուստահաղորդումների հեռարձակման ոլորտում համեմատաբար նոր ընկերություն է, սակայն երկու ընկերություններն էլ մասնագիտական կարողություններով և փորձառությամբ օժտված աշխատակազմերով ներկայումս ապահովում են իրենց ծրագրերի անխափան եթերը։

 

Հավելենք, որ Օրենքի համաձայն hեռարձակողները կազմում և սպառողին են ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն և խմբագրական պատասխանատվություն են կրում տեսալսողական արտադրանքի բովանդակության համար։ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը հայտում նշել է, որ ստանձնում է լինել ազատ խոսքի ամբիոն, հետևողական լինել հասարակության մեջ թշնամանքի, անհանդուրժողականության մթնոլորտի վերացման պայքարում, պահպանել ինքնակարգավորման և լրագրողական էթիկայի բոլոր կանոնները, եթերում բացառել հայհոյախոսությունը, չներառել գռեհիկ, բռնություն կամ քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմեր, սակայն դիտարկման արդյունքում պարզվել է, որ որոշ հաղորդումների հեռարձակման ժամանակ նշված նորմերը չեն պահպանվել։

Այս առումով կարևոր ենք համարում ոչ միայն զուտ խոստումները, այլ նաև այն, թե որքանով են դրանք իրագործվել: Մասնավորապես նշենք, որ Հանձնաժողովի կողմից 2021-2023 թվականների ընթացքում տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող օրենսդրության խախտում արձանագրելու հիմքով «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության նկատմամբ հարուցվել է 7 վարչական վարույթ և կիրառվել պատասխանատվության միջոցներ, ընդ որում Հանձնաժողովի կողմից վարչական տույժեր կիրառելու մասին 2 որոշումները բողոքարկվել են դատական կարգով, և դեռևս վերջնական դատական ակտեր չեն կայացվել։ Նշենք նաև, որ 2022 թվականի հուլիսին «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության կողմից հեռարձակվող ֆիլմում համամարդկային արժեքների նսեմացման և վարկաբեկման կադրեր, ինչպես նաև հաղորդման մեջ գռեհկաբանություն և հայհոյախոսություն պարունակող արտահայտություններ հեռարձակելու խախտումների հիմքով կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք, ինչը բողոքարկվել է դատական կարգով, և վերջնական դատական ակտ չի կայացվել։

Ավելին, մինչև 2021 թվականի մայիսի 15-ը Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմնի աշխատակարգում լրացում կատարելը Հանձնաժողովն իրավասություն չուներ դիմելու զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմին, այդ իսկ պատճառով դիմել է անմիջականորեն հեռարձակողներին, հետևաբար, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության «Երկիր Մեդիա» ծրագրի էթիկական նորմերի խախտումների հետ կապված 2021 թվականի ընթացքում Հանձնաժողովը դիմել է ընկերությանը, իսկ 2022 թվականի ընթացքում մեկ անգամ դիմել է Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմին։

 

Անհրաժեշտ է ընդգծել, որ Հանձնաժողովի դիտարկմամբ սահմանափակ ռեսուրսի՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման միջոցով հեռարձակվող տեսալսողական ծրագրերի բովանդակությունը պետք է արտացոլի հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը։

Տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, միջազգայնորեն ընդունված հայեցակարգերն ու չափորոշիչները նախատեսում են, որ լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները պետք է ունենան կառավարման և ֆինանսավորման թափանցիկ համակարգ, լինեն անկախ ու վստահելի, ապահովեն հաղորդումների բարձր որակ, ինչպես նաև առանցքային դերակատարում ունենան ազգային մշակույթի պահպանման և պաշտպանության, ազգային ինքնության ձևավորման գործում։

Օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի և Կարգի 29-րդ կետի համաձայն՝ Հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթում հաղթողի ընտրությունն իրականացվում է Հանձնաժողովի անդամների վարկանիշային փակ քվեարկության միջոցով:

Վարկանիշային փակ քվեարկություն ապահովելու նպատակով անցկացվել է վիճակահանություն, որի ժամանակ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պատահականության սկզբունքով վերցրել է Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան վիճակահանության՝ թվագրում պարունակող թերթիկներից մեկը և տվել Հանձնաժողովի քարտուղարին, որը վիճակահանության թերթիկում նշված թվագրումով գնահատման թերթիկը փոխանցել է Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին՝ այդ մասին նշում կատարելով իր մոտ:

Վարկանիշային քվեարկությունից առաջ Հանձնաժողովի անդամները հանդես չեն եկել հայտարարությամբ և միջնորդությամբ:

Օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի և Կարգի 37-րդ կետի համաձայն` Հանձնաժողովը մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ հաշվի է առնում՝

1. սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը,

2. հայերեն հաղորդումների գերակայությունը,

3. բազմակարծությունը խթանելու կարողությունը,

4. հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները,

5. աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը,

6. ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը,

7. գործող լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:

Օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վարկանիշային քվեարկության իրականացման ընթացակարգը սահմանվում է սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգով, որը 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն սահմանում է Հանձնաժողովը:

Կարգի 32-րդ կետի համաձայն սահմանվել է, որ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, սույն կարգի 37-րդ կետի չափանիշները հաշվի առնելով, մրցույթի յուրաքանչյուր մասնակցի գնահատում է գնահատման թերթիկում ամբողջ թվով՝ 20 միավորային սանդղակով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատման թերթիկին կից ներկայացնում է իր գնահատման հիմնավորումը։

Գնահատման թերթիկի ձևը հաստատվել է Կարգի Ձև N 2-ով:

Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը, Հանձնաժողովի` անդամներն իրենց հիմնավորումներով փակ վարկանիշային քվեարկությամբ Ընկերությունների հայտերը գնահատել են հետևյալ միավորներով.

 

հ/հ

Մասնակցի

Անվանումը

Գնահատման միավորը

Վարկանի-

շային

միավորը

Գնահատման թերթիկի համարը

1

2

3

4

1

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ

12

14

13

12

51

2

«ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊԸ

18

19

18

18

73

Անցողիկ շեմը

26,6

 

Հանձնաժողովի անդամները գնահատման թերթիկին կից ներկայացրել են իրենց գնահատման հիմնավորումները, որոնք կցվում են սույն որոշմանը։

  Կարգի 32-րդ կետի համաձայն՝ մրցույթում անցողիկ շեմ է համարվում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը, իսկ վարկանիշային միավորը Կարգի 33-րդ կետի համաձայն որոշվում է գնահատման միավորների հանրագումարով։

 Տվյալ մրցույթում անցողիկ շեմը 26,6 միավորն է։

 «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունները վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթահարել են անցողիկ շեմը։

 Կարգի 34-րդ կետի համաձայն՝ վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում անցողիկ շեմը հաղթահարած և առավելագույն վարկանիշային միավոր ստացած մասնակիցը։

 Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 46-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի` «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով վարկանիշային քվեարկության արդյունքները` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

 

1. «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությանը ճանաչել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթող և տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

2. Սույն որոշման անբաժանելի մաս համարել Հանձնաժողովի անդամների գնահատման հիմնավորումները՝ համաձայն Հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերություններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

2023 թ. սեպտեմբերի 15

ք. Երևան

 

 

Հավելված

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի

2023 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 87-Ա որոշման

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների՝ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունների հայտերի գնահատման

 

Նախաբան

 

Հանրային թվային մուլտիպլեքսը տեսալսողական բովանդակության տարածող միակ հարթակն է, որի միջոցով Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունի անվճար ստանալ բազմակողմանի տեղեկատվություն: Այդ է պատճառը, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համաձայն, տեսալսողական ծառայություններ մատուցող այն ընկերությունները, որոնք ցանկանում են հեռարձակվել մուլտիպլեքսում, լիցենզավորվում են կարգավորող ազգային մարմնի կողմից: Օրենքով հստակ սահմանված են այն պահանջները և չափորոշիչները (բովանդակային, տեխնիկական, ֆինանսական, այլ), որոնք հնարավորություն են տալիս Հանձնաժողովին համեմատել ներկայացված հայտերը և ընտրել մրցույթում հաղթողին:

Հանձնաժողովը հաղթող է ճանաչում այն ընկերություններին, որոնք տիրապետելով անհրաժեշտ ֆինանսական, տեխնիկական, մարդկային ռեսուրսների նաև ունակ են ապահովելու հաղորդումների բազմազանությունն ու բազմակարծությունը, պահպանում են մասնագիտական էթիկայի կանոնները, իրենց եթերում չեն տարածում ատելության խոսք, ապատեղեկատվություն, քաղաքացիների արժանապատվության ոտնահարում, և որոնց խմբագրական քաղաքականությունը սպասարկում է պետության և հանրության շահերը:

Հաշվի առնելով հանրային մուլտիպլեքսի գործունեության հայեցակարգը, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջները, մանրամասն ուսումնասիրելով և համադրելով մրցույթին մասնակցող երկու ընկերությունների հայտերը, կից փաստաթղթերը, աշխատակազմի կողմից պատրաստված վերլուծությունները, ֆինանսական և տեխնիկական վիճակի մասին եզրակացությունները, ներկայացնում եմ իմ գնահատականների հիմնավորումը։

 

Ընկերությունների տեխնիկական միջոցների և սարքավորումների հագեցվածության համեմատությունը

 

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված տեխնիկական հիմնական միջոցների ցանկի մասնագիտական վերլուծությունը փաստում է, որ այդ միջոցներով հնարավոր է ապահովել տեսալսողական բովանդակության պատրաստումն ու տարածումը: Ընկերության նախորդ մրցութային հայտում (2022 թ. հոկտեմբեր) ներկայացված տեխնիկական միջոցների ցանկը թարմացվել է, ձեռք են բերվել նոր տեխնիկական միջոցներ (տեսախցիկներ, համակարգիչներ, այլ): Այնուամենայնիվ, տեխնիկական միջոցների ցանկը, տաղավարների հագեցվածությունն ու կահավորումը չեն համապատասխանում ժամանակակից հեռուստատեսությունների տենդենցներին և պահանջներին: Ցանկում բացակայում են վերջին սերնդի տեսախցիկներ, հավաքակցման համակարգեր, նկարահանման համար նախատեսված միջազգային ճանաչում ունեցող ունիվերսալ համակարգեր և այլն:

«ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության տեխնիկական հագեցվածությունը ժամանակակից է, հնարավորություն է տալիս ապահովել պատկերի շատ բարձր որակ: Օրինակ, ընկերությունը շահագործում է 2 FULL HD/4K ձևաչափով շարժական հեռուստատեսային կայաններ, որոնց տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն է տալիս նկարահանելու և միաժամանակ ուղիղ հեռարձակելու տարբեր միջոցառումներ: Շահագործվում է նաև TRICASTER մակնիշի նկարահանման ժամանակակից համակարգ: Հատկանշական է, որ ընկերության համակարգիչները գործարկվում են 58 համակարգչային լիցենզավորված ծրագրերի հիման վրա: Գործարկվում են ամենավերջին սերնդի ֆոտոտեսախցիկներ (Canon EOS Cinema):

Ընկերությունների ներկայացրած տեխնիկական միջոցների ու սարքավորումների ցանկի համեմատությունը բերում է այն եզրակացության, որ «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հնարավորությունները՝ ապահովել բովանդակության պատրաստման և տարածման տեխնիկական ուղեկցությունը, շատ ավելի բարձր են, քան «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությանը:

 

Ընկերությունների ֆինանսական կարողությունների համեմատությունը

 

Նույնիսկ ոչ մասնագետի համար պարզ է, որ «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության ֆինանսական կարողությունները շատ ավելի բարձր են «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության համեմատ: Միայն մի օրինակ բերեմ. 2022 թ. «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊԸ- ի միայն վճարված հարկերը զգալիորեն գերազանցում են «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ-ի նույն տարվա ամբողջ հասույթը:

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ-ի հայտում բացակայում է հիմնական և ընդհանուր միջոցների, ծախսերի և եկամուտների կառուցվածքի, բանկային հաշիվների մասին որևէ տեղեկատվություն, ինչը հնարավորություն չի տալիս ամբողջական գնահատական տալ ընկերության հայտի ֆինանսական բաղադրիչին:

 

Հայերեն հաղորդումների գերակայության համեմատությունը

 

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության հայտում նշված է, որ «հայրենական արտադրության հաղորդումները կազմում են եթերի մոտ 95%-ը (չհաշված ֆիլմերը, որոնք կազմում են եթերի 25%-ը)։ Խաղարկային և փաստավավերագրական ֆիլմերի մի մասը հաշվի չառած՝ եթերից հնչում է բացառապես հայոց լեզուն»։ Ինձ համար անհասկանալի ձևակերպում է, քանի որ օրենսդրությունը չի նախատեսում «չհաշված» կամ «հաշվի չառած» բացառությունները: Լիցենզավորված հեռարձակողները պարտավոր են բոլոր հաղորդումները (այդ թվում ֆիլմերը) հեռարձակել հայերենով, կամ ուղեկցել հայերեն լուսագրերով: Հարկ եմ համարում նաև նշել, որ 2023 թ. օգոստոսին «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառվել էր վարչական տույժ՝ 200 000 դրամ գումարի չափով տուգանք՝ հիմք ընդունելով ֆիլմերն օտար լեզվով հեռարձակելու խախտումը։

 «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ն պարտավորվել է բոլոր սպորտային իրադարձություններն առանց բացառության ուղեկցել հայերեն մեկնաբանությամբ, ինչպես նաև հայերենով հեռարձակել բոլոր հաղորդումներն ու ֆիլմերը: Համաձայն ՀՌՀ մշտադիտարկումների, ցուցադրվող ֆիլմերը ուղեկցվում են հայերեն լուսագրերով:

 

Բազմակարծությունը խթանելու ընկերությունների կարողությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայության համեմատականը

 

Այսպիսի համեմատականը պահանջում է ճշգրիտ մեթոդաբանություն, քանի որ դժվար է համեմատել ընդհանուր և սպորտային ուղղվածություն ունեցող հեռուստածրագրերի բովանդակությունն ըստ այդ չափորոշիչների:

Այնուամենայնիվ, «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի նպատակներից է՝ «Հայաստանում խթանել ու զարգացնել սպորտը, դրանով իսկ խրախուսել առողջ և ակտիվ ապրելակերպը»։ Ուստի, սպորտը, որպես ընդհանուր մշակույթի, կրթության բաղկացուցիչ մաս, ուղղված է մարդկանց առողջության բարելավմանը, ֆիզիկական կարողությունների զարգացմանը, հոգևոր կարողությունների բարելավմանը և, ի վերջո, հանգեցնում է սոցիալապես ակտիվ մարդու ձևավորմանը, անհատի համակողմանի և ներդաշնակ զարգացմանը: Հետևաբար, սպորտային հաղորդումները հանրօգուտ բնույթի հաղորդումներ են, որոնք նպաստում են ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ամրապնդմանը։ Ինչպես վկայում են կաբելային ցանցերում հեռարձակվող «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի հեռուստածրագրերի մշտադիտարկումները, վերջին մեկ տարվա ընթացքում ընկերությունն ապահովում է սպորտային հաղորդումների բազմազանությունը, լայնորեն լուսաբանում է սպորտային իրադարձությունները Հայաստանում, ցուցադրում է որակյալ հանրօգուտ գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր:

 «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ-ի հայտում նշվում է, որ «ստանձնում է նպաստել բազմակարծության ձևավորմանը, ամրապնդել ազատ արտահայտվելու իրավունքն ու մշակույթը, հասարակության մեջ սերմանել հանդուրժողականություն և հարգանք այլակարծության նկատմամբ»։ Նշված է նաև, որ Հայաստանի քաղաքական կյանքը ներկայացվելու է ողջ տարողությամբ՝ խուսափելով քաղաքական, կուսակցական հատվածականությունից և կողմնակալությունից։

 Սակայն, եթերում պատկերն այլ է, ինչի մասին նշել էի նաև նախորդ իմ հիմնավորումներում: Օրինակ, հայտում ընկերությունը պարտավորվում է պայքարել քրեական ենթամշակույթի դրսևորումների դեմ, սակայն եթերում ցուցադրում է հայկական իրականությունից սերիալներ, որտեղ նկարագրվում են հենց քրեական ենթամշակույթի վառ պատկերներ:

 Ընդհանրապես ընկերության հայտում նշված խմբագրական քաղաքականության հայեցակարգն ու հետագայում իրականացվող խմբագրական քաղաքականությունը հաճախ հակասության մեջ են լինում, և դա ինձ մոտ հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ այս անգամ էլ լիցենզիա ստանալու դեպքում «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ-ն կկատարի հայտում ստանձնած պարտավորությունները:

 Հաշվի եմ առնում նաև այն հանգամանքը, որ 2021-2023 թթ. վարչական վարույթների հիմքով տարբեր իրավախախտումների համար «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ-ն 7 անգամ ստացել է վարչական տույժ, այդ թվում 6 տուգանք: Նույն ժամանակահատվածում Հանձնաժողովը 2 անգամ դիմել է էթիկայի դիտորդ մարմին, ընկերության եթերում էթիկայի նորմերի խախտման վերաբերյալ։

 

Եզրակացնեմ. Բոլոր չափորոշիչներով (ֆինանսական, տեխնիկական, մարդկային ռեսուրսների, հայերեն լեզվի գերակայության, հանրօգուտ բովանդակության և այլն) «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի ներկայացրած ծրագիրը շատ ավելի մրցունակ է, հեռանկարային, Հայաստանի քաղաքացիների պահանջմունքները բավարարող: Ուստի, 20 բալանոց սանդղակով «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի հայտը գնահատում եմ 18 բալով, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ-ի հայտը՝ 12 բալով:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

11․09․2023 թ․

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների՝ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունների հայտերի գնահատման

 

Առաջնորդվելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշման 37-րդ կետով սահմանված գնահատման չափորոշիչներով՝ ներկայացնում եմ մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված մրցութային հայտերի գնահատման վերաբերյալ իմ հիմնավորումը, որը պարունակում է ինչպես օբյեկտիվ, չափելի գնահատական, հիմք ընդունելով Հանձնաժողովի աշխատակազմի մասնագետների կողմից կազմված տեղեկանքները հայտերի տեխնիկական, ֆինանսական, ինչպես նաև ծրագրային բաղադրիչների վերաբերյալ, այնպես էլ իմ սուբյեկտիվ գնահատականը։ Հանձնաժողովի անդամի սուբյեկտիվ գնահատումն իրավունք ունի գոյություն ունենալու՝ պայմանավորված այնպիսի հանգամանքով, ինչպիսին է որոշ չափորոշիչների վերաբերյալ լիարժեքորեն օբյեկտիվ գնահատման անհնարինությունը։

Այստեղ կարևոր է ընդգծել հետևյալ հանգամանքը․ հանրային մուլտիպլեքսը, մասնավորաբար հանրապետական սփռումը, հանրային ընդհանուր բարիք է, որը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության բոլոր բնակիչների համար, այդ իսկ պատճառով դրա կարևորությունն անհնար է թերագնահատել, հետևապես աներկբա է այս մրցույթի նկատմամբ հանրային հետաքրքրությունը և Հանձնաժողովի անդամի պատասխանատվությունը՝ հայտերը գնահատելիս լինել անաչառ, գնահատել՝ առաջնորդվելով անկողմնակալության և արդարության սկզբունքով։

Մինչև մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթները մանրամասն ուսումնասիրելն ու համեմատության միջոցով հաղթողին ճանաչելը, Հանձնաժողովն արձանագրել է, որ փաթեթներն ամբողջական են, և ընկերությունները կարող են մասնակցել թափուր սլոթի համար հայտարարված մրցույթին։ Սա նշանակում է, որ ֆորմալ առումով մրցույթի մասնակիցները բավարարել են մրցույթին մասնակցելու մինիմալ պայմանը։

Հանձնաժողովը մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ հաշվի է առնում` սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը, հայերեն հաղորդումների գերակայությունը, բազմակարծությունը խթանելու կարողությունը, հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը, գործող լիցենզավորված հեռարձակողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:

Հանձնաժողովը, որպես կարգավորող պետական մարմին, ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունն ու բազմազանությունը և չի միջամտում հեռարձակողների խմբագրական քաղաքականությանը, իսկ ահա սպառողին ներկայացվող տեսալսողական արտադրանքի բովանդակության համար պատասխանատվություն կրում է հեռարձակողը, պարտավորվում պահպանել իր իսկ կողմից ներկայացված մասնագիտական էթիկայի կանոնները, եթերում չտարածել ատելության խոսք, ապատեղեկատվություն, չանել բռնության կոչեր, չիրականացնել քաղաքացիների արժանապատվության ոտնահարում, այլ ճիշտ հակառակը՝ հեռարձակել ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումներ, նպաստել քաղաքացիական հասարակության ձևավորմանը։

Սեփական արտադրության հաղորդումների, ինչպես նաև հայերեն հաղորդումների գերակայությունը օրենսդրական պահանջ է, և հայտատուները խոստանում են ապահովել այս պահանջի կատարումը, ֆիլմերը ներկայացնել թարգմանությամբ կամ հայերեն լուսագրերով, եթերից հնչեցնել բացառապես հայոց լեզուն։ Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչությունն իրականացնում է պլանավորված մշտադիտարկումներ, և այս պահանջի չկատարումը բացահայտվում է։ Ինչևէ, մեզ համար ցանկալի է, որ նման խախտումներ չարձանագրվեն, սակայն ընթացիկ տարվա մշտադիտարկումների արդյունքում «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության եթերում արձանագրվել են ռուսերենով ցուցադրվող ֆիլմեր, որը հանգեցրել է վերջինիս նկատմամբ տուգանքի սահմանման վերաբերյալ Հանձնաժողովի որոշման ընդունման։

Ինչպես արդեն նշել եմ, հայտերի գնահատման չափորոշիչներից ելնելով նախապես ուսումնասիրվել և վերլուծության են ենթարկվել Հանձնաժողովի համապատասխան մասնագետների կողմից։ Տրամադրված մասնագիտական տեղեկանքները, որոնք վերաբերում են մասնավորապես հայտատուների տեխնիկական միջոցների, սարքավորումների, ֆինանսական միջոցների համեմատական վերլուծությանը, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությանը, ներգրավված աշխատակիցների թվակազմին, շոշափելիորեն մեծ առավելություն են տալիս «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությանը։

Բազմակարծությանը խթանելու, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունն ապահովելու վերաբերյալ հայտատուների կարողությունների և ներկայացված հեռուստածրագրերի համեմատական վերլուծություն իրականացնելը պարունակում է մեծ սուբյեկտիվություն և հստակորեն չափելի չէ։ Համաձայն այս չափորոշիչների՝ համեմատել կամ նույնիսկ հակադրել երկու ծրագրեր, որոնցից մեկն ունի ընդհանուր ուղղվածություն, իսկ մյուսը՝ միայն սպորտային, կարծում եմ ոչ միայն դժվար է, ավելին՝ նույնիսկ սխալ, քանզի նրանցից յուրաքանչյուրը սահմանում է իրեն հատուկ, իր նպատակներից բխող խնդիրներ։ Ինչպես օրինակ, «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության նպատակներից է՝ «Հայաստանում խթանել ու զարգացնել սպորտը, դրանով իսկ խրախուսել առողջ և ակտիվ ապրելակերպը», իսկ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը ցանկանում է «նպաստել բազմակարծության ձևավորմանը, ամրապնդել ազատ արտահայտվելու իրավունքն ու մշակույթը, հասարակության մեջ սերմանել հանդուրժողականություն և հարգանք այլակարծության նկատմամբ»։ Որևէ կերպ համեմատել այդ երկուսը և որոշել, թե դրանցից որն է ավելի շատ համապատասխանում գնահատման չափորոշիչին, համաձայնեք, հեշտ չէ։

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը հանդիսանում է գործող լիցենզավորված հեռարձակող՝ ենթարկվում է մշտադիտարկման, որի ընթացքում արձանագրվել են հիշյալ չափորոշիչների կոպիտ խախտումներ, գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին անհամապատասխանության դեպքեր, որոնց համար Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթներ սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև դիմել է Դիտորդ մարմնին։

 «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հեռուստածրագրերը հեռարձակվում են կաբելային ցանցերում, և վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված մշտադիտարկումները վկայում են, որ ընկերությունը հիմնականում հետևողական է իր կողմից հռչակված սկզբունքների պահպանմանն ու սահմանված խնդիրների իրագործմանը։

 

Եզրակացություն

 

Հանձնաժողովը, որպես կարգավորող պետական մարմին, ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունն ու բազմազանությունը և չի միջամտում հեռարձակողների խմբագրական քաղաքականությանը։ Սա անչափ կարևոր դրույթ է, որով ես առաջնորդվում եմ որպես Հանձնաժողովի անդամ՝ ի թիվս և ի լրումն արդեն քննարկված չափորոշիչների։ Համաձայն այս դրույթի՝ բազմակարծությունը խթանելու պարտավորություն են ստանձնում ոչ միայն մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած և մրցույթում հաղթող ճանաչված հեռարձակողները, այլ նաև հենց Հանձնաժողովը։ Տվյալ դեպքում՝ երկու մասնակիցներից «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը ներկայացրել է ընդհանուր ուղղվածության հեռուստածրագիր, իսկ «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության ներկայացրած հեռուստածրագիրը միայն սպորտային է, որն իր տեսակով բացակայում է հանրային մուլտիպլեքսում, և որի առկայությունը կարող է նպաստել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, պատանիների և երիտասարդների շրջանում սերմանել նվիրվածություն դեպի ամենօրյա մարզումներ, առողջ ապրելակերպ, ինչպես նաև ձգտում դեպի պրոֆեսիոնալ և մեծ սպորտ։

 Հայտերի մանրամասն ուսումնասիրության արդյունքում իմ կողմից առավել բարձր միավոր է ստանում «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության ներկայացրած ծրագիրը՝ 18 միավոր, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության ծրագիրը՝ 13 միավոր։

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի անդամ

Գոհար Մամիկոնյան

 

12․09․2023 թ․

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների՝ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունների հայտերի գնահատման 

 

«ՀՈՒՍԱԲԵՐ» փակ բաժնետիրական ընկերության ծրագրերը ներկայացնում են տեխնիկական կարողությունների, ֆինանսական միջոցների ու հնարավորությունների, ստեղծագործական մոտեցումների, հանրային-քաղաքական սկզբունքների, բազմակարծության և ժողովրդավարության, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային արժեքների պահպանմանն ու պրոպագանդմանն ուղղված սկզբունքների և այս ամենն իրականացնելու մասնագիտական կարողությունների պատկերները։ Դրանք վերլուծելիս կարելի է հանգել հետևյալ եզրակացության․

Այն ծրագրերը, որոնք նպատակադրված է իրականացնել հիշյալ ընկերությունը, բավականին տարողունակ են և լուրջ տեխնիկական, ֆինանսական ու մասնագիտական հիմնավորումներ են պահանջում․ դրանցից առաջինները, որոնք ընկերությունը ներկայացրել է իր հնարավորությունների մեջ, իր հագեցվածությամբ և ժամանակակից տեսալսողական հեռարձակման տեխնոլոգիաների՝ օրեցօր կատարելագործվող զինանոցի ֆոնին առանձնապես աչքի չեն ընկնում իրենց հագեցվածությամբ, թարմությամբ ու հնարավորություններով։ Թեև դրանք նախորդ մրցութային հայտում նշվածների համեմատությամբ ինչ-որ չափով համալրվել ու հագեցել են, սակայն, այնուամենայնիվ, հեռու են ժամանակակից մեդիա միջոցների պահանջներն ու միտումները բավարարող կենտրոն ստեղծելու համար։ Օրեցօր առաջ սլացող համապարփակ միջոցների ներկայացվող զինանոցը, իհարկե, բավարար են հաղորդումներ կազմակերպելու և հեռարձակելու համար, սակայն հազիվ թե բավարարեն՝ դրանք բարձր որակով, բազմազանությամբ ու էֆեկտիվությամբ հեռուստադիտողին մատուցելու համար։

Ընկերության ֆինանսական կարողությունները շատ համեստ են։ Ինչպես ցույց տվեցին դրանք ներքին և արտաքին լսարանի օժանդակությամբ համալրելու ընկերության վերջին տարվա պրպտումները՝ դրանք առանձնապես մեծ չեն, իսկ ներդրումների մասով և իր տեխնիկական ու ստեղծագործական միջոցները զորացնելու այլ աղբյուրներ ու միջոցներ ընկերությունը չի նշում։ Այս ամենը տանում է վարկանիշի որոնման այլ միջոցների, ինչ բարձր մշակութային, պատմական և քաղաքական նպատակներ հետապնդող այս ընկերությանը մղում է ձեռքը մեկնել ցածրորակ, ցածրաճաշակ և էժանագին սերիալների, որոնց դեմ պայքարելը հենց մտնում է յուրաքանչյուր մեդիա-կազմակերպության մշակութային և պատմական ծիրի մեջ։

«ՀՈՒՍԱԲԵՐ» փակ բաժնետիրական ընկերությունը թեև նշել է, որ իր հեռարձակվող նյութերի 95 տոկոսը հայրենական արտադրության են, իսկ ֆիլմերը հեռարձակվում են հայոց լեզվով, սակայն քիչ չեն այն դեպքերը, երբ այս սկզբունքը խախտվում է․ չես էլ հասկանում՝ սա ֆինանսական միջոցների սղության արդյունք է, թե սկզբունքների․ օրենքը նախատեսում է, որ Հայաստանի Հանրապետությունում եթերի լեզուն բացառապես հայերենն է, և այս պարագային ցավալի է, որ անգամ հայրենասիրական վեհ նպատակներ հետապնդող այս ընկերությունն է խախտում այս նպատակը։

«ՀՈՒՍԱԲԵՐ» փակ բաժնետիրական ընկերությունը թեև չես խառնի երբեմն եթերը հայհոյախոսություններով ու բանսարկություններով լցնողների հետ, այնուամենայնիվ աչքի չի ընկնում նաև բազմակարծության իր մոտեցումներով։ Մեր հասարակության մեջ հանդուրժողականություն սերմանելու հարցում մեծ ջանքեր ու միտք է հարկավոր՝ այն քաղաքական, կուսակցական և հատվածական մտածողության գերակայություններով չպառակտելու համար։ Ճիշտ է, այս սկզբունքների գիտակցումն ընկերության հայտում ներկայացված է իբրև հիմնական մի սկզբունք, սակայն ինչ-որ չափով հակասության մեջ է ընկերության հեռարձակվող հաղորդումների մի զգալի մասի հետ։

Այս ամենից ելնելով՝ ես «ՀՈՒՍԱԲԵՐ» փակ բաժնետիրական ընկերության հնարավորությունները շատ բարձր չեմ գնահատում։

«ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը թեև երկար կենսագրություն չունի, սակայն կարճ ժամանակաշրջանում կարողացել է հասնել տեխնիկական և մասնագիտական կարողությունների բավականին բարձր նիշերի։ Համապատասխան տեխնիկական և մարդկային ներդրումների առատ ներառումն ու միջամտությունը հնարավորություն է տվել ստեղծել մի հեռուստահաղորդումային միավոր, որը կարող է մրցել հանրապետությունում ամենաբարձր պատկերայնություն ապահովող առաջատար ընկերությունների հետ և համալրել դրանց շարքը։ Իր շարժակայանները, նկարահանման ժամանակակից համակարգերը, ֆոտոխցիկները և, ամենակարևորը, ստեղծագործական կազմի բարձր պրոֆեսիոնալիզմը (ինչը երևում է ստեղծագործական և ղեկավարման կազմի կրթական և աշխատանքային փորձից), խոստանում են մակարդակային ու կայուն որակ։

Ընկերության հիմնական ուղղվածությունը, ինչպես երևում է ներկայացված ծրագրերից, Հայաստանում սպորտի խթանումն է․ հարկ է նշել, որ այսօր սպորտի պրոպագանդումը պակաս մշակութային և անգամ հասարակական-քաղաքական նշանակություն չունի․ այն կարող է իր նպաստը բերել բազմաթիվ արժեքների սերմանմանը և կայուն սոցիալական մթնոլորտին։ Սպորտն ինքը համախմբվածություն ու նախասիրությունների բազմազանությունների առկայությամբ կայունություն է ենթադրում։

«ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իր ծրագրերով խոստանում է միջազգային ստանդարտներ։ Գերակայությունը տալով սպորտային հատվածին՝ ընկերությունն իր բոլոր մարզական հաղորդումներն ու մեկնաբանությունները, ինչպես նաև ֆիլմերն ու այլ կարգի հաղորդումները նախատեսում է հեռարձակել հայերենով։ Ինչպես ցույց են տալիս մեր մշտադիտարկումները՝ այդ խոստումը կատարվում է։ Ֆիլմերի ժամանակ օգտագործվում են նաև հայերեն լուսագրեր։

Ստեղծագործական կազմի կրթական պատկերը, բացի բարձր պրոֆեսիոնալիզմից, թույլ է տալիս ենթադրել, որ մարդիկ հավաքվել են ծրագրի և գաղափարի շուրջ։

 Այս ամենից ելնելով՝ ես «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հնարավորությունները բարձր եմ գնահատում։

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի անդամ

Հակոբ Հակոբյան (Հակոբ Մովսես)

 

12․09․2023 թ․

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների՝ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունների հայտերի գնահատման

 

 Ուսումնասիրելով «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունների կողմից մուտքագրված փաթեթները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին ներկայացված Հանձնաժողովի աշխատակազմի մասնագետների կողմից կազմված տեղեկանքները, ընկերությունների տեխնիկական, ֆինանսական և ծրագրերի բովանդակությանը վերաբերող վերլուծությունները, ներկայացնում եմ իմ հիմնավորումները վերոնշյալ ընկերությունների ծրագրային առաջարկների վերաբերյալ։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում սահմանված են չափորոշիչներ, որոնք թույլ են տալիս Հանձնաժողովի անդամի համեմատական գնահատականը լինի օբյեկտիվ։ Օրենքում ամրագրված չափորոշիչներն են՝ սեփական արտադրության հաղորդումների և հայերեն հաղորդումների գերակայությունը, բազմակարծությունը խթանելու կարողությունը, հայտատուի տեխնիկական և ֆինանսական կարողությունները, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը։ Նաև հաշվի եմ առել գործող լիցենզավորված հեռարձակողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:

 

«ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊԸ

 

Ընկերությունը ներկայացրել է տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, որոնք արդիական են, մեծ հնարավորություններով, բարձր որակի եթեր ապահովելու համար։ Նույնիսկ հարկավոր չէ մասնագետ լինել շատ բարձր գնահատելու ընկերության տեխնիկական կարողությունները: Տպավորիչ են ընկերության տաղավարային հնարավորությունները, համակարգիչների քանակն ու որակը (կարևոր է, որ ընկերությունն աշխատում է համակարգչային լիցենզավորված ծրագրերով), տաղավարային սարքավորումները (օրինակ շահագործվում է Telemetrica PT-RE-2RoboEye 2 PTZ հեռուստատեսային տեսախցիկ, որը հնարավորություն ունի աշխատելու ավտոմատացված համակարգով՝ տեղաշարժվելով X և Y հարթություններում), լուսային (ONYX/NX2) և ձայնային հագեցվածությունը։ Ընկերությունն ունի հնարավորություն շահագործելու արբանյակային կայան, որը կարող է ստանալ և վերահեռարձակել տարբեր ձևաչափերի 12 արբանյակային կայաններից մոտ 90՝ թե HD 1080i/p, թե 4K ձևաչափի հեռուստաազդանշաններ։ Ընկերությունն ունի ուղիղ եթերի լայն տեխնիկական հնարավորություն, նաև մոբիլ։ Ընկերությունը շահագործում է 2 FULL HD/4K ձևաչափով շարժական հեռուստատեսային կայան։ Եթե ամփոփեմ՝ «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության տեխնիկական հագեցվածությունն ամենաարդիականներից է Հայաստանում և թույլ է տալիս պատրաստել ու հեռարձակել բարձր որակի բովանդակություն:

 Ընկերության ֆինանսական փաստաթղթերը, ընկերության վճարած հարկերը (2022 թ.՝ 481 708 793 ՀՀ դրամ) և աշխատավարձերի ընդհանուր ծավալը (2022 թ.՝ 1 273 153 000 ՀՀ դրամ) վկայում են ընկերության կայուն և մեծ ֆինանսական կարողությունների մասին։ Ի դեպ, ընկերությունը մեծ ծավալով ֆինանսավորվում է նաև հիմնադիրների կողմից, ինչը պակասեցնում է ֆինանսական անկայունության ռիսկերը։

 Այս ընկերությունն ունի սպորտային ուղղվածություն։ Իր հայտում նշված է, որ բոլոր հաղորդումները, խաղերը, սպորտային վերլուծական հաղորդումները, ֆիլմերը և ընդհանրապես ամբողջ կոնտենտը հեռարձակվելու է հայերենով՝ կամ թարգմանությամբ, կամ սեփական արտադրության է լինելու։ Ճիշտ է ընկերությունն ունի մեկ հիմնական ուղղվածություն, այն է սպորտային, և կարծես թե սա բովանդակության բազմազանությունն ապահովելու խնդիր է, սակայն եթե նայենք ընդհանուր հեռուստաընկերությունների կոնտեքստում, սա կարող է իր ուղղվածությամբ հետաքրքիր առանձնահատկություն դիտվել։ Այդպես է օրինակ՝ «Մեցցո» հեռուստաալիքը Ֆրանսիայի պարագայում։

 Սպորտային բովանդակությունը համամարդկային է, ազգային է, բոլոր ժամանակներում հասարակության մեջ ունեցել է դրական դերակատարություն։ Սպորտային հաղթանակները միշտ հաղթողին և իր երկրին քաջալերող նշանակություն են ունեցել։ Այս դրական ազդեցությունը մեր օրերում, մեր հանրության համար կարևոր եմ համարում և ընկալում եմ սպորտային ալիք ունենալը հանրային մուլտիպլեքսում հանրօգուտ և ցանկալի։ Հաշվի առնելով վերը նշված նկարագրությունը «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հայտը գնահատում եմ շատ բարձր։

 

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ

 

Ի տարբերություն ընկերության կողմից ներկայացված տեխնիկայի մասին նախորդ տեղեկանքի, տեսնում ենք, որ ընկերությունն ունի նոր ձեռքբերումներ։ Մասնավորապես՝ տեսախցիկներ, առաջատար ընկերությունների արտադրած տեխնիկական միջոցներ։ Տեխնիկական միջոցների արդիականացումն իրականացվել է Blackmagic Design ընկերության ապրանքանիշով՝ թարմացնելով եթերային հեռարձակման համակարգերը։ Ընկերությունն ունի բավարար տեխնիկական միջոցներ հաղորդումներ նկարահանելու, մոնտաժելու և հեռարձակելու համար։ Ունի վեց տաղավար, սեփական սնուցումն ապահովող երեք սարքեր, որոնց շնորհիվ տեխնիկական ստորաբաժանումներում աշխատանքները կարող են իրականացվել ամբողջական հոսանքազրկման պայմաններում։ Ընկերությունը շահագործում է 3 LIVE U LU-SOLO և 1 TERADEK VIDIU PRO մակնիշի հեռարձակման համակարգեր, որոնք բջջային կապի առկայության պարագայում հնարավորություն են ընձեռում հանրապետության ցանկացած վայրից միաժամանակ ապահովելու ուղիղ եթեր:

 Ընկերության ներկայացրած հայտում թերի են ֆինանսական միջոցների մասին տեղեկությունները, որը թույլ չի տալիս ունենալ ամբողջական և վստահելի պատկեր։ Ընկերությունը խոստանում է աշխատակազմի ավելացում, բայց չի ներկայացրել թե ինչ միջոցներով է ապահովելու աշխատակիցների վարձատրությունը։ Ֆինանսական հոսքերը և եկամուտները սուղ են և զարգացման հեռանկար չեն տալիս։

 Հայերենի գերակայության օրենքի պարտադրանքի համատեքստում, ընկերությունը նշում է, որ հայրենական արտադրության հաղորդումները կազմում են եթերի մոտ 95%-ը (չհաշված ֆիլմերը, որոնք կազմում են եթերի 25%-ը)։ Սակայն Հանձնաժողովի, Հանձնաժողովի աշխատակազմի մասնագետների գործառույթի մեջ չի մտնում չհաշված եզրույթը։ Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից ծրագրերի դիտարկման արդյունքում նշվում է, որ 01․07․2023 թ․-31․07․2023 թ․ ժամանակահատվածում «Երկիր Մեդիա» ծրագրում ռուսերեն լեզվով հաղորդումները կազմել են 17,41%։ Կարծում եմ ընկերության բազում տարիների աշխատանքը պետք է, որ տար հնարավորություն շտկելու այս բացը։

 Բազմակարծությունը խթանելու կարողության տեսանկյունից, ընկերությունը նշել է, որ հյուրընկալում է քաղաքական դաշտը ներկայացնող տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Սակայն մոնիտորինգի եզրակացությունն այն է, որ այդ տարբեր քաղաքական ուժերը հիմնականում արտահայտում են միանման տեսակետներ քաղաքական, հասարակական հարցերի շուրջ։ Իր հայտում ընկերությունն ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների մասով հավաստիացնում է, որ կլինի հետևողական, սակայն իր եթերում ցուցադրվող սերիալները վկայում են հակառակի մասին։

 Հատկանշական է հանրության մեջ մեծ վրդովմունք առաջացրած «Կոռուպցիա-2» հեռուստասերիալը։ Եթե նույնիսկ մնացած բոլոր հաղորդումներն անթերի լինեին ազգային արժեքների, հայրենիքը ճանաչելու, հոգևոր և մշակութային արժեքները տարածելու իմաստով, ինչպես ասում են՝ մի ճանճն էլ հերիք է ապականելու համար։

 Հաշվի առնելով ընկերության բավարար, բայց ոչ գեր արդիական և մրցակցային տեխնիկական միջոցները, անբավարար ֆինանսական միջոցներ ունենալը, իր իսկ նշած բովանդակությանը ոչ լիարժեք հետևողական լինելը, իմ կողմից «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության գնահատականը կլինի ցածր։

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի անդամ

Ա. Մանուկյան 

 

12․09․2023 թ․

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան