Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1698
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 27.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
26.09.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2023

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

26 սեպտեմբերի 2023 թ.

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուրադյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2023 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1415-Ա որոշմամբ հավանություն է տվել 2023 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2023 թվականի օգոստոսի 28-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2023 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում՝ ծախսերի նվազեցման և երկու երկրների միջև օրինական առևտրի դյուրացմանն ուղղված՝ ժամանակակից, արդյունավետ և թափանցիկ ընթացակարգերի խթանման նպատակով:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ազգային իրավական ընթացակարգերը կատարելու մասին Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության (այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր) դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր ծանուցելուց հետո՝ երկրորդ ամսվա առաջին օրը։

 

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

2.1. ՀՀ մաքսային ծառայությունների միջոցով և Համաձայնագրի դրույթներին համապատասխան, հնդկական կողմին տրամադրել օգնություն մաքսային օրենսդրության պատշաճ կիրառման նպատակով մաքսային իրավախախտումները կանխելու, քննելու և դրանց դեմ պայքարելու և օրինական առևտուրը դյուրացնելու նպատակով (հոդված 2, կետ 2),

2.2. ապահովել, որ ՀՀ մաքսային ծառայությունը հարցման հիման վրա կամ իր նախաձեռնությամբ հնդկական կողմին տրամադրի տեղեկություններ և օպերատիվ տվյալներ, որոնք կօգնեն ապահովել մաքսային օրենսդրության պատշաճ կիրառումը, ինչպես նաև Պայմանավորվող կողմերի միջև ապրանքների և ուղևորների տեղաշարժի հետ կապված մաքսային իրավախախտումների կանխումը, քննությունը, դրանց առնչությամբ իրականացվող քրեական հետապնդումը և դրանց դեմ պայքարը (հոդված 3, կետ 1),

2.3. ապահովել, որ հնդկական կողմի մաքսային ծառայության հարցման հիման վրա ՀՀ մաքսային ծառայությունը տրամադրի ՀՀ տարածքում կիրառելի մաքսային օրենսդրության և ընթացակարգերի վերաբերյալ բոլոր այն տեղեկությունները, որոնք առնչվում են մաքսային իրավախախտման հետ կապված հարցումներին (հոդված 3, կետ 2),

2.4. ապահովել, որ ՀՀ մաքսային ծառայությունները հարցման հիման վրա կամ իրենց նախաձեռնությամբ հնդկական կողմի մաքսային ծառայությանը փոխանցեն ցանկացած հասանելի տեղեկություն, որը վերաբերում է Համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետում շարադրված դեպքերին (հոդված 3, կետ 3),

2.5. ապահովել, որ ՀՀ մաքսային ծառայությունը հարցման հիման վրա հնդկական կողմի մաքսային ծառայությանը տրամադրի Համաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ կետում շարադրված ցանկացած հասանելի տեղեկություն (հոդված 3, կետ 4),

2.6. ապահովել, որ ՀՀ մաքսային ծառայությունը հնդկական կողմի մաքսային ծառայության հետ համագործակցի հետևյալի շուրջ. հաղորդակցման ուղիների ստեղծում և պահպանում՝ խթանելու համար տեղեկությունների անվտանգ և արագ փոխանակումը, արդյունավետ համակարգման խթանում, նոր մաքսային ընթացակարգերի ուսումնասիրություն, մշակում և կիրառում, փոխադարձ հետաքրքրությունը խթանելու նպատակով անձնակազմերի վերապատրաստում և փոխանակում, նոր սարքավորումների կամ ընթացակարգերի դիտարկում ու փորձարկում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ցանկացած այլ հարցի, որի առնչությամբ ժամանակ առ ժամանակ կարող է պահանջվել նրանց կողմից համատեղ գործողության իրականացում (հոդված 3, կետ 5),

2.7. ապահովել, որ ՀՀ մաքսային ծառայությունը հնարավորության սահմաններում հնդկական կողմի մաքսային ծառայության հետ համագործակցի և տեղեկություններ փոխանակի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, քիմիական պրեկուրսորների և այլ արգելված ապրանքների ապօրինի շրջանառության առնչությամբ իր կողմից կատարվող հարկադիր գործողությունների վերաբերյալ (հոդված 3, կետ 6),

2.8. ապահովել, որ Հայցվող ՀՀ մաքսային ծառայությունը հնդկական կողմի մաքսային ծառայության արած հատուկ հարցման առկայության դեպքում տրամադրի տեղեկություններ թե արդյո՞ք Հայցող հնդկական մաքսային ծառայության տարածք ներմուծված ապրանքներն օրինական կարգով են արտահանվել Հայցվող ՀՀ մաքսային ծառայության տարածքից, և արդյո՞ք Հայցող հնդկական մաքսային ծառայության տարածքից արտահանված ապրանքներն օրինական կարգով են ներմուծվել Հայցվող ՀՀ մաքսային ծառայության տարածք, ինչպես նաև ներկայացնի ապրանքների մաքսազերծման ընթացքում կիրառվող մաքսային ընթացակարգերի վերաբերյալ մանրամասները (հոդված 4, կետեր 1 և 2),

2.9. ապահովել, որ Հայցվող ՀՀ մաքսային ծառայությունը՝ հարցման հիման վրա, ՀՀ տարածքի սահմաններում հնարավորինս վերահսկողություն իրականացնի, ինչպես նաև տեղեկություններ տրամադրի փոխադրվող կամ պահեստավորված այն ապրանքների վերաբերյալ, որոնք հայտնի է, որ օգտագործվել են Հայցող մաքսային ծառայության պետության տարածքում մաքսային իրավախախտումներ կատարելու համար կամ կասկածվում են այդ նպատակով օգտագործված լինելու մեջ, այն տրանսպորտային միջոցների վերաբերյալ, որոնք հայտնի է, որ օգտագործվել են Հայցող մաքսային ծառայության պետության տարածքում մաքսային իրավախախտումներ կատարելու համար կամ կասկածվում են այդ նպատակով օգտագործված լինելու մեջ, Հայցվող ՀՀ մաքսային ծառայության պետության տարածքում գտնվող այն շինությունների վերաբերյալ, որոնք հայտնի է, որ օգտագործվել են Հայցող մաքսային ծառայության պետության տարածքում մաքսային իրավախախտումներ կատարելու համար կամ կասկածվում են այդ նպատակով օգտագործված լինելու մեջ և այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի վերաբերյալ, որը հայտնի է, որ Հայցող մաքսային ծառայության պետության տարածքում մաքսային իրավախախտումներ է կատարել կամ կասկածվում է դրանց կատարման մեջ, ինչպես նաև այդ վերահսկողության արդյունքները հնարավորինս ողջամիտ սեղմ ժամկետում փոխանցի հնդկական կողմի մաքսային ծառայությանը (հոդված 5),

2.10. ապահովել, որ ՀՀ մաքսային ծառայությունը հնդկական կողմի մաքսային ծառայության հարցման հիման վրա կամ իր նախաձեռնությամբ հնդկական կողմի մաքսային ծառայությանը տրամադրի տեղեկություններ և օպերատիվ տվյալներ այնպիսի գործարքների կամ ավարտված կամ պլանավորված գործողությունների վերաբերյալ, որոնք հանդիսանում են կամ կարող են համարվել մաքսային իրավախախտում (հոդված 6, կետ 1),

2.11. երաշխավորել, որ ՀՀ մաքսային ծառայությունը կձգտի դյուրացնել առևտուրը և կհամաձայնի, որ Համաձայնագրի 8-րդ հոդվածի 1-ին կետում նշված սկզբունքները, մասնավորապես, հիմք են առևտրի դյուրացմանն ուղղված միջոցների մշակման և կառավարման համար (հոդված 8, կետ 1),

2.12. ընդունել կամ վարել պարզեցված մաքսային ընթացակարգեր իրենց հուսալիությունն ապացուցած ներմուծողների կամ նրանց լիազորված գործակալների հայտարարագրած ապրանքների արդյունավետ մաքսազերծման համար (հոդված 8, կետ 2),

2.13. ապահովել, որ ՀՀ մաքսային ծառայությունը հնդկական կողմի մաքսային ծառայության ներկայացրած հատուկ հարցման հիման վրա տրամադրի մաքսային փաստաթղթեր, փոխադրման վերաբերյալ փաստաթղթեր, ապացույցների մասին արձանագրություններ կամ դրանց վավերացված պատճենները, որոնք տեղեկություններ են պարունակում իրականացված կամ նախատեսված այնպիսի գործողությունների մասին, որոնք համարվում են կամ կարող են համարվել հնդկական կողմի մաքսային ծառայության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտում (հոդված 12, կետ 1),

2.14. ապահովել, որ Համաձայնագրի շրջանակներում փոխանակման ենթակա բոլոր տեղեկությունները և օպերատիվ տվյալները ուղեկցվեն դրանք մեկնաբանելու կամ օգտագործելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկություններով (հոդված 12, կետ 4),

2.15. հարցումների փոխանցումն իրականացնել Համաձայնագրի 13-րդ հոդվածով սահմանված կարգով (հոդված 13),

2.16. չնայած այն հանգամանքին, որ թույլատրվում է Համաձայնագրի շրջանակներում ստացված ցանկացած տեղեկության կամ փաստաթղթի օգտագործումը մաքսային օրենսդրության համաձայն իրականացվող վարույթի կամ հարցումների ընթացքում, այնուամենայնիվ, այդ տեղեկությունները և փաստաթղթերը չօգտագործել այլ նպատակներով՝ Համաձայնագրում նշված նպատակներից բացի, բացառությամբ այն դեպքերի, եթե չի ստացվել հնդկական կողմի մաքսային ծառայության գրավոր համաձայնությունը (հոդված 15, կետ 1),

2.17. Համաձայնագրի շրջանակներում անձնական տվյալների փոխանակման դեպքում, երաշխավորել, որ ՀՀ մաքսային ծառայությունը կապահովի, որ դրանք օգտագործվեն միայն նշված նպատակներով, ինչպես նաև կապահովի տվյալների պաշտպանության չափանիշ՝ ՀՀ օրենսդրության համապատասխան (հոդված 15, կետ 3),

2.18. եթե հարցման կատարման համար պահանջվում են կամ պահանջվելու են էական կամ չափից մեծ ծախսեր, ապա ապահովել, որ ծառայությունները խորհրդակցեն հարցման պահանջների կատարման ժամկետների ու պայմանների շուրջ, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են կրելու ծախսերը (հոդված 18, կետ 2):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2023 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

26 սեպտեմբերի 2023 թվականի

ՍԴՈ-1698

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան