Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.08.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0041/01/19

Նախագահող դատավոր՝

 Ա. Մնացականյան

Դատավորներ՝

 Մ. Պապոյան

 Մ. Արղամանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

3 օգոստոսի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի մայիսի 30-ի որոշման դեմ ամբաստանյալ Եղիշե Կարլենի Հակոբյանի պաշտպան Ա.Նադիրյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի հունիսի 20-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված՝ ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 15189817 քրեական գործը:

2018 թվականի դեկտեմբերի 15-ին Եղիշե Կարլենի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ Եղիշե Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով:

2019 թվականի հունվարի 22-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել ԵՀակոբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նոր մեղադրանք առաջադրելու մասին:

2019 թվականի փետրվարի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռով Եղիշե Կարլենի Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքում և նրա նկատմամբ պատիժ չի նշանակել՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի հիմքով։ ԵՀակոբյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացվել է։

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Արա Գյուլբուդաղյանը։

Վճռվել է նաև՝

- դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված հագուստների մնացորդները և մեկ զույգ զինվորական երկարաճիտ կոշիկները հանձնել տուժողի իրավահաջորդ Սրբուհի Բալթայանին,

- որպես դատական ծախս` ամբաստանյալներ ԵՀակոբյանից և ԱԳյուլբուդաղյանից հօգուտ ՀՀ ֆինանսների նախարարության (ՀՀ պետական բյուջեի) համապարտությամբ բռնագանձել 98.400 (իննսունութ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ գումար,

- ամբաստանյալ ԵՀակոբյանի շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացնել,

- տուժողի իրավահաջորդ ՍԲալթայանի և նրա ներկայացուցիչ ՍՄարտիրոսյանի պահանջները` համապատասխանաբար 2.000.000 (երկու միլիոն) և 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի բռնագանձման վերաբերյալ, թողնել առանց քննության,

- դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ապացույց ճանաչված փաստաթղթերը պահել քրեական գործի հետ միասին:

3. Ամբաստանյալ ԵՀակոբյանի պաշտպան ԱՆադիրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի մայիսի 30-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ ԵՀակոբյանի պաշտպան Ա.Նադիրյանը 2022 թվականի հոկտեմբերի 10-ին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հունվարի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1:

Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակը, վկայակոչելով գործով ձեռք բերված և դատական քննության ընթացքում հետազոտված մի շարք ապացույցներ, նշել է, որ դրանք բավարար չէին ԵՀակոբյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքում մեղավոր ճանաչելու համար:

Բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանները կայացրել են չպատճառաբանված դատական ակտեր, գործի փաստական հանգամանքների վերաբերյալ դատարանների հետևությունները չեն համապատասխանում ստորադաս դատարանում հետազոտված ապացույցներին։ Բացի այդ, ստորադաս դատարանները թույլ են տվել նաև նյութական իրավունքի խախտում, այն է՝ կիրառել են ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման։

6. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է մասնակիորեն՝ ամբաստանյալ ԵՀակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքում մեղավոր ճանաչելու և նրանից որպես դատական ծախս՝ գումար բռնագանձելու մասով, բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 30-ի որոշումն ու դրանք փոփոխել՝ ճանաչելով և հռչակելով ԵՀակոբյանի անմեղությունը նրան մեղսագրված արարքում ու արդարացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության կամ կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Եղիշե Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «[Ն]ա 2006 թվականի հունիսի 1-ից աշխատանքային պայմանագրով աշխատանքի անցնելով «ՀԷՑ» ՓԲ ընկերության «Հարավ» մասնաճյուղում՝ որպես ավագ կարգավար և իրականացնելով «ՀԷՑ» ՓԲ ընկերության «Հարավ» մասնաճյուղի էլեկտրակայանքներում կատարվող աշխատանքների պատասխանատու ղեկավարի պարտականություններ, 2017 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, խախտել է ՀՀ կառավարության թիվ 1933-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 12-րդ գլխի 3-րդ կետի դ) ենթակետով սահմանված և 18-րդ գլխի 45-րդ և 47-րդ կետերով սահմանված տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնները, այն է՝ գործատուի գործող էլեկտրակայանքներում կատարվող աշխատանքներն իրականացվել են առանց կարգագրի ու գրավոր թույլտվության, մալուխային գծի փորումը կատարվել է առանց գծի ստուգողական բացման, առանց գծի սեփականատիրոջ անձնակազմի հսկողության, որն անզգուշությամբ առաջացրել է տուժող Հովհաննես Անդրանիկի Բալթայանի մահը:

Այսպես.

2015 թվականի մարտի 31-ին «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության ու «Էլեկտրասերվիս» սահմանափակ պատասխանատվության ընկերության միջև կնքվել է թիվ A-230/15 ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը, համաձայն որի՝ «Էլեկտրասերվիս» ՍՊ ընկերությունը պետք է մատուցի պայմանագրով նախատեսված համապատասխան ծառայություններ:

2017 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արամի և Կողբացի փողոցների խաչմերուկի մոտ գտնվող, Մաշտոցի պողոտայի հարակից այգում «Մոր և Մանկան» առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հարևանությամբ գտնվող, «ՀԷՑ» ՓԲ ընկերության «Հարավ» մասնաճյուղին պատկանող թունելախորշից ծուխ է դուրս եկել, որից հետո «ՀԷՑ» ՓԲ ընկերության շահագործման շրջանի պետի տեղակալ Փայլակ Լյուդվիգի Մելքոնյանի հրահանգով դեպքի վայր են գնացել «Էլեկտրասերվիս» ՍՊ ընկերության աշխատակիցները՝ մալուխային գծերի վերանորոգման ծառայության վարպետ Արա Գյուլբուդաղյանը, մալուխագործներ Սուրեն Գրիգորյանն ու Հովհաննես Բալթայանը, հողագործներ Արկադի Պետրոսյանն ու Հակոբ Հովսեփյանը, իսկ «ՀԷՑ» ՓԲ ընկերության աշխատակիցներ Թադևոս Թադևոսյանը, Գրիգոր Խաչատրյանն ու Րաֆֆի Հակոբյանն անհրաժեշտ անջատումներ կատարելու համար գնացել են ԲԵ120 ենթակայան:

Արա Գյուլբուդաղյանը «Էլեկտրասերվիս» ՍՊ ընկերության աշխատակիցներ Սուրեն Գրիգորյանի, Հովհաննես Բալթայանի, Արկադի Պետրոսյանի ու Հակոբ Հովսեփյանի հետ 2017 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 16:30-ից մինչև 18:10-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցել են Երևան քաղաքի Արամի և Կողբացի փողոցների խաչմերուկի մոտ գտնվող, «ՀԷՑ» ՓԲ ընկերությանը պատկանող ստորգետնյա մալուխային խրամուղիում թիվ 147-2 մալուխի վրա կցորդիչի միացման աշխատանքներին, որի ընթացքում Եղիշե Հակոբյանը խախտել է ՀՀ կառավարության թիվ 1933-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 12-րդ գլխի 3-րդ կետի դ) ենթակետի պահանջը, այն է՝ առանց «ՀԷՑ» ՓԲ ընկերության կողմից տրված կարգագրի «Էլեկտրասերվիս» ՍՊ ընկերության անձնակազմին ինքնակամ «ՀԷՑ» ՓԲ ընկերության էլեկտրակայանքներում աշխատանքները սկսելու թույլտվություն է տվել, ՀՀ կառավարության թիվ 1933-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 18-րդ գլխի 45-րդ կետի պահանջը, այն է՝ առանց «ՀԷՑ» ՓԲ ընկերության կողմից տրված գրավոր թույլտվության «Էլեկտրասերվիս» ՍՊ ընկերության անձնակազմին ինքնակամ «ՀԷՑ» ՓԲ ընկերության էլեկտրակայանքներում աշխատանքները սկսելու թույլտվություն է տվել, ՀՀ կառավարության թիվ 1933-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 18-րդ գլխի 47-րդ կետի պահանջը, այն է՝ մալուխային գծի փորումը կատարվել է առանց գծի ստուգողական բացման, առանց գծի սեփականատիրոջ անձնակազմի հսկողության, բացի այդ չի գնահատել անվտանգության միջոցառումների համապատասխանությունը կազմակերպության անվտանգության ստանդարտներին, դրանց բավարար լինելն աշխատանքային ամբողջ գործընթացի անվտանգության ապահովման առումով, միջոցներ չի ձեռնարկել «Էլեկտրասերվիս» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից կատարվող աշխատանքները դադարեցնելու, աշխատատեղից հեռացնելու ուղղությամբ, ավելին՝ վերջիններիս հետ կատարվել է մալուխի ստուգում, որի արդյունքում իրենց կողմից չեն կատարվել աշխատատեղի նախապատրաստման միջոցառումներ, չեն դրվել հողանցումներ ու վերջինիս ցուցումով «ՀԷՑ» ՓԲ ընկերության 5-րդ կարգի էլմոնտյոր Թադևոս Թադևոսյանը ԲԵ120 ենթակայանում թիվ 147-2 մալուխը սխալմամբ դրել է լարման տակ և 6 ԿՎ լարման մեկուսացված չեզոքով ցանցում տեղի ունեցած միջֆազային միակցումից առաջացել է էլեկտրաղեղ ու կցորդիչի աշխատանքներ իրականացնող «Էլեկտրասերվիս» ՍՊ ընկերության աշխատակից Հովհաննես Անդրանիկի Բալթայանն ստացել է մարմնի ընդհանուր մակերեսի մոտ 55 տոկոսի չափով՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի ջերմային այրվածքներ, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնություն ստանալու նպատակով, սակայն ստացած այրվածքներից առաջացած բազմօրգանային այրվածքներից 2018 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 20:10-ին մահացել է»2։

8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտով արձանագրել է հետևյալը. «(...) [Գ]նահատելով գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցները` Դատարանը հաստատված է համարում [ամբաստանյալ Եղիշե Հակոբյանի] կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու փաստը: (...)

Անդրադառնալով [ամբաստանյալ Եղիշե Հակոբյանի] պատժի հարցերին՝ Դատարանն արձանագրում է հետևյալը. (...)

(...)

- [ամբաստանյալ Եղիշե Հակոբյանի] նկատմամբ համաներման ակտի կիրառման համար, «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասում սահմանված որևէ սահմանափակում առկա չէ,

- [ամբաստանյալ Եղիշե Հակոբյանի] նկատմամբ համաներման ակտի կիրառման համար, «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասում նախատեսված այլ սահմանափակում ևս առկա չէ:

(…) Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Արա Գյուլբուդաղյանը և Եղիշե Հակոբյանն առարկել են իրենց նկատմամբ դատական քննության փուլում համաներման մասին օրենքի ընդունման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ: Հետևաբար ելնելով վերոգրյալ մեկնաբանություններից, Դատարանը գտնում է, [որ] ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով ամբաստանյալներ Արա Գյուլբուդաղյանի և Եղիշե Հակոբյանի մեղավորությունը հաստատելուց հետո նրանց նկատմամբ պատիժ չպետք է նշանակվի»3։

8.1. Առաջին ատյանի դատարանը դատավճռի հիմքում դրել է, ի թիվս այլնի, հետևյալ ապացույցները՝ տուժողի իրավահաջորդ Սրբուհի Բալթայանի, վկաներ Աստղիկ Բալթայանի, Գրիգոր Խաչատրյանի, Գրիգոր Մկրտչյանի, Արկադի Պետրոսյանի, Փայլակ Մելքոնյանի, Թադևոս Թադևոսյանի, Հակոբ Հովսեփյանի, Սուրեն Գրիգորյանի, ամբաստանյալ Արա Գյուլբուդաղյանի ցուցմունքները, ամբաստանյալ Արա Գյուլբուդաղյանի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննության արձանագրությունը, Հովհաննես Բալթայանի դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 0775 եզրակացությունը, էլեկտրատեխնիկական փորձաքննության թիվ 64431711 եզրակացությունը և դրա վերաբերյալ փորձագետ Գ.Հարությունյանի կողմից տրված պարզաբանումը, Թադևոս Թադևոսյանի մասնակցությամբ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում գտնվող Բ/Ե-120 ենթակայանի զննության մասին արձանագրությունը, ապացույց ճանաչված փաստաթղթերը և իրեղեն ապացույցները4։

9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատել վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչի արդյունքում իրավաչափ եզրահանգում է կատարել առ այն, որ ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Եղիշե Հակոբյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու հանգամանքն Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրական դատավճռի հիմքում դրված` քրեական գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ (…):

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր չհամարելով ամբաստանյալ Եղիշե Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով մեղավոր ճանաչելու անիրավաչափության վերաբերյալ պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքի փաստարկները, հարկ է համարում արձանագրել, որ ամբաստանյալ Եղիշե Հակոբյանի մեղավորության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճռի պատճառաբանությունները կառուցված են տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա և որպես այդպիսին ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար: (…)

Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու իրավաչափ հիմք չկա, իսկ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որն ազդեցություն է ունեցել կամ կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պետք է թողնել անփոփոխ, իսկ պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքը` մերժել (...)»5:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյո՞ք Եղիշե Հակոբյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

11. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքում ամբաստանյալ ԵՀակոբյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության։

12. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ԵՀակոբյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքում հաստատվում և բողոքաբերի պատճառաբանությունները հերքվում են տուժողի իրավահաջորդ Սրբուհի Բալթայանի, վկաներ Աստղիկ Բալթայանի, Գրիգոր Խաչատրյանի, Գրիգոր Մկրտչյանի, Արկադի Պետրոսյանի, Փայլակ Մելքոնյանի, Թադևոս Թադևոսյանի, Հակոբ Հովսեփյանի, Սուրեն Գրիգորյանի, ամբաստանյալ Արա Գյուլբուդաղյանի ցուցմունքներով, ամբաստանյալ Արա Գյուլբուդաղյանի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննության արձանագրությամբ, Հովհաննես Բալթայանի դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 0775 եզրակացությամբ, էլեկտրատեխնիկական փորձաքննության թիվ 64431711 եզրակացությամբ և դրա վերաբերյալ փորձագետ Գ.Հարությունյանի կողմից տրված պարզաբանմամբ, Թադևոս Թադևոսյանի մասնակցությամբ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում գտնվող Բ/Ե-120 ենթակայանի զննության մասին արձանագրությամբ, ապացույց ճանաչված փաստաթղթերով, իրեղեն ապացույցներով6։ Ամբաստանյալի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները կառուցվել են գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ վերլուծությունների հիման վրա։

13. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ ԵՀակոբյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված են:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ ԵՀակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

15. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...) 

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»: 

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)։

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի համաձայն` «1. Տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը՝ դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ մասնագիտական հիվանդություն՝

(...)

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված արարքն անզգույշ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում հինգ տարին, ուստի այն դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը նյութական է, այսինքն՝ հանցագործությունն ավարտված է համարվում հանրորեն վտանգավոր հետևանքները վրա հասնելու պահից։

16. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ԵՀակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող արարքն ավարտվել է 2017 թվականի հունիսի 17-ին7։ Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2020 թվականի դեկտեմբերի 24-ին8, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2022 թվականի մայիսի 30-ին9։ Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին10։

18. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-16-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ԵՀակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2022 թվականի հունիսի 17-ի դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի Ե.Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

19. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև սույն գործով ամբաստանյալ ԵՀակոբյանի նկատմամբ կիրառվել է Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետը և նրա նկատմամբ պատիժ չի նշանակվել11, սակայն, կոնկրետ գործով Համաներման մասին օրենքի կիրառմամբ անձին պատժից ազատելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքերի մրցակցության պայմաններում, պետք է նախապատվությունը տրվի երկրորդ հիմքին, քանի որ հիշյալ հիմքի կիրառման իրավական հետևանքներն առավել բարենպաստ են անձի համար12։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մայիսի 30-ի որոշումը` Եղիշե Կարլենի Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով մեղավոր ճանաչելու և որպես դատական ծախս` նրանից հօգուտ ՀՀ ֆինանսների նախարարության (ՀՀ պետական բյուջեի) համապարտությամբ 98.400 (իննսունութ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ գումար բռնագանձելու մասով, բեկանել ու փոփոխել:

2. Ամբաստանյալ Եղիշե Կարլենի Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

3 Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

4 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

___________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 192-194։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 122-135։

4 Տե՛ս նույն տեղում։

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 43-70։

6 Տե՛ս սույն որոշման 8․1-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

11 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

12 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արմենակ Ավագյանի գործով 2020 թվականի հունվարի 10-ի թիվ ԿԴ3/0038/01/17 որոշման 24-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան