Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.07.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/1953/02/21

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/1953/02/21   

Նախագահող դատավոր`

 Ա. Խառատյան

Դատավորներ`

 Ն. Բարսեղյան

 Դ. Հովհաննիսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան
  Ս. Մեղրյան
    Ա. Մկրտչյան
    Է. Սեդրակյան

 

2023 թվականի հուլիսի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով Անդրանիկ Քոչարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Անդրանիկ Քոչարյանի դիմումի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անդրանիկ Քոչարյանը պահանջել է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից 16.06.2020 թվականին կայացված և 02.07.2020 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-4874/20 որոշման հարկադիր կատարման համար տալ կատարողական թերթ:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Զաքարյան) 02.12.2021 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Գ Թորոսյան, դատավորներ Մ Հարթենյան, Դ Սերոբյան) 04.05.2022 թվականի որոշմամբ «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2021 թվականի որոշումը վերացվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Բ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 07.09.2022 թվականի որոշմամբ Անդրանիկ Քոչարյանի միջնորդությունը՝ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի կողմից 16.06.2020 թվականին Երևան քաղաքում կայացված և 02.07.2020 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-4874/20 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, և դիմումը՝ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի կողմից 16.06.2020 թվականին կայացված և 02.07.2020 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 154874/20 որոշումը ճանաչելու ու դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին, մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.11.2022 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.09.2022 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անդրանիկ Քոչարյանը (ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասը, 345-րդ հոդվածի 2-րդ մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ և 13-րդ հոդվածները, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի տառացի մեկնաբանությունից բխում է, որ դատարանն իրավասու է հաշտարարի որոշման հիման վրա կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը մերժել բացառապես այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ենթակա է չեղյալ ճանաչման։ Նշված իրավական նորմը որևէ կերպ չի նախատեսում կարգավորում այն մասին, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հիման վրա կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը կարող է մերժվել՝ կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու հիմքով։

Վերաքննիչ դատարանի կողմից կատարված վերլուծության պայմաններում իմաստազրկվում է նաև հաշտարարի ինստիտուտի նպատակը, քանի որ նշված վերլուծությամբ դատական պրակտիկա ձևավորվելու դեպքում հաճախորդները կարող են փաստացի զրկվել հաշտարարի որոշման հիման վրա հարկադիր կատարում ստանալու իրավունքից։ Նման պայմաններում կսահմանափակվի նաև հաճախորդների դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու իրավունքը, քանի որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ հարկադիր կատարումը հանդիսանում է դատական պաշտպանության իրավունքի մաս։

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.11.2022 թվականի որոշումը և այն փոփոխել՝ դիմումը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 16.06.2020 թվականին Ֆինանսական համակարգի հաշտարարը կայացրել է թիվ  15-4874/20 որոշումը (այսուհետ` նաև Որոշում)՝ 300.000 ՀՀ դրամի չափով Բանկի դեմ ուղղված Անդրանիկ Քոչարյանի պահանջը բավարարելու մասին (հատոր 1-ին, գ.թ.  15-24).

2) Որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել 02.07.2020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 11).

3) 10.08.2020 թվականին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Բանկի դիմումը՝ Որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին (քաղաքացիական գործ՝ թիվ ԼԴ2/1535/02/20).

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19.04.2021 թվականի որոշմամբ Բանկի դիմումը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 13.09.2021 թվականին կայացված որոշմամբ www.datalex.am» պաշտոնական կայքում հրապարակվել է 10112021 թվականին) Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19.04.2021 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը վճռաբեկության կարգով չի բողոքարկվել, և 01122021 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հիմք` «www.datalex.am» պաշտոնական կայքը).

4) Անդրանիկ Քոչարյանը Որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը Դատարան է ներկայացրել 27.10.2021 թվականին՝ միաժամանակ միջնորդելով վերականգնել դիմումը դատարան ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը (հատոր 1-ին, գ.թ. 3-30, «www.haypost.am» կայքը):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  343-րդ հոդվածի 6-րդ մասի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին.

ո՞ր դեպքերում է ենթակա վերականգնման բաց թողնված դատավարական ժամկետը, եթե Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ։

 

 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերի, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալների վճիռների և Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը:

Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ` սկսած այն օրվանից, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ծանուցելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ, վերջինս կողմերի համար դառնում է պարտադիր: (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել հաճախորդը՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այն դեպքում, երբ հաճախորդը նույն օրենքով սահմանված կարգով համաձայնվում է որոշման հետ, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետում չի կատարում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ստանում կատարողական թերթ ստանալու նպատակով դիմելու իրավասու դատարան, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և կատարողական թերթ տալու մասին.

2) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և կատարողական թերթ տալը մերժելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) դիմումը բավարարելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին.

2) դիմումը մերժելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ որոշում է ենթակա կայացման այն պարագայում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, և բացակայում է բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, արձանագրել է նաև, որ այն դեպքում, երբ հաճախորդը «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով համաձայնվում է որոշման հետ, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետում չի կատարում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ձեռք բերում կատարողական թերթ ստանալու նպատակով դիմելու իրավասու դատարան: Միևնույն ժամանակ, օրենսդիրը որոշակի ժամկետ է սահմանել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման նպատակով կատարողական թերթ ստանալու վերաբերյալ դիմումը դատարան ներկայացնելու համար՝ նախատեսելով, որ հաճախորդն այդ դիմումը ներկայացնում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու պահից սկսած մեկ տարվա ընթացքում: Ընդ որում, Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար դառնում է պարտադիր, երբ այն ծանուցելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ:

Օրենսդիրը դատարանին իրավունք է վերապահել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացնելու հետևյալ որոշումներից մեկը.

1) դիմումը բավարարելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին.

2) դիմումը մերժելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (345-րդ հոդվածի 2-րդ մաս) որպես ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը մերժելու հիմք նախատեսել է բացառապես այն դեպքը, երբ դիմումի քննության արդյունքում պարզվում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ենթակա է չեղյալ ճանաչման։ Նշված դիմումը մերժելու այլ հիմք, այդ թվում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումը ներկայացվել է օրենքի պահանջի խախտմամբ, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով չի նախատեսել: Միևնույն ժամանակ նշված դեպքը նույն օրենսգրքով չի նախատեսվել նաև որպես այդ դիմումն առանց քննության թողնելու հիմք: Նշված դեպքը որպես դիմումը մերժելու ինքնուրույն հիմք օրենսդիրը նախատեսել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով՝ սահմանելով, որ դատարանը մերժում է կատարողական թերթ տալու դիմումը, եթե լրացել է կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացվում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու պահից սկսած մեկամյա ժամկետը լրանալուց հետո, և այդ ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվում է, դատարանը պետք է կայացնի այդ դիմումը մերժելու մասին որոշում՝ ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով (տե՛ս ըստ Նաիրա Աբգարյանի դիմումի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին, թիվ ԼԴ2/1719/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2022 թվականի փետրվարի 24-ի որոշումը):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով այն հարցին, թե Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացված լինելու պայմաններում արդյո՞ք առկա է նույն որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ հաճախորդի կողմից դիմում ներկայացվելու հնարավորություն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի վկայակոչմամբ արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է Ֆինանսական համակարգի հաշտարարի նույն որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դատարանը պետք է ներկայացված դիմումը թողնի առանց քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջն անմիջականորեն ուղղված է դատարանին, և հաճախորդին չի ազատում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն օրենքով սահմանված ժամկետում ներկայացնելու պարտականությունից, քանի որ գործող իրավակարգավորումների պայմաններում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը չի կասեցնում նույն որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը դատարան ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետի հոսքը: Հաճախորդը պարտավոր է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացնել օրենքով սահմանված վերը նշված ժամկետում անգամ այն ժամանակ, երբ առկա է ֆինանսական համակարգի հաշտարարի նույն որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում:

 Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նույն որոշմամբ դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ՝

1) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու դեպքում դիմողը պետք է բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնի, որպիսի պահանջը բխեցրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ընդհանուր կանոնից,

2) դատարանը, քննության առարկա դարձնելով միջնորդությամբ ներկայացված հանգամանքները և պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, պետք է որոշում կայացնի միջնորդությունը բավարարելու և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, ինչը հետապնդում է իրավաչափ նպատակ։

Վերահաստատելով և զարգացնելով վերը նշված նորմերի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեկուզև այդ դիրքորոշումների համաձայն՝ հաճախորդը պարտավոր է համապատասխան դիմումը դատարան ներկայացնել օրենքով սահմանված ժամկետում անգամ այն դեպքում, երբ առկա է Ֆինանսական համակարգի հաշտարարի նույն որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, այնուամենայնիվ, ՀՀ վճռաբեկ դատարանը նույն որոշմամբ չի բացառել նաև այնպիսի դեպքերը, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել նաև օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ՝ ներկայացնելով բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որի պարագայում դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, պետք է որոշում կայացնի միջնորդությունը բավարարելու և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին։

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով այն հարցին, թե որ դեպքերում է բաց թողնված դատավարական ժամկետը ենթակա վերականգնման, անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին։

Վերը նշված նորմի վերլուծությունից բխում է, որ դատարանը պարտավոր է բավարարել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, ինչը ենթադրում է կոնկրետ իրավիճակում ներկայացված միջնորդության ըստ էության քննություն: Հետևաբար, դատարանը յուրաքանչյուր դեպքում ունի պարտականություն քննարկման առարկա դարձնելու միջնորդության քննության համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստական հանգամանք և միայն վերջինիս գնահատման ու համադրման արդյունքում կայացնելու միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին որոշում:

Ընդ որում, բոլոր դեպքերում բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ նախ միջնորդություն ներկայացրած անձը պետք է ապացուցի, որ օրենքով սահմանված դատավարական ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ և բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ վերը նշված գործողություններն իրականացնելը կարող է լինել աննպատակահարմար, իմաստազուրկ կամ ոչ անհրաժեշտ՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով, որպիսի «անգործությունը» չի կարող բացասական ազդեցություն ունենալ դատավարական ժամկետի բաց թողնումը հարգելի համարելու համար:

ՀՀ սահմանադրական դատարանը, Սաթենիկ Խաչատրյանի, Ռաֆայել Խաչատրյանի և Լիլիթ Թարվերդյանի դիմումի հիման վրա որոշելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի ու 391-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթների վերլուծությունից բխում է, որ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության քննության արդյունքում հայեցողական լիազորություն չունի: Այն բոլոր դեպքերում, երբ դատարանը պարզի, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, իրավական հետևանքը մեկն է՝ պետք է որոշում կայացվի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին: Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասում տեղ գտած «որոշում է կայացնում» ձևակերպումը ենթադրում է դատարանի ոչ թե հայեցողությունը, այլ կոնկրետ որոշում կայացնելու պարտականությունը։

Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը, հաշվի առնելով նաև իր կողմից կայացված մի շարք որոշումներով (ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249) արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ այն բոլոր դեպքերում, երբ բողոք բերելու համար օրենքով սահմանված ողջամիտ ժամկետը խախտվում է բողոք բերող անձից (նրա կամքից) անկախ պատճառներով, իրավունքի ուժով (ex jure) բաց թողնված ժամկետը պետք է համարվի հարգելի, այլ ոչ թե այդ հարցի լուծումը թողնվի դատարանի հայեցողությանը, դիրքորոշում է արտահայտել նաև այն մասին, որ ձևավորված այդպիսի իրավակիրառ պրակտիկայի պայմաններում բացառվում է նաև դատարանների կողմից «հարգելի պատճառի» գնահատման այնպիսի ազատությունը, ինչը կհանգեցնի բողոք բերող անձի կամքից անկախ պատճառներով բաց թողնված ժամկետը հարգելի չհամարելուն (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 2021 թվականի փետրվարի 2-ին կայացված թիվ ՍԴՈ-1575 որոշումը):

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու կապակցությամբ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն քննելիս դատարանները բոլոր դեպքերում պետք է պարզեն, հետևյալ հարցերը՝

1) ե՞րբ է կողմերի համար պարտադիր դարձել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը,

2) ե՞րբ է ներկայացվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը,

3) ե՞րբ է օրինական ուժի մեջ մտել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտը,

4) ե՞րբ է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում ներկայացրած անձն ստացել (երբ է հասանելի դարձել) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը,

5) ե՞րբ է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացվել դատարան։

Այսինքն՝ ենթակա է պարզման նաև այն հարցը, թե Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ պահանջը մերժելու մասին դատական ակտն ստանալուց (նրան հասանելի դառնալուց) հետո դիմողի կողմից ինչպիսի միջոցներ են ձեռնարկվել համապատասխան կատարողական թերթ ստանալու համար, առանց որի դատարանը չի կարող հստակ եզրահանգումներ կատարել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կապակցությամբ:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ 16.06.2020 թվականին Ֆինանսական համակարգի հաշտարարը կայացրել է թիվ 15-4874/20 որոշումը՝ 300.000 ՀՀ դրամ գումարի չափով Բանկի դեմ ուղղված Անդրանիկ Քոչարյանի պահանջը բավարարելու մասին: Որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել 02.07.2020 թվականին:

 10.08.2020 թվականին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Բանկի դիմումն ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի՝ Որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին: ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19.04.2021 թվականի որոշմամբ Բանկի դիմումը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 13.09.2021 թվականին կայացված որոշմամբ («www.datalex.am» պաշտոնական կայքում հրապարակվել է 10112021 թվականին) Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19.04.2021 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը վճռաբեկության կարգով չի բողոքարկվել, և 01122021 թվականին մտել է օրինական ուժի մեջ։

Անդրանիկ Քոչարյանը 27.10.2021 թվականին, այսինքն՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված մեկ տարվա ժամկետի խախտմամբ, Դատարան է ներկայացրել վերը նշված որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում՝ միաժամանակ ներկայացնելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն:

Դատարանը, պատճառաբանելով, որ «Դիմողն ամեն դեպքում, թեկուզև Ընկերությունը վիճարկել է Հաշտարարի որոշումը դատական կարգով, պարտավոր է եղել Հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ ստանալու վերաբերյալ դիմումը ներկայացնել օրենքով սահմանված ժամկետում, ինչը, սակայն, չի արել: Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հիման վրա կատարողական թերթ ստանալու դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության վերաբերյալ միջնորդությամբ բերված փաստարկները վերաբերում են միայն 10.08.2020 թվականից մինչև 13.09.2021 թվականի ժամանակահատվածին: Մինչդեռ, Դիմողը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հիման վրա կատարողական թերթ ստանալու դիմումը փոստին հանձնելու միջոցով դատարան է ներկայացրել միայն 29.10.2021 թվականին, սակայն միջնորդությամբ 14.09.2021 թվականից մինչև 28.10.2021 թվականը կատարողական թերթ ստանալու դիմում չներկայացնելու պատճառների հարգելիության վերաբերյալ որևէ փաստարկ չի բերել», 07.09.2022 թվականին որոշում է կայացրել Անդրանիկ Քոչարյանի միջնորդությունը՝ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի կողմից 16.06.2020 թվականին Երևան քաղաքում կայացված և 02.07.2020 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-4874/20 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, և դիմումը՝ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի կողմից 16.06.2020 թվականին կայացված և 02.07.2020 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 154874/20 որոշումը ճանաչելու ու դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին, մերժելու մասին:

Վերաքննիչ դատարանը 30.11.2022 թվականին որոշում է կայացրել Անդրանիկ Քոչարյանի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 07.09.2022 թվականի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին՝ պատճառաբանելով, որ «Դիմողն ամեն դեպքում, թեկուզև Ընկերությունը վիճարկել է Հաշտարարի որոշումը դատական կարգով, պարտավոր է եղել Հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ ստանալու վերաբերյալ դիմումը ներկայացնել օրենքով սահմանված ժամկետում, ինչը չի արել: Բացի այդ, Հաշտարարի որոշման հիման վրա կատարողական թերթ ստանալու դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության վերաբերյալ միջնորդությամբ բերված փաստարկները վերաբերում են միայն 10.08.2020 թվականից մինչև 13.09.2021 թվականի ժամանակահատվածին: Մինչդեռ, Դիմողը Հաշտարարի որոշման հիման վրա կատարողական թերթ ստանալու դիմումը փոստին հանձնելու միջոցով Դատարան է դիմել միայն 29.10.2021 թվականին, սակայն միջնորդությամբ 14.09.2021 թվականից մինչև 28.10.2021 թվականը կատարողական թերթ ստանալու դիմում չներկայացնելու պատճառների հարգելիության վերաբերյալ որևէ փաստարկ չի բերել, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարում Հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ ստանալու վերաբերյալ դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժման ենթակա լինելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումը: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Դատարանը սույն գործով կայացրել է իրավաչափ դատական ակտ, իսկ բողոքը չի պարունակում այնպիսի դատական սխալների մասին հիմնավորված փաստարկներ, որոնք կարող էին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  364-րդ և (կամ) 365-րդ հոդվածներով նախատեսված կարգով հիմք ծառայել բողոքարկված դատական ակտը բեկանելու համար, ուստի այն ենթակա չէ բավարարման»:

Վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի և վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք չէին կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում կայացնելու համար՝ հետևյալ պատճառաբանությամբ

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Ֆինանսական համակարգի հաշտարարի թիվ  15-4874/20 որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել 02.07.2020 թվականին, որից շուրջ մեկ ամիս ութ օր հետո՝ 10.08.2020 թվականին, Բանկը դիմում է ներկայացրել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ այդ որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին։ Նշված դիմումի վերաբերյալ վերջնական դատական ակտը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 13092021 թվականին կայացված որոշումը, հրապարակվել է 10112021 թվականին, իսկ օրինական ուժի մեջ է մտել 01122021 թվականին։ Գործում բացակայում է նշված որոշումն Անդրանիկ Քոչարյանի կողմից ստացված լինելու (նրան հասանելի դառնալու) ամսաթվի վերաբերյալ ապացույցը։

Սույն գործով դիմումը Անդրանիկ Քոչարյանը Դատարան է ներկայացրել 27.10.2021 թվականին, այսինքն՝ թեև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ կատարողական թերթ ստանալու համար դիմումը դատարան ներկայացնելու մեկ տարվա ժամկետի խախտմամբ, սակայն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերը նշված գործով որոշումը կայացվելուց հետո, բայց մինչև դրա հրապարակելը՝ միաժամանակ միջնորդելով վերականգնել դիմումը դատարան ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև վկայակոչված իրավական նորմերի և հայտնված իրավական դիրքորոշումների համատեքստում դիմող Անդրանիկ Քոչարյանն ամեն դեպքում ունեցել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն օրենքով սահմանված ժամկետում ներկայացնելու պարտականություն՝ անկախ այդ որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին դիմումի առկայությունից, սակայն ստորադաս դատարանները, իրենց հերթին, պարտավոր էին սույն գործով դիմումն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու պայմաններում բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննելիս ուշադրության արժանի համարել ոչ միայն միջնորդության մեջ նշված, այլ նաև այն բոլոր հանգամանքները, որոնք կարող էին էական նշանակություն ունենալ միջնորդությունը քննելու և լուծելու համար, ու միայն դրանց գնահատման և համադրման արդյունքում որոշում կայացնել միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին:

Տվյալ դեպքում վերը նշված միջնորդությունը քննելիս ուշադրության արժանի է այն, որ միջնորդություն ներկայացրած անձը դատարան դիմելու, դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ իրենից կախված ողջամիտ և բավարար միջոցները ձեռնարկել է թիվ ԼԴ2/1535/02/20 քաղաքացիական գործով որոշումը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացվելուց հետո՝ անգամ չսպասելով ոչ դրա հրապարակմանը, ոչ էլ դրա օրինական ուժի մեջ մտնելուն, որպիսի «անգործությունը» պայմանավորել է նրանով, որ այդ դատավարական գործողությունները սահմանված ժամկետում կատարելը եղել է աննպատակահարմար և իմաստազուրկ, քանի որ սույն գործով դիմումն ավելի վաղ ներկայացվելու պայմաններում Դատարանը, պարզելով, որ մեկ այլ դատարանի վարույթում առկա է Ֆինանսական համակարգի հաշտարարի նույն որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասով, որոշում կկայացներ սույն գործով դիմումն առանց քննության թողնելու մասին:

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Անդրանիկ Քոչարյանը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որի իրավական հետևանքը մեկն է՝ պետք է որոշում կայացվի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում վճռաբեկ բողոքի հիմքը, որպիսի հանգամանքից ելնելով՝ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում վերը նշված իրավական նորմերն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի  2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Ընդ որում, գործի նոր քննության ժամանակ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս անհրաժեշտ է հիմք ընդունել ինչպես սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, այնպես էլ Վճռաբեկ դատարանի եզրահանգումները, որից հետո կայացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածում նշված որոշումներից որևէ մեկը՝ պահպանելով նույն օրենսգրքի համապատասխան կանոնները։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հատուկ վարույթներով, ինչպես նաև նույն օրենսգրքի 44-52-րդ գլուխներով նախատեսված դիմումների քննության հետ կապված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է դիմողների վրա:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան
Ս. Մեղրյան
  Ա. Մկրտչյան
  Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան