ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, |
ԿԴ3/0001/11/12 | ||
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
| ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ա սատրյանիՍ. ԱՎԵՏԻՍՅԱՆի | |
Լ. Թադևոսյանի | ||
Ա. ՊՈՂՈՍՅԱՆի | ||
|
|
Ս. Օհանյանի |
քարտուղարությամբ՝ |
Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատախազ՝ |
Տ․ ՊՈՂՈՍՅԱՆԻ | |
տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ |
Մ․ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ |
1 սեպտեմբերի 2023 թվական |
ք. Երևան |
դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Բաղդասարյանի բացառիկ վերանայման բողոքը`
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1․ 2010 թվականի հուլիսի 7-ին, Մագդալենա Գրիգորի Ստեփանյանի մահվան դեպքի առթիվ, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է թիվ 20113010 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։
Նախաքննության մարմնի՝ 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ Գրիգոր Հրանտի Ստեփանյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։
Նախաքննության մարմնի՝ 2011 թվականի մարտի 4-ի որոշմամբ թիվ 20113010 քրեական գործով վարույթը կարճվել է ու Հ․Աֆյանի, Ա․Մեհրաբյանի և Ռ․Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել։
1․1․ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի հունիսի 15-ի որոշմամբ դիմող Գրիգոր Ստեփանյանի բողոքը բավարարվել է, վարույթն իրականացնող մարմինը պարտավորեցվել է վերացնել դիմողի իրավունքների խախտումը:
1․2․ Նախաքննության մարմնի՝ 2011 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ քրեական գործով վարույթը վերսկսվել է:
Նախաքննության մարմնի՝ 2011 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ թիվ 20113010 քրեական գործով վարույթը կարճվել է, ու Հ․Աֆյանի, Ա․Մեհրաբյանի և Ռ․Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել։
2․ Նախաքննության մարմնի հիշյալ եզրափակիչ դատավարական ակտի դեմ դիմող Գ․Ստեփանյանի բողոքը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2012 թվականի մարտի 14-ի որոշմամբ մերժվել է:
3․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2012 թվականի մայիսի 16-ի որոշմամբ դիմողի բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի մարտի 14-ի որոշումը թողնվել անփոփոխ։
4․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող Գ․Ստեփանյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ վերադարձվել է:
5․ Գ․Ստեփանյանի գանգատի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան), հանդես գալով Կոմիտեի կազմով, Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի գործով 2023 թվականի հունվարի 24-ին վճիռ է կայացրել, որով ճանաչել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 2-րդ հոդվածի դատավարական դրույթների մասով խախտման փաստը։
6․ Որպես նոր հանգամանք վկայակոչելով Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Բաղդասարյանը բացառիկ վերանայման բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան։
Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ հարուցվել է Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հուլիսի 14-ի որոշման բացառիկ վերանայման վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման բանավոր ընթացակարգ։
Բացառիկ վերանայման բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
7․ Բողոքաբերի պնդմամբ` Եվրոպական դատարանի կողմից 2023 թվականի հունվարի 24-ին Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճիռը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հուլիսի 14-ի որոշումը վերանայելու համար:
Միևնույն ժամանակ, բողոքի հեղինակը, հաշվի առնելով Եվրոպական դատարանի հիշյալ վճռով արձանագրված խախտման բնույթը, մեջբերելով այդ կապակցությամբ Եվրոպական դատարանի հիմնավորումները, եզրահանգել է, որ թույլ տրված՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական դրույթների մասով խախտումը վերացնելու համարժեք միջոցը՝ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում Մ․Ստեփանյանի մահվան հանգամանքների ուսումնասիրությունն է։
8․ Վերոշարադրյալի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Բաղդասարյանը խնդրել է նոր հանգամանքի հիմքով վերանայել Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հուլիսի 14-ի որոշումը, վերանայման արդյունքում բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մարտի 14-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012 թվականի մայիսի 16-ի որոշումն ու վարույթը փոխանցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
Բացառիկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, 2011 թվականի հունիսի 15-ի որոշմամբ արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմնի՝ 2011 թվականի մարտի 4-ի որոշմամբ արված հետևությունները քրեական վարույթի ընթացքում հավաքված ապացույցների սխալ գնահատման արդյունք են1(1)։
10. Նախաքննության մարմնի՝ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2011 թվականի դեկտեմբերի 26-ի որոշման համաձայն՝ «(․․․) [Ք]րեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ի բժիշկ-օրդինատոր՝ Հ․Աֆյանի, բժիշկ-ռեանիմատոլոգ՝ Ա․Մեհրաբյանի և բուժքույր Ռ․Վարդանյանի կողմից հիվանդ Մագդալենա Ստեփանյանին բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելիս, իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս թույլ են տվել թերություններ և բացթողումներ, չեն ախտորոշվել Մ․Ստեփանյանի մոտ եղած սրտային և թոքային պաթոլոգիաները։ Մ․Ստեփանյանի իրական վիճակը գնահատելու, վիճակին համապատասխան լիարժեք բուժօգնության ծավալի որոշման համար անհրաժեշտ էր կատարել մեզի ընդհանուր, կենսաքիմիական հետազոտություններ, էլեկտրոսրտագրություն, կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություններ և որ Մ․Ստեփանյանի բուժ․ օգնությունը նպատակահարմար էր իրականացնել վերակենդանացման բաժանմունքում, որը տվյալ դեպքում չի կատարվել, իսկ ինչ վերաբերում է «Աբովյանի ԲԿ» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքի ինտենսիվ թերապիայի պալատում բուժ․ օգնություն կազմակերպելուն, ապա դա չի համարվում հակացուցված։ Վերակենդանացման բաժանմունքում բուժ․ օգնությունը կազմակերպելու պարագայում հնարավոր է աճեին բարենպաստ ելքի շանսերը։ Իսկ ինչ վերաբերում է տվյալ հիվանդությունների պարագայում Մ․Ստեփանյանին բուժելու և կյանքը փրկելու բժիշկ Հ․Աֆյանի հնարավորություններին, ապա պետք է նշել, որ նման հիվանդություններով տառապող նման տարիքի և պրեմորբիտ ֆոն ունեցող երեխաների մոտ, ինչպես նաև ուշ հոսպիտալիզացիայի պարագայում (6 օր), ինչը տեղ է գտել տվյալ դեպքում, մահացությունը բարձր է։ Այսինքն՝ նման դեպքերում նույնիսկ մասնագիտացված բաժանմունքում բուժումը ժամանակին, ճիշտ և լրիվ ծավալով իրականացնելու պայմաններում անգամ հնարավոր չէ բացառել անբարենպաստ ելքը։
Բացի այդ, հիմնավորվել է, որ «Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ում Մ․Ստեփանյանին ընդունելուց հետո և վերակենդանացման ժամանակ բժիշկ Հ․Աֆյանի և Ա․Մեհրաբյանի կողմից ձեռնարկված գործողությունները, բուժումը եղել են անհրաժեշտ և բավարար ծավալով, և որ նշված կարճ ժամանակահատվածում բժիշկ Հ․Աֆյանի կողմից չեն դիագնոզվել այն հիվանդությունները՝ դիֆուզ օջախային միոկարդիտը, կարդիոմիոցիտների ծանր դիստրոֆիան, լիմֆոցիտար կուտակումները, միոլիզիսի օջախները, հյուսվածքի արտահայտված այտուցը, ինտերստիցյալ թոքաբորբի դեսկվամացիան, որոնք մահվան անմիջական պատճառի հետ կապ ունեն, ապա դրանք զուտ պաթանատոմիական հետազոտության արդյունք են և հնարավոր չէր կենդանության օրոք դրանք ախտորոշելու։ Մահվան պատճառ հանդիսացող սիրտ-անոթային անբավարարության երևույթները Մ․Ստեփանյանի մոտ զարգացել են, ըստ հիվանդության պատմության թերթիկի նկարագրության, հիվանդության տերմինալ փուլում և այդ ուղղությամբ բուժ․ անձնակազմի կողմից կատարված նշանակումները համապատասխան են եղել այդ վիճակին, սակայն միշտ չէ, որ նշված դեղամիջոցները, բուժ․ միջոցառումները կարող են օգնել վիճակի կարգավորմանը։
Այսպիսով «Աբովյան ԲԿ» բուժաշխատողների կողմից թույլ չեն տրվել էական բժշկական թերություններ կամ բացթողումներ և դրանց ու Մ․Ստեփանյանի մահվան միջև պատճառահետևանքային կապ չկա։
Հետևաբար, «Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ում Մ․Ստեփանյանի հետազոտման, բուժ․ օգնության կազմակերպման և ցուցաբերման ընթացքում տեղ գտած վերը նշված թերությունների և բացթողումների ու նրա մահվամ միջև անմիջական պատճառահետևանքային կապ չկա, և որ «Աբովյան ԲԿ»-ի աշխատակիցների կողմից Մ․Ստեփանյանին ցուցաբերված բուժօգնությունը եղել է նրա վիճակին համապատասխան և բավարար ծավալով»2(2)։
11․ Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի մարտի 14-ի որոշման համաձայն՝ «(․․․) [Ք]ննիչի որոշումը վերացնելուց և քրեական գործի քննությունը շարունակելուց հետո, քննիչ Մ.Կիրակոսյանը տեղյակ է պահել տուժողի իրավահաջորդին` նոր, կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին, սակայն ինչպես նա, այնպես էլ նրա ներկայացուցիչն իրենց հուզող որևէ հարց, որն իրենց կարծիքով լույս կսփռեր գործով ճշմարտության բացահայտման վրա, չեն առաջադրել, հետևաբար քննիչի կողմից առաջադրվել են 16 հարցեր, որոնց վերաբերյալ ստանալով համապատասխան փորձաքննության եզրակացությունը և այն գնահատելով այլ ապացույցների համակցությամբ, վերջինս որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու մասին:
[Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ նախորդ կարճման որոշումը վերացվելուց հետո, քննիչը կատարել է հիշյալ որոշմամբ դատարանի կողմից որպես թերություն դիտարկված մի շարք դատավարական գործողություններ, որոնց արդյունքում, ըստ [Առաջին ատյանի դ]ատարանի, չեն առաջացել բավարար հիմքեր` Հ․Աֆյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
(․․․)
[Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ ըստ էության, հաշվի առնելով նաև Հ․Աֆյանի կողմից թույլ տրված որոշակի գործողությունները /կամ դրանց բացակայությունը/ փորձագիտական հանձնաժողովը հանգել է այն հետևության, որ «(․․․) նման դեպքերում նույնիսկ մասնագիտացված բաժանմունքում բուժումը ժամանակին, ճիշտ և լրիվ՝ ծավալով իրականացնելու պայմաններում անգամ հնարավոր չէ բացառել անբարենպաստ ելքը: Հետևաբար «Աբովյանի ԲԿ» ՓԲԸ-ում Մ.Ստեփանյանի հետազոտման, բուժ․ օգնության կազմակերպման և ցուցաբերման ընթացքում տեղ գտած վերը նշված թերությունների և բացթողումների ու նրա մահվան միջև անմիջական պատճառահետևանքային կապ չկա»:
Այլ կերպ` վերը նշվածն [Առաջին ատյանի] դատարանին թույլ է տալիս հանգելու այն եզրակացության, որ ձեռք բերված ապացույցների պայմաններում Կոտայքի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Մ.Կիրակոսյանի դատավարական գործողություններն իրավաչափ են, ուստի բավարար չեն բողոքում բերված հիմքերը` թիվ 20113010 քրեական գործով քննիչ Մ.Կիրակոսյանի 26.12.2011թ. կայացված` քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնելու համար»3(3)։
12․ Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(․․․) Առաջին ատյանի դատարանը, որոշում կայացնելիս, դատավարական իրավունքի նորմերի պահանջների խախտումներ թույլ չի տվել, իսկ բողոքի հեղինակ Գ.Ստեփանյանի կողմից վկայակոչված իրավանորմերի պահանջների խախտումների վերաբերյալ փաստարկները գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտնում և որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան: (․․․)»4(4)։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
I. Ներպետական դատական ակտերի վերանայումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական դրույթների մասով խախտում արձանագրելու փաստը հիմք է Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հուլիսի 14-ի որոշումը վերանայելու համար:
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 352-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Բացառիկ վերանայումը կիրառվում է այն դեպքում, երբ (․․․) նոր հանգամանքի (․․․) հիմքով բողոքարկվում է սույն օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն` «1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝
1) նոր հանգամանքներով վարույթը.
(․․․)
2. Բացառիկ վերանայման ենթակա են՝
(․․․)
2) մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով հաստատվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, (․․․) կամ վարույթը կարճելու իրավաչափությունը.
3) սույն մասի (․․․) 2-րդ կետ[ով] նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը»:
Նույն օրենսգրքի 403-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքներով բողոք կարող է բերվել հետևյալ հիմքերով․
(․․․)
5) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, (...)»:
15. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը5(5)։
16․ Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը, Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի վերաբերյալ նախկինում ձևավորած դիրքորոշումները կիրառել է սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ․
Մասնավորապես՝ Եվրոպական դատարանը Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի` 2023 թվականի հունվարի 24-ի վճռով արձանագրել է. «(…) Դիմումատուն չի պնդում, որ իր դստեր մահը պատճառվել է դիտավորյալ: Այլ բան չեն վկայում նաև գործին առնչվող փաստերը: Հետևաբար [Եվրոպական կ]ոնվենցիայի 2-րդ հոդվածով անպայմանորեն քրեաիրավական պաշտպանության միջոց չի պահանջվում: Այնքանով, որքանով նման միջոց է տրամադրվել, և դիմումատուն օգտվել է դրանից, այդպիսի վարույթն ինքնին կարող էր բավարարել [Եվրոպական կոնվենցիայի] 2-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային պարտավորությունը՝ արդյունավետ համարվելու դեպքում:
[Եվրոպական դ]ատարանը նկատում է, որ Մ.Ստեփանյանի մահվան փաստով հարուցված քրեական վարույթը երկու անգամ կարճվել է՝ բժշկական անփութության և դիմումատուի երեխայի մահվան միջև պատճառահետևանքային կապի բացակայության հիմքով: Հաշվի առնելով Մարզային դատարանի այն եզրահանգումը, որ 2011 թվականի հունիսի 15-ի որոշումն ընդունելուց առաջ գործի քննությունն արդյունավետ չի եղել՝ [Եվրոպական դ]ատարանը կուսումնասիրի այդ որոշումից հետո իրականացված քննությունը:
Չնայած երկու փորձագիտական եզրակացությունների առկայությանը, որոնց հիմնավորվածությունը կասկածի տակ չի դրվել գործի սկզբնական քննության ընթացքում, և որոնք որպես հիմնավոր և ընդունելի ապացույցներ հիմք են ընդունվել Մարզային դատարանի կողմից 2011 թվականի հունիսի 15-ի որոշումը կայացնելիս, քննիչը բժշկի պահանջով նշանակել է ևս մեկ դատաբժշկական փորձաքննություն:
Թեև երրորդ փորձագիտական եզրակացությունը չի պարունակել որևէ նոր եզրահանգում, քրեական վարույթը կրկին դադարեցվել է նույն հիմքերով, ինչպես նախկինում, այն պարագայում, երբ, ինչպես նշել է Մարզային դատարանը, արդեն իսկ առկա էին բավարար ապացույցներ այն մասին, որ Հ.Ա.-ն չի իրականացրել բոլոր անհրաժեշտ բժշկական հետազոտությունները, որի արդյունքում դիմումատուի երեխան համապատասխան ախտորոշում և բուժում չի ստացել:
Նկատի առնելով վերոնշյալը՝ [Եվրոպական դ]ատարանը համարում է, որ քննության եզրահանգումները հիմնված չեն եղել բոլոր անհրաժեշտ տարրերի մանրամասն և օբյեկտիվ վերլուծության վրա: Հետևաբար [Եվրոպական դ]ատարանը եզրակացնում է, որ տվյալ գործով իրականացված քրեական վարույթը չի համապատասխանել [Եվրոպական կ]ոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային պահանջներին:
Հաշվի առնելով վերոնշյալ եզրահանգումը՝ [Եվրոպական դ]ատարանը պետք է քննի, թե արդյոք դիմումատուին հասանելի են եղել մասնավորապես այլ քաղաքացիաիրավական կամ կարգապահական պաշտպանության միջոցներ, թե՝ ոչ:
Այնուամենայնիվ, [Եվրոպական դ]ատարանը նախորդ գործերից մեկով արդեն եզրակացրել է, որ Հայաստանի իրավական համակարգում առկա չեն արդյունավետ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական պաշտպանության միջոցներ ենթադրյալ բժշկական անփութության վերաբերյալ բողոքների մասով։
Սույն գործում ոչինչ հիմք չի ծառայում, որ [Եվրոպական դ]ատարանը գա այլ եզրահանգման: Հետևաբար [Եվրոպական դ]ատարանը գտնում է, որ դիմումատուին հասանելի չի եղել բժշկական անփութության վերաբերյալ իր հայցը ներկայացնելու և այն բժշկական անփութության դիմաց հատուցում ստանալու հնարավորություն ընձեռող արդյունավետ ընթացակարգ, որի զոհն էր դարձել իր երեխան»6(6):
Արդյունքում Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի գործով տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ դատավարական դրույթների մասով, խախտում։
17․ Հաշվի առնելով նախորդ կետում ներկայացված փաստերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական դրույթների մասով խախտում արձանագրելու փաստը ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հուլիսի 14-ի որոշումը վերանայելու հիմք է։
II. Ներպետական դատական ատյանների կողմից կայացված ակտերի բեկանման ու փոփոխման հիմքերը.
18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական դրույթների մասով խախտումը, հիմք է Գ․Ստեփանյանի բողոքի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի մարտի 14-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2012 թվականի մայիսի 16-ի որոշումները բեկանելու համար:
19․ Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»:
Սկոցցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) վճիռը, որով Դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և/կամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում՝ վերջ տալու համար Դատարանի արձանագրած խախտումներին և հնարավորինս շտկելու դրանց հետևանքները: Բացի այդ, Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ պետությունը ազատ է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի են Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ»7(7):
Սելջուկը և Ասկերն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ. «Կոնվենցիայի խախտում արձանագրած Դատարանի վճռով պատասխանող պետության վրա պարտավորություն է դրվում դադարեցնել խախտումը և դրա հետևանքների համար այնպիսի հատուցում տրամադրել, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա իրավիճակը (restitutio in integrum): Եթե restitutio in integrum-ը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (…)»8(8):
20․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ «1. Բացառիկ վերանայման արդյունքով իրավասու դատարանն ամբողջությամբ կամ մասնակի բեկանում է բողոքարկվող դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան կամ դադարեցնելով քրեական հետապնդումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կարճելով վարույթը:
21․ Դատական ակտի վերաբացումը կամ գործի նոր քննությունը` որպես մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու անհատական միջոց, նախատեսված է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին 2000 թվականի հունվարի 19-ի հանձնարարականում, որին ՀՀ Սահմանադրական դատարանը 2013 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշման մեջ ևս հղում է կատարել:
Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումն անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների պարտադիր առկայության պարագայում, այն է՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ և դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա ներպետական որոշման բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:
22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմող Գ․Ստեփանյանի բողոքի վերաբերյալ բողոքարկվող դատական ակտերը վերաբերել են վեջինիս դստեր՝ Մ․Ստեփանյանի մահվան պատճառների և հանգամանքների կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությանը։
Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում և փաստել, որ Մ․Ստեփանյանի մահվանը հանգեցրած իրադարձությունների կապակցությամբ քննությունը չի համապատասխանել Եվրոպական կոնվենցիայի հիշյալ հոդվածի դատավարական դրույթների պահանջներին։ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ մահվանը հանգեցրած իրադարձությունների կապակցությամբ քննության եզրահանգումները հիմնված չեն եղել բոլոր անհրաժեշտ տարրերի մանրամասն և օբյեկտիվ վերլուծության վրա։
23. Մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 19-21-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի` Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման (դատավարական դրույթների մասով) բացասական հետևանքները սույն բողոքի քննության պահի դրությամբ դիմումատուն շարունակում է կրել, ինչը միայն վճռով՝ որպես արդար փոխհատուցում սահմանած գումարի վճարմամբ չի կարող շտկվել, ուստի, տվյալ դեպքում «restitutio in integrum» հնարավորինս ապահովելու տեսանկյունից, անհրաժեշտ է դիմող Գ․Ստեփանյանի բողոքի վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանել։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի իրավակարգավորումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում արձանագրված խախտումը վերացնելու անհրաժեշտ համարժեք միջոց կիրառելու նպատակով վարույթը պետք է փոխանցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
24. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հուլիսի 14-ի որոշման վերանայման արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի մարտի 14-ի և Վերաքննիչ դատարանի` 2012 թվականի մայիսի 16-ի դատական ակտերը պետք է բեկանել ու վարույթը փոխանցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2023 թվականի հունվարի 24-ի վճռով արձանագրված՝ դիմողի դստեր՝ Մագդալենա Ստեփանյանի մահվան պատճառների և հանգամանքների կապակցությամբ իրականացված քննության ընթացքում թույլ տրված՝ արդյունավետ քննություն իրականացնելու դատավարական պահանջի խախտումը վերացնելու անհրաժեշտ համարժեք միջոցը կիրառելու նպատակով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 361-րդ, 362-րդ, 363-րդ, 401-403-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հուլիսի 14-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Բացառիկ վերանայման արդյունքում դիմող Գրիգոր Ստեփանյանի բողոքի վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մարտի 14-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012 թվականի մայիսի 16-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
______________________________
1 Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 190-195:
2 Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 260-271:
3 Տե'ս նյութեր, թերթեր 10-14:
4 Տե'ս նյութեր, թերթեր 17-25:
5 Տե´ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գրիշա Վիրաբյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ Զալյանի գործով` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Հրաչյա Մուրադյանի գործով` 2017 թվականի հունիսի 30-ի, Դավիթ Ավետիսյանի գործով` 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՍԴ3/0088/01/09, Ալիկ Մաթևոսյանի գործով` 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ՎԲ-05/12 որոշումները:
6 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի գործով 2023 թվականի հունվարի 24-ի վճիռը, գանգատ թիվ 12105/13, կետեր 17-24:
7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Scozzari and Giunta v. Italy գործով 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221/98 և 41963/98, կետեր 249-250։
8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Selcuk and Asker v. Turkey գործով 1998 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատներ թիվ 23184/94 և 23185/94, կետ 125։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Ս. Օհանյան
Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ
Ա. Պողոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: