ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան,նախագահող դատավոր՝ Ժ. Չիչոյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Գ. Հովհաննիսյան |
ԵԴ1/0138/06/23 |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
|
|
Ս. Օհանյանի |
9 օգոստոսի 2023 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Ազգուշ Ռուբիկի Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի մայիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 59104423 քրեական վարույթը։
2023 թվականի մայիսի 17-ին Ազգուշ Ռուբիկի Մարտիրոսյանը ձերբակալվել է։
Երևան քաղաքի դատախազության դատախազ Ա.Դանիելյանի՝ 2023 թվականի մայիսի 18-ի որոշմամբ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի մայիսի 20-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի պաշտպաններ Գ.Մելիքյանի և Վ.Հովհաննիսյանի բողոքը՝ մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ, մերժվել է։ Նույն որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է մասնակի և մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ մեկ ամիս ժամկետով։ Պաշտպաններ Գ.Մելիքյանի և Ռ.Մելիքյանի միջնորդությունները՝ մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, մերժվել է։
3. Պաշտպաններ Վ.Հովհաննիսյանի, Վ.Գևորգյանի և Գ.Մելիքյանի հատուկ վերանայման բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունիսի 5-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 20-ի որոշումը մասնակի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասով, բեկանել է։ Նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է մասնակի և մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ մեկ ամիս ժամկետով՝ դրանում հաշվակցելով Ա.Մարտիրոսյանի կալանավորման մեջ գտնվելու ժամկետը։ Մեղադրյալ Ա.Մարտիրոսյանն անհապաղ ազատ է արձակվել կալանքից։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հունիսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
5.1. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, դատական վերանայման ենթարկելով մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ստորադաս դատարանի դատական ակտը, իրավասու չէր խափանման միջոցի կիրառման իրավաչափության պայմանները գնահատման ենթարկել առաջին ատյանի դատարանի դատական ակտի կայացումից հետո մեղադրյալի վարքագծի վերաբերյալ ներկայացված տվյալների հիման վրա։
Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելու լիազորության շրջանակներում մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի իրավաչափության պայմանները վերլուծել և գնահատման է ենթարկել ոչ թե Առաջին ատյանի դատարանի դատական ակտը կայացնելու պահի դրությամբ առկա և դատարանի կողմից հետազոտված ապացույցների և վարույթի մասնակիցների պնդումների հիման վրա, այլ դատական ակտը կայացնելուց հետո մեղադրյալի դրսևորած վարքագծի վերլուծությունների հիման վրա։ Ավելին, Վերաքննիչ դատարանը գտել է, որ որոշում կայացնելու պահին մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքն արդյունավետ և անհրաժեշտ է եղել, իսկ իր դատական ակտի կայացման պահին այլևս անհրաժեշտ և արդյունավետ չի եղել։ Այլ կերպ ասած, Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի կայացման պահին մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի իրավաչափության պայմանները գնահատելու փոխարեն, քննարկման առարկա է դարձրել իր որոշումը կայացնելու պահին կալանքի արդյունավետության և անհրաժեշտության հարցը՝ դրանով իսկ դուրս գալով հատուկ վերանայման և իր լիազորությունների սահմաններից։
5.2. Ըստ բողոքաբերի՝ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնվելուց հետո նույն վարույթի շրջանակներում մինչդատական վարույթում որպես խափանման միջոց կիրառված կալանքի՝ հատուկ վերանայման կարգով բողոքարկման արդյունքում Վերաքննիչ դատարանն իրավասու չէր բեկանել և փոփոխել ստորադաս դատարանի դատական ակտը՝ կիրառելով տնային կալանք։
Բողոքաբերն ընդգծել է նաև, որ Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու օրը՝ 2023 թվականի հունիսի 5-ին, վարույթն իրականացնող Առաջին ատյանի դատարանը նախնական դատալսումների ընթացքում ևս մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում է կայացրել։
Բողոքաբերը եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանի՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու մասին որոշումն ուղղակի միջամտություն է քրեական գործով վարույթն ստանձնած առաջին ատյանի դատարանի գործունեությանը։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է մասնակի բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 5-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ բեկանված մասով օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի դատական ակտին։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ նա. «(…) 2023 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 12։47-ի սահմաններում, «KIA SORENTO 2.4» մակնիշի 01 GH 010 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով անձի քաղաքական և պետական գործունեության հետ կապված առևանգել է վերջինիս որդուն՝ Աշոտ Նիկոլի Փաշինյանին, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում.
Այսպես.
Ազգուշ Ռուբիկի Մարտիրոսյանը 2023 թվականի մայիսի 17-ին, ժամը՝ 12։47-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածում հանդիպելով դեպի Գ.Նժդեհի հրապարակ միայնակ քայլող Աշոտ Նիկոլի Փաշինյանին, վերջինիս հոր՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պետական և քաղաքական գործունեության հետ կապված, նրան առևանգելու ուղղակի դիտավորությամբ հանգիստ զրուցելու և այլ անձանց կողմից իրենց զրույցը չխանգարելու պատրվակով մոտեցել է Աշոտ Նիկոլի Փաշինյանին, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան։ Այնուհետև Աշոտ Նիկոլի Փաշինյանի կողմից «KIA SORENTO 2.4» մակնիշի 01 GH 010 հաշվառման համարանիշի ավտոմեքենան նստելուց հետո, Ազգուշ Մարտիրոսյանը, անսպասելի գործի գցելով մեքենան, Աշոտ Նիկոլի Փաշինյանի կամքին հակառակ վարել է այն Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ, Մայիսի 9-ը և Արտաշիսյան փողոցներով, որի ընթացքում անտեսելով Աշոտ Փաշինյանի՝ ավտոմեքենան կանգնեցնելու պահանջները, հայտնել է, որ նրա հայրը հողերը վաճառել է թուրքերին, պատճառ է դարձել իր որդու և հազարավոր երեխաների մահվան, և այդ պատճառով նրան տանում է «Եռաբլուր»՝ առանց կամքը հաշվի առնելու։ Հասնելով Արտաշիսյան և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ, խցանման պատճառով Ա.Մարտիրոսյանը իջեցրել է ավտոմեքենայի արագությունը, որի ընթացքում Աշոտ Փաշինյանը օգտվելով ստեղծված իրավիճակից կարողացել է բացել ավտոմեքենայի դուռը՝ մինչ այդ բացելով դռան կողպված փականը և իրեն դուրս նետել ընթացքում գտնվող ավտոմեքենայի սրահից՝ ընկնելով ճանապարհի երթևեկելի հատվածում, որի ժամանակ վերջիններիս հետևից ընթացող Գարիկ Գալեյանի կողմից վարվող «Տոյոտա Քեմրի» մակնիշի 34 NO 200 հաշվառման համարանիշի ավտոմեքենան հարվածել է Աշոտ Փաշինյանին և կանգնել, իսկ Ա.Մարտիրոսյանը, քիչ առաջ ընթանալով կանգնեցրել է ավտոմեքենան և իջնելով՝ հետապնդել է Աշոտ Փաշինյանին, սակայն Աշոտ Փաշինյանը կարողացել է մուտք գործել «Երևան Սիթի» սուպերմարկետ և դիմել փախուստի (…)»1:
8. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) Դատարանը հաշվի առնելով քրեական վարույթի սկզբնական և ապացույցների հավաքագրման ակտիվ փուլ լինելու հանգամանքը, իրատեսական է համարում վարույթն իրականացնող մարմնի մտավախությունն առ այն, որ նախաքննության այս փուլում մեղադրյալ Ա.Մարտիրոսյանն ազատության մեջ գտնվելով, կարող է չկատարել որպես մեղադրյալ իր վրա դրված պարտականությունները՝ խոչընդոտել քրեական վարույթի քննությանը, անօրինական ազդեցություն գործադրել քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա։
Նշվածն արձանագրելիս Դատարանը հաշվի է առնում այն որ հնարավոր է, որ վարույթին ներգրավված և հնարավոր ներգրավվելիք անձանց, մասնավորապես՝ միջնորդության կից ներկայացված նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում տուժող Ա.Փաշինյանի կողմից մեղադրյալի ավտոմեքենայից դուրս ցատկելուց հետո տուժողին է զանգահարել Վիգեն Ազատյանը և հայտնել, որ «եթե այդ օրն իրեն չեն կարողացել տանել Եռաբլուր, ապա հաջորդ անգամ հաստատ կարողանալու են»։ Վերը նշված հանգամանքը հաշվի առնելով Դատարանն իրատեսական է համարում վարույթն իրականացնող մարմնի կողմից առաջ քաշված այն վարկածը, որ առերևույթ հանցանքը կատարելիս մեղադրյալ Ա.Մարտիրոսյանը միայնակ չի գործել, հետևաբար մնալով ազատության մեջ վերջինս կարող է ապօրինի ազդեցություն գործադրել որոշակի անձանց վրա, այդ կերպ խոչընդոտելով քրեական վարույթով օբյեկտիվ իրականության բացահայտմանը։
Անդրադառնալով վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդության մեջ նշված հաջորդ հիմքի՝ քրեական օրենքով արգելված նոր արարք կատարելու հավանականությանը, ապա հաշվի առնելով մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի կողմից կատարված առերևույթ հանցանքի շարժառիթներն ու բնույթը, Դատարանը գտնում է, որ նախաքննության այս փուլում իրատեսական է, որ մեղադրյալը գտնվելով ազատության մեջ կարող է կատարել նոր առերևույթ արարք։ Դատարանը որպես վերոգրյալ հիմքի հիմնավորման փաստական տվյալ է արձանագրում այն, որ մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի կողմից տուժող Ա.Փաշինյանին առերևույթ առևանգելու հանգամանքը կապված է եղել (ըստ նախաքննական մարմնի) տուժողի մերձավոր ազգականի պետական և քաղաքական գործունեության հետ, որը ներկա պայմաններում ևս շարունակվում է, հետևաբար այս պայմաններում առկա է ողջամիտ կասկած առ այն, որ ազատության մեջ գտնվելով մեղադրյալը կարող է առերևույթ նոր արարք կատարել։
Ինչ վերաբերում է մեղադրյալ Ազգուշ Մարտիրոսյանի փախուստի դիմելու հավանական ռիսկին, ապա այս մասով Դատական նիստի ընթացքում վարույթն իրականացնող մարմինը հայտնեց, որ թեև նշված հիմքին որպես այդպիսի առանձին ներկայացված միջնորդությունում անդրադարձ կատարվել է, սակայն ներկա պայմաններում գտնում են, որ այդ հիմքը բացակայում է, ուստի այս հիմքի առկայության կամ բացակայության հանգամանքին Դատարանը հարկ չի համարում այլևս անդրադարձ կատարել։
Դատարանը, համակողմանի գնահատման ենթարկելով այն, որ առկա է վերջինիս կողմից նախաքննությանը խոչընդոտելու և քրեական օրենքով արգելված նոր արարք կատարելու բարձր հավանականություն, գտնում է, որ նախաքննության սույն փուլում այլ խափանման միջոցները չեն կարող լինել արդյունավետ իրավական ներգործության միջոց, որոնք կարող են կաշկանդել նրան դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և չեզոքացնել նաև նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը։
Ուստի՝ Դատարանը չի կարող չեզրահանգել, որ սույն գործում առկա են ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու համար Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ այլ խափանման միջոցներ կիրառելու ոչ իրավաչափ լինելն ու մինչդատական վարույթի տվյալ փուլում նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ, Դատարանը գտնում է, որ նախաքննության տվյալ փուլում, այլ խափանման միջոցները չեն կարող լինել գործուն երաշխիք՝ ազատության մեջ գտնվելու դեպքում Ա.Մարտիրոսյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը չեզոքացնելու համար։
(…) Դատարանը (…) հաշվի առնելով այն, որ նա ազատության մեջ մնալով կարող է խուսափել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները կատարելուց, մասնավորապես՝ խոչընդոտել քրեական վարույթին, քրեական օրենքով արգելված նոր արարք կատարել և նրան վերագրվում է ծանր հանցագործություն, հետևաբար (…) վերջինիս պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով նրա նկատմամբ որպես խափանման միջոց պետք է ընտրել կալանքը՝ մեկ ամիս ժամկետով։ Վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը մասնակի բավարարելը և մեղադրյալի նկատմամբ մեկ ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց ընտրելը պայմանավորված է նրանով, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել ստուգելու իր կողմից առաջ քաշված՝ մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի կողմից առերևույթ հանցանքը այլ անձանց հետ կատարված լինելու վարկած, քանի որ մեղադրյալին կալանքի վերցնելու առաջնային հիմքերի շարքում Դատարանը դիտարկել է հենց նշված վարկածի ստուգման հանգամանքը (…)»2։
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) Քննիչի միջնորդությունը մասնակի բավարարելիս, անդրադառնալով Քննիչի կողմից ներկայացված կալանք կիրառելու նպատակներին՝ Առաջին ատյանի դատարանն իրատեսական է համարել վարույթն իրականացնող մարմնի մտավախությունն առ այն, որ մեղադրյալ Ա.Մարտիրոսյանը ազատության մեջ գտնվելով կարող է չկատարել որպես մեղադրյալ իր վրա դրված պարտականությունները, մասնավորապես՝ առկա է ողջամիտ ենթադրություն, որ վերջինս կխոչընդոտի քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի կմիջամտի ապացուցման գործընթացին, ինչպես նաև անօրինական ազդեցություն կգործադրի քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա և կկատարի նոր հանցանք։
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը նշված հանգամանքները վարույթի նյութերում առկա մյուս փաստերի ու տեղեկությունների հետ համակցությամբ, այդ թվում՝ մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքների հաշվառմամբ պատշաճ գնահատման է ենթարկել, ինչի հիման վրա առկա է համարել վերջինիս կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների չկատարման մտավախությունը։
Քննարկման առարկա դարձնելով Ա.Մարտիրոսյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների չկատարման հավանականության հարցը, վերը նշված փաստական տվյալների համատեքստում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդպիսի հավանականությունը դեռևս առկա է, սակայն այդպիսի հավանականությունը ժամանակի ընթացքում որոշակիորեն փոփոխվել և նվազ բնույթ է կրում, արդարադատությանը խոչընդոտելու հնարավոր ռիսկերը տվյալ դեպքում կարող են զսպվել նաև այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ, այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանը Քննիչի միջնորդությունը մասնակի բավարարելու որոշում կայացնելիս խախտել է նվազագույնի սկզբունքը։
Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև նրանով, որ մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի կողմից որևէ անձի նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու կամ որևէ անօրինական արարքի արդյունքում ապացուցման գործընթացին միջամտելու կամ այն խաթարելու մասին որևէ տվյալ կամ տեղեկություն առկա չէ։ Վերաքննիչ դատարանը չի կարող նաև հաշվի չառնել այն փաստը, որ համաձայն դատախազ Ա.Դանիելյանի բողոքի պատասխանի՝ գործն այլևս գտնվում է դատարանի վարույթում, ուստի ավարտված է ապացույցների հավաքման գործընթացը։
Կալանավորման նպատակները քննարկելիս Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չէ Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ մեղադրյալ Ա.Մարտիրոսյանը մնալով ազատության մեջ՝ կարող է կատարել նոր հանցանք։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (…) մեղադրյալի կողմից նման գործողության կատարումը պետք է գնահատման ենթարկվի քրեական գործում առկա փաստական տվյալներով, որպիսիք տվյալ դեպքում առկա չեն, ուստի Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունն այդ մասով անհիմն է (…)։
Վերոնշյալ պայմաններում Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ բացառիկ խափանման միջոց կալանքի կիրառումը այլևս արդյունավետ և անհրաժեշտ չէ, վերջինիս պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել պիտանի՝ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառմամբ (…):
Քննիչի միջնորդությունը մասնակի բավարարելու և մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ մեկ ամիս ժամկետով կալանք ընտրելու որոշում կայացնելով՝ Առաջին ատյանի դատարանը գործել է նվազագույնի սկզբունքին տրամագծորեն հակառակ տրամաբանությամբ, Ա.Մարտիրոսյանի նկատմամբ ընտրել է ամենախիստ խափանման միջոցը, թեև նույն նպատակով կիրառելի էին այլընտրանքային այլ խափանման միջոցները։ Ընդ որում, մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, մասնավորապես արդարադատության խոչընդոտելու ռիսկը (հանգամանքները) Առաջին ատյանի դատարանը դիտարկել է որպես իրական, ապա առկա էր քրեական վարույթի ընթացքում նրա օրինական վարքագիծն առավել պիտանի և համաչափ խափանման միջոցով կամ դրանց համակցությամբ ապահովելու գործիքակազմ, որից, սակայն, դատարանը չի օգտվել։
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում այլընտրանքային խափանման միջոցի կիրառման վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի արված հետևություններին, որ սույն գործում առկա են ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու համար Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ այլ խափանման միջոցներ կիրառելու ոչ իրավաչափ լինելն ու մինչդատական վարույթի տվյալ փուլում նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ նախաքննության տվյալ փուլում, այլ խափանման միջոցները չեն կարող լինել գործուն երաշխիք՝ ազատության մեջ գտնվելու դեպքում Ա.Մարտիրոսյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը չեզոքացնելու համար։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ հիշյալ դատողությունը որևէ կերպ պատճառաբանված չէ, ավելին՝ Առաջին ատյանի դատարանը չի հստակեցրել, թե հատկապես քննության այդ փուլում որ հանգամանքների ամբողջությունն է առաջացնում ողջամիտ մտավախություն առ այն, որ բացառապես ամենախիստ խափանման միջոցի՝ կալանավորման պայմաններում է հնարավոր հասնել դրա նպատակներին։
(…)
Այսպիսով, հաշվի առնելով (…) այն, որ մեղադրյալն ունի բնակության վայր, առաջնորդվելով նաև անձի ազատության սահմանափակման նվազագույնի սկզբունքով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի կիրառմամբ հնարավոր է հասնել հետապնդվող նպատակին, այն է՝ ապահովել մեղադրյալի վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունների կատարումը։
(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի վարքագծի կամ նրա անձի վերաբերյալ այնպիսի փաստական տվյալ չի ներկայացվել, որը հնարավորություն կտար ողջամտորեն ենթադրելու, որ կալանավորումից զատ խափանման մյուս միջոցները քրեական վարույթի ընթացքում չեն կարող ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը։
(…) [Հ]աշվի առնելով մեղադրյալին մեղսագրվող ենթադրյալ արարքի բնույթը, ծանրության աստիճանը, կատարման եղանակը, մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, մասնավորապես՝ հանդիսանում է 44-օրյա պատերազմում զոհվածի մայր, բնութագրվում է դրական, ունի առողջական խնդիրներ, նախկինում դատապարտված չի եղել, վարույթի մասնակիցների հետ մեղադրյալի փոխհարաբերությունների բնույթը, մեղադրյալի դստեր՝ Սոնա Ալիկի Մարտիրոսյանի 19.05.2023թ. դիմումն ուղղված Առաջին ատյանի դատարանին՝ մեղադրյալի հետ իր և ամուսնու համատեղ բնակվելու պատրաստակամության մասին, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն դեպքում մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել տնային կալանք խափանման միջոցի կիրառմամբ, ընդ որում Վերաքննիչ դատարանը բավարար է համարում նշված խափանման միջոցի կիրառման մեկամսյա ժամկետը (…)»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի պաշտպանների հատուկ վերանայման բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը բեկանելը։
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ «3. Հատուկ վերանայումն իրականացվում է բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում:
4. Հատուկ վերանայման կարգով դատական ակտ կայացնելիս վերադաս դատարանը հիմնվում է միայն ստորադաս դատարանում հետազոտված ապացույցների կամ նյութերի և վարույթի մասնակիցների արած պնդումների վրա»:
11.1. Նախկինում գործող քրեադատավարական իրավակարգավորումների շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քրեական հետապնդման մարմնի միջնորդության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանի կողմից վերանայման ենթարկելու սահմանների առնչությամբ Վճռաբեկ դատարանը Գոռ Դուրյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «(…) վերաքննիչ դատարանը հանդես է գալիս որպես առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը վերանայելու իրավասությամբ օժտված դատական ատյան։ Մասնավորապես, վերաքննիչ դատարանը դատական վերանայման գործառույթի շրջանակներում բացահայտում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ ընտրելը մերժելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու մասին որոշում կայացնելիս առաջին ատյանի դատարանի կողմից օրենքի բոլոր պահանջների պահպանման, ինչպես նաև կալանավորման հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ հետևությունների իրավաչափության հարցերը։
(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանք ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերանայման ծավալը կալանքի ընտրության կամ դրա ժամկետի երկարացման նպատակով առաջին ատյանի դատարան ներկայացված միջնորդության քննության (հիմնական քննության) համեմատությամբ ավելի սահմանափակ է, հետևաբար վերաքննիչ դատարանի իրավասությունը չի կարող ավելի լայն լինել, քան այն քննած առաջին ատյանի դատարանինը։ Վերաքննիչ դատարանում դատական վերանայման առարկան սահմանափակվում է միայն առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգմամբ, որն էլ պետք է իրականացվի միայն առաջին ատյանի դատարանում քննության ենթարկված կալանավորման հիմքերի, հետազոտված փաստերի կամ ապացույցների շրջանակներում։
Վերոնշյալ դիրքորոշումը բխում է դատարանների միջև գործառութային կապն ապահովելու տրամաբանական պահանջից։ Մասնավորապես, դատարանակազմական խնդիրներով պայմանավորված` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները իրականացնում են տարբեր դատավարական գործառույթներ և համապատասխանաբար օժտված են դրանց կատարումն ապահովող տարբեր լիազորություններով։ Հետևաբար մեկ ատյանի կողմից մյուսի լիազորությունների յուրացումը կամ միմյանց փոխարինումն անթույլատրելի է և հանդիսանում է օրինականության սկզբունքի կոպիտ խախտում։ Այսպես` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից որոշման կայացումը, իսկ վերաքննիչ դատարանի կողմից այդ որոշման վերանայումն իրականացվում է մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության և ստորադաս դատարանի որոշումների ստուգման ու վերանայման գործառույթների շրջանակներում (տե՛ս mutatis mutandis Ա.Ղավալյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0225/06/08 որոշման 22-րդ կետը)։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման դատական վերանայման սահմանները կանխորոշվում են առաջին ատյանի դատարանում քննության առարկա դարձած կալանավորման հիմքերի, դրանք հաստատող փաստական տվյալների շրջանակներով, որոնց հիման վրա էլ վերաքննիչ դատարանը ստուգում է վերանայվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը (...)։
Հակառակ պարագայում, երբ քննարկման է ենթարկվում կալանավորման այնպիսի նոր հիմք և այն հաստատող փաստական նոր տվյալ, որն առաջին ատյանի դատարանում չի հետազոտվել, վերաքննիչ դատարանը դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակներից. նման դեպքերում վերաքննիչ դատարանը ոչ թե իրականացնում է առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգում, այլ կալանավորման նոր հիմքի և այն հաստատող նոր նյութի շրջանակներում կայացնում է կալանավորման մասին նոր որոշում` փաստացի հանդես գալով որպես առաջին ատյանի դատարան, ինչն անթույլատրելի է և խախտում է դատարանների միջև առկա գործառութային կապը։ Այդպիսի իրավիճակում վերաքննիչ դատարանը չի գործում որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» (…)»4։
11.2. Գործող քրեադատավարական կառուցակարգերի շրջանակներում Վճռաբեկ դատարանը, հիմնվելով Գոռ Դուրյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումների վրա, Արշակ Հակոբյանի գործով փաստել է, որ. «(…) բողոքաբերի պնդումը կառուցված է Առաջին ատյանի դատարանի դատական ակտին հաջորդող ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերլուծության վրա, ուստի այս առումով Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում պաշտպանի (…) ներկայացրած հակափաստարկին և ընդգծում, որ ստորադաս դատարանի որոշման իրավաչափության ստուգման դեպքում, դատական վերանայման ծավալը սահմանափակված է միջնորդության քննության ժամանակ հետազոտված՝ կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորող փաստական տվյալների և վարույթի մասնակիցների արված պնդումների գնահատմամբ, եթե առկա չէ դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական հանգամանք, հետևաբար բողոքաբերի հիշյալ փաստարկը տվյալ պարագայում չի կարող հաշվի առնվել»5։
12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով6,
- հաշվի առնելով, որ մեղադրյալ Ա.Մարտիրոսյանն ազատության մեջ մնալով կարող է խուսափել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները կատարելուց, մասնավորապես՝ խոչընդոտել քրեական վարույթին, քրեական օրենքով արգելված նոր արարք կատարել և նրան վերագրվում է ծանր հանցագործություն, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ վերջինիս պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով նրա նկատմամբ որպես խափանման միջոց պետք է ընտրել կալանքը: Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ սույն գործում առկա են ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու Ա.Մարտիրոսյանի նկատմամբ այլ խափանման միջոցներ կիրառելու ոչ իրավաչափ լինելը7:
- Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական վարույթի նյութերում առկա փաստերն ու տեղեկությունները պատշաճ գնահատման է ենթարկել, ինչի հիման վրա առկա է համարել մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների չկատարման մտավախությունը։ Միևնույն ժամանակ, քննարկման առարկա դարձնելով Ա.Մարտիրոսյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների չկատարման հավանականության հարցը, Վերաքննիչ դատարանը գտել է, որ այդպիսի հավանականությունը դեռևս առկա է, սակայն ժամանակի ընթացքում որոշակիորեն փոփոխվել և նվազ բնույթ է կրում, հետևաբար արդարադատությանը խոչընդոտելու հնարավոր ռիսկերը տվյալ դեպքում կարող են զսպվել նաև այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ։ Վերաքննիչ դատարանն այդ դիրքորոշումը պայմանավորել է նաև նրանով, որ մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի կողմից որևէ անձի նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու կամ որևէ անօրինական արարքի արդյունքում ապացուցման գործընթացին միջամտելու կամ այն խաթարելու մասին որևէ տվյալ կամ տեղեկություն առկա չէ։ Վերաքննիչ դատարանը հաշվի է առել նաև այն փաստը, որ համաձայն դատախազ Ա.Դանիելյանի բողոքի պատասխանի՝ գործն այլևս գտնվում է դատարանի վարույթում, ուստի ավարտված է ապացույցների հավաքման գործընթացը։
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն ընդունելի չի համարել Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ մեղադրյալ Ա.Մարտիրոսյանը, մնալով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցանք։
Վերոնշյալ պայմաններում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ բացառիկ խափանման միջոց` կալանքի կիրառումն այլևս արդյունավետ և անհրաժեշտ չէ, վերջինիս պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել պիտանի՝ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառմամբ:
Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտել է, որ այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանքի կիրառմամբ, հնարավոր է հասնել հետապնդվող նպատակին, այն է՝ ապահովել մեղադրյալի կողից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունների կատարումը8։
13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-11.2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, լիազորված լինելով հատուկ վերանայման կարգով դատական ակտ կայացնելիս հիմնվել միայն Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների, նյութերի և վարույթի մասնակիցների արած պնդումների վրա, իր հետևությունները ոչ իրավաչափորեն կառուցել է նաև Առաջին ատյանի դատարանի դատական ակտի կայացմանը հաջորդող ժամանակահատվածում տեղի ունեցած այնպիսի իրադարձությունների վերլուծության վրա, որոնք չեն հանդիսանում բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական և իրավական հանգամանքներ։
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա դարձնելով Ա.Մարտիրոսյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների չկատարման հավանականության հարցը, գտել է, որ այդպիսի հավանականությունը դեռևս առկա է, սակայն այն ժամանակի ընթացքում որոշակիորեն փոփոխվել և նվազ բնույթ է կրում։ Վերաքննիչ դատարանը հաշվի է առել, ի թիվս այլնի, այն փաստը, որ գործն այլևս գտնվում է դատարանի վարույթում, ուստի ավարտված է ապացույցների հավաքման գործընթացը։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ բացառիկ խափանման միջոց կալանքի կիրառումն այլևս արդյունավետ և անհրաժեշտ չէ:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հատուկ վերանայման կառուցակարգով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգում իրականացնելիս՝ փաստացի գործել է որպես առաջին ատյանի դատարան՝ այդպիսով դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, խախտելով դատարանների միջև ձևավորված գործառութային կապը։
14. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 5.2-րդ կետում մեջբերված փաստարկին՝ Վճռաբեկ դատարանը, հիմնվելով իր կողմից ձևավորած իրավակիրառ պրակտիկայի վրա9, արձանագրում է, որ մինչդատական վարույթն ավարտվելուց և առաջին ատյանի դատարանի կողմից տվյալ քրեական վարույթն ստանձնելուց հետո, մինչդատական վարույթում որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման՝ հատուկ վերանայման կարգով բողոքարկման արդյունքում, վերադաս դատարանն իրավասու չէ բեկանել և փոփոխել ստորադաս դատարանի դատական ակտը:
Հետևաբար, հիմք ընդունելով սույն գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից քրեական վարույթը ստանձնելու հանգամանքը, Վերաքննիչ դատարանն իրավասու չէր բեկանել մինչդատական վարույթում որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը, նկատի ունենալով, որ այդ հարցի լուծումն այլևս քրեական վարույթը ստանձնած իրավասու դատարանի տիրույթում էր:
Նման եզրահանգման գալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև այն փաստը, որ Վերաքննիչ դատարանի տրամադրության տակ առկա է եղել ինչպես սույն գործով վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից ստանձնելու, այնպես էլ իր ակտի կայացման նույն օրը՝ 2023 թվականի հունիսի 5-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից նախնական դատալսումներ նշանակած լինելու մասին տեղեկատվությունը10։
15. Այսպիսով, Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրյալ Ա.Մարտիրոսյանի պաշտպանների հատուկ վերանայման բողոքների քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը բեկանելն իրավաչափ չէր:
16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար:
Սակայն հաշվի առնելով, որ սույն գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը Ա.Մարտիրոսյանի վերաբերյալ 2023 թվականի հունիսի 9-ին կայացրել է եզրափակիչ դատական ակտ, որով լուծվել է նաև խափանման միջոցի հարցը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությունը բացակայում է: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Ազգուշ Ռուբիկի Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 5-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
____________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 87-90:
2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 57-79:
3 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 103-153:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14 որոշումը։
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արշակ Հակոբյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԴ/1194/06/21 որոշման 16.2-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ռուբեն Աղաբաբյանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ ԵԱԴԴ/0023/06/17 որոշման 22-րդ կետը, Արթուր Եգանյանի գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԴ/0034/06/19 որոշման 22-րդ կետը:
10 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթ 99։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան
Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|