ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 2024 թվականի ք. Երևան |
թիվ 27-Ա |
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 25-Ա ՈՐՈՇՄԱՄԲ «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2024 թվականի մարտի 22-ի նիստում քննարկեց Հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 19-ի թիվ 25-Ա որոշմամբ «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության (այսուհետ նաև` ցանցային օպերատոր) նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու մասին հարցը:
Քննարկման արդյունքում Հանձնաժողովն ամրագրեց հետևյալը.
Հանձնաժողովը «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերությանը տրամադրել է ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա՝ 24-ը դեկտեմբերի 2020 թվականից առ 24-ը հունվարի 2030 թվականը գործողության ժամկետով (սփռման տարածքը՝ քաղաք Աշտարակ):
Հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 2024 թվականի հունվարի 25-ին ցանցային օպերատորի նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ՝ հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 58-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով ամրագրված պահանջի խախտումը:
Հանձնաժողովը վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում հաստատված է համարել այն փաստը, որ ցանցային օպերատորը լիցենզիան ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել տեսալսողական հաղորդումներ, որն էլ լիցենզիայի գործողության կասեցման և խախտումը չվերացնելու դեպքում, նաև լիցենզիայի դադարեցման հիմք է։
Հանձնաժողովը, ղեկավարվելով Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 6-րդ մասով, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2024 թվականի փետրվարի 19-ին ընդունել է ցանցային օպերատորի նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» թիվ 25-Ա որոշումը՝ կասեցնելով ցանցային օպերատորի լիցենզիայի գործողությունը՝ երեսուն օր ժամկետով։
2024 թվականի փետրվարի 19-ի թիվ 25-Ա որոշումն ուժի մեջ է մտել այն ցանցային օպերատորին պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից, իսկ լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվել որոշումն ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ 2024 թվականի փետրվարի 26-ից:
Հանձնաժողովն արձանագրում է, որ ցանցային օպերատորը սահմանված ժամկետում վերացրել է նշված խախտումները և որպես ապացույց Հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի հունվարի 08-ի գրությամբ պահանջված տեղեկատվությունը: Մասնավորապես, Հանձնաժողով հասցեագրված գրությամբ ցանցային օպերատորը տեղեկացրել է, որ չունի սեփական անշարժ գույք, գրասենյակային տարածքը վարձակալված է, ունի բաժանորդներ, իր հաշվեկշռում ունի DVB C թվային ընդունիչներ, օպտիկամանրաթելային, 30 կմ-ից ավելի RG11 մալուխներ, որոնք անցկացվում են Աշտարակ քաղաքում։ Նշել է նաև, որ ունի մալուխային ցանցի միջոցով հեռուստահաղորդակցությունն ապահովելու համար մոդուլյատորներ, կոնվերտորներ, հեռուստաալիքներն ընդունելու և վերադարձնելու համար օպտիկական ընդունիչներ և հաղորդիչներ, տնային փոխակերպիչներ։ Ցանցային օպերատորը հայտնել է նաև, որ համագործակցում է «ԹԻՎԻ ԿՈՆՏԵՆՏ ՍԵՐՎԻՍ» ՍՊ, «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ և «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերությունների հետ։
Ցանցային օպերատորը Հանձնաժողով է ներկայացրել նաև 2023 թվականի հասույթի գոյացման բացվածքը և չափի վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաև իր կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկը։
Ցանցային օպերատորն ամբողջությամբ վճարել է 2023 թվականի մայիսի 11-ին «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված տուգանքները՝ թիվ 41-Ա որոշմամբ՝ 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ և թիվ 42-Ա որոշմամբ՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և վճարման անդորրագրերը ներկայացրել է Հանձնաժողով։
Այսպիսով, սույն գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի ուսումնասիրության շրջանակներում Հանձնաժողովն արձանագրում է, որ Հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 19-ի թիվ 25-Ա որոշմամբ ցանցային օպերատորի նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը, կիրառվել է երեսուն օր ժամկետով՝ 2024 թվականի փետրվարի 26-ից մարտի 26-ը, և կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից՝ 2024 թվականի մարտի 27-ից, քանի որ վերացվել են ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցման հիմք հանդիսացած խախտումները։
Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ hեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը:
«Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
Լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:
«Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է.
Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից:
Վերը նշված փաստական և իրավական հիմնավորումներից ակնհայտ է, որ Հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 19-ի թիվ 25-Ա որոշմամբ լիցենզիայի գործողությունը կասեցվել է երեսուն օր ժամկետով, հետևաբար, «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից՝ 2024 թվականի մարտի 27-ից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով ` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.
1. Վերացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 19-ի թիվ 25-Ա որոշմամբ «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը, 2024 թվականի մարտի 27-ին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մարտի 27-ին:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
2024 թ. մարտի 22 ք. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|