ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2024 թվականի N 1153-Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի N 110-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ Սիմոնյան կրթական հիմնադրամի և Արմավիրի համայնքապետարանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա Թումո կենտրոն կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Բաղրամյան 9 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 04-001-0014-0002 կադաստրային ծածկագրով 0.709242 հեկտար բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (սեփականության վկայական N 13122023-04-0021) և վերջինիս վրա գտնվող թիվ 12 մսուր-մանկապարտեզի 1832․1 քառ. մ մակերեսով վթարային շենքը Սիմոնյան կրթական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված Թումո կենտրոնի կառուցման ծրագրի շրջանակներում հողամասն անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերությամբ տրամադրելու գործարքների հիմնական պայմանները` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ Թումո կենտրոնի կառուցման ծրագիրը մինչև 2027 թվականի մայիսի 31-ը չիրականացնելու դեպքում ներկայացնել առաջարկություն սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, իսկ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին առաջարկել լուծել Սիմոնյան կրթական հիմնադրամի հետ կնքված պայմանագիրը։
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթ, համաձայն որի Թումո կենտրոնի կառուցման ծրագիրը մինչև 2027 թվականի մայիսի 31-ը չիրականացնելու դեպքում պայմանագիրը լուծելուց հետո հողամասը և դրա վրա առկա անշարժ գույքերը սեփականության իրավունքով անցնում են համայնքին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
25.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 25-ի N 1153-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԹՈՒՄՈ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գույք նվիրաբերողը |
ՀՀ Արմավիրի մարզ, Արմավիր համայնք |
Սեփականության իրավունք ձեռք բերողը (նվիրառու) |
«Սիմոնյան» կրթական հիմնադրամ |
Նվիրաբերման պայմանագրի կնքման ժամկետը |
Հողամասը նվիրաբերող մարմնի կողմից որոշումը կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում |
Հողի սեփականության իրավունքների փոխանցում |
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից |
Նվիրաբերման պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվում են |
«Սիմոնյան» կրթական հիմնադրամի միջոցներով |
Կողմերի պարտավորությունները |
1. Նվիրաբերողը պարտավորվում է՝ 1) նվիրառուին տրամադրել երրորդ անձանց իրավունքներից, փաստացի տիրապետումից ազատ հողամաս. 2) իր լիազորությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրառուին տրամադրել Թումո ստեղծարարական կենտրոնի կառուցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները: 2. Նվիրառուն պարտավոր է՝ 1) հողամասն օգտագործել բացառապես Թումո կենտրոն կառուցելու նպատակով` շահագործման ամբողջ ընթացքում. 2) մինչև 2027 թվականի մայիսի 31-ը, առնվազն 530.000.000 /հինգ հարյուր երեսուն միլիոն/ դրամի բարեգործական ծրագրի շրջանակներում կառուցել Թումո ստեղծարարական կենտրոն, ժամանակակից կահավորմամբ, որը պետք է սպասարկի շաբաթական 2300 երեխա. 3) բացառել իր կողմից նվիրաբերման կարգով ձեռք բերված հողամասի օտարումը, գրավադրումը, վարձակալության կամ օգտագործման տրամադրումը, կամ այլ ձևով ծանրաբեռնումը: |
Կողմերի պատասխանատվությունը |
Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
25.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |