ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, |
ԱՎԴ4/0002/11/23 | ||
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում,
Ա. Վարդանյան
նախագահող դատավոր՝
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ | ||
|
Ս. Օհանյանի |
19 ապրիլի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 21-ի որոշման դեմ դիմող Կարեն Խաչիկի Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2021 թվականի մարտի 27-ին ՀՀ ոստիկանության Վայքի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 21150821 քրեական գործը։
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ Արման Գառնիկի Խչեյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
2. Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Է.Ծատուրյանի՝ 2022 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Խչեյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրված արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով:
3. Վայոց ձորի մարզի դատախազ Ա.Ավետիսյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ վերոնշյալ որոշման դեմ դիմող Կարեն Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանի բողոքը մերժվել է:
4. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ դիմող Կ.Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանի բողոքը մերժվել է:
5. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի մարտի 21-ի որոշմամբ դիմող Կ.Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող Կ.Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի մայիսի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
7. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 21-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ, թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետևության` փաստելով, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 2023 թվականի մարտի 10-ին, քանի որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքն իր կողմից դատարան է ներկայացվել է 2023 թվականի մարտի 9-ին։
Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանից պահանջվել և ստացվել են իր կողմից բողոքին կից ուղարկված ծրարների և փոստային անդորրագրերի պատճենները, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի գրասենյակի պետի պաշտոնակատարի տեղեկանքի պատճենն այն մասին, որ գրասենյակի առաջատար մասնագետ Լ.Գրիգորյանի կողմից ներկայացվել է զեկուցագիր, համաձայն որի՝ 2023 թվականի մարտի 13-ին դատարանում ստացված հատուկ վերանայման բողոքները սկանավորելիս, սխալմամբ թիվ ԵԴ/1036/01/22 գործով հատուկ վերանայման բողոքին կցված անդորրագիրը և ծրարը կցել է ԱՎԴ4/0002/11/23 գործով հատուկ վերանայման բողոքին, իսկ ԱՎԴ4/0002/11/23 գործով հատուկ վերանայման բողոքին կից անդորրագիրն ու ծրարը՝ թիվ ԵԴ/1036/01/22 գործով հատուկ վերանայման բողոքին:
Բողոքաբերը նշել է, որ իր կողմից դատարան ուղարկված փոստային ծրարի և անդորրագրի պատճեններում հստակ երևում է, որ բողոքը փոստին հանձնվել է 2023 թվականի մարտի 9-ին, այսինքն՝ բողոքարկման՝ օրենքով նախատեսված ժամկետի ընթացքում: Ուստի, բողոքաբերը հանգել է հետևության, որ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան է ներկայացվել սահմանված ժամկետում:
Արդյունքում, բողոքաբերը եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը Կարեն Մարգարյանին զրկելով դատարանում իր դիրքորոշումը ներկայացնելու և պաշտպանելու հնարավորությունից, խախտել է կողմերի հավասարության և մրցակցության դատավարական սկզբունքը, ոչ իրավաչափ կերպով սահմանափակել է առաջին ատյանի դատարանի դատական ակտը բողոքարկելու հնարավորությունը: Անհամաչափորեն սահմանափակվել են անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, ինչպես նաև իր իրավաչափ շահերին վերաբերող հարցերն օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայելու իրավունքը:
8. Բացի այդ, բողոքաբերն անդրադարձել է նաև Առաջին ատյանի դատարանի դատական ակտին՝ նշելով, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է չպատճառաբանված, անհիմն, հետևաբար, ոչ իրավաչափ դատական ակտ, մասնավորապես, քրեական վարույթն իրականացվել է միակողմանի, լիարժեք չեն բացահայտվել դեպքի հանգամանքները, ձեռք բերված ապացույցներն ու հանգամանքները մեկնաբանվել են մեկուսի, ինչպիսի պայմաններում հնարավորություն է առաջացել որպեսզի իրական մեղավորներն ազատվեն քրեական պատասխանատվությունից, որի համար մի շարք էական հանգամանքներ ընդհանրապես անտեսվել են, կարևոր վարութային և քննչական գործողություններ չեն կատարվել, ինչի հետևանքով նախաքննությունը մտել է արհեստական փակուղի և վաղաժամ որոշում է կայացվել Արման Խչեյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, և վերջինս անհիմն ազատվել է քրեական պատասխանատվությունից։
9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, վարույթի հանրային մասնակցին պարտավորեցնել կայացնել՝ Կ.Մարգարյանի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարույթային ակտեր՝ վերացնելով Վայոց ձորի մարզի դատախազ Է.Ծատուրյանի՝ 2022 թվականի նոյեմբերի 3-ին կայացված՝ Ա.Խչեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
10. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 8-ի որոշումը դիմող Կ.Մարգարյանի ներկայացուցիչ ԱՀակոբյանը ստացել է 2023 թվականի փետրվարի 27-ին1։
10.1. «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն՝ LO108460193AM բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2023 թվականի մարտի 9-ին2:
10.2․ Սույն գործի նյութերում առկա փոստային անդորրագրի պատճենի համաձայն՝ դիմող Կ.Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ստացվել է 2023 թվականի մարտի 13-ին3։
10.3. Վերաքննիչ դատարանի գրասենյակի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Աղայանի՝ 2023 թվականի մարտի 27-ի տեղեկանքի պատճենի համաձայն՝ գրասենյակի առաջատար մասնագետ Լ.Գրիգորյանի կողմից ներկայացվել է զեկուցագիր այն մասին, որ 2023 թվականի մարտի 13-ին, դատարանում ստացված հատուկ վերանայման բողոքները սկանավորելիս, սխալմամբ թիվ ԵԴ/1036/01/22 գործով հատուկ վերանայման բողոքին կցված անդորրագիրը և ծրարը կցել է ԱՎԴ4/0002/11/23 գործով հատուկ վերանայման բողոքին, իսկ ԱՎԴ4/0002/11/23 գործով հատուկ վերանայման բողոքին կից անդորրագիրն ու ծրարը՝ թիվ ԵԴ/1036/01/22 գործով հատուկ վերանայման բողոքին4:
10.4 Դիմող Կ.Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանի՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 8-ի որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքի ծրարների, ստացականների պատճենների համաձայն՝ հատուկ վերանայման բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 2023 թվականի մարտի 9-ին5:
11. Դատական վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) Կ.Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանն Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը ստացել է դեռևս 2023 թվականի փետրվարի 27-ին, որի պայմաններում բողոքարկման ժամկետի հոսքը պետք է հաշվարկվեր այդ օրվա գիշերվա զրո ժամից և ավարտվեր 2023 թվականի մարտի 9-ին՝ ժամը 24:00-ին:
Մինչդեռ, բողոքաբերը հատուկ վերանայման բողոքը փոստային ծառայությանը հանձնել է 2023 թվականի մարտի 10-ին, այսինքն՝ բողոքարկման ժամկետը լրանալուց 1 օր անց:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հատուկ վերանայման բողոք ներկայացնելիս բողոքաբերը (…) հատուկ վերանայման բողոքը ներկայացրել է ժամկետանց, բողոքում չի ներկայացրել բողոքարկելու դատավարական ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու ու վերականգնելու միջնորդություն և այն հիմնավորող փաստարկներ, ուստի՝ Կ.Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքն անհրաժեշտ է թողնել առանց քննության (…)»6։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք դիմող Կ.Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը։
13. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։
ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։
Վճռաբեկ դատարանը, արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող` դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական բողոքարկման դատավարական ժամկետների պահպանության ստուգման հարցին, արձանագրել է, որ անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումները բացառելու նպատակով ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին դատարանների եզրահանգումները պետք է կառուցվեն հստակ և որոշակի փաստական հանգամանքներից բխող հետևությունների վրա` ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը7։
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը 24․00-ին: Ժամկետն ամիսներով կամ տարիներով հաշվելիս ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետն ավարտվում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետը լրանալու օրը ոչ աշխատանքային է, ապա ժամկետի վերջին օր է համարվում դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը, սակայն այս կանոնը չի կիրառվում անձի ազատության սահմանափակման հետ կապված ժամկետները հաշվելիս:
4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, (…)»։
Նույն օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում»:
15. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով՝ դատական ակտերի բողոքարկման հնարավորություն, միևնույն ժամանակ նախատեսել է դրա իրականացման հստակ կանոններ։ Այսպես, ընդհանուր կանոնի համաձայն՝ ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքը սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 8-ի որոշումը դիմողի ներկայացուցիչ Ա.Հակոբյանը ստացել է 2023 թվականի փետրվարի 27-ին8,
- «Հայփոստ» ՓԲ ընկերությունը դիմողի ներկայացուցիչ Ա.Հակոբյանից առաքանին ընդունել է 2023 թվականի մարտի 9-ին9,
- 2023 թվականի մարտի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ստացվել է դիմող Կ.Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը10,
- Վերաքննիչ դատարանի գրասենյակի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Աղայանի՝ 2023 թվականի մարտի 27-ի տեղեկանքի համաձայն՝ գրասենյակի առաջատար մասնագետ Լ.Գրիգորյանի կողմից ներկայացվել է զեկուցագիր այն մասին, որ 2023 թվականի մարտի 13-ին, դատարանում ստացված հատուկ վերանայման բողոքները սկանավորելիս, սխալմամբ թիվ ԵԴ/1036/01/22 գործով հատուկ վերանայման բողոքին կցված անդորրագիրը և ծրարը կցել է թիվ ԱՎԴ4/0002/11/23 գործով հատուկ վերանայման բողոքին, իսկ թիվ ԱՎԴ4/0002/11/23 գործով հատուկ վերանայման բողոքին կից անդորրագիրն ու ծրարը՝ թիվ ԵԴ/1036/01/22 գործով հատուկ վերանայման բողոքին11,
- Վերաքննիչ դատարանը 2023 թվականի մարտի 21-ի որոշմամբ դիմող Կ.Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանի հատուկ վերանայման բողոքը թողել է առանց քննության՝ փաստելով, որ նա Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը ստացել է դեռևս 2023 թվականի փետրվարի 27-ին, որի պայմաններում բողոքարկման ժամկետի հոսքը պետք է հաշվարկվեր այդ օրվա գիշերվա զրո ժամից և ավարտվեր 2023 թվականի մարտի 9-ին՝ ժամը 24:00-ին: Մինչդեռ, բողոքաբերը հատուկ վերանայման բողոքը փոստային ծառայությանը հանձնել է 2023 թվականի մարտի 10-ին12։
17. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմող Կ.Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանը, Առաջին ատյանի դատարանի որոշումը 2023 թվականի փետրվարի 27-ին ստացած լինելու պարագայում, վերաքննիչ բողոքը «Հայփոստ» ՓԲ ընկերությանը ներկայացրել է 2023 թվականի մարտի 9-ին, սակայն դատարանի գրասենյակի աշխատակցի թույլ տված սխալի արդյունքում՝ մեկ այլ գործով անդորրագրի հիման վրա բողոքի ժամկետը հաշվելով 2023 թվականի մարտի 10-ից, Վերաքննիչ դատարանը պաշտպանի բողոքը թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
18. Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմող Կ.Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանը, 2023 թվականի մարտի 9-ին վերաքննիչ բողոքարկման 10-օրյա ժամկետի պահպանմամբ է ներկայացրել հատուկ վերանայման բողոքը, սակայն Վերաքննիչ դատարանը դատական ակտի բողոքարկման ժամանակային սահմանափակումները կիրառել է ոչ իրավաչափորեն՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամկետի վերաբերյալ հանգելով սխալ եզրահանգման։
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դիմող` Կ.Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:
19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ և 362-րդ հոդվածների, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 21-ի որոշումը բեկանելու և վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար13։ Վերաքննիչ դատարանը նոր քննության ընթացքում պետք է քննարկման առարկա դարձնի վերաքննիչ բողոքը և հանգի համապատասխան եզրակացության:
20. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ պարագայում հնարավորություն չունի անդրադառնալու բողոքաբերի՝ սույն որոշման 8-րդ կետում մատնանշված փաստարկներին, նկատի ունենալով, որ նրա վերաքննիչ բողոքը քննարկման առարկա չի դարձվել Վերաքննիչ դատարանում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի փետրվարի 8-ի որոշման դեմ դիմող Կարեն Խաչիկի Մարգարյանի ներկայացուցիչ Ա.Հակոբյանի հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 21-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
___________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 157:
2 Տե'ս https://www.haypost.am:
3 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 1-7:
4 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 24:
5 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 25-26:
6 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 14-15:
7 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վարտգես Գասպարիի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0067/11/16 որոշումը, 15-րդ կետ, Անդրանիկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը:
8 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
9 Տե՛ս սույն որոշման 10.1-րդ կետը:
10 Տե՛ս սույն որոշման 10.2-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 10.4-րդ կետը:
12 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
13 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: