Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
19.07.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

ԿԴ1/0049/01/19

նախագահող դատավոր`

 Վ. Ստեփանյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

 

նախագահող դատավոր՝

 Ռ. Մխիթարյան

դատավորներ՝

 Ա. Նիկողոսյան

 Ա. Բեկթաշյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

19 հուլիսի 2024 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալներ Մարկոս Գևորգի Մարկոսյանի և Ռոբերտ Սարիբեկի Մանուկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 20115219 քրեական գործը։

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ Մարկոս Գևորգի Մարկոսյանը ձերբակալվել է։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 20115419 քրեական գործը, և միացվել թիվ 20115219 քրեական գործին։

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ Ռոբերտ Սարիբեկի Մանուկյանը ձերբակալվել է։

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ Մ.Մարկոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 2-րդ մասով։

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ Մ.Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ Ռ.Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով։

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ մեղադրյալ Ռ.Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով։

ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում, 2019 թվականի օգոստոսի 12-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 62221819 քրեական գործը:

2019 թվականի օգոստոսի 14-ին թիվ 20115219 քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության վարույթ, և 2019 թվականի օգոստոսի 14-ին միացվել է թիվ 62221819 քրեական գործին։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ մեղադրյալ Ռ.Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով՝ գրավի չափ սահմանվելով 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամը։

Վերոնշյալ դատական ակտը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ բեկանվել է, և մեղադրյալ Ռ.Մանուկյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ մեղադրյալ Մ.Մարկոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով՝ գրավի չափ սահմանվելով 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամը։

Վերոնշյալ դատական ակտը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ բեկանվել է, և մեղադրյալ Մ.Մարկոսյանին կալանքից գրավով ազատելը ճանաչվել է անթույլատրելի։

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ Արամ Արամայիսի Շահումյանը ճանաչվել է տուժող։

Նախաքննության մարմինը՝ 2019 թվականի նոյեմբերի 8-ին որոշում է կայացրել ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներ Արտակ Ղազարյանի, Անդրանիկ Մելոյանի, Արթուր Իսկանդարյանի, Պարգև Խանզադյանի, Արթուր Այվազյանի, Ալիկ Մանուկյանի, Գեորգի Հարությունյանի, Գարեգին Հարությունյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ Պարգև Խանզադյանի և Արթուր Այվազյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցադեպի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի նոյեմբերի 8-ի որոշմամբ Մ.Մարկոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի նոյեմբերի 8-ի որոշմամբ Ռ.Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ մեղադրյալ Մ.Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխարինվել է գրավով։

2019 թվականի նոյեմբերի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)։

Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ մեղադրյալ ՌՄանուկյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը ևս փոխարինվել է գրավով:

2. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի ապրիլի 12-ի դատավճռով ամբաստանյալ Մարկոս Մարկոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ Մ.Մարկոսյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացվել է և նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել տուգանք՝ 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Որպես խափանման միջոց կիրառված գրավը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Նույն դատավճռով Ռոբերտ Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ Ռ.Մանուկյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացվել է, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել տուգանք՝ 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

Որպես խափանման միջոց կիրառված գրավը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

3. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ, գործով մեղադրող ԱՄարգարյանի, ամբաստանյալ Մ.Մարկոսյանի պաշտպան Ա.Սարդարյանի, ամբաստանյալ Ռ.Մանուկյանի պաշտպաններ Հ.Սարգսյանի ու Վ.Դանիելյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի մարտի 9-ի որոշմամբ բողոքները մերժել է, մասնակիորեն բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 12-ի դատավճիռը. Մարկոս Մարկոսյանին մեղավոր է ճանաչել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 486-րդ հոդվածի 1-ին մասով, 452-րդ հոդվածի 1-ին մասով, և վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով նրան ազատել քրեական պատախանատվությունից։

Ռոբերտ Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-486-րդ հոդվածի 1-ին մասով, և վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատվել քրեական պատախանատվությունից։

Մ.Մարկոսյանի և Ռ.Մանուկյանի նկատմամբ կիրառված գրավ խափանման միջոցները վերացվել են և գրավի գումարները վերադարձվել են գրավատուներին։

Սույն գործով առկա է դատավոր Ա.Բեկթաշյանի հատուկ կարծիքը:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և գնահատել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելուն առնչվող ՀՀ գործող քրեական օրենսգրքի կարգավորումները, որի արդյունքում առանց իրավաչափ հիմքի, Ռ.Մանուկյանին և Մ.Մարկոսյանին ազատել է քրեական պատասխանատվությունից, որով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի էական խախտում, և միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Մ.Մարկոսյանի և Ռ.Մանուկյանի կատարած հանցավոր արարքների համար նախատեսված պատժի մեղմացման հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի նորմի կիրառման ուժով վերջիններիս արարքները համապատասխանել են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասին և 452-րդ հոդվածի 1-ին մասին, որոնք հանդիսանում են ոչ մեծ ծանրության հանցանքներ, որոնց վաղեմության ժամկետը 5 տարի է: Սակայն, Վերաքննիչ դատարանը, Մ.Մարկոսյանի և Ռ.Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս, հիմք է ընդունել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված՝ ոչ մեծ ծանրության հանցագործության վաղեմության ժամկետը (երկու տարի)՝ անտեսելով այն հանգամանքը, որ արարքների կատարման պահին գործող օրենքով Մ.Մարկոսյանի և Ռ.Մանուկյանի արարքները հանդիսացել են ոչ թե ոչ մեծ, այլ՝ միջին ծանրության հանցագործություններ, որոնց վաղեմության ժամկետը արարքի կատարման պահին գործող օրենքով եղել է 5 տարի:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 9-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Մարկոս Մարկոսյանը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ է ներգրավվել այն բանի համար, որ «(...) [Ն]ա գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ միջամտել է քննիչի գործողություններին և իշխանության ներկայացուցչի նկատմամբ գործադրել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության սպառնալիք:

Այսպես.

2019թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 15 կմ հատվածում գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձից հետո, ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում քննվող թիվ 20115119 քրեական գործով նշված տարածքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որին մասնակցել է Մարկոս Մարկոսյանը:

Նույն օրը՝ ժամը 16։30-ի սահմաններում, դեպքի վայրի զննության ընթացքում, դեպքի վայր հանդիսացող` ժապավեններով սահմանազատված տարածքից հանցագործության հետքեր կրող «Ռենջ Ռովեր» մակնիշի 555 LL 05 հաշվառման համարանիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ, առանց դեպքի վայրի զննությունն իրականացնող` ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Արթուր Ղազարյանի և դեպքի վայրի պահպանությունն իրականացնող` ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի ծառայողներ` Արամ Շահումյանի, Կարեն Հովհաննիսյանի և Գրիշա Ղարախանյանի թույլտվության դեպքի վայրի տարածք է մուտք գործել Ռոբերտ Մանուկյանը:

Դեպքի վայրի տարածքում վերոհիշյալ ավտոմեքենան տեղափոխելու հարցի վերաբերյալ Ռոբերտ Մանուկյանը վիճաբանության մեջ է մտել քննիչի և դեպքի վայրի տարածքի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ եղբոր հիշյալ ավտոմեքենան պետք է տեղափոխի իր նախընտրած տարածք, ապա չենթարկվելով նման վարքագիծը դադարեցնելուն ուղղված` դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանների և քննիչի հորդորներին, դեպքի վայրի զննության մասնակից՝ Մարկոս Մարկոսյանին կարգադրել է «Ռենջ Ռովեր» մակնիշի 555 LL 05 հաշվառման համարանիշի ավտոմեքենան դուրս բերել դեպքի վայրից:

Այնուհետև, Մարկոս Մարկոսյանը, Ռոբերտ Մանուկյանի դրդմամբ, գիտակցելով, որ դեպքի վայրում գտնվող «Ռենջ Ռովեր» մակնիշի 555 LL 05 հաշվառման համարանիշի ավտոմեքենան իր վրա կրում է հանցագործության հետքեր, որի հետ կապված իրավապահ մարմինների կողմից արգելվել է առանց թույլտվության հիշյալ ավտոմեքենան դեպքի վայրից տեղափոխելը, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ միջամտել է քննիչի գործողություններին՝ նստել է ավտոմեքենան և չենթարկվելով ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 04-ի թիվ 1106-Ն որոշմամբ սահմանված կարգով դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցներ Արամ Շահումյանի ու Կարեն Հովհաննիսյանի օրինական պահանջներին, այն է՝ ավտոմեքենան չտեղափոխելը և դեպքի վայրը չլքելը, գործի է դրել ավտոմեքենան, այն կտրուկ տեղից շարժելու և Արամ Շահումյանի ուղղությամբ վարելու ձևով վերջինիս կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության սպառնալիքի գործադրմամբ, հատել է դեպքի վայրի սահմանազատման համար ամրացված ժապավենը, և ավտոմեքենան հեռացրել դեպքի վայրից (…)»1:

8. Ռոբերտ Մանուկյանը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ է ներգրավվել այն բանի համար, որ. «[Ն]ա, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ դրդել է Մարկոս Մարկոսյանին միջամտել քննիչի գործողություններին, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.

2019թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 15 կմ հատվածում եղբոր` Մելիք Մանուկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձից հետո, դեպքի վայր հանդիսացող` ժապավեններով սահմանազատված տարածքից հանցագործության հետքեր կրող «Ռենջ Ռովեր» մակնիշի 555 LL 05 հաշվառման համարանիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ, առանց դեպքի վայրի զննությունն իրականացնող` ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Արթուր Ղազարյանի և ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 04-ի թիվ 1106-Ն որոշմամբ սահմանված կարգով դեպքի վայրի պահպանությունն իրականացնող` ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի ծառայողներ` Արամ Շահումյանի, Կարեն Հովհաննիսյանի և Գրիշա Ղարախանյանի թույլտվության մուտք է գործել դեպքի վայր հանդիսացող` ժապավեններով սահմանազատված տարածք:

Դեպքի վայրի տարածքում հիշյալ ավտոմեքենան տեղափոխելու հարցի վերաբերյալ վիճաբանության մեջ է մտել քննիչի և դեպքի վայրի տարածքի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ եղբոր ավտոմեքենան պետք է տեղափոխի իր նախընտրած տարածք, ապա, չենթարկվելով նման վարքագիծը դադարեցնելուն ուղղված` դեպքի վայրի պահպանություն իրականացնող ոստիկանների և քննիչի հորդորներին, դեպքի վայրի զննության մասնակից, եղբոր` Մելիք Մանուկյանի անվտանգության աշխատակից Մարկոս Մարկոսյանին կարգադրել և այդ կերպ վերջինիս դրդել է «Ռենջ Ռովեր» մակնիշի 555 LL 05 հաշվառման համարանիշի ավտոմեքենան դուրս բերել դեպքի վայրից:

Այնուհետև, Մարկոս Մարկոսյանը, Ռոբրետ Մանուկյանի դրդմամբ գործի է դրել ավտոմեքենան և վարելու ընթացքում դեպքի վայրի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության սպառնալիքի գործադրմամբ, հատել է դեպքի վայրի սահմանազատման համար ամրացված ժապավենը, ավտոմեքենան դուրս բերել դեպքի վայրից ու հեռացել (…)»2:

9. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(...) Դատարանը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված է համարում, որ ամբաստանյալ Մ.Մարկոսյանը կատարել է սույն դատավճռ[ում] արձանագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ռ.Մանուկյանը՝ (…) ՀՀ քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով իրենց մեղսագրվող արարքները, և դրանք կատարելու համար ենթակա են քրեական պատասխանատվության ու պատժի:

(…)

Քննարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցը, դատարանը գտնում է, որ սույն գործով ամբաստանյալներ Մ.Մարկոսյանի և Ռ.Մանուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի՝ վերը նշված հոդվածների սանկցիաներով նախատեսված նվազ խիստ պատժատեսակի` տուգանքի ձևով, նշանակմամբ կհասնի պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը:

(…)

Սույն գործով ամբաստանյալներ Մ.Մարկոսյանն ու Ռ.Մանուկյանը մինչև դատական քննությունը գտնվել են կալանքի տակ՝ համապատասխանաբար Մ.Մարկոսյանը՝ 2 (երկու) ամիս 9 (ինը) օր, իսկ Ռ.Մանուկյանը՝ 1 (մեկ) ամիս 26 (քսանվեց) օր:

Նման պայմաններում, ելնելով քրեական պատասխանատվության և պատժի անհատականացման սկզբունքից, ինչպես նաև հաշվի առնելով ամբաստանյալների՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը՝ դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Մ.Մարկոսյանի և Ռ.Մանուկյանի նկատմամբ նշանակվող տուգանքի ձևով պատիժները պետք է մեղմացնել (…)»3:

10. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ ՄՄարկոսյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ, իսկ ՌՄանուկյանին՝ նույն օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ մեղավոր ճանաչելով՝ Առաջին ատյանի դատարանը բարեխիղճ գնահատման է ենթարկել գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված բոլոր ապացույցները, որի արդյունքում թույլ չի տվել դատական սխալ՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։

Դրա հետ մեկտեղ, սակայն, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտն Առաջին ատյանի դատարանի կողմից կայացվելուց հետո ի հայտ է եկել այնպիսի իրավական հանգամանք, որը նշված դատական ակտը համապատասխան մասով դարձրել է ոչ իրավաչափ։

(…)

Այլ կերպ՝ բողոքարկված դատական ակտն Առաջին ատյանի դատարանի կողմից կայացվելուց հետո ի հայտ է եկել այնպիսի իրավական հանգամանք, որն ինքնին հանգեցնում է ամբաստանյալներ ՄՄարկոսյանի և ՌՄանուկյանի արարքներին նոր՝ ամբաստանյալների համար բարենպաստ քրեաիրավական գնահատական տալուն։ Ուստի Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ ՄՄարկոսյանի արարքները պետք է որակել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ամբաստանյալ ՌՄանուկյանի արարքը՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 46-486-րդ հոդվածի 1-ին մասով։

(…) Վերաքննիչ դատարանը, նախ հարկ է համարում փաստել, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով, 46-486-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունները դասվում են ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, ամբաստանյալներ ՄՄարկոսյանը և ՌՄանուկյանը, ըստ գործի նյութերի, հանդիսանում են առաջին անգամ հանցանք կատարած, իսկ վերը նշված նույն օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման։ Ուստի մեղադրողի վերաքննիչ բողոքը՝ ամբաստանյալների նկատմամբ ազատազրկման ձևով համաչափ պատիժ նշանակելու պահանջով, ինքնին ենթակա է մերժման, որպիսի պայմաններում դրան առավել մանրամասն անդրադառնալու իրավական արժեքը բացակայում է։

Դրա հետ մեկտեղ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերը նշված համապատասխան արարքները, որոնք, ինչպես արդեն նշվեց, դասվում են ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, կատարվել են 2019 թվականի օգոստոսի 2-ին, երբ ոչ մեծ ծանրության հանցագործության համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը, եթե այն չի ընդհատվել կամ կասեցվել, տվյալ պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի դրույթների ուժով եղել է երկու տարի՝ հանցանքն ավարտված համարելու օրվանից հետո, իսկ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական օրենսդրությամբ այդ ժամկետը հինգ տարի է։

2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի»։

Մեջբերված նորմի լույսի ներքո Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վաղեմության ժամկետների հաշվարկի մասով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի դրույթներն ամբաստանյալների վիճակը վատթարացնող լինելու հիմքով կիրառելի չեն, ուստի այդ մասով կիրառման են ենթակա հանցանքների կատարման պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի դրույթները։
Միևնույն ժամանակ, ինչպես արդեն վերը նշվեց, սույն գործով հաստատված հանցանքներն ամբաստանյալների կողմից կատարվել են 2019 թվականի օգոստոսի 2-ին, այդ հանցանքները կատարելու մեջ ամբաստանյալների մեղքը հաստատող և օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ 2021 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ չի եղել, ինչպես ամբաստանյալ ՄՄարկոսյանի, այնպես էլ ամբաստանյալ ՌՄանուկյանի պարագայում քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետի ընթացքը սույն գործով չի կասեցվել և չի ընդհատվել, ամբաստանյալներից յուրաքանչյուրն ինչպես Առաջին ատյանի դատարանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում իրացրել է մեղադրանքը վիճարկելու իր իրավունքը, որպիսի պայմաններում վաղեմության ժամկետի կիրառման պարտականությունը կրում է դատարանը։

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ ՄՄարկոսյանի արարքները որակելով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով ու 452-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ամբաստանյալ ՌՄանուկյանի արարքը՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 46-486-րդ հոդվածի 1-ին մասով՝ վերջիններիս պետք է ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով (…)»4:

Դատավոր Ա.Բեկթաշյանը ներկայացրել է հատուկ կարծիք, գտնելով, որ Ռոբերտ Սարիբեկի Մանուկյանի մեղքը չի հիմնավորվել, ուստի վերջինը պետք է արդարացվեր՝ արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով5:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունը՝ Մ.Մարկոսյանին և Ռ.Մանուկյանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:

12. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։

ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:

2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։

(...)

4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։

(...)

6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արդարադատության կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը կամ գործի քննությունը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը:

3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Ոչ մեծ ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 2 տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:

3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1.Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) 5 տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում.

2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում. (…)»:

12.1. ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ հոդվածներով ամրագրված երաշխիքը, որը նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք է, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ է գրավում, որը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը, որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձութամբ տարածելու իրավական հնարավորությունը։

Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից6։

Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով7: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով8։

13. Վերոնշյալ հարցի առնչությամբ հատկանշական է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան կամ Դատարան) ձևավորած այն դիրքորոշումը, որ Դատարանի համար հետաքրքրություն չեն ներկայացնում ներպետական իրավունքում հանցագործություններին տրված անվանումները կամ [դրանց] ձևական դասակարգումները9։ Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքի շրջանակներում արձանագրել է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 7-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով Դատարանը նախևառաջ քննության առարկա է դարձնում այն հարցը, թե արդյո՞ք վիճելի արարքները դրանց կատարման պահի դրությամբ համարվել են հանցավոր և բավարար կանխատեսելիությամբ սահմանված են եղել ներպետական քրեական օրենսդրությամբ, թե ոչ և արդյո՞ք նշանակված պատիժը գերազանցել է հանցանքը կատարելու պահին գործող դրույթներով նախատեսված պատժի սահմանները, թե ոչ10։

Գ.-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանը, անդրադառնալով դիմումատուի դատապարտմանն ըստ նոր փոփոխված քրեական օրենսգրքի դրույթների, որոնք ուժի մեջ էին մտել հանցավոր արարքները կատարելուց հետո, եզրահանգել է, որ վիճելի արարքներն ընդգրկվում էին քրեական օրենսգրքի ինչպես նախկին, այնպես էլ նոր փոփոխված համապատասխան դրույթների շրջանակներում` արդյունքում արձանագրելով, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել11։

14. Վճռաբեկ դատարանը Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով նախադեպային դիրքորոշում է ձևավորել նոր քրեական օրենսդրությամբ հանցանքի դասակարգման խմբի փոփոխության դեպքում վաղեմության ժամկետների վերաբերյալ, որում անդրադարձել է նաև այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված վաղեմության ժամկետը չի փոփոխվում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս դեպքում օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք։ Միևնույն ժամանակ, արդեն միջին ծանրության հանցանք համարվող այդ նույն արարքի վաղեմության ժամկետը նոր օրենքով չի փոփոխվել և ՀՀ նախկին քրեական օրենսգրքով ծանր հանցանքի համար նախատեսված վաղեմության ժամկետի պես, տասը տարի է։ Հետևաբար, այս դեպքում ևս կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։

Քրեական օրենքի հետադարձության կանոնների համաձայն՝ տվյալ իրավիճակում նախկին օրենքով ծանր հանցագործության համար նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը համեմատելով նոր օրենքով միջին ծանրության հանցանքի համար սահմանված վաղեմության ժամկետի հետ, կարող ենք արձանագրել, որ թեև հանցանքի տեսակը մեղմացել է, սակայն վաղեմության ժամկետները մնացել են անփոփոխ։ Հետևաբար, շարունակում է գործել տվյալ արարքի համար վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու տասնամյա ժամկետը։

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ12:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Մ.Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ռ.Մանուկյանին՝ նույն օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով13:

- Առաջին ատյանի դատարանի դատավճռով Մ.Մարկոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և որպես վերջնական պատիժ սահմանվել է տուգանք՝ 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, իսկ Ռ.Մանուկյանը մեղավոր է ճանաչվել նույն օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես վերջնական պատիժ սահմանվել է տուգանք՝ 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով14:

- Վերաքննիչ դատարանը, Մ.Մարկոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով ու 452-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ռ.Մանուկյանին՝ նույն օրենսգրքի 46-486-րդ հոդվածի 1-ին մասով, և վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով նրանց ազատել է քրեական պատախանատվությունից: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը նշել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու արդյունքում Մ.Մարկոսյանին և Ռ.Մանուկյանին վերագրվող արարքները ոչ մեծ ծանրության հանցագործություններ են, սակայն, քանի որ վաղեմության ժամկետների հաշվարկի մասով ՀՀ գործող քրեական օրենսգրքի դրույթը ամբաստանյալների վիճակը վատթարացնող լինելու հիմքով կիրառելի չէ, ուստի այդ մասով կիրառման է ենթակա հանցանքների կատարման պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնը15։

16. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Մ.Մարկոսյանին և Ռ.Մանուկյանին վերագրվող հանցանքները ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվել են ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին, սակայն վաղեմության ժամկետի հաշվարկի առումով օրենսդրական այդ փոփոխությունը բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի թե արարքի կատարման պահին, թե ՀՀ գործող քրեական օրենսգրքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է 5 տարի:

Մասնավորապես, արարքի կատարման պահին մեղադրյալներին վերագրվող հանցանքները միջին ծանրության են, որոնց վաղեմության ժամկետը 5 տարի է: ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու արդյունքում մեղադրյալներին վերագրվող հանցանքները ոչ մեծ ծանրության են, որոնց վաղեմության ժամկետը կրկին 5 տարի է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված ոչ մեծ ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (5 տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված ոչ մեծ ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (2 տարի) հետ։

Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը16:

17. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Մ.Մարկոսյանին և Ռ.Մանուկյանին քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետն անցել է, իրավաչափ չէ, քանզի տվյալ դեպքում առկա չէ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքը. արարքի կատարման պահին միջին ծանրության հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվել է արարքի կատարման պահին ոչ մեծ ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր:

18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 9-ի որոշումը բեկանելու և վարույթը Վերաքննիչ դատարան` նոր քննության փոխանցելու համար։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ, 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Մեղադրյալներ Մարկոս Գևորգի Մարկոսյանի և Ռոբերտ Սարիբեկի Մանուկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 9-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

_____________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 4, թերթեր 252-253:

2 Տե՛ս նյութեր, հատոր 4, թերթեր 265-266:

3 Տե՛ս նյութեր, հատոր 9, թերթեր 40-69:

4 Տե՛ս նյութեր, հատոր 12, թերթեր 26-74:

5 Տե՛ս նյութեր, հատոր 12, թերթեր 124-142:

6 Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՍԴՈ-1000 որոշումը։

7 Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը։

8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուստամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը։

9 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի՝ հանցանքի սահմանման մեջ «բլանկետային հղում» կամ «օրենսդրություն՝ ըստ հղման» տեխնիկայի կիրառման և հանցանքի կատարման պահին գործող քրեական օրենքի ու փոփոխված քրեական օրենքի համեմատության չափանիշերի վերաբերյալ 2020 թվականի մայիսի 29-ի խորհրդատվական կարծիքը, §87։

10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի՝ Rohlena v. The Czech Republic գործով 2015 թվականի հունվարի 27-ի վճիռը, գանգատ թիվ 59552/08, §56, ինչպես նաև Berardi and Mularoni v. San Marino գործով 2019 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատներ թիվ 24705/16 և 24818/16, §41։

11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ G. v. France գործով 1995 թվականի սեպտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 15312/89, §§25-27։

12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը:

13 Տե՛ս սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերը:

14 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

15 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

16 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը:

 

Նախագահող`

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական: