ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Ն. Օհանյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
ՍԴ/0058/15/22 | ||
|
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ա. Պողոսյանի Ս. Օհանյանի |
19 հուլիսի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Մհեր Վլադիմիրի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 8-ի որոշման դեմ դատապարտյալ Մ․Առաքելյանի և վերջինի պաշտպան Ա․Հալուլյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճռով Մհեր Վլադիմիրի Առաքելյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 (տասը) տարի ժամկետով, գույքի` մաքսանենգության առարկայի` 109.7 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոցի բռնագրավմամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով` նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 12 (տասներկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` գույքի` մաքսանենգության առարկայի` 109.7 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոցի բռնագրավմամբ:
2. 2022 թվականի հուլիսի 20-ին դատապարտյալ Մ․Առաքելյանը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ իր կողմից կատարված և վերոնշյալ դատավճռով հաստատված հանցանքները և դրանց համար նշանակված պատիժը՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու վերաբերյալ։
Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ դատապարտյալ Մ․Առաքելյանի միջնորդությունը մերժվել է։
3. Դատապարտյալ Մ․Առաքելյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ բողոքը վերադարձրել է՝ որոշմամբ արձանագրված թերությունները շտկելու և տասնօրյա ժամկետում այն կրկին ներկայացնելու համար։
Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ դատապարտյալ Մ․Առաքելյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության։
Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի որոշմամբ դատապարտյալ Մ․Առաքելյանի պաշտպան Ա․Հալուլյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության։
4․ Վերաքննիչ դատարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի որոշման դեմ դատապարտյալ Մ․Առաքելյանը և պաշտպան Ա․Հալուլյանը բերել են հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հունվարի 3-ի որոշմամբ վարույթ է ընդունվել, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերները փաստարկել են, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և ենթակա է բեկանման, վիճարկվող դատական ակտով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի խախտումներ, որոնք էապես ազդել են վարույթի ելքի վրա և խաթարել արդարադատության շահը։
6. Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոքաբերներն ընդգծել են, որ վիճարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված այն հանգամանքը, որ որպես հանրային պաշտպան՝ Ա․Հալուլյանը 2022 թվականի հոկտեմբերի 14-ից լիազորված է եղել ներկայացնելու վերաքննիչ բողոք՝ իրականությանը չի համապատասխանում, քանի որ պաշտպանն իրավասու է եղել տեսակցելու դատապարտյալին և տրամադրելու իրավախորհրդատվություն՝ միայն 2022 թվականի հոկտեմբերի 12-ից։
Վերոգրյալի հետ միաժամանակ պաշտպանն ընդգծել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին իրեն հանձնված է եղել դատապարտյալին տեսակցելու որոշումը, որը հանձնելով քրեակատարողական հիմնարկին՝ տեսակցել է դատապարտյալին, բայց այդ փաստաթուղթն իրեն իրավունք չի վերապահել ներկայացնելու վերաքննիչ բողոք։ Ըստ բողոքաբերների՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու պաշտպանի իրավասությունը ծագել է 2022 թվականի հոկտեմբերի 27-ին պաշտպանին տրամադրված՝ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 27-ի՝ թիվ ՀՊԳ-Ք/3486/22-Ա որոշմամբ, իսկ վերաքննիչ բողոքը ներկայացված է եղել 2022 թվականի հոկտեմբերի 28-ին, ուստի ժամկետի բացթողման հարց չի կարող առաջանալ, քանի որ տասնօրյա ժամկետում ներկայացվել է վերաքննիչ բողոքը, և «բաց թողնված» ժամկետի վերականգնման համար բողոքում ներկայացված է եղել նաև միջնորդություն։
Ինչ վերաբերում է դատապարտյալի կողմից բողոքի և միջնորդության անձամբ ստորագրված չլինելու հանգամանքին, ապա այդպիսի օրենսդրական պահանջ նախատեսված չէ, քանի որ բողոքաբերը հանդիսացել է պաշտպանը՝ դատապարտյալի ներկայացուցիչը, և դատապարտյալի ստորագրությունը պարտադիր չէր։
6․1․ Արդյունքում բողոքաբերները խնդրել են ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի որոշումը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7․ Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը՝ դատապարտյալ Մ․Առաքելյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին, վերջինը ստացել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին1:
8․ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ ՀՊԳ-Ք/3486/22-Ա որոշման համաձայն՝ Մ․Առաքելյանի դիմումը բավարարվել է և հանրային պաշտպան Ա․Հալուլյանին հանձնարարվել է կազմել վերաքննիչ բողոք2։
9. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով դատապարտյալ Մ․Առաքելյանի պաշտպան Ա․Հալուլյանի վերաքննիչ բողոքը, իր 2022 թվականի նոյեմբերի 8-ի դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ․ «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հանրային պաշտպան Անի Հալուլյանի միջնորդությունը՝ թերությունների շտկմամբ բողոքը ներկայացնելու համար սահմանված 10-օրյա ժամկետի բացթողումը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ, անհիմն է, ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ:
- Վերաքննիչ դատարանի՝ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 2022 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրված թերությունները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու համար դատապարտյալ Մ.Առաքելյանի համար սահմանվել էր 10-օրյա ժամկետ (լրանում էր հոկտեմբերի 6-ին),
- Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը անազատության մեջ գտնվող դատապարտյալ Մհեր Առաքելյանը ՔԿՀ վարչակազմի միջոցով ստացել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին,
- նույն օրը՝ 2022 թվականի հոկտեմբերի 5-ին, դատապարտյալ Մհեր Առաքելյանը ՔԿՀ վարչակազմի միջոցով դիմել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին՝ խնդրելով տրամադրել հանրային պաշտպան, որպեսզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկվի վերաքննիչ քրեական դատարան, նախազգուշացրել, որ բողոքարկման համար ունի 7 օրյա ժամկետ, թեև իրականում Վերաքննիչ դատարանը տվել էր տասնօրյա ժամկետ (համաձայն ներկայացված վերաքննիչ բողոքի և Դատապարտյալի դիմումի):
- 2022 թվականի հոկտեմբերի 11-ին դատապարտյալ Մ.Առաքելյանի վերոնշյալ դիմումը մուտք է եղել ՀՀ փաստաբանների պալատի ՀՊԳ (ըստ ՔԿՀ պետի ուղեկցական նամակի վրա առկա դրոշմակնիքի տվյալների), իսկ 2022 թվականի հոկտեմբերի 14-ին հանրային պաշտպան Ա.Հալուլյանին տրամադրվել է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումը (Ա.Հալուլյանի բողոքին կից Վերաքննիչ դատարան չի ներկայացվել), ըստ որի՝ դատապարտյալ Մ.Առաքելյանին պետք է տրամադրվեր խորհրդատվություն (համաձայն ներկայացված վերաքննիչ բողոքի),
- 2022 թվականի հոկտեմբերի 25-ին հանրային պաշտպան Ա.Հալուլյանը ՔԿՀ-ում տեսակցել է դատապարտյալ Մ.Առաքելյանին, որի ընթացքում պարզել է, որ նրա կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է (համաձայն ներկայացված վերաքննիչ բողոքի):
- Բողոքարկման ժամկետը բաց թողնելու միջնորդությունը հիմնավորելիս՝ հանրային պաշտպանը խնդրել է «10-օրյա ժամկետի սկիզբը հաշվարկել դատապարտյալի՝ «պաշտպան ունենալու պահից՝ 2022 թվականի հոկտեմբերի 27-ից», քանի որ «Մ.Առաքելյանը ցուցաբերել է հետևողականություն, իր կողմից համապատասխան գործողությունները կատարվել են 10-օրյա ժամկետի շրջանակում, վերջինս առանց պաշտպանի օգնության չէր կարող ուղղել արձանագրությամբ նշված թերությունները»:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թերությունները վերացնելու և նոր բողոք ներկայացնելու համար Վերաքննիչ դատարանի սահմանած 10-օրյա ժամկետի հոսքը ըստ էության պետք է հաշվարկվեր 2022 թվականի հոկտեմբերի 5-ից, այսինքն՝ Դատապարտյալի կողմից Վերաքննիչ դատարանի որոշումը փաստացի ստանալու օրվանից, սակայն անազատության մեջ գտնվող Դատապարտյալը նույն օրը ՔԿՀ վարչակազմի միջոցով դիմել է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին՝ խնդրելով տրամադրել անվճար իրավաբանական օգնություն և ներկայացնելով ակնկալվող այդ օգնության ձևաչափը՝ մնացած 7-օրյա ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը։ Դատապարտյալի տվյալ դիմումը ՀՊԳ է մուտք եղել հոկտեմբերի 11-ին և ՀՊԳ ղեկավարի նույն թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ Դատապարտյալին իրավական օգնություն տրամադրելը հանձնարարվել է բողոքաբերին՝ հանրային պաշտպան Ա.Հալուլյանին, ով այդ պահից լիազորված էր հանդես գալու վստահորի անունից, թեև Դատապարտյալին տեսակցել է 2022 թվականի հոկտեմբերի 25-ին (ըստ վերաքննիչ բողոքի տվյալների):
Հաշվի առնելով Դատապարտյալի դիմումի բովանդակությունը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ միջնորդության մեջ Ա.Հալուլյանի ներկայացված փաստարկները բավարար են եզրակացնելու, որ վերաքննիչ (սկզբնական) բողոքում արձանագրված թերությունների վերացման և նոր վերաքննիչ բողոք ներկայացնելու 10-օրյա ժամկետի հոսքը կարող է և ողջամտորեն պետք է հաշվարկել 2022 թվականի հոկտեմբերի 14-ից, ուստի՝ 2022 թվականի հոկտեմբերի 14-ից Դատապարտյալի շահերը ներկայացնող հանրային պաշտպանը՝ նոր բողոքով և քննարկվող ժամկետի բաց թողումը վերականգնելու միջնորդությամբ Վերաքննիչ դատարան կարող էր դիմել մինչև 2022 թվականի հոկտեմբերի 24-ը՝ ժամը 24:00-ն:
Մինչդեռ, նախ՝ Դատապարտյալը նոր բողոք ներկայացնելու և բողոքարկման ժամկետը վերականգնելու իր իրավունքից անմիջականորեն չի օգտվել, իսկ վերջինիս լիազորած անձը՝ տվյալ գործով որպես հանրային պաշտպան նշանակված Անի Հալուլյանը նոր վերաքննիչ բողոքը և դրա բաց թողած ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը փոստային ծառայությանն է հանձնել միայն 2022 թվականի հոկտեմբերի 31-ին, այսինքն՝ քննարկվող ժամկետի ավարտից միայն 7 օր անց: (…)
Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Բողոքաբերը չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի 3-ին կետի պահանջը, մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին 2022 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրված թերությունները 10-օրյա ժամկետում (2022 թվականի հոկտեմբերի 24-ը ներառյալ) վերացնող նոր (ուղղված) բողոքը ներկայացրել է բողոքարկման ժամկետի խախտմամբ, իսկ այն վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը Վերաքննիչ դատարանը մերժել է:
Տվյալ հետևության հանգելիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև այն, որ վերաքննիչ բողոք և այն բերելու ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեցող դատապարտյալ Մ.Առաքելյանը նոր բողոք և վերոնշյալ բովանդակությամբ միջնորդություն անձամբ չի ներկայացրել:
Նման պայմաններում դատապարտյալ Մ․Առաքելյանի պաշտպան Ա․Հալուլյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը ևս անհրաժեշտ է թողնել առանց քննության (…)»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք դատապարտյալ Մ․Առաքելյանի պաշտպան Ա․Հալուլյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները։
11. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:
2. Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով: (…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
(…)
բ) բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,
գ) պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը,(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի համաձայն՝ «(․․․) 3. Հարգելի պատճառով բաց թողնված ժամկետը վերականգնվում է վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ շահագրգիռ անձի միջնորդությամբ: Ժամկետը վերականգնվում է միայն միջնորդողի համար, եթե վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ այլ բան նախատեսված չէ: (․․․)»:
Նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 59-րդ կետի համաձայն՝ «(․․․) հարգելի պատճառ՝ հիվանդություն, մերձավոր ազգականի մահ կամ անձի կամքից անկախ այլ հատուկ և օբյեկտիվ հանգամանք. (․․․)»:
Նույն օրենսգրքի 356-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ «(․․․) 4. Դատական վերանայման բողոք բերելու՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնող անձն իրավունք ունի բողոքին կցելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն:
5. Բաց թողնված ժամկետը վերականգնվում է, եթե միջնորդության մեջ ներկայացված պատճառներով պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար էր:(․․․)»:
Նույն օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ «(․․․) 2. Վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝
(․․․)
3) բողոքը ժամկետանց է, իսկ հարուցված լինելու դեպքում մերժվել է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը.(․․․)»:
12. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը4,
- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն5,
- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա6,
- դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի7:
Դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով նշել է, որ. «(…) «[Դ]ատարանի իրավունքը», որի մի մասն է կազմում դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ։ Այն ենթակա է սահմանափակումների, մասնավորապես, երբ քննարկվում են բողոքի ընդունելիության պայմանները, քանի որ այն իր բնույթով թողնված է պետության կարգավորմանը, որն այս առնչությամբ ունի հայեցողության որոշակի սահման։ Սակայն այդ սահմանափակումները չպետք է անձի դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակեն կամ նվազեցնեն այն կերպ կամ այն չափով, որ խախտվի իրավունքի բուն էությունը, վերջապես նման սահմանափակումները չեն համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, եթե դրանք չեն հետապնդում իրավաչափ նպատակ կամ կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև առկա չէ ողջամիտ համամասնություն (…)։ Որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (…)։
Դիմումների, բողոքների կամ այլ գանգատների ներկայացման համար սահմանված ժամկետները, անկասկած, նպատակ ունեն ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը և համապատասխանությունը, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքին։ Շահագրգիռ անձինք պետք է ակնկալեն, որ այդ կանոնները կկիրառվեն։ Սակայն, նման կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտ հանդիսանան դատավարության մասնակիցների համար առկա պաշտպանության միջոցներից օգտվելիս (…)»8:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է նաև, որ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը ենթադրում է, որ դատավարության կողմերը պետք է կարողանան օգտվել իրենց բողոքարկման իրավունքից այն պահից, երբ արդյունավետորեն ծանոթացել են դատական որոշումների հետ, որոնք որոշակի բեռ են դնում նրանց վրա կամ կարող են խախտել իրենց օրինական իրավունքները կամ շահերը9։
13. Դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները՝
- պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, ինչպես նաև այն, որ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) պետք է ճանաչվի հարգելի:
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության՝ կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,
- դատական բողոքարկումը` որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի` վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները՝ պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները,
- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ` անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ: Բացի դրանից, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ` օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն10:
14. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի բացառիկ նշանակությունն անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում՝ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել այն մասին, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների չպահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի, որ անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը ենթարկվի անհամաչափ սահմանափակման՝ հանգեցնելով այդ իրավունքի բուն էության խաթարմանը: Այլ կերպ` բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա՝ ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը11։ Ավելին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատավարական կանոնների, այդ թվում՝ բողոքարկման ժամկետների հաշվարկի վերաբերյալ նորմերի մեկնաբանությունը չպետք է հանգեցնի ձևական մոտեցման՝ անհամաչափորեն սահմանափակելով անձի դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքը։ Անձին պետք է ընձեռվի իր իրավունքներին և ազատություններին առնչվող դատական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն, ինչն իր հերթին, ի թիվս այլոց, ենթադրում է, որ տվյալ դատական ակտը պետք է անձին հասանելի լինի կամ անձը պետք է հաստատապես տեղյակ լինի դրա առկայության մասին12:
Դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական վերանայման բողոք բերելու բաց թողնված ժամկետի վերականգնման խնդրին՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ տարբերակված է ժամկետը վերականգնելու երկու իրավական ընթացակարգեր։ Առաջինը ենթադրում է բողոքարկման ժամկետի բաց թողումն իրավունքի ուժով (ex jure) հարգելի համարելու հնարավորությունը, երբ վարույթն իրականացնող մարմնի գործողության կամ անգործության արդյունքում անձն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել պատշաճ բողոքարկելու դատական ակտը13։
Երկրորդ ընթացակարգը ենթադրում է բաց թողնված ժամկետի վերականգնումը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ շահագրգիռ անձի միջնորդությամբ, երբ պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար էր իրավական պաշտպանություն հայցողի կամքից անկախ այլ հատուկ և օբյեկտիվ հանգամանքով14։ Նշված դեպքում բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը պետք է ունենա որոշակի փաստական հիմք և կոնկրետ դրսևորում՝ հնարավորություն տալով վարույթն իրականացնող մարմնին ողջամտության սահմաններում գնահատելու բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառի և դատական ակտի վիճարկման հնարավորության հարաբերակցությունը, այսինքն՝ արդյո՞ք առկա է բողոքն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու հարգելի պատճառ, թե ոչ։
15․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատապարտյալ Մ․Առաքելյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ Վերաքննիչ դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ վերադարձվել է՝ սահմանելով տասնօրյա ժամկետ՝ որոշմամբ արձանագրված թերությունները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար։
- Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշումը դատապարտյալ Մ․Առաքելյանը ստացել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին15, և նույն օրը դիմում է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին՝ նշելով՝ «խնդրում եմ Ձեզ տրամադրել հանրային պաշտպան, որպեսզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկվի վերաքննիչ քրեական դատարան։ Հայտնում եմ նաև, որ ունեմ 7 օրվա ժամանակ բողոքարկման համար»16։
- Դատապարտյալ Մ․Առաքելյանի կողմից ներկայացված վերոգրյալ դիմումը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում մուտքագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 11-ին17։
- Նույն օրը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը գրություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետին՝ խնդրելով դատապարտյալի դիմումին ընթացք տալու համար թույլատրել հանրային պաշտպան Ա․Հալուլյանին մուտք գործել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ և առանձնատեսակցություն ունենալ նրա հետ18։
- Հանրային պաշտպան Ա․Հալուլյանի վերաքննիչ բողոքի համաձայն՝ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումը՝ դատապարտյալին իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու վերաբերյալ, իրեն տրամադրվել է 2022 թվականի հոկտեմբերի 14-ին, իսկ վճռաբեկ բողոքի համաձայն՝ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին19:
- Պաշտպանը դատապարտյալ Մ․Առաքելյանին տեսակցել է 2022 թվականի հոկտեմբերի 25-ին20։
- ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման համաձայն՝ Մ․Առաքելյանի դիմումը բավարարվել է և հանրային պաշտպան Ա․Հալուլյանին հանձնարարվել է կազմել վերաքննիչ բողոք21։
- 2022 թվականի հոկտեմբերի 31-ին՝ փոստին հանձնելու միջոցով պաշտպան Ա․Հալուլյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որով միջնորդել է նաև՝ «բողոքը կրկին ներկայացնելու համար նախատեսված ժամկետի բացթողումը համարել հարգելի, քանի որ ՀՊԳ-ի որոշումն ինձ մակագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 27-ին»։
- Վերաքննիչ դատարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի որոշմամբ պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ բողոքի թերությունները վերացնելու և կրկին բողոք ներկայացնելու տասնօրյա ժամկետի հոսքը պետք է հաշվարկել 2022 թվականի հոկտեմբերի 14-ից, քանի որ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի նույն թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ դատապարտյալին իրավական օգնություն տրամադրելը հանձնարարվել է բողոքաբերին՝ հանրային պաշտպան Ա.Հալուլյանին, ով այդ պահից լիազորված էր հանդես գալու վստահորդի անունից, թեև դատապարտյալին տեսակցել է 2022 թվականի հոկտեմբերի 25-ին22։
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված տասնօրյա ժամկետում թերությունները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու՝ պաշտպան Ա․Հալուլյանի հնարավորությունը գնահատելիս Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ եզրահանգման՝ միաժամանակ զրկելով դատապարտյալին իր իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումները վիճարկելու իրական հնարավորությունից, ինչի արդյունքում չի ապահովվել անձի իրավունքների սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև արդարացի հավասարակշռությունը։
Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ վարույթի արդարության ընդհանուր գնահատման շրջանակներում ստորադաս դատարանը պետք է գնահատեր, թե պաշտպանի համապատասխան միջնորդության փաստական հիմքի հետ սերտորեն փոխկապակցված և սույն որոշման 15-րդ կետում արձանագրված փաստական հանգամանքների պայմաններում դատապարտյալին գործնականում ընձեռվել է արդյո՞ք դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքների պատշաճ կենսագործման հնարավորություն։
17. Վճռաբեկ դատարանը նախևառաջ ընդգծում է, որ դատավարության մասնակցին պաշտպան ընտրելու, հրավիրելու իրավունքի ընձեռումն ամենից առաջ նպատակ է հետապնդում ապահովել վերջինի պաշտպանության իրավունքի իրացումը: Ընդ որում, պաշտպանի մասնակցության կարևորությունն ընդգծվում է հատկապես այն դեպքերում, երբ անձը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում քրեական օրենսդրության կարգավորումներին։ Ավելին՝ օրենքով նախատեսված դեպքերում նաև պետական միջոցների հաշվին տրամադրված փաստաբանի իրավաբանական օգնության՝ հանրային պաշտպանության միջոցով է իրականացվում անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում պետության կարևորագույն պարտականություններից մեկը` անվճար իրավաբանական օգնության երաշխավորումը, ինչն օբյեկտիվորեն ավելի է պարտավորեցնում հանրային պաշտպանների կողմից բարձր արհեստավարժության և վստահորդի շահերի պաշտպանության իրականացման նկատմամբ բարեխիղճ և պատասխանատու վերաբերմունքի դրսևորումը:
Մինչդեռ սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատապարտյալ Մ․Առաքելյանի կողմից Վերաքննիչ դատարանի՝ բողոքը վերադարձնելու մասին որոշումը ստանալու օրը՝ 2022 թվականի հոկտեմբերի 5-ին (որոշմամբ արձանագրված թերությունները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանված տասնօրյա ժամկետը փաստացի ավարտվում է 2022 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 24:00-ին) դատապարտյալը դիմում է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ և հստակ մատնանշել, որ անհրաժեշտ է կազմել վերաքննիչ բողոք, միաժամանակ բարեխղճորեն նշելով, որ բողոքարկման համար ունի 7 օր ժամանակ (թեև Վերաքննիչ դատարանի որոշմամբ տրվել էր տասնօրյա ժամկետ)։
Նշված դիմումը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում մուտքագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 11-ին, այսինքն՝ նշված օրը դիմումը ստանալով ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակն արդեն իսկ փաստացի տեղյակ է եղել դատապարտյալին իրավաբանական օգնություն տրամադրելու կոնկրետ դրսևորման՝ վերաքննիչ բողոք կազմելու անհրաժեշտության մասին, որից հետո նույն օրը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը գրություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետին՝ խնդրելով դատապարտյալի դիմումին ընթացք տալու համար թույլատրել հանրային պաշտպան Ա․Հալուլյանին մուտք գործել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ և առանձնատեսակցություն ունենալ նրա հետ։
Գրության բովանդակությունից պարզ է դառնում, որ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումը՝ դատապարտյալին իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու վերաբերյալ, արդեն իսկ մակագրված է եղել հանրային պաշտպան Անի Հալուլյանին։
Չնայած, քննարկվող որոշումը հանրային պաշտպանին հանձնված լինելու հստակ ժամկետի վերաբերյալ վարույթի նյութերում որևէ փաստական տվյալ առկա չէ, այնուամենայնիվ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ առնվազն անընդունելի է վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետների սահմանափակվածության և դատապարտյալի կողմից անձամբ դրա մասին նախազգուշացվելու պայմաններում հանրային պաշտպանի կողմից ավելի քան 10 օր անց դատապարտյալին տեսակցելն ու բողոքարկվող որոշմանը փաստացի ծանոթանալը, որից հետո դատապարտյալին այցելելուց երկու օր անց կայացվել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումը՝ հանրային պաշտպանին վերաքննիչ բողոք ներկայացնելու լիազորության ընձեռման մասին։
Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալի դիմումը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում մուտքագրվելու օրվանից՝ 2022 թվականի հոկտեմբերի 11-ից, ողջամտորեն առկա էր անհրաժեշտ և բավարար՝ 6 օր ժամանակ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը վստահորդի հետ համաձայնեցնելու և դրա շուրջ խորհրդակցելու, ինչպես նաև ընթացակարգային գործողությունները կատարելու և համապատասխան հանրային պաշտպանին վերաքննիչ բողոք ներկայացնելու լիազորություն ընձեռելու համար, մինչդեռ դատապարտյալի կողմից հայցվող իրավաբանական օգնությունը վերջինին փաստացի տրամադրվել է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ավելի քան 19 օր անց, դրանով իսկ՝ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի կողմից իր վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում դատապարտյալը փաստացի զրկվել է դատարան դիմելու (locus standi), արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու և իր իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումները վիճարկելու հնարավորությունից։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ յուրաքանչյուր դեպքում փաստաբանը պարտավոր է վստահորդին բարեխիղճ իրավական օգնություն ցույց տալ իր մասնագիտական կարողությունների սահմաններում, և նշվածից որևէ բացառություն՝ առանց հարգելի պատճառի, չի կարող ուղղակիորեն բխել քրեական դատավարության տրամաբանությունից։
18. Վերոշարադրյալ գործոնների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառի և դատական ակտի վիճարկման հնարավորության գնահատման տեսանկյունից առանցքային նշանակություն ունի սույն վարույթին պաշտպան ներգրավելու և բողոքարկման իրավունքը պատշաճ իրականացնելու՝ դատապարտյալի դրսևորած վարքագծի բազմակողմանի վերլուծությունը, ձեռնարկված միջոցները և կատարված գործողությունները, ինչպես նաև այլ հանգամանքներ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ խնդրո առարկա հարցի լուծման համար։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հիշյալ մոտեցումը կոչված է քրեական վարույթի ընթացքում երաշխավորել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը։
Մասնավորապես՝ տվյալ դեպքում անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն իրացնելուն ուղղված դատապարտյալ Մ․Առաքելյանի վարքագիծը գնահատելիս Վճռաբեկ դատարանի համար հատկանշական է, որ վերջինը ստանալով Վերաքննիչ դատարանի դատական ակտը, նույն օրն անմիջապես քայլեր է ձեռնարկել հանրային պաշտպանի միջոցով կրկին բողոք ներկայացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ դիմում է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ՝ ընդգծելով վերաքննիչ բողոք կազմելու անհրաժեշտության և ժամկետով սահմանափակված լինելու հանգամանքի առկայությունը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում դատապարտյալը գործել է բարեխղճորեն և հանրային պաշտպանի ուշ ներգրավումը պայմանավորված չի եղել նրա վարքագծով, հետևաբար ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի թերացման արդյունքում պետական միջոցների հաշվին իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ժամանակին ապահովված չլինելը գործնականում անհնարին է դարձրել դատապարտյալի՝ պատշաճ բողոքարկման հնարավորությունը։
19. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրելով, որ յուրաքանչյուր դեպքում դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա, և միաժամանակ առաջնորդվելով դատապարտյալի կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և իր կամքից անկախ հանգամանքներում պատշաճ բողոքարկման հնարավորությունից փաստացի զրկվելու հանգամանքով, գտնում է, որ դատապարտյալի՝ դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի ապահովման հրամայականով պայմանավորված՝ Վերաքննիչ դատարանի հետևությունները՝ Մ․Առաքելյանի պաշտպան Ա․Հալուլյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին, իրավաչափ համարվել չեն կարող։
Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ վերոգրյալ դիրքորոշման համար անկյունաքարային հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ տվյալ դեպքում դատապարտյալի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի պատշաճ և իրական ապահովման հնարավորությունը փաստացի չի կենսագործվել և primа facie ոչ իրավաչափորեն սահմանափակվել է իր կամքից անկախ հանգամանքներում՝ վերջինի կողմից պատշաճ և բարեխիղճ վարքագիծ դրսևորելու պայմաններում, հետևաբար տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, բաց թողնված ժամկետը հարգելի չճանաչելն ու անձի դատական պաշտպանության և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքները սահմանափակելը չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից։
20․ Այսպիսով, ընդհանրացնելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդար դատաքննության իրավունքի մասնավոր տարրը համարվող դատարանի մատչելիության իրավունքի ապահովման տեսանկյունից, սույն վարույթի փաստական հանգամանքների պայմաններում, պաշտպան Ա․Հալուլյանի՝ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելը չի կարող իրավաչափ համարվել, ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Մ․Առաքելյանի պաշտպան Ա․Հալուլյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր չէ:
21․ Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը պաշտպան Ա.Հալուլյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ և 356-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով նախատեսված դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և վարույթը Վերաքննիչ դատարան՝ նոր քննության փոխանցելու համար[23]։
Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի կապակցությամբ պետք է հանգի համապատասխան հետևության՝ հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
22. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Դատապարտյալ Մհեր Վլադիմիրի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
___________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 21։
2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 28-29։
3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 54-58։
4 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:
5 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:
6 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:
7 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:
8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mamikonyan v. Armenia գործով 2010 թվականի մարտի 16-ի վճիռը, գանգատ թիվ 25083/05, կետեր 25 և 27։9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Miragall Escolano and Others v. Spain գործով 2000 թվականի հունվարի 25-ի վճիռը, գանգատներ թիվ 38366/97, 38688/97, 40777/98, 40843/98, 41015/98, 41400/98, 41446/98, 41484/98, 41487/98 և 41509/98, կետ 37։
10 Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՍԴՈ-1249, 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690, 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936, 2015 թվականի մարտի 3-ի թիվ ՍԴՈ-1192 և 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 որոշումները։
11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նաիրա Գրիգորյանի գործով 2022 թվականի ապրիլի 22-ի թիվ Մ-6168/21 որոշումը, կետ 16։
12 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ռաֆայել Խաչատրյանի գործով 2020 թվականի մայիսի 26-ի որոշումը։
13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սևակ Սարգսյանի գործով 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ ԿԴ/0089/12/17 որոշումը, կետ 14:14 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վերգինե Բեգանյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԱՐԴ1/0012/11/16 որոշումը, կետ 15։
15 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 21։
16 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 34։
17 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 33։
18 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթ 16։
19 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 24, հատոր 3, թերթ 7։
20 Տե՛ս ներկայացված վերաքննիչ և վճռաբեկ բողոքները։
21 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 28-29։
22 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 54-58։
23 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:
Նախագահող` Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական: