ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4228-Ա |
«01» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի ԹԻՎ 01/18-02-975-24 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված հիմքով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում 2024 թվականի սեպտեմբերի 3-ին հարուցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի փողոցի թիվ 23/1 և թիվ 23/2 հասցեներում ոչ հիմնական շինություններով (կրպակաշարեր, վարչական մասնաշենք) տոնավաճառի կազմակերպման (III կատեգորիա) շինարարական աշխատանքների կատարման համար տրված՝ Երևանի քաղաքապետի 2024 թվականի հունիսի 4-ի թիվ 01/18-02-975-24 շինարարության թույլտվության իրավաչափությունը գնահատման ենթարկելու վարույթ (այսուհետ՝ Վարույթ)՝ դրա տրման իրավաչափության, ինչպես նաև դրա՝ ոլորտում իրավահարաբերությունները կարգավորող իրավական նորմերի պահանջներին համապատասխանության հարցի ուսումնասիրման նպատակով:
Վարույթի շրջանակներում 2024 թվականի սեպտեմբերի 12-ին և 24-ին ժամը 15.00-ին հրավիրվել են լսումներ, որոնց մասնակցելու նպատակով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 21-րդ և 38-րդ հոդվածներից բխող իրավակարգավորումների համաձայն՝ ծանուցվել են վարույթին մասնակից դարձված անձինք և 2024 թվականի հունիսի 4-ի թիվ 01/18-02-975-24 շինարարության թույլտվության հասցեատերեր հանդիսացող «Ռուսբայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Դավիթ Ահարոնյանի, «Բրոք Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Դավիթ Ահարոնյանի և Վանուհի Թումասյանի ներկայացուցիչ Գարիկ Մալխասյանը:
Վարույթով 2024 թվականի սեպտեմբերի 12-ին հրավիրված լսումների մասին ծանուցումն ապահովվել է 2024 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 07/145413-24, թիվ 07/145488-24, թիվ 07/145404-24, թիվ 07/145503-24 գրությունները փոստային ծառայության միջոցով «ՀՀ, Կոտայքի մարզ, Ֆանտան, 4-րդ փողոց, տուն 19», «ՀՀ, ք.Երևան, Գլինկայի 23/1» և «ՀՀ, ք.Երևան, Գլինկայի 23/2» հասցեներով «Ռուսբայն» և «Բրոք Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տնօրեն Դավիթ Ահարոնյանին ուղարկելու միջոցով (հիմք՝ փոստային առաքանիներ թիվ LO124255822AM, LO124256166AM, LO124256275AM և LO124256519AM), իսկ 2024 թվականի սեպտեմբերի 24-ին հրավիրված լսումների մասին ծանուցումն ապահովվել է 2024 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 07/153478-24, թիվ 07/153505-24, թիվ 07/153512-24, թիվ 07/153511-24 գրությունները փոստային ծառայության միջոցով «ՀՀ, Կոտայքի մարզ, Չարենցավան համայնք, գ.Ֆանտան, 4-րդ փողոց, 19 տուն», «ՀՀ, ք.Երևան, Գլինկայի 23/1» և «ՀՀ, ք.Երևան, Գլինկայի 23/2» հասցեներով «Ռուսբայն» և «Բրոք Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տնօրեն Դավիթ Ահարոնյանին ուղարկելու միջոցով (հիմք՝ փոստային առաքանիներ թիվ LO124481148AM, LO124480786AM, LO124481150AM և LO124481149AM), որպիսիք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան 2024 թվականի սեպտեմբերի 18-ին տեղադրվել են Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում՝ հայտարարությունների նույնականացման թիվ 1552553 համարով):
Վարույթի լսումներին ներկայացել և մասնակցել է վարույթին մասնակից դարձված անձ՝ Վանուհի Թումասյանի ներկայացուցիչ Գարիկ Մալխասյանը, իսկ վարույթին մասնակից դարձված «Ռուսբայն» և «Բրոք Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տնօրեն Դավիթ Ահարոնյանը, պատշաճ ծանուցված լինելով 2024 թվականի սեպտեմբերի 24-ին հրավիրված լսումների տեղի և ժամանակի մասին, չի ներկայացել լսումներին:
Երևանի քաղաքապետի 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 3798-Ա որոշմամբ Վարույթի ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի նոյեմբերի 2-ը:
Վարույթի շրջանակներում լրացուցիչ ուսումնասիրման ենթարկվելով` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի փողոցի թիվ 23/1 և թիվ 23/2 հասցեներում ոչ հիմնական շինություններով (կրպակաշարեր, վարչական մասնաշենք) տոնավաճառի կազմակերպման (III կատեգորիա) շինարարական աշխատանքների կատարման համար տրված՝ Երևանի քաղաքապետի 2024 թվականի հունիսի 4-ի թիվ 01/18-02-975-24 շինարարության թույլտվությունը, դրա տրման հիմքում դրված ապացույցները, Վարույթի լսումների վերաբերյալ 2024 թվականի սեպտեմբերի 24-ի արձանագրությունը, ինչպես նաև գործին առնչվող փաստական հանգամանքները` վարչական մարմինը պարզել է հետևյալը.
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետի 2015 թվականի ապրիլի 13-ի N 1084-Ա որոշմամբ հաստատվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու՝ 2015 թվականի ապրիլի 6-ին կայացած մրցույթի արդյունքները, որոնց համաձայն՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի փողոցի թիվ 23/1 հասցեում գտնվող 2223.14քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու մրցույթում հաղթող է ճանաչվել «Բրոք Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, իսկ նույն փողոցի 23/2 հասցեում գտնվող 3086.81քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու մրցույթում հաղթող է ճանաչվել «Ռուսբայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
Երևանի քաղաքապետի 2015 թվականի ապրիլի 13-ի N 1084-Ա որոշման առարկա մրցույթի նպատակ է հանդիսացել վարձակալությամբ տրամադրվող տարածքներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշմամբ հաստատված կարգի համապատասխան առևտրի, սպասարկման, կոմունալ նպատակներով օգտագործվող ոչ հիմնական շինությունների տեղադրումը՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
Երևանի քաղաքապետի 2015 թվականի ապրիլի 13-ի N 1084-Ա որոշման հիման վրա Երևան համայնքի և մրցույթում հաղթող ճանաչված «Բրոք Սերվիս» ու «Ռուսբայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև կնքվել և 2015 թվականի մայիսի 13-ին թիվ 3851 և թիվ 3852 համարներով նոտարական վավերացման են ենթարկվել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի փողոցի թիվ 23/1 և թիվ 23/2 հողամասերի վարձակալության պայմանագրերը, տրվել են թիվ 474-2015 և թիվ 477-2015 հողամասի գլխավոր հատակագծերը:
Նշված պայմանագրերից ծագող՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի փողոցի թիվ 23/1 հասցեում գտնվող 0.222314հա մակերեսով հողամասի նկատմամբ «Բրոք Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի փողոցի թիվ 23/2 հասցեում գտնվող 0.308681հա մակերեսով հողամասի նկատմամբ «Ռուսբայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավունքները ենթարկվել են պետական գրանցման (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 21072015-01-0297 վկայական, տրված՝ 2015 թվականի հուլիսի 21-ին և թիվ 01092017-01-0147 վկայական, տրված՝ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին):
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ2/0301/05/22 վարչական գործով 2022 թվականի դեկտեմբերի 28-ին կայացված վճռով (այսուհետ՝ Վճիռ) «Ռուսբայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Բրոք Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը բավարարվել է և վճռվել է Երևանի քաղաքապետարանին պարտավորեցնել «Ռուսբայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և «Բրոք Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2022 թվականի մայիսի 2-ի հայտի հիման վրա տրամադրել Երևան քաղաքի Գլինկայի փողոցի թիվ 23/1 և թիվ 23/2 հասցեներում գտնվող հողամասերում ոչ հիմնական շինություններով (կրպակաշարեր, վարչական մասնաշենք) տոնավաճառ կազմակերպելու նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք):
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ2/0301/05/22 վարչական գործով 2023 թվականի մայիսի 25-ին կայացված որոշմամբ մերժվել է Երևանի քաղաքապետարանի կողմից Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը և Վճիռը թողնվել է անփոփոխ:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՎԴ2/0301/05/22 վարչական գործով 2023 թվականի հուլիսի 19-ին կայացված որոշմամբ մերժվել է Երևանի քաղաքապետարանի կողմից բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը և Վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Երևանի քաղաքապետի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 26-ին «Ռուսբայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և «Բրոք Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ Կառուցապատողներ) տրվել է թիվ 01/18-07/1-Դ-104916-758 նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք)՝ Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի փողոցի թիվ 23/1 և թիվ 23/2 հասցեներում ոչ հիմնական շինություններով (կրպակաշարեր, վարչական մասնաշենք) տոնավաճառի (միջին ռիսկայնության օբյեկտ՝ II կատեգորիա կամ միջինից բարձր ռիսկայնության օբյեկտ՝ III կատեգորիա) կազմակերպման աշխատանքային նախագծային փաստաթղթերի մշակման համար:
Հիմք ընդունելով «Հարսնաձոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի ապրիլի 9-ին տրված թիվ Մ-02՝ փորձագիտական դրական եզրակացությունը՝ Երևանի քաղաքապետի կողմից 2024 թվականի հունիսի 4-ին թիվ 01/18-03-432-24 համարով համաձայնեցվել է կառուցապատման նախագիծը, որի, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 01/18-07/1-Դ-104916-758 նախագծման թույլտվության հիման վրա 2024 թվականի հունիսի 4-ին տրվել է թիվ 01/18-02-975-24 շինարարության թույլտվությունը՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի փողոցի թիվ 23/1 և թիվ 23/2 հասցեներում ոչ հիմնական շինություններով (կրպակաշարեր, վարչական մասնաշենք) տոնավաճառի (III կատեգորիա) կազմակերպման շինարարական աշխատանքների կատարման համար:
«Հարսնաձոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի ապրիլի 9-ին տրվել է թիվ Մ-02՝ փորձաքննության եզրակացությունը (այսուհետ՝ Եզրակացություն), որի հետազոտման և ուսումնասիրման առարկան հանդիսացել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի փողոցի թիվ 23/1 և թիվ 23/2 հասցեներում «Բրոք Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և «Ռուսբայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հողատարածքներում հիմնական շինություններով (կրպակաշարեր, վարչական մասնաշենք) տոնավաճառի կազմակերպման աշխատանքային նախագիծը:
Եզրակացությամբ նախագիծը երաշխավորվել է համաձայնեցման և հաստատման, ընդ որում՝ Եզրակացության «Ճարտարապետական մաս» բաժնի 2-րդ պարբերությամբ նշված է, որ Էրեբունի վարչական շրջան, Գլինկայի փողոցի թիվ 23/1 և թիվ 23/2 հասցեներում Կառուցապատողներին պատկանող հողատարածքներում հիմնական շինություններով (կրպակաշարեր, վարչական մասնաշենք) տոնավաճառի կազմակերպման նախագծային աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 01/18-07-1-Դ-104916-758 նախագծման թույլտվության, անշարժ գույքի գրանցման սեփականության վկայականի, սեփականատիրոջ առաջադրանքի հիման վրա և ՀՀ ՔՇ նորմերի համաձայն:
Վճռի «Վճռեց» մասը, 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 01/18-07-1-Դ-104916-758 նախագծման թույլտվությունը, Եզրակացությունը և 2024 թվականի հունիսի 4-ի թիվ 01/18-02-975-24 շինարարության թույլտվությունը, միմյանց համադրելու և համատեղ հետազոտություն ենթարկելու եղանակով գնահատման ենթարկելու արդյունքում պարզվել է, որ Վճռի պահանջը հանդիսանում է ոչ հիմնական շինություններով տոնավաճառի կազմակերպման աշխատանքային նախագծային փաստաթղթերի մշակման համար նախագծման թույլտվություն տրամադրելը, մինչդեռ փորձաքննության ներկայացված և Եզրակացության հետազոտության առարկա հանդիսացող նախագծով նախատեսվել է հիմնական շինություններով տոնավաճառի կազմակերպում, ինչից հետևում է, որ 2024 թվականի հունիսի 4-ի թիվ 01/18-02-975-24 շինարարության թույլտվության հիման վրա կառուցման ենթակա շինությունն իրենից ներկայացնում է հիմնական շինություն:
3. Վարչական ակտն ընդունելու իրավական հիմքերը և հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պայմանագրից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի և պայմանագրերի առանձին տեսակների մասին սույն օրենսգրքի կանոններով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 617-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարձակալը պարտավոր է վարձակալված գույքն օգտագործել վարձակալության պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ եթե այդ պայմանները որոշված չեն, ապա՝ գույքի նշանակությանը համապատասխան:
«Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) փաստաթուղթ է, որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմանները, այդ թվում` սույն օրենքի 6-րդ հոդվածի «դ» կետով սահմանված` քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում և այլն) նախագծման Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ելակետային տվյալները (այսուհետ` ելակետային տվյալներ) կամ տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) և սահմանափակումները:
«Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը ՀՀ կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո` նույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետով:
«Քաղաքաշինության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվում են հինգ աստիճանի (կատեգորիայի):
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1 հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետով հիմնական (կապիտալ) շենք, շինությունը բնորոշված է որպես երկարատև շահագործման համար նախատեսված և հողի հետ անխզելիորեն կապակցված` վերգետնյա ու ստորգետնյա (կամ միայն ստորգետնյա) կառուցվածքներ ունեցող շինարարական օբյեկտ, որի տեղափոխումն անհնարին է՝ առանց անհամաչափ վնաս հասցնելու այդ օբյեկտի կամ դրա մասերի ամբողջականությանն ու հողի ծածկույթին: Նույն կետի 18-րդ ենթակետով ոչ հիմնական շինությունները բնորոշված են որպես առևտրի, սպասարկման, կենցաղային և այլ նպատակներով օգտագործվող շինություններ, որոնք տեղադրվում են հողի մակերեսին (հողի մակերեսի բարեկարգման ծածկույթի վրա), հողի մեջ չունեն հիմքեր, չեն պահանջում թաց շինարարական գործընթացներ և անհրաժեշտության դեպքում կարող են անջատվել հողից` առանց էական վնաս հասցնելու հողի ծածկույթին կամ այդ շինությանը:
Որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շինարարության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվում են հետևյալ հինգ կատեգորիաների՝
1) ցածր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` I կատեգորիա.
2) միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` II կատեգորիա.
3) միջինից բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` III կատեգորիա.
4) բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` IV կատեգորիա.
5) բարձրագույն ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` V կատեգորիա:
Որոշման N 1 հավելվածի 27-րդ կետի համաձայն՝ նույն հավելվածի 26-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված` միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) օբյեկտների թվին են դասվում այն շինարարական օբյեկտները, որոնց նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը փոխարինվում է նախագծող կազմակերպության երաշխավորագրով, իսկ շինարարության որակի տեխնիկական հսկողությունը` շինարարական կազմակերպության երաշխավորագրով, իսկ 3-րդ ենթակետով սահմանված` միջինից բարձր ռիսկայնության աստիճանի (III կատեգորիայի) օբյեկտների թվին են դասվում II և IV կատեգորիաների ռիսկայնության օբյեկտների միջակայքում բնութագրող ցուցանիշներ ունեցող օբյեկտները, որոնց նախագծային փաստաթղթերը ենթակա են պարզ փորձաքննության:
Հայաստանի Հանրապետությունում ըստ ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) օբյեկտները և դրանց դասակարգումը սահմանված է Որոշման N 4 հավելվածով, որի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ միջին ռիսկայնության (II կատեգորիայի) օբյեկտներ են՝
1) 300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող`
ա. ոչ ձեռնարկատիրական նպատակով (բացառությամբ պետական, համայնքային կամ բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող) կառուցվող անհատական բնակելի տները (առանձնատները, մենատները) և դրանց օժանդակ նշանակության կառույցները,
բ. բլոկավորված կառուցապատման բնակելի տները, որոնց յուրաքանչյուր բլոկն առանձնացված ելք ունի դեպի դուրս, իսկ բլոկների միջև ընդհանուր պատը բացվածքներ չունի հարևան բլոկի (բլոկների) հետ,
գ. առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքերն ու շինությունները` բացառությամբ վառելիքի լիցքավորման կայանների,
դ. հյուրանոցները, հյուրանոցատիպ հանգրվանները, մոթելները, զբոսաշրջային և ճամբարային բնակատեղիները, քեմփինգները,
ե. տարբեր տիպի գրասենյակները, կապի բաժանմունքները, արվեստանոցները,
զ. բաղնիքները, սաունաները,
է. սույն ենթակետով սահմանված գործառնական օգտագործման սենքեր ներառող բազմաֆունկցիոնալ շենքերը.
ը. շենքերի և շինությունների արտաքին գծային ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում:
Որոշման N 4 հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված է, որ միջին ռիսկայնության (II կատեգորիայի) օբյեկտներ մինչև 5 մետր բարձրություն ունեցող ոչ հիմնական օբյեկտները, ինչպես նաև թենիսի կորտերը, բասկետբոլի և վոլեյբոլի հրապարակները, այլ սպորտային նշանակության բացօթյա հարթային կառույցները (առանց տրիբունաների)` անկախ դրանց չափերից:
Որոշման N 1 հավելվածի 68-րդ կետի համաձայն՝ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների (այդ թվում` ոչ հիմնական) կառուցման, դրանց վերակառուցման (ներառյալ՝ քանդման կամ ապամոնտաժման), վերականգնման և ուժեղացման նախագծերը, քաղաքաշինական համալիրների և գործառնական տարածքների հատակագծման նախագծերը, ինչպես նաև բարեկարգման (կանաչապատման) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը (այսուհետ` նախագծային փաստաթղթեր) մշակվում են հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերին համապատասխան` առաջադրանքով (նախագծման թույլտվությամբ) սահմանված պահանջների ապահովմամբ:
Որոշման N 1 հավելվածի 105-րդ կետի համաձայն՝ ոչ հիմնական օբյեկտների համար իրավասու մարմնի կողմից տրվում է տեղադրման թույլտվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգը հաստատելու մասին» N 896 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն՝ ոչ հիմնական շինությունները կենցաղային, արտադրական, կոմունալ, առևտրի, սպասարկման, ինչպես նաև այլ նպատակներով օգտագործվող շինություններ են, որոնք տեղադրվում են հողի մակերեսին (հողի մակերեսի բարեկարգման ծածկույթի վրա), հողի մեջ չունեն հիմքեր, չեն պահանջում թաց շինարարական պրոցեսներ և անհրաժեշտության դեպքում կարող են անջատվել հողից` առանց էական վնաս հասցնելու հողի ծածկույթին, այդ շինությանը կամ դրա առանձին մասերին, այդ թվում`
- մանրածախ առևտրի ու սպասարկման կրպակներն ու տաղավարները,
- շարժական կացարաններն ու ավտոտնակները,
- շվաքարանով և առանց շվաքարանների ավտոկանգառները,
- հեռախոսային խցերը,
- խաղերի, ցուցահանդեսների, զվարճանքի, հանդիսությունների և ատրակցիոնների տաղավարները,
- շարժական կրկեսները, թատրոնները, բեմահարթակները և ամբիոնները,
- հիմնական (կապիտալ) օբյեկտների շինարարության սպասարկման կառույցները,
- ոչ հիմնական բնույթի այլ շինություններ:
Նույն կարգի 4-րդ կետով սահմանված է, որ ոչ հիմնական շինությունը պետք է լինի հանելու կամ տեղափոխելու համար ապամոնտաժվող տարրերից հավաքվող կամ տարածական կայունություն ունեցող ամբողջական միավոր` բացառելով շինարարական աշխատանքներում թաց պրոցեսը:
Վարույթի շրջանակներում քննարկման առարկա դարձնելով 2024 թվականի հունիսի 4-ի թիվ 01/18-02-975-24 շինարարության թույլտվության առարկա շինության ռիսկայնության աստիճանը և հաշվի առնելով Եզրակացությունն ու համաձայնեցված նախագծի բացատրագրում ներառված տեղեկատվությունն առ այն, որ Կառուցապատողների կողմից վարձակալված տարածքներից 2223.14քմ մակերեսով հողամասում նախատեսվում է իրականացնել 932.0քմ ընդհանուր մակերեսով կրպակաշարեր, 90.7քմ մակերեսով վարչական մասնաշենք, սանհանգույցներ, 488.0քմ մակերեսով ավտոկայանատեղի, իսկ 3086.81քմ մակերեսով հողամասում նախատեսվում է իրականացնել 1839.0քմ ընդհանուր մակերեսով կրպակաշարեր, սանհանգույցներ, ապա առկա են հիմքեր փաստելու, որ նշված շինարարության թույլտվության առարկան իրենից ներկայացնում է III կատեգորիայի հիմնական շինություն, որպիսին չի համապատասխանում ինչպես Վճռի պահանջին, այնպես էլ նշված հողամասերը Երևանի քաղաքապետի 2015 թվականի ապրիլի 13-ի N 1084-Ա որոշմամբ, ինչպես նաև դրա հիման վրա կնքված՝ 2015 թվականի մայիսի 13-ին թիվ 3851 և թիվ 3852 համարներով նոտարական վավերացման ենթարկված հողամասերի վարձակալության պայմանագրերով սահմանված նպատակին, այն է՝ հողամասն օգտագործել ոչ հիմնական շինության տեղադրման նպատակով:
Որոշման N 1 հավելվածի 100-րդ կետի համաձայն՝ իրավասու մարմինը համաձայնեցնում է նախագծային փաստաթղթերը և միաժամանակ տալիս է շինարարության թույլտվությունը (.....):
Հավելվածի 106-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նախագծային փաստաթղթերը չեն համաձայնեցվում, և շինարարության, այդ թվում՝ քանդման կամ ապամոնտաժման թույլտվությունը մերժվում է, եթե նախագծային փաստաթղթերը չեն համապատասխանում նախագծման թույլտվությամբ (առաջադրանքով) սահմանված պայմաններին (այդ թվում` տեխնիկական) և սահմանափակումներին կամ դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջներին:
Քննարկվող պարագայում 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 01/18-07-1-Դ-104916-758 նախագծման թույլտվությամբ նախատեսվել է ճարտարապետահատակագծային պահանջ, այն է՝ մշակել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի փողոցի թիվ 23/1 և թիվ 23/2 հասցեներում ոչ հիմնական շինություններով տոնավաճառի կազմակերպման նախագիծ, մինչդեռ 2024 թվականի հունիսի 4-ին համաձայնեցված թիվ 01/18-03-432-24 կառուցապատման նախագիծը և դրա հիման վրա տրված 2024 թվականի հունիսի 4-ի թիվ 01/18-02-975-24 շինարարության թույլտվությունը վերաբերում են հիմնական շինությանը, ինչից հետևում է, որ նշված կառուցման նախագիծը և շինարարության թույլտվությունը չեն համապատասխանում դրանց տրման համար հիմք հանդիսացող նախագծման թույլտվության պահանջին, քանի որ նախատեսվող շինությունը ոչ հիմնական շինության փոխարեն նախագծվել է որպես հիմնական շինություն:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 67-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնի ընդունած վարչական ակտի վերաբերյալ բողոքի բացակայության դեպքում այդպիսի ակտ ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը (պաշտոնատար անձը), վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ, իրավունք ունի վերանայել ստորադաս վարչական մարմնի ընդունած վարչական ակտը:
Նշված իրավանորմից հետևում է, որ տեղական ինքնակառավարման մարմին հանդիսացող Երևանի քաղաքապետը, չունենալով վերադաս վարչական մարմին, իրավասու է իր նախաձեռնությամբ վերանայել Երևանի քաղաքապետի կողմից կայացված վարչական ակտը, որպիսին հանդիսանում է շինարարության թույլտվությունը, ինչպես նաև՝ աշխատանքային նախագծի համաձայնեցումը՝ որպես վարչական մարմնի գործողություն-վարչական ակտ:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքապետն իր գործունեությունը կազմակերպում է Երևանի քաղաքապետի տեղակալի (տեղակալների), վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի միջոցով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմք է վարչական մարմնի նախաձեռնությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը հարուցվում է այն գործողության (գործողությունների) սկսման օրվանից, որը նպատակամղված է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական ակտի ընդունմանը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտին ներկայացվում են հետևյալ պահանջները.
ա) վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում.
բ) վարչական ակտը պետք է կազմված լինի սահմանված ձևի և նմուշի թղթի վրա:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը: Վարչական մարմնի հայեցողական լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված վարչական ակտի հիմնավորումից պետք է պարզ լինեն այն նկատառումները, որոնց հիման վրա վարչական մարմինն ընտրել է տվյալ լուծումը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:
Վարույթով հաստատվել է, որ 2024 թվականի հունիսի 4-ի թիվ 01/18-03-432-24 կառուցապատման նախագիծը համաձայնեցվել և դրա հիման վրա 2024 թվականի հունիսի 4-ի թիվ 01/18-02-975-24 շինարարության թույլտվությունը տրվել է օրենքի խախտմամբ, ինչից հետևում է, որ առկա են բավարար հիմքեր 2024 թվականի հունիսի 4-ի թիվ 01/18-03-432-24 կառուցապատման նախագծի համաձայնեցումը և 2024 թվականի հունիսի 4-ի թիվ 01/18-02-975-24 շինարարության թույլտվությունը ոչ իրավաչափ գնահատելու և անվավեր ճանաչելու համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել, եթե ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, և վերջինիս գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետի համաձայն՝ վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք չունի, եթե նա նախապես իմացել է վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու մասին կամ այդ մասին պարտավոր էր իմանալ` իր համար մատչելի տեղեկությունների հիման վրա:
Քննարկվող պարագայում՝ Կառուցապատողները հանդիսանալով 2024 թվականի հունիսի 4-ի թիվ 01/18-02-975-24 շինարարության թույլտվության առարկա հողամասերի վարձակալներ, իմացել են կամ պարտավոր էին իմանալ հողամասերը ոչ հիմնական շինություն տեղադրելու նպատակով օգտագործելու՝ ինչպես պայմանագրային պարտավորության, այնպես էլ Վճռով նախատեսված պահանջի մասին, հետևաբար պատվիրելով հիմնական շինության կառուցապատման նախագիծ և այն ներկայացնելով փորձաքննության, այնուհետև հիմնական շինության վերաբերյալ տրված Եզրակացության հիմքով Երևանի քաղաքապետարանից հայցելով կառուցապատման նախագծի համաձայնեցում և շինարարության թույլտվության տրամադրում, իմացել են կամ պարտավոր էին իմանալ դրանց ոչ իրավաչափ լինելու մասին: Ընդ որում՝ Վճռից բխող պահանջների կատարման համատեքստում Կառուցապատողների օրինական ակնկալիքը կարող էր լինել բացառապես ոչ հիմնական շինության տեղադրումը, իսկ հիմնական շինության կազմակերպման հնարավորություն թույլատրող վարչական ակտով խախտվել են ինչպես խնդրո առարկա հողամասերի օգտագործման պայմանագրային դրույթները, այլև Վճռի պահանջը, որի պայմաններում Կառուցապատողների մոտ չի կարող ձևավորվել ոչ իրավաչափ վարչական ակտին վստահելու համոզմունք և իրավունք:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 436-րդ, 617-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի, 22.1-րդ հոդվածի 1-ին մասի, 23-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշման դրույթները, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, նույն հոդվածի 3-րդ մասով, 53-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածի 1-ին մասով, 57-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, նույն հոդվածի 4-րդ մասի «գ» կետով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի փողոցի թիվ 23/1 և թիվ 23/2 հասցեներում ոչ հիմնական շինություններով (կրպակաշարեր, վարչական մասնաշենք) տոնավաճառի (III կատեգորիա) կազմակերպման շինարարական աշխատանքներ կատարելու համար «Բրոք Սերվիս» և «Ռուսբայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին տրված՝ 2024 թվականի հունիսի 4-ի թիվ 01/18-02-975-24 շինարարության թույլտվությունը ճանաչել անվավեր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |