ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Ա. Գաբրիելյան |
ԵԴ/0520/13/22 |
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
| ||||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆի |
11 հոկտեմբերի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 20-ի որոշման դեմ դատապարտյալ Սարգիս Ժիրայրի Գրիգորյանի պաշտպաններ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 27-ի դատավճռով Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 17 (տասնյոթ) տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ հանցանքների համակցության կանոններով, Ս․Գրիգորյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 18 (տասնութ) տարի ժամկետով:
1․1․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 27-ի դատավճիռը մասնակիորեն բեկանել և փոփոխել է, Սարգիս Գրիգորյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով պատիժ է նշանակել ազատազրկում՝ 20 (քսան) տարի ժամկետով, իսկ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը թողել է անփոփոխ: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ՝ հանցանքների համակցության կանոններով Ս․Գրիգորյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 21 (քսանմեկ) տարի ժամկետով:
2․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2022 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ դատապարտյալ Սարգիս Գրիգորյանի պաշտպաններ Լ.Սահակյանի ու Ե.Վարոսյանի միջնորդությունը՝ դատավճռով հաստատված արարքները և նշանակված պատիժը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) համապատասխանեցնելու մասին, բավարարվել է, դատապարտյալ Սարգիս Գրիգորյանի կողմից կատարված և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով որակված արարքները համապատասխանեցվել են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով որակված արարքը՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասը՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 6-րդ մասին և նշանակված պատիժը՝ 21 (քսանմեկ) տարի ժամկետով ազատազրկումը թողնվել է անփոփոխ։
3․ Դատախազ Կ․Հարությունյանի, դատապարտյալ Ս․Գրիգորյանի պաշտպաններ Լ․Սահակյանի և Ե․Վարոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ պաշտպանների բողոքը մերժել է, դատախազի բողոքը՝ բավարարել․ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը բեկանել է և Առաջին ատյանի դատարան ներկայացված պաշտպանների միջնորդությունը՝ մերժել։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպաններ Լ․Սահակյանը և Ե․Վարոսյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված որակյալ հատկանիշը ոչ թե ապաքրեականացվել է, այլ ՀՀ գործող քրեական օրենսգրքում նման կետի բացակայությունը ենթադրում է երկու դրվագով արարքների մեղսագրում, ինչը տվյալ պարագայում ավելի ծանր հետևանքներ է նախատեսում անձի համար, հետևաբար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի կարգավորումը, որպես դատապարտյալի համար ավելի մեղմ կարգավորում, պետք է շարունակի կիրառվել Սարգիս Գրիգորյանի նկատմամբ, ըստ բողոքաբերների, ակնհայտորեն հանգեցնում է իրավունքի խախտման, քանի որ Սարգիս Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել, ի թիվս այլնի, մի նորմի հիման վրա, որը, նոր քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելով, դադարել է գոյություն ունենալ։
Միաժամանակ, բողոքաբերների պնդմամբ՝ արարքները մի քանի դրվագներով որակելու հետ կապված օրենսդրի նոր մոտեցումը, Սարգիս Գրիգորյանի նկատմամբ չի կարող կիրառվել և՛ նրան մեղսագրվող արարքը կատարելու պահին կիրառման ենթակա չլինելու, և՛ ինչպես Վերաքննիչ դատարանն է նշել, վատթարացնող լինելու պատճառով։
Բողոքաբերների կարծիքով՝ ստացվում է իրավիճակ, երբ նոր մոտեցումն անձի նկատմամբ կիրառվել չի կարող, բայց նա շարունակում է պատիժ կրել մի նորմի կիրառմամբ, որը փաստացի վերացվել է նոր քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելով։
Արդյունքում, բողոքաբերները գտել են, որ առկա իրավիճակում Ս.Գրիգորյանի արարքը ենթակա է վերաորակման այնպես, ինչպես դա իրականացրել է Առաջին ատյանի դատարանը, միաժամանակ նշանակված պատիժն էլ, ըստ այդմ, պետք է համապատասխանեցվի։
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 20-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը մասնակիորեն բեկանել և կայացնել որոշում՝ Ս.Գրիգորյանի նկատմամբ պատիժը նոր օրենքին համապատասխանեցնելու մասին։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7․ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի որոշման համաձայն՝ «(…) [Դ]ատապարտյալ Սարգիս Ժիրայրի Գրիգորյանի կողմից կատարված և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ ԵԷԴ/0025/01/16 որոշմամբ հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները համապատասխանում են 05.05.2021թ. ընդունված և 01.07.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերին և 335-րդ հոդվածի 1-ին մասին:
(…)
05.05.2021թ. ընդունված և 01.07.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիային, որի համար պատիժ է նախատեսվում տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ, այսինքն նվազագույն պատժաչափի մասով խստացել է, ինչը վատթարացնում է անձի վիճակը, ապա Դատարանն արձանագրում է, որ չնայած այդ հանգամանքին, այնուամենայնիվ նշանակված պատիժը՝ 20 տարի ժամկետով ազատազրկումը, շարունակում է մնալ նոր ընդունված օրենսդրությամբ նախատեսված սանկցիայի սահմաններում:
Ինչ վերաբերում է 05.05.2021թ. ընդունված և 01.07.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիային, որի համար պատիժ է նախատեսվում առավելագույնը 5 տարի ժամկետով, այսինքն պատժաչափի մասով ևս խստացել է, ինչը վատթարացնում է անձի վիճակը, ապա Դատարանն արձանագրում է, որ չնայած այդ հագամանքին, այնուամենայնիվ նշանակված պատիժը՝ 1 տարի ժամկետով ազատազրկումը, շարունակում է մնալ նոր ընդունված օրենսդրությամբ նախատեսված սանկցիայի սահմաններում:
(…)
Միևնույն ժամանակ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (…) որոշմամբ ՀՀ [նախկին] քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հանցանքների համակցությամբ վերջնական պատիժ է նշանակվել 21 (քսանմեկ) տարի ժամկետով ազատազրկումը, ինչը չի գերազանցում ինչպես նախկին, այնպես էլ նոր օրենսդրությամբ նախատեսված ժամկետները:
Վերոգրյալի հաշվառմամբ և միևնույն ժամանակ նկատի ունենալով նաև այն, որ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ դատապարտյալ Սարգիս Ժիրայրի Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով նշանակված 20 տարի ժամկետով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 1 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժները մինչև 01.07.2022թ. գործող պատիժ նշանակելու կանոնների կիրառման պայմաններում շարունակում են գտնվել նոր ընդունված օրենսդրությամբ նախատեսված սանկցիաների սահմաններում՝ Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված արարքը (․․․) ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերին, իսկ 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը (․․․) ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանեցնելիս՝ նշանակված պատիժն ու պատժաչափը պետք է թողնել անփոփոխ (…)»1։
8․ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը բեկանելով և Առաջին ատյանի դատարան ներկայացված պաշտպանների միջնորդությունը մերժելով, փաստել է, որ «(…) 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված երկու կամ ավելի անձանց սպանությունը ոչ թե ապաքրեականացվել է, այլ գործող ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսվել է սպանության օբյեկտի նկատմամբ ոտնձգության յուրաքանչյուր դեպքին առանձին իրավական գնահատական տալու պարտականություն։ Նման պայմաններում, դատապարտյալ Սարգիս Ժիրայրի Գրիգորյանին վերագրվող՝ 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերը կարող էին համապատասխանեցվել 2022թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերին /2 դրվագ/, որպիսի հանգամանքը կհանգեցներ խստացնող օրենսդրության հետադարձության ուժով կիրառելիության, ինչն անթույլատրելի է։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի կարգավորումներն առ այն, որ արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, իսկ դատապարտյալ Սարգիս Ժիրայրի Գրիգորյանին վերագրվող արարքների կատարման պահին գործող օրենք է հանդիսացել 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը։
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը վերոնշյալի կապակցությամբ հարկ է համարում փաստել նաև, որ թեև Առաջին ատյանի դատարանը իրավաչափ եզրահանգումների է հանգել ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժաչափերի՝ նոր օրենսգրքով նախատեսված նույն հանցանքների համար նախատեսվող պատիժների սահմաններում ընդգրկվելու վերաբերյալ, սակայն սխալ է կիրառել նշված իրավահարաբերությունները կարգավորող՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի (…) հոդվածները։
(…) [Դ]ատարանը լիազորված չէ նոր օրենսգրքին համապատասխանեցնել դատապարտյալին վերագրվող հանցավոր արարքը, եթե դրա համար սահմանված պատժի բարելավում տեղի չի ունեցել, քանի որ օրենսդրի որդեգրած տրամաբանությունից բխում է, որ դատարանն իրավասու է բավարարել ներկայացված միջնորդությունը միայն այն դեպքում, երբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հետադարձ ուժի կանոնը։
(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Սարգիս Գրիգորյանին մեղսագրված համապատասխան հանցակազմը որակյալ դարձնող կետերից մեկը, այն է՝ 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված երկու կամ ավելի անձանց սպանությունը ոչ թե ապաքրեականացվել է, այլ գործող օրենսգրքով նախատեսվել է սպանության օբյեկտի նկատմամբ ոտնձգության յուրաքանչյուր դեպքին առանձին իրավական գնահատական տալու պարտականություն, որպիսի հանգամանքը հանգեցրել է դրա խստացմանը։
Վերոգրյալից հետևում է, որ Ս․Գրիգորյանին վերագրվող արարքները համապատասխանեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու հիմքերի բացակայության դեպքում հնարավոր չէ բավարարել նաև վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնելու վերաբերյալ փաստաբաններ Լ․Սահակյանի և Ե․Վարոսյանի վերաքննիչ բողոքը և այդ հիմքով այն ենթակա է մերժման (…)»2։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք բողոքաբերների փաստարկն առ այն, որ երկու կամ ավելի անձանց սպանության ծանրացնող հանգամանքի վերացման պայմաններում դատապարտյալ Սարգիս Գրիգորյանի արարքը ենթակա է վերաորակման, իսկ նշանակված պատիժը՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցման։
10․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»։
Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
(…)
3. Եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ։ Եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե նշանակված պատիժն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետից, կամ նշանակված պատժատեսակն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված առավել խիստ պատժատեսակից։ Նշված դեպքերում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնք կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն (…)»։
10.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ որոշելու համար՝ նոր ընդունված օրենքը վերացնում է արարքի հանցավորությունը, թե ոչ, դատարանը գործի փաստական հանգամանքների ամբողջական գնահատման արդյունքում պետք է պարզի՝ արդյո՞ք արարքը հանցավոր էր այն կատարելու պահի դրությամբ և արդյո՞ք այն շարունակում է հանցավոր լինել նաև փոփոխված օրենքի պայմաններում։ Եթե պատասխանը դրական է, ապա ապաքրեականացման մասին խոսք լինել չի կարող։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նման դեպքերում կիրառելի քրեական օրենսդրության հարցը որոշելիս անհրաժեշտ է ելնել այն սկզբունքից, որ անձի վիճակը, ի համեմատ հանցանքի կատարման պահին գործող իրավակարգավորումների, չի կարող վատթարանալ։ Մասնավորապես, եթե նոր օրենքի պայմաններում անձի նկատմամբ ակնկալվող պատիժը խստանում է և անձի վիճակը վատթարանում, ապա այն չի կարող կիրառելի լինել, և ընդհակառակը, պատժի մեղմացման դեպքում նոր ընդունված քրեական օրենսդրությանը պետք է հետադարձ ուժ տրվի՝ հաշվի առնելով, բնականաբար, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված՝ քրեական օրենսդրությունը հետադարձ ուժով կիրառելու առանձնահատկությունները3։
11. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Սպանությունը՝
1) երկու կամ ավելի անձանց,
(...)
6) շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով,
7) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
(...)
պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը`
պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:
2. Սպանությունը`
(…)
7) այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով,
8) մի խումբ անձանց կողմից,
(…)
պատժվում է ազատազրկմամբ՝ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ»:
11.1. Վճռաբեկ դատարանը Հայրապետ Սեփոյանի վերաբերյալ որոշմամբ ընդգծել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքում երկու կամ ավելի անձանց սպանությունը դիտարկվում էր որպես հանցակազմի որակյալ տեսակ՝ նախատեսված 104-րդ հոդվածի 2-րդ մասով, մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգրքով կատարված փոփոխությունների պայմաններում, երկու կամ ավելի անձանց սպանության որակյալ տեսակը վերացվել է, և կատարվածը որակվում է հանցագործությունների համակցության կանոններով՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (եթե, իհարկե, երկրորդ մասով նախատեսված ծանրացնող որևէ հանգամանք առկա չէ)։
Ուստի, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով երկու կամ ավելի անձանց սպանության ծանրացնող հանգամանքի փաստացի վերացումը դեռևս չի նշանակում, որ տեղի է ունեցել մասնակի ապաքրեականացում, քանի որ բովանդակային առումով սպանության վերոնշյալ որակյալ տեսակը ոչ թե վերացվել է, այլ փոխվել են դրան հակազդելու մեխանիզմները՝ պայմանավորված օրենսդրի կողմից նշված երևույթին տրված նոր արժեքային գնահատմամբ4։
12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ Սարգիս Գրիգորյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 20 (քսան) տարի ժամկետով, իսկ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը թողնվել է անփոփոխ: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ հանցանքների համակցության կանոններով, Ս․Գրիգորյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 21 (քսանմեկ) տարի ժամկետով5:
- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները ենթակա են համապատասխանեցման ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերին և 335-րդ հոդվածի 1-ին մասին, իսկ Ս․Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժն ու պատժաչափը պետք է թողնել անփոփոխ6:
- Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը բեկանելով և Առաջին ատյանի դատարան ներկայացված պաշտպանների միջնորդությունը մերժելով, գտել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված երկու կամ ավելի անձանց սպանությունը ոչ թե ապաքրեականացվել է, այլ ՀՀ գործող քրեական օրենսգրքով նախատեսվել է սպանության օբյեկտի նկատմամբ ոտնձգության յուրաքանչյուր դեպքին առանձին իրավական գնահատական տալու պարտականություն։ Նման պայմաններում, ըստ Վերաքննիչ դատարանի, դատապարտյալ Ս.Գրիգորյանին վերագրվող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերը կարող էին համապատասխանեցվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերին՝ 2 (երկու) դրվագ, որպիսի հանգամանքը կհանգեցներ խստացնող օրենսդրության հետադարձության ուժով կիրառելիության, ինչն անթույլատրելի է7։
13․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-11.1-ին կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ Ս․Գրիգորյանին վերագրվող արարքները համապատասխանեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու հիմքերը բացակայում են։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով երկու կամ ավելի անձանց սպանության ծանրացնող հանգամանքի փաստացի վերացումը դեռևս չի նշանակում, որ տեղի է ունեցել մասնակի ապաքրեականացում, և ՀՀ գործող քրեական օրենսգրքով կատարված փոփոխությունների պայմաններում երկու կամ ավելի անձանց սպանությունը որակվում է հանցագործությունների համակցության կանոններով՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (եթե, իհարկե, երկրորդ մասով նախատեսված ծանրացնող որևէ հանգամանք առկա չէ)։
Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է նաև Վերաքննիչ դատարանի այն մոտեցումը, որ Ս.Գրիգորյանին վերագրվող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելը կհանգեցնի դատապարտյալ Ս.Գրիգորյանի վիճակը վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժով կիրառելուն՝ հաշվի առնելով, որ վերջինիս արարքներում առկա են նաև սպանության՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ ծանրացնող հանգամանքներ ևս։
14. Անդրադառնալով Ս.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու մասին բողոքաբերների խնդրանքին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ դատապարտյալ Ս.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ չէ ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված այդ պատժատեսակի առավելագույն ժամկետից։ Հետևաբար, հաշվի առնելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորումները՝ Ս.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժը ենթակա չէ համապատասխանեցման ՀՀ գործող քրեական օրենսգրքին։
15. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ բողոքաբերների փաստարկն առ այն, որ երկու կամ ավելի անձանց սպանության ծանրացնող հանգամանքի վերացման պայմաններում դատապարտյալ Սարգիս Գրիգորյանի արարքը ենթակա է վերաորակման, իսկ նշանակված պատիժը՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցման։
16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը բեկանելով և Առաջին ատյանի դատարան ներկայացված պաշտպանների միջնորդությունը մերժելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Ուստի, Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 20-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Դատապարտյալ Սարգիս Ժիրայրի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 20-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
___________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, թերթեր 37-39։
2 Տե՛ս վարույթի նյութեր, թերթեր 122-139։
3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հայրապետ Սեփոյանի գործով 2024 թվականի հունիսի 14-ի թիվ ԿԴ1/0059/01/16 որոշումը։
4 Տե՛ս նույն տեղում։
5 Տե՛ս սույն որոշման 1․1-ին կետը:
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
Նախագահող` Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|