Գլխավոր տեղեկություն
Համար
N 393
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հայաստանի ազգային արխիվ
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.06.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար

հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ

 

ո ր ո շ ու մ

 

13 հունիսի 1991 թվականի N 393

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՐԱԿԻ, ՍՏԱՆԴԱՐՏԱՎՈՐՄԱՆ, ՉԱՓԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

Հաստատել Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության նախարարության արտադրանքի որակի, ստանդարտավորման, չափաբանության և սանիտարիայի պետական տեսչության կանոնադրությունը (կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
Հայաստանի Հանրապետության
Նախարարների

խորհրդի 1991 թվականի հունիսի 13-ի

N 393 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՐԱԿԻ, ՍՏԱՆԴԱՐՏԱՎՈՐՄԱՆ, ՉԱՓԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության նախարարության արտադրանքի որակի, ստանդարտավորման, չափաբանության և սանիտարիայի պետական տեսչությունը (այսուհետև պետտեսչություն) ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է` նախարարության կազմում գլխավոր վարչության իրավունքներով:

2. Պետտեսչությունը Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերական համալիրի համակարգում միջգերատեսչական վերահսկողություն է իրականացնում գյուղատնտեսական մթերքների և հումքի պայմանագրային հարաբերությունների, գնումների կարգի պահպանման, միութենական ֆոնդ առաքումների, միջհանրապետական գնումների, աճեցված և վերամշակված արտադրանքի պահպանման, թարմ և վերամշակված սննդամթերքի, լճակային ձկան և գյուղատնտեսական մյուս մթերքների ու հումքի արտադրության, իրացման և պահման գործող ստանդարտների, տեխնոլոգիական և սանիտարահիգիենիկ նորմաների ու կանոնների կատարման ապահովման, ինչպես նաև ստանդարտավորման և չափաբանության աշխատանքների կազմակերպման նկատմամբ:

Պետտեսչությունը միջգերատեսչական վերահսկողությունն իրականացնում է նաև շրջանային տեսուչ-մասնագետների միջոցով, որոնք իրենց գործունեությամբ հաշվետու են պետտեսչությանը:

3. Պետտեսչությունը որպես միջգերատեսչական պետական ծառայություն, սերտորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի գերատեսչությունների, նրանց կառուցվածքային ստորաբաժանումների, հանրապետական արտադրական և գիտաարտադրական միավորումների հետ և իր գործունեությամբ անկախ է տեղական և ճյուղային կառավարման մարմիններից:

4. Պետտեսչությունն իր գործունեությամբ ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԽՍՀՄ գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարության և նրա արտադրանքի որակի կենտրոնական պետական տեսչության որոշումներով, հրամաններով, հրահանգներով, ցուցումներով և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև հանրապետության ագրոարդյունաբերական համալիրի նախարարությունների ու գերատեսչությունների կանոնադրություններով, նրանց կոլեգիաների որոշումներով, հրամաններով և նորմատիվ այլ ակտերով:

5. Պետտեսչության կառուցվածքը, աշխատողների թվաքանակը և հաստիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության նախարարության կողմից:

6. Պետտեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, ինչպես նաև համապատասխան բլանկներ:

 

II. ՊԵՏՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Պետտեսչության հիմնական խնդիրներն են`

վերահսկողության իրականացումը`

գյուղատնտեսական մթերքների պետական պատվերների կոնտրակտացիայի պայմանագրերի, միութենական ֆոնդ, մյուս սպառողներին ըստ ծավալների, տեսականու և որակի արտադրանքի առաքումների, ինչպես նաև գնումների գործող կարգի պահպանման նկատմամբ.

թարմ և վերամշակված գյուղատնտեսական մթերքների արտադրության և իրացման ժամանակ ստանդարտների, տեխնոլոգիական, սանիտարահիգիենիկ ու նորմատիվ այլ փաստաթղթերով սահմանված կանոնների պահպանման նկատմամբ.

ստանդարտավորման և չափաբանության տարեկան ու հեռանկարային պլանների մշակման, աշխատանքների կազմակերպման, կոորդինացման և մեթոդական ղեկավարման նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության նախարարության և գյուղատնտեսության նախարարության ստանդարտավորման ծառայությունների, հանրապետության տարածքում գործող ԽՍՀՄ գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարության տեսչական ծառայությունների և ագրոարդյունաբերական համալիրի համակարգի շրջանային, ճյուղային, այլ տեսչական ծառայությունների աշխատանքների նկատմամբ, ինչպես նաև նրանց աշխատանքի փորձի ուսումնասիրման, ամփոփման և կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակման նկատմամբ:

Հանրապետության ագրոարդյունաբերական համալիրի համակարգի կոլտնտեսությունների, պետական գյուղատնտեսական ձեռնարկությունների, թռչնաբուծական ֆաբրիկաների և այլ տնտեսությունների, վերամշակող ձեռնարկությունների և առևտրի կազմակերպությունների կողմից ԽՍՀՄ գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության նախարարության, գյուղատնտեսության նախարարության, առողջապահության նախարարության և այլ նախարարությունների ու գերատեսչությունների արտադրանքի որակի հարցերի վերաբերյալ որոշումների, հրամանների, ցուցումների կատարումն ապահովող անհրաժեշտ կազմակերպատեխնիկական միջոցառումների իրականացման նկատմամբ:

 

 III. ՊԵՏՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ

 

8. Պետտեսչությունն իր վրա դրված խնդիրներին համապատասխան`

ա) իրականացնում է վերահսկողություն`

հանրապետության կոլտնտեսությունների, պետական գյուղատնտեսական ձեռնարկությունների, թռչնաբուծական ֆաբրիկաների ու ագրոարդյունաբերական համալիրի մյուս տնտեսությունների ու մթերող կազմակերպությունների կողմից գյուղատնտեսական մթերքների պետական պատվերների ըստ ծավալների և տեսականու, կոնտրակտացիայի պայմանագրերի, ինչպես նաև միութենական ֆոնդ արտադրանքի առաքումների պլանների կատարման նկատմամբ.

կոլտնտեսությունների, պետական գյուղատնտեսական ձեռնարկությունների, թռչնաբուծական ֆաբրիկաների և այլ տնտեսությունների կողմից իրացվող գյուղատնտեսական մթերքների ու լճակային ձկան որակի, բոլոր գյուղատնտեսական, պետական-կոոպերատիվ և հասարակական այլ կազմակերպություններում պետական պատվերներով ստացվող ու միութենական ֆոնդ առաքվող արտադրանքի որակի որոշման ճշտության ու պետստանդարտների և տեխնիկական պայմանների պահանջներին համապատասխանության նկատմամբ.

գյուղատնտեսական մթերքների ընդունման և վերամշակման համար բազաների նյութատեխնիկական միջոցներով ժամանակին ապահովվածության, ինչպես նաև մթերքների արտադրության, գնումների և փոխադրման վայրերում դրանց պահպանության վիճակի նկատմամբ.

հանրապետության ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և տարբեր տնտեսությունների կողմից սննդի և տեխնիկական նպատակներով թարմ ու վերամշակված արտադրանքի արտադրության և իրացման ժամանակ ստանդարտների, տեխնիկական պայմանների պահպանման նկատմամբ.

հանրապետության ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում, կոլտնտեսություններում, պետական գյուղատնտեսական ձեռնարկություններում, կոոպերատիվներում, մթերող և այլ կազմակերպություններում սանիտարահիգիենիկ և անասնաբուժական նորմերի ու ռեժիմների պահպանման նկատմամբ.

բ) իրականացնում է միջշրջանային համալիր տեխնոլոգիական լաբորատորիաների, Հայկոոպի կենտրոնական վերահսկիչ-արտադրական լաբորատորիայի, հանրապետական բրդի լաբորատորիայի, հանրապետական ջրի լաբորատորիայի, հանրապետական վերահսկիչ-թունաբանական լաբորատորիայի, կոլտնտեսային շուկաների և կոոպերատիվ-կոմիսիոն խանութների լաբորատորիաների աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը և կոորդինացումը` նրանց կողմից արտադրանքի որակի նկատմամբ հսկողության իրագործման և բուսաբուծության արտադրանքի մեջ նիտրատների ու պեստիցիդների մնացորդային քանակների վերաբերյալ հավաստագրեր տալու ուղղությամբ.

գ) մասնակցում է Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերական համալիրի նախարարությունների և գերատեսչությունների կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ գյուղատնտեսական մթերքների և հումքի, լճակային ձկան կոնտրակտացիայի պայմանագրերի, գնումների, առաքումների, պահպանման, վերամշակման և իրացման պայմանների մեջ նորմատիվային ճշգրտումների և փոփոխությունների մտցման կարգի մշակման, ինչպես նաև սորտափորձարկման պետական հանձնաժողովների և համտեսային ճյուղային կենտրոնական խորհուրդների աշխատանքներին.

դ) տալիս է`

գյուղատնտեսական թարմ և վերամշակված արտադրանքի որակի և բարորակության, ինչպես նաև տեխնիկական նշանակության արտադրանքի, տարայի և փաթեթավորման նյութերի որակի վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ և դրանց վերաբերյալ փաստաթղթեր.

եզրակացություն` գյուղատնտեսական թարմ և վերամշակված արտադրանքի, լճակային ձկան, ինչպես նաև տեխնիկական նշանակության արտադրանքի և փաթեթավորման նյութերի որակի վերաբերյալ` գյուղատնտեսական, մթերող, վերամշակող և առևտրի ձեռնարկությունների ու կազմակերպությունների (անկախ գերատեսչական ենթակայությունից) միջև ծագած տարաձայնությունների դեպքում:

IV. ՊԵՏՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

9. Պետտեսչության պետը, պետի տեղակալը, ինչպես նաև աշխատողներն իրենց իրավասության սահմաններում և պաշտոնավարման հրահանգին համապատասխան իրավունք ունեն`

ա) գործուղման և ծառայողական վկայականները ներկայացնելիս անարգել ստուգել`

ագրոարդյունաբերական համալիրի բոլոր ձեռնարկություններում և կազմակերպություններում (անկախ գերատեսչական ենթակայությունից) գյուղատնտեսական մթերքների գնումների հաշվարկների կատարման, արտադրանքի վճարման, ընդունման կարգի, փոխադրման, տեղավորման, պահպանման, փաթեթավորման, պիտակավորման և դրա վերամշակման պայմանների ճշտության պահպանումը.

կոլտնտեսությունների, պետական գյուղատնտեսական ձեռնարկությունների, այլ տնտեսությունների, մթերող, արդյունաբերության և առևտրի ձեռնարկությունների` գյուղատնտեսական արտադրանքի մթերումների, առաքումների, փոխադրումների, իրացման, վերամշակման և որակի վերաբերյալ անհրաժեշտ նորմատիվատեխնիկական փաստաթղթերով ապահովվածությունը.

բ) վերահսկել ստանդարտների ներդրման պլանների և միջոցառումների կատարումը, ստանդարտների, տեխնիկական պայմանների և նորմատիվատեխնիկական այլ փաստաթղթերի պահանջների պահպանումը.

գ) կատարել գյուղատնտեսական, արդյունաբերական (սննդի) և տեխնիկական նշանակության արտադրվող  և իրացվող արտադրանքի որակին ներկայացվող պահանջներին տեխնոլոգիական կարգապահության, թունաբանական, մանրէաբանական և սանիտարահիգիենիկ հսկողության կազմակերպման համապատասխանության ստուգումներ.

դ) լուծել բոլոր գյուղատնտեսական, մթերող, արդյունաբերական և առևտրի կազմակերպությունների ու ձեռնարկությունների միջև (անկախ գերատեսչական ենթակայությունից) մթերվող գյուղատնտեսական մթերքների և դրա վերամշակման արտադրանքի որակի որոշման վերաբերյալ առաջացած տարաձայնությունները.

ե) տալ եզրակացություն մթերող-առևտրական կազմակերպություններում և ձեռնարկություններում պահպանվող թարմ ու վերամշակված գյուղատնտեսական արտադրանքի և տարափաթեթավորման նյութերի որակի և դրանց օգտագործման վերաբերյալ.

զ) սահմանափակել, դադարեցնել կամ արգելել գործող ստանդարտների և տեխնիկական պայմանների սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքի, ինչպես նաև ոչ պիտանի տարայով ու տրանսպորտային միջոցներով գյուղատնտեսական թարմ ու վերամշակված արտադրանքի առաքումները կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների, այլ տնտեսությունների, մթերող, արդյունաբերական ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից.

է) պարտադիր ցուցումներ տալ կոլտնտեսություններին, պետական գյուղատնտեսական ձեռնարկություններին, մյուս տնտեսություններին, գյուղատնտեսական, մթերող, արդյունաբերական, պետական ու կոոպերատիվ կազմակերպություններին ու ձեռնարկություններին գյուղատնտեսական մթերքների և հումքի հանձնման-ընդունման կարգի, ստանդարտների և տեխնիկական պայմանների, ինչպես նաև պահպանման ու փոխադրման կարգի թույլ տրված խախտումները որոշակի ժամկետում վերացնելու վերաբերյալ.

ը) դադարեցնել առանձին արտադրությունների, արտադրամասերի և ձեռնարկությունների աշխատանքը, որոնք խախտում են թարմ ու պատրաստի արտադրանքի պահպանման և վերամշակման նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջները, սանիտարահիգիենիկ կանոնները և թույլ են տալիս ստանդարտների ու տեխնիկական պայմանների պահանջների խախտումներով արտադրանքի թողարկում:

Այդ արտադրությունները, արտադրամասերն ու ձեռնարկություններն իրենց աշխատանքը կարող են վերսկսել միայն պետտեսչության թույլտվությամբ.

թ) գյուղատնտեսական, առևտրի, արդյունաբերական ձեռնարկություններին, ինչպես նաև տարածքային ֆինանսական և պետական վիճակագրության մարմիններին տալ տեղեկություններ պլանների կատարողականի հաշվետվություններից անորակ արտադրանքի արժեքի գումարը հանելու և դրանց իրացումից ստացված շահույթը հանրապետական բյուջե փոխանցելու մասին.

ժ) կատարել հանրապետության ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների տեխնոլոգիական, սանիտարահիգիենիկ, թունաբանական և մանրէաբանական հսկողության ծառայությունների գործունեության ստուգում` նրանց կողմից տեխնոլոգիական կարգապահության, սանիտարահիգիենիկ նորմերի և պատրաստի արտադրանքի որակի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ.

ի) գյուղատնտեսական, առևտրի և արդյունաբերական ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից թողարկված արտադրանքի որակական վերլուծության ստուգումներին անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով ներգրավել հանրապետության ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և գիտահետազոտական կազմակերպությունների մասնագետներին ու նրանց տեխնիկական միջոցները.

լ) հատուկ լաբորատոր հետազոտություններ կատարելու անհրաժեշտության դեպքում վերցնել գյուղատնտեսական թարմ և արդյունաբերական արտադրանքի նմուշներ, ծախսերը հաշվեգրելով այն կողմի հաշվին, որի խնդրանքով կատարվում են այդպիսի հետազոտություններ, կամ գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանք թողարկող ձեռնարկության հաշվին.

խ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական կոմիտեից ստանալ հաշվետվական տվյալներ գյուղատնտեսական մթերքների գնումների, առաքումների, վաճառքի, վերամշակման ու որակի վերաբերյալ.

ծ) հարց հարուցել հանրապետության ագրոարդյունաբերական համալիրի նախարարությունների, գերատեսչությունների և համապատասխան հանրապետական միավորումների ու կազմակերպությունների ղեկավարության առջև գյուղատնտեսական թարմ և վերամշակված մթերքների պետական պատվերների ու պայմանագրային պարտավորությունների կատարման և որակի ապահովման գործում պետական կարգապահությունը խախտող անձանց պատասխանատվության ենթարկելու մասին.

կ) քննության առնել պետտեսչության իրավասությանը վերաբերող հարցերով քաղաքացիների դիմումներն ու բողոքները, ինչպես նաև սպառողների հանրապետական ընկերության առաջարկությունները.

հ) հրավիրել և անցկացնել օպերատիվ խորհրդակցություններ պետտեսչության իրավասությանը վերաբերող հարցերով, սահմանված կարգով ներգրավելով հանրապետության սննդի արդյունաբերության նախարարության և գյուղատնտեսության նախարարության ստորաբաժանումների, ենթակա գիտահետազոտական և այլ կազմակերպությունների մասնագետների:

 

V. ՊԵՏՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Պետտեսչությունը ղեկավարում է պետը, որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերական նախարարության կողմից:

11. Պետտեսչության պետը`

ա) անձնական պատասխանատվություն է կրում պետտեսչության վրա դրված խնդիրների և պարտավորությունների կատարման համար.

բ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ.

գ) կատարում է պետտեսչության աշխատողների միջև պարտականությունների բաշխումը.

դ) հաստատում է պետտեսչության աշխատողների պաշտոնավարման հրահանգները.

ե) ապահովում է բոլոր հիմնարկություններում և կազմակերպություններում, առանց հատուկ լիազորագրի, պետտեսչության ներկայացուցչությունը` նրա իրավասությանը վերաբերող հարցերով: