Գլխավոր տեղեկություն
Համար
N 128
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հայաստանի ազգային արխիվ
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.02.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար

հայաստանի հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ո ր ո շ ու մ

 

24 փետրվարի 1992 թվականի N 128

քաղ. Երևան

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության ժամանակավոր կանոնակարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1985 թվականի հունիսի 12-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի ռեգլամենտը հաստատելու մասին» N 355 որոշումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, ՎԱՐՉԱՊԵՏ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
Հայաստանի Հանրապետության
կառավարության

1992 թվականի փետրվարի 24-ի

N 128 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմին է, որը ենթակա է Հայաստանի Հանրապետության նախագահին և հաշվետու է նրան:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա մարմինների գործունեության կարգը որոշվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրական մյուս ակտերով և սույն կանոնակարգով:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետը գլխավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ուղղություն է տալիս նրա գործունեությանը:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի բացակայության դեպքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները կատարում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը (կառավարության նախագահի տեղակալը):

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

 

5. Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության գործունեությունն իրականացվում է աշխատանքի պլաններին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքի պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության աշխատանքի պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության կողմից:

 Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության աշխատանքի պլանների նախագծերի կազմմանը մասնակցություն են ունենում Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները, պատգամավորների շրջանային ու քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեները, ինչպես նաև կառավարության ապարատի կառուցվածքային ստորաբաժանումները:

6. Յուրաքանչյուր եռամսյակը նախորդող ամսվա 1-ին Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները, շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեները, ինչպես նաև կառավարության ապարատի կառուցվածքային ստորաբաժանումները Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ու նրա նախագահության եռամսյակի աշխատանքի պլանների մեջ հարցեր մտցնելու մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության աշխատանքի հաստատված պլաններում փոփոխություններ կարող են մտցվել Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա նախագահության որոշմամբ:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության աշխատանքի պլանների նախագծերի նախապատրաստումը, աշխատանքի հաստատված պլանների կատարման ստուգման ապահովումը դրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության վրա:

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունը յուրաքանչյուր եռամսյակ նախապատրաստում է տեղեկանք` Հայաստանի Հանրապետության կառավարությունում և նրա նախագահությունում քննարկված հարցերի վերաբերյալ:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՑԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

8. Հայաստանի Հանրապետության կառավարություն են մտցվում նրա իրավասությանը վերաբերող հարցերը կամ այն հարցերը, որոնք լուծում չեն ստացել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքներից խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից ինքնուրույնաբար կամ մյուս նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային ու քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների հետ համատեղ:

9. Հայաստանի Հանրապետության կառավարություն հարցեր են մտցնում`

Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները.

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծվող մյուս մարմիների ղեկավարները.

պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահները:

Սույն կետում նշված պաշտոնատար անձանց բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն հարցեր են մտցնել նրանց փոխարինող պաշտոնատար անձինք:

Հայաստանի Հանրապետության կառավարություն հարցեր մտցվում են, որպես կանոն, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ կարգադրության նախագծի ձևով:

Հայաստանի Հանրապետության կառավարություն հարց մտցնող պաշտոնատար անձը անձնական պատասխանատվություն է կրում ներկայացված որոշման կամ կարգադրության նախագծի որակի, ներկայացված նյութերի արժանահավատության և լրիվության համար:

10. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեներին ենթակա միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկությունների և կազմակերպությունների ղեկավարները Հայաստանի Հանրապետության կառավարություն հարցեր են մտցնում Հայաստանի Հանրապետության համապատասխան վերադաս նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային ու քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների միջոցով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարություն մտցվող որոշումների ու կարգադրությունների նախագծերը պետք է մշակվեն գործող օրենսդրության հիման վրա կամ պարունակեն կոնկրետ առաջարկություններ գործող օրենսդրության փոփոխման մասին, բովանդակեն քննարկվող հարցի սպառիչ վերլուծությունը, կատարողների առջև դնեն հստակ ձևակերպված նպատակներ ու խնդիրներ, պետք է շարադրվեն ստույգ, հետևողականորեն, նշելով, անհրաժեշտության դեպքում, առաջադրանքների կատարման ժամկետներն ու կոնկրետ կատարողները:

12. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն մտցվող այն որոշումների ու կարգադրությունների նախագծերը, որոնք շոշափում են Հայաստանի Հանրապետության մյուս նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների շահերն ու իրավասությունը, պետք է նախապես համաձայնեցվեն վերջիններիս հետ:

Հայաստանի Հանրապետության նախարարները, պետական վարչությունների պետերը, գերատեսչությունների ղեկավարները, պատգամավորների շրջանային ու քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահները պետք է իրենց հետ համաձայնեցվող որոշումների նախագծերի վերաբերյալ եզրակացություններ տան, որպես կանոն, դրանց ստացման օրվանից հաշված ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում, կարգադրությունների նախագծերի վերաբերյալ` 5-օրյա ժամկետում, տարաձայնությունների դեպքում` հիմնավորելով առարկությունները և կցելով առաջարկվող խմբագրությանը:

Համաձայնեցումը հաստատվում է համապատասխան ղեկավարի կամ նրա բացակայության դեպքում ղեկավարի պարտականությունները կատարող տեղակալի կողմից որոշման կամ կարգադրության նախագծի վրա դրված վիզայով կամ առանձին նամակով:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ու կարգադրությունների նախագծերը շահագրգռված կազմակերպությունների հետ համաձայնեցնելուց հետո, որպես կանոն, պետք է ուղարկվեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, որը, նախագիծը ստանալու օրվանից հաշված ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում պարտավոր է ներկայացնել իր եզրակացությունը:

14. Հայաստանի Հանրապետության տնտեսական կյանքի առավել կարևոր հարցերի մասին որոշումների նախագծերը անպայմանորեն պետք է համաձայնեցվեն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ, իսկ նյութատեխնիկական մատակարարման հետ կապված հարցերը` Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության հետ:

15. Ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերի զարգացման, կապիտալ ներդրումների սահմանաքանակների ու նյութական ռեսուրսների առանձնացման, ֆինանսների վերաբերյալ հարցերի գծով առաջարկությունները Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և պատգամավորների շրջանային ու քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործկոմների կողմից Հայաստանի Հանրապետության հաջորդ տարվա տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրի ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կազմավորման ժամանակաշրջանում (բացի այն դեպքերից, երբ այդ հարցերը տարվա ընթացքում ծագում են ոչ նրանցից կախված պատճառներով):

16.  Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրենց ուղարկվող փաստաթղթերի վերաբերյալ առաջարկությունները ու եզրակացությունները ներկայացնում են (եթե դրանց կատարման համար չեն սահմանվել այլ ժամկետներ)տեխնիկատնտեսական հիմնավորում չպահանջող որոշումների և կարգադրությունների նախագծերի ու այլ փաստաթղթերի վերաբերյալ` ոչ ուշ, քան փաստաթուղթը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում.

 տեխնիկատնտեսական հիմնավորում պահանջող որոշումների և կարգադրությունների նախագծերի ու այլ փաստաթղթերի վերաբերյալ` ոչ ուշ, քան փաստաթուղթը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

17. Շահագրգռված կազմակերպությունների հետ համաձայնեցված որոշումների և կարգադրությունների նախագծերը Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացվում երկու օրինակով (որոնցից մեկը` վիզաներով), Հայաստանի Հանրապետության նախարարի, պետական վարչության պետի, գերատեսչության ղեկավարի, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի, իսկ նրանց բացակայության դեպքում` նրանց պարտականությունները կատարող տեղակալների ուղեկցական նամակով:

Որոշումների և կարգադրությունների նախագծերին կցվում է նաև տեղեկանք շահագրգռված կազմակերպությունների հետ համաձայնեցման մասին (նշելով պաշտոնը, ազգանունը, ինիցիալները):

Կառավարությանը հասցեագրված գրությունները, որպես կանոն, պետք է հանձնվեն գործերի կառավարչության ընդհանուր բաժին, դրանք հաշվառելու և համապատասխան ընթացք տալու համար: Գործերի կառավարչության ընդհանուր բաժինը ստացվող գրությունները հանձնում է վարչապետի կամ փոխվարչապետի, համապատասխան պետական նախարարի աշխատակազմին ստացման օրվանից ոչ ուշ, քան 2-օրյա ժամկետում:

18. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող որոշման կամ կարգադրության նախագծին պետք է կցված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այն ընդունելու անհրաժեշտությունը հիմնավորող բացատրագիր և այլ նյութեր:

Բացատրագիրը պետք է ստորագրված լինի հարցը մտցնող անձի կողմից:

19. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության կառավարություն նոր որոշումների նախագծեր ներկայացնելը միևնույն հարցերի վերաբերյալ` նախկինում ընդունված որոշումները չկատարելու դեպքում, եթե չեն ծագել նոր, չնախատեսված հանգամանքներ:

20. Անհրաժեշտության դեպքում որոշումների ու կարգադրությունների նախագծերում պետք է նշված լինեն, թե որ որոշման ու կարգադրության մեջ ու որ մասում է առաջարկվում փոփոխություններ մտցնել կամ որ որոշումները և կարգադրություններն են ուժը կորցրած ճանաչվում, կամ պետք է հանձնարարություն նախատեսվի համապատասխան որոշումները փոփոխելու կամ նրանց ուժը կորցրած ճանաչելու մասին առաջարկությունների նախապատրաստման վերաբերյալ:

21. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ կարգադրության նախագծի նախապատրաստումը հանձնարարվում է մի քանի նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների, նախագծի ներկայացման համար պատասխանատվությունը դրվում է առաջին հասցեատիրոջ վրա: Հեղինակակիցները հավասարապես պատասխանատվություն են կրում պատասխանատու կատարողին ժամանակին առաջարկություններ, դիտողություններ և անհրաժեշտ այլ նյութեր ներկայացնելու համար:

22. Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա նախագահության նիստերում քննարկման ենթակա որոշումների ու կարգադրությունների նախագծերը, որպես կանոն, նախօրոք քննության են առնվում Հայաստանի Հանրապետության պետական նախարարների մոտ կայացող խորհրդակցություններում` շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ, ու Հայաստանի Հանրապետության կառավարության մակագրությամբ մտցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա նախագահության քննարկմանը:

23. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն մտցվող որոշումների և կարգադրությունների նախագծերը կառավարության կամ նրա նախագահության քննարկմանը նախապատրաստելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի կառուցվածքային ստորաբաժանումները պարտավոր են դրանք համաձայնեցնել մյուս ստորաբաժանումների հետ, եթե այդ որոշումներում շոշափվում են ժողովրդական տնտեսության համապատասխան ճյուղերին վերաբերող հարցեր: Որոշման կամ կարգադրության նախագծի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում կցվում է տեղեկանք չհամաձայնեցված հարցերի մասին, շարադրելով ներկայացված դիտողություններն ու առաջարկությունները չընդունելու աննպատակահարմարության պատճառները:

Կառավարության որոշման կամ կարգադրության նախագիծը` անհրաժեշտ բոլոր նյութերով, մինչև կառավարության ղեկավարների նախնական քննարկմանը հանձնելը, տրվում է իրավաբանական բաժնի եզրակացությանը:

24. Սույն կանոնակարգի պահանջների խախտումով Հայաստանի Հանրապետության կառավարություն մտցված որոշումների, կարգադրությունների նախագծերը և այլ նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կողմից վերադարձվում են` դրանք սահմանված կարգով ներկայացնելու համար:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԸ

 

25. Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նրա նախագահությունը իրավասու են քննարկել և ընդունել որոշումներ, եթե նիստին մասնակցում են կառավարության (նախագահության) անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

26. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համարվում են ընդունված, եթե որոշման ընդունման օգտին քվեարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում Հայաստանի Հանրապետության  վարչապետը ունի վճռորոշ ձայնի իրավունք:

Եթե կառավարության նիստին նախագահում է Հայաստանի Հանրապետության նախագահը, ապա կառավարության որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության նախագահի ձայնը:

Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերը անց են կացվում առնվազն եռամսյակը մեկ անգամ:

Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում կարող են քննարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության նիստերում ընդունված որոշումները, եթե քննարկման օգտին կքվեարկեն կառավարության անդամների 1/3-ից ավելին:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են չեղյալ համարվել կամ փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության որոշումները:

27. Առանց Հայաստանի Հանրապետության նախագահի մասնակցության անցկացվող Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության նիստերը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, իսկ նրա բացակայության ժամանակ` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը:

28. Ժողովրդական տնտեսության ղեկավարումն ապահովելու հետ կապված հարցերը և պետական կառավարման մյուս հարցերը քննարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության նիստերում:

Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության նիստերը անց են կացվում կանոնավոր կերպով (ըստ անհրաժեշտության)` հինգշաբթի օրը:

Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության նիստերում որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը ունի վճռորոշ ձայնի իրավունք:

29. Նիստերի նախապատրաստման ամբողջ աշխատանքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության նիստերի անցկացման ապահովումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կողմից:

30. Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա նախագահության նիստի օրակարգի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի ներկայացմամբ հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

31. Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության նիստերին մշտապես հրավիրվում են պաշտոնատար անձինք` համաձայն սահմանված կարգով հաստատված ցուցակի: Ըստ քննարկվող հարցերի հրավիրվող անձանց ցուցակները Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական նախարարների հետ:

Հայաստանի Հանրապետության նախագահության բոլոր նիստերին` բացառությամբ դռնփակներից, կարող են մասնակցել կառավարության բոլոր անդամները` անկախ նրանից հրավիրված են նրանք, թե ոչ: Հրավիրված մյուս անձինք նշված նիստերին մասնակցում են միայն իրենց վերաբերող հարցի քննարկման ժամանակ:

Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության նիստերին հրավիրվում են վարչապետի խորհրդականները, օգնականները, գործերի կառավարչի տեղակալները, Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, կառավարության լրատվական ծառայության ղեկավարը: Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի մյուս պատասխանատու աշխատողները նշված նիստերին ներկա են գտնվում այն հարցերի քննարկման ժամանակ, որոնց նախապատրաստմանը նրանք մասնակցել են:

Նշված նիստերին կարող են հրավիրվել նաև գիտության գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անձինք:

32. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության նիստի մասնակիցներին և հրավիրվող պաշտոնատար անձանց նախօրոք ծանուցում է նիստի օրվա և ժամի, նիստում քննարկման ենթակա հարցերի մասին և, որպես կանոն, նիստից առնվազն երկու օր առաջ նրանց է ուղարկում անհրաժեշտ նյութերը:

33. Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության նիստերում քննարկվող հարցերի վերաբերյալ զեկուցում են Հայաստանի Հանրապետության նախարարները, պետական վարչությունների պետերը, գերատեսչությունների ղեկավարները, շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահները, ինչպես նաև` նիստը նախագահողի հետ համաձայնեցնելով, պաշտոնատար այլ անձինք:

Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության նախարարները, պետական վարչությունների պետերը, գերատեսչությունների ղեկավարները, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահները չեն կարող մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա նախագահության նիստին, նրանք պետք է այդ մասին զեկուցեն Հայաստանի Հանրապետության վարչապետին և ստանան նրա թույլտվությունը նիստին համապատասխան տեղակալի մասնակցության համար:

34. Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերում քննարկվող հարցերի վերաբերյալ զեկուցման համար հատկացվում է մինչև 30 րոպե ժամանակ, զեկուցման շուրջը ելույթների համար` մինչև 10 րոպե, տեղեկանքների համար` մինչև 2 րոպե:

Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության նիստերում զեկուցման համար հատկացվում է մինչև 10 րոպե ժամանակ, զեկուցման շուրջը ելույթների համար` մինչև 5 րոպե, տեղեկանքների համար` մինչև 2 րոպե:

Անհրաժեշտության դեպքում, նիստի նախագահողը կարող է սահմանել այլ ժամանակ:

35. Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա նախագահության նիստում տարվում է արձանագրություն: Արձանագրության վարումը ապահովվում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կողմից:

Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության նիստերի արձանագրություններն ստորագրում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, իսկ բացակայության ժամանակ` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը:

36. Նիստն ավարտելուց հետո որոշումների նախագծերը և նրանց կից նյութերը ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության նիստերի արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին հանձնարարական տրվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունը այդ մասին 24 ժամվա ընթացքում հայտնում է շահագրգռված կազմակերպություններին:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

37. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրության, օրենքների, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումների, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի ու կարգադրությունների հիման վրա և ի կատարումն դրանց հրապարակում է որոշումներ և կարգադրություններ, կազմակերպում ու ստուգում է դրանց կատարումը: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներն ու կարգադրությունները ենթակա են պարտադիր կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

38. Հայաստանի Հանրապետության կառավարության այն ակտերը, որոնք նորմատիվ բնույթ են կրում կամ ունեն ընդհանուր նշանակություն, ընդունվում են որոշումների ձևով:

Անհետաձգելի կամ ընթացիկ հարցերի վերաբերյալ ակտերը ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կարգադրությունների ձևով:

39. Օպերատիվ բնույթի հարցերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա նախագահության նիստերում քննարկման ժամանակ ծագող ու որոշման կամ կարգադրության ընդունում չպահանջող հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ նրա նախագահությունը ընդունում է որոշումներ, որոնք կատարողներին են իջեցվում նիստերի արձանագրությունների քաղվածքների ձևով:

40. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի կողմից:

Հայաստանի Հանրապետության կառավարության կարգադրություններն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և կարգադրությունների հավելվածներն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի կողմից:

41. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները և կարգադրությունները Հայաստանի Հանրապետության վարչապետին ստորագրության են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի կողմից ոչ ուշ, քան նրանց ընդունման հաջորդ օրը:

42. Հայաստանի Հանրապետության կառավարության յուրաքանչյուր որոշում և կարգադրություն Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կողմից գրանցվում է որոշումների և կարգադրությունների հաշվառման մատյանում, տալով հերթական համար:

43. Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին, հետաձգում չհանդուրժող կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա նախագահության նիստերում քննարկման կարիք չունեցող հարցերի վերաբերյալ որոշումների նախագծերը կարող են Հայաստանի Հանրապետության վարչապետին ստորագրության ներկայացվել` նիստում առանց դրանց քննարկման: Այդպիսի դեպքերում որոշումների նախագծերը համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության անդամների հետ` հարցման կարգով:

44. Այն որոշումների և կարգադրությունների նախագծերը, որոնց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա նախագահության նիստերում քննարկման ժամանակ արվել են դիտողություններ, կատարվել լրացումներ կամ ճշգրտումներ, լրամշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների կամ նիստերում կազմված հանձնախմբերի կողմից` Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների հետ համատեղ, նիստում ընդունված որոշման համաձայն, և Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարների հետ համաձայնեցնելուց հետո, ներկայացվում ստորագրության:

45. Հայաստանի Հանրապետության կառավարության այն որոշումները, որոնցում չի նշված նրանց գործողության մեջ մտցնելու ժամկետը, ուժի մեջ են մտնում նրանց ընդունման պահից:

46. Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ բնույթ կրող կամ ընդհանուր նշանակություն ունեցող որոշումները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ժողովածուի մեջ:

47. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները և կարգադրությունները, դրանց ընդունումից ոչ ուշ, քան 2 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կողմից ուղարկվում են Հայաստանի Հանրապետության շահագրգռված նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին և մյուս կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կողմից սահմանված կարգով:

48. Հայաստանի Հանրապետության կառավարության այն որոշումները, որոնք նրանցում նախատեսված միջոցառումների կարևորության կամ շտապության պատճառով ենթակա են լայն ու անհապաղ հրապարակման` զանգվածային ինֆորմացիայի միջոցներով հասցվում են ի գիտություն բոլորի:

49. Հայաստանի Հանրապետության կառավարության կարգադրությունները գործողության մեջ են մտնում դրանց ընդունման պահից:

50. Հրապարակման ենթակա չեն պետական գաղտնիք պարունակող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներն ու կարգադրությունները:

 

VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՅՈՒՍ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

51. Հայաստանի Հանրապետության նախագահից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդից ստացված փաստաթղթերի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունը նույն օրը զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին, պետական նախարարներին` նրանց միջև պարտականությունների բաշխման համաձայն:

52. Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական վարչություններից, գերատեսչություններից, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործկոմներից ստացված գրություններին, նամակներին, հեռագրերին ու այլ փաստաթղթերին ընթացք է տրվում այն դեպքում, երբ դրանցում բարձրացված հարցերի լուծումը մտնում է կառավարության իրավասության շրջանակների մեջ, կամ այդ հարցերը լուծում չեն ստացել համապատասխան նախարարություններում, պետական վարչություններում, գերատեսչություններում, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործկոմներում:

53. Հայաստանի Հանրապետության կառավարությունում ստացված և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կամ կարգադրությունների ընդունում չպահանջող գրությունների, նամակների, հանձնարարությունների, հեռագրերի ու մյուս փաստաթղթերի առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետի, Հայաստանի Հանրապետության պետական նախարարների կողմից ընդունվում են օպերատիվ որոշումներ` հանձնարարականների (մակագրությունների) կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետի կամ պետական նախարարների մոտ կայացած խորհրդակցությունների արձանագրությունների ձևով, որոնք ստորագրվում են համապատասխան պաշտոնատար անձանց կողմից:

Նշված խորհրդակցությունների արձանագրությունների վարումը ըստ քննարկվող հարցի բնույթի, դրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի համապատասխան ստորաբաժանումների վրա:

Հայաստանի Հանրապետության վարչապետին, փոխվարչապետին, պետական նախարարներին զեկուցելու համար նշված փաստաթղթերի նախապատրաստման, ինչպես նաև հանձնարարակաների (մակագրությունների) խորհրդակցությունների արձանագրությունների ձևակերպման ու կատարողներին և Հայաստանի Հանրապետության շահագրգռված նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին իջեցման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի կողմից:

54. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին հանձնարարությունները տրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետի, Հայաստանի Հանրապետության պետական նախարարների և կառավարության գործերի կառավարչի ստորագրությամբ:

55. Հայաստանի Հանրապետության պետական նախարարների ստորագրությամբ հանձնարարականներ կարող են տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, կարգադրությունների կամ կառավարության և նրա նախագահության հանձնարարությունների կատարման ապահովման, Հայաստանի Հանրապետության կառավարության ու նրա նախագահության քննարկմանը որոշումների, կարգադրությունների և առաջարկությունների նախապատրաստման, ինչպես նաև պետական նախարարի կողմից իրեն հանձնարարված ոլորտներում գործունեության կոորդինացման հարցերով:

56. Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետի, պետական նախարարների, կառավարության գործերի կառավարչի կողմից` իրենց իրավասությունների շրջանակներում, տրված բոլոր հանձնարարությունները Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից պետք է կատարվեն սահմանված ժամկետներում: Հանձնարարության կատարման ժամկետը կարող է երկարաձգվել միայն այդ ժամկետը սահմանող պաշտոնատար անձի կողմից:

Այն դեպքում, երբ հանձնարարությունը տրվում է մի քանի կատարողների, դրա կատարման համար պատասխանատվությունը դրվում է մակագրության մեջ նշված առաջին հասցեատիրոջ վրա: Հեղինակակիցները համահավասար պատասխանատվություն են կրում հանձնարարության ժամանակին և որակով կատարման համար ու պարտավոր են սահմանված ժամկետին անհրաժեշտ բոլոր նյութերը և առաջարկությունները ներկայացնել պատասխանատու կատարողին` դրանք ամփոփելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնելու համար:

Հանձնարարությունը համարվում է կատարված, եթե լուծված են նրանում դրված բոլոր հարցերը կամ տրվել է ըստ էության պատասխան:

 

VII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

57. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սիստեմատիկ վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների գործունեության նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, կարգադրությունների ու հանձնարարությունների կատարման ստուգումը ընկած է Հայաստանի Հանրապետության կառավարության, նրա նախագահության և Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի գործունեության հիմքում:

58. Հայաստանի Հանրապետության վարչապետը, փոխվարչապետը, պետական նախարարները սիստեմատիկաբար քննության են առնում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային ու քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործկոմների կողմից կառավարության որոշումների, կարգադրությունների ու հանձնարարությունների կատարման արդյունքները և օպերատիվ կարգով միջոցներ ձեռք առնում թերությունները վերացնելու և ծագած դժվարությունները հաղթահարելու համար:

  Հայաստանի Հանրապետության կառավարությունը սիստեմատիկաբար լսում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետի, պետական նախարարների, նախարարների, պետական վարչությունների պետերի, գերատեսչությունների ղեկավարների, պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահների հաշվետվությունները կառավարության որոշումների կատարման ընթացքի և այդ որոշումների կատարման ապահովման ուղղությամբ նրանց կողմից ձեռնարկված միջոցների մասին:

59. Կառավարության որոշումների կատարման ստուգման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության աշխատակարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների մասին կանոնադրություններով:

 

VIII. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

60. Հայաստանի Հանրապետության կառավարությունում քաղաքացիների ընդունելությունը, ինչպես նաև նրանց առաջարկությունների, դիմումների ու գանգատների քննարկումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և գանգատները քննարկելու մասին» օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության պետական, հասարակական և մյուս մարմիններում, ձեռնարկություններում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և գանգատների գործավարության վերաբերյալ կանոնադրությունը հաստատելու մասին» N 185 որոշմանը համապատասխան:

61. Հայաստանի Հանրապետության կառավարությունում քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև նրանց նամակների քննարկման կազմակերպումը դրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության վրա:

62. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունը`

վերլուծում և ամփոփում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը հասցեագրված քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու գանգատները և սիստեմատիկաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին, փոխվարչապետին և պետական նախարարներին տեղեկացնում է այդ աշխատանքի վիճակի մասին.

ստուգում է քաղաքացիների ընդունելության, նրանց առաջարկությունների, դիմումների ու գանգատների քննարկման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային ու քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից տարվող աշխատանքը, նշում միջոցներ այդ աշխատանքը բարելավելու և գանգատներ ծնող պատճառները վերացնելու համար:

63. Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատում քաղաքացիների ընդունելության և նրանց նամակների քննարկման գծով տարված աշխատանքի արդյունքները, ինչպես նաև այդ աշխատանքի վիճակի մասին Հայաստանի Հանրապետության առանձին նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և պատգամավորների շրջանային ու քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների հաշվետվությունները պարբերաբար քննության են առնվում Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության նիստերում:

 

IX. ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

64. Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կազմակերպումը դրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության վրա:

Գործավարությունը տարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի կողմից հաստատվող հրահանգին համապատասխան:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան