հայկական սսհ մինիստրների սովետ
ո ր ո շ ու մ
5 հոկտեմբերի 1971 թվականի N 611
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
1. Հաստատել Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրության առդիր կանոնադրությունը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1956 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» N П-438 որոշումը:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ` |
Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Ռ. ԹՈՒՄԱՆՅԱՆ |
Հաստատված է |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրությունը, Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան, միութենական-հանրապետական մինիստրություն է:
Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին և ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրությանը:
Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը իրագործում է պետական ֆինանսների կազմակերպման ղեկավարումը հանրապետությունում:
Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը կազմում է Հայկական ՍՍՀ պետական բյուջեի նախագիծը և պատասխանատվություն է կրում Հայկական ՍՍՀ պետական բյուջեի կատարման համար ինչպես նրա եկամուտների համար, այնպես էլ ծախսերի գծով, աշխատանք է կազմակերպում համապետական կարիքների համար ֆինանսական ռեսուրսներ մոբիլիզացնելու և Հայկական ՍՍՀ ժողովրդավարական տնտեսության զարգացման պլանով նախատեսված միջոցառումներն ու Հայկական ՍՍՀ պետական բյուջեով ֆինանսավորվող մյուս միջոցառումները անհրաժեշտ դրամական միջոցներով ապահովելու ուղղությամբ:
2. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրության գլխավոր խնդիրներն են.
ֆինանսների ակտիվ օգտագործման ապահովումը` հասարակական արտադրության արդյունավետությունը բարձրացնելու, ժողովրդական տնտեսության մեջ սոցիալիստական կուտակումն ավելացնելու և ազգային եկամուտը մեծացնելու նպատակով.
պետության հետ ձեռնարկությունների, հիմնարկությունների և կազմակերպությունների ֆինանսական փոխհարաբերությունների ձևերի կատարելագործումը և ֆինանսական ռեսուրսների աճի ապահովումը.
դրամական միջոցների մոբիլիզացումը և հաստատված պլաններին համապատասխան դրանց ուղղումը Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության զարգացման և ժողովրդի կյանքի նյութական ու կուլտուրական մակարդակի բարձրացման միջոցառումների ֆինանսավորմանը.
Հայկական ՍՍՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի տնտեսապես հիմնավորված պլանավորումը, հանրապետության ֆինանսական ռեսուրսների պլանաչափ բաշխումը, Հայկական ՍՍՀ պետական բյուջեով նախատեսված բոլոր եկամուտների ժամանակին ու լրիվ մուտքը և Հայկական ՍՍՀ պետական բյուջեով առանձնացվող միջոցների խնայողական ու նպատակային ծախսումն ապահովող միջոցառումների անցկացումը.
վերահսկողությունը պետական ֆինանսական կարգապահության պահպանման և ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների կողմից պետության հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման նկատմամբ:
3. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը, նրան ենթակա պետական ապահովագրության մարմինները և մյուս հիմնարկություններն ու կազմակերպությունները, ինչպես նաև աշխատավորների դեպուտատների գործկոմների ֆինանսական բաժինները կազմում են Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրության սիստեմը:
4. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը ղեկավարում է Մինիստրության սիստեմի հիմնարկությունների և կազմակերպությունների աշխատանքը: Հանրապետության պետական ապահովագրության մարմինների աշխատանքի ղեկավարումը Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը իրագործում է Հայկական ՍՍՀ Պետական ապահովագրության գլխավոր վարչության հետ, որը գլխավորում է պետական ապահովագրության մարմինների սիստեմը:
5. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը իր գործունեությամբ ղեկավարվում է ՍՍՀՄ օրենքներով և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներով ու կարգադրություններով, ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության հրամաններով, հրահանգներով ու ցուցումներով և այլ նորմատիվ ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և ապահովում է գործող օրենսդրության ճիշտ կիրառումը Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրության սիստեմի հիմնարկություններում ու կազմակերպություններում:
Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը ընդհանրացնում է իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ օրենսդրության կիրառման պրակտիկան, մշակում է այդ օրենսդրության կատարելագործման առաջարկություններ և դրանք մտցնում է համապատասխանաբար ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի քննարկմանը:
6. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը.
ա) ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության ցուցումներին համապատասխան մեթոդական ղեկավարություն է իրագործում հանրապետության ժողովրդական տնտեսության ֆինանսական-բյուջետային պլանավորման և ֆինանսավորման ասպարեզում, ուսումնասիրում է Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության ճյուղերի էկոնոմիկան և ֆինանսները` նյութական ու դրամական ռեզերվները հայտնաբերելու և մոբիլիզացնելու, խնայողության ռեժիմն ապահովելու և տնտեսական հաշվարկը ամրապնդելու նպատակով.
բ) Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից սահմանվող կարգով կազմակերպում է Հայկական ՍՍՀ առաջիկա տարվա Պետական բյուջեի նախագծի կազմման աշխատանքը, կազմում է Հայկական ՍՍՀ պետական բյուջեի նախագիծը և այն ներկայացնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ.
գ) ապահովում է Հայկական ՍՍՀ Պետական բյուջեի կատարումը, կազմում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի կողմից հաստատված Հայկական ՍՍՀ պետական բյուջեի ծախսերի ու եկամուտների ցուցակը, կատարում է հանրապետական բյուջեն և հանրապետությունում ապահովում է միութենական բյուջեի եկամուտների մուտքը, միջոցառումներ է անցկացնում ապահովելու Հայկական ՍՍՀ պետական բյուջեում նախատեսված բոլոր եկամուտների մուտքը, բյուջետային միջոցների խնայողաբար ծախսումը` խիստ նպատակային նշանակությամբ և արտադրական ու ֆինանսական պլանների կատարմանը համեմատ, սահմանված կարգով իրագործում է հանրապետական բյուջեի փոխադարձ հաշվարկները միութենական բյուջեի և հանրապետության տեղական բյուջեների հետ և փոփոխություններ է մտցնում Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների եկամուտների ու ծախսերի հաշվեկշիռների (ֆինանսական պլանների) և նախահաշիվների առանձին հոդվածներում.
դ) վերահսկողություն է իրագործում Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների, մյուս բյուջետային հիմնարկությունների և տնտեսական կազմակերպությունների ու ձեռնարկությունների կողմից Հայկական ՍՍՀ պետական բյուջեի ճշգրիտ ու անշեղ կատարման, ՍՍՀՄ Պետբանկի Հայկական ՍՍՀ-ում գտնվող հիմնարկությունների կողմից պետական բյուջեի դրամարկղային կատարման սահմանված կանոնների պահպանման, ինչպես նաև հաստատված պլաններին համապատասխան, ՍՍՀՄ Շինբանկի ու ՍՍՀՄ Պետբանկի հիմնարկությունների կողմից կապիտալ ներդրումների ֆինանսավորման և բյուջեից հատկացումների և հիմնարկությունների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների սեփական միջոցների հաշվին իրագործվող այլ միջոցառումների ֆինանսավորման նկատմամբ.
ե) կազմում է ընթացիկ տարում Հայկական ՍՍՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը և այն ներկայացնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ.
զ) կազմակերպում է ձեռնարկություններից, հիմնարկություններից, կազմակերպություններից և բնակչությունից պետական ու տեղական հարկերի և գանձույթների, պետական ձեռնարկություններից ու կազմակերպություններից շահույթից վճարումների, շրջանառության հարկի և բյուջե կատարվող այլ վճարումների հաշվման ու գանձման աշխատանքը, ինչպես նաև ղեկավարում է այդ աշխատանքը:
է) սահմանված կարգով մասնակցում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Գների պետական կոմիտեի կողմից մեծածախ, մանրածախ, գնման ու հաշվարկման գների, տարիֆների, առևտրական, մթերման, վաճառահանման և մատակարարման զեղչերի և հավելումների, ինչպես նաև գների ու տարիֆների մակարդակի որոշման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը.
ը) վերահսկողություն է իրագործում կառավարման ապարատի պահպանման միջոցները ճիշտ ու խնայողաբար ծախսելու և այդ նպատակի համար սահմանված առավելագույն հատկացումների գերածախս թույլ չտալու նկատմամբ, մշակում է հիմնարկությունների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների կառավարման ապարատի էժանացման առաջարկություններ, վերահսկողություն է իրագործում հաստիքների և կառավարման ապարատի պահպանման ծախսերի նախահաշիվների, ինչպես նաև ռոճիկների և աշխատավարձի դրույքների չափերի հաստատման վերաբերյալ գործող օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանման նկատմամբ.
թ) քննության է առնում Հայկական ՍՍՀ մինիստրությունների և գերատեսչությունների հաշվապահական հաշվետվություններն ու հաշվեկշիռները, ստուգում է հիմնարկությունների հաշվապահական հաշվետվություններն ու հաշվեկշիռները, ստուգում է հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից պետության հանդեպ պարտավորությունների կատարումը, Հայկական ՍՍՀ մինիստրություններին և գերատեսչություններին ներկայացնում է նրանց ֆինանսական գործունեության մեջ հայտնաբերված թերությունների վերացման պահանջներ, անհրաժեշտ դեպքերում Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին զեկուցում է Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների ֆինանսական-տնտեսական գործունեության մասին և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ առաջարկություններ է մտցնում անարտադրողական ծախսերի վերացման, եկամտաբերության բարձրացման միջոցառումներ անցկացնելու և ֆինանսական կարգապահության ու տնտեսական հաշվարկի ամրապնդման այլ միջոցառումներ իրագործելու հիման վրա Հայկական ՍՍՀ պետական բյուջեի եկամուտներն ավելացնելու մասին.
ժ) վերահսկողություն է իրագործում հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից պետական ֆինանսական կարգապահության պահպանման, բյուջետային և սեփական միջոցների ճիշտ ու խնայողաբար ծախսման նկատմամբ, ստուգում է, թե Հայկական ՍՍՀ մինիստրությունների և գերատեսչությունների կողմից որքանով ճիշտ ու ժամանակին են իրավասության ենթակա ձեռնարկություններին, հիմնարկություններին ու կազմակերպություններին իջեցվում բյուջե կատարելիք վճարումների և բյուջեից ֆինանսավորման պլանները.
ի) քննության է առնում Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների կողմից համաձայնեցման ներկայացվող հրահանգները` նրանց իրավասության ենթակա ձեռնարկությունների, հիմնարկությունների և կազմակերպությունների արտադրական և ֆինանսական-տնտեսական գործունեության վերստուգումներ անցկացնելու կարգի մասին, հաշվի առնելով նրանց առանձնահատկությունները, մինիստրություններում ու գերատեսչություններում անց է կացնում վերահսկողություն-վերստուգման աշխատանքի վիճակի պարբերաբար ստուգումներ և նրանց տալիս է ֆինանսական վերահսկողության կատարելագործման անհրաժեշտ հանձնարարականներ.
լ) հսկողություն է իրագործում դրամական շրջանառության վիճակի նկատմամբ, առաջարկություններ է մշակում դրամական շրջանառության բարելավման, պետական ներքին փոխառությունների տեղաբաշխման մասին, կազմակերպում է դրամա-իրային վիճակախաղերի շահումների խաղարկումներ, մասնակցում է բնակչության դրամական եկամուտների և ծախսերի տարեկան ու հեռանկարային հաշվեկշիռների մշակմանը և հսկողություն է իրագործում դրանց կատարման նկատմամբ.
խ) Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ եզրակացություններ է ներկայացնում ՍՍՀՄ Պետբանկի հայկական հանրապետական գրասենյակի դրամարկղային պլանների, ՍՍՀՄ Պետբանկի հայկական հանրապետական գրասենյակի և ՍՍՀՄ Շինբանկի հայկական հանրապետական գրասենյակի վարկային պլանների, ինչպես նաև նրանց տարեկան հաշվետվությունների վերաբերյալ, վարկային հիմնարկությունների հետ համատեղ ուսումնասիրում է ժողովրդական տնտեսության մեջ հաշվարկային և վարկային կապերի վիճակը.
ծ) Մինիստրության սիստեմի հիմնարկությունների և կազմակերպությունների առաջավոր աշխատողներին սահմանված կարգով պարգևատրում է Պետական հիմնարկների աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի և Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրության պատվոգրերով և կիրառում է խրախուսման այլ ձևեր, ինչպես նաև ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրություն է ներկայացնում Մինիստրության սիստեմի հիմնարկությունների ու կազմակերպությունների լավագույն աշխատողներին` պատվոգրերով և «Ֆինանսական աշխատանքի գերազանցիկ» կրծքանշանով, իսկ Մինիստրության սիստեմի առաջավոր կոլեկտիվին` պատվոգրերով պարգևատրելու համար.
կ) կազմակերպում է հանրապետության ֆինանսական մարմինների աշխատանքը` կոլտնտեսությունների կողմից կոլտնտեսականների սոցիալական ապահովության կենտրոնացված միութենական ֆոնդին մասհանումները ժամանակին վճարելու նկատմամբ վերահսկողության ուղղությամբ.
հ) վերահսկողություն է իրագործում հաշվապահական հաշվառումը վարելու և Հայկական ՍՍՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը կազմելու նկատմամբ, վերահսկողություն է կազմակերպում հաշվապահական հաշվառման ու հաշվետվության դրվածքի, ձեռնարկություններում, կազմակերպություններում (բացի կոլտնտեսություններից) և հիմնարկություններում հաշվապահական հաշվառման ու հաշվետվության հարցերի վերաբերյալ գործող դրույթների, հրահանգների և ցուցումների ճիշտ կիրառման նկատմամբ, հանրապետության Կենտվիճվարչության հետ համատեղ, ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության և ՍՍՀՄ Կենտվիճվարչության կողմից հաստատված տիպային ձևերի հիման վրա, սահմանում է հաշվապահական հաշվետվության ծավալն ու ձևերը հանրապետական առանձին մինիստրությունների և գերատեսչությունների ձեռնարկությունների ու կազմակերպությունների համար, ինչպես նաև Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու կազմակերպությունների կողմից ամփոփ հաշվապահական հաշվետվությունների և հաշվեկշիռների ներկայացման շերտավորված ժամկետները.
ձ) ղեկավարություն և վերահսկողություն է իրագործում Հայկական ՍՍՀ-ում պետական ապահովագրության մարմինների գործունեության նկատմամբ. ցուցումներ է տալիս պետական ապահովագրություն անցկացնելու վերաբերյալ, քննության է առնում Հայկական ՍՍՀ Պետական ապահովագրության գլխավոր վարչության կողմից մշակված միջոցառումները պետական ապահովագրության զարգացման ու կատարելագործման ուղղությամբ. քննության է առնում պետական ապահովագրության գծով եկամուտների ու ծախսերի պլանները և դրանք հաստատման է ներկայացնում Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ. հաստատում է ամբողջությամբ վերցրած հանրապետությունում ապահովագրական վճարների մուտքի եռամսյակային պլանները. քննարկում և հաստատում է պետական ապահովագրության գծով տարեկան հաշվետվություններն ու հաշվեկշիռները, հաստատում է Հայկական ՍՍՀ Պետական ապահովագրության գլխավոր վարչության կառուցվածքն ու հաստիքները, ինչպես նաև հանրապետական ենթակայության քաղաքներում պետական ապահովագրության վարչությունների կառուցվածքը, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ առաջարկություններ է ներկայացնում ապահովագրության ենթակա գույքի կորուստն ու փչացումը կանխելու ուղղությամբ ապահովագրական վճարներից մասհանումների հաշվին անցկացվող միջոցառումների ցանկի մասին, ինչպես նաև առաջարկություններ` նշված միջոցների ծախսման կարգի մասին.
ղ) կենսագործում է կադրերի ընտրության և տեղաբաշխման լենինյան սկզբունքները, հայտնաբերում և ապահովում է որակյալ աշխատողների նկատմամբ Մինիստրության սիստեմի հիմնարկությունների ու կազմակերպությունների պահանջմունքը, կազմակերպում է մասնագետների պատրաստումը, ինչպես նաև սահմանված կարգով աշխատողների որակավորման բարձրացումը, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ աշխատանք է տանում կադրերին աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի և նյութական շահերի ու կարգապահության խստիվ պահպանման ոգով դաստիարակելու ուղղությամբ.
ճ) ապահովում է իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ քաղաքացիներից ստացվող նամակների, առաջարկությունների, դիմումների և գանգատների ժամանակին ու մանրազնին քննարկումը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում վերացնելու քաղաքացիների հաջորդած թերությունները Մինիստրության սիստեմի հիմնարկությունների և կազմակերպությունների գործունեության մեջ:
7. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունն իրավունք ունի.
ա) հիմնարկություններից, ձեռնարկություններից և կազմակերպություններից ստանալու Հայկական ՍՍՀ պետական բյուջեի նախագիծ կազմելու և Հայկական ՍՍՀ պետական բյուջեն կատարելու համար անհրաժեշտ նյութեր, հաշվապահական հաշվետվություններ ու հաշվեկշիռներ, ինչպես նաև այլ նյութեր ու հաշվետվական տվյալներ, որոնք անհրաժեշտ են ֆինանսական-բյուջետային պլանավորման, ֆինանսավորման համար, հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից պետության հանդեպ պարտավորությունների կատարման և պետական ֆինանսական կարգապահության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրագործելու համար, ինչպես նաև Մինիստրության վրա դրված այլ պարտականությունների կատարման համար. վարկային հիմնարկություններից, նրանց կանոնադրություններին համապատասխան, տեղեկություններ ստանալ հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների գործառնությունների և հաշիվների մասին.
բ) սահմանափակել, իսկ անհրաժեշտ դեպքերում դադարեցնել Հայկական ՍՍՀ պետական բյուջեից հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ֆինանսավորումը, երբ կան նրանց կողմից միջոցների անօրինական ծախսման փաստեր, ինչպես նաև երբ չեն ներկայացվել նախկինում բացթողնված միջոցների ծախսման մասին հաշվետվությունները և սահմանված մյուս հաշվետվությունները, այդ մասին տեղեկացնելով համապատասխան մինիստրությունների և գերատեսչությունների ղեկավարներին.
գ) սահմանված կարգով վճարողներից ՍՍՀՄ պետական բյուջե գանձել նրանց կողմից ժամանակին չմուծված հարկերն ու ոչ հարկային վճարները, իսկ կոլտնտեսություններից` նաև կոլտնտեսականների սոցիալական ապահովության կենտրոնացված միութենական ֆոնդին մասհանումները.
դ) կատարել բյուջեով պահվող հիմնարկությունների ֆինանսական գործունեության վերստուգումներ ու ստուգումներ և սահմանված կարգով` տնտեսական հաշվարկում գտնվող ձեռնարկությունների ու կազմակերպությունների ֆինանսական-տնտեսական գործունեության վերստուգումներ և ստուգումներ, հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների սկզբնական փաստաթղթերով կատարել բյուջեին վճարումների և բյուջեից միջոցների ստացման հաշվարկների ճշտության ստուգում, վերստուգումների և ստուգումների ժամանակ պահանջել, որպեսզի ներկայացվեն առկա դրամական միջոցները, արժեթղթերը, հաշվապահական հաշվառման ռեգիստրները, հաշվետվությունները, նախահաշիվները և պլանները, մյուս հիմնարկություններից, ձեռնարկություններից և կազմակերպություններից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ և ստուգվող հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների գործառնությունների հետ կապված փաստաթղթերի պատճեններ, ստուգվող հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներին նրանց կողմից կատարման համար պարտադիր ցուցումներ տալ ֆինանսական կարգապահության հայտնաբերված խախտումները վերացնելու մասին.
ե) վերահսկողություն իրագործել հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշվապահական հաշվետվություններն ու հաշվեկշիռները Հայկական ՍՍՀ մինիստրություններում ժամանակին և ճիշտ քննարկելու նկատմամբ, առաջարկություններ մտցնել հաշվետվություններում և հաշվեկշիռներում անհրաժեշտ ճշտումների մասին, ինչպես նաև ստուգել, թե ինչպիսի միջոցներ են ձեռնարկվել այդ առաջարկություններ իրականացնելու համար:
Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը, սույն կետում նշված իրավունքների հետ միասին, ունի նաև գործող օրենսդրությամբ Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությանը (մինիստրին) վերապահված այլ իրավունքներ:
8. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունը ղեկավարում է մինիստրը, որին, Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան, նշանակում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը, իսկ սեսիաների միջև ընկած ժամանակաշրջանում` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը, հետագայում մտցնելով Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի հաստատման:
Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրն ունի տեղակալներ, որոնց նշանակում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը: Մինիստրի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրը:
9. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են մինիստրը (նախագահ), մինիստրի տեղակալները ի պաշտոնե, ինչպես նաև Մինիստրության ղեկավար այլ աշխատողներ:
Մինիստրության կոլեգիայի անդամները հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից:
10. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրը անձնական պատասխանատվություն է կրում Մինիստրության վրա դրված խնդիրների և պարտականությունների կատարման համար, սահմանում է Մինիստրության գործունեության առանձին բնագավառների ղեկավարման և Մինիստրության սիստեմի հիմնարկությունների ու կազմակերպությունների աշխատանքի համար մինիստրի տեղակալների, Մինիստրության գլխավոր վարչությունների, վարչությունների, բաժինների և մյուս ստորաբաժանումների պետերի պատասխանատվության աստիճանը:
11. Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրը, գործող օրենքների, ինչպես նաև ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների, ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության հրամանների, հրահանգների և ցուցումների հիման վրա ի կատարումն դրանց, Մինիստրության իրավասության սահմաններում տալիս է ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է տեղական ֆինանսական մարմինների և մինիստրության սիստեմի մյուս հիմնարկությունների և կազմակերպությունների համար, և ստուգում է դրանց կատարումը:
Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրը անհրաժեշտ դեպքերում Հայկական ՍՍՀ մյուս մինիստրությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ հրապարակում է համատեղ հրամաններ և հրահանգներ:
12. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրության կոլեգիան իր պարբերաբար հրավիրվող նիստերում քննության է առնում Հայկական ՍՍՀ պետական բյուջեի կազմման և կատարման աշխատանքի կազմակերպման հիմնական հարցերը և Մինիստրության գործունեության այլ հարցեր, քննարկում է Մինիստրության սիստեմի հիմնարկությունների և կազմակերպությունների պրակտիկ ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների, կանոնների և հրահանգների նախագծերը, լսում է Մինիստրության գլխավոր վարչությունների, վարչությունների և բաժինների, Մինիստրության սիստեմի հիմնարկությունների և կազմակերպությունների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները իրագործվում են, որպես կանոն, մինիստրի հրամաններով: Մինիստրի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների դեպքում մինիստրը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին:
13. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից` ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության հետ համաձայնեցնելով:
Մինիստրության կենտրոնական ապարատի հաստիքային ցուցակը, ինչպես նաև Մինիստրության գլխավոր վարչությունների, վարչությունների և բաժինների կանոնադրությունները հաստատում է Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրը:
14. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությունն ունի Հայկական ՍՍՀ Պետական գերբի պատկերով և իր անվանումով կնիք:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|