Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1765
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2024
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
17.12.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2024

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

17 դեկտեմբերի 2024 թ.

 

2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԵՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուրադյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2024 թվականի հունիսի 11-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2024 թվականի օգոստոսի 29-ի N 1351-Ա որոշմամբ հավանություն է տվել «2024 թվականի հունիսի 11-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի հունիսի 11-ին Երևանում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մաքսային ոլորտում համագործակցության ամրապնդման նպատակով:

 

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝

2.1. ՀՀ Մաքսային մարմնի միջոցով աջակցություն ցուցաբերել Ամերիկայի Միացյալ Նահանգներին ցանկացած մաքսային իրավախախտում կանխելու, բացահայտելու և քննելու հարցում՝ Համաձայնագրի դրույթներին համապատասխան (հոդված 2, մաս 1),

2.2. ապահովել, որ ՀՀ Մաքսային մարմինը կատարի Համաձայնագրի համաձայն ներկայացված աջակցության վերաբերյալ հարցումները՝ ՀՀ ներպետական օրենսդրության և կարգավորումներին համապատասխան, և դրանց սահմանափակումների պահպանմամբ, ինչպես նաև իր իրավասության ու առկա ռեսուրսների սահմաններում (հոդված 2, մաս 2),

2.3. ապահովել, որ հարցման հիման վրա ՀՀ Մաքսային մարմինը տեղեկատվության ձևով աջակցություն տրամադրի՝ մաքսային օրենսդրության կատարումն ապահովելու և Մաքսային մարմինների կողմից մաքսատուրքերն ու մյուս հարկերը պատշաճ ձևով գնահատելու համար (հոդված 3, մաս 1),

2.4. ապահովել, որ ՀՀ Մաքսային մարմինն ԱՄՆ Մաքսային մարմինների հետ համագործակցի տեղեկությունների անվտանգ և արագ փոխանակումը դյուրացնելու նպատակով՝ հաղորդակցման ուղիների ստեղծման և պահպանման, արդյունավետ համակարգման նպաստման և նոր սարքավորումների կամ ընթացակարգերի դիտարկման և փորձարկման շուրջ, ինչպես նաև ցանկացած այլ ընդհանուր վարչական հարցերի շուրջ, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ պահանջել նրանց կողմից համատեղ ձեռնարկվող գործողություններ (հոդված 3, մաս 3),

2.5. ապահովել, որ հարցման հիման վրա ՀՀ Մաքսային մարմինն ԱՄՆ Մաքսային մարմիններին տեղեկացնի այն մասին, թե արդյոք ԱՄՆ տարածքից արտահանված ապրանքներն օրինական ձևով են ներմուծվել ՀՀ տարածք, ինչպես նաև ապահովել, որ պահանջի դեպքում տեղեկությունները պարունակեն ապրանքների մաքսազերծման համար օգտագործվող մաքսային ընթացակարգը (հոդված 4, մաս 1),

2.6. ապահովել, որ ՀՀ Մաքսային մարմինը, հարցման հիման վրա և ՀՀ օրենսդրությանը համապատասխան, հսկողություն իրականացնի այն անձանց նկատմամբ, որոնք հայտնի է, որ կատարել են կամ կասկածվում է, որ պատրաստվում են կատարել մաքսային իրավախախտում` Հարցում ներկայացնող ամերիկյան կողմի տարածքում, դեպի այդ տարածքն ընկած կամ այդ տարածքով անցնող ճանապարհին (հոդված 4, մաս 2, կետ «ա»),

2.7. ապահովել, որ ՀՀ Մաքսային մարմինը, հարցման հիման վրա և ՀՀ օրենսդրությանը համապատասխան, հսկողություն իրականացնի փոխադրվող կամ պահեստավորված ապրանքների նկատմամբ, որոնք ճանաչվել են որպես կասկածելի ապօրինի շրջանառության առարկա` Հարցում ներկայացնող ամերիկյան կողմի տարածքում, դեպի այդ տարածքն ընկած կամ այդ տարածքով անցնող ճանապարհին (հոդված 4, մաս 2, կետ «բ»),

2.8. ապահովել, որ ՀՀ Մաքսային մարմինը, հարցման հիման վրա և ՀՀ օրենսդրությանը համապատասխան, հսկողություն իրականացնի տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք, հայտնի է, որ օգտագործվել են կամ կասկածվում են, որ օգտագործվել են մաքսային իրավախախտումներ կատարելու մեջ` Հարցում ներկայացնող ամերիկյան կողմի տարածքում, դեպի այդ տարածքն ընկած կամ այդ տարածքով անցնող ճանապարհին (հոդված 4, մաս 2, կետ «գ»),

2.9. ապահովել, որ ՀՀ Մաքսային մարմինը, հարցման հիման վրա և ՀՀ օրենսդրությանը համապատասխան, հսկողություն իրականացնի Հարցում ստացող ՀՀ տարածքում գտնվող շինությունների նկատմամբ, որոնք հայտնի է, որ օգտագործվել են կամ կասկածվում է, որ օգտագործվել են իրավախախտումներ կատարելու առնչությամբ` Հարցում ներկայացնող ամերիկյան կողմի տարածքում, դեպի այդ տարածքն ընկած կամ այդ տարածքով անցնող ճանապարհին (հոդված 4, մաս 2, կետ «դ»),

2.10. ապահովել, որ հարցման հիման վրա ՀՀ Մաքսային մարմինն ԱՄՆ Մաքսային մարմիններին տեղեկություն տրամադրի այն գործողությունների վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել ԱՄՆ տարածքում մաքսային իրավախախտումների այնպիսի իրավիճակներում, որոնք կարող են էական վնաս հասցնել ԱՄՆ տնտեսությանը, հանրային առողջությանը, հանրային անվտանգությանը կամ նմանատիպ այլ կենսական շահերին. ապահովել, որ հնարավորության դեպքում ՀՀ Մաքսային մարմինն այդպիսի տեղեկություններ տրամադրի՝ առանց այդ մասին հարցում ստանալու (հոդված 4, մաս 3),

2.11. ապահովել, որ ՀՀ Մաքսային մարմինը հարցման հիման վրա տրամադրի ապրանքների փոխադրման և առաքման վերաբերյալ տեղեկություններ, որոնք ցույց են տալիս այդ ապրանքների արժեքը, նպատակակետը և տնօրինումը (հոդված 5, մաս 1),

2.12. Հարցում ներկայացնող ամերիկյան մարմնի կողմից բնօրինակներ կամ պատճեններ հատուկ չպահանջելու դեպքում ապահովել, որ Հարցում ստացող ՀՀ մարմինը միաժամանակ տրամադրի բոլոր տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են համակարգչային տեղեկատվության մեկնաբանման կամ օգտագործման համար (հոդված 5, մաս 3),

2.13. ապահովել, որ փոխանցված գործերի, փաստաթղթերի և այլ նյութերի բնօրինակները վերադարձվեն առաջին իսկ հնարավորության դեպքում (հոդված 5, մաս 5),

2.14. ապահովել, որ Հարցում ստացող ՀՀ մարմինը ձեռնարկի բոլոր ողջամիտ միջոցները՝ հարցումը կատարելու համար, և ձգտի ապահովել այդ նպատակի համար անհրաժեշտ ցանկացած պաշտոնական միջոց (հոդված 8, մաս 1),

2.15. ապահովել, որ Հարցում ստացող ՀՀ մարմինը հնարավորինս լիարժեք իրականացնի կամ թույլատրի Հարցում ներկայացնող ամերիկյան մարմնին անցկացնել նման տեսչական ստուգումներ, վավերացումներ, փաստահավաք հետաքննություններ կամ քննչական այլ միջոցառումներ, ներառյալ՝ փորձագետների, վկաների ու մաքսային իրավախախտումների կատարման մեջ կասկածվող անձանց հարցաքննությունը, քանի որ դա անհրաժեշտ է հարցումը կատարելու համար (հոդված 8, մաս 3),

2.16. ապահովել, որ Հարցում ստացող ՀՀ մարմինը բավարարի հարցումը՝ պահպանելով որոշակի ընթացակարգ այնքանով, որքանով այդ ընթացակարգն արգելված չէ ՀՀ ներպետական օրենսդրությամբ (հոդված 8, մաս 6),

2.17. Համաձայնագրի համաձայն ձեռք բերված տեղեկությունների համար որպես ստացող Կողմ ապահովել նույն աստիճանի գաղտնիություն, որը կիրառում է իր մոտ գտնվող նմանատիպ տեղեկությունների նկատմամբ (հոդված 9, մաս 1),

2.18. Համաձայնագրի համաձայն ձեռք բերված տեղեկություններն օգտագործել կամ բացահայտել միայն Համաձայնագրում նշված նպատակների համար՝ ներառելով ստացող հայկական Կողմի կողմից դրանց օգտագործումը ցանկացած վարույթում, և այդ տեղեկություններն օգտագործել կամ բացահայտել այլ նպատակներով կամ ստացող հայկական Կողմի այլ մարմինների կողմից, եթե դրանք տրամադրող Մաքսային մարմինը հստակորեն գրավոր հավանություն է տվել այդ օգտագործմանը կամ բացահայտմանը (հոդված 9, մաս 2),

2.19. ՀՀ կողմից ստացված տեղեկությունները տրամադրող ամերիկյան Կողմի հայցմամբ համարել գաղտնի. նշվում են նման հայցման պատճառները (հոդված 9, մաս 3),

2.20. տրամադրված տվյալների սխալ լինելու կամ փոխանակման ենթակա չլինելու դեպքում այդ մասին անմիջապես ծանուցել ամերիկյան Կողմին, իսկ այդպիսի տվյալներ ստանալու պարագայում երաշխավորել, որ այդպիսի տվյալներ ստացած ՀՀ Մաքսային մարմինը կփոփոխի կամ կվերացնի դրանք (հոդված 9, մաս 6),

2.21. ապահովել, որ համապատասխան ՀՀ Մաքսային մարմինը ձեռք բերի կամ պահպանի տեղական պայմանավորվածություններ՝ ապահովելու գաղտնի տվյալների, գործի նյութերի և փաստաթղթերի համապատասխան փոխանցումը, անվտանգ պահպանությունը, պահեստավորումը, մշակումը և ներքին տարածումը (հոդված 9, մաս 8),

2.22. հարցումը չբավարարվելու դեպքում ապահովել, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի Հարցում ներկայացնող ամերիկյան մարմնին՝ տրամադրելով հարցումը հետաձգելու կամ մերժելու պատճառների մասին հայտարարություն, ինչպես նաև գործի հետագա հետապնդման համար կարևոր հանգամանքները (հոդված 10, մաս 4),

2.23. որպես Հարցում ստացող Կողմ հանդես գալու պարագայում վճարել հարցման կատարման հետ կապված բոլոր ծախսերը՝ բացառությամբ փորձագետների և վկաների, ինչպես նաև գրավոր և բանավոր թարգմանության ու սղագրության հետ կապված ծախսերը, իսկ որպես Հարցում ներկայացնող Կողմ հանդես գալու պարագայում վճարել փորձագետների և վկաների, ինչպես նաև գրավոր և բանավոր թարգմանության ու սղագրության հետ կապված ծախսերը (հոդված 11, մաս 1):

 

3. Համաձայնագիրը նախատեսված է բացառապես Կողմերի միջև փոխադարձ աջակցության համար, և Համաձայնագրի դրույթները ցանկացած մասնավոր անձի համար չեն առաջացնում իրավունք՝ ստանալու, թաքցնելու կամ բացառելու որևէ ապացույց կամ խոչընդոտելու հարցման կատարումը:

Համաձայնագիրը նախատեսված է Կողմերի միջև առկա փոխադարձ մաքսային աջակցությունն ընդլայնելու և լրացնելու համար։ Համաձայնագրի որևէ դրույթ չի կարող մեկնաբանվել այնպես, որ սահմանափակվեն Կողմերի միջև փոխադարձ աջակցության և առկա համագործակցության վերաբերյալ համաձայնագրերը, պայմանավորվածություններն ու գործելակերպերը:

Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտում Մաքսային մարմիններին ինքնուրույն կերպով տեղեկություններ տրամադրել այն գործողությունների վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել մյուս Կողմի տարածքում մաքսային իրավախախտումների։

 

4. Համաձայնագրի 9-րդ հոդվածը չի խոչընդոտում Համաձայնագրի համաձայն փոխանակված տեղեկությունների օգտագործումը կամ բացահայտումն այնքանով, որքանով առկա է այդպես վարվելու պարտավորություն ստացող Կողմի Սահմանադրությամբ կամ ներպետական օրենսդրությամբ` կապված որևէ քրեական վարույթի հետ: Ստացող Կողմը ցանկացած նման առաջարկվող բացահայտման մասին նախապես ծանուցում է տեղեկությունները տրամադրող Կողմին:

Համաձայնագրի 9-րդ հոդվածը չի խոչընդոտում նաև Համաձայնագրի համաձայն փոխանակված տեղեկությունների օգտագործումը կամ բացահայտումը` կապված ահաբեկչության կամ ազգային անվտանգության այլ հարցերի հետ, եթե ստացող Կողմի գործող օրենսդրության համաձայն՝ առկա է այդպիսի տեղեկություններն օգտագործելու կամ բացահայտելու պարտավորություն:

 

5. Համաձայն Համաձայնագրի 10-րդ հոդվածի 1-ին կետի՝ եթե Հարցում ստացող կողմը որոշում է, որ աջակցություն տրամադրելով կխախտվի իր ինքնիշխանությունը, անվտանգությունը, հանրային քաղաքականությունը կամ այլ էական ազգային շահեր, կամ այն կհակասի իր ներպետական օրենսդրությանը և կանոնակարգերին, ներառյալ՝ օգտագործման և գաղտնիության սահմանափակումների երաշխիքների անհամապատասխանության ցանկացած իրավական պահանջ, ապա այն կարող է հրաժարվել կամ դադարեցնել աջակցությունը կամ կարող է տրամադրել այն՝ որոշակի պայմանների կամ պահանջների բավարարման դեպքում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2024 թվականի հունիսի 11-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

17 դեկտեմբերի 2024 թվականի

ՍԴՈ-1765

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2024 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԵՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1765 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «2024 թվականի հունիսի 11-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2024 թվականի դեկտեմբերի 17-ի ՍԴՈ-1765 որոշմամբ որոշել է, որ 2024 թվականի հունիսի 11-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

 

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի ՍԴՈ-1765 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։

 

Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։

Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։

 

Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2024 թվականի դեկտեմբերի 17-ի ՍԴՈ-1765 որոշմամբ 2024 թվականի հունիսի 11-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։

 

Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։

Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։

 

Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։

Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։

Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։

 

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։

 

Դատավոր՝

 

«17» դեկտեմբերի 2024 թ.

Ե. Խունդկարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան