Գլխավոր տեղեկություն
Համար
N 1204-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.12.2024
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1204-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 564-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով ու 21-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված N 2 հավելվածի՝ վարչապետի աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը՝

1) ստեղծել Մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչություն:

2. Որոշմամբ հաստատված N 1 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները՝

1) 8-րդ կետի 14-րդ ենթակետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ ենթակետով՝

«15) իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների մասնակցային կառավարման կառուցակարգերի և մեթոդաբանության մշակումը, մշտադիտարկում և գնահատում է մասնակցային կառավարման գործընթացները, իրականացնում է բաց կառավարման ծրագրերի իրականացումը և համագործակցությունը, աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խնդիրների լուծմանը:».

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.2-րդ կետով՝

«42.2. Մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչությունը՝

1) ապահովում է պետական կառավարման համակարգի մարմիններում մասնակցային կառավարման գործընթացների թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները՝ մասնակցային կառավարման կառուցակարգերի և մեթոդների մշտադիտարկման, գնահատման, համապատասխան ցուցիչների և տվյալների հավաքագրման, մասնակցային կառավարման գործընթացների կարողությունների զարգացման, մշակույթի ձևավորման, խթանման և զարգացման միջոցով.

2) ապահովում է հանրային մասնակցության շրջանակներում կառավարությունհանրություն երկխոսության և համագործակցության մեխանիզմների ստեղծման և զարգացման աշխատանքները.

3) ապահովում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) կայացմանն և զարգացմանն ուղղված գործընթացների իրականացման աշխատանքները.

4) ապահովում է մասնակցային և բաց կառավարման գործընթացներին ուղղված ազգային համակարգողի գործառույթները՝ ազգային ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման, համապատասխան աշխատանքային խմբի նիստերի կազմակերպման, այդ շրջանակներում պետական կառավարման համակարգի մարմինների և միջազգային գործընկերների հետ համագործակցության իրականացման աշխատանքները.

5) ապահովում է ՔՀԿ-ների և մասնագիտական ուղղվածությամբ կազմակերպությունների հետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները՝ ելնելով պետական կառավարման համակարգի մարմինների համար անհրաժեշտ կարիքներից.

6) ապահովում է թվային կամ էլեկտրոնային հարթակներում հանրային մասնակցությանը, հանրային վստահության բարձրացմանը, թվային մասնակցային գործիքների կատարելագործմանը, հետադարձ կապի ամրապնդմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը համապատասխան պետական մարմիններին.

7) ապահովում է միջազգային համապատասխան փորձի ուսումնասիրության և վերլուծության աշխատանքների իրականացումը, ինչի արդյունքում ապահովում է Հայաստանի Հանրապետությունում մասնակցային կառավարման ուղղությամբ ստանդարտների ադապտացմանն ու կիրառմանն ուղղված աշխատանքներին աջակցությունը.

8) ապահովում է ՔՀԿ-ների և մասնագիտական ուղղվածությամբ կազմակերպությունների կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունները պետական կառավարման համակարգի մարմիններին ներկայացնելու, հետադարձ կարծիքները համակարգելու աշխատանքները՝ անհրաժեշտության դեպքում իրականացնելով համապատասխան վերլուծություններ և ներկայացված եզրակացությունների ամփոփում.

9) ապահովում է իր գործունեության հետ կապված իրավական ակտերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթների, անհրաժեշտության դեպքում դրանց հիման վրա իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը.

10) ապահովում է վարչապետի աշխատակազմի իրավասությունների շրջանակում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների և ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների համակարգումը։»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

26.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ