ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 1977 թ. N 491
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը նշում է, որ վերջին տարիներին հանրապետությունում մի շարք միջոցառումներ են իրականացվել արգելոցային գործի վարումը բարելավելու ուղղությամբ:
Ղափանի շրջանում կազմակերպվել է Շիկահողի` հանրապետությունում երրորդ արգելոցը: Ընդլայնվել է արգելավայրերի ցանցը: Սկսվել է Սևանի ազգային (բնական) զբոսայգու ստեղծման աշխատանքը:
Պետական արգելոցների կողմից կատարված գործունեությամբ ապահովվել է բնության մի շարք բնորոշ տեղամասերի անվթարությունը, կենդանական և բուսական աշխարհի պահպանումն ու վերարտադրությունը:
Դրա հետ մեկտեղ, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը նշում է, որ հակառակն պետական արգելոցների, արգելավայրերի ու բնության հուշարձանների պահպանության վերաբերյալ օրենսդրության պահանջներին, արգելոցների տերիտորիաներում թույլ է տրվում արգելոցների գործունեության հետ կապ չունեցող աշխատանքների կատարում, որոնք խախտում են բնական կոմպլեքսները և սպառնում են հատուկ գիտական ու կուլտուրական արժեք ունեցող բնական հարստությունների պահպանմանը:
Արգելոցների հողերում թույլ են տրվում անասունների արածեցում, խոտհարք, անտառահատում, լինում են որսագողության դեպքեր:
Անտառային տնտեսության պետական կոմիտեն, Գյուղատնտեսության մինիստրությունը և աշխատավորների դեպուտատների տեղական սովետները թույլ վերահսկողություն են իրականացնում արգելոցների պահպանման վերաբերյալ օրենսդրությունը չխախտելու նկատմամբ:
Արգելոցներն ու արգելավայրերն ապահովված չեն անհրաժեշտ հաստիքային գիտական աշխատակիցներով և նյութատեխնիկական ռեսուրսներով:
Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի, Գյուղատնտեսության մինիստրության գիտահետազոտական ինստիտուտներն անբավարար են մասնակցում արգելոցների հետ կապված գիտական մշակումներին:
Պետական արգելոցների ու արգելավայրերի համար օրենսդրությամբ սահմանված ռեժիմի պահպանումը ապահովելու նպատակով, ինչպես նաև ի կատարումն ՍՍՀՄ Գերագույն սովետի Միությունների սովետի և Ազգությունների սովետի Բնության պահպանության հանձնաժողովի որոշումների, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
1. Պարտավորեցնել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեին, Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրությանը, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիային` ապահովել պետական արգելոցների, արգելավայրերի և բնության հուշարձանների պահպանության վերաբերյալ օրենսդրության անշեղ կատարումը, հատուկ ուշադրություն դարձնելով հողօգտագործման, պահպանության գոտիների առանձնացման համար արգելոցների իրավունքների ձևակերպման, ինչպես նաև արգելոցների ռեժիմի պահպանման գործում եղած թերությունների վերացմանը, դրանով հանդերձ նկատի ունենալով դրանց տերիտորիայում թույլ տալու արգելոցների գործունեության հետ կապ չունեցող շինարարություն և աշխատանքների կատարում:
2. Հանձնարարել Անտառային տնտեսության պետական կոմիտեին`
արգելոցներին ամրացված տերիտորիաները սահմանված կարգով ձևակերպել պետական ակտերով.
արգելել արգելոցների տերիտորիայում դեղաբույսերի, պտուղների, հատապտուղների և սերմերի հավաքում, ինչպես նաև ծառերի ու թփերի հատում: Խոտհարքը կատարել խստորեն առանձնացված տեղամասերում` ձմռան ամիսներին վայրի կենդանիներին կերով ապահովելու համար անհրաժեշտ քանակությամբ:
3. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրությանը, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեին և Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիային` մինչև 1978 թվականի հունվարի 1-ը մշակել և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ ներկայացնել Պետպլանի հետ համաձայնեցված` հանրապետության բոլոր բնական-աշխարհագրական գոտիների ուսումնասիրման հիման վրա բնության անձեռնմխելիության գիտականորեն հիմնավորված սիստեմը և դրա կապակցությամբ նույնպես քննության առնել պետական արգելոցների, արգելավայրերի ու բնության հուշարձանների ցանցը ընդլայնելու նպատակահարմարության հարցը:
4. Արգելոցներում գիտահետազոտական աշխատանքներն ուժեղացնելու և դրանց գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար հանձնարարել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեին` մշակել և երկամսյա ժամկետում Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ քննարկման ներկայացնել Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի, Հայկական ՍՍՀ Պետպլանի և Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրության հետ համաձայնեցված` արգելոցների գծով գիտական աշխատողների հաստիքները:
5. Արգելոցներում գիտահետազոտական աշխատանքների կոորդինացումը դնել Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի և կենդանաբանության ինստիտուտի վրա:
Անտառային տնտեսության պետական կոմիտեին` արգելոցներ գիտական աշխատակիցների աշխատանքի ընդունումը իրականացնել մրցույթի կարգով` ներգրավելով հիշյալ ինստիտուտների գիտական խորհուրդներին:
6. Ամրապնդել Դիլիջանի պետական արգելոցը, նրան միացնելով Կրասնոսելսկի անտառտնտեսության` իրեն հարող 2690 հա ընդհանուր տարածությամբ մասը, այդ թվում անտառածածկ` 1064 հա և Գուգարքի անտառտնտեսության Համզաչիմանի անտառապետությունը` 4472 հա ընդհանուր տարածությամբ, այդ թվում անտառածածկ` 3164 հա:
7. Հանձնարարել Անտառային տնտեսության պետական կոմիտեին` Գյուղատնտեսության մինիստրության և աշխատավորների դեպուտատների Արարատի ու Արտաշատի շրջանային սովետների գործկոմների հետ համատեղ երկամսյա ժամկետում Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ առաջարկություններ ներկայացնել Խոսրովի արգելոցի սահմանի վերանայման մասին, նպատակ ունենալով վերացնելու արգելոցի տերիտորիայի մեջ սեպված կոլտնտեսային, սովխոզային ու պետտնտեսային հողերի շերտընդմիջությունը:
8. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիային և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեին` ուսումնասիրել և մինչև 1977 թվականի վերջը Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ հաստատման ներկայացնել բնության արժեքավոր հուշարձանների և արգելավայրերի ցանկը:
9. Խնդրել ՍՍՀՄ Անտառային տնտեսության պետական կոմիտեին (ընկ. Գ. Վորոբևին)` Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի հայտերին համապատասխան նախատեսել գիտահետազոտական լաբորատորիաներ կազմակերպելու, ճանապարհների շինարարության, արգելոցների հեռախոսավորման, վարչական, լաբորատորային և օժանդակ շենքեր կառուցելու նպատակով 1978-1980 թվականներին պետական արգելոցների համար միջոցների, ինչպես նաև փոխադրամիջոցների ու այլ նյութատեխնիկական ռեսուրսների առանձնացում:
10. Աշխատավորների դեպուտատների Ղափանի, Արարատի, Արտաշատի, Աբովյանի, Մեղրու, Գուգարքի, Կրասնոսելսկի, Շամշադինի, Նոյեմբերյանի շրջանային և Դիլիջանի քաղաքային սովետների գործկոմներին` ուժեղացնել վերահսկողությունը արգելոցների ու արգելավայրերի համար օրենսդրությամբ սահմանված ռեժիմի պահպանման նկատմամբ:
11. Պարտավորեցնել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեին, աշխատավորների դեպուտատների շրջանային ու քաղաքային սովետների գործկոմներին` պետական արգելոցների, արգելավայրերի և բնության հուշարձանների պահպանության հարցերի լուծմանը լայնորեն մասնակից դարձնել Բնության պահպանության հանրապետական ընկերությանը և նրան օգնություն ցույց տալ բնական հարստությունների պահպանման ու բազմապատկման ուղղությամբ աշխատանքի կազմակերպման գործում:
12. Հանձնարարել Գյուղատնտեսության մինիստրությանը, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեին, աշխատավորների դեպուտատների Իջևանի ու Կրասնոսելսկի շրջանային և Դիլիջանի քաղաքային սովետների գործկոմներին` քննության առնել և եռամսյա ժամկետում Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ առաջարկություն ներկայացնել կոլտնտեսությունների ու սովխոզների` Դիլիջանի պետական արգելոցի տերիտորիայում գտնվող անասնապահական ֆերմաների տեղափոխման մասին:
13. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեին` ընդլայնել բիոտեխնիկական միջոցառումների ուղղությամբ տարվող աշխատանքների պլանը, կտրականապես արգելել պետարգելոցների տերիտորիայում վայրի գազանների ու թռչունների ամեն տեսակի որսը:
14. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությանը` քննության առնել արգելոցների ռեժիմի պահպանումը ապահովելու համար միջոցների ու հաստիքային միավորների առանձնացման վերաբերյալ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի հայտը:
15. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեին` ընդլայնել Դիլիջանի արգելոցում գոյություն ունեցող թանգարանը և նոր թանգարան կազմակերպել Խոսրովի արգելոցում:
16. Հանձնարարել հանրապետական, շրջանային և տեղական թերթերի ու ամսագրերի խմբագրություններին, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեին` մամուլում և ռադիո ու հեռուստատեսության հաղորդումներով լայնորեն լուսաբանել պետական արգելոցների, արգելավայրերի և բնության հուշարձանների պահպանության վերաբերյալ օրենսդրության պահպանման հարցերը:
17. Պարտավորեցնել Կուլտուրայի մինիստրությանը, աշխատավորների դեպուտատների շրջանային ու քաղաքային սովետներին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին` միջոցներ ձեռք առնել բնության նկատմամբ խնամքով վերաբերմունքի, արգելոցների, արգելավայրերի ու բնության հուշարձանների պահպանման վերաբերյալ օրենսդրությունը չխախտելու ուղղությամբ բնակչության շրջանում տարվող մասսայական-բացատրական աշխատանքը բարելավելու համար:
Հ այկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|