ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2024 թվականի N 2075-Ա
ՊԵՏԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված կարգի 8-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված շարժական գույքը՝ մոտ 5263 տոննա սև մետաղի ջարդոնը (այսուհետ՝ գույք), օտարել դասական աճուրդով մեկ լոտով՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի 1 տոննայի նվազագույն մեկնարկային գինը 45 000 դրամ է՝ համաձայն 2024 թվականի մայիսի 13-ի դրությամբ գնահատված շուկայական արժեքի.
2) աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը (այսուհետ՝ գնորդ), ելնելով իր կողմից գույքի 1 տոննայի համար առաջարկված գնից, վճարում է 5263 տոննա գույքի համար (առաջարկված 1 տոննայի գին բազմապատկած 5263 տոննա) աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով.
3) գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 3 684 100 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան հաշվին, և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս։
3. Կոմիտեի նախագահին՝
1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով 6 ամսվա ընթացքում կազմակերպել նոր աճուրդներ սույն որոշման պայմաններով՝ առանց մեկնարկային գնի նվազեցման.
4) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստանալուց հետո կարող է իրականացնել գնային վերահաշվարկ՝ հիմք ընդունելով փաստացի հանձնված-ընդունված գույքը.
5) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ըստ անհրաժեշտության գնորդի հետ կատարել գնային վերահաշվարկ.
6) մինչև սույն կետի 5-րդ ենթակետով նախատեսված գնային վերահաշվարկ իրականացնելը՝ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով վճարված գումարը պահել կոմիտեի աճուրդի ժամանակավոր (դեպոզիտ) հաշվին։
4․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) սույն որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված պայմանագրի կնքումից հետո վեցամսյա ժամկետում գնորդի հետ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.
2) գնորդի հետ հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո եռօրյա ժամկետում կոմիտեին ներկայացնել տեղեկանք փաստացի հանձնված գույքի քանակի վերաբերյալ։
5. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, և հաղթող մասնակցի կողմից վճարված կանխավճարը չի վերադարձվում ու փոխանցվում է պետական բյուջե, իսկ գույքը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազման։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2075-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Քանակը (տոննա) |
Մեկ տոննա գույքի գնահատված արժեքը (դրամ) |
Ընդհանուր գույքի գնահատված արժեքը (դրամ) |
Գույքի տեխնիկական վիճակը |
1. |
Սև մետաղ |
մոտ 5 263 |
45 000 |
236 835 000 |
ջարդոն |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
27.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |