ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/8860/05/20 Վարչական գործ թիվ ՎԴ/8860/05/20
Ա․ Պողոսյան Դատավորներ՝ Հ․ Խաչատրյան Կ․ Մաթևոսյան
Նախագահող դատավոր՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
Ռ. Հակոբյան Ա. Թովմասյան | |
Լ. Հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ |
2024 թվականի դեկտեմբերի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ՈՍԿԵ ՍԵՐ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.11.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ Ընկերության հայցի ընդդեմ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 08.09.2020 թվականի ««ՈՍԿԵ ՍԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 336-Ա որոշումը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 08.09.2020 թվականի ««ՈՍԿԵ ՍԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 336-Ա որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ․ Ազրոյան) (այսուհետ` Դատարան) 23.02.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.11.2023 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը բավարարվել է ամբողջությամբ` Դատարանի 23․02․2022 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել և փոփոխվել է՝ հայցն ամբողջությամբ մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչներ՝ Միքայել Դանիելյան, Վարդան Վարդանյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հանձնաժողովը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Գեղամ Գևորգյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, 50-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 45-րդ հոդվածները, 57-րդ հոդվածի 1-ին մասը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 2-րդ հոդվածը, 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 14-րդ հոդվածը, 19-րդ հոդվածի 1-ին մասը, 30-րդ հոդվածի 10-րդ մասը, 31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման հիմքում դրվել է մի ապացույց` փորձարկման արձանագրությունը, որի արժանահավատությունը կասկածի տակ դնելու վերաբերյալ գործում առկա են մի շարք փաստական հանգամանքներ, ինչպես նաև այն ձեռք է բերվել վարչական վարույթից դուրս, սակայն, անհասկանալիորեն Վերաքննիչ դատարանի կողմից գնահատվել է որպես վարչական վարույթի նյութ։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հանձնաժողովն Ընկերության կողմից ենթադրաբար արտադրված ապրանքի փորձաքննությունը նշանակել է մինչև վարչական վարույթ հարուցելու մասին որոշում ընդունելն ու Ընկերությանը՝ վարույթին մասնակից դարձնելը։ Վարչական մարմինը պարտավոր էր ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա փաստական հանգամանքները, ինչը կարող էր կատարվել բացառապես արդեն իսկ հարուցված վարչական վարույթի ընթացքում՝ վարույթի մասնակիցների ներգրավմամբ փորձաքննություն նշանակելով, ինչն էլ իր հերթին հնարավորություն կընձեռեր վարույթի մասնակիցներին իրացնելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածում վկայակոչված իրենց իրավունքները, այն է՝ վարչական մարմնի կողմից փորձագետ նշանակելու մասին ծանուցվելու իրավունք, փորձագետի կողմից կատարվող գործողություններին ներկա գտնվելու իրավունք, փորձագիտական եզրակացության վերաբերյալ փորձագետից պարզաբանում պահանջելու իրավունք և այլն: Նշված իրավունքների իրացումը չապահովելով` Հանձնաժողովը չի ապահովել վարչական մարմնի առջև հայցվորի արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքի իրացումը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարչական վարույթի նյութ կարող են հանդիսանալ միայն այդ վարչական վարույթի հարուցումից հետո սահմանված կարգով ձեռք բերված փաստաթղթերը, քանի որ վարչական մարմինը, նաև օրինականության սկզբունքով առաջնորդվելու պարտականություն ունենալով և սահմանափակված լինելով այդ սկզբունքով, պարտավոր է գնահատել ոչ թե գործում պատահականորեն կամ կամայականորեն հայտնված ապացույցները, այլ գործում առկա և սահմանված կարգով ձեռք բերված ապացույցները:
Սույն գործով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթի հարուցման որոշմանը նախորդող գործողությունները (նախաձեռնությունները) համարվում են վարչական վարույթի նյութ, իսկ ընդամենը մի քանի պարբերություն այն կողմ, ըստ էության, արձանագրել է, որ մինչև վարույթի հարուցումն իրականացված գործողությունների արդյունքում ձեռք բերված նյութերը չեն կարող հանդիսանալ Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի նյութ, քանի որ դրանք իրականացվել են քննարկվող վարչական վարույթից դուրս:
Փաստորեն, ստացվում է մի իրավիճակ, երբ Վերաքննիչ դատարանը, նույն դատական ակտով տալով իրարամերժ կարծիքներ, չի կարողանում հստակեցնել այն հարցի պատասխանը, թե ի վերջո` փորձարկման արձանագրությունը պե՞տք է համարել Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի նյութ, թե` ոչ։
Բացի այդ, հայցվոր կողմը կասկածի տակ է դրել «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ 1271 փորձարկման արձանագրությունում արտահայտված արդյունքերը, որոնք թեկուզ մեկ բառով քննարկման առարկա չեն դարձվել Վերաքննիչ դատարանի կողմից, ինչը ևս պետք է հանգեցնի բողոքարկվող դատական ակտի բեկանմանը: Այսպես՝
- Հանձնաժողովի աշխատակիցները դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և չունենալով վերցված նմուշները լաբորատորիա ուղարկելու իրավասություն` կատարել են այդպիսի գործողություն,
- Հանձնաժողովի կողմից փորձաքննության ներկայացված ապրանքները չեն հանդիսացել հայցվոր Ընկերության արտադրանքը, իսկ հակառակը վկայող փաստեր առկա չեն գործի նյութերում,
- Հանձնաժողովի կողմից փորձաքննությանը նախորդած նմուշառման և նմուշի փորձարկման նախապատրաստման ամբողջ գործընթացը կատարվել է առանց համապատասխան պահանջների (ԳՕՍՏ 26809.1-2014) պահպանման:
Վարչական վարույթից դուրս իրականացված փորձարկման արձանագրությունը կարող էր առավելագույնը հիմք հանդիսանալ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու համար և չէր կարող հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Տվյալ դեպքում Հանձնաժողովն Ընկերության նկատմամբ վարչական վարույթն իրականացրել է թույլատրելի առավելագույն ժամկետների խախտմամբ, և հետևապես վիճարկվող որոշումն ընդունվել է այդ ժամկետների սահմանազանցման արդյունքում, ինչը ևս անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Բացի այդ, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/12138/05/18 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածին տվել է բողոքարկվող դատական ակտով արտահայտված դիրքորոշումից տարբերվող և հայցվորի արտահայտած դիրքորոշմանը համահունչ մեկնաբանում: Ընդ որում, ինչպես թիվ ՎԴ/12138/05/18 վարչական գործով, այնպես էլ սույն վարչական գործով նախագահող դատավոր է հանդես եկել Արթուր Պողոսյանը։ Այսինքն, թվով երկու տարբեր դատական գործերով նույն նախագահող դատավորի կողմից, նույն իրավանորմի վերաբերյալ տրվել է իրարից էապես տարբերվող և միմյանց հակասող մեկնաբանություն` տվյալ գործերով տարբեր կերպ կանխորոշելով գործի լուծումը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.11.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 23․02․2022 թվականի վճռին։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Սույն գործով փորձարկման արձանագրությունը եղել է Հանձնաժողովի նախաձեռնության համար հիմք հանդիսացած փաստաթուղթ, որն ընդգրկվել է վարչական վարույթի նյութերում՝ կազմելով դրանց մաս։ Հետևաբար հայցվորի փաստարկն առ այն, որ փորձարկման արձանագրությունը ձեռք է բերվել մինչև վարչական վարույթը և չի կարող դրվել թիվ 336-Ա որոշման հիմքում, անհիմն է։
Հանձնաժողովը կաթնամթերքի շրջանառության ոլորտում իրականացվող ուսումնասիրության շրջանակներում գրությամբ տեղեկություն պահանջելիս վարչական ակտ կայացնելու նպատակ չի հետապնդել, և միայն փորձաքննության արդյունքները ստանալուց հետո Հանձնաժողովը գործողություններ է ձեռնարկել վարչական վարույթի հարուցման ուղղությամբ։ Արդյունքում՝ Հանձնաժողովի նախաձեռնությամբ վարչական ակտի ընդունմանն ուղղված գործողությունը հենց Հանձնաժողովի կողմից վարչական վարույթ հարուցելն է։ Այլ կերպ ասած՝ վարչական վարույթ հարուցելու մասին որոշման ստորագրումը հենց այն գործողության կատարումն է, որն ուղղված է վարչական ակտի ընդունմանը։ Այսպիսով, վարչական վարույթի սկիզբ է համարվում ոչ թե 18․05․2020 թվականը, այլ՝ 30․06․2020 թվականը՝ վարչական վարույթ հարուցելու օրը, ուստի Հանձնաժողովի կողմից պահպանվել է օրենքով սահմանված վարչական վարույթի իրականացման 90-օրյա ժամկետը։
Ըստ այդմ՝ ներկայացված վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Հանձնաժողովի նախագահի 05․06․2020 թվականի թիվ 80-Ա հրամանով հրամայվել է «Էրիռուս» ՍՊԸ-ում իրականացնել հսկիչ գնում (հատոր 1-ին, գ.թ. 157)․
2) Հանձնաժողովի 08․06․2020 թվականի թիվ 80 արձանագրության համաձայն՝ «Էրիռուս» ՍՊԸ-ում իրականացված հսկիչ-գնման արդյունքում, ի թիվս այլնի, ձեռք է բերվել 4․562կգ քաշով 49 տոկոս յուղայնությամբ Ընկերության արտադրության «Արդենիս» անվանումով լոռի պանիր (հատոր 1-ին, գ.թ. 153-155)․
3) «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերության տնօրենին հասցեագրված Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի 11.06.2020 թվականի թիվ ԱՎ-2375 գրությամբ խնդրվել է յուղայնության աստիճանի (տոկոսի) և բուսական յուղերի առկայության պարզման վերաբերյալ փորձաքննության ենթարկել, ի թիվս այլնի, նաև 80/3 ծածկագրով ապրանքը, որը 08․06․2020 թվականին իրականացված հսկիչ գնման արդյունքում ձեռք բերված ապրանքների աղյուսակի 3-րդ համարի տակ հանդիսանում է արտադրող Ընկերության «Լոռի» տեսակի պանիրը (հատոր 1-ին, գ.թ. 150, գ.թ. 146-147)․
4) «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերության 24.06.2020 թվականի թիվ 1271 փորձարկման արձանագրության համաձայն՝ 80/3 նմուշի ապրանքի մեջ առկա է բուսական յուղ, ինչը չի համապատասխանում ՄՄ ՏԿ 033/2013-ով սահմանված պանրի բնութագրին և անվանմանը (հատոր 1-ին, գ.թ. 142-144).
5) Հանձնաժողովի 30.06.2020 թվականի ««Ոսկե Սեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու մասին» թիվ 267-Ա որոշմամբ որոշվել է Ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ հարուցել վարչական վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 139-141).
6) Հանձնաժողովի 08.09.2020 թվականի ««Ոսկե Սեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 336-Ա որոշմամբ որոշվել է Ընկերության նույն որոշմամբ նկարագրված գործողություններն ու վարքագիծը որակել որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն՝ հասարակության մոլորեցում: Օրենքի խախտման համար Ընկերության նկատմամբ նշանակել տուգանք 4.559.922 ՀՀ դրամի չափով (…) (հատոր 1-ին, գ․թ․ 18-22, 59-63)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առնվազն մեկ այլ, մասնավորապես՝ թիվ ՎԴ/12138/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը, կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի, 30-րդ հոդվածի, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 30-րդ հոդվածի 10-րդ մասի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածով երաշխավորված պատշաճ վարչարարության իրավունքի համատեքստում հարկ է համարում անդրադառնալ Հանձնաժողովի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու (հարուցման փուլ), ինչպես նաև վարչական վարույթի ընթացքում (ընթացիկ փուլ) փորձագետի եզրակացության՝ որպես թույլատրելի ապացույցի, հետազոտելու և գնահատելու առանձնահատկություններին։
1) ՀՀ Սահմանադրության՝ «Պատշաճ վարչարարության իրավունքը» վերտառությամբ 50-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, անդրադառնալով առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկություններին, նշել է, որ վարչարարության հիմունքների, վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և անձանց միջև ծագած հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Միաժամանակ օրենսդիրը նախատեսել է նաև, որ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով: Այլ խոսքով, օրենսդիրը չի բացառում վարչական վարույթների առանձին տեսակների նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ այդ հարաբերությունները կարգավորված չլինեն հատուկ օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ օրենսդիրը վարչական վարույթին վերաբերող հատուկ օրենքներում նախատեսել է հատուկ կարգավորումներ, ապա իրավասու վարչական մարմինները պարտավոր են կիրառել հատուկ օրենքը (տե՛ս, «Եվրոթերմ ՓԲԸ»-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/1567/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30․04․2015 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական մրցակցությունը պաշտպանող և խրախուսող, բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր ապահովող, ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը նպաստող հատուկ օրենք է հանդիսանում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որով՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (այսուհետ՝ Օրենք), սահմանվել են Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման առավելագույն ժամկետը, հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը կասեցնելու և վերսկսելու, վարույթը կարճելու հիմքերը, ինչպես նաև վարչական ակտ ընդունելու, հասցեատիրոջը կամ հասցեատերերին հանձնելու և ընդունված վարչական ակտն ուժի մեջ մտնելու ու դրա բողոքարկման կարգը՝ այդ թվում ժամկետը (Օրենքի 30-րդ հոդված)։
Միևնույն ժամանակ Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով նախատեսված են վարչական վարույթի իրականացման, վարչական ակտի ընդունման, ուժի մեջ մտնելու, բողոքարկման կամ հարկադիր կատարման այլ կարգ և ժամկետներ, քան այլ օրենքներով, ապա գործում են նույն օրենքի դրույթները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում բացակայում են Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի հարուցման կարգի վերաբերյալ համապատասխան իրավակարգավորումներ, ուստի այդ հարցը ենթակա է լուծման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգին համապատասխան։ Այսպես․
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են`
ա) անձի դիմումը, բողոքը.
բ) վարչական մարմնի նախաձեռնությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը հարուցվում է այն գործողության (գործողությունների) սկսման օրվանից, որը նպատակամղված է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական ակտի ընդունմանը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկով գտել է, որ վարչական վարույթը մի գործընթաց է, որը կարող է բաղկացած լինել մի քանի փուլերից, և այդ բոլոր փուլերը հետապնդում են միասնական նպատակ, այն է` վարչական ակտի ընդունումը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչությունն ընդդեմ «Գևորգ-Ա» ՍՊԸ-ի թիվ 3-918(ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտն ընդունվում է վարչական մարմնի հատուկ գործունեության արդյունքում, որը կոչվում է վարչական վարույթ: Օրենսդիրը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում սպառիչ կերպով թվարկել է վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացող հանգամանքները. դրանք են՝ (1) ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումը կամ բողոքը և (2) վարչական մարմնի նախաձեռնությունը: Ընդ որում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթի հարուցումը կարող է տեղի ունենալ միայն օրենքով վարչական մարմնին համապատասխան վարչական ակտ ընդունելու իմպերատիվ կամ հայեցողական լիազորություն վերապահված լինելու դեպքում: Իրացնելով իր այդ լիազորությունը՝ վարչական մարմինը հարուցում է վարչական վարույթ, որը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Էդ-Վան» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/0883/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով նաև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումը, համաձայն որի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ գտել է, որ վարչական մարմինն իրավասու է իր նախաձեռնությամբ հարուցել վարչական վարույթ միայն վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջի, դրանից բխող անհրաժեշտության կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորության առկայության դեպքում, քանի որ վարչական մարմինների հիմնական գործառութային նպատակը ՀՀ Սահմանադրության և օրենքների իրականացումն է (կատարումը) իրավական պետության սկզբունքներին և կանոններին համապատասխան:
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ օրենսդիրը վարչական մարմնին իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու իրավասություն է տվել միայն այն դեպքում, երբ առկա է վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջ, դրանից բխող անհրաժեշտություն կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորություն: Ընդ որում, որպես վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու օր, օրենսդիրը դիտարկել է վարչական ակտի ընդունմանը նպատակամղված գործողությունն (գործողությունները) սկսելու օրը, որին փաստորեն հաջորդում է գործի քննարկման հետ կապված` օրենքով նախատեսված գործառույթների իրականացումը (ընթացիկ փուլ) և վարչական ակտի ընդունումը (եզրափակիչ փուլ): Այսինքն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը չի կարող եզրափակվել այլ կերպ, քան վարչական ակտի ընդունմամբ (տե՛ս, «Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊ ընկերության տնօրեն Արբեն Ղուլյանն ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/11082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17․12․2021 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը մեկնարկում է վարչական մարմնի այն գործողության կատարմամբ, որը նպատակամղված է վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ` վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցված լինելու փաստի մասին վկայում է այն գործողությունը, որի կատարմամբ վարչական մարմինն արտահայտում է վարչական ակտ ընդունելու իր նպատակը (տե՛ս, «Անտիպա» ՍՊ ընկերությունն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/0654/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17․11․2022 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու օրը վարչական մարմնի կողմից այն գործողության կատարման օրն է, որը միտված է, նպատակամղված է վարչական ակտի ընդունմանը, ուստի վարչական վարույթը համարվում է հարուցված այն օրը, երբ վարչական մարմինն իրականացրել է կոնկրետ գործողություն, որն ակնհայտորեն միտված է վարչական ակտի ընդունմանը։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատուկ ընդգծել, որ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու օրն օրենսդիրը որևէ կերպ չի պայմանավորել վարչական մարմնի կողմից վարչական վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելու հանգամանքով։ Նման մեկնաբանությունը ոչ միայն չի բխում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից, այլև ուղղակի հակասում է դրան։ Մասնավորապես, վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու օրը պայմանավորելով վարչական մարմնի կողմից վարչական ակտի ընդունմանը նպատակամղված գործողության (գործողությունների) կատարմամբ՝ օրենսդիրը, որպես ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանության պատշաճ երաշխիք, սահմանել է հարուցված վարչական վարույթի այն առավելագույն ժամկետը, որի ընթացքում վարչական մարմինը պարտավոր է եզրափակել այդ վարույթը՝ ընդունելով համապատասխան վարչական ակտը։ Հակառակ դեպքում վարչական մարմինը գործնականում կարող է առանց ժամկետային որևէ սահմանափակման սկսել և իրականացնել վարչական ակտի ընդունմանն ակնհայտորեն միտված գործողություններ և միայն այդ գործողությունների ավարտից հետո կայացնել վարչական վարույթ հարուցելու մասին որոշում՝ արհեստականորեն երկարաձգելով վարչական վարույթի օրենքով սահմանված ժամկետը։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելը պայմանավորելով վարչական ակտի ընդունմանը միտված, նպատակամղված գործողություն կատարելու հանգամանքով՝ օրենսդիրը բնավ չի կարևորել հարուցված վարչական վարույթի եզրափակումն անպայմանորեն միջամտող վարչական ակտի ընդունմամբ։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթը կարող է եզրափակվել ցանկացած ձևի՝ այդ թվում՝ միջամտող, բարենպաստ կամ զուգորդվող վարչական ակտի ընդունմամբ։ Հետևաբար, վարչական մարմնի կողմից վարչական ակտի ընդունմանը նպատակամղված գործողության (գործողությունների) կատարումն ինքնին չի վկայում բացառապես միջամտող վարչական ակտի հնարավոր ընդունման մասին, բայց և չի բացառում դրա ընդունումը, ուստի ֆիզիկական և իրավաբանական անձինք վարչական մարմնի կողմից վարչական ակտի ընդունմանը նպատակամղված որևէ գործողության սկսման պահից կարող են իրացնել վարչական վարույթի ընթացիկ փուլում իրենց իրավունքների և օրինական շահերի պաշպանությունը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու օրը վարչական ակտի ընդունմանը նպատակամղված գործողությունը (գործողությունները) սկսելու օրն է։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 30-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանվել է Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման հատուկ ժամկետ՝ առավելագույնը 90 օր, հետևաբար Հանձնաժողովը պարտավոր է վարչական վարույթը եզրափակել վարչական ակտի ընդունմանը նպատակամղված գործողությունը (գործողությունները) սկսելու օրվանից սկսած առավելագույնը 90-օրյա ժամկետում։
2) «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 2-րդ գլխում (հոդվածներ 4-12) ամրագրվել են վարչարարության հիմնարար սկզբունքները: Մասնավորապես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:
Անդրադառնալով վերոգրյալ իրավակարգավորումներին ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ իրավական պետությունում վարչական մարմիններն իրենց գործունեությունում «ազատ» չեն, այլ կապակցված են իրավունքով և օրենքով, ինչը դրսևորվում է նաև օրենքի գերակայությամբ (վարչական մարմնի ոչ մի իրավական ակտ, գործողություն կամ անգործություն չպետք է հակասի օրենքին) և օրենքի վերապահմամբ (վարչական մարմինը որևէ լիազորություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով): Վարչարարություն իրականացնող բոլոր մարմինները պարտավոր են պահպանել վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնցից առավել մեծ նշանակությամբ, թերևս, առանձնանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված՝ վարչարարության օրինականության սկզբունքը: Այն իրավական պետության հիմնաքարերից մեկն է, քանի որ, եթե վարչական մարմինները գործում են ոչ թե իրավաչափորեն, այլ կամայականորեն, ապա մյուս սկզբունքների պահպանումն այլևս իմաստազրկվում է (տե՛ս, «ԱՄՈԿԱ ԳԼԱՍ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/7522/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով օրինականության սկզբունքին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այս սկզբունք ուղղակիորեն պահանջում է, որ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությունը հիմնված լինի ՀՀ Սահմանադրության և օրենքի վրա. (…): Օրինականության սկզբունքը բացառիկ կարևոր նշանակություն ունի հատկապես այն ժամանակ, երբ պետական մարմիններն առնչվում են մասնավոր անձանց հիմնական իրավունքների հետ (տե՛ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2127/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում նաև փաստել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը նախատեսել է օրինականության ենթասկզբունք հանդիսացող օրենքի վերապահումը: Օրենքի վերապահում նշանակում է, որ վարչական մարմինը որևէ գործողություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքում՝ նաև այլ իրավական ակտով (տե՛ս, ՀՀ ֆինանսների նախարարության Կապանի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Վարդանի Զարթոնքը» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/11193/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու պարտականությունը դնելով վարչական մարմնի վրա՝ օրենսդիրը միաժամանակ վերջինիս օժտել է ապացույցներ ձեռք բերելու լիազորությամբ։ Ըստ այդմ՝ վարչական մարմինն է որոշում, թե գործի փաստական հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով կոնկրետ ինչ ապացույցներ է անհրաժեշտ ներգրավել վարույթում։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների ներգրավվումը, սակայն, պետք է իրավական առումով թույլատրելի լինի։ Անթույլատրելի ապացույցները, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, չեն կարող վարչական վարույթի ընթացքում հետազոտման առարկա դառնալ, դրանցով չեն կարող հաստատվել կամ հերքվել ապացուցման ենթակա հանգամանքները։ Ի վերջո անթույլատրելի ապացույցները չեն կարող դրվել վարչական ակտի հիմքում։
Սույն գործի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ փորձագետի եզրակացության՝ որպես ապացույցի ինքնուրույն տեսակի, վարչական վարույթում ներգրավելու, հետազոտելու և գնահատելու առանձնահատկություններին։ Այսպես․
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե փաստական հանգամանքների ուսումնասիրման համար անհրաժեշտություն է առաջանում նշանակել փորձագետ, ապա վարչական մարմինն այդ հարցով դիմում է համապատասխան կազմակերպության ղեկավարին կամ համապատասխան անձին` այդ մասին ծանուցելով վարույթի մասնակիցներին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որպես փորձագետ` կարող է նշանակվել համապատասխան բնագավառի գիտելիքներին տիրապետող անձը: Փորձագետն իր ուսումնասիրությունների արդյունքում ներկայացնում է եզրակացություն:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարույթի մասնակիցները կարող են ներկա գտնվել փորձագետի կողմից կատարվող գործողություններին, եթե ներկա գտնվելը չի խոչընդոտի փորձաքննությանը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական մարմնի կամ վարույթի մասնակիցների պահանջով փորձագետը պետք է լրացուցիչ պարզաբանումներ տա փորձագիտական եզրակացության վերաբերյալ:
Վերոշարադրյալ իրավական նորմերի համակարգված վերլուծության լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փորձագետի եզրակացությունը վարչական վարույթում համարվում է ապացույցի ինքնուրույն տեսակ, որը պարտադիր կերպով պետք է ձեռք բերվի կոնկրետ այն վարչական վարույթի ընթացքում, որում քննարկվող փաստական հանգամանքների ուսումնասիրման համար էլ առաջացել է փորձագետ նշանակելու անհրաժեշտություն։ Այսինքն՝ փորձագետ կարող է նշանակվել բացառապես վարչական վարույթ հարուցելուց հետո, որի մասին վարչական մարմինը պարտավոր է, ի թիվս այլոց, ծանուցել նաև վարույթի մասնակիցներին և միայն այդ պարագայում փորձագետի եզրակացությունը կհանդիսանա թույլատրելի ապացույց քննվող գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելու կամ հերքելու համար։ Ընդ որում, վարույթի մասնակիցները կարող են ներկա գտնվել փորձագետի կողմից կատարվող գործողություններին՝ չխոչընդոտելով փորձաքննությանը, ինչպես նաև կարող են պահանջել, որ փորձագետը լրացուցիչ պարզաբանումներ տա փորձագիտական եզրակացության վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի իրավակարգավորումները բացառում են վարչական վարույթ հարուցելուց առաջ ձեռք բերված փորձագետի եզրակացությունը վարչական վարույթում ներգրավելու իրավական հնարավորությունը, ուստի վարչական վարույթ հարուցելուց առաջ ձեռք բերված փորձագետի եզրակացությունը չի կարող հետազոտման առարկա դառնալ վարչական վարույթի ընթացքում, դրանով չեն կարող հաստատվել կամ հերքվել ապացուցման ենթակա հանգամանքները։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փորձագետի եզրակացությունը կարող է համարվել թույլատրելի, որպես ապացույցի ինքնուրույն տեսակ հետազոտվել ու գնահատվել վարչական վարույթի ընթացքում և դրվել վարչական ակտի հիմքում միայն այն պարագայում, եթե փորձագետի եզրակացությունը ձեռք է բերվել վարչական վարույթ հարուցելուց հետո, վարչական վարույթի ընթացիկ փուլում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կանոնների պահպանմամբ վարչական մարմնի կողմից փորձագետ նշանակելու արդյունքում։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) Հանձնաժողովի 08.09.2020 թվականի ««ՈՍԿԵ ՍԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 336-Ա որոշումը։
Դատարանը հայցը բավարարել է՝ արձանագրելով հետևյալը․ «(․․․) Հանձնաժողովի կողմից 30.06.2020թ. թիվ 267-Ա որոշման կայացումը այն գործողության սկիզբն է, որն ուղղված է վարչական ակտի ընդունմանը, քանի որ մինչև փորձաքննության արդյունքները ստանալը Հանձնաժողովը չէր կարող ենթադրել Հայցվորի կողմից Օրենքի հնարավոր խախտման մասին, որից հաշվված էլ 90 օրվա ընթացքում վարչական մարմնի կողմից կայացվել է վարչական ակտ: Վերոգրյալով պայմանավորված՝ Դատարանը գտնում է, որ Հանձնաժողովի կողմից պահպանվել են վարչարարություն իրականացնելու 90-օրյա ժամկետը, որպիսի պայմաններում Հայցվորի 1-ին փաստարկն անհիմն է։ (…) թեև «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերությանը հանձնարարված փորձաքննությունը կատարվել է մինչև վարչական վարույթի հարուցումը, որի նպատակն է եղել պարզելու, թե արդյոք առկա է եղել Օրենքի խախտում, թե ոչ, և միայն առկայության դեպքում նոր պետք է հարուցվեր վարչական վարույթ, և բնական է, որ մինչև վարչական վարույթի հարուցումը Հայցվոր ընկերությունը վարչական վարույթի կողմ չի հանդիսացել, ուստի և չէր կարող ներգրավված լինել փորձաքննության իրականացմանը, սակայն Դատարանը գտնում է, որ վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը պարտավոր էր ևս մեկ փորձաքննություն նշանակել և դրանով հնարավորություն տալ կողմին մասնակից դարձվել փորձաքննությանը (անկախ կողմի միջնորդությունից): Վերը նշված իրավական նորմերի և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման լույսի ներքո դիտարկելով «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերության 24.06.2020թ. թիվ 1271 փորձարկման արձանագրությունը՝ Դատարանն արձանագրում է, որ նշյալ փորձաքննությունն ըստ էության իրականացվել է մինչև վարչական վարույթի հարուցումը, հետևաբար այն վարչական վարույթի նյութ չի կարող հանդիսանալ, քանի որ վարչական վարույթի նյութեր կարող են հանդիսանալ բացառապես վարչական վարույթի շրջանակներում ձեռք բերված ապացույցները»։
Վերաքննիչ դատարանը, ամբողջությամբ բավարարելով Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի վճիռը և փոփոխել է այն՝ հայցն ամբողջությամբ մերժել է։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ «(…) Հանձնաժողովի նախաձեռնության համար հիմք հանդիսացած փաստաթուղթը (փաստաթղթերը) և մյուս նյութերը (ծանուցումներ, միջնորդություններ, գրություններ, տեղեկանքներ և այլն) հանդիսանում են վարչական վարույթի նյութ, որոնք կարող են դրվել վարչական վարույթն եզրափակող վարչական ակտի հիմքում։ (…) «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերության 24.06.2020 թվականի թիվ 1271 փորձարկման արձանագրությունը հանդիսացել է Հանձնաժողովի նախաձեռնության համար հիմք հանդիսացած փաստաթուղթ, որն ընդգրվել է վարչական վարույթի նյութերում՝ դրանց մաս կազմելով։ Նման պարագայում Վերաքննիչ դատարանն անհիմն է գնահատում մոտեցումն այն մասին, որ նշյալ փորձաքննությունը վարչական վարույթի նյութ չի կարող հանդիսանալ, քանի որ ըստ էության իրականացվել է մինչև վարչական վարույթի հարուցումը։ (․․․) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի իմաստով վարչական վարույթի ընթացքում փորձագետ է նշանակվում միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների ուսումնասիրման համար անհրաժեշտություն է առաջանում, մինչդեռ, (․․․) «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերության 24.06.2020 թվականի թիվ 1271 փորձարկման արձանագրությամբ ամրագրված իրողությունը՝ մթերքում բուսական յուղի պարունակության մասով, երբևիցե որևէ կասկած չի հարուցել և այդ փաստը չի վիճարկվել հայցվորի կողմից։ Բացի այդ, վարչական վարույթի ընթացքում կողմը չի ներկայացրել առարկություններ փորձարկման արձարագրության անարժանահավատ լինելու վերաբերյալ, մինչդեռ, հայցի հիմքը փոփոխելու (լրացնելու) վերաբերյալ դիմումով շեշտել է, որ քննարկվող արձանագրությունում արտահայտված արդյունքներն արժանահավատ չեն։ Փաստորեն, մի կողմից՝ թե՛ վարչական վարույթի, թե՛ դատաքննության ընթացքում հայցվոր ընկերությունը չի հերքել իր արտադրության մեջ բուսական յուղ օգտագործելու և դրա մասին մակնշման բացակայության հանգամանքները, մյուս կողմից՝ հայցի հիմքը փոփոխելու (լրացնելու) վերաբերյալ դիմումով բարձրացրել է այն արձանագրության անարժահավատ լինելու հարցը, որով, ըստ էության, հաստատվել է մթերքում բուսական յուղի առկայությունը։ Ավելին, առկա չեն տեղեկություններ այն մասին, որ վարչական վարույթի ընթացքում հայցվոր կողմը միջնորդել է փորձագետ նշանակելու և իրեն այդ փորձաքննության մասնակից դարձնելու վերաբերյալ»։
Միևնույն ժամանակ, անդրադառնալով վարչական վարույթի հարուցման հարցին, Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը. «Հանձնաժողովի կողմից պահպանվել են հատուկ օրենսդրությամբ նախատեսված վարչարարություն իրականացնելու 90-օրյա ժամկետը։ Մասնավորապես, Հանձնաժողովի 30.06.2020 թվականի ««Ոսկե Սեր» ՍՊ ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու մասին» թիվ 267-Ա որոշմամբ որոշվել է «Ոսկե Սեր» ՍՊ ընկերության կողմից Օրենքի հնարավոր խախտմանն վերաբերյալ հարուցել վարչական վարույթ, իսկ հարուցված վարույթն եզրափակվել է Հանձնաժողովի 08.09.2020 թվականի ««Ոսկե Սեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 336-Ա որոշման ընդունմամբ։ Ինչ վերաբերում է Հանձնաժողովի՝ մինչև վարույթն իրականացրած գործողություններին (օրինակ, հսկիչ գնում, փորձարկում), ապա դրանք իրականացվել են քննարկվող վարչական վարույթից դուրս, իսկ այդ գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները հիմք են հանդիսացել «Ոսկե Սեր» ՍՊ ընկերության առնչությամբ վարչական վարույթ հարուցելու համար»։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
Սույն գործի փաստերի համաձայն՝ Հանձնաժողովի նախագահի 05․06․2020 թվականի թիվ 80-Ա հրամանով հրամայվել է «Էրիռուս» ՍՊԸ-ում իրականացնել հսկիչ գնում։
Հանձնաժողովի 08․06․2020 թվականի թիվ 80 արձանագրության համաձայն՝ «Էրիռուս» ՍՊԸ-ում իրականացված հսկիչ գնման արդյունքում, ի թիվս այլնի, ձեռք է բերվել 4․562կգ քաշով 49 տոկոս յուղայնությամբ Ընկերության արտադրության «Արդենիս» անվանումով լոռի պանիր։
Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի կողմից 11.06.2020 թվականին «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերության տնօրենին է հասցեագրվել թիվ ԱՎ-2375 գրությունը, որով խնդրվել է յուղայնության աստիճանի (տոկոսի) և բուսական յուղերի առկայության պարզման վերաբերյալ փորձաքննության ենթարկել, ի թիվս այլնի, նաև 80/3 ծածկագրով ապրանքը, որը 08․06․2020 թվականին իրականացված հսկիչ գնման արդյունքում ձեռք բերված ապրանքների աղյուսակի 3-րդ համարի տակ հանդիսանում է արտադրող Ընկերության «Լոռի» տեսակի պանիրը։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում փորձաքննություն նշանակելը հանդիսացել է վարչական մարմնի նախաձեռնությամբ իրականացվող այն գործողությունը, որը նպատակամղված է եղել վարչական ակտի ընդունմանը, ուստի Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի կողմից թիվ ԱՎ-2375 գրությունը «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերության տնօրենին հասցեագրելու գործողության կատարման օրը՝ 11.06.2020 թվականը, հանդիսանում է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթի հարուցման պահը։ Այսինքն՝ սույն պարագայում վարչական վարույթի հարուցման պահը նույնանում է փորձաքննություն նշանակելու վարչական մարմնի գործողությունը կատարելու պահի հետ, որպիսի պարագայում վարչական վարույթը համարվում է հարուցված 11.06.2020 թվականին։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթի հարուցման փուլին հաջորդել է վարչական վարույթի ընթացիկ փուլը, որի ընթացքում ստացվել է «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերության 24.06.2020 թվականի թիվ 1271 փորձարկման արձանագրությունը, համաձայն որի՝ 80/3 նմուշի ապրանքի մեջ առկա է բուսական յուղ, ինչը չի համապատասխանում ՄՄ ՏԿ 033/2013-ով սահմանված պանրի բնութագրին և անվանմանը։
Հանձնաժողովի 30.06.2020 թվականի ««Ոսկե Սեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու մասին» թիվ 267-Ա որոշմամբ որոշվել է Ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ հարուցել վարչական վարույթ։
Հանձնաժողովի 08.09.2020 թվականի ««Ոսկե Սեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 336-Ա որոշմամբ որոշվել է Ընկերության նույն որոշմամբ նկարագրված գործողություններն ու վարքագիծը որակել որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն՝ հասարակության մոլորեցում: Օրենքի խախտման համար Ընկերության նկատմամբ նշանակել տուգանք 4.559.922 ՀՀ դրամի չափով։
Վերոգրյալ փաստական հանգամանքների համադրված հետազոտման արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի կողմից 11.06.2020 թվականին «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերության տնօրենին թիվ ԱՎ-2375 գրությունը հասցեագրելու գործողության կատարմամբ մեկնարկել է վարչական վարույթը, քանի որ այդ գործողությունը նպատակամղված է եղել վարչական ակտի ընդունմանը, ինչը հաստատվում է նաև նրանով, որ այդ գործողության արդյունքում ի վերջո ընդունվել է սույն գործով վիճարկվող վարչական ակտը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթը հարուցվել է 11.06.2020 թվականին՝ փորձաքննություն նշանակելու գործողության կատարմամբ, որպիսի պարագայում այն պետք է եզրափակվեր առավելագույնը 90 օրում, որը 11.06.2020 թվականին հաջորդող օրվանից հաշվված ավարտվում էր 09.09.2020 թվականին։
««ՈՍԿԵ ՍԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 336-Ա որոշումը Հանձնաժողովը կայացրել է 08.09.2020 թվականին, այսինքն՝ Օրենքի 30-րդ հոդվածի 10-րդ կետով սահմանված վարչական վարույթի առավելագույն 90-օրյա ժամկետի պահպանմամբ։
Այսպիսով բողոքաբերի այն փաստարկը, որ Ընկերության նկատմամբ վարչական վարույթը Հանձնաժողովն իրականացրել է թույլատրելի առավելագույն ժամկետի խախտմամբ և վիճարկվող որոշումն ընդունվել է այդ ժամկետի սահմանազանցման արդյունքում, Վճռաբեկ դատարանը վերոգրյալ հիմնավորումներով գնահատում է անհիմն։
Անդրադառնալով փորձագետի եզրակացության՝ որպես վարչական վարույթում ինքնուրույն ապացույցի թույլատրելիության հարցին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
տվյալ դեպքում յուղայնության աստիճանի (տոկոսի) և բուսական յուղերի առկայության պարզման վերաբերյալ փորձաքննություն իրականացնելու նպատակով, ի թիվս այլնի, նաև 08․06․2020 թվականին իրականացված հսկիչ գնման արդյունքում ձեռք բերված ապրանքների աղյուսակի 3-րդ համարի տակ նշված 80/3 ծածկագրով ապրանքը՝ արտադրող Ընկերության «Լոռի» տեսակի պանիրը, Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի թիվ ԱՎ-2375 գրության համաձայն «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերություն է ուղարկվել 11.06.2020 թվականին, այսինքն՝ Հանձնաժողովի նախաձեռնությամբ վարչական վարույթի հարուցման օրը, իսկ փորձարկման թիվ 1271 արձանագրությունը, որի համաձայն՝ 80/3 նմուշի ապրանքի մեջ առկա է բուսական յուղ, ինչը չի համապատասխանում ՄՄ ՏԿ 033/2013-ով սահմանված պանրի բնութագրին և անվանմանը, «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերությունը կազմել է 24.06.2020 թվականին։
Վերոգրյալը վկայում է այն մասին, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերության փորձարկման թիվ 1271 արձանագրությունը՝ որպես ապացույց, Հանձնաժողովը ձեռք է բերել վարչական վարույթի ընթացիկ փուլում։ Այդուհանդերձ այդ արձանագրությունը՝ որպես թույլատրելի ապացույց, կարող էր հետազոտվել և գնահատվել վարչական վարույթի ընթացքում, դրանով կարող էին հաստատվել կամ հերքվել ապացուցման ենթակա հանգամանքները, ու այն կարող էր դրվել վարչական ակտի հիմքում միայն այն պարագայում, եթե փորձաքննությունը նշանակելիս Հանձնաժողովի կողմից պահպանված լինեին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի պահանջները։
Սույն գործի փաստերի համաձայն՝ «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերության տնօրենին հասցեագրված 11.06.2020 թվականի թիվ ԱՎ-2375 գրությամբ Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը խնդրել է յուղայնության աստիճանի (տոկոսի) և բուսական յուղերի առկայության պարզման վերաբերյալ փորձաքննության ենթարկել, ի թիվս այլնի, նաև 80/3 ծածկագրով ապրանքը, որը 08․06․2020 թվականին իրականացված հսկիչ գնման արդյունքում ձեռք բերված ապրանքների աղյուսակի 3-րդ համարի տակ հանդիսանում է արտադրող Ընկերության «Լոռի» տեսակի պանիրը։ Գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Ընկերությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնի պահպանմամբ ծանուցվել է 08․06․2020 թվականին իրականացված հսկիչ գնման արդյունքում ձեռք բերված ապրանքների աղյուսակի 3-րդ համարի տակ արտադրող Ընկերության «Լոռի» տեսակի պանրի յուղայնության աստիճանի (տոկոսի) և բուսական յուղերի առկայության պարզման նպատակով փորձաքննության ներկայացնելու մասին «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերության տնօրենին հասցեագրված 11.06.2020 թվականի թիվ ԱՎ-2375 գրության մասին։ Գործում առկա չէ նաև ապացույց առ այն, որ Հանձնաժողովի կողմից ապահովվել է փորձագետի կողմից կատարվող գործողություններին ներկա գտնվելու Ընկերության իրավունքն իրացնելու իրական հնարավորությունը։ Ավելին, «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերության տնօրենին հասցեագրված 11.06.2020 թվականի թիվ ԱՎ-2375 գրությամբ Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ գաղտնիության ապահովման նպատակով նույն գրությամբ փորձագետին հանձնվող ապրանքների տեղափոխումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից, ինչը ևս հաստատում է հայցվոր Ընկերության այն պնդումը, որ փորձաքննությունը նշանակվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի պահանջների խախտմամբ՝ սահմանափակելով նույն հոդվածով երաշխավորված հայցվորի իրավունքները՝ դրանով իսկ զրկելով Ընկերությանը վարչական մարմնի առջև արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտը Հանձնաժողովի կողմից ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, ինչը 08.09.2020 թվականի ««ՈՍԿԵ ՍԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 336-Ա որոշումը դարձնում է ոչ իրավաչափ։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի վերաբերյալ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշմամբ և մեկ այլ՝ թիվ ՎԴ/12138/05/18 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից արտահայտված միմյանց հակասող մեկնաբանություններին, որը, որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորում, վկայակոչել է նաև բողոքաբեր Ընկերությունը։
Այսպես, թիվ ՎԴ/12138/05/18 վարչական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անդրադառնալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ նշված հոդվածում խոսքը գնում է վարչական վարույթի ընթացքում իրականացված փորձաքննության իրականացման մասին, քանի որ տվյալ հոդվածն ընդգրկված է նույն օրենքի «Վարչական վարույթի ընթացիկ փուլը» վերտառությամբ 6-րդ գլխում:
Համադրելով վերոնշյալ իրավական վերլուծությունը թիվ ՎԴ/12138/05/18 գործի փաստական հանգամանքների հետ՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն արձանագրել է, որ նմուշառված կաթնաշոռի փորձաքննությունն իրականացվել է նախքան վարչական վարույթի հարուցումը, այսինքն՝ փորձաքննությունն իրականացվել է 30.08.2018 թվականին հարուցված վարչական վարույթի շրջանակներից դուրս: Նշյալը վկայում է այն մասին, որ post factum հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված միջամտող վարչական ակտի հիմքում ընկած են վարչական վարույթից դուրս իրականացված փորձաքննությունից ստացված փորձարկման թվով երկու արձանագրությունները (․․․)։
Վերոհիշյալի համատեքստում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը շեշտել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածում զետեղված իրավական կարգավորման իմաստով քննարկվող դեպքում չի նախաձեռնվել փորձաքննության անցկացումը, վարչական ակտի հիմքում ընկած են վարչական վարույթից դուրս իրականացված փորձաքննությունից ստացված փորձարկման թվով երկու արձանագրությունները, (․․․):
Փաստորեն, թիվ ՎԴ/12138/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի իրավական դիրքորոշումը, ըստ էության, հանգում է նրան, որ վարչական վարույթից դուրս, այն է՝ վարչական վարույթ հարուցելուն նախորդող ժամանակահատվածում նշանակված փորձաքննության արդյունքում տրված եզրակացությունը չի կարող հանդիսանալ վարչական վարույթի նյութ, հետազոտվել ու գնահատվել վարչական վարույթի ընթացքում և դրվել վարչական ակտի հիմքում։
Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի իմաստով վարչական վարույթի ընթացքում փորձագետ է նշանակվում միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների ուսումնասիրման համար անհրաժեշտություն է առաջանում, այնինչ, ուսումնասիրության առարկա դարձնելով գործի նյութերը՝ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերության 24.06.2020 թվականի թիվ 1271 փորձարկման արձանագրությամբ ամրագրված իրողությունը՝ մթերքում բուսական յուղի պարունակության մասով երբևիցե որևէ կասկած չի հարուցել, և այդ փաստը չի վիճարկվել հայցվորի կողմից։
Բացի այդ, վարչական վարույթի ընթացքում կողմը չի ներկայացրել առարկություններ փորձարկման արձանագրության անարժանահավատ լինելու վերաբերյալ, (․․․)։ Փաստորեն, մի կողմից՝ թե՛ վարչական վարույթի, թե՛ դատաքննության ընթացքում հայցվոր Ընկերությունը չի հերքել իր արտադրության մեջ բուսական յուղ օգտագործելու և դրա մասին մակնշման բացակայության հանգամանքները, մյուս կողմից՝ հայցի հիմքը փոփոխելու (լրացնելու) վերաբերյալ դիմումով բարձրացրել է արձանագրության անարժահավատ լինելու հարցը, որով, ըստ էության, հաստատվել է մթերքում բուսական յուղի առկայությունը։
Ավելին, առկա չեն տեղեկություններ այն մասին, որ վարչական վարույթի ընթացքում հայցվոր կողմը միջնորդել է փորձագետ նշանակելու և իրեն այդ փորձաքննության մասնակից դարձնելու վերաբերյալ։ (․․․)։
Վճռաբեկ դատարանը, արժևորելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական առաքելությունը, անհրաժեշտ է համարում նշել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը ենթակա է կիրառման վերը վկայակոչված թիվ ՎԴ/12138/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտում արտահայտված ու սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից վերահաստատված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա Հանձնաժողովի կողմից հարուցված և իրականացվող վարչական վարույթների ընթացքում փորձագետի եզրակացությունը՝ որպես ապացույցի տեսակ, ձեռք բերելու և գնահատելու վերաբերյալ միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են, ի թիվս այլնի, նաև դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Ընկերությունը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիման վրա, ենթակա է հատուցման Հանձնաժողովի կողմից: Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատարանում հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումարին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրան անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական ուժ է տրվում ՀՀ վարչական դատարանի վճռին, որով լուծվել է նաև հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի հարցն ու պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձվել է 4․000 ՀՀ դրամ։
Միաժամանակ, վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը դատական ծախսերի կազմում ներառել է նաև ներկայացուցիչների վճարները:
Սույն գործում առկա է Ընկերության (Պատվիրատու) և «ՎԻՐՏՈՒՈԶ» ՍՊԸ-ի (Կատարող) միջև 19․10․2020 թվականին կնքված «Ծառայությունների վճարովի մատուցման վերաբերյալ» պայմանագիր (հատոր 2-րդ, գ․ թ․ 60-64), որի 2․1 և 2․8 կետերով սահմանվել է, որ Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին մատուցել Հանձնաժողովի նախագահի 08.09.2020 թվականի ««ՈՍԿԵ ՍԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 336-Ա որոշումը ՀՀ վարչական դատարանում վիճարկելու հետ կապված իրավաբանական ծառայություններ։ Կատարողը պարտավորվում է ծառայությունները մատուցել մինչև (․․․) դատական գործի քննության ավարտը (գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը)՝ ՀՀ բոլոր այն դատական ատյաններում, որտեղ կիրականացվի նշված գործի քննությունը։ Կողմերի համաձանությամբ պայմանագրի գին է սահմանվել 700․000 ՀՀ դրամը։
Սույն գործում առկա են նաև «ՎԻՐՏՈՒՈԶ» ՍՊԸ-ի (Գործատու) և Ընկերության ներկայացուցիչներ Վարդան Վարդանյանի (Աշխատող) և Միքայել Դանիելյանի (Աշխատող) միջև համապատասխանաբար 09․01․2020 թվականին և 04․05․2020 թվականին կնքված աշխատանքային պայմանագրերը (հատոր 2-րդ, գ․ թ․ 65-69, 71-72), որոնցով հաստատվում է, որ Վարդան Վարդանյանը և Միքայել Դանիելյանը հանդիսանում են «ՎԻՐՏՈՒՈԶ» ՍՊԸ-ի աշխատակիցներ և իրականացնում են Ընկերության ներկայացուցչությունը սույն վարչական գործով։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է փաստաբանի վարձատրության խելամտության և բռնագանձման հարցերին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե'ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով և զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ թվարկվածներից բացի, վարչական դատավարությունում ներկայացուցիչների վճարների չափի ողջամտության գնահատման կարևոր չափորոշիչներ են նաև դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար կատարված ծախսերի անհրաժեշտությունը, փոխհատուցման համարժեքությունն ու արդյունավետությունը: Դատական ծախսերի, այդ թվում նաև փաստաբանի վճարների փոխհատուցման այս չափորոշիչներն անտեսելու պարագայում խոսք չի կարող լինել արդյունավետ դատական պաշտպանության մասին, քանի որ որոշ դեպքերում դատական պաշտպանության դիմած անձինք կհայտնվեն առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էր (տե'ս, Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/6047/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Վերը նշված դիրքորոշումների լույսի ներքո հաշվի առնելով սույն գործով ներկայացուցիչների կատարած աշխատանքի ծավալը՝ վերաքննիչ բողոքի պատասխանը կազմելն ու ներկայացնելը, Վերաքննիչ դատարանում դատական նիստին մասնակցությունը, վճռաբեկ բողոքը կազմելն ու ներկայացնելը, գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը, վիճարկվող որոշմամբ Ընկերության նկատմամբ նշանակված տուգանքի չափը՝ 4.559.922 ՀՀ դրամ`) և այն համադրելով գործում առկա` Ընկերության և «ՎԻՐՏՈՒՈԶ» ՍՊԸ-ի միջև 19․10․2020 թվականին կնքված «Ծառայությունների վճարովի մատուցման վերաբերյալ» պայմանագրով սահմանված վճարման ենթակա գումարի չափի հետ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ողջամիտ է պատասխանողից հօգուտ Ընկերության բռնագանձել 150.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում գործի քննության հետ կապված փաստաբանական վճարի խելամիտ վարձատրության հատուցման ենթակա գումար: Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատարանում գործի քննության հետ կապված ներկայացուցչի վարձատրությանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրան անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական ուժ է տրվում ՀՀ վարչական դատարանի վճռին, որով լուծվել է նաև հայցվորին կողմից ներկայացուցչի վճարված գումարի, որպես այլ դատական ծախսի հարցն ու պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձվել է 300․000 ՀՀ դրամ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ հոդվածներով և 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.11.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 23․02․2022 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հօգուտ «ՈՍԿԵ ՍԵՐ» ՍՊ ընկերության բռնագանձել 20․000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հօգուտ «ՈՍԿԵ ՍԵՐ» ՍՊ ընկերության բռնագանձել 150․000 ՀՀ դրամ` որպես ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում և ՀՀ վճռաբեկ դատարանում ներկայացուցիչների վճարի հատուցման ենթակա գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող ռ. Հակոբյան ա. Թովմասյան Լ. Հակոբյան Ք. ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|