Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.12.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ5/0041/05/22

2024 թ. 

Վարչական գործ թիվ ՎԴ5/0041/05/22

Նախագահող դատավոր`

 Կ. Մաթևոսյան

Դատավորներ`

 Հ. Խաչատրյան

 Ա. Պողոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2024 թվականի դեկտեմբերի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.08.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Վարդանուշ Իրիցյանի ընդդեմ Կոմիտեի՝ 17.12.2021 թվականի թիվ 1093-Ա հրամանը վերացնելու, նախկին աշխատանքում վերականգնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելուն, հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով վճարելուն Կոմիտեին պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վարդանուշ Իրիցյանը պահանջել է վերացնել Կոմիտեի նախագահի պաշտոնակատարի 17.12.2021 թվականի թիվ 1093-Ա հրամանը, պարտավորեցնել Կոմիտեին իրեն վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը, նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում իրեն վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ Մաքեյան) (այսուհետ` Դատարան) 01062022 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08082023 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01062022 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Գրիգոր Ամիրյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վարդանուշ Իրիցյանը (ներկայացուցիչ՝ Արթուր Հովհաննիսյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը և 30-րդ հոդվածի 1-ին մասը, 31-րդ հոդվածի 4-րդ մասը, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, 77-րդ հոդվածի 2-րդ մասը, Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 05.09.2018 թվականի որոշման հավելվածով սահմանված Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի աշխատակարգի 30-րդ կետը, 19.10.2021 թվականի փոփոխությամբ աշխատակարգի 26-րդ կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի աշխատակարգի քննարկվող դրույթը բովանդակային որևէ փոփոխության չի ենթարկվել և՛ աշխատակարգի 14.05.2020 թվականի, և՛ 19.10.2021 թվականի փոփոխված ակտերում գործել և գործում է նույն իրավակարգավորումը, ըստ որի՝ 30-օրյա ժամկետը հաշվարկվում է Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի քարտուղարի կողմից գրավոր կամ կապի միջոցներով Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամներին կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդության մասին տեղեկացնելու օրվանից, որպիսի պայմաններում Վարդանուշ Իրիցյանի վերաբերյալ կարգապահական վարույթը հարուցվել է սահմանված կարգով, սահմանված ժամկետներում՝ առանց նշված ժամկետների խախտումների։ Ընդ որում՝ քննարկվող դեպքում սկզբունքային նշանակություն չունի այն հանգամանքը, թե հայցվորի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացվել է կարգապահական հանձնաժողովի անդամի՞, թե՞ Կոմիտեի նախագահի կողմից՝ նկատի ունենալով այն, որ 05.09.2018 թվականին ընդունված աշխատակարգի 27-րդ կետով հստակ սահմանված է եղել, որ կարգապահական խախտման փաստի առթիվ Կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ՝ Կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի միջնորդությամբ: Նույն դրույթն ամբողջությամբ մնացել է անփոփոխ նաև 19102021 թվականից հետո:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08082023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել։

 

2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վարդանուշ Իրիցյանի կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.

Ըստ բողոքաբերի՝ Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 05092018 թվականի հավելվածով սահմանված Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի աշխատակարգի 30-րդ կետը (ներկայումս՝ 26-րդ կետ) բովանդակային որևէ փոփոխության չի ենթարկվել և աշխատակարգի բոլոր՝ 14.05.2020 թվականի և 19.10.2021 թվականի փոփոխված ակտերում գործել և գործում է նույն իրավակարգավորումը, մինչդեռ միայն փոփոխված տարբերակն է վերաբերելի նաև Կոմիտեի նախագահի միջնորդությամբ հարուցվելիք կարգապահական վարույթներին: Բացի այդ, նշված աշխատակարգի 30-րդ կետով նախատեսված դեպքը՝ Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի կողմից նախնական ուսումնասիրության եզրակացության կամ նյութերի հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելը տարբեր գործընթացներ են, և դրանք նույնացնելը խեղաթյուրում է նորմի տրամաբանությունը։

Կոմիտեն պնդել է, որ 30-օրյա ժամկետը վերաբերում է բացառապես կարգապահական վարույթ հարուցելուն, նշված ժամկետը կատարված արարքի համար պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետ չի կարող համարվել։ Մինչդեռ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ կատարված ենթադրյալ խախտման վաղեմության ժամկետի համար սահմանված է 12 ամիս արարքը կատարելու օրվանից հետո, այսինքն՝ 12 ամիսն է համարվում վաղեմության ժամկետ։ Ընդ որում՝ Կոմիտեն իրավասու չէր ներքին իրավական ակտով սահմանել նորմատիվ բնույթի իրավական ակտի կարգավորման առարկա հանդիսացող դրույթ։

Վերոհիշյալի հիման վրա խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել՝ բողոքարկվող դատական ակտը թողնելով անփոփոխ։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 10082021 թվականին Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ստացվել է Կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Վ Մ Մեսրոպյանի միջնորդությունը՝ Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վ Իրիցյանի կողմից առանց հարգելի պատճառների աշխատանքից բացակայելու, անմիջական ղեկավարի օրինական պահանջը չկատարելու, ինչպես նաև վարույթում քննված քրեական գործերով առերևույթ դատավարական խախտումներ թույլ տալու վերաբերյալ Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Կ Հովհաննիսյանի զեկուցագրերում նշված հանգամանքները պարզելու համար նախնական ուսումնասիրություն կատարելու մասին (2-րդ հատոր, գթ 7)։

2) Կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Հ Հայրապետյանի կողմից 14092021 թվականին նախնական ուսումնասիրության արդյունքներով կազմված եզրակացության եզրափակիչ մասի համաձայն՝ Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Վարդանուշ Իրիցյանի արարքում՝ նույն եզրակացության մեջ նշված դրվագներով առկա են կարգապահական կոպիտ խախտման հատկանիշները և կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը (2-րդ հատոր, գթ 212-231)։

3) Կոմիտեի նախագահը 15.09.2021 թվականի թիվ 10-285-21 միջնորդությամբ Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Վարդանուշ Իրիցյանի նկատմամբ միջնորդել է հարուցել կարգապահական վարույթ (1-ին հատոր, գթ 21)։

4) Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 04.11.2021 թվականի «Կարգապահական վարույթ հարուցելու մասին» որոշմամբ Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վարդանուշ Իրիցյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ (3-րդ հատոր, գթ 25)։

5) Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 22.11.2021 թվականի «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վարդանուշ Իրիցյանի վերաբերյալ» թիվ ԿՀՈ 28 որոշմամբ Հանձնաժողովը որոշել է, որ նույն որոշման մեջ նշված 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 16-րդ և 17-րդ դրվագներով առկա է կարգապահական խախտման փաստը և ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վարդանուշ Իրիցյանի մեղավորությունը, նույն որոշման մեջ նշված 4-րդ, 13-րդ և 14-րդ դրվագներով կատարված կարգապահական խախտումների մեջ բացակայում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վարդանուշ Իրիցյանի մեղավորությունը, նույն որոշման մեջ նշված 1-ին և 15-րդ դրվագներով բացակայում է կարգապահական խախտման փաստը և Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վարդանուշ Իրիցյանի մեղավորությունը (1-ին հատոր, գթ 31-40)։

6) Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 14.12.2021 թվականի ««Պաշտոնից ազատում» կարգապահական տույժի կիրառման հնարավորության հարցի վերաբերյալ միջնորդության քննարկման մասին» թիվ 31 որոշմամբ որոշվել է Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Վարդանուշ Իրիցյանի նկատմամբ տվյալ իրավիճակում հնարավոր համարել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժի կիրառումը (1-րդ հատոր, գթ 41-42)։

7) Կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ա. Մելիքյանի 17.12.2021 թվականի թիվ 1093-Ա հրամանով Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Վարդանուշ Իրիցյանի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ և վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից (2-րդ հատոր, գթ 258)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ ծառայողական քննության գործընթացում ո՞ր պահից է կարգապահական խախտումը համարվում հայտնաբերված։

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի` որպես քննչական մարմնի, կազմավորման, գործունեության, դրանում ծառայության անցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք)։

Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննչական կոմիտեում գործում են կարգապահական և որակավորման հանձնաժողովներ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից: Հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, քննչական կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 քննիչ և Կառավարության նշանակած չորս ներկայացուցիչ (…): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարգապահական հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի կազմում ընդգրկված կոմիտեի նախագահի տեղակալը:

Օրենքի 15-րդ հոդվածի 4.1-րդ կետը սահմանում է «Կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է կարգապահական հանձնաժողովը՝ անդամների ձայների պարզ մեծամասնությամբ»:

Իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ Օրենքի 29-րդ հոդվածը սահմանում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կարգապահական պատասխանատվության հիմքերը։ Այն է՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել`

«1) իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու դեպքում.

2) սույն օրենքով նախատեսված պարտականությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու դեպքում.

3) սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անհամատեղելիության կանոնները խախտելու դեպքում»:

Օրենքի 30-րդ հոդվածը սահմանում է կարգապահական տույժերի տեսակները, որոնք, համաձայն նույն հոդվածի 1-ին մասի, կիրառվում են՝ ըստ կարգապահական խախտման ծանրության։ Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) զգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

6) պաշտոնից ազատում:

Օրենքի 30-րդ հոդվածի 2.1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը (դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով, պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով, պաշտոնից ազատում) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառվում են միայն ծառայողական քննություն անցկացնելուց հետո:

Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը սահմանված է Օրենքի 31-րդ հոդվածով։ Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով (իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու դեպքում)՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն, որի փուլերն են` նախնական ուսումնասիրություն և կարգապահական վարույթ:

Կարգապահական խախտման փաստի առթիվ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ` քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի միջնորդությամբ:

Օրենքի 31-րդ հոդվածի 11-ին մասով օրենսդիրը քննչական կոմիտեում կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծման նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու կարգը սահմանելու լիազորությունը վերապահել է քննչական կոմիտեի նախագահին:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթը հարուցվում է կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այն կատարելու օրվանից 12 ամիս հետո:

Համաձայն նույն հոդվածի 5-րդ մասի՝ կարգապահական վարույթի տևողությունը չի կարող գերազանցել 3 շաբաթը, բացառությամբ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բացակայության դեպքերի: Այդ դեպքերում կարգապահական վարույթի տևողությունը կարող է երկարաձգվել քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բացակայության ժամանակահատվածով:

Օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում կարգապահական տույժը նշանակվում է կարգապահական վարույթի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված դեպքերում կարգապահական վարույթի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, քննչական կոմիտեի նախագահը հարցը ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի քննարկմանը:

Օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է «Կարգապահական հանձնաժողովը կարգապահական խախտման հարցը քննելիս քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված խախտման մեջ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մեղավորության հարցը, իսկ համապատասխան միջնորդության դեպքում՝ նաև տվյալ իրավիճակում «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու հնարավորության հարցը»:

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ կարգապահական տույժի մասին քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը իրազեկվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում:

Վերը նշված իրավակարգավորումների վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացում ծառայողական քննության անցկացումը պայմանավորված է ինչպես կարգապահական պատասխանատվության հիմքով, այնպես էլ կիրառվող տույժի խստությամբ։ Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացում ծառայողական քննության անցկացումն իմպերատիվ պահանջ է, եթե

- անձին վերագրվում է իր լիազորություններն իրականացնելիս օրենքի կոպիտ կամ պարբերական խախտում,

- անձի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական պատասխանատվության ամենախիստ տեսակները, այն է՝ դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով, պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով, պաշտոնից ազատում։

Ծառայողական քննությունը երկու փուլից՝ նախնական ուսումնասիրության փուլ և կարգապահական վարույթի փուլ, բաղկացած գործընթաց է։

Ծառայողական քննության երկրորդ փուլը՝ կարգապահական վարույթը, մեկնարկում է կարգապահական հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշմամբ։ Վերջինս կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կայացնում է քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի միջնորդությամբ։

Օրենսդիրը սահմանել է կարգապահական վարույթ հարուցելու ժամկետ և այդ ժամկետի հաշվարկման կոնկրետ ելակետ այն է՝ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, իսկ այդ ժամկետի հաշվարկման ելակետը կարգապահական խախտումը հայտնաբերելու պահն է: Այս ժամկետն անցնելու դեպքում անձն այլևս չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության։ Սահմանված են նաև կարգապահական վարույթի տևողության, կարգապահական տույժը նշանակելու ժամկետներ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կարգապահական վարույթ հարուցելու, կարգապահական վարույթի տևողության, կարգապահական տույժ նշանակելու օրենքով սահմանված վերը նշված ժամկետները քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացում վերջինիս շահերի պաշտպանության և իրավական որոշակիության ապահովման կարևոր իրավական երաշխիքներ են։

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ օրենսդիրը, Օրենքի 31-րդ հոդվածով ինքնաբավ ձևով սահմանելով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը, այդ գործընթացում միայն քննչական կոմիտեի նախագահին պատվիրակել է նախնական ուսումնասիրություն կատարելու կարգը սահմանելու լիազորությունը որևէ սուբյեկտի կարգապահական վարույթի, դրա հարուցման առնչությամբ որևէ հարցի կարգավորման, հստակեցման կամ որոշակիացման լիազորություն օրենսդիրը չի պատվիրակել։ Ըստ այդմ՝ կարգապահական վարույթի որևէ տարր որևէ այլ իրավական ակտով, քան «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքն է, կարգավորվել չի կարող։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 05092018 թվականի թիվ 147-Լ հրամանով հաստատվել է ՀՀ քննչական կոմիտեում ծառայողական քննություն անցկացնելու նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու կարգը (նշված կարգը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 02.03.2022 թվականի թիվ 42-Լ հրամանով)։

Իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեում ծառայողական քննություն անցկացնելու նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու կարգի (այսուհետ՝ Կարգ) 2-րդ կետի համաձայն՝ կոմիտեի ծառայողի կողմից կատարված առերևույթ իրավախախտման առկայությունը պարզելու նպատակով մինչև կարգապահական վարույթի հարուցումը կատարվում է նախնական ուսումնասիրություն: Կարգի 3-րդ կետի համաձայն՝ նախնական ուսումնասիրությունը կատարում է Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունը:

Ըստ Կարգի 6-րդ և 7-րդ կետերի՝ նախնական ուսումնասիրություն կատարելու առիթ է Կոմիտեի ծառայողի կողմից առերևույթ իրավախախտում կատարելու մասին ՀՀ գլխավոր դատախազի կամ հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությունը, Կոմիտեի ծառայողի կողմից առերևույթ իրավախախտում կատարելու մասին՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց գրավոր հաղորդումները, դիմումները, լրատվության միջոցի հաղորդումը, Կոմիտեի ծառայողի կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն կազմված արձանագրությունները, Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի միջնորդությունը, Կոմիտեում հայտնաբերված իրավախախտման մասին Կոմիտեի ստորաբաժանման ղեկավարի զեկուցագիրը։

Նախնական ուսումնասիրության առիթների առկայության դեպքում Կոմիտեի նախագահը, ինչպես նաև՝ Հանձնաժողովի անդամների կողմից նախնական ուսումնասիրություն կատարելու միջնորդություն ներկայացնելու դեպքում՝ Հանձնաժողովի նախագահը, նախնական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով, Կոմիտեի ծառայողի կողմից առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող նյութերն ուղարկում է Կոմիտեի ներքին անվտանգության վարչություն (Կարգի 8-րդ կետ)։

Ըստ Կարգի 10-րդ կետի՝ նախնական ուսումնասիրության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքներն են՝ իրավախախտման օբյեկտիվ հատկանիշները (արարքը, հետևանքը, պատճառական կապը, տեղը, ժամանակը, եղանակը), իրավախախտման սուբյեկտիվ հատկանիշները (մեղքի առկայությունը, շարժառիթը, նպատակը), իրավախախտումներ ծնող պատճառները և դրանց նպաստող պայմանները։
Կարգի 17-րդ կետը սահմանում է
«Նախնական ուսումնասիրությունն իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ավելի, քան դրա նշանակումից սկսած 15 օրվա ընթացքում: Սույն կարգի 14-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված միջնորդությունը նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողի կողմից բավարարելու դեպքում նախնական ուսումնասիրության ժամկետը երկարաձգվում է երեք օրով»:

Նախնական ուսումնասիրության ժամկետը նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա Կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի կողմից կարող է երկարաձգվել մինչև 15 օրով Կարգով սահմանված դեպքերում (Կարգի 18-րդ կետ)։

Կարգի 8-րդ և 9-րդ գլուխներով սահմանվում են համապատասխանաբար նախնական ուսումնասիրության կասեցման հիմքերը, կասեցման և վերսկսման կարգը, դադարեցման կարգն ու հիմքերը։

Կարգի 30-րդ կետի համաձայն՝ նախնական ուսումնասիրության արդյունքում կազմվում է եզրակացություն՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ։ Եթե առկա է օրենքի խախտում, սակայն դրանք էական կամ պարբերական խախտումներ չեն, ապա արձանագրված խախտումները քննարկվում են օպերատիվ խորհրդակցությունում՝ հետագայում այդպիսիք բացառելու համար:

Կարգի 31-րդ կետը սահմանում է եզրակացության բովանդակությանն ու կառուցվածքին ներկայացվող պահանջները։ Մասնավորապես,
եզրակացության եզրափակիչ մասում շարադրվում են կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ հետևությունները, նախնական ուսումնասիրություն իրականացրած անձի անվան, ազգանվան, զբաղեցրած պաշտոնի, դասային աստիճանի, ինչպես նաև եզրակացությունը կազմելու տարվա, ամսվա և ամսաթվի մասին։

Կարգի 32-րդ կետի համաձայն՝ Կոմիտեի ծառայողի կողմից կարգապահական խախտման առերևույթ հատկանիշների առկայության դեպքում Կոմիտեի նախագահը կամ տեղակալը կարող են Կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությամբ դիմել Հանձնաժողովին։

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) 05092018 թվականի որոշմամբ հաստատվել է Հանձնաժողովի աշխատակարգը։ Վերջինս նոր խմբագրությամբ շարադրվել և հաստատվել է Հանձնաժողովի 19102021 թվականի որոշմամբ։ Արձանագրելով, որ սույն գործի նկատմամբ Հանձնաժողովի 19102021 թվականի որոշմամբ նոր խմբագրությամբ շարադրված և հաստատված աշխատակարգը կիրառելի չէ՝ Վճռաբեկ դատարանը ստորև հիշատակում է Հանձնաժողովի 05092018 թվականի խմբագրությամբ (14052020 թվականին կատարված լրացմամբ) աշխատակարգի (այսուհետ՝ Աշխատակարգ) նորմերը։

Աշխատակարգի 1-ին կետի համաձայն՝ աշխատակարգով սահմանվում է ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի գործունեության կազմակերպման կարգը: Աշխատակարգի 26-րդ կետի համաձայն՝ կարգապահական վարույթը բաղկացած է կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդության քննարկման, լսումների և որոշման կայացման փուլերից:

Աշխատակարգի 27-րդ կետը վերարտադրում է Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը։ Ըստ այդ կետի՝ կարգապահական խախտման փաստի առթիվ Կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ՝ Կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի միջնորդությամբ:

Աշխատակարգի 30-րդ կետը սահմանում է «Հանձնաժողովի անդամը նախնական ուսումնասիրության եզրակացության և կամ նյութերի հիման վրա որոշում է կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելու հարցը, որը կարող է հարուցվել կարգապահական խախտումը հայտնաբերելուց հետո 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այն կատարելու օրվանից 12 ամիս հետո: Նշված ժամկետը հաշվվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից գրավոր կամ կապի միջոցներով Հանձնաժողովի անդամներին նախնական եզրակացության մասին տեղեկացնելու օրվանից»։

Աշխատակարգի 47-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովն առանձին սենյակում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) կարգապահական խախտման փաստի բացակայության մասին.

2) կարգապահական խախտման փաստի առկայության և Կոմիտեի ծառայողի մեղքի առկայության մասին.

3) կատարված իրավախախտման մեջ Կոմիտեի ծառայողի մեղքի բացակայության մասին։

Աշխատակարգի 53-րդ կետի համաձայն՝ եթե հարուցված կարգապահական վարույթի տևողությունը, Հանձնաժողովի քվորում չունենալու պատճառով, գերազանցում է Օրենքով սահմանված 3 շաբաթյա ժամկետը, ապա վարույթը թողնվում է անհետևանք:

Վճռաբեկ դատարանն Աշխատակարգի նորմերի ուսումնասիրության արդյունքում նախևառաջ արձանագրում է, որ Աշխատակարգի 30-րդ կետով սահմանված «Նշված ժամկետը հաշվվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից գրավոր կամ կապի միջոցներով Հանձնաժողովի անդամներին նախնական եզրակացության մասին տեղեկացնելու օրվանից» վերաբերում է ինչպես այն դեպքին, երբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ հանդես է գալիս Հանձնաժողովի անդամը, այնպես էլ այն դեպքերին, երբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելու լիազորությունն իրացնում են այդ լիազորությամբ օժտված մյուս սուբյեկտները՝ Կոմիտեի նախագահը և վերջինիս տեղակալը։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Աշխատակարգի 30-րդ կետը սահմանում է կարգապահական վարույթ հարուցելու ժամկետի օրենքով սահմանված ելակետը՝ կարգապահական խախտումը հայտնաբերելու պահը, որոշելու կանոն։ Այդպիսով նշված կանոնով փաստացիորեն Աշխատակարգի 30-րդ կետը սահմանում է կարգապահական վարույթ հարուցելու 30-օրյա ժամկետի հաշվարկման ելակետ, այն է՝ Հանձնաժողովի քարտուղարի կողմից Հանձնաժողովի անդամներին նախնական եզրակացության մասին տեղեկացնելու օրը։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքը կարգապահական վարույթ հարուցելու կարգը սահմանելու, դրա որևէ տարր կարգավորելու, այդ թվում՝ կարգապահական խախտումը հայտնաբերելու պահը որոշելու լիազորություն չի պատվիրակել Հանձնաժողովին։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Աշխատակարգի 30-րդ կետով խնդրո առարկա ժամկետի հաշվարկման կանոնի սահմանումը դուրս է Հանձնաժողովի իրավասության տիրույթից և Հանձնաժողովի Աշխատակարգի կարգավորման առարկայի շրջանակից Հանձնաժողովի Աշխատակարգի կարգավորման առարկան Հանձնաժողովի գործունեության կազմակերպման կարգի սահմանումն է։

Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա կանոնի սահմանմամբ Հանձնաժողովը ոչ միայն կարգավորել է Աշխատակարգի կարգավորման առարկայի մեջ չմտնող հարց, այլ որպես կարգապահական խախտումը հայտնաբերելու պահ հիմք է ընդունվել մի ելակետ, որն օբյեկտիվորեն չի արտահայտում խախտումը հայտնաբերելու պահը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կարգապահական վարույթ հարուցելու՝ Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված 30-օրյա ժամկետը կարգապահական պատասխանատվության ենթարկվող ծառայողի շահերի պաշտպանության կարևոր իրավական երաշխիք է, և ըստ այդմ՝ չի կարող փաստացիորեն սահմանափակվել Աշխատակարգով սահմանված այնպիսի կարգավորմամբ, որը սուբյեկտիվորեն կորոշի կարգապահական խախտումը հայտնաբերելու պահը, հետևաբար նաև՝ 30-օրյա ժամկետի ելակետը՝ արհեստականորեն երկարացնելով նշված ժամկետը։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Աշխատակարգի 30-րդ կետի դրույթն առ այն, որ «կարգապահական վարույթ հարուցելու 30-օրյա ժամկետը հաշվվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից գրավոր կամ կապի միջոցներով Հանձնաժողովի անդամներին նախնական եզրակացության մասին տեղեկացնելու օրվանից», հակասում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածին։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերը նշված եզրահանգումը վերաբերում է նաև Աշխատակարգի 19102021 թվականի վերախմբագրված տեքստի 26-րդ կետին, որի համաձայն՝ «Կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական խախտումը հայտնաբերելուց հետո 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան կատարելու օրվանից 12 ամիս հետո։ Նշված ժամկետը հաշվարկվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից գրավոր կամ կապի միջոցներով Հանձնաժողովի անդամներին կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը սույն կետում նշված միջոցով կամ միջոցներով տեղեկացնելու օրվանից»։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում Աշխատակարգի 30-րդ կետը կիրառելի չէ՝ Օրենքի 31-րդ հոդվածին հակասելու պատճառով։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ

- ըստ Կարգի 10-րդ կետի՝ նախնական ուսումնասիրության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքներն են՝ իրավախախտման օբյեկտիվ հատկանիշները (արարքը, հետևանքը, պատճառական կապը, տեղը, ժամանակը, եղանակը), իրավախախտման սուբյեկտիվ հատկանիշները (մեղքի առկայությունը, շարժառիթը, նպատակը), իրավախախտումներ ծնող պատճառները և դրանց նպաստող պայմանները,

- նախնական ուսումնասիրության արդյունքներով կազմվում է եզրակացություն՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ,

- նախնական ուսումնասիրության արդյունքում կազմված եզրակացության եզրափակիչ մասը բովանդակում է կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ հետևությունները՝

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կարգապահական խախտումը հայտնաբերելու պահ է հանդիսանում նախնական ուսումնասիրության արդյունքներով եզրակացությունը կազմելու օրը, և ըստ այդմ՝ որպես Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված 30-օրյա ժամկետի հաշվարկման ելակետ պետք է հիմք ընդունել նախնական ուսումնասիրության արդյունքներով եզրակացությունը կազմելու օրը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով Դատարան՝ Վարդանուշ Իրիցյանը պահանջել է վերացնել Կոմիտեի նախագահի պաշտոնակատարի 17.12.2021 թվականի թիվ 1093-Ա հրամանը, պարտավորեցնել Կոմիտեին իրեն վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը, նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում իրեն վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով։

Դատարանը 01062022 թվականի վճռով հայցը բավարարել է հետևյալ պատճառաբանությամբ «Սույն դեպքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վարդանուշ Իրիցյանի նկատմամբ կատարված նախնական ուսումնասիրության արդյունքներով 14.09.2021 թվականին տրվել է եզրակացություն առ այն, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Վարդանուշ Իրիցյանի արարքում եզրակացության մեջ նշված դրվագներով առկա են կարգապահական կոպիտ խախտման հատկանիշները և կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը: Հաշվի առնելով նշված եզրակացությունը՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը 15.09.2021 թվականին միջնորդել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Վարդանուշ Իրիցյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ՝ միջնորդությանը կցելով եզրակացությունը: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է 04.11.2021 թվականին՝ Օրենքով սահմանված 30-օրյա ժամկետի խախտմամբ, որից հետո կայացվել են 22.11.2021 թվականի թիվ 28 և 14.12.2021 թվականի թիվ 31 որոշումներն, իսկ արդյունքում՝ սույն գործով վիճարկվող 17.12.2021 թվականի թիվ 1093-Ա հրամանը:

(...) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վարդանուշ Իրիցյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, որպիսի պայմաններում հարուցված կարգապահական վարույթի քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կողմից ընդունված 22.11.2021 թվականի թիվ 28 և 14.12.2021 թվականի թիվ 31 որոշումները չէին կարող դրվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի 17.12.2021 թվականի թիվ 1093-Ա հրամանի ընդունման հիմքում:

Միաժամանակ՝ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 19.10.2021 թվականի որոշման հավելվածի 26-րդ կետով սահմանված՝ կարգապահական վարույթ հարուցելու ժամկետի հաշվարկման կարգը, սույն դեպքում կիրառելի չէ այն պատճառով, որ Հայցվորին վերագրվող կարգապահական խախտումները հայտնաբերվել են 14.09.2021 թվականին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը վերջինիս նկատմամբ միջնորդել է հարուցել կարգապահական վարույթ՝ 15.09.2021 թվականին, այսինքն` իրավահարաբերության ծագման պահին նշված կարգը չի գործել»:

Վերաքննիչ դատարանը 08082023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է՝ Դատարանի 01062022 թվականի վճիռը թողնելով անփոփոխ՝ հետևյալ պատճառաբանությամբ «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներից բխում է, որ առնվազն իրավասու անձի կողմից կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելիս կարգապահական խախտումը հայտնաբերված է նախնական ուսումնասիրության եզրակացության արդյունքների հիման վրա:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո` 30-օրյա ժամկետում կարգապահական վարույթ հարուցելու կարգավորման առնչությամբ, մասնավորապես այդ ժամկետի հաշվարկման վերաբերյալ, դրույթներ են առկա ինչպես Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 05.09.2018թ. որոշման հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի աշխատակարգի (այսուհետ` Աշխատակարգ) 30-րդ կետով, այնպես էլ նույն որոշման 19.10.2021թ. խմբագրությամբ (այսուհետ` Փոփոխված աշխատակարգ) 26-րդ կետով, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.

Աշխատակարգի 30-րդ կետը վերաբերում է նախնական ուսումնասիրության եզրակացության և (կամ) նյութերի հիման վրա հանձնաժողովի անդամի կողմից կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության ներկայացման հարցին և այդ համատեքստում Աշխատակարգով սահմանվում է, որ կարգապահական խախտումը հայտնաբերելու ժամկետը հաշվարկվում է հանձնաժողովի անդամներին նախնական եզրակացության մասին տեղեկացնելու օրվանից:

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշված կարգավորումը սույն գործով կիրառելի չէ, քանի որ սույն դեպքում հայցվորի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացվել է ոչ թե կարգապահական հանձնաժողովի անդամի, այլ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից, որպիսի պարագայում հանձնաժողովի անդամի կողմից կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելու առնչությամբ սահմանված կարգավորումները վերաբերելի չեն կարող համարվել:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ Փոփոխված աշխատակարգի 26-րդ կետով սահմանված կարգավորումը ևս սույն գործով կիրառելի չէ, քանի որ սույն գործով վիճարկվող ակտի կայացմանը նախորդող ծառայողական քննությունը իրականացվել է 10.08.2021 թվականից, իսկ Փոփոխված աշխատակարգն ընդունվել է 19.10.2021 թվականին, և հետևաբար այն չի կարող հանդիսանալ 10.08.2021 թվականից իրականացվող ծառայողական քննության նկատմամբ կիրառելի կարգավորում: Սույն գործի փաստերի համաձայն, (...) 10.08.2021 թվականից մինչև 14.09.2021 թվականն իրականացվել է նախնական ուսումնասիրություն, որի արդյունքում կազմված եզրակացության համաձայն` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Վարդանուշ Իրիցյանի արարքում՝ առկա են կարգապահական կոպիտ խախտման հատկանիշները և կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը:

15.09.2021 թվականին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը միջնորդել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Վարդանուշ Իրիցյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ:

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը 04.11.2021 թվականի որոշմամբ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության ավագ քննիչ Վարդանուշ Իրիցյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
(․․․) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հայցվորին վերագրվող կարգապահական խախտումները հայտնաբերված են եղել առնվազն 15.09.2021 թվականին (նախնական ուսումնասիրության եզրակացությունը կազմվել է 14.09.2021 թվականին), և կարգապահական վարույթի հարուցման 30-օրյա ժամկետը պետք է հաշվարկվեր 15.09.2021 թվականից սկսած: Մինչդեռ կարգապահական վարույթը հարուցվել է 04.11.2021 թվականին, այսինքն՝ կարգապահական վարույթ հարուցելու 30-օրյա ժամկետի խախտմամբ (․․․)»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն հայցվոր Վարդանուշ Իրիցյանի նկատմամբ հարուցված ծառայողական քննության նկատմամբ կիրառելի չեն համարել Հանձնաժողովի Աշխատակարգի՝ 19102021 թվականին նոր խմբագրությամբ շարադրված տեքստի 26-րդ կետը՝ հաշվի առնելով, որ ծառայողական քննությունը մեկնարկել է ավելի վաղ։

Վերաքննիչ դատարանը հայցվորի նկատմամբ հարուցված ծառայողական քննության նկատմամբ կիրառելի չի համարել նաև Հանձնաժողովի 05092018 թվականի որոշմամբ հաստատված Աշխատակարգի 30-րդ կետը՝ այն պատճառաբանությամբ, որ 30-րդ կետը կիրառելի է միայն այն դեպքում, երբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացվում է Հանձնաժողովի անդամի կողմից։ Վճռաբեկ դատարանն այս առնչությամբ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը հիմնավոր չի համարում՝ գտնելով, որ այդ դրույթը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացնում են Կոմիտեի նախագահը և Կոմիտեի նախագահի տեղակալը։

Միաժամանակ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աշխատակարգի 30-րդ կետը կիրառելի չէ հայցվորի նկատմամբ հարուցված ծառայողական քննության նկատմամբ՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածին հակասելու ուժով։

Սույն գործի փաստական հանգամանքների համաձայն՝ նախնական ուսումնասիրության արդյունքներով եզրակացությունը կազմվել է 14092021 թվականին, որին հաջորդել է Կոմիտեի նախագահի 15092021 թվականի կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը։ Եզրակացության եզրափակիչ մասում ամրագրվել է․ «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Վարդանուշ Իրիցյանի արարքում՝ նույն եզրակացության մեջ նշված դրվագներով առկա են կարգապահական կոպիտ խախտման հատկանիշները և կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը»: Կոմիտեի նախագահի 15092021 թվականի կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության հիման վրա Հանձնաժողովի որոշմամբ կարգապահական վարույթ է հարուցվել 04112021 թվականին։

Հիմք ընդունելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորին վերագրվող կարգապահական խախտումները հայտնաբերված պետք է համարել նախնական ուսումնասիրության արդյունքներով 14092021 թվականի եզրակացությունը կազմելու օրը, և ըստ այդմ՝ Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված 30-օրյա ժամկետի հաշվարկման համար ելակետ պետք է ընդունվի 14092021 թվականի եզրակացությունը կազմելու օրը, որպիսի պայմաններում 04112021 թվականին կարգապահական վարույթը հարուցվել է օրենքով սահմանված 30-օրյա ժամկետի խախտմամբ։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն իրավաչափորեն են հանգել վիճարկվող հրամանն Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ ընդունված լինելու հետևությանը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, ուստի բողոքը ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08082023 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան