ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/4264/05/112024 թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/4264/05/11 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Հ. Բ եդևյան | |
զեկուցող |
Ռ. Հակոբյան Ա. Թովմասյան | |
Լ. Հակոբյան | ||
ք ․ ՄԿՈՅԱՆ |
2024 թվականի նոյեմբերի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23․11․2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Լիա Մնացականյանի և Հասմիկ Մնացականյանի 20.05.2023 թվականին ներկայացված դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը)` վարչական գործով ըստ հայցի Սամվել Մնացականյանի ընդդեմ ՀՀ Նախագահի, ՀՀ արդարադատության խորհրդի` ՀՀ արդարադատության խորհրդի 24.06.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-13-Ո-17 որոշման առ ոչինչ լինելը հաստատելու կամ նշված որոշումն անվավեր ճանաչելու (վերացնելու), ՀՀ Նախագահի 11.07.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին» հրամանագիրն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Սամվել Մնացականյանը պահանջել է հաստատել ՀՀ արդարադատության խորհրդի 24.06.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-13-Ո-17 որոշման առ ոչինչ լինելը կամ անվավեր ճանաչել (վերացնել) նշված որոշումը, անվավեր ճանաչել (վերացնել) ՀՀ Նախագահի 11.07.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին» հրամանագիրը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա․ Դարբինյան) (այսուհետ՝ Դատարան) 31.08.2011 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը` ՀՀ արդարադատության խորհրդի 24.06.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-13-Ո-17 որոշման առ ոչինչ լինելը հաստատելու կամ նշված որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, մերժվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, իսկ ՀՀ Նախագահի 11.07.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին» հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցադիմումը վերադարձվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր՝ Ա․ Աբովյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.10.2011 թվականի որոշմամբ Սամվել Մնացականյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.08.2011 թվականի «Հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, մասով հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2011 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Սամվել Մնացականյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է։
Կրկին դիմելով դատարան` Սամվել Մնացականյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Նախագահի 11.07.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին» հրամանագիրը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա․ Դարբինյան) 02.05.2012 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր՝ Ա․ Աբովյան, դատավորներ՝ Ա․ Սարգսյան, Ա․ Բաբայան) 11.09.2012 թվականի որոշմամբ Սամվել Մնացականյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 02.05.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.10.2012 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 02.05.2012 թվականի վճռի և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.09.2012 թվականի որոշման դեմ Սամվել Մնացականյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է։
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 30.06.2023 թվականի որոշմամբ Լիա Մնացականյանի և Հասմիկ Մնացականյանի ներկայացրած՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 23.11.2011 թվականի և 24.10.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումները նոր հանգամանքով վերանայելու մասին վճռաբեկ բողոքը (դիմումը) վարույթ ընդունելը մերժվել է։
ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2024 թվականի թիվ ՍԴՈ-1724 որոշմամբ արձանագրվել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 81-րդ հոդվածների բովանդակությունից ելնելով` դատավարության մասնակցի իրավահաջորդի կողմից նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմումը ենթակա է քննության վեճի լուծման արդյունքով ծագող նյութական իրավունքների մասով նրա իրավահաջորդությունն ամբողջ ծավալով բացառող հանգամանքների բացակայության դեպքում:
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 27․09․2024 թվականի որոշմամբ Լիա Մնացականյանի և Հասմիկ Մնացականյանի նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ վճռաբեկ բողոքը (դիմումը) բավարարվել է՝ վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 30.06.2023 թվականի «Դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը) վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և Լիա Մնացականյանի ու Հասմիկ Մնացականյանի կողմից 20.05.2023 թվականին ներկայացված դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասով ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ, իսկ նույն բողոքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.10.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու մասով, վարույթ ընդունելը մերժվել է։
Տվյալ դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ վճռաբեկ բողոք (դիմում) են ներկայացրել Լիա Մնացականյանը և Հասմիկ Մնացականյանը (ներկայացուցիչ՝ Արտակ Զեյնալյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2․ Դատական ակտը վերանայելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի (դիմումի) հիմքը, հիմնավորումները և պահանջը․
Սույն վճռաբեկ բողոքը (դիմումը) քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործով նոր հանգամանք է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) Մնացականյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 2463/12) գործով 06․12․2022 թվականի վճիռը, որով հիմնավորվել է, որ թույլ է տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
Նշված վճռով Եվրոպական դատարանը, ըստ էության, նշել է, որ Արդարադատության խորհրդի՝ դիմումատուի դատական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ առաջարկի մասին 24․06․2011 թվականի որոշումը չի վերանայվել և բաց չի եղել վերանայման համար սովորական տրիբունալի կամ դատական լիազորություններ իրականացնող այլ մարմնի կողմից։ Թեև դիմումատուն օգտվել է Նախագահի 11․07․2011 թվականի հրամանագիրը Դատարանում բողոքարկելու իր իրավունքից, բայցևայնպես այդ վարչական իրավունքի գործողության շրջանակը սահմանափակված էր Նախագահի հրամանագրի՝ ներպետական իրավունքի կիրառելի պահանջներին համապատասխանության մասով վավերությունը ստուգելով, այլ ոչ թե Արդարադատության խորհրդի 24․06․2011 թվականի այն որոշման փաստական և իրավական հիմքերի վերանայումը հնարավոր դարձնելով, որը հիմք էր հանդիսացել դրա համար:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձինք պահանջել են նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, վերացնել Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել Դատարանի 31.08.2011 թվականի «Հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, մասով հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի (դիմումի) քննության համար նշանակություն ունեցող փաստերը․
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի (դիմումի) քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Սամվել Մնացականյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Նախագահի, ՀՀ արդարադատության խորհրդի՝ պահանջելով հաստատել ՀՀ արդարադատության խորհրդի 24.06.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-13-Ո-17 որոշման առ ոչինչ լինելը կամ անվավեր ճանաչել (վերացնել) նշված որոշումը, անվավեր ճանաչել (վերացնել) ՀՀ Նախագահի 11.07.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին» հրամանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 7-26).
2) Դատարանի 31.08.2011 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը` ՀՀ արդարադատության խորհրդի 24.06.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-13-Ո-17 որոշման առ ոչինչ լինելը հաստատելու կամ նշված որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, մերժվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, իսկ ՀՀ Նախագահի 11.07.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին» հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցադիմումը վերադարձվել է (հատոր 1-ին, գ.թ. 1-5).
3) Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի որոշմամբ Սամվել Մնացականյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.08.2011 թվականի «Հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, մասով հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ (հատոր 1-ին, գ.թ. 69-75).
4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2011 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Սամվել Մնացականյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 1-ին, գ.թ. 116-119).
5) Եվրոպական դատարանը 06․12․2022 թվականի (գանգատ թիվ 2463/12) վճռով բավարարել է Սամվել Մնացականյանի (իրավահաջորդներ՝ Լիա Մնացականյանի և Հասմիկ Մնացականյանի) գանգատն ընդդեմ Հայաստանի Հանրապետության և արձանագրել, որ սույն գործով առկա է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ կապված դատարանի մատչելիության բացակայության հետ (Մնացականյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 2463/12) Եվրոպական դատարանի 06․12․2022 թվականի վճիռը ներկայացվել է բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով․
Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն` եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել։
Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անհրաժեշտ համարելով անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը, արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախևառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու` Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը։ Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածով հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության` որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով։
Այսպես, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249)։
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.
1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,
2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,
3. restitutio in integrum սկզբունքից բխող` մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը։
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով: Միևնույն ժամանակ restitutio in integrum իրականացնելը կարող է հնարավոր չլինել` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, որպիսի պարագայում կոնվենցիոն իրավունքի խախտումից տուժած անձի կրած բացասական հետևանքները վերացվում են` հիմնվելով տվյալ խախտումն արձանագրած Եվրոպական դատարանի վճռի և վերջինիս նախադեպային իրավունքի վրա։
Այսպես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34, Selçuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, կետ 125):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.
- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,
- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,
- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն (տե´ս, Օլգա Գասպարյանն ընդդեմ Կանդրանով Ամիրխանյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0299/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը)։
Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` պատասխանող պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Öcalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, կետ 210)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից։
Մասնավորապես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն` անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես` գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.
1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,
2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ։
Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում։ Ընդ որում, պատասխանող պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։ Հետևաբար, Եվրոպական դատարանի Մնացականյանն ընդդեմՀայաստանի գործով կայացված վճռով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում արձանագրվելու պայմաններում, ներպետական դատարանների կողմից խախտված կոնվենցիոն իրավունքի վերականգնման միջոցների մեջ նախապատվությունը պետք է տրվի մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է հայցվոր Սամվել Մնացականյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է նաև հաստատել ՀՀ արդարադատության խորհրդի 24.06.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-13-Ո-17 որոշման առ ոչինչ լինելը կամ անվավեր ճանաչել (վերացնել) նշված որոշումը։
Դատարանը 31.08.2011 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը` ՀՀ արդարադատության խորհրդի 24.06.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-13-Ո-17 որոշման առ ոչինչ լինելը հաստատելու կամ նշված որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, մերժել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով այն պատճառաբանությամբ, որ․ «Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի 24.06.2011 թվականի թիվ ԱԽ-13-Ո-17 որոշումը, հանդիսանալով դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելու վերաբերյալ որոշում, դատարանի գնահատմամբ բողոքրկման ենթակա չէ»։
Վերաքննիչ դատարանը 12.10.2011 թվականի որոշմամբ Սամվել Մնացականյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 31.08.2011 թվականի «Հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, մասով հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ Դատարանն իրավասու չէր քննության ընդունելու ՀՀ արդարադատության խորհրդի վիճարկվող որոշման դեմ հայցը։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2011 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Սամվել Մնացականյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է։
Մնացականյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 2463/12) Եվրոպական դատարանի 06․12․2022 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռի 64-րդ և 67-րդ կետերում արձանագրվել է հետևյալը․ «սույն գործով Արդարադատության խորհրդի՝ դիմումատուի դատական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ առաջարկի մասին 2011 թվականի հունիսի 24-ի որոշումը չի վերանայվել և բաց չի եղել վերանայման համար սովորական տրիբունալի կամ դատական լիազորություններ իրականացնող այլ մարմնի կողմից (տե՛ս, Դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մասը՝ մեջբերված վերևում՝ 30-րդ պարբերության մեջ, տե՛ս նաև Վարչական դատարանի՝ իրավազորությունից հրաժարվու մասին որոշումը, որն ամփոփված է վերևում՝ 17-րդ պարբերության մեջ): Թեև դիմումատուն օգտվել է Նախագահի 2011 թվականի հուլիսի 11-ի հրամանագիրը Վարչական դատարանում բողոքարկելու իր իրավունքից (տե՛ս, վերևում՝ 21-23-րդ պարբերությունները), բայցևայնպես այդ վարչական իրավունքի գործողության շրջանակը սահմանափակված էր Նախագահի հրամանագրի՝ ներպետական իրավունքի կիրառելի պահանջներին համապատասխանության մասով վավերությունը ստուգելով (տե՛ս մասնավորապես վերևում՝ 22-րդ պարբերությունը), այլ ոչ թե Արդարադատության խորհրդի 2011 թվականի հունիսի 24-ի այն որոշման փաստական և իրավական հիմքերի վերանայումը հնարավոր դարձնելով, որը հիմք էր հանդիսացել դրա համար: Հետևաբար Դատարանը հիմքեր չունի համարելու, որ Վարչական դատարանն իրականացրել է «բավարար իրավազորություն» կամ ապահովել է իր վարույթում գտնվող՝ Արդարադատության խորհրդի 2011 թվականի հունիսի 24-ի որոշման «բավարար վերանայում» (տե՛ս, Ֆազիա Ալին ընդդեմ Միացյալ Թագավորության [Fazia Ali v. the United Kingdom], թիվ 40378/10, §§ 75-76, 2015 թվականի հոկտեմբերի 20) այնքանով, որքանով այն վերաբերում էր Նախագահի 2011 թվականի հուլիսի 11-ի հրամանագրի դեմ դիմումատուի կողմից ներկայացված վարչական հայցին։ (․․․)։ Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում»։
Արդյունքում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել Դիմումատուի կոնվենցիոն իրավունքի, այն է` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մնացականյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 2463/12) Եվրոպական դատարանի 06․12․2022 թվականի վճիռը նոր հանգամանք է և հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23․11․2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու համար:
Այսպիսով, սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով Մնացականյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 2463/12) Եվրոպական դատարանի 06․12․2022 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման restitutio in integrum սկզբունքի վերաբերյալ վերը շարադրված վերլուծությունները, միևնույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնելու խախտված կոնվենցիոն իրավունքը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչև կոնվենցիոն իրավունքի խախտումը եղած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23․11․2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու և նոր դատական ակտ, այն է՝ ՀՀ վարչական դատարանի 31.08.2011 թվականի «Հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, մասով հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը՝ հայցադիմումի ընդունումը մասով մերժելու մասով վերացնելու որոշում կայացնելու միջոցով։
Հետևաբար՝ 28․10․2011 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման՝ Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում կայացնել նոր դատական ակտ՝ Դատարանի 31.08.2011 թվականի «Հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, մասով հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը՝ հայցադիմումի ընդունումը մասով մերժելու մասով, վերացնելու վերաբերյալ։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23․11․2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու, Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու և Դատարանի 31.08.2011 թվականի «Հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, մասով հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը՝ հայցադիմումի ընդունումը մասով մերժելու մասով, վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը (դիմումը) բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23․11․2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2․ Սամվել Մնացականյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 31.08.2011 թվականի «Հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, մասով հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը՝ հայցադիմումի ընդունումը մասով մերժելու մասով։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Ռ. Հակոբյան ա. Թովմասյան Լ. Հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|