ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-106-Ո-Կ-17 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱՌՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
Բարձրագույն դատական խորհրդի |
Ա. Աթաբեկյանի | ||
Բարձրագույն դատական խորհրդի
մասնակցությամբ՝ անդամներ
|
Կ. Թումանյանի
Ա. Դանիելյանի Ե. Թումանյանցի Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ Էդ. Հովհաննիսյանի Ք. ՄԿՈՅԱՆԻ | ||
|
| ||
|
| ||
|
Գ. ՍտեփանՅԱՆԻ | ||
ներկայացուցիչ |
Ս. ՄԱրաբՅԱՆԻ | ||
|
|
2024 թվականի դեկտեմբերի 9-ին |
ք. Երևան |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի՝ «Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 105-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից 26․06․2024 թվականին Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի 29.08.2024 թվականի թիվ 89-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի 28.10.2024 թվականի թիվ 105-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհրդի 11.11.2024 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:
26.11.2024 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է, իսկ 09.12.2024 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի1 17-րդ հոդվածի 1-ին մասի, 369-րդ հոդվածի 1-ին մասի, 373-րդ հոդվածի 1-ին մասի, 375-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական գործի հետ կապված համապատասխան հարցերը լուծելուց հետո դատարանը ձեռնամուխ է լինում տվյալ գործով դատավճռի կազմմանը, որից հետո՝ երկշաբաթյա ժամկետում այն հրապարակում է դատական նիստերի դահլիճում։ Այնուհետև՝ դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին։ Միաժամանակ օրենսդիրը, դատավճռի պատճենի հանձնման համար նախատեսելով խիստ սահմանափակ՝ 5-օրյա ժամկետ, չի ամրագրել որևէ բացառություն այն երկարաձգելու կամ ավելի ուշ ուղարկելու համար։
Վերոգրյալի լույսի ներքո անհրաժեշտ է հաշվի առնել, որ արդար դատաքննության իրավունքի ինքնուրույն բաղադրիչներից է դատական պաշտպանության դիմած անձի՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը։ Այդ իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու համար պետությունը կրում է անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու պարտականություն, որի ապահովմանն են նպատակաուղղված առանձին դատավարական գործողություններ կատարելու և կոնկրետ գործերի ըստ էության քննության համար օրենսդրի կողմից հատուկ ժամկետների սահմանումը։ Այդպիսի ժամկետների սահմանումը դատարանների համար առաջացնում է ուղղակի պարտականություն՝ դատավարական գործողությունները կատարել և գործերի քննությունն իրականացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում։
Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 08.12.2017 թվականի թիվ ՍԴՈ-1394 և Խորհուրդի 06.11.2023 թվականի թիվ ԲԴԽ-88-Ո-Կ-20 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները՝ վարույթ հարուցած մարմինը հայտնել է, որ քննարկվող դեպքում, Դատարանի կողմից 06.06.2023 թվականին կազմվել և հրապարակվել է թիվ ԱՎԴ/0059/01/21 քրեական գործով (այսուհետ նաև՝ Գործ) դատավճիռը (այսուհետ նաև՝ Դատավճիռ), որով ամբաստանյալ Արփինե Սարգսյանը մեղավոր է ճանաչվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին) նախատեսված հանցանքում և դատապարտվել է ազատազրկման։ Արդյունքում, ըստ վերը ներկայացված իրավակարգավորումների՝ Դատարանը Դատավճռի պատճենը մեղադրողին պետք է հանձներ հրապարակման օրվանից 5 օրվա ընթացքում, սակայն Դատարանն այն մեղադրողին է ուղարկել ոչ թե նշված ժամկետում, այլ, ինչպես նշված է բացատրությամբ, 30.09.2024 թվականին (Դատավճիռը կայացնելուց ավելի քան 1 տարի 3 ամիս անց) այն հանձնել է առաքման։
Ավելին, ՀՀ նախագահի 05.03.2024 թվականի թիվ ՆՀ-77-Ա հրամանագրով դատավոր Գառնիկ Ստեփանյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, իսկ Արդարադատության նախարարի 29.08.2024 թվականի թիվ 89-Ա որոշմամբ վերջինիս նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։ Ուշագրավ է այն հանգամանքը, թե ինչպե՞ս է դատավոր Գառնիկ Ստեփանյանը 06.06.2023 թվականին որպես Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, կայացրած Դատավճիռն առաքման հանձնել 30.09.2024 թվականին այն դեպքում (հավանաբար Դատավճռի վերջնական տարբերակը պատրաստ չլինելու դեպքում), երբ 05.03.2024 թվականից արդեն պաշտոնավարել է որպես Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Բացի այդ, Դատավորի կողմից դատական ակտն առաքման է հանձնվել 30.09.2024 թվականին՝ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին տեղեկանալուց հետո միայն։ Ընդ որում, դատական ակտն առաքման հանձնվելուց բացի, վերջինս 30.09.2024 թվականին ներկայացրել է արդեն նաև իր բացատրությունը, որն Արդարադատության նախարարությունում ստացվել է 02.10.2024 թվականին։ Ստացվում է, որ Դատավճիռը մեղադրողին ուղարկելու շարժառիթ է հանդիսացել Արդարադատության նախարարի 29.08.2024 թվականի թիվ 89-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը և բացառված չէ, որ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցվելու դեպքում 1 տարի 3 ամիս ուշացվելուց հետո կրկին դատավարության մասնակիցները տևական ժամանակ չստանային Գործով կայացված դատական ակտը։
Վարույթ հարուցած մարմինը եզրակացրել է, որ Դատավորի գործողություններում առկա են Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասով, 375-րդ հոդվածով ամրագրված պահանջների խախտումներ, այն է՝ Դատարանի կողմից 06.06.2023 թվականին հրապարակվել է թիվ ԱՎԴ/0059/01/21 քրեական գործով Դատավճիռը, և Դատարանը Դատավճռի պատճենը պետք է հանձներ մեղադրողին ոչ ուշ քան մինչև 11.06.2023 թվականը ներառյալ, սակայն Դատարանն այն ուղարկել է ոչ թե 5 օրում, այլ՝ 30.09.2024 թվականին, այսինքն՝ ավելի քան 1 տարի 3 ամիս անց, ինչի հետևանքով մեղադրողը չի կարողացել ժամանակին և պատշաճ իրականացնել օրենքով սահմանված իր լիազորությունները և զրկվել է այն ժամանակին բողոքարկելու հնարավորությունից։
Վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ նաև՝ Բանգալորյան սկզբունքներ) 4-րդ և 6.5-րդ կետերը, Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները2, Սահմանադրական դատարանի 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) վճիռներով (տես՝ Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994, Stögmüller v. Austria (1602/62) գործով 10.11.1969 թվականի վճիռը), Խորհրդի 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3, 05.09.2020 թվականի թիվ ԲԴԽ-9-Ո-Կ-4, 20.12.2021 թվականի թիվ ԲԴԽ-101-Ո-Կ-27 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե՛ որպես անհատ, և թե՛ որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա։
Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման պահանջն իր ամրագրումն է ստացել ոչ միայն դատավարական օրենսգրքերում, այլ նաև՝ դատավորին ներկայացվող վարքագծի կանոններում՝ իրենից ներկայացնելով առանձնակի կարևորություն, քանի որ որոշ դեպքերում և պայմաններում, դրա խախտումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատական իշխանության հեղինակազրկման հարցում՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը, ինչպես նաև կարծիք ստեղծել՝ իրեն վերաբերող վեճի լուծման շուրջ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից դրսևորվող անտարբերության տեսանկյունից։
Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Խորհրդի 22.09.2022 թվականի թիվ ԲԴԽ-72-Ո-Կ-17 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, նշել է, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրականացումը համարվում է ապահովված այն ժամանակ, երբ քննության արդյունքում կայացվող դատական ակտն օրենքով նախատեսված եղանակներով համապատասխան ժամկետում հասանելի է դառնում դատավարության մասնակիցներին։ Դատավճիռը հրապարակվելուց հետո դրա պատճենը կողմին հանձնելու համար նախատեսված ժամկետի սահմանումն ինքնանպատակ չէ։ Այն հնարավորություն է տալիս դատական ակտը, տվյալ դեպքում՝ Դատավճիռը ստացած կողմին անհամաձայնության դեպքում բողոքարկելու և իրացնելու արդար դատաքննության իրավունքը մինչև քրեական պատասխանատվության համար սահմանված վաղեմության ժամկետներն անցնելը։ Ընդ որում, այն դեպքում, երբ դատական ակտն ուշացվելուց հետո այն տրամադրելու պահի դրությամբ դեռևս լրացած չեն լինում քրեական պատասխանատվության համար սահմանված վաղեմության ժամկետները, դատական ակտը տևական ժամանակ հետո ուշացմամբ տրամադրվելով կողմերին՝ նախադրյալներ են ստեղծվում հետագայում վերադաս ատյաններում տվյալ հանցագործության համար վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու տեսանկյունից։
Միաժամանակ դատարանի կողմից ընդունված դատական ակտի հիմքում ընկած եզրահանգումները, մոտեցումները, ապացույցների և փաստերի գնահատումը, իրավանորմերի մեկնաբանությունը դատավարության մասնակիցներին հայտնի է դառնում միայն դատական ակտի ամբողջական տարբերակին ծանոթանալուց հետո, որի բովանդակությամբ պայմանավորված՝ վերջիններիս մոտ առաջացած անհամաձայնությունն արտահայտվում է վերադաս դատական ատյանին ուղղված բողոքում։
Քննարկվող դեպքում վերը նշված դատավարական ժամկետները չպահպանելով և Դատավճռի պատճենը մեղադրողին ավելի քան 1 տարի 3 ամիս անց ուղարկելու արդյունքում թույլ տրված խախտումները հանգեցրել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված վարքագծի կանոնների խախտման, ինչը նվազեցնում է հանրության վստահությունն արդարադատության և դրա արդյունավետության նկատմամբ և այդպիսով հեղինակազրկում դատական իշխանությունը։
Անդրադառնալով մեղքի ձևին, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերը՝ վարույթ հարուցած մարմինը հայտնել է, որ վերը ներկայացված իրավական վերլուծությունների շրջանակներում արդեն իսկ հիմնավորվել է Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի, դատավորի վարքագծի կանոնների խախտումներ թույլ տալու փաստը։
Միաժամանակ Գործի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի, դատավորի վարքագծի կանոնների խախտումները կատարվել են մեղավորությամբ, որը տվյալ դեպքում դրսևորվել է կոպիտ անփութությամբ, այսինքն՝ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել։ Միևնույն ժամանակ, իր իսկ բացատրությամբ Դատավորը, անդրադառնալով մեղքի ձևերին, ընդունել է այն փաստը, որ ստեղծված պայմաններում վերջինս կարող էր և պարտավոր էր գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն ծանրաբեռնվածության պատճառով չի կարողացել ժամանակին կատարել դատական ակտն ուղարկելու իր պարտականությունը։
Դատավորն իր կողմից ներկայացված բացատրությամբ հայտնել է, որ դատական ակտը մեղադրողին ուշ ուղարկելու հանգամանքը պատճառաբանել է իր ծանրաբեռնվածությամբ, որն ըստ Դատավորի՝ պայմանավորված է եղել վերջինիս մակագրված գործերի քանակով, որոշ ժամանակ անաշխատունակության վիճակում գտնվելով, աշխատակազմի ոչ լիարժեք կազմով աշխատելու հանգամանքներով։
Վարույթ հարուցած մարմինն այս կապակցությամբ նշել է, որ Դատավորը վերը նշված 1 տարի 3 ամսվա ոչ միայն ամբողջ ընթացքում, այլ նաև դրա նույնիսկ 1/2-րդ ժամանակահատվածում չի գտնվել անաշխատունակության մեջ և վերջինիս կողմից ներկայացված անաշխատունակության ժամանակահատվածը կազմում է ընդամենը մի քանի օր, ինչը որևէ կերպ չէր կարող ազդել դատական ակտի՝ այդչափ ուշացմամբ ուղարկելու վրա։ Ինչ վերաբերում է Դատավորի ծանրաբեռնվածության և աշխատակազմի ոչ լիարժեք համալրված լինելու փաստարկներին, ապա վարույթ հարուցած մարմինն անհրաժեշտ է համարել հաշվի առնել, որ Խորհրդի կողմից կայացվել են տարբեր դատական ակտեր, որոնց հիմքում ընկած դատավարական ժամկետների խախտումները դատավորները պատճառաբանել են նույն փաստարկներով, սակայն Խորհուրդը դրանք հիմնավոր չի համարել՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության չենթարկելու տեսանկյունից։ Քանզի ՀՀ դատական համակարգում հաճախակի են տեղի ունենում դատավորների տեղափոխություններ և գործերի վերամակագրություններ, ինչպես նաև դատավորի կազմի փոփոխություններ, որոնք կրում են անընդհատ և գրեթե համատարած բնույթ։
Բացի այդ Դատավորը որպես իր ծանրաբեռնվածությունը հիմնավորող փաստարկ, նշել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակվելու հանգամանքը, մինչդեռ դա տվյալ պարագայում չի կարող դիտարկվել որպես դատական ակտն ուշ ուղարկելու հիմնավորում, քանի որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակվելուց հետո վերջինս չի կարող տրամադրել դատավճիռ որպես Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Այսինքն, ստացվում է, որ փաստացի Դատավորը միաժամանակ պաշտոնավարում է որպես Վերաքննիչ դատարանի դատավոր, սակայն դատավարության կողմերն այդ ընթացքում (ոչ փոքր ժամանակահատվածի խզվածքով) ստանում են վերջինիս՝ որպես առաջին ատյանի դատավորի կողմից կայացված դատական ակտերը, որպիսի փաստը ոչ միայն չի կարող համարվել պատշաճ հիմնավորում, այլ նաև կարող է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից համարվել առավել վատթարացնող փաստական հանգամանք, քանի որ նման գործողության կատարումն ինքնին հեղինակազրկում է դատական իշխանությունը։
Անդրադառնալով Դատավորի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ վերջինիս անուն-ազգանունը Խորհրդի որոշմամբ 12.12.2023 թվականից մինչև 12.03.2024 թվականը գործերի բաշխման ցանկից հանելու փաստարկին՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ նման որոշման կայացման նպատակը, ի թիվս այլնի, կայանում է նրանում, որ դատավորն ավարտի այն դատական գործերը կամ տրամադրի այն դատական ակտերը, որոնցով թույլ է տվել ուշացումներ։
Այնուհետև վարույթ հարուցած մարմինը, անդրադառնալով այն հանգամանքին, որ քննարկվող գործով Դատավորի գործողությունների արդյունքում վաղեմության ժամկետներն անցնելու վտանգ առկա չէ, նշել է, որ յուրաքանչյուր ստորադաս դատական ատյանի կողմից տևական ժամանակով դատական ակտի տրամադրումն ուշացվելու դեպքում նախադրյալներ են ստեղծվում հետագայում վերադաս ատյաններում տվյալ հանցագործության համար վաղեմության ժամկետներն անցնելու տեսանկյունից (դատական գործի քննության կամ վերադաս ատյանների կողմից նոր քննության ուղարկվելու դեպքում և այլն)։
Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ հաղորդմամբ նշված չի եղել արդար դատաքննության իրավունքի խախտման մասին և հետևաբար՝ նման խախտում չէր կարող վերագրվել Դատավորին, ապա վարույթ հարուցած մարմինը նշել է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող մարմինը կաշկանդված չէ հաղորդմամբ նշված հիմքերով և հիմնավորումներով, ավելին, բացակայում է նման օրենսդրական արգելք, և գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացումը հանդիսանալով արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր՝ դրա խախտումն ինքնին հանգեցնում է դատավարության յուրաքանչյուր կողմի արդար դատաքննության իրավունքի խախտման։
Նշանակված դատական նիստում վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավորը վարույթ հարուցած մարմնին ներկայացրած բացատրությամբ անդրադարձ է կատարել արդար դատաքննության իրավունքի խախտմանն ու դատական իշխանության հեղինակազրկմանը:
Արդար դատաքննության իրավունքի խախտման կապակցությամբ, մասնավորապես, Դատավորն արձանագրել է դատավարության մասնավոր որևէ մասնակցի կողմից արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ գանգատի բացակայության փաստը՝ այն հիմնավորելով ինչպես համապատասխան գանգատի առկայության վերաբերյալ իրեն հայտնի չլինելու, այնպես էլ հաղորդման՝ այդ մասին որևէ նշում չպարունակելու հանգամանքերով։ Դատավորի պնդմամբ մեղադրանքի կողմը (բացառությամբ մասնավոր մասնակիցների) չի հանդիսանում արդար դատաքննության իրավունքի կրող, հետևաբար՝ չի կարող գանգատվել այդ իրավունքի խախտման փաստից։
Դատավորն անդրադառնալով Դատավճիռը հաղորդում ներկայացնելու օրվա դրությամբ դեռևս ուղարկված չլինելու հանգամանքով պայմանավորված դատական իշխանության հեղինակազրկմանը՝ առանձնացրել է մի շարք հանգամանքները և նշել նաև, որ իր կողմից անհրաժեշտ դատավարական գործողությունների պատշաճ իրացմանը խոչընդոտել է իր՝ որպես դատավորի ծանրաբեռնվածությունը, որը կրել է կումուլյատիվ (կուտակային) բնույթ։ Այսպես՝
• 2021-2022 թվականներն ընկած ժամանակահատվածում Դատավորին են փոխանցվել թվով 116 անավարտ քրեական գործեր, որոնցից թվով 19-ը պատժի փոփոխման, հետաձգման և պատժից ազատման վերաբերյալ անավարտ միջնորդություններ են եղել,
• 2022 թվականին Դատավորին են մակագրվել թվով 172 քրեական գործեր, որոնցից ավարտվել են թվով 107-ը և անավարտ են մնացել թվով 181 քրեական գործեր։ Բացի այդ ստացվել են թվով 160 նույնանման միջնորդություններ, որոնցից միայն մոտ 130-ը ստացվել են հուլիս ամսին և վերաբերել են մինչև 01.07.2022 թվականը կատարած արարքներն ու նշանակված պատիժները ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելուն, որոնցից 2022 թվականի հուլիս ամսից ավարտվել են թվով 56-ը, 2023 թվականին՝ թվով 72-ը, 05.03.2024 թվականի դրությամբ՝ թվով 2-ը, և անավարտ են մնացել շուրջ 5-ը,
• 11.12.2023 թվականի դրությամբ մակագրվել են թվով 100 քրեական գործեր։ Նշված ժամանակահատվածում միայն անավարտ քրեական գործերի քանակը կազմել է արդեն 221 քրեական գործ,
• 2023 թվականի միայն առաջին կիսամյակում մակագրվել են թվով 127 միջնորդություններ, որոնցից քննվել և լուծվել են թվով 160-ը,
• 29.12.2023 թվականի դրությամբ անավարտ են եղել շուրջ 209 քրեական գործեր և շուրջ 30 միջնորդություններ,
• 11.12.2023 թվականից 06.03.2024 թվականի դրությամբ ավարտվել են թվով 40 միայն քրեական գործեր, հետևապես անավարտ են մնացել թվով 171 քրեական գործեր,
• 01.01.2024 թվականից մինչև 05.03.2024 թվականը քննվել և լուծվել են դատավճռի կատարման փուլին վերաբերող ևս շուրջ 20 միջնորդություններ,
• 2024 թվականի հունվար ամսից մինչև 05.03.2024 թվականը քննվել և լուծվել են շուրջ 45 մինչդատական վարույթի դատական երաշխիքների փուլին վերաբերող միջնորդություններ և բողոքներ։
Դատավորը նաև նշել է, որ Խորհուրդը, հաշվի առնելով իր ծանրաբեռնվածությունը, 11.12.2023 թվականին ընդունած թիվ ԲԴԽ-100-Ո-309 որոշմամբ 12.12.2023-12.03.2024 թվականներն ընկած ժամանակահատվածի համար իր անուն-ազգանունը հանել է գործերի բաշխման ցանկից։
Ավելին, 2023 թվականի հունվար-հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում Դատավորի աշխատակազմն ամբողջությամբ համալրված չի եղել։ Այն բաղկացած է եղել միայն դատավորի օգնականից և գործավարից, իսկ դատական նիստերի քարտուղարի հաստիքն այդ ժամանակահատվածում՝ շուրջ 6 ամիս, թափուր է մնացել։ Դատավորի պնդմամբ՝ նշված ժամանակահատվածում օգնականի կողմից դատական նիստերի քարտուղարին փոխարինելն էապես ավելացրել է վերջինիս ծանրաբեռնվածությունը, իսկ դատավորի օգնականի կողմից իր անմիջական պարտականությունների (դատական ակտերի նախագծերի կազմում) կատարման անհնարինությունն իր հերթին էապես դժվարացրել է Դատավորի կողմից օրենսդրությամբ սահմանված ժամկետներում դատավարական գործողությունների կատարումը։
2024 թվականի հունվարի 3-5 ընկած ժամանակահատվածում Դատավորը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության վիճակում, ինչն էլ վերջինիս պնդմամբ եղել է ծանրաբեռնված աշխատանքի արդյունք։
ՀՀ նախագահի 05.03.2024 թվականի թիվ ՆՀ-77-Ա հրամանագրով Դատավորը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ 2024 թվականի մարտի 6-ից օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածում Դատավորին են մակագրվել թվով 216 վերաքննիչ բողոքներ, այդ թվում՝ հատուկ վերանայման, որոնցից քննվել և լուծվել են թվով 183-ը։
Ամփոփելով վերոգրյալը՝ Դատավորը նշել է, որ Գործով վաղեմության ժամկետների անցման վտանգ առկա չէ, ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավը, այսինքն՝ որևէ ամբաստանյալ անազատության մեջ չի գտնվում, մեղադրանքի կողմը զրկված չէ դատական ակտը բողոքարկելու իրավունքից, քանզի 30.09.2024 թվականին Դատավճիռը հանձնվել է առաքման, և դատական ակտը ստանալուն պես բողոքարկելու իրավունքը կարող է իրացվել, որևէ անձի համար որևէ բացասական հետևանք չի առաջացել, որպիսի հանգամանքներն էլ կարևոր են կարգապահական վարույթի ճիշտ լուծման համար։
Դատավորի պնդմամբ իրեն վերագրված արարքն օբյեկտիվորեն թույլ է տրվել իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված։ Անդրադառնալով մեղքի ձևերին՝ Դատավորը բացառել է արարքի՝ դիտավորությամբ կատարելու հանգամանքը, իսկ ինչ վերաբերում է արարքը կոպիտ անփութությամբ կատարելուն՝ նշել է, որ թեև կարող էր և պարտավոր էր գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն ստեղծված իրադրությունում ակնհայտորեն չէր կարող ժամանակին կատարել դատական ակտն ուղարկելու իր պարտականությունը, հետևաբար, խնդրել է կարճել հարուցված կարգապահական վարույթը։
Խորհրդում տեղի ունեցած նիստի ընթացքում Դատավորի ներկայացուցիչը, ի թիվս վերոգրյալ փաստարկների, հավելել է նաև, որ տվյալ դեպքում Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը չի կարող հանգեցնել դատավորի վարքագծի կանոնի խախտման, քանի որ ըստ Օրենսգրքի տրամաբանության դրանք միմյանց հետ չկապված կարգապահական պատասխանատվության հիմքեր են, ինչպես նաև նշել է, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ Դատավորի մեղքը բացակայում է:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
4.1. 09.06.2021 թվականին քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու։
4.2. Թիվ 69102121 նախաքննական համարով քրեական գործին շնորհվել է թիվ ԱՎԴ/0059/01/21 համարը և 11.06.2021 թվականին հանձնվել է Դատավորին: Նույն օրը ղեկավարվելով Քրեական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածով՝ կայացվել է որոշում Գործը վարույթ ընդունելու մասին։
4.3. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել և ավարտվել է Յուսեֆ Աբոլֆազլ Հաշեմինի և Արփինե Սամվելի Սարգսյանի վերաբերյալ թիվ ԱՎԴ/0059/01/21 քրեական գործը և 06.06.2023 թվականին հրապարակվել է Դատավճռի եզրափակիչ մասը։
4.4. Ըստ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ/0059/01/21 քրեական գործով 06.06.2023 թվականին կայացված դատավճռի՝ «Արփինե Սամվելի Սարգսյանին ճանաչել մեղավոր 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված, 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով։ (…)
Ճանաչել և հռչակել Յուսեֆ Աբոլֆազլ Հաշեմիի անմեղությունը 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, Յուսեֆ Աբոլֆազլ Հաշեմիի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ու նրան արդարացնել` արարքում նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: (…)»:
4.5. Գործով կայացված Դատավճիռը 30.09.2024 թվականին հանձնվել է առաքման և 23.11.2024 թվականին տեղադրվել Դատական տեղեկատվական համակարգում:
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.
Հաշվի առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի և նրա ներկայացուցչի կողմից ներկայացված պատասխանը՝ Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1 արդյո՞ք թիվ ԱՎԴ/0059/01/21 քրեական գործով Դատավորի կողմից Դատավճիռը հրապարակելուց հետո 1 տարի 3 ամիս անց դրա պատճենը դատախազին հանձնելով թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտում,
5.2 արդյո՞ք թիվ ԱՎԴ/0059/01/21 քրեական գործով կատարված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) ենթադրյալ խախտումը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,
5.3 արդյո՞ք թիվ ԱՎԴ/0059/01/21 քրեական գործով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) ենթադրյալ խախտումը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնի խախտման:
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով վարույթ հարուցող մարմնի հաղորդումը, ինչպես նաև վերջինիս ներկայացուցչի, Դատավորի և նրա ներկայացուցչի դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:
Սահմանադրության 175-րդ և Օրենսգրքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր իրավական բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության` օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:
Խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:
Խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որպիսի չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը, ինչպես նաև՝ ապահովի դատավորի կողմից բացառապես իր լիազորությունների շրջանակներում գործելու օրենսդրական պահանջը, միաժամանակ երաշխավորելով դատավորի անձեռնմխելիությունը կարգապահական պատասխանատվությունից՝ դատարանի օրենքով վերապահված լիազորությունները բարեխղճորեն մեկնաբանելու դեպքում:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են`
1) արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Խորհուրդն արձանագրում է, որ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:
Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն բավարար ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար և կհաստատեն վերջինիս մեղքը: Այսինքն, գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում վարույթ հարուցող մարմինը պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:
Օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում:
Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:
Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։
Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը:
Դատարանի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի պահպանումն անմիջականորեն կապված է, այդ թվում նաև անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարրերից իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման հետ: Այս իմաստով արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում: Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա անվստահություն է առաջացնում արդարադատության ողջ համակարգի նկատմամբ:
Դատավորի վարքագծի կանոններին վերաբերող վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե' որպես անհատ, և թե' որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա:
Տվյալ դեպքում վարույթ հարուցած մարմինը ներկայացրած միջնորդությամբ, որպես Դատավորի կողմից թույլ տրված խախտման հիմքեր ներկայացրել է Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ և 375-րդ հոդվածներում ամրագրված պահանջների, ինչպես նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտումները։
Քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի համաձայն՝ դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին: Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին դատավճռի պատճենն այդ նույն ժամկետում հանձնվում է նրանց միջնորդությամբ:
Նշված հոդվածի համակարգային վերլուծությունից բխում է, որ այն պարտավորեցնում է դատարանին որոշակի ժամկետում իրականացնել դատաքննության ավարտին կայացված դատավճռի պատճենի հանձնումը դատավարության մասնակիցներին։ Այդ նորմից հետևում է, որ 5-օրյա ժամկետում դատավճռի պատճենի հանձնումը դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին պարտադիր է, ինչն ինքնին երաշխիք է, այդ թվում նաև մեղադրողի (դատախազի) բողոքարկման իրավունքի իրացման և դրանից բխող վերջինիս վերաբերելի իրավադրույթներով վերապահված գործառույթների իրականացման համար։
Խորհուրդը նախկինում կայացրած որոշումներով բազմիցս արձանագրել է, որ եթե օրենքով սահմանված են հստակ ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից և յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ, քանի որ նշված ժամկետում ակնկալվող արդյունքից է կախված դատավարության յուրաքանչյուր մասնակցի համար հնարավոր իրավական հետևանքի առաջացումը, որը կարող է դրսևորվել դատական ակտի բողոքարկմամբ կամ չբողոքարկելու արդյունքում օրինական ուժի մեջ մտնելով:
Քրեական դատավարության օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավճիռն ստորագրելուց հետո դատարանը վերադառնում է դատական նիստի դահլիճ, և նախագահողը հրապարակում է դատավճիռը: (…)
Քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի իրավակարգավորումը դիտարկելով քրեադատավարական օրենսգրքի մյուս դրույթների հետ համակարգային փոխկապվածության մեջ՝ Խորհուրդն արձանագրում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անհրաժեշտ բոլոր հարցերը լուծելուց հետո դատարանն անցնում է դատավճիռ կազմելուն: Դատավճիռը կազմվում և հրապարակվում է երկշաբաթյա ժամկետում:
Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ դատավճռի պատճենը հանձնելու համար որոշակի ժամկետ սահմանող դատավարական նորմը դատարանին հնարավորություն է տալիս առավել արդյունավետությամբ իրականացնել իր պարտականությունները, մասնավորապես այնպիսի պատասխանատու և վճռորոշ փաստաթուղթ կայացնելիս, ինչպիսին է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատավճիռը, որն ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության հարցն է լուծում:
Խորհուրդն ինչպես նախկին գործերով, սույն գործով կրկին արձանագրում է, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ. ժամկետ նախատեսելով օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ երաշխավորել տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ապահովել իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, ինչպես նաև կանխել և բացառել «կամայականության վտանգ»-ը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն:
Խորհուրդը փաստում է, որ քննարկվող պարագայում թիվ ԱՎԴ/0059/01/21 քրեական գործով Դատարանի կողմից 06.06.2023 կազմվել և հրապարակվել է դատավճիռը, որով ամբաստանյալ Յուսեֆ Աբոլֆազլ Հաշեմին արդարացվել է՝ արարքում նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով, իսկ ամբաստանյալ Արփինե Սարգսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է ազատազրկման։
Արդյունքում, ըստ Խորհրդի կողմից սույն որոշմամբ արձանագրված իրավակարգավորումների՝ Դատարանը Դատավճռի պատճենը պետք է հանձներ մեղադրողին ոչ ուշ քան մինչև 12.06.2023 թվականը ներառյալ (11.06.2023 թվականը կիրակի է եղել), սակայն Դատարանն այն մեղադրողին է ուղարկել ոչ թե Քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածով սահմանված 5-օրյա ժամկետում, այլ՝ 30.09.2024 թվականին, այսինքն՝ 1 տարի 3 ամիս անց:
Վերոնշյալ իրավական վերլուծություններից Խորհուրդը եզրահանգում է, որ Դատարանը թույլ է տվել Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ և 375-րդ հոդվածներով սահմանված պահանջների խախտում:
Ինչ վերաբերում է դատավճիռը կողմերին սահմանված ժամկետից ուշ տրամադրելը իր ծանրաբեռնվածությամբ, կարճատև ժամանակահատվածում անաշխատունակության վիճակում գտնվելու, տարբեր նստավայրերում դատական նիստեր անցկացնելու, տևական ժամանակ իր դատական կազմը ոչ ամբողջական համալրված լինելու հանգամանքներով պայմանավորելու արդյունքում Դատավորի մեղքի բացակայության մասին Դատավորի ներկայացուցչի պնդմանը, ապա Խորհուրդը կարևոր է համարում արձանագրել, որ հանրահայտ փաստ է, որ մեղքը անձի հոգեբանական վերաբերմունքն է իր արարքի և դրա վտանգավոր հետևանքների նկատմամբ։ Միաժամանակ, քրեական իրավունքի տեսության մեջ մեղքի վերաբերյալ ձևավորվել է երեք հիմնական հայեցակարգ՝ 1) վտանգավոր վիճակ, 2) նորմատիվիստական կամ արժեքաբանական և 3) հոգեբանական: Ներկայումս աշխարհի բոլոր իրավական, ժողովրդավարական պետությունների քրեական օրենսդրությունները հիմնված են մեղքի նորմատիվիստական կամ արժեքաբանական հայեցակարգի վրա, որի էությունը կայանում է նրանում, որ մեղքը դիտարկվում է որպես արարքի և այն կատարողի պարսավելիություն: Այսինքն, մեղքը առկա է այն դեպքում, երբ կատարած արարքի համար անձին կարելի է պարսավել, իսկ դա հնարավոր է այն դեպքում, երբ անձը գիտակցում է իր արարքի հակաիրավականությունը կամ թեև չի գիտակցում, սակայն կարող էր գիտակցել: Այսպիսով, անձին մեղադրել, պարսավել նրա կողմից կատարված և օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառած արարքի համար հնարավոր է այն դեպքում, երբ նա գիտակցում է իր արարքի արգելված լինելը և, չնայած դրան, արհամարհելով արգելքը, խախտում է այն, երկրորդ՝ այն դեպքում, երբ թեև չի գիտակցում իր արարքի հակաիրավականությունը, սակայն կարող էր գիտակցել դա: Ընդ որում, երկրորդ մոտեցման ամրագրումը նույնպես պայմանավորված է արհամարհական, ժխտողական վերաբերմունքի առկայությամբ օրենքի և իրավակարգի նկատմամբ:
Տվյալ դեպքում, Դատավորի կողմից մատնանշված ծանրաբեռնվածությունը, կարճատև ժամանակահատվածում անաշխատունակության վիճակում գտնվելը, տարբեր նստավայրերում դատական նիստեր անցկացնելու, տևական ժամանակ իր դատական կազմը ոչ ամբողջական համալրված լինելու հանգամանքները չեն կարող դիտարկվել այնպիսի իրադարձություններ, որոնք չափազանց մեծ բացասական ազդեցություն են ունեցել Դատավորի հոգեբանական վիճակի վրա և կարող են դիտարկվել որպես մեղքը բացառող հանգամանքները։ Խորհուրդն իր 13.06.2024 թվականի թիվ ԲԴԽ-51-Ո-Կ-5 որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ հոգեբանական ծանրաբեռնվածությունը կարող է արտահայտվել այնպիսի իրավիճակներում, երբ մարդու օրգանիզմը ստացված լուրերի և/կամ իրադարձությունների հետևանքով առաջացած սթրեսի արդյունքում հայտնվում է ծանր հոգեբանական վիճակում: Նման դեպքերում կարևոր է դիտարկել օբյեկտիվ կողմի առկայությունը՝ պայմանով, որ կա նաև սուբյեկտիվ կողմ, որը բաղկացած է նման իրավիճակում հայտնված կոնկրետ անձի հոգեֆիզիոլոգիական որոշակի հատկանիշներից։ Այս պարագայում մեղքի բացակայությունը հաստատված համարելու համար անհրաժեշտ է անձի հոգեֆիզիոլոգիական որոշակի վիճակի և օբյեկտիվ չափանիշներից առնվազն մեկի, այն է՝ հոգեբանական ծանրաբեռնվածության առկայությունը, որը տվյալ դեպքում բացակայում է, քանի որ ծանրաբեռնվածությունը, կարճատև ժամանակահատվածում անաշխատունակության վիճակում գտնվելը, տարբեր նստավայրերում դատական նիստեր անցկացնելը և տևական ժամանակ Դատավորի դատական կազմը համալրված չլինելը մեղքի վերոնշյալ ընկալման համատեքստում չի արտահայտում Դատավորի հոգեֆիզիոլոգիական որոշակի վիճակով պայմանավորված նրա վերաբերմունքն իր կողմից թույլ տրված արարքի նկատմամբ:
Խորհուրդն անդրադառնալով Դատավորի ներկայացուցչի կողմից վկայակոչված այն փաստարկին, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը չի կարող հանգեցնել դատավորի վարքագծի կանոնի խախտման՝ հարկ է համարում արձանագրել, որ Օրենսգրքի 142–րդ հոդվածով սահմանված են կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետևյալ հիմքերը․
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Հետևաբար, կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերոնշյալ հիմքերը կախված իրավիճակից կարող են դրսևորվել համատեղ կամ առանձին–առանձին վերցված։ Յուրաքանչյուր դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը պետք է առանձին գնահատման առարկա դարձվեն Խորհրդի կողմից, ինչն էլ իր հերթին չի բացառում արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ տալու դեպքում դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի արձանագրման հնարավորությունը։
Տվյալ դեպքում, Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի, այն է՝ Դատավճիռը կողմերին օրենքով սահմանված ժամկետից ուշ ուղարկելը, հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնների խախտման, մասնավորապես վերջինս թույլ է տվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց) և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնների խախտում:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:
Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել, այնքանով, որքանով չեն հիմնավորել քրեադատավարական նորմով սահմանված ժամկետի խախտումները՝ որևէ իրավաչափ նպատակով: Դատարանի նման վարքագծի դրսևորումը կասկած է հարուցում նաև Դատարանի անկախության ու անաչառության նկատմամբ, դրանով իսկ նվազեցնում հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:
Վերոգրյալի հիման վրա Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումներն իրենց բնույթի և հետևանքների առումով ստվերում են դատարանի անկախությունն և անաչառությունը, հանրության մոտ առաջացնում են անվստահություն Սահմանադրությամբ և Օրենսգրքով ամրագրված դատական իշխանության անկախության և անաչառության կարևորագույն սկզբունքների նկատմամբ։
Միևնույն ժամանակ տույժի տեսակը որոշելիս Խորհուրդը հաշվի է առնում նաև այն, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանին հայտարարել նկատողություն:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
_____________________________
1 Ընդունվել է 01.07.1998 թվականին, ուժի մեջ է մտել 12.01.1999 թվականին, ուժը կորցրել է 01.07.2022 թվականին, բացառությամբ 30.06.21 ՀՕ-306-Ն օրենսգրքի 483-րդ հոդվածում նշված դրույթների։
2 Տե՛ս Դատավորի վարքագծի բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները, կետ 207, 209, https://www.unodc.org/documents/nigeria/publications/Otherpublications/Commentry_on_the_Bangalore_principles_of_Judicial_Conduct.pdf:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ա. Աթաբեկյան խորհրդի նիստը նախագահող Անդամներ` Կ. Թումանյան Ա. Դանիելյան Ե. Թումանյանց Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Էդ. Հովհաննիսյան Ք. ՄԿՈՅԱՆ
Բարձրագույն դատական
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|