ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունվարի 2025 թվականի N 5-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 8-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Կենտրոն, Հանրապետության փողոց 85 հասցեում գտնվող՝ շուկայական արժեքին մոտարկված 113 190 000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 0.0343 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15052024-01-0320 վկայական) օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել, որ՝
1) աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը 2024 թվականի հուլիսի 2-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով 411 100 000 ՀՀ դրամ է.
2) աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը (այսուհետ՝ գնորդ) իր կողմից առաջարկված գինը վճարում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժույթով.
3) գնորդը պարտավոր է վճարել նաև՝
ա. գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 30 000 ՀՀ դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան հաշվին, և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս,
բ. պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
3. Կոմիտեի նախագահին՝
1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում ու մամուլում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման.
4) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր.
5) սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։
4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, ու գույքը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ նույն պայմաններով՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազման։
5. Գույքի վաճառքի առաջարկված գնի 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|