ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 38-Ա |
«09» հունվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Դավիթ Բաբախանյանի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ Դ-158006-24 և 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ Դ-164351-24 դիմումների հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն՝ իրականացվել է վարչարարություն:
Ուսումնասիրելով Դավիթ Բաբախանյանի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ Դ-158006-24 և 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ Դ-164351-24 դիմումները, գնահատելով նշված դիմումներին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
2024 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ Դ-158006-24 և 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ Դ-164351-24 դիմումներին կից ներկայացված ապացույցների համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի 4-ին Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 31 շենքի բակային տարածքում կայանված՝ Դավիթ Բաբախանյանի սեփականությունը հանդիսացող «Toyota Camry 2.5» մակնիշի «01 NA 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ է ընկել, ինչի հետևանքով ավտոմեքենան վնասվել է:
Դավիթ Բաբախանյանը, 2024 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ Դ-158006-24 և 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ Դ-164351-24 դիմումներին կից ներկայացնելով «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից տրված՝ 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՎՊ-24-169-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) և 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՎՊ-24-170-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի տեսուչի կողմից 2024 թվականի նոյեմբերի 4-ին կազմված՝ «Հասցե այցելելու մասին» արձանագրությունը, «Փորձաքննության կատարման ծառայությունների մատուցման մասին» թիվ ՓԾՊ/169 և թիվ ՓԾՊ/170 պայմանագրերը, «Ակբա բանկ» բաց բաժնետիրական ընկերության «Աջափնյակ» մասնաճյուղից տրված 2024 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 7516 և թիվ 8019 վճարման անդորրագրերը՝ խնդրել է փոխհատուցել «Toyota Camry 2.5» մակնիշի «01 NA 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու հետևանքով առաջացած վնասը:
2017 թվականի հունիսի 16-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ KB258538 վկայագրի համաձայն՝ «Toyota Camry 2.5» մակնիշի «01 NA 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Դավիթ Բաբախանյանի սեփականությունը:
Դավիթ Բաբախանյանի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ Դ-158006-24 դիմումի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 19-ին տեղեկացվել է, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցի թիվ 31 շենքի բակում 2024 թվականի նոյեմբերի 4-ին Դավիթ Բաբախանյանին պատկանող «Toyota Camry 2.5» մակնիշի «01 NA 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու վերաբերյալ գրություն, «Թեժ գիծ» կամ «Ակտիվ քաղաքացի» հարթակից ահազանգեր կազմակերպությունը չի ստացել:
«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի նոյեմբերի 29-ին տրված թիվ ՎՊ-24-169-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) եզրակացության «Հետևություն» բաժնի 1-ին պարբերության համաձայն՝ «Toyota Camry 2.5» մակնիշի «01 NA 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա՝ նույն եզրակացության մեջ նկարագրված հետքերն ու վնասվածքներն իրենց բնույթով, տեղակայումներով, առաջացման ուղղվածություններով և հատկանիշներով համապատասխանում են փորձաքննությանը ներկայացված պատահարի վայրի էլեկտրոնային լուսանկարներում և պատահարի վայրում կատարված տեսաձայնագրության մեջ առկա՝ «Toyota Camry 2.5» մակնիշի «01 NA 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղն ընկնելու հետևանքով առաջացած հետքերին ու վնասվածքներին և այդպիսիք կարող էին առաջանալ «Պատահարի հանգամանքները» բաժնում նշված ժամանակ և հանգամանքներում նշված ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու հետևանքով, այն է՝ տեղի ունեցած պատահարի ու նույն եզրակացության մեջ նկարագրված հետքերի և վնասվածքների միջև առկա է պատճառահետևանքային կապ (պատճառը ծառի ճյուղի ընկնելն է, հետևանքը՝ դրանից առաջացած հետքերն ու վնասվածքները):
«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետը, հիմք ընդունելով նույն ընկերության հետքաբան-փորձագետի կողմից տրված թիվ ՎՊ-24-169-ՀՓ եզրակացությունը, 2024 թվականի նոյեմբերի 29-ին կազմել է թիվ ՎՊ-24-170-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունը, որի «Հետևություն» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված «Toyota Camry 2.5» մակնիշի «01 NA 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա նկարագրված վնասվածքների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը, 2024 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ, կազմել է շուրջ 543,000 (հինգ հարյուր քառասուներեք հազար) ՀՀ դրամ:
«Ակբա բանկ» բաց բաժնետիրական ընկերության «Աջափնյակ» մասնաճյուղից 2024 թվականի նոյեմբերի 18-ին տրված թիվ 7516 և թիվ 8019 վճարման անդորրագրերի համաձայն՝ «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված՝ փորձաքննության կատարման ծառայությունների մատուցման մասին թիվ ՓԾՊ/169 և թիվ ՓԾՊ/170 պայմանագրերի հիման վրա՝ Դավիթ Բաբախանյանի կողմից վճարվել է ընդհանուրը 140,000 (մեկ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
2024 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ Դ-158006-24 և 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ Դ-164351-24 դիմումների հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է Դավիթ Բաբախանյանի սեփականությունը հանդիսացող «Toyota Camry 2.5» մակնիշի «01 NA 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու հետևանքով առաջացած վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի տեսուչի կողմից 2024 թվականի նոյեմբերի 4-ին կազմված՝ «Հասցե այցելելու մասին» արձանագրությունը, «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից տրված՝ 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՎՊ-24-169-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) և 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՎՊ-24-170-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները, «Ակբա բանկ» բաց բաժնետիրական ընկերության «Աջափնյակ» մասնաճյուղից տրված 2024 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 7516 և թիվ 8019 վճարման անդորրագրերը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Դավիթ Բաբախանյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2024 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ Դ-158006-24 և 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ Դ-164351-24 դիմումները բավարարել:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՎՊ-24-170-ԱՊ ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Toyota Camry 2.5» մակնիշի «01 NA 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 543,000 (հինգ հարյուր քառասուներեք հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև 140,000 (մեկ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամը, որպես թիվ ՎՊ-24-169-ՀՓ հետքաբանական և թիվ ՎՊ-24-170-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները ձեռք բերելու նպատակով կատարված ծախս, փոխհատուցել Դավիթ Բաբախանյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|