ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2025 թվականի N 35-Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵԱԲԻԼԻՏԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականիհունվարի 16-ի N 35-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵԱԲԻԼԻՏԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) սահմանում է համալիր միջոցառումներ և դրանց կազմակերպման կարգ, որոնք ուղղված են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման, վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատման միջոցով նրա կողմից կրկին բռնություն գործադրելու կանխմանը:
2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց հետ ծրագիրն իրականացնում է սույն հավելվածի հիման վրա ընտրված հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) միջոցով:
3. Ծրագրի իրականացման համար կազմակերպությունն առնվազն պետք է ունենա մեկական վերապատրաստված սոցիալական աշխատող, հոգեբան և իրավաբան, որոնք պետք է ունենան հմտություններ աշխատելու ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց տարբեր խմբերի հետ: Առողջության վերականգնման կամ վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատման համար կազմակերպությունը, ըստ անհրաժեշտության, պետք է դիմի այլ մարմիններին կամ կազմակերպություններին, որոնք օրենսդրության համաձայն պարտավոր են տրամադրել համապատասխան սոցիալական և բժշկական ծառայություններ:
4․ Ծրագիրն իրականացվում է դրամաշնորհի տրամադրման ընթացակարգով՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Եթե ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձը պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում կամ պրոբացիայի շահառու է, ապա համապատասխան ծրագրերն իրականացվում են քրեակատարողական հիմնարկի կամ պրոբացիայի ծառայության կողմից՝ դատապարտյալի կամ պրոբացիայի շահառուի վերասոցիալականացման ծրագրերի շրջանակներում՝ ղեկավարվելով, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով կամ «Պրոբացիայի մասին» օրենքով:
II․ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ, ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6. Ծրագրի բովանդակությունը բխում է ծրագրի նպատակներից ու հարմարեցվում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած յուրաքանչյուր անձի առանձնահատկություններին: Ծրագրի բովանդակությունը կարող է փոխվել ծրագրի իրականացման ընթացքում, եթե դա բխում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կարիքներից:
7. Ծրագրի բովանդակությունը որոշելիս ու իրականացնելիս առաջնային է հետևյալ նախապայմանների ապահովումը՝
1) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց անվտանգությունը և ապահովությունը որպես առաջնահերթություն ընդունելը, նրանց՝ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի հետ աշխատելիս չվնասելը կամ չմեղադրելը.
2) գենդերազգայուն ու մարդակենտրոն մոտեցումը և խտրականության բացառումը.
3) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին ծառայություն մատուցող անձանց հաշվետվողականությունը.
4) ներառականությունը և միջմասնագիտական մոտեցումը.
5) սոցիալ-մշակութային պարտադիր բաղադրիչի համապատասխանությունն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի առանձնահատկություններին.
6) ընտանեկան և կենցաղային բռնության նոր դեպքերի, իսկ հնարավորության դեպքում՝ հանցավոր ցանկացած վարքագծի կանխումը.
7) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի հետ տեղեկության պարբերաբար փոխանակումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին՝ նրա կյանքի և առողջության, անձնական անվտանգության պաշտպանության համար էական նշանակություն ունեցող տեղեկության փոխանցումը.
8) կազմակերպության ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին աջակցություն տրամադրող կենտրոնի համագործակցությունը.
9) վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատվելու անհրաժեշտության դեպքում համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ համագործակցումը:
8. Նախարարությունը կազմակերպում է ծրագիրն իրականացնող կազմակերպության մասնագետների վերապատրաստում:
9. Նախարարությունն օրենսդրությամբ սահմանված ուղղորդման կամ համագործակցության շրջանակներում կազմակերպում է ուղղորդում, ուղեգրում կամ նախաձեռնում է համագործակցության գործընթաց, եթե կազմակերպությանը սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման կամ վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատման համար այլ մարմիններին կամ կազմակերպություններին դիմելու կամ դրանց ծառայություններից օգտվելու գործընթացում անհրաժեշտ է աջակցություն:
10. Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին աջակցություն տրամադրող կառույցի մասնագիտական թիմի հետ:
11. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած յուրաքանչյուր անձի ծրագրի բովանդակությունը և տևողությունը որոշվում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի ռիսկերի և կարիքների գնահատման հիման վրա: Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած յուրաքանչյուր անձի ծրագիրը մշակելիս հաշվի են առնում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի տարիքը, սեռը, առողջական և սոցիալական վիճակը, հոգեբանական առանձնահատկությունները, ընտանիքի կազմը, ընտանեկան և կենցաղային բռնության տեսակը, դրա դրսևորման ձևը, գործադրման տևողությունը, դրա գործադրմանը նպաստող պատճառներն ու պայմանները, ինչպես նաև այլ առանձնահատկություններ։ Ծրագրի մշակման համար անհրաժեշտ է ընտանեկան և կենցաղային բռնության գործադրած անձի գրավոր համաձայնությունը` նրա վերահսկողության պլանում ներառվելիք անձնական տվյալների մշակման համար։
12. Ծրագրի բաղադրիչներն են՝
1) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի ռիսկերի և կարիքների գնահատում.
2) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վերահսկողության պլանի կազմում.
3) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վերահսկողության պլանի իրականացման շրջանակում ծրագրի բուն գործողությունների իրականացում՝ խմբային և անհատական աշխատանքների միջոցով՝ ներառյալ համապատասխան մոդուլների կիրառումը.
4) մշտադիտարկում և աջակցություն, անհրաժեշտության դեպքում՝ ծրագրի վերանայում.
5) ծրագրի արդյունքների գնահատում և ամփոփում:
13. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի ռիսկերը գնահատվում են երեք ուղղությամբ՝
1) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի անձնային ռիսկեր, որոնք պետք է արտացոլվեն ռիսկերի և կարիքների գնահատման գործիքում.
2) կազմակերպության՝ ծրագրի իրականացման հետ կապված ռիսկեր, որոնք պետք է նվազագույնի հասցվեն՝ կիրառելով չվնասելու սկզբունքը.
3) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի խոցելիության ռիսկեր, որոնք պետք է հաշվի առնվեն ծրագրի իրականացման սկզբում ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հետ աշխատող կառույցների հետ համագործակցությամբ:
14. Սույն հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետում նշված ռիսկայնությունը գնահատելիս՝ հաշվի է առնվում նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից կատարված գնահատումը:
15. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վերահսկողության պլանում ներառվում են նրա անձնական տվյալները, ընտանեկան և կենցաղային բռնության տեսակը, դրսևորման ձևերը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հետ փոխհարաբերությունները, նրա անվտանգությունը, ծրագրի տևողությունը, գրանցված առաջընթացները, միջոցառումներից խուսափելու կամ արդյունավետ իրականացնելու վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կամ դեպքի վերաբերյալ բոլոր այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի ռեաբիլիտացիան առավել արդյունավետ իրականացնելու համար:
16. Ծրագրի բուն գործողություններն իրականացվում են խմբային կամ անհատական աշխատանքների միջոցով: Խմբային աշխատանքները կիրառվում են այն դեպքում, երբ դա չի վնասի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած՝ խմբի մասնակից որևէ անձին, ինչպես նաև չի հանգեցնի անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիության խախտման կամ չի ոտնահարի երրորդ անձանց իրավունքները:
17. Խմբային աշխատանքի դեպքում կազմվում են փակ խմբեր, որը ենթադրում է, որ ծրագրի ողջ ընթացքում խմբի մասնակիցները չեն փոխվելու։ Խումբը կազմվում է մինչև 8 մասնակցից։
18. Ծրագրի բուն գործողությունների համար ընտրվում են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կարիքներից բխող մոդուլներ, որոնց իրականացման արդյունավետությունը որոշելու համար կազմակերպության մասնագետները ներկայացնում են գրավոր կարծիք: Ծրագրում կարող են ներառվել մեկից ավելի մոդուլներ: Այնպիսի մոդուլների իրականացումը, որոնք պահանջում են հավելյալ գիտելիքներ կամ հմտություններ՝ ներառյալ առողջության վերականգնման կամ վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատմանն ուղղված մոդուլները, պետք է կազմակերպվի մասնագիտացված մարմինների կամ կազմակերպությունների միջոցով, որոնք օրենսդրության համաձայն պարտավոր են տրամադրել համապատասխան ծառայություններ, կամ այդ մարմինների կամ կազմակերպությունների հետ համատեղ համագործակցությամբ:
19. Ծրագրի մշտադիտարկումն իրականացնում է նախարարությունը:
20. Ծրագրի իրականացման ընթացքում առնվազն վեց ամիսը մեկ ծրագրի ընթացքը գնահատվում է կազմակերպության կողմից և անհրաժեշտության դեպքում՝ դրա բովանդակությունը վերանայվում է: Ծրագրի վերանայման հիմնավորումը մշտադիտարկման պարտադիր առարկա է:
21. Ծրագրի ժամկետի ավարտին այն գնահատվում է կազմակերպության և նախարարության կողմից՝ կատարվածության աստիճանի, արդյունավետության, ծախսատարության, կրկնման անհրաժեշտության, լրամշակման անհրաժեշտության և այլ տեսանկյուններից:
22. Ծրագրի ավարտի մասին կազմակերպությունը նախարարությանը ներկայացնում է ամփոփ հաշվետվություն, որի ձևը հաստատում է նախարարությունը: Սույն կետում նշված հաշվետվությանը կարող են կցվել ծրագրի արդյունավետության կամ անարդյունավետության մասին վկայող փաստաթղթեր:
III. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՄՈԴՈՒԼՆԵՐԸ
23. Ծրագիրը բաղկացած է առանձին մոդուլներից, որոնցից յուրաքանչյուրը կարող է իրականացվել առանձին կամ այլ մոդուլների հետ միասին: Այդ մոդուլներն են՝
1) Մոդուլ 1․ Բռնության գիտակցում և հուզական հավասարակշռություն (2-6 հանդիպում).
2) Մոդուլ 2․ Գենդերային հավասարություն և գենդերային դերերի մարտահրավերներ (2-4 հանդիպում).
3) Մոդուլ 3․ Բռնության ու ընտանեկան և կենցաղային բռնության էությունը, բռնության տեսակները և բռնություն համարվող գործողությունները, բռնության ցիկլը, բռնության հետևանքները (2-10 հանդիպում).
4) Մոդուլ 4․ Ինքնակառավարման և ինքնակարգավորման հմտություններ (2-6 հանդիպում).
5) Մոդուլ 5․ Զայրույթի և ագրեսիայի կառավարման հմտություններ (2-10 հանդիպում).
6) Մոդուլ 6․ Արդյունավետ հաղորդակցության հմտություններ և կոնֆլիկտների կառավարում (4-6 հանդիպում).
7) Մոդուլ 7․ Դրական ծնողավարության հմտություններ և ծնողական պատասխանատվություն (4-10 հանդիպում).
8) Մոդուլ 8․ Հարգանք և սոցիալական պատասխանատվություն (2-4 հանդիպում).
9) Մոդուլ 9․ Առողջ հարաբերություններ, բռնությունից զերծ հարաբերությունների պլանի մշակում (3-12 հանդիպում).
10) Մոդուլ 10․ Վախերի հաղթահարում (1-4 հանդիպում).
11) Մոդուլ 11. Հայոց լեզվի իմացություն (2-10 հանդիպում).
12) Մոդուլ 12. Ֆինանսական գրագիտություն (2-4 հանդիպում).
13) Մոդուլ 13. Կենցաղավարության հմտություն (2-4 հանդիպում).
14) Մոդուլ 14. Իրավախախտումը և պատասխանատվությունը, պատասխանատվության տեսակները (1-4 հանդիպում).
15) Մոդուլ 15․ Բարոյական դատողություն (1-3 հանդիպում).
16) Մոդուլ 16. Առողջության վերականգնման կամ վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն) ձերբազատում (4-10 հանդիպում).
17) Մոդուլ 17. Վնասակար սովորույթներից՝ խաղամոլությունից ձերբազատում (4-10 հանդիպում):
24. Սույն հավելվածի 23-րդ կետում նշված մոդուլների ցանկը սպառիչ չէ, և կազմակերպությունը կարող է առաջարկել նաև այլ մոդուլներ՝ ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար:
25. Յուրաքանչյուր դեպքում մոդուլներն ընտրվում են կազմակերպության կողմից՝ հաշվի առնելով ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց կարիքները և ռեաբիլիտացման համար անհրաժեշտ ակնկալվող վերջնարդյունքները:
26. Մոդուլների հանդիպումների տևողությունը որոշվում է անհատական հիմքով, սակայն խմբային աշխատանքների դեպքում յուրաքանչյուր հանդիպման տևողությունը չի կարող պակաս լինել 80 րոպեից, իսկ անհատական աշխատանքների դեպքում՝ 40 րոպեից։
27. Մոդուլների հանդիպումների հաճախականությունը որոշվում է անհատական կարգով, սակայն դրանք չեն կարող պակաս լինել, քան շաբաթական առնվազն երկու անգամից։
28. Մոդուլների բովանդակությունը կազմում է կազմակերպությունը՝ համաձայնեցնելով նախարարության հետ: Մոդուլների բովանդակության փոփոխությունները նախապես համաձայնեցվում են նախարարության հետ, և առանց նրա համաձայնության՝ իրականացման ենթակա չեն:
29. Մոդուլների բովանդակությունը կարող է վերանայվել մշտադիտարկման արդյունքում:
30. Յուրաքանչյուր մոդուլի արդյունավետության վերաբերյալ կազմակերպությունը նախարարությանը ներկայացնում է առանձին հաշվետվություններ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
16.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունվարի 2025 թվական: