հայկական սսհ մինիստրների սովետ
ո ր ո շ ու մ
31 մարտի 1969 թվականի N 199
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
Հաստատել Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրության առդիր կանոնադրությունը:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ` |
Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1969 թ. մարտի 31-ի N 199 որոշմամբ |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄՍԵՂԵՆԻ ԵՎ ԿԱԹՆԵՂԵՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան հանդիսանում է միութենական-հանրապետական մինիստրություն ու իր գործունեությամբ ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին և ՍՍՀՄ Սննդի արդյունաբերության մինիստրությանը:
Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը իրագործում է յուղա-ճարպային, պահածոների, գինու-կոնյակի, գարեջրի, ոչ ալկոհոլային խմիչքների, հացաթխման, մակարոնեղենի, հրուշակեղենի, ծխախոտի, աղի, եթերայուղի արդյունաբերության, ինչպես նաև Մինիստրության սիստեմում ունեցած գյուղատնտեսական արտադրության ղեկավարումը:
Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը պատասխանատվություն է կրում հանրապետության սննդի արդյունաբերության վիճակի և հետագա զարգացման, գիտա-տեխնիկական առաջադիմության և արտադրության տեխնիկական մակարդակի, թողարկվող արտադրանքի որակի և Հայկական ՍՍՀ բնակչության ու ժողովրդական տնտեսության պահանջմունքը սննդի արդյունաբերության արտադրանքի բոլոր տեսակներով առավել լրիվ բավարարելու համար:
2. Սննդի արդյունաբերության մինիստրության գլխավոր խնդիրներն են.
սննդի արդյունաբերության, որպես Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության բաղկացուցիչ մասի, ըստ ամենայնի զարգացման, գիտա-տեխնիկական առաջադիմության հիման վրա արտադրության և աշխատանքի արտադրողականության աճի բարձր տեմպերի զարգացման ապահովումը` մսեղենի և կաթնեղենի արտադրանքով բնակչության և ժողովրդական տնտեսության պահանջմունքը առավել լրիվ բավարարելու նպատակով.
պետական պլանի առաջադրանքների կատարումը և պետական կարգապահության խստիվ պահպանման ապահովումը.
հանրային աշխատանքի նվազագույն ծախսումներով բարձրորակ արտադրանքի թողարկման ապահովումը, արտադրության արդյունավետության բարձրացումը, հիմնական ֆոնդերի, աշխատանքային, նյութական և ֆինանսական ռեսուրսների օգտագործման բարելավումը.
գիտության, տեխնիկայի նորագույն նվաճումների, առաջավոր փորձի արմատավորումը և արտադրության բարձր տեխնիկա-տնտեսական ցուցանիշների ապահովումը.
կապիտալ ներդրումների ռացիոնալ օգտագործումը և նրանց արդյունավետության բարձրացումը, շինարարության արժեքի իջեցումը և ժամկետների կրճատումը, արտադրական կարողությունների և հիմնական ֆոնդերի ժամանակին գործարկումը, ինչպես նաև կարճ ժամկետներում արտադրական կարողությունների յուրացումը.
աշխատանքի և կառավարման գիտական կազմակերպման ներդրումը, Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների ապահովումը որակյալ կադրերով, աշխատողների գիտելիքների և փորձի լավագույն օգտագործման համար պայմանների ստեղծումը, իրենց լավ դրսևորած երիտասարդ մասնագետներին ղեկավար աշխատանքի առաջքաշումը.
Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների բանվորների ու ծառայողների բնակարանային և կուլտուր-կենցաղային պայմանների բարելավումը, արտադրության մեջ աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծումը:
3. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունն ապահովում է ղեկավարման տնտեսական և վարչական մեթոդների ճիշտ զուգակցումը, տնտեսական այնպիսի ազդակների առավել արդյունավետ օգտագործումը, ինչպես` շահույթը, գինը, դրամական պարգևն ու վարկը, էլեկտրոնա-հաշվողական տեխնիկայի կիրառմամբ կառավարման արդյունավետ սիստեմների ներդրումը, կառավարման կառուցվածքի և կազմակերպական ձևերի կատարելագործումը:
4. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունն ապահովում է ղեկավար, տնտեսական, ինժեներական և գիտական կադրերի ընտրությունն ու տեղաբաշխումը, իր ուշադրությունը կենտրոնացնում է ղեկավար կադրերի կողմից Կուսակցության և Կառավարության դիրեկտիվների ու որոշումների կատարման ստուգման ու վերահսկողության վրա, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ աշխատանք է տանում կադրերին աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի, պետական շահերի և կարգապահության խստիվ պահպանման ոգով դաստիարակելու ուղղությամբ, ապահովում է հասարակական արտադրության վերելքի նյութական ու բարոյական խթանների ճիշտ զուգակցումը և յուրաքանչյուր աշխատողի պատասխանատվության բարձրացումը նրան հանձնարարված գործի և կոլեկտիվի աշխատանքի ընդհանուր արդյունքների համար:
5. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը ղեկավարում է իրեն ենթակա ձեռնարկություններին, կազմակերպություններին և հիմնարկություններին:
6. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը իրեն վերապահված իրավունքների սահմաններում լուծում է ճյուղին վերաբերվող բոլոր հարցերը և իր իրավասության մեջ մտնող առանձին հարցերի լուծումը կարող է հանձնարարել գլխավոր վարչություններին, տրեստներին, ինչպես նաև իրավասության ենթակա ձեռնարկություններին, կազմակերպություններին ու հիմնարկություններին:
Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը պարտավոր է խստիվ պահպանել Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների իրավունքները, որոնք նախատեսված են Սոցիալիստական պետական արտադրական ձեռնարկության կանոնադրությամբ և գործող օրենսդրության այլ ակտերով և ըստ ամենայնի օժանդակել նրանց տնտեսական ինքնուրույնության ու նախաձեռնության զարգացմանը:
Իր գործունեությամբ Մինիստրությունը մյուս մինիստրությունների և գերատեսչությունների հետ կոնտակտներ ու գործարար համագործակցություն է իրագործում միջճյուղային հարցերի մշակման և լուծման ասպարեզում:
7. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը, առաջատարը լինելով հանրապետության սննդի արդյունաբերության արտադրանքի արտադրության բնագավառում, մասնակցում է իր սիստեմի մեջ չմտնող ձեռնարկությունների արտադրության զարգացման և նրանց կողմից սննդի արդյունաբերության արտադրանքի թողարկման պլանավորման գործին:
8. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունն ապահովում է սոցիալիստական պետական սեփականության անվթարությունը Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում, կազմակերպություններում և հիմնարկություններում:
9. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը պայմաններ է ստեղծում, որպեսզի աշխատավորները և հասարակական կազմակերպությունները նախաձեռնություն և ակտիվ մասնակցություն հանդես բերեն արտադրությունը կատարելագործելու և Մինիստրության ու նրա իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների գործունեության թերությունները վերացնելու ուղղությամբ տարվող աշխատանքում:
Բանվորների և ծառայողների աշխատանքի ու կենցաղի հարցերը Մինիստրության կողմից լուծվում են սովետական և արհմիութենական մարմինների առաջարկությունները հաշվի առնելով, իսկ գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` այդ մարմինների հետ համատեղ կամ նրանց հետ համաձայնեցնելով:
10. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունն իր գործունեությամբ ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ Կառավարության և Հայկական ՍՍՀ Կառավարության որոշումներով ու կարգադրություններով և այլ նորմատիվ ակտերով, սույն Կանոնադրությամբ, ինչպես նաև ՍՍՀՄ սննդի արդյունաբերության մինիստրի հրամաններով ու հրահանգներով և ապահովում է գործող օրենսդրության ճիշտ կիրառումը Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում, կազմակերպություններում ու հիմնարկություններում:
Մինիստրությունը ընդհանրացնում է Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերությունում օրենսդրության կիրառման պրակտիկան, մշակում է օրենսդրության կատարելագործման առաջարկություններ և դրանք մտցնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի ու ՍՍՀՄ Սննդի արդյունաբերության մինիստրության քննարկմանը:
11. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը սահմանված կարգով ստեղծում, վերակառուցում ու վերացնում է ձեռնարկություններ, կազմակերպություններ, հիմնարկություններ և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ:
12. Պլանավորման և արտադրության բնագավառում Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը`
ա) ուսումնասիրում է պարենային ապրանքների նկատմամբ հանրապետության ժողովրդական տնտեսության պահանջմունքը և իրագործում է Մինիստրության սիստեմի գծով սննդի արդյունաբերության զարգացման պլանավորումը` Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության զարգացման խնդիրներին համապատասխան և հաշվի առնելով արտադրության մասնագիտացումը, մշակում է Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության զարգացման և տեղաբաշխման սխեմաներ.
բ) ապահովում է բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն ու վերականգնումը, դրանց շահագործման ժամանակ հաշվի առնելով ժողովրդական տնտեսության մյուս ճյուղերի շահերը, անհրաժեշտ միջոցառումներ է իրագործում արդյունաբերական ու տնտեսական թափվածքներից կեղտաջրերից, ռադիոակտիվ նյութերից և արտադրության մնացուկներից օդի, հողի ու ջրամբարների պաշտպանման, բուսական և կենդանական աշխարհի պահպանության ուղղությամբ.
գ) կազմակերպում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների կողմից հեռանկարային ու տարեկան պլանների նախագծեր կազմելու աշխատանքը.
դ) ելնելով հանրապետության ժողովրդական տնտեսության զարգացման կոնտրոլ թվերից, որոշում և Մինիստրության սիստեմի ձեռնարկություններին, կազմակերպություններին ու հիմնարկություններին է հասցնում հեռանկարային և տարեկան պլանների կոնտրոլ թվերը:
Ժողովրդական տնտեսության զարգացման կոնտրոլ թվերի և Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների կողմից ներկայացվող պլանների նախագծերի հիման վրա մշակում է Մինիստրության գծով հեռանկարային ու տարեկան պլանների նախագծեր և դրանք ներկայացնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ, ՍՍՀՄ Սննդի արդյունաբերության մինիստրություն և Հայկական ՍՍՀ Պետպլան:
Ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների մասնակցությամբ քննության է առնում և հաստատում է նրանց հեռանկարային ու տարեկան պլաններն ըստ սահմանված ցուցանիշների` ժողովրդատնտեսական պլանի առաջադրանքներին համապատասխան, ապահովելով այդ պլանների բոլոր բաժինների ու ցուցանիշների համաձայնեցումը.
ե) մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների ու կազմակերպությունների բեռների փոխադրման պլանները, ինչպես նաև կազմակերպում է հատուկ փոխադրամիջոցներով այդ բեռների փոխադրումը.
զ) մշակում և իրագործում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների արտադրած արտադրանքը նրանց կողմից իրացնելու հետ կապված միջոցառումներ:
Հաշվի առնելով շահագրգռված մարմինների առաջարկությունները, որոշում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների կողմից այն նոմենկլատուրայով արտադրանքի արտադրության ծավալը, որը չի նախատեսված ժողովրդատնտեսական պլանում: Միջոցներ է ձեռնարկում զարգացնելու Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների ռացիոնալ տնտեսական կապերը.
է) ապահովում է սահմանված պլանների կատարումը Մինիստրության սիստեմի բոլոր ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների կողմից.
ը) մշակում և սահմանված կարգով հաստատում է տեխնիկա-տնտեսական նորմատիվներ և հումքի, վառելանյութի, նյութերի ծախսման ու պաշարների նորմաներ և արտադրական ու շահագործման կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսման նորմաներ. ապահովում է հաստատված նորմատիվների և նորմաների ներդրումը.
թ) հաստատում է կամ գործող օրենսդրությանը համապատասխան հաստատման է ներկայացնում Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների ու կազմակերպությունների արտադրանքի և ծառայությունների գներն ու տարիֆները. վերահսկողություն է իրագործում Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների կողմից գների ու տարիֆների ճիշտ կիրառման նկատմամբ.
ժ) կազմակերպում է սկզբնական հաշվառումը Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում, կազմակերպություններում և հիմնարկություններում, ստանում է սահմանված կարգով վիճակագրական ու հաշվապահական հաշվետվություն, իրագործում է հաշվառման աշխատանքների կենտրոնացման և հաշվառման առաջադիմական մեթոդների արմատավորման միջոցառումներ.
ի) Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրության և Հայկական ՍՍՀ մյուս մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համատեղ մշակում և իրագործում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների համար հումքի բազայի ստեղծման ու զարգացման միջոցառումներ.
լ) մասնակցում է գյուղատնտեսական կուլտուրաների սորտերի փորձարկման աշխատանքներին և խաղողի ու պտղի այգիների, բանջարանոցային, տեխնիկական և սննդի արդյունաբերության կողմից օգտագործվող մյուս կուլտուրաների շրջանցման ու դրանց գյուղատնտեսական սորտերի տեխնոլոգիական գնահատման և այդ կուլտուրաների ցանքերի տեղաբաշխման հետ կապված հարցերի լուծմանը.
խ) մասնակցում է գյուղատնտեսական մթերքների գնումների պետական պլանների մշակմանը, կազմակերպում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների համար առանձին տեսակների գյուղատնտեսական հումքի, վայրի պտուղների և հատապտուղների մթերում.
ծ) մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում սննդի արդյունաբերության հումքի և արտադրանքի հաշվեկշիռներն ու պլանները. ապահովում է տրված ֆոնդերին համապատասխան այն հումքի և արտադրանքի մատակարարումը, որոնք մտցված են բաշխման հաշվեկշիռների ու պլանների մեջ.
կ) Մինիստրության սովխոզներում կազմակերպում է առանձին տեսակի գյուղատնտեսական կուլտուրաների արտադրությունը` սննդի արդյունաբերության ձեռնարկությունների կողմից վերամշակելու և թարմ վիճակով մատակարարելու համար.
հ) մշակում է Մինիստրության սովխոզներում գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը բարձրացնելու և անասնապահության մթերատվությունն ավելացնելու միջոցառումներ.
ձ) Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում վերահսկողություն է իրագործում արտադրանքի որակի և սանիտարական ռեժիմի պահպանման նկատմամբ. արտադրանքի որակին ներկայացվող պահանջները խախտվելու կամ սանիտարական ռեժիմը չպահպանվելու դեպքում դադարեցնում է արտադրանքի արտադրությունը և նրա առաքումը առևտրական կազմակերպություններին.
ղ) ապահովում է արտահանման համար արտաքին շուկայի պահանջներին համապատասխանող արտադրանքի արտադրության առաջադրանքների կուտակումը, միջոցներ է ձեռնարկում ընդլայնելու արտահանվող ապրանքների արտադրությունը, մասնակցում է արտադրանքի արտահանման հարցերի վերաբերյալ միջոցառումների մշակմանն ու իրագործմանը:
13. Գիտության և տեխնիկայի բնագավառում Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը`
ա) սիստեմատիկ աշխատանք է տանում արտադրության ձեռք բերված տեխնիկա-տնտեսական մակարդակի և պարենային ապրանքների թողարկման գնահատման ուղղությամբ, որոշում է գիտական և տեխնիկական նվաճումների առավել արդյունավետ օգտագործման ուղիները և ապահովում է հայրենական ու արտասահմանյան գիտության ու տեխնիկայի նվաճումների հիման վրա սննդի արդյունաբերության զարգացման բարձր տեխնիկական մակարդակը.
բ) ապահովում է ճյուղում գիտա-տեխնիկական պրոբլեմների մշակումը` սկսած գիտական որոնումից և վերջացրած ստացված արդյունքները արտադրության մեջ ներդրումով, ինչպես նաև կատարում է միջճյուղային համալիր գիտա-տեխնիկական պրոբլեմների լուծման հետ կապված աշխատանքներ.
գ) ղեկավարում է Մինիստրության նախագծա-կոնստրուկտորական կազմակերպությունների աշխատանքը և միջոցառումներ է իրագործում գիտահետազոտական և նախագծա-կոնստրուկտորական աշխատանքների պլանավորումն ու կազմակերպումը կատարելագործելու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ.
դ) նախագծա-կոնստրուկտորական կազմակերպություններն ապահովում է արդի տեխնիկական մակարդակին համապատասխանող արտադրական-փորձարարական անհրաժեշտ բազայով.
ե) ապահովում է գիտության ու տեխնիկայի ժամանակակից նվաճումներին և ժողովրդական տնտեսության պահանջներին համապատասխանող արտադրանքի նոր տեսակների, բարձրարդյունավետ տեխնոլոգիական պրոցեսների և աշխատանքի կազմակերպման մեթոդների մշակումն ու ներդրումը արտադրության մեջ, ինչպես նաև ապահովում է նյութերի ու հումքի առավել խնայողական տեսակների օգտագործումը, անց է կացնում արտադրության կոմպլեքսային մեքենայացման և ավտոմատացման միջոցառումներ:
Հայկական ՍՍՀ համապատասխան մինիստրությունների և գերատեսչությունների հետ համատեղ լուծում է բնակչության պահանջարկը չվայելող ժողովրդական սպառման ապրանքները արտադրությունից հանելու հարցերը.
զ) մշակում և հաստատման է ներկայացնում պետական ստանդարտների նախագծեր. ապահովում է պետական ստանդարտների և արտադրանքի որակի չափումների ու փորձարկումների արդիական միջոցների և մեթոդների արմատավորումը, ինչպես նաև ստանդարտների պահպանման և չափումների ու փորձարկումների միջոցների վիճակի նկատմամբ վերահսկողությունը:
Հաստատում է պետական ստանդարտներ չունեցող արտադրանքի առանձին տեսակների համար ճյուղային նշանակության նորմատիվա-տեխնիկական փաստաթղթեր.
է) կազմակերպում է գիտական և գիտա-տեխնիկական ինֆորմացիան, ապահովում է ճյուղի գծով գիտական ու գիտա-տեխնիկական գրականության նախապատրաստումը և սահմանված կարգով հրատարակումը.
ը) ղեկավարում է գյուտարարության ու ռացիոնալիզացիայի գործի զարգացումը, մշակում է գյուտարարության ու ռացիոնալիզացիայի գծով հեռանկարային ու ընթացիկ թեմատիկ պլաններ, ապահովում է գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկությունների ներդրումը: Գյուտարարության ու ռացիոնալիզացիայի զարգացման ուղղությամբ աշխատանքը Մինիստրությունը վարում է Սննդի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի և Գյուտարարների ու ռացիոնալիզատորների համամիութենական ընկերության հայկական հանրապետական խորհրդի հետ համատեղ.
թ) նոր տեխնիկա ու տեխնոլոգիա մշակելու և հները կատարելագործելու ժամանակ ապահովում է հայրենական և օտարերկրյա պատենտային նյութերի լայն ուսումնասիրումն ու օգտագործումը, արտադրանքի և տեխնոլոգիական պրոցեսների պատենտունակությունը, ինչպես նաև սահմանված կարգով ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից հայտերի ներկայացումը հեղինակային վկայականներ տալու և գյուտերն արտասահմանում պատենտավորելու համար.
ժ) մշակում և սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ արտասահմանում տեխնիկա-տնտեսական առումով առավել առաջադիմական մեքենաների, սարքավորումների, նյութերի և տեխնոլոգիական պրոցեսների լիցենզիաներ գնելու մասին, և ապահովում է գնված լիցենզիաներով արտադրանքի ամենաարագ յուրացումը:
14. Կապիտալ շինարարության բնագավառում Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը`
ա) իրագործում է կապիտալ շինարարությունը Մինիստրության սիստեմում, ապահովում է կապիտալ ներդրումների արդյունավետ օգտագործումը, նոր շինարարության ռացիոնալ տեղաբաշխումը, ճյուղի առաջադիմական արտադրությունների ավելի արագ զարգացումը, կապիտալ ներդրումների առաջնահերթ ուղղումը գործող ձեռնարկությունների տեխնիկական վերազինման նպատակին, միջճյուղային և ներճյուղային համամասնությունների բարելավումը, կապիտալ ներդրումների կենտրոնացումը գործարկման ենթակա կառույցներում և անավարտ շինարարության կրճատումը.
բ) մշակում և սահմանված կարգով հաստատում է կառույցների տիտղոսային ցուցակները, ինչպես նաև գալիք տարիների շինարարության համար նախագծա-հետախուզական աշխատանքների տիտղոսային ցուցակները: Ապահովում է անհրաժեշտ նախագծային և նախահաշվային փաստաթղթերի ժամանակին մշակումը, հաստատումը և հանձնումը կառույցներին:
Վերահսկողություն է իրագործում նախագծային ու նախահաշվային փաստաթղթերի որակի և շինարարության հաստատված նախահաշվային արժեքի պահպանման նկատմամբ, ինչպես նաև իրագործում է շինարարական-մոնտաժային աշխատանքների և կառուցվող օբյեկտների համար մատակարարվող սարքավորումների որակի տեխնիկական հսկողությունը. կազմակերպում է շինարարության նկատմամբ հեղինակային հսկողությունը.
գ) ապահովում է կառույցների ֆինանսավորումը և դրանց մատակարարումը պատվիրատուի պարտականության մեջ մտնող սարքավորումներով, նյութերով ու շինվածքներով:
Վերահսկողություն է իրագործում, որպեսզի իրավասության ենթակա ձեռնարկություններն ու կազմակերպությունները կապիտալ շինարարության համար սարքավորումների պատվերները տեղադրեն առանձնացված ֆոնդերին ու նրանց ձեռքբերման հատկացումներին համապատասխան:
Մշակում է շինարարությունում ներքին ռեսուրսների մոբիլիզացման միջոցառումներ և վերահսկողություն է իրագործում դրանց կատարման նկատմամբ.
դ) ապահովում է արտադրական կարողությունների և հիմնական ֆոնդերի ժամանակին գործարկումը, ինչպես նաև կարճ ժամկետներում արտադրական կարողությունների յուրացումը.
ե) իր իրավասության սահմաններում նշանակում է պետական հանձնաժողովներ` շինարարությունն ավարտված ձեռնարկությունները, շենքերն ու կառուցվածքները շահագործման ընդունելու համար, հաստատում է դրանց ընդունման ակտերը և որոշումներ է կայացնում ամփոփ նախահաշվա-ֆինանսական հաշվարկները փակելու մասին.
զ) կազմակերպում է հիմնական ֆոնդերի կապիտալ նորոգում, ապահովում է սարքավորումների մոդեռնացումը, տեխնիկական մակարդակի ու արտադրողականության բարձրացումը, ինչպես նաև շենքերի ու կառուցվածքների տեխնիկական և շահագործման վիճակի բարելավումը. իրագործում է նորոգման որակի բարձրացման և նրա էժանացման միջոցառումներ:
15. Նյութա-տեխնիկական մատակարարման բնագավառում Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը`
ա) որոշում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների հումքի, վառելանյութի, սարքավորումների և այլ նյութական ռեսուրսների պահանջմունքը, տնօրինում է Մինիստրության համար առանձնացվող նյութական ռեսուրսները և պատասխանատվություն է կրում իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների նյութա-տեխնիկական մատակարարման համար.
բ) Մինիստրության համար առանձնացված հումքի, վառելանյութի, սարքավորումների և մյուս նյութական ռեսուրսների ֆոնդերը բաշխում է գլխավոր վարչությունների, տրեստների, ինչպես նաև անմիջականորեն Մինիստրությանը ենթակա ձեռնարկությունների ու հիմնարկությունների միջև, նշված ֆոնդերը անհրաժեշտ դեպքերում վերաբաշխում է, հաշվի առնելով արտադրական ծրագրի և կապիտալ շինարարության պլանի կատարումն ու գերակատարումը.
գ) մշակում և հաստատում է արտադրանքի ներճյուղային կոոպերացված մատակարարման պլանները, հաշվի առնելով մյուս ճյուղերի սպառողներին արտադրանքի մատակարարումը.
դ) վերահսկողություն է իրագործում հումքի, վառելանյութի, սարքավորումների և մյուս նյութական ռեսուրսների ֆոնդերի իրացման, Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների կողմից արտադրական-տեխնիկական նշանակության արտադրանքի և ժողովրդական սպառման ապրանքների մատակարարման պայմանագրերի ժամանակին կնքման, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ.
ե) ապահովում է հումքի, վառելանյութի, սարքավորումների և մյուս նյութական ռեսուրսների ճիշտ պահպանումն ու օգտագործումը Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների կողմից և միջոցներ է ձեռնարկում իրացնելու ավելորդ և չօգտագործվող նյութական ռեսուրսները.
զ) մշակում և իրագործում է միջոցառումներ նյութերը, հումքը և վառելանյութը խնայողաբար ծախսելու, արտադրության մեջ կորուստները կրճատելու, արտադրական մնացուկները, երկրորդային հումքը և նյութական ռեսուրսները արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:
16. Ֆինանսների և վարկի բնագավառում Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը`
ա) միջոցառումներ է անցկացնում տնտեսական հաշվարկի ամրապնդման, Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների և կազմակերպությունների եկամտաբերության բարձրացման ու կուտակումների առավելաչափ ավելացման, հիմնական ֆոնդերի, շրջանառու միջոցների և բանկային վարկերի` արդյունավետ օգտագործման ուղղությամբ:
Սահմանված կարգով ֆինանսավորում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունները, կազմակերպությունները և հիմնարկությունները, ղեկավարում է դրանց ֆինանսական գործունեությունը: Վերահսկողություն է իրագործում Մինիստրության սիստեմում ֆինանսական ռեսուրսների օգտագործման նկատմամբ.
բ) ապահովում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների կողմից ֆինանսական պլանների կատարումը, սեփական շրջանառու միջոցների պահպանումը, բանվորների ու ծառայողների, բյուջեի, մատակարարների, կապալառուների, բանկերի հետ ժամանակին հաշվարկների կատարումը, ինչպես նաև կապիտալ շինարարության համար նախորոշված և ֆինանսական պլանով նախատեսված մյուս նպատակների համար սեփական միջոցների փոխանցումը ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից.
գ) սահմանված կարգով ստեղծում է նոր տեխնիկայի յուրացման ֆոնդ, նոր տեխնիկայի ստեղծման ու ներդրման ֆոնդ և այլ կենտրոնացված ֆոնդեր, ինչպես նաև ռեզերվ` ձեռնարկություններին ու կազմակերպություններին ֆինանսական օգնություն ցույց տալու համար.
դ) բանկերի հիմնարկությունների հետ համատեղ կազմակերպում է հաշվարկների առավել ձեռնտու և առաջադիմական ձևեր, որոնք նպաստում են արագացնելու վճարումները, շրջանառու միջոցների շրջանառելիությունը և ամրապնդելու վճարային կարգապահությունը. մասնակցում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների փոխադարձ պարտքերի ստուգարքներ կազմակերպելու և անցկացնելու գործին.
ե) բանկերում հաշվարկային հաշիվներ է բացում ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև սեփական շրջանառու միջոցները, շահույթը, նոր տեխնիկայի յուրացման ֆոնդի գոյացման գումարները և մյուս միջոցները վերաբաշխելու համար, ինչպես նաև առանձին հաշիվներ` ձեռնարկություններին ու կազմակերպություններին ֆինանսական օգնություն ցույց տալու ռեզերվի միջոցները պահելու համար.
զ) տնտեսական պլանների փոփոխություններին համապատասխան փոփոխում է ըստ Մինիստրության գործունեության տեսակների պլանային շահույթի չափերը` եկամուտների և ծախսերի հաշվեկշռով Մինիստրության համար հաստատված շահույթի ընդհանուր չափի սահմաններում, առանց պակասեցնելու բյուջեին վճարումները, Հայկական ՍՍՀ Պետպլանին և Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությանը հետագա հաղորդումով.
է) հաստատում է Մինիստրության գլխավոր վարչությունների, տրեստների, անմիջականորեն Մինիստրությանը ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ամփոփ հաշվետվությունները և հաշվեկշիռները, կազմում է ամփոփ հաշվետվություններ ու հաշվեկշիռներ ըստ Մինիստրության գործունեության տեսակների.
ը) կազմակերպում է վերահսկման-վերստուգման աշխատանքը Մինիստրության սիստեմում, գերատեսչական վերահսկողության մասին գործող օրենսդրությանը համապատասխան ապահովում է վերստուգումների պարբերաբար անցկացումը, տնտեսության վիճակի համակողմանի վերլուծությունը, դրամական միջոցների և նյութական արժեքների պահպանման ստուգումը, խնայողության ռեժիմի պահպանումը. վերահսկողություն է իրագործում Մինիստրության սիստեմում հաշվառումն ու հաշվետվությունը ճիշտ վարելու և դրանց հավաստիության նկատմամբ, անց է կացնում պետական գույքի անվթարության և պատճառված նյութական վնասների բռնագանձման միջոցառումներ:
17. Կադրերի, աշխատանքի և աշխատավարձի բնագավառում Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը`
ա) Մինիստրության սիստեմի ձեռնարկությունները, կազմակերպությունները և հիմնարկությունները ապահովում է աշխատողների որակյալ կադրերով, կազմակերպում է կադրերի պատրաստումը և նրանց որակավորման բարձրացումը, Մինիստրության սիստեմում ուսումնասիրում է կադրերը, պայմաններ է ստեղծում իրենց գործը լավ իմացող և կոլեկտիվում հեղինակություն ու վստահություն վայելող մասնագետներին ղեկավար աշխատանքի առաջքաշելու համար. միջոցներ է ձեռնարկում երիտասարդ մասնագետներին ռացիոնալ օգտագործելու համար և անց է կացնում Մինիստրության սիստեմում մշտական կադրերի ստեղծման միջոցառումներ.
բ) սահմանում է գլխավոր վարչությունների, տրեստների և արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավար աշխատողների պաշտոնների ցանկը, որոնց նշանակումները կատարվում են Մինիստրության կոլեգիայի որոշմամբ, ինչպես նաև սահմանում է այն ձեռնարկությունների ցանկը, որոնց ղեկավար աշխատողները նշանակվում են Մինիստրության գլխավոր վարչությունների և տրեստների կողմից.
գ) մշակում է ճյուղում աշխատանքի գիտական կազմակերպման կատարելագործման հիմնական ուղղությունները և ղեկավարում է Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում, կազմակերպություններում ու հիմնարկություններում աշխատանքի և կառավարման գիտական կազմակերպումը արմատավորելու գործը. ապահովում է աշխատանքի պայմանների հետագա բարելավման ու առողջացման միջոցառումների անցկացումը և անվտանգության տեխնիկայի կանոնների ու արտադրական սանիտարիայի պահանջների խիստ պահպանումը.
դ) մշակում և սահմանված կարգով Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում ու հիմնարկություններում կիրառման է մտցնում արտադրանքի (սպասարկման) միասնական ու տիպային նորմաներ և աշխատողների թվաքանակի նորմատիվներ:
Սննդի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ կազմակերպում է Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում և կազմակերպություններում արտադրանքի (սպասարկման) նորմաների վերանայման աշխատանքը և իրագործում է աշխատանքի նորմավորման կատարելագործման այլ միջոցառումներ.
ե) ապահովում է աշխատանքի վարձատրության ու պարգևատրության գործող պայմանների ճիշտ կիրառումը, ինչպես նաև աշխատանքի արտադրողականության աճի և աշխատավարձի աճի միջև ճիշտ հարաբերակցությունը, վերահսկողություն է իրագործում աշխատավարձի ֆոնդերի և խրախուսման ֆոնդերի ծախսման նկատմամբ.
զ) Սննդի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ ղեկավարում է կոլեկտիվ պայմանագրերի կնքումը և վերահսկողություն է իրագործում դրանց կատարման նկատմամբ.
է) Սննդի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ ապահովում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների աշխատողների համար բնակարանային և կուլտուր-կենցաղային պայմանների բարելավումը, ինչպես նաև առողջարարական միջոցառումների անցկացումը.
ը) Սննդի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ կազմակերպում է սոցիալիստական մրցությունը, հաստատում է Մինիստրության սիստեմում հանրապետական մրցության պայմանները, սահմանված կարգով հիմնում է փոխանցիկ կարմիր դրոշներ` դրամական պարգևներով, օժանդակում է կոմունիստական աշխատանքի, արտադրության բարձր կուլտուրայի համար մղվող շարժման զարգացմանը:
Սննդի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ ամփոփում է սոցիալիստական մրցության արդյունքները և հաղթանակ տարած կոլեկտիվներին հանձնում է փոխանցիկ կարմիր դրոշներ ու դրամական պարգևներ, շնորհում է կոմունիստական աշխատանքի ձեռնարկությունների ու կազմակերպությունների կոլեկտիվների կոչումներ, կազմակերպում է աշխատանքի առաջավոր մեթոդների և առաջավոր փորձի ուսումնասիրումը, ընդհանրացումն ու տարածումը.
թ) Սննդի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ Մինիստրության սիստեմի աշխատողներին պարգևատրում է կրծքանշաններով և պատվոգրերով:
18. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը ճյուղի ղեկավարման բոլոր հարցերը քննարկելիս և լուծելիս իր աշխատանքը կազմակերպում է կոլեգիալությունն ու միանձնյա ղեկավարումը զուգակցելու հիման վրա, հանձնարարված աշխատանքի տեղամասում գործերի վիճակի և որոշված առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության սահմանումով:
19. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը գլխավորում է մինիստրը, որը Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան նշանակվում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի կողմից, իսկ սեսիաների միջև ընկած ժամանակաշրջանում` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության կողմից, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի հաստատմանը հետագա ներկայացմամբ:
Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրը ունի տեղակալներ, որոնց նշանակում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը: Տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է մինիստրը:
20. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունում կազմվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են մինիստրը (նախագահ), մինիստրի տեղակալները` ըստ պաշտոնի, ինչպես նաև Մինիստրության այլ ղեկավար աշխատողներ:
Մինիստրության կոլեգիայի կազմը հաստատում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը:
21. Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրը անձնական պատասխանատվություն է կրում Մինիստրության վրա դրված խնդիրների և պարտականությունների կատարման համար, սահմանում է մինիստրի տեղակալների, Մինիստրության ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների գործունեության համար:
22. Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրը, Մինիստրության իրավասության սահմաններում, գործող օրենքների, ինչպես նաև ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների, ՍՍՀՄ սննդի արդյունաբերության մինիստրի հրամանների և հրահանգների հիման վրա և ի կատարումն դրանց, հրատարակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է Մինիստրության սիստեմի գլխավոր վարչությունների, տրեստների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների համար, և ստուգում է դրանց կատարումը:
Անհրաժեշտության դեպքերում Հայկական ՍՍՀ մյուս մինիստրությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ հրատարակում է համատեղ հրամաններ և հրահանգներ:
23. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրության կոլեգիան իր պարբերաբար հրավիրվող նիստերում քննության է առնում սննդի արդյունաբերության զարգացման հիմնական հարցերը և Մինիստրության գործունեությանը վերաբերող այլ հարցեր, քննարկում է ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների պրակտիկ ղեկավարման հարցերը, կատարման ստուգման, կադրերի ընտրման և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է Մինիստրության գլխավոր վարչությունների, տրեստների, բաժինների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են մինիստրի հրամաններով: Մինիստրի և կոլեգիայի միջև տարաձայնությունների դեպքում մինիստրը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Մինիստրների սովետին:
24. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, սննդի արդյունաբերության մեջ գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն սահմանելու, հայրենական և արտասահմանյան գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների և առաջավոր փորձի օգտագործման ու արտադրության մեջ ներդրման հանձնարարականներ մշակելու համար Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունում ստեղծվում է գիտա-տեխնիկական խորհուրդ` բաղկացած գիտնականներից, բարձրորակ մասնագետներից, արտադրության նորարարներից, ինչպես նաև գիտա-տեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Գիտա-տեխնիկական խորհրդի կազմը և նրա կանոնադրությունը հաստատում է Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրը:
25. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը կազմում է արբիտրաժ` Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների միջև տնտեսական վեճերը քննարկելու համար: Մինիստրության արբիտրաժին իրավունք է վերապահվում հրատարակելու հրամաններ` իր կողմից կայացված որոշումների հակադիր կատարման համար:
Արբիտրաժի կանոնադրությունը հաստատում է Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրը:
26. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը, հաստիքային ցուցակը և աշխատողների թիվը հաստատում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը` ՍՍՀՄ Սննդի արդյունաբերության մինիստրության հետ համաձայնեցնելով:
27. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը հաստատում է Մինիստրության վարչությունների, տրեստների, իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների կանոնագրերը (կանոնադրությունները):
Մինիստրության գլխավոր վարչությունները, տրեստները մինիստրի կողմից կարող են փոխադրվել տնտեսական հաշվարկի:
28. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը սահմանված կարգով հրավիրում է հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ակտիվի խորհրդակցություններ, որոնցում լսվում և քննարկվում են Կուսակցության և Կառավարության որոշումների կատարման միջոցառումների մասին զեկուցումներ, ճյուղի զարգացման կարևորագույն պրոբլեմներ, ինչպես նաև, քննադատության ու ինքնաքննադատության ծավալման հիման վրա, քննարկվում են Մինիստրության ու նրա իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների աշխատանքի բարելավման հետ կապված հարցեր:
29. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը կազմակերպում է աշխատավորների նամակների, գանգատների ու դիմումների ժամանակին և ուշադիր քննումը, հասնելով դրանց մեջ առաջ քաշված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում վերացնելու Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների գործունեության թերությունները, որոնց մասին հաղորդվում են աշխատավորների նամակներում:
30. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունն ունի Հայկական ՍՍՀ պետական գերբը պատկերող և իր անվամբ կնիք: