Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.20-2025.02.02 Պաշտոնական հրապարակման օրը 30.01.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.10.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2029/02/19

2024 թ. 

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2029/02/19

Նախագահող դատավոր`

Ա. Կուրեխյան

Դատավորներ`

Ա. Մխիթարյան

Ս. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2024 թվականի հոկտեմբերի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Լյուդմիլա Դուկովայի հայցի ընդդեմ Արմինե Նադարյանի՝ գործարքները մասնակիորեն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2022 թվականի որոշման դեմ Լյուդմիլա Դուկովայի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լյուդմիլա Դուկովան պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Ազատության պողոտայի 24-րդ շենքի թիվ 9 հասցեում գործող անշարժ գույքի, 24-րդ շենքի թիվ 5 հասցեում գործող անշարժ գույքի, Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 30 հասցեում գործող անշարժ գույքի (նոր հասցեն՝ 27/87) նվիրատվության պայմանագրերը, մասնակիորեն անվավեր ճանաչել Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի 6-րդ փողոցի թիվ 16 հասցեում գործող բնակելի տան և հողամասի, Երևանի Ազատության պողոտայի թիվ 24/44, թիվ 24/46, թիվ 24/47, թիվ 24/45 ու թիվ 24/48 հասցեում գործող անշարժ գույքի, Երևանի Պուշկին փողոցի 3-րդ շենքի թիվ 66 հասցեում գործող բնակարանի նվիրատվության պայմանագրերը, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղ հասցեում գործող 1000քմ հողամասի առուվաճառքի պայմանագիրը, անվավեր ճանաչել այդ պայմանագրերի հիման վրա Արմինե Նադարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, այդ գույքի նկատմամբ վերականգնել իր սեփականության իրավունքը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.10.2020 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.09.2022 թվականի որոշմամբ Լյուդմիլա Դուկովայի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.10.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լյուդմիլա Դուկովան (ներկայացուցիչ Ռիմա Մխիթարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմինե Նադարյանը (ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ, 201-րդ, 275-րդ և 599-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ ու 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված ինը միավոր գույքից երեքը գրանցված են միայն Վրույր Առաքելյանի անունով, իսկ վեց միավորը՝ Վրույր Առաքելյանի և Արմինե Նադարյանի անունով՝ որպես ընդհանուր սեփականություն, ինչպես նաև այն, որ գույքը ձեռք է բերվել Վրույր Առաքելյանի ու իր համատեղ ամուսնության ընթացքում հատուցելի պայմանագրով, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով ինքն ամուսնու՝ Վրույր Առաքելյանի բաժնեմասի նկատմամբ ձեռք է բերել համատեղ սեփականության իրավունք:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 2018 թվականին՝ Վրույր Առաքելյանի մահից առաջ, վերջինիս լիազորված անձը ինը միավոր անշարժ գույքի՝ Վրույր Առաքելյանին պատկանող բաժնեմասերը նվիրատվության պայմանագրերով երեք ամսվա ընթացքում ձևակերպել է Արմինե Նադարյանի անունով, ինչի հետևանքով Արմինե Նադարյանին են անցել նաև իր բաժնեմասերը: Գործարքները վավերացվել են առանց իր բաժնեմասերը նախապես որոշելու և առանց իր համաձայնության, մինչդեռ Վրույր Առաքելյանը կարող էր միայն իր բաժնեմասերը տնօրինել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ նվիրատվության պայմանագրերը կնքելուց առաջ անհրաժեշտ էր փոխել Վրույր Առաքելյանի և իր համատեղ սեփականության գույքային ռեժիմը, ինչպես Վրույր Առաքելյանի ու Արմինե Նադարյանի միջև է փոխվել գույքերի ռեժիմը՝ ընդհանուր գույքը վերածվել է բաժնայինի: Այսինքն՝ երեք գույքից պետք է առանձնացվեին իրեն պատկանող 1/2, իսկ վեց գույքից՝ 1/4 բաժինները, իսկ Վրույր Առաքելյանի լիազորված անձը միայն վերջինիս հասնելիք բաժինները պետք է նվիրեր Արմինե Նադարյանին:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը բացառություն չի նախատեսում, հետևաբար Վրույր Առաքելյանի 1/2 և 1/10 բաժինները հանդիսանում են ամուսիների ընդհանուր սեփականությունը, իսկ ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ՝ անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը: Ինքը նվիրատվության գործարքներով համաձայնություն չի տվել, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով որպես սեփականատեր բոլոր դեպքերում իրավունք ունի հետ պահանջել իր գույքը, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Դատարան են ներկայացվել վկաների՝ նոտարական կարգով հաստատված ցուցմունքներ՝ ապացուցելու, որ ինքը մեկուսացված չի եղել գույքից և կատարել է 40.000 ԱՄՆ դոլարի ներդրում վեճի առարկա գույքի համար:

Ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ ինը գործարքներից երեքի դեպքում Վրույր Առաքելյանը գրանցված է եղել որպես միանձնյա սեփականատեր, հետևաբար դրանցում իր բաժնեմասը 1/2 է, ոչ թե 1/4, վեց գույքում՝ 1/4, իսկ 2225,64քմ հարսանյաց սրահի բաժնեմասից Վրույր Առաքելյանի բաժնեմասը 1/10 է, Արմինե Նադարյանինը՝ 9/10, սակայն որոշման մեջ գրվել է յուրաքանչյուրին 1/2 բաժնեմաս ունեցող գույքի ցանկում, որպիսի անճշտությունները նույնպես վկայում են այն մասին, որ ապացույցները չեն ուսումնասիրվել:

Դատարանը հայցը մերժելու հիմքում վկայակոչել է նաև այն, որ գործով չի ապացուցվել, որ Արմինե Նադարյանը գիտեր Վրույր Առաքելյանի գրանցված ամուսնության մասին: Մինչդեռ նման հարցադրում կարող էր արվել միայն այն դեպքում, երբ գույքն օտարված լիներ հատուցելի գործարքով, քանի որ այն դեպքում, երբ գույքն անհատույց է ձեռք բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից, ապա սեփականատերը բոլոր դեպքերում իրավունք ունի հետ պահանջել այդ գույքը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշման էջերը կնքված չեն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.09.2022 թվականի որոշումը և հայցը բավարարել։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

Համատեղ սեփականություն համարվող գույքը տնօրինելու գործարք կնքելու դեպքում մյուս սեփականատիրոջ համաձայնության արտահայտման հատուկ ձև սահմանված չէ, ինչը նշանակում է, որ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվության դեպքում մյուս մասնակցի համաձայնությունը կարող է դրսևորվել հստակ արտահայտված ցանկացած ձևով: Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում համաձայնության առկայությունը կամ բացակայությունը դատարանի կողմից հաստատվում է ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտման ու գնահատման արդյունքում:

Տվյալ դեպքում վիճահարույց գույքը՝ որպես համատեղ սեփականություն, ձեռք է բերվել Վրույր Առաքելյանի կողմից, այդ պահից տիրապետվել և օգտագործվել է բացառապես նրա կողմից: Ավելին՝ 2017 թվականին Վրույր Առաքելյանը կնքել է համատեղ սեփականությունը բաժնայինի վերածելու մասին համաձայնագիր, ինչն էլ վկայում է, որ հենց հայցվորի համաձայնությամբ է Վրույր Առաքելյանը տնօրինել այդ գույքը:

Բացի այդ, հայցվորի համաձայնության առկայության մասին են վկայում նաև այն հանգամանքները, որ Վրույր Առաքելյանը տարին մի քանի անգամ գնացել է իր մոտ, իրենք քննարկել են իրենց անելիքները և եկամուտները, մշտապես վարել են համատեղ տնտեսություն, իրենց աշխատած գումարների ու ծախսերի վերաբերյալ միմյանց միշտ հաշվետվություն են ներկայացրել, ինչպես նաև իրենց համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված ցանկացած գույք ձևակերպվել է ամուսնու անունով:

Գործում առկա ապացույցներից և վկաների ցուցմունքներից հետևում է, որ 1998 թվականից ի վեր հայցվորը և Վրույր Առաքելյանը համատեղ տնտեսություն չեն վարել, չեն բնակվել միասին, ինչպես նաև իրազեկված լինելով Վրույր Առաքելյանի գործարար գործունեության վերաբերյալ՝ հայցվորը գիտեր և պարտավոր էր իմանալ, որ վերջինս ձեռք է բերում ու օտարում է գույք, որի նկատմամբ հայցվորը հետաքրքրություն չի ցուցաբերել՝ այդկերպ հրաժարվելով համատեղ սեփականությունից և տալով գույքը տնօրինելու համաձայնություն:

Գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում, որ ինքը գիտեր կամ ողջամտորեն պետք է իմանար այն մասին, որ Վրույր Առաքելյանը շարունակել է մնալ գրանցված ամուսնության մեջ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վրույր Առաքելյանի և Լյուդմիլա Դուկովայի ամուսնությունը գրանցվել է 14.08.1976 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 83).

2) Վրույր Առաքելյանը մահացել է 15.10.2018 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 82).

3) Հարություն Ղազարյանի՝ որպես վաճառողի, Վրույր Առաքելյանի և Արմինե Նադարյանի՝ որպես գնորդների միջև 31.01.2007 թվականին կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ վաճառողը վաճառում է, իսկ գնորդները որպես սեփականություն ձեռք են բերում անշարժ գույք, որը գտնվում է Պռոշյան գյուղում և բաղկացած է 1000քմ հողամասից (կադաստրային համարը՝ 169-24), (...) որը համարվելու է գնորդների ընդհանուր բաժնային սեփականությունը հավասար բաժիններով՝ յուրաքանչյուրին 1/2 բաժնով (հատոր 2-րդ, գ.թ. 60, 61).

4) Վրույր Առաքելյանի՝ որպես նվիրատուի, ում անունից լիազորագրով հանդես է եկել Արմեն Մինասյանը, և Արմինե Նադարյանի՝ որպես նվիրառուի միջև 15.08.2018 թվականին կնքվել է անշարժ գույքի (շինություն) նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Արմեն Մինասյանը Վրույր Առաքելյանի անունից Արմինե Նադարյանին է նվիրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի 24-րդ շենքի շինություն թիվ 5 հասցեի անշարժ գույքը, 3-րդ կետի համաձայն՝ վերը նշված հասցեի անշարժ գույքը պատկանում է նվիրատուին (հատոր 1-ին, գ.թ. 92՝ դարձերես, 93).

5) Վրույր Առաքելյանի՝ որպես նվիրատուի, ում անունից լիազորագրով հանդես է եկել Արմեն Մինասյանը, և Արմինե Նադարյանի՝ որպես նվիրառուի միջև 15.08.2018 թվականին կնքվել է անշարժ գույքի (շինություն) նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Արմեն Մինասյանը Վրույր Առաքելյանի անունից Արմինե Նադարյանին է նվիրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի 24-րդ շենքի շինություն թիվ 9 հասցեի անշարժ գույքը, 3-րդ կետի համաձայն՝ վերը նշված հասցեի անշարժ գույքը պատկանում է նվիրատուին (հատոր 1-ին, գ.թ. 96՝ դարձերես, 97, հատոր 2-րդ, գ.թ. 19).

6) Վրույր Առաքելյանի՝ որպես նվիրատուի, ում անունից լիազորագրով հանդես է եկել Արմեն Մինասյանը, և Արմինե Նադարյանի՝ որպես նվիրառուի միջև 15.08.2018 թվականին կնքվել է անշարժ գույքի (տարածք) նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Արմեն Մինասյանը Վրույր Առաքելյանի անունից Արմինե Նադարյանին է նվիրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ռուբինյանց փողոցի թիվ 30 հասցեի անշարժ գույքը, 3-րդ կետի համաձայն՝ վերը նշված հասցեի անշարժ գույքը պատկանում է նվիրատուին (հատոր 1-ին, գ.թ. 109՝ դարձերես, 110).

7) «Երևանի Ռելեի գործարան» ԲԲԸ-ի՝ որպես վաճառողի, Վրույր Առաքելյանի և Արմինե Նադարյանի՝ որպես գնորդների միջև 08.07.2016 թվականին կնքվել է անշարժ գույքի տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ վաճառողը վաճառում է, իսկ գնորդները ձեռք են բերում Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/46 հասցեում գտնվող անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 100՝ դարձերես, 101).

8) Վրույր Առաքելյանի՝ որպես նվիրատուի, ում անունից լիազորագրով հանդես է եկել Արմեն Մինասյանը, և Արմինե Նադարյանի՝ որպես նվիրառուի միջև 12.09.2018 թվականին կնքվել է անշարժ գույքի (տարածք) բաժնեմասի սահմանման ու նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի 24/46 հասցեի անշարժ գույքի համասեփականատերեր Վրույր Առաքելյանի և Արմինե Նադարյանի համաձայնությամբ անշարժ գույքի նկատմամբ յուրաքանչյուրի բաժնեմասը սահմանվում է 1/2: Պայմանագրով լիազորված անձ Արմեն Մինասյանը Վրույր Առաքելյանի անունից Արմինե Նադարյանին է նվիրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/46 հասցեի անշարժ գույքի Վրույր Առաքելյանին պատկանող բաժնեմասն ամբողջությամբ (հատոր 1-ին, գ.թ. 101՝ դարձերես, 102).

9) «Երևանի Ռելեի գործարան» ԲԲԸ-ի՝ որպես վաճառողի, Վրույր Առաքելյանի և Արմինե Նադարյանի՝ որպես գնորդների միջև 08.07.2016 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ վաճառողը վաճառում է, իսկ գնորդները ձեռք են բերում Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/47 հասցեում գտնվող անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 103՝ դարձերես, 104).

10) Վրույր Առաքելյանի՝ որպես նվիրատուի, ում անունից լիազորագրով հանդես է եկել Արմեն Մինասյանը, և Արմինե Նադարյանի՝ որպես նվիրառուի միջև 12.09.2018 թվականին կնքվել է անշարժ գույքի (հողամաս) բաժնեմասի սահմանման ու նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/47 հասցեի անշարժ գույքի համասեփականատերեր Վրույր Առաքելյանի և Արմինե Նադարյանի համաձայնությամբ անշարժ գույքի նկատմամբ յուրաքանչյուրի բաժնեմասը սահմանվում է 1/2: Պայմանագրով լիազորված անձ Արմեն Մինասյանը Վրույր Առաքելյանի անունից Արմինե Նադարյանին է նվիրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/47 հասցեի անշարժ գույքի Վրույր Առաքելյանին պատկանող բաժնեմասն ամբողջությամբ (հատոր 1-ին, գ.թ. 104՝ դարձերես, 105).

11) «Երևանի Ռելեի գործարան» ԲԲԸ-ի՝ որպես վաճառողի, Վրույր Առաքելյանի և Արմինե Նադարյանի՝ որպես գնորդների միջև 08.07.2016 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ վաճառողը վաճառում է, իսկ գնորդները ձեռք են բերում Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/48 հասցեում գտնվող անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 107).

12) Վրույր Առաքելյանի՝ որպես նվիրատուի, ում անունից լիազորագրով հանդես է եկել Արմեն Մինասյանը, և Արմինե Նադարյանի՝ որպես նվիրառուի միջև 12.09.2018 թվականին կնքվել է անշարժ գույքի (հողամաս) բաժնեմասի սահմանման ու նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/48 հասցեի անշարժ գույքի համասեփականատերեր Վրույր Առաքելյանի և Արմինե Նադարյանի համաձայնությամբ անշարժ գույքի նկատմամբ յուրաքանչյուրի բաժնեմասը սահմանվում է 1/2: Պայմանագրով լիազորված անձ Արմեն Մինասյանը Վրույր Առաքելյանի անունից Արմինե Նադարյանին է նվիրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/48 հասցեի անշարժ գույքի Վրույր Առաքելյանին պատկանող բաժնեմասն ամբողջությամբ (հատոր 1-ին, գ.թ. 108).

13) Վրույր Առաքելյանի և Արմինե Նադարյանի միջև 21.06.2017 թվականին կնքվել է համատեղ սեփականությունը բաժնային սեփականության վերածելու համաձայնագիր: Համաձայնագրով կողմերը՝ որպես Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/44 հասցեում գտնվող 2225,64քմ մակերեսով հարսանյաց սրահի, 173,5քմ մակերեսով ժամանցի սրահի և 0,2813հա մակերեսով հողամասի ընդհանուր համատեղ սեփականատերեր, որոշել են վերածել այն բաժնային սեփականության՝ հետևյալ բաժնեմասերով՝ Վրույր Առաքելյան՝ 1/10 բաժնեմաս, Արմինե Նադարյան՝ 9/10 բաժնեմաս (հատոր 2-րդ, գ.թ. 79, 80).

14) Վրույր Առաքելյանի՝ որպես նվիրատուի և Արմինե Նադարյանի՝ որպես նվիրառուի միջև 27.04.2018 թվականին կնքվել է անշարժ գույքի բաժնեմասի նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Արմեն Մինասյանը Վրույր Առաքելյանի անունից Արմինե Նադարյանին է նվիրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/44 հասցեի անշարժ գույքի՝ Վրույր Առաքելյանին պատկանող բաժնեմասն ամբողջությամբ (հատոր 1-ին, գ.թ. 94՝ դարձերես, 95).

15) Վրույր Առաքելյանի՝ որպես նվիրատուի, ում անունից լիազորագրով հանդես է եկել Արմեն Մինասյանը, և Արմինե Նադարյանի՝ որպես նվիրառուի միջև 12.09.2018 թվականին կնքվել է անշարժ գույքի (հողամաս) բաժնեմասի սահմանման ու նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի 24/45 հասցեի անշարժ գույքի համասեփականատերեր Վրույր Առաքելյանի և Արմինե Նադարյանի համաձայնությամբ անշարժ գույքի նկատմամբ յուրաքանչյուրի բաժնեմասը սահմանվում է 1/2: Պայմանագրով լիազորված անձ Արմեն Մինասյանը Վրույր Առաքելյանի անունից Արմինե Նադարյանին է նվիրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտայի թիվ 24/45 հասցեի անշարժ գույքի Վրույր Առաքելյանին պատկանող բաժնեմասն ամբողջությամբ (հատոր 1-ին, գ. թ. 98՝ դարձերես, 99).

16) Վրույր Առաքելյանի՝ որպես նվիրատուի, ում անունից լիազորագրով հանդես է եկել Արմեն Մինասյանը, և Արմինե Նադարյանի՝ որպես նվիրառուի միջև 27.04.2018 թվականին կնքվել է անշարժ գույքի (բնակարան) բաժնեմասի սահմանման ու նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Երևանի Կենտրոն համայնքի Պուշկին փողոցի 3-րդ շենքի թիվ 66 բնակարան հասցեի անշարժ գույքի համասեփականատերեր Վրույր Առաքելյանի և Արմինե Նադարյանի համաձայնությամբ անշարժ գույքի նկատմամբ յուրաքանչյուրի բաժնեմասը սահմանվում է 1/2: Պայմանագրով լիազորված անձ Արմեն Մինասյանը Վրույր Առաքելյանի անունից Արմինե Նադարյանին է նվիրել Երևանի Կենտրոն համայնքի Պուշկին փողոցի 3-րդ շենքի թիվ 66 բնակարան հասցեի անշարժ գույքի Վրույր Առաքելյանին պատկանող բաժնեմասն ամբողջությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 55, 56).

17) Վրույր Առաքելյանի՝ որպես նվիրատուի, ում անունից լիազորագրով հանդես է եկել Արմեն Մինասյանը, և Արմինե Նադարյանի՝ որպես նվիրառուի միջև 27.04.2018 թվականին կնքվել է անշարժ գույքի (բնակելի տուն) բաժնեմասի սահմանման ու նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի բնակելի տուն հասցեի անշարժ գույքի համասեփականատերեր Վրույր Առաքելյանի և Արմինե Նադարյանի համաձայնությամբ անշարժ գույքի նկատմամբ յուրաքանչյուրի բաժնեմասը սահմանվում է 1/2: Պայմանագրով լիազորված անձ Արմեն Մինասյանը Վրույր Առաքելյանի անունից Արմինե Նադարյանին է նվիրել Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի բնակելի տուն հասցեի անշարժ գույքի Վրույր Առաքելյանին պատկանող բաժնեմասն ամբողջությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 65,66).

18) Արմինե Նադարյանի անունով գրանցված գույքային իրավունքների ցանկ՝

- Երևան, Կենտրոն, Պուշկինի փողոց, 3-րդ շենք, թիվ 66 բնակարան,

- Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ռուբինյանց փողոց 27/87 (նախկին 30),

- Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա, 24-րդ շենք, թիվ 9 շինություն

- Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա, 24-րդ շենք, թիվ 5 շինություն

- Մարզ Կոտայք, համայնք Պռոշյան, 6-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 16 բնակելի տուն

- Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա 24/44

- Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա 24/45

- Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա 24/46

- Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա 24/47

- Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա 24/48

իրավունքի տեսակը՝ սեփականություն (հատոր 2-րդ, գ.թ. 38-43):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Ա) ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ եթե ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննությամբ հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը, այն է՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ, ապա անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, ՀՀ վճռաբեկ դատարանը պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ (տե՛ս Սամվել Մարտիրոսյանն ընդդեմ Սաթենիկ, Ռաֆայել և Լիլիթ Խաչատրյանների ու Սաթենիկ, Ռաֆայել և Լիլիթ Խաչատրյաններն ընդդեմ Սամվել, Ծովինար, Անդրանիկ, Մանյա ու Արևիկ Մարտիրոսյանների թիվ ԵԱԴԴ/3222/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.02.2023 թվականի որոշումը):

Նկատի ունենալով Վերաքննիչ դատարանի որոշման էջերը կնքված չլինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը՝ Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ այդպիսի խախտման առկայությունը պարզելուն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա՝ Վերաքննիչ դատարանի 09.09.2022 թվականի որոշումն ստորագրված է այն կայացրած դատավորների կողմից, իսկ որոշման յուրաքանչյուր էջը կնքված է նախագահող դատավորի կնիքով: Հակառակը հաստատող որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց գործում առկա չէ: Հետևաբար բացակայում է վերանայվող դատական ակտն անվերապահ բեկանելու համապատասխան հիմքը:

 

Բ) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ ու 201-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջները Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու կարևորությունը, սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ է համարում անդրադառնալ համատեղ գույքը տնօրինելու հարցին, քանի որ, չնայած հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի ու ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումների առկայությանը, դատական պրակտիկայում նման որոշումները կիրառվում են տարակերպ ընկալմամբ։

 

Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

 Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: (...) Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 599-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվությունը թույլատրվում է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ` նույն օրենսգրքի 198 հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:

 Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով:

 Նախկինում կայացրած որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանի եզրահանգումը վերաբերում է համասեփականատերերի համաձայնության առկայության կանխավարկածին (անհամաձայնության բացակայությանը)՝ մի դեպքում շեշտելով ընդհանուր գույքը միայնակ տնօրինելու իրավունքի, մյուս դեպքում՝ գործարքը կնքելու իրավունքի առկայության կանխավարկածը (տե՛ս, օրինակ, թիվ 3-459(ՏԴ) քաղաքացիական գործով 30.03.2007 թվականի, թիվ ԵՔԴ/0256/02/08 քաղաքացիական գործով 17.04.2009 թվականի, թիվ ԵԱՔԴ/0275/02/08 քաղաքացիական գործով 18.09.2009 թվականի, թիվ ԵՔԴ/0749/02/08 քաղաքացիական գործով 04.12.2009 թվականի, թիվ ԵԱՔԴ/1023/02/10 քաղաքացիական գործով 27.12.2011 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները):

Նշված, ինչպես նաև հետագայում կայացրած որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված՝ ընդհանուր սեփականության տնoրինման գործարքն անվավեր ճանաչելու համար բավարար չէ համատեղ սեփականության մասնակիցների՝ ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի, մասնավորապես՝ գնորդի տեղեկացված լինելու փաստը: Նման պահանջը դատարանի կողմից կարող է բավարարվել միայն երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, այն է՝ 1. համատեղ սեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայություն, 2. գործարքի մյուս կողմի՝ այդ մասին իմանալը կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայությունը (տե՛ս, օրինակ, Անահիտ Սուքիասյանն ընդդեմ Վահագն Սուքիասյանի և Պարգև Պողոսյանի թիվ ԵԱԴԴ/1044/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Անդրադառնալով իրավակիրառ պրակտիկայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումներին՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում մի դեպքում շեշտվում է, որ «...համասեփականատերերից որևէ մեկի անհամաձայնության բացակայությունը վկայում է վերջինիս համաձայնության և գործարքը կնքող համասեփականատիրոջ մոտ գործարք կնքելու իրավունքի առկայության մասին», կամ այլ կերպ` ընդհանուր գույքը տնօրինելիս գործում է «...համասեփականատերերի համաձայնության և դրա տնօրինման գործարք կնքող անձի մոտ գործարքը կնքելու իրավունքի առկայության կանխավարկածը» (օր.` թիվ ԵԱՔԴ/1023/02/10 քաղաքացիական գործով 27.12.2011թ. որոշումը): Մեկ այլ դեպքում տրվում է հետևյալ դիրքորոշումը, որ համատեղ սեփականություն հանդիսացող ընդհանուր գույքը տնօրինելու ժամանակ առկա է «... մյուս համասեփականատերերի համաձայնության և դրա տնօրինման իրավունքի առկայության կանխավարկածը» (թիվ ԵԱՔԴ/0275/02/08 քաղաքացիական գործով 18.09.2009թ. որոշումը): Ակնհայտ է, որ այս ձևակերպումների սահմանադրաիրավական բովանդակությունները տարբեր են: Եթե առաջին դեպքում շեշտվում է «գործարքը կնքելու իրավունքի առկայության կանխավարկածը», ապա երկրորդ դեպքում եզրահանգումը վերաբերում է համատեղ սեփականատերերից մեկի մոտ «... տնօրինման իրավունքի առկայության» կանխավարկածին: (...) Սեփականության իրավունքի իրացման, մասնավորապես, գույքի տնօրինման իրավունքի առումով «անհամաձայնության բացակայությունը համաձայնություն է» արտահայտությունը տրամաբանորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի իրավական բովանդակությունից բխող «անձի հայեցողության» կամ այլ կերպ` «իրավահարաբերությունների սուբյեկտների ինքնավար կամքի դրսևորման» սկզբունքին, քանի որ այս դեպքում իրավական ելակետը ոչ թե համաձայնությամբ այլ բան նախատեսված չլինելու պայմաններում գործարք կնքելն է, այլ սեփականության իրավունքի իրացման հարցում անձի հայեցողության կոնկրետ առկայությունն է (տե՛ս Սահմանադրական դատարանի 24.02.2012 թվականի թիվ ՍԴՈ-1009 որոշումը):

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ՝

- սեփականության իրացման գործընթացում վճռորոշ դերակատարություն է հաղորդվում անձի կամաարտահայտությանը.

- ՀՀ սահմանադրական դատարանն իր` ՍԴՈ-630 որոշման մեջ անդրադառնալով սեփականության իրավունքի թույլատրելի սահմանափակումներին` մասնավորապես նշել է. «Սահմանադրության 43 հոդվածը սեփականության իրավունքը չի դիտարկում որպես այդ հոդվածի հիմքերով սահմանափակվող իրավունք: Առկա է իրավունքների սահմանափակման այն առանձնահատուկ դեպքը, երբ Սահմանադրությունն է որոշում տվյալ իրավունքի սահմանափակման չափանիշն ու սահմանները` դա չվերապահելով նույնիսկ օրենսդրի իրավասությանը: Այն կարող է, նախ` իրականացվել օրենքով նախատեսված դեպքերում բացառապես դատական կարգով սեփականությունից զրկելու միջոցով` որպես պատասխանատվությունից բխող հարկադիր գործողություն: Երկրորդ` «սեփականության օտարման» միջոցով, որը «սեփականության զրկումից» էապես տարբեր այլ ինստիտուտ է և պետք է իրականացվի Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասի հիմքերով» (գործող Սահմանադրության 60-րդ հոդված).

- Սահմանադրությունը թույլատրում է բացառապես երկու դեպք, այն է` 31-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (գործող Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասեր) նախատեսված դեպքերը, երբ սեփականատիրոջ կամքն առաջնային չէ, և սեփականության իրավունքի իրացումը չի բխում սեփականատիրոջ հայեցողությունից: Հետևաբար, ցանկացած այլ դեպքում սեփականության իրավունքի իրացման գործընթացում միջամտությունը սեփականատիրոջ հայեցողությանը, սեփականատիրոջ գույքի տնօրինումն առանց այդ հայեցողության հստակ արտահայտման և դրսևորման չի կարող համարվել իրավաչափ և կհանդիսանա սեփականության իրավունքի խախտում.

- ընդհանուր սեփականության (բաժնային և համատեղ) պարագայում համասեփականատերերից յուրաքանչյուրը հանդես է գալիս որպես գույքային իրավահարաբերությունների ինքնուրույն սուբյեկտ` օժտված սեփականության սուբյեկտիվ իրավունքով և վերջինիս բովանդակությունը կազմող` իր հայեցողությամբ օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավազորությամբ: Հետևաբար ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքի նկատմամբ տնօրինման, ինչպես և՝ օգտագործման և տիրապետման, իրավազորությունը կարող է իրացվել միայն բոլոր համասեփականատերերի փոխհամաձայնությամբ, յուրաքանչյուր համասեփականատիրոջ կամաարտահայտության հիման վրա:

Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի տնօրինման կարգը, այն է` այդ գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ: Ի տարբերություն նշված հոդվածի 1-ին մասում ամրագրված նորմի, 2-րդ մասում ամրագրված դրույթն իր բնույթով իմպերատիվ նորմ է, և որպես համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նկատմամբ տնօրինման իրավունքի իրացման պարտադիր պայման է ամրագրում բոլոր համասեփականատերերի համաձայնության առկայությունը: Այս նորմում որևէ բացառություն կամ նախապայման նախատեսված չէ: Միարժեք է, որ գույքի տնօրինումն առանց համասեփականատերերի համաձայնության հնարավոր չէ:

Օրենսդիրը, նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասում առկա այն իրավակարգավորումը, որի համաձայն` ընդհանուր գույքի տնօրինման գործարքը կարող է կնքել համասեփականատերերից յուրաքանչյուրը, 2-րդ մասում շեշտադրում է, որ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է համասեփականատերերի համաձայնությամբ` անկախ նրանից, թե գործարքը համասեփականատերերից ով է կնքում: Նման շեշտադրումն ինքնանպատակ չէ և վկայում է ինչպես խնդրո առարկա հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համակարգային փոխկապակցվածության, այնպես էլ դրանց իրավակարգավորման առարկաների տարբերության մասին: Դրանով միաժամանակ կարևորվում են համատեղ սեփականության իրավունքի բովանդակային բաղադրատարրի՝ տնօրինման իրավակարգավորման առանձնահատկությունը, համատեղ սեփականություն հանդիսացող գույքի ճակատագիրը որոշելու իրավունքի իրացման կարգը և իրավական հնարավոր հետևանքները:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ թիվ ՍԴՈ-1009 որոշմամբ Սահմանադրական դատարանի շեշտադրումները հետևյալն են՝

- համասեփականատերերից յուրաքանչյուրի համաձայնությունը սեփականության իր իրավունքի իրացման, առավել ևս` սեփականության տնօրինման առումով, սահմանադրական պահանջ է, սեփականության իրացման գործընթացում վճռորոշ դերակատարություն է հաղորդվում անձի կամաարտահայտությանը,

- համատեղ սեփականության փաստն ինքնին չի կարող ենթադրել համասեփականատերերից յուրաքանչյուրի մոտ համատեղ գույքը հայեցողաբար տնօրինելու լիազորության առկայություն, համատեղ սեփականություն հանդիսացող ընդհանուր գույքի տնօրինման իրավունքը հավասարապես պատկանում է բոլոր համասեփականատերերին, և նրանցից որևէ մեկն առանց մյուս մասնակիցների համաձայնության իրավասու չէ այն տնօրինել,

- ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված նորմի՝ նույն հոդվածի 2-րդ կետում ամրագրված նորմը սահմանում է ընդհանուր գույքի տնօրինման կարգն ու իր բնույթով իմպերատիվ է, հետևաբար որպես համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նկատմամբ տնօրինման իրավունքի իրացման պարտադիր պայման է ամրագրում բոլոր համասեփականատերերի համաձայնության առկայությունը: Նշված նորմում որևէ բացառություն կամ նախապայման նախատեսված չէ, ուստի միարժեք է, որ գույքի տնօրինումն առանց համասեփականատերերի համաձայնության հնարավոր չէ,

- ի տարբերություն վերը նշված հոդվածի 2-րդ կետում ամրագրված իմպերատիվ նորմի՝ 3-րդ կետում ամրագրված նորմը դիսպոզիտիվ է և նախատեսում է նաև գործարք կնքելու իրավունքի իրացման հարցում համասեփականատերերի այլ համաձայնության հնարավորություն, այսինքն՝ համասեփականատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքելու գույքի տնօրինման գործարք` պայմանով, որ դրա համար ունենա անհրաժեշտ լիազորություն,

- 198-րդ հոդվածի 3-րդ կետը համասեփականատերերից միայն մեկի կողմից սեփականության տնօրինման գործարք կնքելու դեպքում մնացած մասնակիցների և բարեխիղճ ձեռքբերողի իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիք է նախատեսում:

Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1009 որոշումից բխում է, որ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ (եթե նրանց համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ) բոլոր համասեփականատերերի կողմից իրենց հայեցողության իրացման արդյունքում տրված պոզիտիվ (կոնկրետ, առարկայական) համաձայնության առկայության պայմաններում: Ընդհանուր գույքը տնօրինելու համաձայնության առկայության կանխավարկածը վտանգում է Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանությունը, քանի որ անկախ այն հանգամանքից, որ ընդհանուր սեփականության մասնակիցները գույքը տիրապետում և օգտագործում են համատեղ, նշված հանգամանքը չի բացառում գույքի ճակատագրի վերաբերյալ մասնակիցների անտեղյակությունը, ինչն էլ պատճառ է հանդիսանում առարկության բացակայության համար: Կանխավարկածով առաջնորդվելու դեպքում ըստ էության անտեսվում է համասեփականատիրոջ կամքը:

Այդուհանդերձ, հետագայում իրավակիրառ պրակտիկան ընթացել է նույն ուղղությամբ (տե՛ս, օրինակ, թիվ ԵԿԴ/3430/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը)՝ շարունակելով որպես բացառություն դիտել միայն նվիրատվության գործարքները, այն էլ՝ միայն տնօրինելու վերաբերյալ համաձայնության առկայության կանխավարկածի մասով: Այսպես.

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տնօրինման ձևերից նվիրատվության համար օրենսգիրքը սահմանել է ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը նվիրելու հատուկ կարգ: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվության դեպքում կիրառելի չէ համատեղ սեփականության մասնակցի` գույքը տնօրինելու համաձայնության կանխավարկածը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 599-րդ հոդվածում ամրագրելով «համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համաձայնություն» արտահայտությունը` օրենսդիրը կարևորել է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների կամահայտնությունը նվիրատվության գործարք կնքելիս: Հետևաբար ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը նվիրելիս պահանջվում է բոլոր համասեփականատերերի համաձայնությունը, իսկ համասեփականատիրոջ համաձայնության առկայության կանխավարկածը չի գործում (տե՛ս Ալբերտ Այնաջյանն ընդդեմ Սոնա Բորյանի (Շիրինյան) և Լուսինե Շիրինյանի թիվ ԵՄԴ/1469/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է նախկինում արտահայտած այն դիրքորոշումը, որի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու համար բավարար չէ համատեղ սեփականության մասնակիցների` ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի տեղեկացված լինելու փաստը, քանի որ ընդհանուր սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը մնացած մասնակիցների պահանջով կարող է անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար գործարք կնքելու անհրաժեշտ լիազորության բացակայության մասին: Նշված գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վճռի բեկանման և գործը նոր քննության ուղարկելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ քաղաքացիական գործով ձեռք չի բերվել որևէ գրավոր փաստաթուղթ, որով կհիմնավորվեր, որ Անահիտ Սուքիասյանը տվել է իր համաձայնությունը Վահագն Սուքիասյանին՝ վիճելի գույքի նկատմամբ որևէ գործարք կնքելու վերաբերյալ: Միաժամանակ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրելով, որ պատասխանող Պարգև Պողոսյանը դատական նիստի ընթացքում հայտնել է, որ տեղյակ է եղել, որ «Վահագն Սուքիասյանն ամուսնալուծված է եղել»՝ հանգել է այն հետևության, որ պատասխանողը տեղյակ է եղել, որ Վահագն Սուքիասյանն ամուսնացած է եղել, սակայն միջոցներ չի ձեռնարկել պարզելու, թե երբ է ձեռք բերվել գրավի առարկա գույքը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Պարգև Պողոսյանը փոխառության և անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը կնքելիս իմացել կամ ակնհայտորեն պետք է իմանար Վահագն Սուքիասյանի մոտ գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորության բացակայության մասին (տե՛ս Անահիտ Սուքիասյանն ընդդեմ Վահագն Սուքիասյանի և Պարգև Պողոսյանի թիվ ԵԱԴԴ/1044/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Նախ անդրադառնալով ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվության հատուկ կարգ նախատեսված լինելուն՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ կետի կարգավորումը նույն բովանդակությամբ ամրագրված է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 599-րդ հոդվածի 1-ին կետում (արտահայտված է միևնույն միտքը միևնույն բառերով, բացառություն է միայն 599-րդ հոդվածի այն կետը, որն օտարելու կոնկրետ եղանակն է նախատեսում, այն է՝ նվիրատվություն): Հետևաբար նույն ձևակերպումն ունեցող հոդվածները պետք է բովանդակային նույն ծանրաբեռնվածությունն ունենան: Ինչպես նվիրատվության դեպքում մասնավորապես, այնպես էլ գույքը տնօրինելու ցանկացած այլ եղանակի դեպքում ընդհանրապես (նկատի ունենալով նաև, որ տնօրինման այլ ձևերը սահմանող քաղաքացիաիրավական նորմերը հատուկ կարգավորումներ չեն նախատեսում) անհրաժեշտ է համատեղ սեփականության մասնակիցների հստակ արտահայտված կամքը:

Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է ինչպես Սահմանադրական դատարանի իրավական վերլուծությունից, այնպես էլ քննարկվող հոդվածի իրավակարգավորումից: Այսպես.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի մեկնաբանումից հետևում է, որ, եթե համասեփականատերերի միջև բացակայում է այլ համաձայնությունը, ապա գործում է գույքը տնօրինելու համար գործարքը նրանցից յուրաքանչյուրի կողմից կնքելու հնարավորություն ունենալու կանխավարկածը, իսկ նույն կետում ամրագրված անհրաժեշտ լիազորություն ձևակերպումը վերաբերում է տնօրինման գործարք կնքելու իրավունքին: Հետևապես համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինելու գործարքը մասնակիցներից մեկի պահանջով կարող է անվավեր ճանաչվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

- գործարք կնքող մասնակցի մոտ բացակայել է անհրաժեշտ լիազորությունը, որը վերաբերում է տնօրինման գործարք կնքելու իրավունքին,

- գործարքի մյուս կողմը գիտեր կամ պետք է իմանար նման կամահայտնության (համաձայնության՝ անհրաժեշտ լիազորության) բացակայության մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ կետի մեկնաբանումից հետևում է, որ գույքը տնօրինելու վերաբերյալ որոշումը կայացվում է բացառապես համասեփականատերերի համաձայնության առկայության դեպքում, և որևէ կանխավարկած այս դեպքում չի գործում: Գույքը տնօրինելու վերաբերյալ համասեփականատերերի համաձայնությունը կարող է դրսևորվել ցանկացած ձևով` պայմանով, որ այդ համաձայնությունը լինի հստակ արտահայտված և որոշակի, որպեսզի հնարավորություն ընձեռի ոչ թե ենթադրելու, այլ հստակ պատկերացում կազմելու սեփականատիրոջ կամքի ու կամաարտահայտման մասին: Այսինքն՝ համաձայնության վերաբերյալ կամաարտահայտումը տարակարծիք մեկնաբանում կամ տարընկալում չպետք է առաջացնի: Միաժամանակ համաձայնության առկայությունը հիմնավորող ուղղակի ապացույցների բացակայության դեպքում գործարքը պետք է անվավեր ճանաչվի ընդհանուր կարգով՝ առանց բացառությունների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված:

Հետևաբար քննարկվող հոդվածով նախատեսված այլ համաձայնության բացակայությունը վերաբերում է տնօրինելու գործարք կնքելուն, ոչ թե գույքը տնօրինելուն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածն ուղղակիորեն ամրագրում է, որ գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, ուստի առարկության կամ անհամաձայնության բացակայությունը չի կարող գնահատվել որպես համաձայնության առկայություն:

Ըստ էության համանման դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԱԴԴ/0529/02/13 քաղաքացիական գործով, որով հիմք է ընդունվել ընդհանուր գույքը տնօրինելու վերաբերյալ համատեղ սեփականատիրոջ համաձայնության ուղղակի առկայությունը (կոնկրետ դրսևորումը) (տե՛ս Գեղամ և Մարետա Առաքելյաններն ընդդեմ Բանկի, Օվսաննա Առաքելյանի ու ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի ստորաբաժանման թիվ ԵԱԴԴ/0529/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերոգրյալի ամփոփմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի սահմանադրականության առումով հակասական մեկանաբանություններն ու անորոշությունները բացառելու և դատական միասնական ու կանխատեսելի պրակտիկա ձևավորելու նպատակով անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանադրաիրավական այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ (եթե նրանց համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ) այն կնքողի մոտ անհրաժեշտ լիազորության առկայության պայմաններում: Անհրաժեշտ լիազորության առկայությունը փաստելու համար պարտադիր է գործարքը կնքելու վերաբերյալ համասեփականատերերի միջև այլ համաձայնության բացակայությունը կամ այլ համաձայնության առկայության դեպքում՝ դրանով սահմանված պայմանների պահպանումը: Միաժամանակ գույքը տնօրինելու վերաբերյալ բոլոր համասեփականատերերի կողմից իրենց հայեցողության կոնկրետ դրսևորման արդյունքում տրված պոզիտիվ (կոնկրետ, առարկայական, հստակ արտահայտված) համաձայնության բացակայության դեպքում համատեղ սեփականություն հանդիսացող գույքը տնօրինելու գործարքը պետք է անվավեր ճանաչվի ընդհանուր կարգով, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված բացառությունն այս դեպքում կիրառելի չէ: Հետևաբար երրորդ անձի տեղեկացված լինել-չլինելու հարցը տվյալ դեպքում որևէ նշանակություն չի կարող ունենալ, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված՝ ընդհանուր համատեղ սեփականության գույքը տնօրինելու ժամանակ դրա վերաբերյալ մասնակիցների համաձայնության առկայության կանխավարկածը չի կարող գործել, և կիրառելի չէ ինչպես նվիրատվության, այնպես էլ տնօրինելու մյուս եղանակների դեպքում:

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի և Նվեր Մկրտչյանն ընդդեմ Ռուզաննա Թորոսյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը): Ապացույցների գնահատման արդյունքում դատավորի մոտ ձևավորվող ներքին համոզմունքը պետք է հիմնված լինի ոչ թե հավանական ենթադրությունների վրա, այլ պետք է ունենա օբյեկտիվ հիմքեր (տե՛ս Վալերիկ Հայրապետյանն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության թիվ ԿԴ/5064/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2022 թվականի որոշումը): Դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի ու թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը): Դա­տա­րա­նի կող­մից ապացույց­նե­րի բազ­մա­կող­մա­նի, լրիվ և­ օբ­յեկ­տիվ հետազոտությունն ա­ռաջ­նա­հերթ նշանակություն ու­նի դրանք ա­ռան­ձին-ա­ռան­ձին ու ի­րենց հա­մակ­ցութ­յան մեջ ճիշտ գնահատելու` դրանց ար­ժա­նա­հա­վա­տութ­յունը և բա­վա­րա­րութ­յու­նը ճիշտ ո­րո­շե­լու ու գործի քննութ­յան արդ­յուն­քում օ­րի­նա­կան և հիմ­նա­վոր­ված դա­տա­կան ակտ կա­յաց­նե­լու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը)։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործով դիմելով դատարան` Լյուդմիլա Դուկովան պահանջել է՝

- անվավեր ճանաչել Երևանի Ազատության պողոտայի 24-րդ շենքի թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքի, 24-րդ շենքի թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքի, Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 30 հասցեում գտնվող անշարժ գույքի (նոր հասցեն՝ 27/87) նվիրատվության պայմանագրերը,

- մասնակիորեն անվավեր ճանաչել Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի 6-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի, Երևանի Ազատության պողոտայի թիվ 24/44, թիվ 24/46, թիվ 24/47, թիվ 24/45 ու թիվ 24/48 հասցեներում գտնվող անշարժ գույքի, Երևանի Պուշկին փողոցի 3-րդ շենքի թիվ 66 հասցեում գտնվող բնակարանի նվիրատվության պայմանագրերը, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղ հասցեում գտնվող 1000քմ հողամասի առուվաճառքի պայմանագիրը,

- անվավեր ճանաչել այդ պայմանագրերի հիման վրա Արմինե Նադարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները,

- այդ գույքի նկատմամբ վերականգնել իր սեփականության իրավունքը:

Դատարանը մերժել է հայցը՝ պատճառաբանելով, որ

- «գործի փաստական հանգամանքների և իրավական ակտերի համապարփակ վերլուծության արդյունքում Դատարանը հանգում է այն հետևության, որ խնդրի առարկա գործարքները կնքվել են հանգուցյալ Վրույր Առաքելյանի և Լյուդմիլա Դուկովայի գրանցված ամուսնության ընթացքում, և օրենքի ուժով հանդիսանում են նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը՝ անկախ այն հանգամանքից գույքը ձեռք է բերել ամուսիններից մեկը, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ում անունով է ձևակերպված` միևնույնն է հանդիսանում է ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն»,

- «գործում առկա առուվաճառքի բոլոր գործարքներում Վրույր Առաքելյանը և Արմինե Նադարյանը հավասարապես հանդես են եկել որպես գնորդներ՝ հավասար իրավունքներով, և ձեռք բերված գույքը հանդիսացել է առուվաճառքի պայմանագրի հիմքով նրանց ընդհանուր համատեղ սեփականությունը»,

- «նվիրատվության գործարքների առարկա հանդիսացած անշարժ գույքերի մի մասը ձեռք է բերվել Վրույր Առաքելյանի և Արմինե Նադարյանի կողմից հավասար հիմունքներով որպես համատեղ սեփականություն, մյուս մասի նկատմամբ սահմանվել է բաժնային սեփականություն՝ 1/10-րդ և 9/10-րդ մասերի հարաբերակցությամբ, իսկ մյուս մասի նվիրատվության պայմանագրերով սահմանվել է 1/2 բաժնեմաս, որպիսի պայմաններում Վրույր Առաքելյանը առնվազն իր 1/2 բաժնեմասի կեսը իր հայեցողությամբ ազատ տնօրինելու իրավունքն է ունեցել»,

- «վկաների, ինչպես նաև կողմերի ներկայացուցիչների բացատրությունները վկայում են այն մասին, որ Վրույր Առաքելյանը հանդիսացել է նախկինում պաշտոնատար անձ, ապա զբաղվել է գործարար գործունեությամբ, և Արմինե Նադարյանը հանդիսացել է ոչ միայն իր փաստացի կինը և դստեր՝ Գայանե Վրույրի Առաքելյանի մայրը, այլև գործարար գործունեության մեջ գործընկեր: Հայցվորի կողմից գործարքները մասով անվավեր ճանաչելու պահանջի հիմքում դրվել է այն փաստարկը, որ Արմինե Նադարյանը գիտեր այն մասին, որ Վրույր Առաքելյանը իր հետ համատեղ բնակության տարիներին շարունակել է գտնվել այլ կնոջ հետ գրանցված ամուսնության մեջ, որպիսի փաստարկի հիմնավորման համար հայցվորի կողմից հավաստի բավարար թույլատրելի և վերաբերելի ապացույցներ չեն ներկայացվել Դատարանին: (...) վկաների ցուցմունքներն այս հարցում իրարամերժ են»,

- «տվյալ դեպքում գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է այն հանգամանքը, որ հայցվորը ավելի քան քսան տարի համատեղ չի բնակվել իր գրանցված ամուսնու հետ, իրազեկված է եղել նրա այլ ընտանիք ունենալու մասին, իր զավակները մշտապես այցելել են հորը, ներգրավված են եղել նրա գործարար գործունեության մեջ, հանդիսանում են նրա կողմից ձեռք բերված անշարժ գույքի մի մասի սեփականատերը, իսկ հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց առ այն, որ իրազեկված լինելով պատասխանողի հետ իր գրանցված ամուսնու համատեղ բնակության և կացության մասին՝ երբևէ որևէ գործողություն է կատարել, որը կվկայեր նրա՝ ընդհանուր համատեղ սեփականության հանդիսացող գույքից չհրաժարվելու, դրանով հետաքրքրված լինելու և փաստացի սեփականությունից չմեկուսանալու մասին»:

Անդրադառնալով նյութական իրավունքում «համաձայնություն» տերմինի բովանդակությանը՝ Դատարանն արձանագրել է, որ

«ամուսինների համատեղ գույքի շուրջ նվիրատվության գործարքի կնքման ժամանակ պետք է լինի գույքն իր փոխարեն կամ առանց իր համաձայնության տնօրինելու լիազորության շուրջ ամուսնու պոզիտիվ համաձայնությունը, և նվիրատվության պայմանագրով գույքի տնօրինման շուրջ ամուսնու նման համաձայնությունը պետք է լինի ակնհայտ, բավականաչափ հստակ, պարզ ու որոշակի ձևակերպմամբ, ու իր բովանդակությամբ այն միանշանակ պետք է վկայի ամուսնու՝ գույքի նման կերպ կամ ցանկացած ձևով տնօրինման հարցի շուրջ ուղղակի կամաարտահայտության մասին, այսինքն՝ ամուսնու համաձայնության մասին ապացույցի միջոցով հաստատվող փաստերն անկողմնակալ ցանկացած երրորդ անձի մոտ պետք է իրականում նման համաձայնության առկայության մասին որևէ կասկած չհարուցեն, իսկ եթե դա ամրագրվել է որևէ պայմանագրի միջոցով, ապա այն պետք է բխի այդ գործարքի մյուս դրույթներով կողմերի ամրագրած կամքից ու ցանկությունից, պայմանագրի ընդհանուր նպատակից: էական է նաև հաշվի առնել այն իրողությունը, որ համատեղ սեփականության մասնակցի համաձայնությունը գործարք չէ, այլ անհրաժեշտ նախապայման է գործարքի կնքման համար, ինչը նշանակում է, որ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվության դեպքում մյուս մասնակցի համաձայնության ձևի նկատմամբ ենթակա չեն կիրառման անգամ գործարքի ձևի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, այլ կերպ ասած` նման համաձայնության արտահայտման համար պարտադիր չէ նոտարական ձևի պահպանման պահանջը։ Հետևաբար, եթե համաձայնության առկայությունը փաստվում է անգամ համատեղ սեփականատիրոջ՝ տարիների ընթացքում ցուցաբերած անգործությամբ և գույքից մեկուսացված լինելով, ապա այն թույլատրելի ապացույց է, եթե իր մեջ ներառում է այնպիսի պայման, որի ուժով բավականաչափ հստակ, կոնկրետ ու ակնհայտ է ընդհանուր գույքի տնօրինման շուրջ ամուսինների ձեռք բերած այս կամ այն համաձայնությունը կամ առնվազն ամուսիններից մեկի պոզիտիվ համաձայնությունը՝ գույքի նվիրատվության միջոցով տնօրինման լիազորության իրացման հարցում»:

Վերոգրյալի հիման վրա Դատարանը եզրահանգել է, որ

«տվյալ դեպքում Լյուդմիլա Դուկովան սկսած մոտ 1998 թվականից փաստացի համատեղ չի ապրել հանգուցյալ Վրույր Առաքելյանի հետ, չի վարել նրա հետ համատեղ տնտեսություն, իրազեկված է եղել իր գրանցված ամուսնու՝ պատասխանողի հետ փաստական ընտանիք ունենալու մասին, զավակները մշտապես այցելել են հորը՝ Վրույր Առաքելյանին, ընդունել են իրենց հոր և պատասխանողի համատեղ կյանքում ծնված Գայանե Առաքելյանին որպես իրենց քույր, և հայցվորը ավելի, քան քսան տարի հետամուտ չի եղել համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված գույքի բաժնեմասի նկատմամբ իր իրավունքների իրացմանը, որևէ պահանջ չի ներկայացրել գրանցված ամուսնուն նրա կենդանության օրոք, փաստացի մեկուսացված է եղել նրա և պատասխանողի գործարար գործունեության արդյունքում որպես համատեղ սեփականություն ձեռք բերված գույքից, որևէ կերպ չի մասնակցել գույքի կառավարմանը և պահպանմանը, որպիսի պայմաններում իր գործողություններով /անգործությամբ/ տվել է իր համաձայնությունը Վրույր Առաքելյանի կողմից համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված անշարժ գույքի բաժնեմասը տնօրինելու համար, ինչը թույլ է տալիս հանգել այն եզրակացության, որ գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունը առկա է եղել, և հայցվորի վարքագիծը ուղղակիորեն արտահայտել է իր կամքը՝ բացարձակ ազատություն տալով Վրույր Առաքելյանին ազատորեն տնօրինելու համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված գույքը: Դատարանը հարկ է համարում նաև նշել, որ վկաների ցուցմունքները Վրույր Առաքելյանի ամուսնալուծված լինելու մասով իրամերժ են, սակայն մի շարք հարցերի մասով այդպիսիք պարունակում են հավաստի տեղեկություններ, մասնավորապես այն մասին, որ Վրույր Առաքելյանը սկսած 1998 թվականից փաստացի ապրել է Արմինե Նադարյանի հետ, ում իր ազգականներին և հանրությանը ներկայացրել է որպես իր ամուսին, բացի այդ, գործում առկա լուսանկարների միջոցով Դատարանը հարցադրումներ է հղել վկաներին դրանցում պատկերված անձանց մասին, և հարցված վկաները ճանաչել են Արմինե Նադարյանին, ավելին, վկաներից Արմեն Մինասյանը հանդիսացել է Վրույր Առաքելյանի լիազորված անձը, ինչպես նաև փեսան, ով հանդես գալով վերջինիս անունից՝ կնքել է խնդրո առարկա նվիրատվության պայմանագրերը, և ցուցմունք է տվել առ այն, որ բոլոր պայմանագրերի կնքմանն անձամբ ներկա է գտնվել Վրույր Առաքելյանը, ով հսկել է Արմեն Մինասյանի գործողությունների կատարումը նոտարական գրասենյակում, և ում անմիջական մասնակցությամբ կնքվել են բոլոր գործարքները: Արմեն Մինասյանը նշել է, որ Վրույր Առաքելյանն իրեն բանավոր հայտնել է իր ամուսնալուծված լինելու մասին, իսկ Լյուդմիլա Դուկովային չի ճանաչել և երբևէ չի տեսել: Ցուցմունք տված բոլոր վկաները հայտնել են, որ Արմինե Նադարյանի կողմից են կազմակերպվել ամանորյա բոլոր միջոցառումները Ծաղկաձոր քաղաքի իրենց հանգստյան տանը, ինչպես նաև Երևան քաղաքում, որին մասնակցել են Վրույր Առաքելյանի և Արմինե Նադարյանի բոլոր հարազատները և բարեկամները, սակայն Լյուդմիլա Դուկովան որևէ միջոցառման երբևէ չի մասնակցել»:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ՝

- «համատեղ սեփականության բոլոր մասնակիցների ազատ կամահայտնությունը հանդիսանում է նվիրատվության գործարքի օրինականության հիմքը, սույն պարագայում՝ ամուսնու հստակ և կոնկրետ արտահայտված համաձայնությունը կնքվող գործարքի պայմաններին: Համաձայնությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով ու եղանակներով, կարևոր է, որ այն ակնհայտ, առանց որևէ կասկած հարուցելու արտահայտի իր կամքի ազատ դրսևորումն ամուսնու կատարած գործարքին, այսինքն՝ ամուսինների համատեղ գույքի շուրջ նվիրատվության գործարքի կնքման ժամանակ պետք է լինի գույքն իր փոխարեն կամ առանց իր համաձայնության տնօրինելու լիազորության շուրջ ամուսնու պոզիտիվ համաձայնությունը: Յուրաքանչյուր դեպքում համաձայնության առկայությունը կամ բացակայությունը դատարանի կողմից հաստատվում է ներկայացված ապացույցների լրիվ, բազմակողմանի հետազոտման ու գնահատման արդյունքում», «դատարանը չի հիմնվել միայն մեկ վկայի՝ Արմեն Մինասյանի ցուցմունքի վրա, այլ հետազոտել է նաև վկաներ Վոլոդյա Ղազարյանի, Վաչագան Ղազարյանի Սրբուհի Մելիքսեթյանի, Լուսինե Մարտիրոսյանի, Կամո Պետրոսյանի ցուցմունքները, Սոֆիա Առաքելյանի հայտարարությունը, դրանք գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից և իրավացիորեն եզրակացրել է, որ վիճելի է մնացել այն փաստը, որ Արմինե Նադարյանն իմացել, կամ ակնհայտորեն պետք է իմանար Վրույր Առաքելյանի՝ Լյուդմիլա Դուկովայի հետ ամուսնության մեջ գտնվելու մասին, ընդ որում, քանի որ այդ փաստի ապացուցման պարտականությունը դրվել է հայցվորի վրա, ուստի դրա վիճելի մնալու բացասական հետևանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով կրում է հայցվորը: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերը նշված փաստը վիճելի մնալու պայմաններում չի ապացուցվում նաև այն փաստը, որ Արմինե Նադարյանն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար անշարժ գույքերը տնօրինելու համար Վրույր Առաքելյանի մոտ համապատասխան լիազորությունների բացակայության մասին, հետևաբար արդեն իսկ այդ փաստը վիճելի մնալու ուժով բացակայում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ գործարքներն անվավեր ճանաչելու պարտադիր նախապայմաններից մեկը»:

Անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ «դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ նման փաստի ապացուցման պարտականություն չի դրել, սակայն հայցի մերժման հիմքում դրել է նաև այն պատճառաբանությունը, որ ավելի, քան քսան տարի Վրույր Առաքելյանի հետ համատեղ չբնակվելով և համատեղ տնտեսություն չվարելով, իրազեկված լինելով նրա գործարար գործունեության վերաբերյալ՝ հայցվորը գիտեր և պարտավոր էր իմանալ, որ Վրույր Առաքելյանը ձեռք է բերում և օտարում է անշարժ գույք, որոնց նկատմամբ հայցվորը որևէ հետաքրքրություն նրա կենդանության օրոք չի ցուցաբերել, փաստացի հրաժարվել է իր՝ որպես գրանցված ամուսնության մեջ գտնվող անձ, համատեղ սեփականությունից, որով փաստորեն տվել է իր համաձայնությունը Վրույր Առաքելյանի կողմից ազատորեն տնօրինելու դրանք, որպիսի փաստերը, ըստ բողոքաբերի, դատաքննությամբ քննության առարկա չեն դարձվել», Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «բողոքաբերի այդ փաստարկը հիմնավորված լինելը չի կարող հիմք հանդիսանալ դատարանի կողմից վեճի լուծման վրա ազդեցություն ունենալու հիմքով դատական ակտը բեկանելու համար, քանի որ, ինչպես արդեն վերը նշվել է, վիճելի է մնացել այն փաստը, որ Արմինե Նադարյանն առհասարակ իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար Վրույր Առաքելյանի՝ Լյուդմիլա Դուկովայի հետ ամուսնության մեջ գտնվելու մասին»:

Վերոգրյալից հետևում է, որ ստորադաս դատարանները

- մի կողմից արձանագրել են, որ տնօրինելու լիազորության շուրջ ամուսնու պոզիտիվ համաձայնությունը պետք է լինի ակնհայտ, բավականաչափ հստակ, պարզ ու որոշակի ձևակերպմամբ, իր բովանդակությամբ այն միանշանակ պետք է վկայի ամուսնու՝ գույքի նման կերպ կամ ցանկացած ձևով տնօրինման հարցի շուրջ ուղղակի կամաարտահայտության մասին,

- մյուս կողմից հայցվոր Լյուդմիլա Դուկովայի կողմից տրված համաձայնություն են դիտարկել վերջինիս ենթադրյալ անգործությունը, այսինքն՝ առաջնորդվել են «անհամաձայնության բացակայությունը համաձայնություն է» կանխավարկածով,

- Վրույր Առաքելյանի մոտ անհրաժեշտ լիազորության առկայության կամ բացակայության հարցը քննարկել են «գույքը տնօրինելու համաձայնության» համատեքստում, իսկ համատեղ սեփականության մասնակիցների՝ ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի տեղեկացված լինելու փաստը կախվածության մեջ են դրել գործարք կնքած ամուսնու մոտ անհրաժեշտ լիազորության առկայության կամ բացակայության փաստից,

- համատեղ սեփականություն հանդիսացող գույքը տնօրինելու գործարքն անվավեր ճանաչելու հարցը քննարկել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի համատեքստում՝ անվավեր ճանաչելու պահանջի բավարարման հնարավորությունը պայմանավորելով նվիրառուի՝ Արմինե Նադարյանի իրազեկված լինելով:

Մինչդեռ ինչպես վերը նշվել է, ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինելու վերաբերյալ համասեփականատերերի համաձայնությունը պետք է լինի աներկբա, կոնկրետ և որոշակի, հետևաբար չի կարող հաստատվել անգործությամբ, առարկության կամ անհամաձայնության բացակայությամբ:

Միաժամանակ նման համաձայնության բացակայության դեպքում համատեղ սեփականություն հանդիսացող գույքը տնօրինելու գործարքը ենթակա է անվերապահ անվավեր ճանաչման, և երրորդ անձի տեղեկացված լինել-չլինելու հարցը տվյալ դեպքում որևէ նշանակություն չի կարող ունենալ:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վրույր Առաքելյանը և Լյուդմիլա Դուկովան 14.08.1976 թվականից գտնվում են գրանցված ամուսնության մեջ, վիճելի գույքը ձեռք են բերվել նրանց համատեղ ամուսնության ընթացքում, հետևաբար հանդիսանում է վերջիններիս համատեղ սեփականությունը (գույքի մի մասի դեպքում՝ նաև Արմինե Նադարյանի համատեղ սեփականությունը):

Գործում Լյուդմիլա Դուկովայի՝ որպես համասեփականատիրոջ կողմից համատեղ գույքը տնօրինելու վերաբերյալ տրված համաձայնությունը հաստատող ապացույց առկա չէ: Հետևաբար Լյուդմիլա Դուկովայի համաձայնության բացակայության պայմաններում Վրույր Առաքելյանն իրավունք չի ունեցել որևէ կերպ տնօրինելու վեճի առարկա գույքում վերջինիս բաժնեմասերը:

Ինչ վերաբերում է վկաների ցուցմունքներին, ապա դրանցով չի կարող հաստատվել համասեփականատիրոջ համաձայնության առկայությունը, քանի որ նման համաձայնությունը պետք է լինի սեփականատիրոջ կամահայտնության արդյունքը, ինչն անխզելիորեն կապված է սեփականատիրոջ անձի հետ, ուստի չի կարող հաստատվել այդպիսի կամահայտնության առկայության վերաբերյալ այլ անձանց ցուցմունքներով: Բացի այդ, նույնիսկ սույն գործով տրված ցուցմունքները չեն վկայում նման համաձայնության առկայության մասին, քանի որ, ինչպես ստորադաս դատարաններն են արձանագրել, դրանք իրարամերժ են, և վերաբերում են բացառապես Լյուդմիլա Դուկովայի ու Վրույր Առաքելյանի հարաբերություններին, շփումների բացակայությանը և Լյուդմիլա Դուկովայի մեկուսացվածությանն ընդհանուր գույքից:

Անդրադառնալով Վրույր Առաքելյանի մոտ համատեղ գույքը տնօրինելու անհրաժեշտ լիազորության բացակայության վերաբերյալ գործարքների մյուս կողմի՝ Արմինե Նադարյանի իմանալու կամ ակնհայտորեն իմանալու պարտականության նյութաիրավական փաստակազմին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նույնիսկ նման հարց քննարկելու դեպքում չէր կարող հիմք ընդունվել Արմինե Նադարյանի անտեղյակությունը, քանի որ վերջինս եղել է ոչ թե պարզապես երրորդ անձ, ով կարող էր չիմանալ Վրույր Առաքելյանի ամուսնացած լինելու մասին, այլ՝ Վրույր Առաքելյանի փաստացի կինը, ում հետ վերջինս բնակվել է ավելի քան 20 տարի, այդ թվում շփումներ ունեցել Վրույր Առաքելյանի՝ Լյուդմիլա Դուկովայի հետ համատեղ ամուսնությունից ծնված երեխաների հետ, ինչն արձանագրվել է նաև ստորադաս դատարանների կողմից:

Այսինքն՝ Արմինե Նադարյանը, ավելի քան 20 տարի լինելով Վրույր Առաքելյանի փաստացի կինը և գործընկերը, ակնհայտորեն պետք է տեղյակ լիներ վեճի առարկա գույքային միավորները Վրույր Առաքելյանի և Լյուդմիլա Դուկովայի համատեղ սեփականությունը հանդիսանալու հանգամանքի, վերջիններիս հարաբերությունների ու Վրույր Առաքելյանի մոտ համատեղ գույքը բաժանելու և նվիրատվության վիճելի գործարքների կնքման համար անհրաժեշտ լիազորությունների՝ Լյուդմիլա Դուկովայի ուղղակիորեն արտահայտված համաձայնության բացակայության մասին (համանման փաստական հանգամանքներով տե՛ս թիվ ԵՔԴ/0749/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը):

 Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի իրականացվել ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտություն ու գնահատում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 09.09.2022 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 09.09.2022 թվականի որոշումը բեկանելու և գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի հանգամանքները պարզելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Ա. Մկրտչյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2025 թվական: