Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.20-2025.02.02 Պաշտոնական հրապարակման օրը 30.01.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.12.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/2259/02/20

2024 թ. 

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/2259/02/20

Նախագահող դատավոր`

 Դ. Սերոբյան

Դատավորներ`

 Մ. Հարթենյան

 Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Է. Սեդրակյան

Վ ՔՈՉԱՐՅԱՆ

 

2024 թվականի դեկտեմբերի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Աննա Հովակիմյանի հայցի ընդդեմ Արմեն Հակոբյանի, երրորդ անձինք Արման Բրուտյանի, Կարեն Հակոբյանի, Աշոտ Ասրյանի և Գարեգին Ներկարարյանի՝ պայմանագրերն ու դրանց հիման վրա կատարված պետական գրանցումները մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2023 թվականի որոշման դեմ Աննա Հովակիմյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աննա Հովակիմյանը պահանջել է՝

- մասնակիորեն՝ 1/2 մասով անվավեր ճանաչել Իջևան քաղաքի Անկախության փողոցի 17-րդ շենքի թիվ 40 բնակարանի նկատմամբ 06.02.2020 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումը, անվավեր ճանաչել նաև նույն բնակարանի նկատմամբ 07.08.2020 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը,

- մասնակիորեն՝ 1/2 մասով անվավեր ճանաչել Գանձաքար գյուղում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի (ծածկագիր 11-021-0025-0055) նկատմամբ 07.02.2020 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը,

- մասնակիորեն՝ 1/2 մասով անվավեր ճանաչել Գանձաքար գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասի (ծածկագիր 11-021-0304-0039) նկատմամբ 07.02.2020 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը,

- մասնակիորեն՝ 1/2 մասով անվավեր ճանաչել Գանձաքար գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասի (ծածկագիր 11-021-0307-0023) նկատմամբ 07.02.2020 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը,

- մասնակիորեն՝ 1/2 մասով անվավեր ճանաչել Գանձաքար գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասի (ծածկագիր 11-021-0508-0002) նկատմամբ 07.02.2020 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը,

- մասնակիորեն՝ 1/2 մասով անվավեր ճանաչել Գանձաքար գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասի (ծածկագիր 11-001-0181-0053) նկատմամբ 06.02.2020 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը, անվավեր ճանաչել նաև նույն հողամասի նկատմամբ 07.08.2020 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը:

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29.09.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.05.2023 թվականի որոշմամբ Արմեն Հակոբյանի և Գարեգին Ներկարարյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 29.09.2022 թվականի վճիռը բեկանվել ու փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աննա Հովակիմյանը (ներկայացուցիչ Քնարիկ Օհանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Հակոբյանը (ներկայացուցիչ Արտակ Խաչիկյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 189-րդ, 191-րդ, 192-րդ, 198-րդ և 201-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ, 59-րդ, 62-րդ, 63-րդ ու 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վեճի առարկա վեց միավոր գույքի համասեփականատերեր են ինքը և պատասխանողը, քանի որ նշված գույքը ձեռք է բերվել իրենց միջև ամուսնությունը գրանցելուց հետո: Դատարանի 08.07.2020 թվականի վճռով ինքը և պատասխանողն ամուսնալուծվել են, միաժամանակ ամուսնալուծության հայցը դեռ չքննված՝ իրենց համատեղ կյանքում ձեռքբերված գույքը պատասխանողը, առանց իր համաձայնության և գիտության, առուվաճառքի ու նվիրատվության 06.02.2020 թվականի և 07.02.2020 թվականի գործարքներով օտարել է: Թիվ 38162020 քրեական գործով պատասխանողին մեղսագրվել է հանրորեն վտանգավոր արարք՝ նոտարին ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելու հիմքով, որով պատասխանողը ներգրավվել է որպես մեղադրյալ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողը և Կարեն Հակոբյանն ապրել են նույն հարկի տակ, հետևաբար Կարեն Հակոբյանը (նվիրառու) ոչ միայն տեղյակ է եղել եղբոր՝ Արմեն Հակոբյանի (նվիրատու) ամուսնալուծության, այլև՝ նրա կողմից կնքվող գործարքների մասին, ինչը հիմնավորվում է գույքի հապշտապ գործարքների կնքմամբ (ամուսնալուծության հայցն ստանալուց մի քանի օր հետո):

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատարանում քրեական գործի առկայության վերաբերյալ իր կողմից հիշատակումը փաստել է այն, որ պատասխանողը գործարքները կնքել է ոչ միայն լիազորություններ չունենալով, այլև՝ սուտ տեղեկատվության հիման վրա, ինչը քրեորեն պատժելի արարք է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.05.2023 թվականի որոշումը և հայցն ամբողջությամբ բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

Հայտնել է, որ օրենքն ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև, կախված նրանց սեփականության իրավունքի մասնակցության հիմքից, տարբերություն չի նախատեսում:

Բողոքաբերը հիշատակել է նաև թիվ 38162020 քրեական գործով նախաքննական մարմնի եզրահանգումները, որոնք սույն գործով նախադատելի չեն, քանի որ քրեական գործի դատաքննությունը շարունակվում է, և վերջնական դատական ակտ առկա չէ:

Անհիմն են նաև գործարքների մասնակիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները, քանի որ պատասխանողը գույքի՝ իրեն հասանելիք 50 տոկոսն օտարելու իրավունք է ունեցել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Աննա Հովակիմյանի և Արմեն Հակոբյանի ամուսնությունը գրանցվել է 29.09.2000 թվականին (հատոր 1-ին, գթ 18).

2) Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 08.07.2020 թվականի թիվ ՏԴ/0091/02/20 օրինական ուժի մեջ մտած վճռով լուծվել է Արմեն Հակոբյանի և Աննա Հովակիմյանի 29.09.2000 թվականին գրանցված ամուսնությունը (հիմք՝ datalex.am դատական տեղեկատվական համակարգ).

3) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենի համաձայն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Անկախության փողոցի 17-րդ շենքի թիվ 40 բնակարանի նկատմամբ 16.03.2004 թվականի առուվաճառքի պայմանագրի հիման վրա 01.02.2020 թվականին գրանցվել է Արմեն Հակոբյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 101-104).

4) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենի համաձայն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Անկախության փողոցի 17-րդ շենքի թիվ 40 բնակարանի նկատմամբ 06.02.2020 թվականի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Արման Բրուտյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 109-112).

5) գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի ու վկայականի համաձայն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Անկախության փողոցի 17-րդ փողոցի շենքի թիվ 40 բնակարանի նկատմամբ 07.08.2020 թվականի առուվաճառքի պայմանագրի հիման վրա 12.08.2020 թվականին գրանցվել է Աշոտ Ասրյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 25, 26, հատոր 3-րդ, գ.թ. 22).

6) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենի համաձայն՝ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գտնվող հողամասի (ծածկագիր 11-021-025-055) նկատմամբ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.07.1991 թվականի թիվ 7 որոշման քաղվածքի հիման վրա 27.03.2007 թվականին գրանցվել է Արմեն Հակոբյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 102-104).

7) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենի համաձայն՝ Տավուշի մարզի Գանձաքար 14-րդ փողոցի 1-ին փակուղի թիվ 3 հողամասի (ծածկագիր 11-021-0025-0055) նկատմամբ 07.02.2020 թվականի նվիրատվության պայմանագրի հիման վրա 12.02.2020 թվականին գրանցվել է Կարեն Հակոբյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 105, 129, 130).

8) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենի համաձայն՝ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գտնվող հողամասի (ծածկագիր 11-021-508-002) նկատմամբ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.07.1991 թվականի թիվ 7 որոշման քաղվածքի հիման վրա 08.12.2006 թվականին գրանցվել է Արմեն Հակոբյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 87-89).

9) Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գտնվող հողամասի (ծածկագիր 11-021-0508-0002) նկատմամբ 07.02.2020 թվականի նվիրատվության պայմանագրի հիման վրա գրանցվել է Կարեն Հակոբյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 90, 91՝ դարձերես, գ.թ. 135, 136).

10) Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գտնվող հողամասի (ծածկագիր 11-021-307-023) նկատմամբ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.07.1991 թվականի թիվ 7 որոշման քաղվածքի հիման վրա 27.03.2007 թվականին գրանցվել է Արմեն Հակոբյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 92-94).

11) Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գտնվող հողամասի (ծածկագիր 11-021-0307-0023) նկատմամբ 07.02.2020 թվականի նվիրատվության պայմանագրի հիման վրա գրանցվել է Կարեն Հակոբյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 117, 118).

12) Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գտնվող հողամասի (ծածկագիր 11-021-304-039) նկատմամբ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.07.1991 թվականի թիվ 7 որոշման քաղվածքի հիման վրա 08.12.2006 թվականին գրանցվել է Արմեն Հակոբյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 97-99).

13) Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գտնվող հողամասի (ծածկագիր 11-021-0304-0039) նկատմամբ 07.02.2020 թվականի նվիրատվության պայմանագրի հիման վրա գրանցվել է Կարեն Հակոբյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 122-124).

14) Տավուշի մարզի Իջևան համայնքի 11-001-0181-0053 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ 07.06.2006 թվականի հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա 10.07.2006 թվականին գրանցվել է Արմեն Հակոբյանի սեփականության իրավունքը, 06.02.2020 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա 11.02.2020 թվականին գրանցվել է Արման Բրուտյանի սեփականության իրավունքը, իսկ 07.08.2020 թվականի առուվաճառքի պայմանագրի հիման վրա 12082020 թվականին՝ Գարեգին Ներկարարյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 21, 27-29, 85, 86).

15) թիվ 38162020 քրեական գործով 21.07.2021 թվականի մեղադրական եզրակացության համաձայն՝ գործով մեղադրյալ Արմեն Հակոբյանը, ամուսնացած լինելով Աննա Հովակիմյանի հետ, (...) տեղեկացված լինելով Աննա Հովակիմյանի կողմից ամուսնալուծության հայց ներկայացնելու մտադրության մասին, սակայն նպատակ ունենալով Աննա Հովակիմյանին զրկել համատեղ սեփականություն հանդիսացող ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոցի 17-րդ շենքի թիվ 40 բնակարանի և ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար համայնքում գտնվող 0.2 հա հողամասի (ծածկագիր 11-001-0181-0053) նկատմամբ ունեցած սեփականության ու հետագայում դրանց հնարավոր օտարման դեպքում ստացվող եկամուտի կեսը ստանալու իրավունքից, 2020 թվականի փետրվարի 6-ին այցելել է նոտարական տարածք և խաբեության եղանակով վերը նշված գույքի 1/2-ը՝ Աննա Հովակիմյանի մասնաբաժինը, հափշտակելու դիտավորությամբ խեղաթյուրել է իրականում գոյություն ունեցող փաստերը՝ նոտարին գրավոր հայտարարության ձևով հաղորդելով ակնհայտ սուտ տեղեկություններ այն մասին, թե վերոհիշյալ գույքը ձեռք բերելու պահին ամուսնացած չի եղել ու թիվ 156 պայմանագրի հիման վրա ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գտնվող թիվ 11-001-0181-0053 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասը 957.440 ՀՀ դրամ գումարով, իսկ թիվ 157 պայմանագրի հիման վրա ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոցի 17-րդ շենքի թիվ 40 բնակարանը 7.180.800 ՀՀ դրամ գումարով օտարել է ՀՀ քաղաքացի Արման Բրուտյանին՝ այդ կերպ խարդախությամբ Աննա Հովակիմյանից հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ հիշյալ գույքի օտարման գումարի 1/2 մասը՝ 4.069.120 դրամը: Այսինքն՝ Արմեն Հակոբյանին մեղսագրվում են հանրորեն վտանգավոր արարքներ, որոնք նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 338.2-րդ հոդվածով (հատոր 1-ին, գ.թ. 73-82):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ ու 201-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ ամուսինների կողմից համատեղ գույքը տնօրինելու առանձնահատկանություններին՝ վերահաստատելով Լյուդմիլա Դուկովան ընդդեմ Արմինե Նադարյանի թիվ ԵԴ/2029/02/19 քաղաքացիական գործով 30.10.2024 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: (...) Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 599-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվությունը թույլատրվում է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ` նույն օրենսգրքի 198 հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:

 Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով:

Նախկինում կայացրած որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանի եզրահանգումը վերաբերում է համասեփականատերերի համաձայնության առկայության կանխավարկածին (անհամաձայնության բացակայությանը)՝ մի դեպքում շեշտելով ընդհանուր գույքը միայնակ տնօրինելու իրավունքի, մյուս դեպքում՝ գործարքը կնքելու իրավունքի առկայության կանխավարկածը (տե՛ս, օրինակ, թիվ 3-459(ՏԴ) քաղաքացիական գործով 30.03.2007 թվականի, թիվ ԵՔԴ/0256/02/08 քաղաքացիական գործով 17.04.2009 թվականի, թիվ ԵԱՔԴ/0275/02/08 քաղաքացիական գործով 18.09.2009 թվականի, թիվ ԵՔԴ/0749/02/08 քաղաքացիական գործով 04.12.2009 թվականի, թիվ ԵԱՔԴ/1023/02/10 քաղաքացիական գործով 27.12.2011 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները):

Նշված, ինչպես նաև հետագայում կայացրած որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված՝ ընդհանուր սեփականության տնoրինման գործարքն անվավեր ճանաչելու համար բավարար չէ համատեղ սեփականության մասնակիցների՝ ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի, մասնավորապես՝ գնորդի տեղեկացված լինելու փաստը: Նման պահանջը դատարանի կողմից կարող է բավարարվել միայն երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, այն է՝ 1. համատեղ սեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայություն, 2. գործարքի մյուս կողմի՝ այդ մասին իմանալը կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայությունը (տե՛ս, օրինակ, Անահիտ Սուքիասյանն ընդդեմ Վահագն Սուքիասյանի և Պարգև Պողոսյանի թիվ ԵԱԴԴ/1044/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, Լյուդմիլա Դուկովան ընդդեմ Արմինե Նադարյանի թիվ ԵԴ/2029/02/19 քաղաքացիական գործով 30.10.2024 թվականին կայացրած որոշմամբ անդրադառնալով իրավակիրառ պրակտիկայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած, ինչպես նաև Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի սահմանադրականության առումով հակասական մեկանաբանություններն ու անորոշությունները բացառելու և դատական միասնական ու կանխատեսելի պրակտիկա ձևավորելու նպատակով անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանադրաիրավական այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ (եթե նրանց համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ) այն կնքողի մոտ անհրաժեշտ լիազորության առկայության պայմաններում: Անհրաժեշտ լիազորության առկայությունը փաստելու համար պարտադիր է գործարքը կնքելու վերաբերյալ համասեփականատերերի միջև այլ համաձայնության բացակայությունը կամ այլ համաձայնության առկայության դեպքում՝ դրանով սահմանված պայմանների պահպանումը: Միաժամանակ գույքը տնօրինելու վերաբերյալ բոլոր համասեփականատերերի կողմից իրենց հայեցողության կոնկրետ դրսևորման արդյունքում տրված պոզիտիվ (կոնկրետ, առարկայական, հստակ արտահայտված) համաձայնության բացակայության դեպքում համատեղ սեփականություն հանդիսացող գույքը տնօրինելու գործարքը պետք է անվավեր ճանաչվի ընդհանուր կարգով, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված բացառությունն այս դեպքում կիրառելի չէ: Հետևաբար երրորդ անձի տեղեկացված լինել-չլինելու հարցը տվյալ դեպքում որևէ նշանակություն չի կարող ունենալ, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված՝ ընդհանուր համատեղ սեփականության գույքը տնօրինելու ժամանակ դրա վերաբերյալ մասնակիցների համաձայնության առկայության կանխավարկածը չի կարող գործել, և կիրառելի չէ ինչպես նվիրատվության, այնպես էլ տնօրինելու մյուս եղանակների դեպքում (տե՛ս Լյուդմիլա Դուկովան ընդդեմ Արմինե Նադարյանի թիվ ԵԴ/2029/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2024 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արձանագրել է, որ ամուսինների միջև կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույնն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը (տե´ս Ռաֆայել Աբազյանը և Անժիկ Երիցյանն ընդդեմ Ռուբեն Աբազյանի ու «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի, Ռաֆայել Աբազյանն ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի ու Սիրանուշ Աբազյանն ընդդեմ Ռուբեն Աբազյանի թիվ 3-415(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է սեփականաշնորհված գույքի նկատմամբ ամուսինների սեփականության իրավունքի ծագման հարցին և արձանագրել, որ սեփականաշնորհմամբ ձեռք բերված գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության կարգավիճակը չի գործում: Սեփականաշնորհման ընթացքում ամուսինների ստացած գույքը հանդիսանում է նրանցից յուրաքանչյուրի սեփականությունը (տե՛ս, օրինակ, թիվ 3-506 (ՎԴ) քաղաքացիական գործով 30.03.2007 թվականի, թիվ ԱՎԴ3/1690/02/17 քաղաքացիական գործով 07.12.2021 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները):

ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառման համար անհրաժեշտ պայմանների մեկնաբանությանը՝ արձանագրելով, որ ներկայացված հայցի հիմքի շրջանակներում յուրաքանչյուր գործով դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն ամուսիններից մեկի ներդրման առկայությունը, դրա արդյունքում գույքի արժեքի նշանակալի չափով ավելացումը կամ ամուսինների ընդհանուր գույքի հաշվին ներդրման առկայությունը և դրա արդյունքում գույքի արժեքի նշանակալի չափով ավելացումը: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառման համար անհրաժեշտ է հիմնավորել, որ գույքի արժեքի նշանակալի ավելացումը պայմանավորված է ներդրումներով, որոնք հանգեցրել են գույքի շուկայական արժեքի բարձրացմանը: Հետևաբար գույքի արժեքի ավելացման (թեկուզև նշանակալի) այլ գործոններն առանձին չեն կարող հիմք հանդիսանալ վերոնշյալ հոդվածի կիրառման համար (օրինակ` գույքի շուկայական արժեքի բարձրացումը` պայմանավորված տնտեսական գործոններով (գնաճ)) (տե՛ս Ռուզաննա Խաչիկյանն ընդդեմ Անդրե Ջելոյանի թիվ ԵՔԴ/1449/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքն ու ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի և Նվեր Մկրտչյանն ընդդեմ Ռուզաննա Թորոսյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը): Ապացույցների գնահատման արդյունքում դատավորի մոտ ձևավորվող ներքին համոզմունքը պետք է հիմնված լինի ոչ թե հավանական ենթադրությունների վրա, այլ պետք է ունենա օբյեկտիվ հիմքեր (տե՛ս Վալերիկ Հայրապետյանն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության թիվ ԿԴ/5064/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2022 թվականի որոշումը): Դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի ու թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը): Դա­տա­րա­նի կող­մից ա­պա­ցույց­նե­րի բազ­մա­կող­մա­նի, լրիվ և­ օբ­յեկ­տիվ հետազոտությունն ա­ռաջ­նա­հերթ նշա­նա­կութ­յուն ու­նի դրանք ա­ռան­ձին-ա­ռան­ձին ու ի­րենց համակ­ցութ­յան մեջ ճիշտ գնա­հա­տե­լու` դրանց ար­ժա­նա­հա­վա­տութ­յունը և բա­վա­րա­րութ­յու­նը ճիշտ ո­րո­շե­լու ու գործի քննութ­յան արդ­յուն­քում օ­րի­նա­կան և հիմ­նա­վոր­ված դա­տա­կան ակտ կայաց­նե­լու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը)։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Դիմելով դատարան` Աննա Հովակիմյանը պահանջել է

- մասնակիորեն՝ 1/2 մասով անվավեր ճանաչել Իջևան քաղաքի Անկախության փողոցի 17-րդ շենքի թիվ 40 բնակարանի նկատմամբ 06.02.2020 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումը, անվավեր ճանաչել նաև նույն բնակարանի նկատմամբ 07.08.2020 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը,

- մասնակիորեն՝ 1/2 մասով անվավեր ճանաչել Գանձաքար գյուղում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի (ծածկագիր 11-021-0025-0055) նկատմամբ 07.02.2020 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը,

- մասնակիորեն՝ 1/2 մասով անվավեր ճանաչել Գանձաքար գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասի (ծածկագիր 11-021-0304-0039) նկատմամբ 07.02.2020 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը,

- մասնակիորեն՝ 1/2 մասով անվավեր ճանաչել Գանձաքար գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասի (ծածկագիր 11-021-0307-0023) նկատմամբ 07.02.2020 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը,

- մասնակիորեն՝ 1/2 մասով անվավեր ճանաչել Գանձաքար գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասի (ծածկագիր 11-021-0508-0002) նկատմամբ 07.02.2020 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը,

- մասնակիորեն՝ 1/2 մասով անվավեր ճանաչել Գանձաքար գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասի (ծածկագիր 11-001-0181-0053) նկատմամբ 06.02.2020 թվականին կնքված առուվաճառքիպայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը, անվավեր ճանաչել նաև նույն հողամասի նկատմամբ 07.08.2020 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը:

Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ Դատարանը սահմանել է ապացուցման ենթակա հետևյալ փաստերը.

ա) ՀՀ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Անկախության փողոց, 17 շենք, 40 բնակարանը, 11-021-0025-0055, 11-021-0304-0039, 11-021-0307-0023, 11-021-0508-0002, 11-001-0181-0053 կադաստրային ծածկագրերով հողամասերն Աննա Հովակիմյանի և Արմեն Հակոբյանի կողմից համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված լինելու փաստի առկայությունը,

բ) Արմեն Հակոբյանի, Արման Բրուտյանի, Կարեն Հակոբյանի, Աշոտ Ասրյանի և Գարեգին Ներկարարյանի միջև կնքված գործարքները օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանելու փաստի առկայությունը,

գ) Արմեն Հակոբյանի կողմից ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքերը տնօրինելու, գործարքներ կնքելիս մյուս համասեփականատիրոջ՝ Աննա Հովակիմյանի համաձայնությունն ունենալու փաստի առկայությունը, ինչը կփաստի գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորության առկայությունը,

դ) Արմեն Հակոբյանի մոտ ընդհանուր գույքը տնօրինելու լիազորություն չունենալու փաստի առկայությունը,

ե) Արմեն Հակոբյանի, Արման Բրուտյանի, Կարեն Հակոբյանի, Աշոտ Ասրյանի և Գարեգին Ներկարարյանի կողմից Աննա Հովակիմյանի ընդհանուր գույքը տնօրինելու լիազորություն ունենալու բացակայության մասին իմանալու կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության փաստի առկայությունը,

զ) ՀՀ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Անկախության փողոց, 17 շենք, 40 բնակարանը, 11-021-0025-0055, 11-021-0304-0039, 11-021-0307-0023, 11-021-0508-0002, 11-001-0181-0053 կադաստրային ծածկագրերով հողամասերն Արմեն Հակոբյանի կողմից սեփականաշնորհման հիմքով ձեռք բերված լինելու փաստի առկայությունը (այսինքն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետը նույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չլինելու փաստը),

է) Աշոտ Ասրյանը և Գարեգին Ներկարարյանը՝ ՀՀ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Անկախության փողոց, 17 շենք, 40 բնակարանը և 11-001-0181-0053 կադաստրային ծածկագրով հողամասը որպես բարեխիղճ ձեռք բերողներ հանդիսանալու փաստի առկայությունը:

1) հայցվորը պետք է ապացուցի «ա», «բ» և «դ», կետերում նշված փաստերը:

2) պատասխանողը պետք է ապացուցի «գ», «ե» և «զ» կետերում նշված փաստերը:

3) Ապացուցման պարտականության սահմաններում երրորդ անձինք պետք է ապացուցեն «ե» և «է» կետում նշված փաստը:

Դատարանը, արձանագրելով, որ «ՀՀ սահմանադրական դատարանը, քննարկելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանադրականության հարցը, արձանագրել է մասնակցի պոզիտիվ համաձայնության անհրաժեշտությունը որոշակի դեպքերում` չմասնավորեցնելով համաձայնության ձևը: Վերոգրյալից հետևում է, որ մյուս մասնակցի համաձայնությունը կարող է դրսևորվել ցանկացած ձևով` պայմանով, որ այդ համաձայնությունը լինի հստակ արտահայտված», եզրակացրել է, որ «Արմեն Հակոբյանը վիճելի գույքերը նվիրել և օտարել է առանց մյուս սեփականատիրոջ՝ Աննա Հովակիմյանի համաձայնության և առանց համապատասխան լիազորությունների առկայության: Մասնավորապես՝ սույն քաղաքացիական գործով ձեռք չի բերվել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց, որով կհիմնավորվեր, որ Աննա Հովակիմյանը Արմեն Հակոբյանին որևէ ձևով տվել է իր համաձայնությունը վիճելի անշարժ գույքերի նկատմամբ համապատասխան գործարք կնքելու վերաբերյալ: Մինչդեռ սույն պարագայում անհրաժեշտ էր գույքերի մյուս սեփականատիրոջ՝ հայցվոր Աննա Հովակիմյանի սեփականության իրավունքի իրացման հարցում իր հայեցողության կոնկրետ առկայությունը: Քննարկվող պարագայում ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված` գործարք կնքող անձի մոտ գործարքը կնքելու իրավունքի և անհրաժեշտ լիազորության առկայության օրենքով նախատեսված նախապայմանը սույն քաղաքացիական գործով ձեռք չի բերվել:

Բացի այդ, սույն քաղաքացիական գործի փաստական հանգամանքների համադրման արդյունքում Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ վիճելի գույքերի գործարքները կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության և այդ մասին վեճի առարկա գործարքների մյուս կողմերի` Արման Բրուտյանի, Կարեն Հակոբյանի, Աշոտ Ասրյանի և Գարեգին Ներկարարյանի կողմից իմանալը կամ իմանալու ակնհայտ հնարավորությունն սույն դեպքում նույնպես առկա է: Նշված փաստը հիմնավորվում է այդ թվում նաև այն հանգամանքով, որ Կարեն Հակոբյանը հանդիսանում է Արմեն Հակոբյանի հարազատ եղբայրը: Վերոնշված փաստը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ վերջիններս սույն քաղաքացիական գործով ներգրավված լինելով որպես երրորդ անձ, մասնավորապես՝ Արման Բրուտյանը և Կարեն Հակոբյանը երբևէ չեն ներկայացել որևէ դատական նիստի, չեն ներկայացրել որևէ դիրքորոշում, այդ թվում նաև որպես վեճի առարկա հանդիսացող գույքերի բարեխիղճ ձեռքբերողներ, որով էլ վերջիններիս պասիվ գործողությունները վկայել է հենց այն մասին, որ վերջիններս իմացել են Արմեն Հակոբյանի վիճելի գույքերի գործարքները կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության մասին»:

Արդյունքում Դատարանը հաստատված է համարել վիճելի գործարքների՝ օրենքին չհամապատասխանելու փաստը և մասնակիորեն անվավեր է ճանաչել՝

1) ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Անկախության փ. 17 շենք, 40 բնակարանի նկատմամբ 06.02.2020 թվականի Արմեն Հակոբյանի և Արման Բրուտյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը, թիվ 40 բնակարանի նկատմամբ 07.08.2020 թվականին Արման Բրուտյանի և Աշոտ Ասրյանի միջև կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը,

2) թիվ 11-001-0181-0053 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ 06.02.2020 թվականին Արմեն Հակոբյանի և Արման Բրուտյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը, նշված հողամասի նկատմամբ 07.08.2020 թվականին Արման Բրուտյանի և Գարեգին Ներկարարյանի միջև կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը,

3) թիվ 11-021-0025-0055 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ 07.02.2020 թվականին Արմեն Հակոբյանի և Կարեն Հակոբյանի միջև կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը,

4) թիվ 11-021-0304-0039 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ 07.02.2020 թվականին Արմեն Հակոբյանի և Կարեն Հակոբյանի միջև կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը,

5) թիվ 11-021-0307-0023 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ 07.02.2020 թվականին Արմեն Հակոբյանի և Կարեն Հակոբյանի միջև կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը,

6) թիվ 11-021-0508-0002 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ 07.02.2020 թվականին Արմեն Հակոբյանի և Կարեն Հակոբյանի միջև կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը:

Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա է դարձրել Դատարանի կողմից վիճելի գործարքները կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության և դրա մասին գործարքների մյուս կողմերի՝ Արման Բրուտյանի, Կարեն Հակոբյանի, Աշոտ Ասրյանի և Գարեգին Ներկարարյանի իմանալու կամ իմանալու ակնհայտ հնարավորության փաստերը հաստատված համարելու վերաբերյալ վերաքննիչ բողոքների հիմքերն ու հիմնավորումները:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ.

«Դատարանը, սույն գործով հայցի առարկան կազմող գործարքները կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության և դրա մասին գործարքների մյուս կողմերի՝ Արման Բրուտյանի, Կարեն Հակոբյանի, Աշոտ Ասրյանի և Գարեգին Ներկարարյանի իմանալու կամ իմանալու ակնհայտ հնարավորության փաստերը հաստատված է համարել՝ հիմնվելով միայն Կարեն Հակոբյանի և Արմեն Հակոբյանի ազգակցական կապերի վրա, որպիսի պայմաններում անգամ Դատարանի նշված եզրահանգումը հիմնավոր համարելը այն պատճառաբանությամբ, որ նշված անձանց հարազատ եղբայրներ լինելու փաստը հնարավորություն է տալիս խոսել հայցի առարկան կազմող գործարքները կնքելու լիազորությունների բացակայության և դրա մասին գործարքների մյուս կողմերի իմանալու մասին ակնհայտ հնարավորության մասին, կարող է առանձին վերապահումներով հիմնավոր համարվել միայն այն գործարքների դեպքում, որոնցում որպես գործարքի կողմ հանդես է եկել Կարեն Հակոբյանը, իսկ ինչ վերաբերում է բացի վերջինիցս քննարկվող փաստի մասին գործարքի մյուս կողմերի՝ Արման Բրուտյանի, Աշոտ Ասրյանի և Գարեգին Ներկարարյանի իմանալուն կամ իմանալու ակնհայտ հնարավորությանը, ապա Կարեն և Արմեն Հակոբյանների հարազատական կապի առկայության հիմքով քննարկվող փաստը հաստատվել չի կարող (...)»:

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Դատարանը, վիճելի գործարքները կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության և դրա մասին գործարքների մյուս կողմերի՝ Արման Բրուտյանի, Կարեն Հակոբյանի, Աշոտ Ասրյանի ու Գարեգին Ներկարարյանի իմանալու կամ իմանալու ակնհայտ հնարավորության փաստերը հաստատված համարելով Կարեն Հակոբյանի և Արմեն Հակոբյանի ազգակցական կապերի վրա ու քննարկվող փաստերի վերաբերյալ Արման Բրուտյանի և Կարեն Հակոբյանի դատական նիստերին չներկայանալու ու դիրքորոշում չհայտնելու հանգամանքի վրա հիմնվելով, թույլ է տվել գործի ելքի վրա ազդող դատական սխալ, որի հիման վրա բողոքարկվող դատական ակտը ենթակա է բեկանման:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վիճելի հողամասերն Արմեն Հակոբյանի կողմից մինչև Աննա Հովակիմյանի հետ ամուսնանալը ձեռքբերելու և այդ հիմքով նշված հողամասերի համատեղ սեփականություն չհանդիսանալու վերաբերյալ վերաքննիչ բողոքների հիմքերին ու հիմնավորումներին, արձանագրել է, որ

«Դատարանի կողմից կայացված «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշմամբ պատասխանող Արմեն Հակոբյանի վրա, ի թիվս այլնի, դրել է հետևյալ փաստի ապացուցման պարտականությունը. «40 բնակարանը, բնակելի կառուցապատման հողամասը՝ կադաստրային ծածկագիր 11-021-0025-0055, գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ կադաստրային ծածկագիր 11-021-0304-0039, գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ կադաստրային ծածկագիր 11-021-0307-0023, գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ կադաստրային ծածկագիր 11-021-0508-0002, գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ կադաստրային ծածկագիր 11-001-0181-0053, Արմեն Հակոբյանի կողմից սեփականաշնորհման հիմքով ձեռք բերված լինելու փաստի առկայությունը (այսինքն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասը սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չլինելու փաստը)», «պատասխանող Արմեն Հակոբյանի կողմից ոչ միայն 02.06.2022թ. կայացված «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշմամբ իր վրա դրված փաստի ապացուցմանն ուղղված որևէ ապացույց չի ներկայացվել, այլև չի ներկայացվել նման ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ միջնորդություն: Արդյունքում` վիճելի է մնացել ապացուցման բեռը բաշխելու մասին 02.06.2022թ. որոշմամբ Բողոքաբերի վրա դրված փաստը»:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված՝ Դատարանի 29.09.2022 թվականի վճիռը բեկանելու և փոփոխելու իրեն վերապահված լիազորությունը՝ Դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հաստատված չհամարելով Դատարանի վճռով հաստատած վիճելի գործարքները կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության և դրա մասին գործարքների մյուս կողմերի իմանալու կամ իմանալու ակնհայտ հնարավորության փաստերը:

Վերոգրյալից հետևում է, որ Դատարանը՝

- մի կողմից, ի թիվ այլնի, Արմեն Հակոբյանի կողմից որպես ապացուցման ենթակա հանգամանք սահմանել է վեճի առարկա գույքն իր կողմից սեփականաշնորհման հիմքով ձեռք բերված լինելու փաստի առկայությունը (այսինքն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետը սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չլինելու փաստը), մյուս կողմից վճռով որևէ կերպ չի անդրադարձել ապացուցման նշված պարտականությունը կատարված լինել կամ չլինելու հարցին ու դրա իրավական հետևանքներին,

- մի կողմից արձանագրել է, որ գործարք կնքող անձի մոտ գործարքը կնքելու իրավունքի և անհրաժեշտ լիազորության առկայության՝ օրենքով նախատեսված պայմանը սույն քաղաքացիական գործով չի հաստատվել, մյուս կողմից քննարկման առարկա է դարձրել ու գնահատել վիճելի գործարքները կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության մասին գործարքների մյուս կողմերի իմանալու հանգամանքը:

Իր հերթին Վերաքննիչ դատարանը՝

- քննարկման առարկա է դարձրել Դատարանի կողմից վիճելի գործարքները կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության և դրա մասին գործարքների մյուս կողմերի իմանալու կամ իմանալու ակնհայտ հնարավորության փաստերը հաստատված համարելու վերաբերյալ վերաքննիչ բողոքների հիմքերն ու հիմնավորումները,

- անդրադառնալով վիճելի հողամասերը համատեղ սեփականություն չհանդիսանալու վերաբերյալ վերաքննիչ բողոքների հիմքերին և հիմնավորումներին՝ արձանագրել է, որ Արմեն Հակոբյանի կողմից իր վրա դրված փաստի ապացուցմանն ուղղված որևէ ապացույց, ինչպես նաև նման ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել, ինչի հետևանքով վիճելի է մնացել ապացուցման բեռը բաշխելու մասին 02.06.2022 թվականի որոշմամբ վերջինիս վրա դրված փաստը,

- վիճելի գործարքները կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության և դրա մասին գործարքների մյուս կողմերի իմանալու կամ իմանալու ակնհայտ հնարավորության փաստերը համարել է չհաստատված:

Արդյունքում՝ ստորադաս դատարանները

- Արմեն Հակոբյանի մոտ անհրաժեշտ լիազորության առկայության կամ բացակայության հարցը քննարկել են գույքը տնօրինելու համաձայնության համատեքստում, իսկ համատեղ սեփականության մասնակիցների՝ ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմերի տեղեկացված լինելու փաստը կախվածության մեջ են դրել գործարք կնքած ամուսնու մոտ անհրաժեշտ լիազորության առկայության կամ բացակայության փաստից,

- համատեղ սեփականություն հանդիսացող գույքը տնօրինելու գործարքն անվավեր ճանաչելու հարցը քննարկել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի համատեքստում՝ անվավեր ճանաչելու պահանջի բավարարման հնարավորությունը պայմանավորելով գործարքի մյուս կողմերի իրազեկված լինելով,

- ինչպես նաև անտեսել են, քննարկման առարկա չեն դարձրել վեճի առարկա գույքի՝ սեփականաշնորհման հիմքով ձեռք բերված լինելու հարցը:

Մինչդեռ, ինչպես վերը նշվել է, ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինելու վերաբերյալ համասեփականատերերի համաձայնությունը պետք է լինի աներկբա, կոնկրետ և որոշակի, նման համաձայնության բացակայության դեպքում համատեղ սեփականություն հանդիսացող գույքը տնօրինելու գործարքը ենթակա է անվերապահ անվավեր ճանաչման, և երրորդ անձի տեղեկացված լինել-չլինելու հարցը տվյալ դեպքում որևէ նշանակություն չի կարող ունենալ:

Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների ուժով սեփականաշնորհմամբ ձեռք բերված գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության կարգավիճակը չի գործում:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Աննա Հովակիմյանը և Արմեն Հակոբյանը 2000 թվականից մինչև 2020 թվականը գտնվել են գրանցված ամուսնության մեջ, վիճելի գույքի մի մասը ձեռք է բերվել համատեղ ամուսնության ընթացքում (տե՛ս փաստեր 2, 13), հետևաբար հանդիսանում է վերջիններիս համատեղ սեփականությունը, իսկ մյուս մասի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերվել սեփականաշնորհման հիմքով՝ հողային բարեփոխումների ու

 սեփականաշնորհման հանձնաժողովի 21.07.1991 թվականի թիվ 7 որոշման քաղվածքի հիման վրա, և Արմեն Հակոբյանի սեփականության իրավունքը գրանցվել է ամուսնության ընթացքում (տե՛ս փաստեր 5, 7, 9, 11):

Գործում Աննա Հովակիմյանի՝ որպես համասեփականատիրոջ կողմից վեճի առարկա գույքի մի մասը (տե՛ս փաստեր 2, 13) տնօրինելու վերաբերյալ տրված համաձայնությունը հաստատող ապացույց առկա չէ: Հետևաբար Աննա Հովակիմյանի համաձայնության բացակայության պայմաններում Արմեն Հակոբյանն իրավունք չի ունեցել որևէ կերպ տնօրինելու նշված գույքում վերջինիս բաժնեմասերը:

Ինչ վերաբերում է մնացյալ գույքերն առանց Աննա Հովակիմյանի համաձայնության տնօրինելու Արմեն Հակոբյանի հնարավորությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից ըստ էության քննության առարկա չի դարձվել և չի պարզվել ամուսնության ընթացքում սեփականաշնորհման հիմքով ձեռքբերված գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի կիրառման իրավական հնարավորությունը:

Անդրադառնալով Արմեն Հակոբյանի մոտ համատեղ գույքը տնօրինելու անհրաժեշտ լիազորության բացակայության վերաբերյալ գործարքների մյուս կողմի՝ Կարեն Հակոբյանի իմանալու կամ ակնհայտորեն իմանալու պարտականության նյութաիրավական փաստակազմին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նույնիսկ նման հարց քննարկելու դեպքում չէր կարող հիմք ընդունվել վերջինիս անտեղյակությունը, քանի որ վերջինս եղել է ոչ թե պարզապես երրորդ անձ, ով կարող էր չիմանալ Արմեն Հակոբյանի ամուսնացած լինելու մասին, այլ՝ Արմեն Հակոբյանի հարազատ եղբայրը, հետևաբար ակնհայտորեն պետք է տեղյակ լիներ վեճի առարկա գույքային միավորներն Արմեն Հակոբյանի և Աննա Հովակիմյանի ենթադրյալ համատեղ սեփականությունը հանդիսանալու հանգամանքի, վերջիններիս հարաբերությունների ու Արմեն Հակոբյանի մոտ ենթադրյալ համատեղ գույքը բաժանելու և նվիրատվության վիճելի գործարքների կնքման համար անհրաժեշտ լիազորությունների՝ Աննա Հովակիմյանի ուղղակիորեն արտահայտված համաձայնության բացակայության մասին (համանման փաստական հանգամանքներով տե՛ս թիվ ԵՔԴ/0749/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը):

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի իրականացվել ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտություն ու գնահատում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 26.05.2023 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 26.05.2023 թվականի որոշումը բեկանելու և գործն ամբողջ ծավալով (այդ թվում՝ ամուսնության ընթացքում սեփականաշնորհման հիմքով ձեռքբերված գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի կիրառման իրավական հնարավորությունը) նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի հանգամանքները պարզելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

Վ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան