Գլխավոր տեղեկություն
Համար
N 285-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2010.05.05/18(752) 05.02.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
31.01.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 285-Ա

«31» հունվարի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Գագիկ Հայրապետյանի ներկայացուցիչ Վարդան Ջիլավյանի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ Դ-162918-24 դիմումի (այսուհետ՝ նաև Դիմում) հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարողի 2025 թվականի հունվարի 20-ի N 164-Ա որոշմամբ Գագիկ Հայրապետյանի լիազորված անձ Վարդան Ջիլավյանի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ Դ-162918-24 դիմումի հիման վրա իրականացվող վարչարարության ժամկետը երկարաձգել է մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ներառյալ:

Դիմումի առարկայի քննության կապակցությամբ 2025 թվականի հունվարի 29-ին, ժամը 11.00-ին հրավիրվել է լսումներ, որին ներկայացել և մասնակցել է Գագիկ Հայրապետյանի ներկայացուցիչ Վարդան Ջիլավյանը (այսուհետ՝ Դիմող կողմ):

Ուսումնասիրելով Դիմումը, Դիմումին կից, ինչպես նաև վարույթի շրջանակներում ստացված նյութերը, 2025 թվականի հունվարի 29-ին կազմված՝ լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով Դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ Դ-162918-24 դիմումով և վարույթի լսումների ընթացքում ներկայացված դիրքորոշմամբ Դիմող կողմը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 95-100-րդ հոդվածներով, խնդրել է ընդունել վարչական ակտ՝ թիվ ՎԴ/3346/05/19 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ ոչ իրավաչափ ճանաչված Երևանի քաղաքապետի անգործության հետևանքով Գագիկ Հայրապետյանի սեփականության իրավունքի խախտման արդյունքում վերջինիս պատճառված 44,185,250 (քառասունչորս միլիոն մեկ հարյուր ութսունհինգ հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամի չափով վնասը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 111-րդ հոդվածի համաձայն՝ այդ վնասի վրա հաշվարկված տարեկան 6 (վեց) տոկոսը հատուցելու մասին: Միաժամանակ՝ Դիմող կողմը հայտնել է, որ վնասի հատուցումը կարող է կատարվել ինչպես դրամի տեսքով, այնպես էլ բնեղենով՝ նորակառույց շենքում համարժեք բնակելի տարածք հատկացնելով:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/3346/05/19 վարչական գործով 2024 թվականի հոկտեմբերի 4-ին կայացրած որոշմամբ (այսուհետ՝ Վճռաբեկ դատարանի որոշում) բեկանել և փոփոխել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումը: Վճռաբեկ դատարանի որոշմամբ Գագիկ Հայրապետյանի հայցը բավարարվել է մասնակիորեն, այն է՝ ոչ իրավաչափ է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 1141-Ն որոշումը չկատարելու և որպես հետևանք` որոշմամբ սահմանված կարգով շահագրգիռ անձանց, մասնավորապես՝ Գագիկ Հայրապետյանի կրած վնասը չհատուցելու՝ Երևանի քաղաքապետի անգործությունը:

Թիվ ՎԴ/3346/05/19 վարչական գործով հիմք ընդունված փաստական հանգամանքների համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թիվ ԵԿԴ/0230/01/12 քրեական գործով 2013 թվականի դեկտեմբերի 11-ին կայացված դատավճռով (այսուհետ՝ Դատավճիռ) հաստատված է համարվել, որ «Գագիկ Պապոյանը, հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» ՍՊ ընկերությունների տնօրեն, խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի` (․․․) գույքը (․․․)։ Նույն դատավճռով հաստատվել է Գագիկ Պապոյանի կողմից Գագիկ Հայրապետյանից 57.240.250 ՀՀ դրամ հափշտակելու հանգամանքը, մասնավորապես՝ «Գագիկ Պապոյանը 1-ին Եկմալյան 6-14 հասցեում կառուցվելիք շենքից բնակարաններ տրամադրելու պատրվակով Գագիկ Հայրապետյանի հետ 2007 թվականի փետրվարի 14-ին և օգոստոսի 13-ին կնքել է առուվաճառքի նախնական պայմանագրեր, որոնց հիման վրա նրանից մինչև 2008 թվականի հունվարի 7-ն ստացել է 44.185.250 ՀՀ դրամ։ Այնուհետև, շարունակելով իր հանցավոր մտադրությունն իրականացնելը, 2009 թվականի օգոստոսի 26-ին կնքած պայմանագրով բնակարանները փոխարինել է Արամի փողոցի 72-80 հասցեում կառուցվող շենքի «Գ» մասնաշենքի 7-րդ հարկի աջ հատվածի 131.9 քմ և 92.65 քմ մակերեսով բնակարաններով, որոնցից վերջինը 2010 թվականի հունիսի 18-ին կնքած համաձայնագրով փոխարինել է նույն մասնաշենքի 8-րդ հարկի աջ հատվածի 131.9 քմ մակերեսով բնակարանով, իսկ բնակմակերեսի ավելացման պատրվակով նույն օրը նրանից ստացել է ևս 13.055.000 ՀՀ դրամ՝ ընդհանուր առմամբ Գագիկ Հայրապետյանից հափշտակելով 57.240.250 ՀՀ դրամ»։

Գագիկ Հայրապետյանը թիվ ԵԿԴ/0230/01/12 քրեական գործի շրջանակներում ընդդեմ Գագիկ Պապոյանի չի ներկայացրել քաղաքացիական հայց՝ 57.240.250 ՀՀ դրամի չափով վնասի փոխհատուցման պահանջով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Եկմալյան փողոցին հարող տարածքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1141-Ն որոշման (այսուհետ՝ N 1141-Ն որոշում) 2-րդ կետով նույն որոշման հավելվածում նշված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ:

N 1141-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանվել է, որ նույն որոշման 1-ին կետում նշված տարածքը ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը, իսկ 2-րդ ենթակետով սահմանվել է, որ նախատեսված օտարման գործառույթների իրականացման համակարգման և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմնի գործառույթները պատվիրակվել են Երևանի քաղաքապետին:

N 1141-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորել է Երևանի քաղաքապետին անցկացնել հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություն՝ մրցույթ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի «Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման միջոցառումները և ծրագիրը հաստատելու մասին» N 342-Ա որոշման (այսուհետ՝ N 342-Ա որոշում) 1-ին կետով հաստատվել է Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր):

Ծրագրի 8-րդ կետով սահմանվել են Ծրագրի շահառուներ հանդիսացող անձանց խմբերը՝ ըստ թիվ 61206911 քրեական գործով մեղադրական եզրակացության մեջ արտացոլված փաստական տվյալների և հանձնաժողովի հավաքագրած տեղեկատվության համաձայն վերականգնման ենթակա գույքային իրական վնասների չափի:

Ծրագրի 8-րդ կետի «դ» ենթակետի խմբում ընդգրկվել են այլ կառուցապատող կամ կապալառու հանդիսացող իրավունքի սուբյեկտի («Նարեկ Դավիթ» ՍՊԸ` Սարյան և Պուշկինի փողոցների հատման մոտ, «Վիսկոն» ՍՊԸ` Բուզանդի 13-21, «Գրադինվեստ» ՍՊԸ` Եկմալյան 1-3, «Նարեկգրադ» ՍՊԸ` Եկմալյան 4-12, ա/ձ Գագիկ Պապոյան` Եկմալյան 4-12) հետ անշարժ գույքի նախնական առուվաճառքի պայմանագրեր կնքած և տվյալ կառուցապատողին գումար վճարած կամ այլ կառուցապատողին տարածք իրացրած, սակայն հետագայում «Գապբնակշին» ՍՊԸ-ին իրականում որոշակի լրավճարի կատարմամբ Արամի 72-80 շենքում տարածքի նախնական առուվաճառքի պայմանագրեր կնքած անձինք: Նշված ենթակետում նախատեսված անձանց խմբերից նույն ծրագրի շահառու են գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ձեռք բերողներ «Վիսկոն» ՍՊԸ-ի, «Գրադինվեստ» ՍՊԸ-ի, «Նարեկգրադ» ՍՊԸ-ի, անհատ ձեռնարկատեր Գագիկ Պապոյանի հետ սկզբնական գնման հարաբերությունների մեջ մտած այն անձինք, ովքեր տեղափոխման կապակցությամբ փողային կամ գույքի տեսքով լրավճար են կատարել «Գապբնակշին» ՍՊԸ-ին` այդ լրավճարի չվերադարձված մնացորդի չափով` հաշվի առնելով, որ այլ կառուցապատողներին տվյալ անձանց կատարած սկզբնական վճարումների գծով իրական վնասների վերականգնման խնդիրների լուծումը նախանշված է համապատասխան կառուցապատողի ձախողված ծրագրի տուժած անձանց վնասների վերականգնմանը վերաբերող այլ միջոցառումներով. «Վիսկոն» ՍՊԸ-ի կառուցապատման ծրագրի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի փողոցին հարող տարածքում գտնվող անավարտ շինարարության օբյեկտի օտարման պայմանների մասին» N 599–Ա որոշմամբ նախատեսված միջոցառումներով, «Նարեկգրադ» ՍՊԸ-ի և ա/ձ Գագիկ Պապոյանի կառուցապատման ծրագրի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Եկմալյան փողոցին հարող տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1141–Ն որոշմամբ նախատեսված միջոցառումներով, «Գրադինվեստ» ՍՊԸ-ի կառուցապատման ծրագրի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մարտի 2-ի N 194 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2012 թվականի հոկտեմբերի 24-ի N 4 որոշմամբ նախատեսված առողջացման միջոցառումներով:

Հիմք ընդունելով N 342 որոշման 1-ին կետով հաստատված Ծրագիրը, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի ապրիլի 17-ի «Գույք օտարելու մասին» N 650-Ա որոշումը և հաշվի առնելով, որ Ծրագրի 8-րդ կետի «դ» ենթակետով Գագիկ Հայրապետյանը հանդիսանում է Ծրագրի շահառու 39,311 (երեսունինը հազար երեք հարյուր տասնմեկ) ԱՄՆ դոլարին համարժեք պահանջատիրության չափի մնացորդով, «Դի Ընդ Էյջ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և Գագիկ Հայրապետյանը 2013 թվականի հուլիսի 26-ին կնքել են անշարժ գույքի մասնակի հատուցմամբ օտարման նախնական թիվ 225/Գ-342 պայմանագիրը (այսուհետ՝ Թիվ 225/Գ-342 պայմանագիր):

Թիվ 225/Գ-342 պայմանագրով կողմերը պարտավորվել են միմյանց հետ կնքել ք.Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 հասցեում գտնվող, «Դի Ընդ Էյջ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող կառուցվող շենքից տարածքի առուվաճառքի հիմնական պայմանագիր:

Թիվ 225/Գ-342 պայմանագրի 3.2-րդ կետով Գագիկ Հայրապետյանը պարտավորվել է նշված պայմանագրի կնքումից հետո յոթնօրյա ժամկետում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանին ներկայացնել համապատասխան դիմում՝ թիվ ԵԿԴ/2964/02/11 քաղաքացիական գործով հայցից հրաժարվելու մասին:

Թիվ 225/Գ-342 պայմանագրի 3.3-րդ կետով Գագիկ Հայրապետյանը պարտավորվել է պետության գույքային շահերի պաշտպանության կանոնադրական գործառույթ ունեցող պետական մարմնի առաջին իսկ պահանջի դեպքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում քննվող թիվ 61206911 քրեական գործով տուժողի կարգավիճակից բխող իր քաղաքացիաիրավական պահանջի իրավունքը փոխանցել պետական մարմնին:

Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում (www.datalex.am) առկա տեղեկատվության համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվել է թիվ ԵԿԴ/2964/02/11 քաղաքացիական գործն ըստ հայցի Գագիկ Հայրապետյանի ընդդեմ «Գապբնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջի մասին:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԿԴ/2964/02/11 քաղաքացիական գործով 2013 թվականի սեպտեմբերի 4-ին կայացված որոշմամբ գործի վարույթը կարճվել է՝ Գագիկ Հայրապետյանի կողմից հայցից հրաժարվելու հիմքով: Նշված գործով հայցից հրաժարվելու հիմքում Գագիկ Հայրապետյանը դրել է այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի N 342-Ա որոշմամբ հաստատվել է «Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրերից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման ծրագիրը», որի շրջանակներում ծրագիր իրականացնողի և իր միջև կնքվել է գույքային կորուստներից 13.055.000 ՀՀ դրամ գումարի չափով վերականգմանն ուղղված գործարք:

«Դի Ընդ Էյջ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2020 թվականի հուլիսի 15-ի թիվ ԴԷ16/20 գրությամբ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Գագիկ Հայրապետյանը հանդիսացել է գերակա հանրային շահ ճանաչված՝ Եկմալյան 4-12 հասցեների ձեռքբերող՝ անհատ ձեռնարկատեր Գագիկ Պապոյանի հետ Եկմալյան 4-12 հասցեներում կառուցվելիք շենքից բնակարանի նախնական առուվաճառքի պայմանագիր կնքած և կանխավճար վճարած անձ, ով Գագիկ Պապոյանի հետ պայմանավորվածությամբ տեղափոխվել է «Գապբնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցվող Արամի 72-80 հասցեի շենք՝ տեղափոխման կապակցությամբ կատարելով որոշակի լրավճար «Գապբնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ առանց կանխավճարի իրական տեղափոխման՝ անհատ ձեռնարկատեր Գագիկ Պապոյանից «Գապբնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Թիվ 342-Ա որոշմամբ հաստատված Ծրագրի շրջանակներում Գագիկ Հայրապետյանը ճանաչվել է Ծրագրի 8-րդ կետի «դ» ենթակետի հիմքով շահառու՝ անհատ ձեռնարկատեր Գագիկ Պապոյանից «Գապբնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենք տեղափոխման ժամանակ կատարված լրավճարի գծով, ում հետ 2013 թվականի հուլիսի 26-ին կնքվել է Թիվ 225/Գ-342 պայմանագիրը: 2014 թվականի ապրիլի 18-ին Գագիկ Հայրապետյանը անշարժ գույքի իրավունքի փոխանցման /զիջման/ մասին պայմանագրով վաճառել է Թիվ 225/Գ-342 պայմանագրով ձեռք բերված բնակարանի հիմնական պայմանագիր կնքելու իր իրավունքը երրորդ անձի:

 3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

 Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է պարտավորությունը բնեղենով կատարելուն հարկադրելով և վնասներ հատուցելով:

 Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

 Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

 1999 թվականի հունվարի 12-ից ուժի մեջ մտած և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական հայցվոր է ճանաչվում քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառվել է քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնաս: Նույն օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի` սկսած քրեական գործի հարուցումից մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական հայց հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար:

Դատավճռով հաստատված է համարվել, որ Գագիկ Պապոյանը 1-ին Եկմալյան 6-14 հասցեում կառուցվելիք շենքից բնակարաններ տրամադրելու պատրվակով Գագիկ Հայրապետյանի հետ 2007 թվականի փետրվարի 14-ին և օգոստոսի 13-ին կնքել է առուվաճառքի նախնական պայմանագրեր, որոնց հիման վրա նրանից մինչև 2008 թվականի հունվարի 7-ն ստացել է 44.185.250 ՀՀ դրամ։ Այնուհետև, շարունակելով իր հանցավոր մտադրությունն իրականացնելը, 2009 թվականի օգոստոսի 26-ին կնքած պայմանագրով բնակարանները փոխարինել է Արամի փողոցի 72-80 հասցեում կառուցվող շենքի «Գ» մասնաշենքի 7-րդ հարկի աջ հատվածի 131.9 և 92.65 քմ մակերեսով բնակարաններով, որոնցից վերջինը 2010 թվականի հունիսի 18-ին կնքած համաձայնագրով փոխարինել է նույն մասնաշենքի 8-րդ հարկի աջ հատվածի 131.9 քմ մակերեսով բնակարանով, իսկ բնակմակերեսի ավելացման պատրվակով նույն օրը նրանից ստացել է ևս 13.055.000 ՀՀ դրամ՝ ընդհանուր առմամբ Գագիկ Հայրապետյանից հափշտակելով 57.240.250 ՀՀ դրամ։

Դատավճռում հիմք ընդունված փաստական հանգամանքներից հետևում է, որ հաստատված է համարվել Գագիկ Պապոյանի կողմից Գագիկ Հայրապետյանից 57.240.250 ՀՀ դրամ գումար հափշտակելու փաստական հանգամանքը, սակայն Գագիկ Հայրապետյանը թիվ ԵԿԴ/0230/01/12 քրեական գործի շրջանակներում ընդդեմ Գագիկ Պապոյանի չի ներկայացրել քաղաքացիական հայց՝ 57.240.250 ՀՀ դրամի չափով վնասը փոխհատուցելու պահանջով, ինչն Օրենսգրքի 11-րդ և 14-րդ հոդվածների կարգավորման համատեքստում գնահատվում է որպես քրեական գործի շրջանակներում վնասի փոխհատուցման պահանջով քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունքից սեփական հայեցողությամբ օգտվելու իրավունքի իրականացում:

Օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

Օրենսգրքի 346-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարտավորությունը պարտականություններ չի ստեղծում որպես կողմ չմասնակցող անձանց (երրորդ անձանց) համար:

Օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

Օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս:

Օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նախնական պայմանագրով կողմերը պարտավորվում են ապագայում կնքել գույք հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր (հիմնական պայմանագիր)` նախնական պայմանագրով նախատեսված պայմաններով: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ նախնական պայմանագիր կնքած կողմը խուսափում է հիմնական պայմանագիր կնքելուց, կիրառվում են սույն օրենսգրքի 461 հոդվածով սահմանված կանոնները:

Օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորությունը դադարում է կողմերի միջև գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունը նույն անձանց միջև մեկ այլ պարտավորությամբ փոխարինելու մասին համաձայնությամբ, որը նախատեսում է դրա այլ առարկա կամ կատարման այլ եղանակ (նորացում):

Դիմող կողմը Դիմումին կից, ինչպես նաև 2025 թվականի հունվարի 29-ին կայացած լսումների ընթացքում, որպես գրավոր ապացույց, չի ներկայացրել Երևան քաղաքի 1-ին Եկմալյան 6-14 հասցեում կառուցվելիք շենքից բնակարաններ տրամադրելու պատրվակով Գագիկ Պապոյանի հետ 2007 թվականի փետրվարի 14-ին և օգոստոսի 13-ին կնքված առուվաճառքի նախնական պայմանագրերը, հետևաբար դրանց կապակցությամբ փաստարկները կկառուցվեն հիմք ընդունելով Դատավճռով հաստատված փաստական հանգամանքները:

Դատավճռով հաստատված փաստական հանգամանքներից հետևում է, որ «Գապբնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2009 թվականի օգոստոսի 26-ին կնքված պայմանագրով տեղի է ունեցել բնակարանների փոխարինում, այսինքն պարտավորության նորացում, այն է՝ բնակարանները փոխարինվել են Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 72-80 հասցեում կառուցվող շենքի «Գ» մասնաշենքի 7-րդ հարկի աջ հատվածի 131.9քմ և 92.65 քմ մակերեսով բնակարաններով, որոնցից վերջինը 2010 թվականի հունիսի 18-ին կնքած համաձայնագրով փոխարինվել է նույն մասնաշենքի 8-րդ հարկի աջ հատվածի 131.9 քմ մակերեսով բնակարանով:

Օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե կողմը, ում համար օրենքին համապատասխան պարտադիր է պայմանագիր կնքելը, խուսափում է այն կնքելուց, մյուս կողմն իրավունք ունի դատարան դիմել` պայմանագիրը կնքելուն հարկադրելու պահանջով:

Գագիկ Հայրապետյանի կողմից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացվել ընդդեմ «Գապբնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջի մասին: Նշված հայցի հիման վրա հարուցվել և քննվել է թիվ ԵԿԴ/2964/02/11 քաղաքացիական գործը, որի վարույթը 2013 թվականի սեպտեմբերի 4-ին կայացված որոշմամբ կարճվել է՝ Գագիկ Հայրապետյանի կողմից հայցից հրաժարվելու հիմքով, ընդ որում՝ հայցից հրաժարվելու հիմքում Գագիկ Հայրապետյանը դրել է թիվ N 342-Ա որոշմամբ հաստատված Ծրագրի շրջանակներում կնքված գործարքը:

Անհատ ձեռնարկատեր Գագիկ Պապոյանի հետ անշարժ գույքի նախնական առուվաճառքի պայմանագրեր կնքած և տվյալ կառուցապատողին գումար վճարած, սակայն հետագայում «Գապբնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրականում որոշակի լրավճարի կատարմամբ Արամի 72-80 շենքում տարածքի նախնական առուվաճառքի պայմանագիր կնքած անձինք ընդգրկվել են Ծրագրի 8-րդ կետի «դ» ենթակետի խմբում: Նշված ենթակետում նախատեսված անձանց խմբերից Ծրագրի շահառու են դիտվել նաև անհատ ձեռնարկատեր Գագիկ Պապոյանի հետ սկզբնական գնման հարաբերությունների մեջ մտած այն անձինք, ովքեր տեղափոխման կապակցությամբ փողային կամ գույքի տեսքով լրավճար են կատարել «Գապբնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` այդ լրավճարի չվերադարձված մնացորդի չափով՝ հաշվի առնելով, որ այլ կառուցապատողներին տվյալ անձանց կատարած սկզբնական վճարումների գծով իրական վնասների վերականգնման խնդիրների լուծումը նախանշված է համապատասխան կառուցապատողի ձախողված ծրագրի տուժած անձանց վնասների վերականգնմանը վերաբերող այլ միջոցառումներով:

Ծրագրի 8-րդ կետի «դ» ենթակետի կարգավորման շրջանակներում Գագիկ Հայրապետյանի և «Դի Ընդ Էյջ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2013 թվականի հուլիսի 26-ին կնքվել է անշարժ գույքի մասնակի հատուցմամբ օտարման նախնական Թիվ 225/Գ-342 պայմանագիրը, որով ձեռք բերված բնակարանի հիմնական պայմանագիր կնքելու իր իրավունքը Գագիկ Հայրապետյանը անշարժ գույքի իրավունքի փոխանցման /զիջման/ մասին 2014 թվականի ապրիլի 18-ի պայմանագրով վաճառել է երրորդ անձի, ինչից հետևում է, որ Գագիկ Հայրապետյանը սեփական կամահայտնությամբ հրաժարվել է Թիվ 225/Գ-342 պայմանագրից բխող ակնկալիքից, այն է՝ Ծրագրի շրջանակներում նախատեսված հատուցումը բնակարանի տեսքով ստանալուց:

Թիվ 225/Գ-342 պայմանագրի 3.2-րդ կետով Գագիկ Հայրապետյանը պարտավորվել է նշված պայմանագրի կնքումից հետո յոթնօրյա ժամկետում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանին ներկայացնել համապատասխան դիմում՝ թիվ ԵԿԴ/2964/02/11 քաղաքացիական գործով հայցից հրաժարվելու մասին, ինչից հետևում է, որ անհատ ձեռնարկատեր Գագիկ Պապոյանի հետ 2007 թվականի փետրվարի 14-ին և օգոստոսի 13-ին կնքված առուվաճառքի նախնական պայմանագրերի առարկան «Գապբնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2009 թվականի օգոստոսի 26-ին կնքված և 2010 թվականի հունիսի 18-ին փոփոխված պայմանագրի առարկայով փոխարինելու և դրա կատարումը Թիվ 342-Ա որոշման շրջանակներում Թիվ 225/Գ-342 պայմանագիրը կնքելու միջոցով, փոխադարձ կամահայտնությամբ, կարգավորվել է Գագիկ Հայրապետյանի՝ հատուցում ստանալու պահանջի իրավունքի իրականացումը:

Դիմող կողմը վնասի փոխհատուցման պահանջի հիմքում դրել է Վճռաբեկ դատարանի որոշումը, որով արձանագրվել է, որ Երևանի քաղաքապետը, սահմանափակվելով միայն մեկ մրցույթ անցկացնելով (11.10.2012 թվականին) տևական ժամանակ (առնվազն մինչև սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը՝ 01.01.2015 թվականը) դրսևորել է անգործություն, ինչի արդյունքում Թիվ 1141-Ն որոշմամբ նախատեսված՝ հանցագործությունից տուժած անձանց վնասների հատուցմանն ուղղված կառուցակարգը չի ծառայել իր նպատակին, դարձել է ձևական և ինքնանպատակ՝ խախտելով հայցվոր Գագիկ Հայրապետյանի սեփականության իրավունքը։ Մինչդեռ, ի կատարումն նշված որոշման շահառուների սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականության՝ Երևանի քաղաքապետն իրավասու էր և պետք է անցկացներ նոր կամ կրկնակի մրցույթ (մրցույթներ)՝ իրեն պատվիրակված լիազորության նպատակի իրագործմանը հասնելու համար։

Վերոհիշյալի համատեքստում՝ վարույթի շրջանակներում կարևորվել է այն հարցի հստակեցումը, թե Գագիկ Հայրապետյանի սեփականության իրավունքի խախտումն իրենից ի՞նչ է ներկայացնում, ինչո՞վ է այդ սեփականության իրավունքի առկայությունը հավաստվում և այդ իրավունքի խախտումը ու՞մ գործողության կամ անգործության հետևանք է հանդիսանում:

Օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:

Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:

Վարույթում առկա նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գագիկ Հայրապետյանը չի հանդիսացել պետության կողմից գերակա՝ հանրային շահ ճանաչված տարածքի բնակիչ, սեփականատեր կամ գույքային իրավունք ունեցող անձ, ինչից հետևում է, որ քննարկվող իրավահարաբերությունների մեջ Գագիկ Հայրապետյանը մտել է սեփական հայեցողությամբ Գագիկ Պապոյանի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու միջոցով, ընդ որում՝ վերջինս Գագիկ Հայրապետյանի հետ պայմանագիր կնքելիս հանդես չի եկել Հայաստանի Հանրապետության անունից և չի գործել վերջինիս կողմից վերապահված լիազորությունների սահմաններում: Քննարկվող գործընթացում Գագիկ Հայրապետյանը չի հանդիսացել հանրային կարիքների համար վերցված գույքի սեփականատեր, ով կարող էր ունենալ դրա դիմաց հատուցում ստանալու օրինական ակնկալիք և արդարացված շահ, փոխարենը՝ սեփական կամահայտնությամբ մասնավոր սուբյեկտի դիրքից հանդես եկող անձի հետ կնքել է նախնական պայմանագիր: Ասվածից հետևում է, որ Գագիկ Հայրապետյանի սեփականության իրավունքի խախտում, որը դրսևորված կլիներ սեփականություն հանդիսացող գույքը հանրային կարիքների համար վերցնելու և համարժեք փոխհատուցում չտրամադրելու ձևով, տեղի չի ունեցել, իսկ հակառակի մասին փաստող ապացույցներ Դիմող կողմը չի ներկայացրել:

Վարույթի լսումների ընթացքում Դիմող կողմը հայտնել է դիրքորոշում այն մասին, որ Գագիկ Հայրապետյանի՝ իրացման ենթակա հասցեներում սեփականության իրավունքով պատկանող գույք ունենալու կամ չունենալու հանգամանքը տվյալ դեպքում էական չէ, քանի որ Թիվ 1141-Ն և Թիվ 342-Ա որոշումներով հատուցման հարցը լուծելիս Հայաստանի Հանրապետության կառավարությունը Գագիկ Պապոյանի գործողությունների արդյունքում տուժած անձանց միջև որևէ տարբերակում չի դրել:

Նշված փաստարկը չի բխում Թիվ 1141-Ն որոշման ընդունման նպատակից և կարգավորման առարկայից, քանի որ Թիվ 1141-Ն որոշման 2-րդ կետով նույն որոշման հավելվածում նշված տարածքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելը հիմնավորվել է այն հանգամանքներով, որ նախատեսված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայել է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից և, որ նախատեսված ծրագրի արդյունավետ իրականացումը չէր կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, իսկ Թիվ 342-Ա որոշմամբ հաստատված Ծրագրի առանձին կետերով ընդգրկվել են առանձին խումբ շահառուներ՝ կախված օտարման գործընթացի շրջանակներում ծագած իրավահարաբերությունների բնույթից և կողմերից:

Այնուամենայնիվ՝ առկա են բավարար հիմքեր փաստելու, որ Թիվ 1141-Ն որոշմամբ նախանշված՝ սեփականության օտարման հետ կապված իրավահարաբերությունների համատեքստում Գագիկ Հայրապետյանը շահառու չի հանդիսանում, քանի որ վերջինիս պատկանող որևէ գույք կամ գույքային իրավունք չի ենթարկվել օտարման:

 Ինչ վերաբերում է Դիմող կողմի այն դիրքորոշմանը, որ խախտվել է պետության կողմից ճանաչված՝ Գագիկ Հայրապետյանի հատուցում ստանալու իրավունքը, ապա այն անհիմն է և չապացուցված, քանի որ հատուցման իրավունքն ապահովվել է Թիվ 342-Ա որոշմամբ նախատեսված Ծրագրի շրջանակներում, ինչից հետևում է, որ Թիվ 1141-Ա որոշման հիման վրա նոր մրցույթ կամ լրացուցիչ մրցույթ չհայտարարելու իրողությունը չի ազդել Գագիկ Հայրապետյանի հատուցման իրավունքի ապահովման վրա, քանի որ առկա իրադրությունում Հայաստանի Հանրապետությունը Գագիկ Հայրապետյանի հարցի կարգավորումը ներառել է Ծրագրի շրջանակներում և Թիվ 342-Ա որոշման ընդունումն ապացուցում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից խնդրի կարգավորման նպատակի իրականացումը մեկ այլ ձևաչափով, այն է՝ Ծրագրի շրջանակներում իրականացնելու հանգամանքը:

 Միաժամանակ՝ հարկ է ընդգծել, որ Թիվ 1141-Ն որոշմամբ տարածքի ձեռք բերողը հանդիսացել է Հայաստանի Հանրապետությունը, իսկ Երևանի քաղաքապետն ընդամենը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության անունից, իսկ Հայաստանի Հանրապետությունը Թիվ 1141-Ն որոշմամբ Երևանի քաղաքապետին չի վերապահել նոր կամ լրացուցիչ մրցույթ իրականացնելու լիազորություն, փոխարենը՝ հաշվի առնելով հայտարարված մրցույթին մասնակից չներկայանալու հանգամանքը, հարցի կարգավորման նպատակով նախընտրել է այլ ձևաչափ և ընդունել է Թիվ 342-Ա որոշումը, որով հաստատված Ծրագրի շրջանակներում, ինչպես նշվել է նախորդիվ, Գագիկ Հայրապետյանը ընդգրկվել է շահառու անձ, ում հետ կնքվել է Թիվ 225/Գ-342 պայմանագիրը:

Վերոնշյալ հանգամանքներից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկած Երևանի քաղաքապետի կողմից չի դրսևորվել Գագիկ Հայրապետյանի իրավունքի խախտմանն ու 44,185,250 ՀՀ դրամի չափով վնասի առաջացմանը հանգեցրած անգործություն, իսկ ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի որոշմանը, ապա անկախ նոր կամ լրացուցիչ մրցույթ չհրավիրելու հարցում Երևանի քաղաքապետի անգործողությունը ոչ իրավաչափ ճանաչված լինելու հանգամանքից, հարկ է փաստել, որ բացակայում է այդ անգործության և Դիմումի առարկա վնասի միջև պատճառահետևանքային կապը, առավել ևս՝ վարույթով չի հիմնավորվել պահանջված վնասը դատական ակտով հաստատված ոչ իրավաչափ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը:

Ինչ վերաբերում է վարույթի լսումների ընթացքում Դիմող կողմի հայտնած այն դիրքորոշմանը, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արձանագրված փաստարկներով դատարանը ևս գտել է, որ եթե Երևանի քաղաքապետը պատշաճ կարգով իրականացներ Թիվ 1141-Ն որոշմամբ իր վրա դրված պարտականությունները (որոշումն ի կատար ածեր), ապա, ըստ էության, կհատուցվեր Գագիկ Հայրապետյանի կրած վնասը և տեղի չէր ունենա Գագիկ Հայրապետյանի սեփականության իրավունքի խախտում, ապա հարկ է փաստել, որ նման դատողությունը կառուցված է հավանական հետևությունների և ենթադրությունների վրա, որպիսիք չեն կարող հիմք հանդիսանալ ոչ իրավաչափ ճանաչված գործողության և պահանջված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը հաստատված համարելու համար, առավել ևս չեն կարող ապացուցել Գագիկ Հայրապետյանի ենթադրյալ վնասը կամ չստացված հատուցումը Երևանի քաղաքապետի՝ ոչ իրավաչափ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը որպես փոխհատուցման ենթակա վնաս դիտել է այն վնասը, որը պատճառվել է տեղական ինքնակառավարման մարմնի ապօրինի գործողություններով (անգործությամբ), որպիսի հանգամանքը տվյալ վարույթով չի հաստատվել:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի

96-րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Դիմումում և վարույթի լսումների ընթացքում ներկայացված փաստական հանգամանքների և վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավանորմերի համադրմամբ կարելի է փաստել, որ վնասի (չստացված հատուցման) փոխհատուցման պահանջը ներկայացվել է Երևանի քաղաքապետին այն պատճառաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ ոչ իրավաչափ է ճանաչվել Երևանի քաղաքապետի՝ Թիվ 1141-Ն որոշման հիմքով Հայաստանի Հանրապետության անունից գույքի օտարման նպատակով նոր կամ լրացուցիչ մրցույթ չհրավիրելու անգործությունը, մինչդեռ Թիվ 1141-Ն որոշմամբ տարածքի ձեռքբերող Հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: Նշված որոշմամբ թեև նախատեսված օտարման գործառույթների իրականացման համակարգման և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմնի գործառույթները պատվիրակվել են Երևանի քաղաքապետին, սակայն ակնհայտ է, որ պետական լիազոր մարմին շարունակել է հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունը, իսկ նշված գործառույթների պատվիրակումը չի կարող ենթարկվել այն աստիճան նեղ ընկալման և մեկնաբանման, որի համատեքստում պատշաճ գնահատման չենթարկվի Թիվ 342-Ա որոշման ընդունումը՝ որպես լիազոր մարմնի կողմից իր լիազորությունների շրջանակներում խնդրի կարգավորմանն ուղղված այլընտրանքային միջոցների նախաձեռնում:

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

 Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:

 Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.

«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:

Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:

Ինչ վերաբերում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 111-րդ հոդվածի կարգավորման համատեքստում վնասի վրա տարեկան 6 տոկոս հաշվեգրելու պահանջին, ինչպես նաև վնասը բնեղենով հատուցելու առաջարկված տարբերակին, ապա հաշվի առնելով, որ դրանք ածանցվում են Դիմումով ներկայացված հիմնական, այն է՝ 44,185,250 ՀՀ դրամի չափով վնասը փոխհատուցելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելու պահանջից, որպիսին անհիմն և մերժման ենթակա լինելու փաստը հաստատված համարվելու պայմաններում ածանցյալ պահանջները ևս հանդիսանում են չհիմնավորված և մերժման ենթակա, հետևաբար վնասի նկատմամբ տոկոս կիրառելու կամ վնասը բնեղենով հատուցելու պահանջների հիմքում ընկած փաստարկներին առանձին գնահատմամբ անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել Երևանի քաղաքապետի՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ ոչ իրավաչափ ճանաչված անգործության և 44,185,250 ՀՀ դրամի չափով վնասի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը, չի հիմնավորվել պահանջված 44,185,250 ՀՀ դրամի չափով վնասը Երևանի քաղաքապետի՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ ոչ իրավաչափ ճանաչված անգործության անմիջական, ուղղակի և անխուսափելի արդյունքը հանդիսանալու և դրա հետևանքով առաջանալու հանգամանքը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետը Թիվ 1141-Ն որոշման շրջանակներում գործել է Հայաստանի Հանրապետության անունից, իսկ Գագիկ Հայրապետյանը չհանդիսանալով Հայաստանի Հանրապետության կողմից օտարված տարածքի սեփականատեր, սեփական հայեցողությամբ քաղաքացիական պայմանագրային հարաբերությունների մեջ է մտել նախ՝ անհատ ձեռնարկատեր Գագիկ Պապոյանի հետ, սակայն թիվ ԵԿԴ/0230/01/12 քրեական գործի շրջանակներում չի ներկայացրել վնասի հատուցման քաղաքացիական հայց, իսկ հետագայում պարտավորության նորացմամբ պայմանագիր է կնքել «Գապբնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, առանց 44,185,250 ՀՀ դրամի չափով կանխավճարի իրական տեղափոխման, բացի այդ Թիվ 342-Ա որոշման հիման վրա Թիվ 225/Գ-342 պայմանագիրը կնքելու արդյունքում հրաժարվել է թիվ ԵԿԴ/296402/11 քաղաքացիական գործով ընդդեմ «Գապբնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացված հայցապահանջից, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 17-րդ, 135-րդ, 345-րդ, 346-րդ, 436-րդ, 437-րդ, 445-րդ, 430-րդ, 1063-րդ հոդվածների դրույթները, թիվ ՀՔԴ3/0016/02/08, թիվ ՎԴ/1761/05/14 և թիվ ՎԴ/3280/05/09 դատական գործերով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ, 55-րդ, 56-րդ և 57-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Երևանի քաղաքապետի ոչ իրավաչափ անգործությամբ պատճառված՝ 44,185,250 (քառասունչորս միլիոն մեկ հարյուր ութսունհինգ հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամի չափով վնասի, դրան հաշվեգրվող տոկոսի գումարի փոխհատուցման նպատակով վարչական ակտ ընդունելու պահանջի մասին Գագիկ Հայրապետյանի ներկայացուցիչ Վարդան Ջիլավյանի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ Դ-162918-24 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան