Գլխավոր տեղեկություն
Համար
N 200
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/9, սեպտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.05.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 1993 թ. N 200

 

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կանոնադրությունը (կցվում է):

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանն ունենալու պետի 3 տեղակալ, որից 1-ը` առաջին տեղակալ, և 9 անդամից բաղկացած կոլեգիա:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի մասին» N 60 որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 316 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
ՀՀ կառավարության 1993 թվականի
մայիսի 3-ի N 200 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը (այսուհետև` վարչություն) հանդիսանում է գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը ստեղծված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

2. Վարչությունը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհում` օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում:

 

II. Վարչության խնդիրները և ֆունկցիաները

 

3. Վարչությունը`

ա) իրականացնում է սեփականաշնորհվող պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների գնահատումը և վերագնահատումը կամ հաստատում իր կողմից լիազորված մի այլ կազմակերպության կամ ինվեստիցիոն բանկի կողմից իրականացված գույքի գնահատման արդյունքները.

բ) իրականացնում է պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների վաճառքը.

գ) սեփականաշնորհվող օբյեկտը ձեռք բերողի հետ կնքում է առուծախի պայմանագիր և հետևում դրա կատարմանը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված կարգով սահմանում է սեփականաշնորհվող օբյեկտների համար վճարումների չափը, ժամկետներն ու կարգը, հետևում է դրանց կատարմանը և խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցներ.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով սեփականաշնորհման ընթացքում իրականացնում է սեփականաշնորհվող օբյեկտների օպերատիվ կառավարում.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով սահմանափակումներ է կիրառում սեփականաշնորհվող օբյեկտների տնօրինման նկատմամբ, հետևում դրանց կատարմանը և խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրառում առուծախի պայմանագրով նախատեսված պատժամիջոցներ.

է) կազմում է աճուրդային և մրցութային հանձնաժողովներ և իրականացնում օբյեկտների աճուրդով վաճառքը.

ը) ստանում է Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, ձեռնարկություններից և կազմակերպություններից այդ ձեռնարկությունների և կազմակերպությունների կամ դրանց ենթակայության օբյեկտների սեփականաշնորհումն իրականացնելու համար անհրաժեշտ տվյալներ.

թ) սեփականաշնորհումն իրականացնելու համար կազմում է աշխատանքային խմբեր և հանձնաժողովներ, ինչպես նաև սահմանված կարգով հրավիրում խորհրդակցություններ` իր իրավասության հարցերով.

ժ) անհրաժեշտության դեպքում սեփականաշնորհվող օբյեկտներում անցկացնում է հաշվապահական և այլ փաստաթղթերի ստուգում.

ի) սեփականաշնորհման աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավում է գիտահետազոտական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին գիտնականների և մասնագետների, այդ թվում` փորձաքննության նպատակով.

լ) իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ ֆունկցիաներ:

 

III. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության աշխատանքի կազմակերպումը

 

4. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, կարգադրություններով և սույն կանոնադրությամբ:

5. Վարչությունն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծելու, վերակառուցելու և լուծարելու իր վարչատարածքային ստորաբաժանումները:

6. Վարչությունն իր գործունեությունն իրականացնելիս համագործակցում է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ արտասահմանյան պետական, հասարակական և ոչ պետական ձեռնարկությունների, կազմակերպությունների ու քաղաքացիների հետ:

7. Վարչությունը ղեկավարում է նրա պետը: Վարչության պետը պաշտոնում նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, իսկ նրա տեղակալները` պետի ներկայացմամբ, նշանակվում են պաշտոնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

8. Վարչության պետը`

պատասխանատու է վարչության վրա դրված խնդիրների և ֆունկցիաների կատարման համար.

հաստատում է վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը և նրա կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

նշանակում և պաշտոնից ազատում է վարչության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

սահմանված կարգով նյութական խրախուսման և կարգապահական պատասխանատվության է ենթարկում վարչության աշխատողներին.

հաստատում է վարչության կենտրոնական ապարատի հաստիքային ցուցակը, դրանում կատարում փոփոխություններ` աշխատանքի վարձատրության սահմանված կարգով հաստատված ֆոնդի սահմաններում.

հաստատում է սեփականաշնորհման վերաբերյալ առուծախի պայմանագրերը.

իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

9. Վարչությունում ստեղծվում է կոլեգիա, որի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` վարչության պետի ներկայացմամբ:

10. Կոլեգիայի կազմի մեջ մտնում են վարչության պետը (նախագահ), վարչության պետի տեղակալներն ի պաշտոնե, վարչության այլ ղեկավար աշխատողներ:

11. Կոլեգիան իր նիստերում քննարկում է կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, գործնական ղեկավարման, կադրերի ընտրության և տեղաբաշխման, ընդունված որոշումների կատարման ստուգման հարցեր, վարչության գծով կարևորագույն միջոցառումների պլաններ, վարչության ստորաբաժանումների ղեկավարների հաշվետվությունները և դրանց վերաբերյալ ընդունում է որոշումներ:

12. Կոլեգիայի որոշումները որպես կանոն կենսագործվում են պետի հրամաններով: Պետի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնություններ ծագելու դեպքում վարչության պետը կենսագործում է իր որոշումը` այդ մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Կոլեգիայի անդամներն, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը գրավոր հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

13. Վարչության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

14. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը պատկերող և իր անվամբ կնիք:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.08.1996, N 236 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան