Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.04.14-2025.04.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.04.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.03.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3377/05/24

2025 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3377/05/24

Նախագահող դատավոր

 Ա. Պողոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

2025 թվականի մարտի 31-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արմեն Մալխասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 0810.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի Մհեր Մաթևոսյանի ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ Արմեն Մալխասյան՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը ք Երևան, Մարգարյան փողոց, 10 շենք, 40 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքից Մհեր Մաթևոսյանին վտարելուն ուղղված գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մհեր Մաթևոսյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոչ գույքային բաժնի կատարողական վարույթների հատուկ բաժնին ձեռնպահ մնալ իրեն պատկանող ՀՀ, ք Երևան, Մարգարյան փողոց, 10 շենք, 40 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքից վտարման գործողություններ կատարելուց: Միաժամանակ ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 02.04.2024 թվականի որոշմամբ Մհեր Մաթևոսյանի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, բավարարվել է։

Դատարանի 29052024 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ բավարարվել է երրորդ անձ Արմեն Մալխասյանի՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08102024 թվականի որոշմամբ հայցվոր Մհեր Մաթևոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 29.05.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը վերացվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել երրորդ անձ Արմեն Մալխասյանը (ներկայացուցիչ՝ Արմեն Բաղդասարյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասը, 138-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Անձի արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների լիարժեք իրացման համատեքստում կարևորելով լսված լինելու և ցանկացած հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու դատավարության մասնակցի հնարավորությունը՝ օրենսդիրը հստակ ամրագրել է, որ միջանկյալ դատական ակտի բողոքարկման դեպքում դատավարության մասնակիցը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո իրավունք ունի հնգօրյա ժամկետում ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան։

Վերաքննիչ դատարանը, 13092024 թվականին կայացնելով «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը, պարտավոր էր որոշումն ուղարկել դատավարության մասնակիցներին, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենային օրենքով սահմանված կարգով և ժամկետում օգտվել օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքներից, այդ թվում՝ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքից։

Վերաքննիչ դատարանի 13092024 թվականի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումն ուղարկվել է երրորդ անձ Արմեն Մալխասյանի ներկայացուցչին։ Վերջինս նշված որոշումն ստացել է 29102024 թվականին։ Վերաքննիչ դատարանի՝ 08102024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» բողոքարկվող որոշումն ուղարկվել է երրորդ անձ Արմեն Մալխասյանի ներկայացուցչին և վերջինիս կողմից ստացվել է 29102024 թվականին։

Վերը նշված փաստական հանգամանքների պայմաններում երրորդ անձ Արմեն Մալխասյանը զրկված է եղել բողոքարկված միջանկյալ դատական ակտի՝ Դատարանի 29.05.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու օբյեկտիվ հնարավորությունից։

Վերաքննիչ դատարանը ոչ միայն չի ապահովել երրորդ անձ Արմեն Մալխասյանի՝ վերաքննիչ վարույթում լսված լինելու իրավունքը, այլև բողոքարկվող որոշման մեջ նշել է, որ «վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել»՝ այն պարագայում, երբ Վերաքննիչ դատարանի 13092024 թվականի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը երրորդ անձին ուղարկված չի եղել։

Արդյունքում խախտվել է երրորդ անձ Արմեն Մալխասյանի լսված լինելու իրավունքը, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի խախտման։

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 0810.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության ընթացքում դատավարության մասնակիցների լսված լինելու իրավունքի իրացման առանձնահատկություններին։

 

 ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածով ամրագրված՝ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի շրջանակներում արտահայտվում է որպես դատավարությունում կողմերի իրավահավասարության պահանջ:

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքին, առանձնացրել է այս սկզբունքին բնորոշ հետևյալ տարրերը«(...) դատավարությունում կողմերի իրավահավասարության պահանջը, որը արդար դատաքննության հասկացության հատկանիշներից մեկն է, ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմին պետք է տրամադրվի ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր փաստարկները, ներառյալ ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրան մյուս կողմի համեմատ չեն դնում էականորեն անբարենպաստ վիճակում» (տե՛ս, Nikoghosyan and Melkonyan v. Armenia գործով Եվրոպական դատարանի 06.12.2007 թվականի վճիռը, կետ 37):

 Կողմերի իրավահավասարության սկզբունքը՝ որպես դատավարական սկզբունք, ամրագրվել է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածում։ Ըստ նշված հոդվածի՝ դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, ներառյալ` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն։

 Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում արձանագրել, որ նշված նորմում «կողմեր», «կողմ» եզրույթների բովանդակությունը չի սահմափակվում հայցվոր-պատասխանող շրջանակով։ Հիմք ընդունելով Օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի այն դրույթը, ըստ որի՝ երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 6-րդ հոդվածով նախատեսված սկզբունքը հավասարապես վերաբերում է ինչպես կողմերին՝ հայցվորին և պատասխանողին, այնպես էլ երրորդ անձանց։

 Կողմերի իրավահավասարությունը ենթադրում է կողմերի համար գործը ներկայացնելու հավասար հնարավորությունների ապահովում։ Կողմերի իրավահավասարության սկզբունքը նշանակում է, որ գործին առնչվող նյութերն ու ապացույցները պետք է հասանելի լինեն երկու կողմերին, և նրանք պետք է ունենան հակառակ կողմի ներկայացրած ապացույցներին և փաստարկներին ծանոթանալու ու դրանք մեկնաբանելու հնարավորություն։

 Կողմերին իրենց դիրքորոշումը ներկայացնելու հնարավորություն ընձեռելն ինքնին նշանակում է դատարանի առջև դատավարության մասնակիցների լսված լինելու իրավունքի ճանաչում։ Ըստ այդմ՝ կողմերի իրավահավասարության սկզբունքի բովանդակային ծավալում, ի թիվս այլնի, ներառվում է դատավարության մասնակիցների՝ դատարանի առջև լսված լինելու իրավունքը։

 Կողմերի իրավահավասարության սկզբունքը, այդ թվում՝ դատարանի առջև լսված լինելու իրավունքը, իրացված է Օրենսգրքի մի շարք հոդվածներում։ Մասնավորապես, այդ սկզբունքից են բխում Օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված՝ կողմերի իրավունքները։ Այն է՝ գործի նյութերին ծանոթանալու, ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ անելու, ապացույցներ ներկայացնելու և դրանց հետազոտմանը մասնակցելու, միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին հարցեր տալու, միջնորդություններ անելու, դատարանին բացատրություններ տալու, գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, առաջարկները, առարկություններն ու փաստարկները ներկայացնելու, դատավարության մյուս մասնակիցների միջնորդությունների, դիրքորոշման կամ փաստարկների դեմ առարկելու իրավունքները։

 Վարչական դատավարությունում կողմերի հավասար հնարավորությունների իրացումը երաշխավորելուն է միտված նաև հայցադիմումը, վերաքննիչ բողոքը, վճռաբեկ բողոքը դատավարության մասնակիցներին ուղարկելու օրենսդրական պահանջը (Օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ, 134-րդ հոդվածի 4-րդ մաս, 158-րդ հոդվածի 5-րդ մաս), ինչպես նաև ՀՀ վարչական դատարանի, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի՝ համապատասխանաբար հայցադիմումը, վերաքննիչ բողոքը և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումներն օրենքով սահմանված ժամկետում դատավարության մասնակիցներին ուղարկելու պարտականությունը (Օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մաս, 135-րդ հոդվածի 3-րդ մաս և 161-րդ հոդվածի 6-րդ մաս)։

 Կողմերի իրավահավասարության սկզբունքը և դրա բաղադրիչը կազմող լսված լինելու իրավունքն իրացվում է նաև հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների պատասխան ներկայացնելու միջոցով։ Այսպես, Օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը։

 Օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է «1. Դատավարության մասնակիցը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան`

 1) տասնհինգօրյա ժամկետում` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով.

 2) հնգօրյա ժամկետում` միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով։

 2. Վերաքննիչ բողոքի պատասխանն ուղարկվում է վերաքննիչ դատարան և դատավարության մասնակիցներին: (…)։

 Օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը:

 Վերը նշված նորմերի բովանդակությունից բխում է, որ եթե հայցադիմումի պատասխան ներկայացնելը պատասխանողի պարտականությունն է, ապա վերաքննիչ և վճռաբեկ բողոքների պատասխան ներկայացնելը դատավարության մասնակցի իրավունքն է։ Օրենսդիրը, սահմանելով վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետներ, տարբերակված մոտեցում է դրսևորել գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու և միջանկյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու դեպքերի միջև՝ առաջին դեպքում սահմանելով 15-օրյա, երկրորդ դեպքում՝ հնգօրյա ժամկետ։ Նման տարբերակված մոտեցումն ինքնանպատակ չէ։ Միջանկյալ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու համար ավելի սեղմ ժամկետի սահմանումը պայմանավորված է միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքի քննության առանձնահատկություններով։ Մասնավորապես, ի տարբերություն գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի՝ միջանկյալ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության համար օրենսդիրը սահմանել է կոնկրետ ժամկետ։ Այն է՝ Օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը գործը քննում և որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և որոշում է կայացնում գործը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում։ Օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում և որոշումները կայացվում են առանց դատական նիստ հրավիրելու։

 Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու համար սեղմ՝ հնգօրյա ժամկետի սահմանումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ վերաքննիչ բողոքը քննվում է օրենքով սահմանված սեղմ՝ մեկամսյա ժամկետում (գործն ստանալուց հետո)։ Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու համար հնգօրյա ժամկետ սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել երաշխավորել, որ մինչև վերաքննիչ բողոքի քննության արդյունքում որոշում կայացնելը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն իր տրամադրության տակ ունենա վերաքննիչ բողոքի պատասխանը՝ հնարավորություն տալով պատասխանը ներկայացրած դատավարության մասնակցին արտահայտել իր դիրքորոշումը վերաքննիչ բողոքի իրավական և փաստական հիմքերի վերաբերյալ։

 Միաժամանակ, հաշվի առնելով, որ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում և որոշումները կայացվում են առանց դատական նիստ հրավիրելու՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելն այն միակ դատավարական գործիքակազմն է, որի միջոցով դատավարության մասնակիցը կարող է արտահայտել իր դիրքորոշումը վերաքննիչ բողոքի իրավական և փաստական հիմքերի վերաբերյալ, ներկայացնել իր հակափաստարկները։ Այլ կերպ՝ դատավարության մասնակիցը միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքի քննության ընթացքում իր լսված լինելու իրավունքը կարող է իրացնել միայն վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու միջոցով։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու հնարավորությունը գործնականում չապահովելու դեպքում դատավարության մասնակիցը զրկվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի առջև լսված լինելու իրավունքից, և արդյունքում խախտվում է նաև կողմերի իրավահավասարության սկզբունքը։

 ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վերաքննիչ դատարանն այն ուղարկում է բողոք բերող անձին և դատավարության մասնակիցներին։ Նշված ժամկետում բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դատավարության մասնակիցներին ուղարկելու պահանջը ևս ինքնանպատակ չէ այն ևս միտված է, ի թիվս այլնի, դատավարության մասնակիցների համար վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու հնարավորությունն ապահովելուն։

 Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում դատավարության մասնակիցների կողմից վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու, ըստ այդմ՝ վերջիններիս լսված լինելու իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու և դատավարության մասնակիցների իրավահավասարությունը գործնականում ապահովելու համար ՀՀ վերաքննիչ դատարանը պետք է խստորեն պահպանի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դատավարության կողմերին եռօրյա ժամկետում ուղարկելու պահանջը։

 Սույն գործով Մհեր Մաթևոսյանը, դիմելով Դատարան, խնդրել է պարտավորեցնել ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոչ գույքային բաժնի կատարողական վարույթների հատուկ բաժնին ձեռնպահ մնալ իրեն պատկանող ՀՀ, ք Երևան, Մարգարյան փողոց, 10 շենք, 40 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքից վտարման գործողություններ կատարելուց: Միաժամանակ ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն։ Միջնորդությունը բավարարվել է։

 Դատարանի 29052024 թվականի որոշմամբ բավարարվել է երրորդ անձ Արմեն Մալխասյանի՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը։

 Վերաքննիչ դատարանի 13092024 թվականի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ վարույթ է ընդունվել Դատարանի 29052024 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշման դեմ հայցվոր Մհեր Մաթևոսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը։ Կազմվել են նշված որոշումը դատավարության մասնակիցներին ուղարկելու վերաբերյալ կից գրություններ՝ թվագրված 18092024 թվականին։ Գործում բացակայում են որոշումը դատավարության մասնակիցներին ուղարկելու վերաբերյալ ապացույցները։ Երրորդ անձ Արմեն Մալխասյանի ներկայացուցչին ուղարկված Վերաքննիչ դատարանի 13092024 թվականի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը վերջինիս կողմից ստացվել է 29102024 թվականին (հիմք՝ հետստացման հավաստագիր)։

 Վերաքննիչ դատարանի 08102024 թվականի որոշմամբ հայցվոր Մհեր Մաթևոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 29.05.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը վերացվել է։ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման մեջ արձանագրված է «Վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել»։

 Կազմվել են նշված որոշումը դատավարության մասնակիցներին ուղարկելու վերաբերյալ կից գրություններ, որոնք թվագրված են 26072024 թվականին (անհասկանալի է, թե 08102024 թվականին կայացված որոշումն ուղարկելու վերաբերյալ կից գրությունը ինչպես է թվագրվել ավելի վաղ ամսաթվով)։ Գործում բացակայում են որոշումը դատավարության մասնակիցներին ուղարկելու վերաբերյալ ապացույցները։ Երրորդ անձ Արմեն Մալխասյանի ներկայացուցչին ուղարկված Վերաքննիչ դատարանի 08102024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը վերջինիս կողմից ստացվել է 29102024 թվականին, պատասխանողի կողմից՝ 11102024 թվականին, իսկ հայցվոր Մհեր Մաթևոսյանի կողմից՝ 06092024 թվականին (հիմք՝ հետստացման հավաստագրեր) (կրկին անհասկանալի է, թե ինչպես է հայցվորը նշված որոշումն ստացել ավելի վաղ, քան որոշման կայացման օրն է)։

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 13092024 թվականի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը դատավարության մասնակիցներին ուղարկելու վերաբերյալ ապացույցների բացակայության պայմաններում հնարավոր չէ հետևություն կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եռօրյա ժամկետում որոշումն ուղարկելու պահանջի պահպանված լինելու (չլինելու) վերաբերյալ։ Միաժամանակ, պարզ չէ, թե ինչով է պայմանավորված, որ հայցվոր Մհեր Մաթևոսյանը (բողոք բերող անձ) նշված որոշումն ստացել է 11.10.2024 թվականին, իսկ երրորդ անձ Արմեն Մալխասյանի ներկայացուցիչը՝ միայն 29102024 թվականին։ Ամեն դեպքում, անվիճելի է, որ Վերաքննիչ դատարանի կողմից 08102024 թվականին «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը կայացնելու պահի դրությամբ երրորդ անձ Արմեն Մալխասյանը դեռևս ստացած չի եղել Վերաքննիչ դատարանի 13092024 թվականի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը (ստացել է 29102024 թվականին), որպիսի պայմաններում դեռևս չէր սկսել հոսել վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու համար օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը, և երրորդ անձ Արմեն Մալխասյանը չէր կարող օբյեկտիվորեն իրացրած լինել վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր իրավունքը։ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտում արձանագրել է, որ «Վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել»՝ առանց հաշվի առնելու, որ վերաքննիչ բողոքի պատասխանի բացակայությունը պայմանավորված է ոչ թե վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու դատավարության մասնակցի կամքով, այլ Վերաքննիչ դատարանի 13092024 թվականի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը դեռևս ստացած չլինելու հանգամանքով։

 Վերոհիշյալ փաստական հանգամանքների համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երրորդ անձ Արմեն Մալխասյանի ներկայացուցչի կողմից Վերաքննիչ դատարանի 13092024 թվականի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը և 08102024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը նույն օրը՝ 29102024 թվականին, ստացված լինելու պայմաններում երրորդ անձ Արմեն Մալխասյանն օբյեկտիվորեն զրկված է եղել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը գործնականում իրացնելու հնարավորությունից։ Ըստ այդմ՝ չի ապահովվել Վերաքննիչ դատարանում վերջինիս լսված լինելու իրավունքը և հետևաբար նաև՝ կողմերի իրավահավասարության սկզբունքը։

 Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերաքննիչ բողոքի կրկին քննությունը, որի շրջանակներում կապահովվի երրորդ անձ Արմեն Մալխասյանի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված՝ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի իրացումը։

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 0810.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Լ. Հակոբյան

ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

ք ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2025 թվական: