Գլխավոր տեղեկություն
Համար
N 563-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 12.05.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2025 թվականի N 563-Ն

 

ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ԿԵՆՏՐՈՆԻՆ) ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ, ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գիտական կազմակերպությանը (կենտրոնին) ռիսկի գնահատում իրականացնելու լիազորություններ տալու, կասեցնելու կամ դադարեցնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

մայիսի 8-ի N 563-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ԿԵՆՏՐՈՆԻՆ) ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ, ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են գիտական կազմակերպությանը (կենտրոնին) (այսուհետ՝ գիտական կազմակերպություն) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատումն իրականացնելու լիազորություններ տալու, կասեցնելու կամ դադարեցնելու հետ կապված հարաբերությունները:

2. Գիտական կազմակերպությունը կարող է լիազորվել մեկ կամ մի քանի ցուցանիշներով` սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներով կամ դրանցից մեկով։

3. Գիտական կազմակերպությանը ռիսկի գնահատման լիազորություններ տրվում, տրված լիազորությունը կասեցվում կամ դադարեցվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից։

4. Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատման գիտական կազմակերպությանը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից ներկայացվում են յուրաքանչյուր տարվա համար առաջնահերթ ուղղությունները՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտների ռիսկի գնահատման տարեկան գործողությունների ծրագիր (այսուհետ՝ ծրագիր) մշակելու նպատակով։

5. Ծրագրի մշակման համար տեսչական մարմնի կողմից ներկայացվում են պետական մոնիթորինգային ծրագրերի, լաբորատոր փորձաքննությունների արդյունքները, սննդամթերքի աղտոտման, կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հարուցիչների, դրանց բռնկման դեպքերի, բույսերի կարանտին և բույսերի կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների առկայության, կազմի և տարածվածության վերաբերյալ տվյալները։

6. Հիմք ընդունելով սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված կարգավորումները՝ գիտական կազմակերպությունը մշակում է ծրագիրը՝ համաձայնեցնելով լիազոր մարմնի և տեսչական մարմնի հետ։

7. Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անհրաժեշտ ծախսերի հատկացման հարցը կքննարկվի յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում։

 

2. ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

8. Գիտական կազմակերպությունը պետք է՝

1) ունենա ռիսկի գնահատման հետազոտությունների իրականացման ծրագիր.

2) ունենա հիմնավորող փաստաթղթեր՝ վտանգի նույնականացման, վտանգի բնութագրման, վտանգին ենթակա լինելու կամ վտանգի հանդեպ անպաշտպանվածության աստիճանի գնահատման և ռիսկի բնութագրման փորձի վերաբերյալ.

3) ունենա տվյալ ոլորտում գործունեության իրականացման առնվազն տասը տարվա փորձ.

4) ունենա ոլորտին առնչվող միջազգային գիտաժողովներին մասնակցություն և միջազգային գրախոսվող ամսագրերում առնվազն 10 գիտական հրապարակում՝ վերջին հինգ տարվա ընթացքում.

5) ունենա լաբորատոր փորձարկումների իրականացման համար անհրաժեշտ հնարավորություններ (սենքեր, տեխնիկական ռեսուրսներով հագեցվածություն և մասնագիտական պատրաստվածություն).

6) ունենա պաշտոնական կայքէջ, երաշխավորի ու ապահովի ռիսկի գնահատման ոլորտում իր գործունեության մասին անհրաժեշտ տեղեկատվության տեղադրումն իր պաշտոնական կայքէջում.

7) ունենա համապատասխան դաշտային պարագաներ.

8) ունենա համապատասխան հաստատված աշխատանքային ընթացակարգ.

9) ունենա սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում միջազգային համագործակցություն և համատեղ հրապարակումներ.

10) ունենա վերջին 5 տարիների ընթացքում վերապատրաստված անձնակազմ և վերջինիս մասին վկայող փաստաթղթեր (հավաստագիր, վկայական և այլն).

11) երաշխավորի իր անկախությունը, օբյեկտիվությունը և թափանցիկությունը, ռիսկի գնահատումն իրականացնի առկա գիտական ապացույցների վրա և չսպասարկի որևէ սուբյեկտի։

 

3. ԼԻԱԶՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

9. Գիտական կազմակերպությանը կարող է տրվել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատման լիազորություն, եթե այն համապատասխանում է սույն կարգի 8-րդ կետով սահմանված բոլոր չափանիշներին:

10. Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատում իրականացնելու լիազորություն ստանալու համար լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ: Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում։ Հայտերը ներկայացվում են երկշաբաթյա ժամկետում։ Ռիսկի գնահատման գիտական կենտրոն լիազորվելու համար գիտական կազմակերպությունը ներկայացնում է հայտ՝ համաձայն N 1 ձևի, լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, բացառությամբ համացանցի խափանման դեպքում, ներկայացնում է թղթային եղանակով, որին կցվում են սույն կարգի 8-րդ կետով սահմանված փաստաթղթերը։

11. Թղթային եղանակով փաստաթղթերի պատճենները ներկայացվում են համարակալված, կարված, գիտական կազմակերպության ղեկավարի կողմից ստորագրված և կնքված, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են կնքված և էլեկտրոնային ստորագրությամբ:

12. Լիազոր մարմինը հայտում նշված էլեկտրոնային հասցեին ծանուցում ուղարկելու միջոցով հայտատուին էլեկտրոնային հաղորդագրությամբ տեղեկացնում է ներկայացված հայտի և կից փաստաթղթերի ստացման մասին։

13. Ներկայացված հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրության՝ սույն կարգով սահմանված չափանիշների համապատասխանության վերաբերյալ ընթացակարգը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

14. Գիտական կազմակերպությանը ռիսկի գնահատում իրականացնելու լիազորություն տրվում է լիազոր մարմնի իրավական ակտով, որն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը, համաձայն N 2 ձևի, գիտական կազմակերպությանը տրամադրում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատում իրականացնելու մասին լիազորման վկայական։ Ռիսկի գնահատում իրականացնելու նպատակով գիտական կազմակերպությունը լիազորվում է 5 տարի ժամկետով՝ հայտում նշված ոլորտով։

15. Լիազորված ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպության վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է իր պաշտոնական կայքէջում:

16. Գիտական կազմակերպությանը սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատումն իրականացնելու լիազորություններ տալու պահից ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպության տնօրենը տվյալ ոլորտների համար հաշվետու է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին։

17. Գիտական կազմակերպությունը լիազորվելուց հետո, ծրագրի իրականացման ավարտից հետո, լիազոր մարմնին և տեսչական մարմնին առձեռն՝ թղթային եղանակով ներկայացնում է ռիսկի գնահատման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն, ինչպես նաև, հիմք ընդունելով ռիսկի գնահատման արդյունքները, յուրաքանչյուր տարվա վերջին տասնօրյակում լիազոր մարմնին և տեսչական մարմնին կարող է ներկայացնել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտների օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություն։ Հաշվետվության ձևը սահմանում է լիազոր մարմինը:

18. Լիազոր մարմինն իր նախաձեռնությամբ տարին մեկ անգամ կարող է իրականացնել ուսումնասիրություն՝ սույն կարգի 8-րդ կետի 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված չափանիշների համապատասխանության վերաբերյալ։

 

4. ՏՐՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

19. Գիտական կազմակերպության լիազորումը կասեցվում է, եթե՝

1) հիմնավորված փաստերի առկայության դեպքում պարզվում է, որ իր գործունեության ընթացքում խախտել է սույն կարգի 8-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված չափանիշը․

2) սույն կարգի 18-րդ կետի համաձայն կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվում են, որ խախտվել է սույն կարգի 8-րդ կետի 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված գիտական կազմակերպությանը ռիսկի գնահատման լիազորություններ տալու չափանիշներից որևէ մեկը․

3) հաշվետվության ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվում է անհամապատասխանություն հաշվետվությամբ սահմանված պահանջների նկատմամբ։

20. Գիտական կազմակերպության ռիսկի գնահատում իրականացնելու գործունեությունը կասեցվում է առավելագույնը 30 աշխատանքային օրով և կասեցման վերաբերյալ հրամանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցվում է գիտական կազմակերպությանը։ Եթե ռիսկի գնահատումն իրականացնող կազմակերպությունը կասեցման մասին հրամանն ստանալուց հետո մինչև կասեցման ժամկետի ավարտը վերացնում է կասեցման համար հիմք հանդիսացած խախտումները, ապա խախտումների վերացման մասին տեղեկատվությունն առձեռն, թղթային տարբերակով կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է լիազոր մարմնին։

21. Լիազոր մարմնի ղեկավարը երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հրաման՝ կասեցումը վերացնելու վերաբերյալ և մեկ աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցվում է գիտական կազմակերպությանը։

22. Մինչև կասեցման ժամկետի ավարտը խախտումները չվերացնելու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի ղեկավարն ընդունում է հրաման՝ ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպության լիազորումը դադարեցնելու վերաբերյալ և մեկ աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցվում է գիտական կազմակերպությանը։

23. Լիազորությունը դադարեցվում է նաև գիտական կազմակերպության կողմից համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում՝ լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին կամ թղթային եղանակով։

24. Լիազորությունը դադարեցնելու դեպքում սույն կարգի 14-րդ կետով սահմանված վկայականն ուժը կորցրած է ճանաչվում։ Վկայականն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում դրա բնօրինակը երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է լիազոր մարմնին։

25. Գիտական կազմակերպության ռիսկի գնահատման գործունեության կասեցումը կամ դադարեցումը չի ազդում ռիսկի գնահատման արդյունքների վրա, որոնք տրվել են վերջիններիս կողմից նախքան կասեցման կամ դադարեցման վերաբերյալ հրամանների ընդունումը։

26. Գիտական կազմակերպության ռիսկի գնահատման գործունեության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

27. Գիտական կազմակերպությանը լիազորելու մասին վկայականի գործողության ժամկետը լրանալուց հետո ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպությունը կարող է նորից ներկայացնել նոր հայտ` սույն կարգով սահմանված ընթացակարգով։

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

_____________________________________________________________

(լիազոր մարմնի անվանումը)

 

ՀԱՅՏ

 

ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ԿԵՆՏՐՈՆԻՆ) ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու` _____________________________________________________________________

(իրավաբանական անձի լրիվ անվանումը)

____________________________________________________________________________

(հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

____________________________________________________________________________

(գործունեության ոլորտը/տեսակը)

 

Գտնվելու վայրը` _________________________________________________________________

(իրավաբանական անձի գործունեության իրականացման վայրի հասցեն)

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, __________________________

 

Հարկ վճարողի հաշվառման համարը

__________________________

 

Խնդրում եմ գիտական կազմակերպությանը (կենտրոնին) լիազորել իրականացնել ռիսկի գնահատում ____________________ ոլորտում։

 

Հայտին կից ներկայացնում եմ __________________________________________________________։

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Հայտատու

 

____________________

(ստորագրությունը)

_____________________________

(անունը, ազգանունը)

 

___ ________20  թ.

   

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

_____________________________________________________________

(լիազոր մարմնի անվանումը)

 

ՎԿԱՅԱԿԱՆ N ____

 

ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ԿԵՆՏՐՈՆԻՆ) ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

_____________________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)

 

Լիազորվում է

_____________________________________________________________________________________

(գիտական կազմակերպության (կենտրոնի անվանումը)

 

ռիսկի գնահատում իրականացնել                                   ոլորտում:

 

Տրված է ___ _______________20  թ.

Գործողության ժամկետը՝ ______________________

 

_________________________________

(լիազոր մարմնի ղեկավարի ստորագրությունը)

 

_______________________

(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան


12.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան