Գլխավոր տեղեկություն
Համար
N 570-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2025 թվականի N 570-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատ կացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) տրանսպորտային միջոցների պետական գրանցման-հաշվառման էլեկտրոնային հարթակում գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում կատարելու կարգը՝ համաձայն N 14 հավելվածի.».

2) որոշման 1-ին կետի 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15) տրանսպորտային միջոցների պետական գրանցման-հաշվառման էլեկտրոնային հարթակում տրանսպորտային միջոցի օտարման հասարակ գրավոր գործարք կատարելու և դրանից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու կարգը՝ համաձայն N 15 հավելվածի.».

3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-րդ ենթակետով.

«16) տրանսպորտային միջոցների պետական գրանցման-հաշվառման էլեկտրոնային հարթակում տրանսպորտային միջոցի օտարման հասարակ գրավոր գործարք կատարելու և դրանից ծագող սեփականության իրավունքի միաժամանակ պետական գրանցում և պետական հաշվառում կատարելու կարգը՝ համաձայն N 16 հավելվածի:».

4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.5-րդ կետով.

«3.5. Սահմանել, որ`

1) սույն որոշման իմաստով հաշվառման վկայագիր է հանդիսանում նաև դրա թվային տարբերակը (թվային հաշվառման վկայագիր), որը սույն որոշմամբ սահմանված N 7 հավելվածով նկարագրված հաշվառման վկայագրի փոխարեն կամ այն տրամադրելու հետ միաժամանակ հասանելի է դարձվում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը.

2) թվային հաշվառման վկայագիրը հասանելի է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում՝ նույնականացման քարտի (ID) կամ բջջային նույնականացման քարտի (Mobile ID) միջոցով (խիստ նույնականացում)` «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակում նույնականացում անցնելուց հետո կամ ծառայությունների մատուցման համար ստեղծված պետական բջջային հավելվածի միջոցով.

3) միայն թվային հաշվառման վկայագիր ունեցող տրանսպորտային միջոցի սեփականատերը (ներկայացուցիչը) ցանկացած ժամանակ կարող է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական գործառույթ իրականացնող տարածքային ցանկացած ստորաբաժանումից ստանալ սույն որոշման N 7 հավելվածին համապատասխան հաշվառման վկայագիր.

4) տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության ժամանակ միայն թվային հաշվառման վկայագիր ստանալու ցանկություն հայտնելու դեպքում տպագրման սրահում հաշվառման վկայագրի տպագրման պատվեր չի տրվում, իսկ տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության ժամանակ հաշվառման վկայագիրը ներկայացնելու պահանջը չի տարածվում միայն թվային հաշվառման վկայագիր ունեցող անձանց վրա։».

5) որոշմամբ սահմանված N 14 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

6) որոշմամբ սահմանված N 15 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.

7) որոշումը լրացնել նոր՝ N 16 հավելվածով՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

մայիսի 8-ի N 570-Ն որոշման

 

 

«Հավելված N 14

ՀՀ կառավարության 2010 թվականի

սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ-ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԳՐԱՎԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են առանց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանում ներկայանալու տրանսպորտային միջոցների պետական գրանցման-հաշվառման էլեկտրոնային հարթակում (այսուհետ՝ հարթակ) գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում կատարելու հետ կապված հարաբերությունները:

2. Հարթակում գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում կարող են կատարել բանկերը, վարկային և գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունները (այսուհետ՝ կազմակերպություն)՝ այդ գործողության պահի դրությամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և (կամ) հաշվառում ունեցող տրանսպորտային միջոցների հետ կապված գործարքներով։

 

2. ՀԱՐԹԱԿՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՐԱՎԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

3. Հարթակում գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը կատարելու համար անհրաժեշտ է ընտրել «Իրավաբանական անձանց մուտք» դաշտը։ Դաշտը հասանելի է ինչպես կազմակերպության ղեկավարի, այնպես էլ՝ վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն ներկայացված լիազորագրում նշված կազմակերպության աշխատակիցների նույնականացման քարտի միջոցով մուտք գործելու դեպքում։

4. Կազմակերպության ղեկավարը կարող է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն ներկայացված դիմումով ներկայացնել կազմակերպության այն աշխատակիցներին, ովքեր լիազորված են հարթակում գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում իրականացնելու լիազորությամբ՝ դիմումում նշելով (կցելով նույնականացման քարտի պատճենը) վերջիններիս նույնականացման քարտի տվյալները։

5. Հարթակում գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում իրականացնելու լիազորություն ունեցող անձի փոփոխության դեպքում կազմակերպության ղեկավարը դիմում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն՝ հարթակում նոր տվյալներով կարգավորումներ կատարելու նպատակով։

6. Ընտրելով «Գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում» կոճակը՝ լրացվում է էլեկտրոնային դիմումը (այսուհետ՝ դիմում), որին կցվում են օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը։

7. Դիմումը լրացվում է համապատասխան դաշտերում պահանջվող տվյալները մուտքագրելու միջոցով՝ հետևելով կայքի հրահանգներին։

8. Լրացված դիմումը հաստատվում է կազմակերպության ղեկավարի կամ հարթակում գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում իրականացնելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

9. Ներկայացված դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանման աշխատակիցն իրականացնում է տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում, ինչի արդյունքում կազմակերպության հարթակի էջին կամ դիմումով ներկայացված էլեկտրոնային հասցեին անմիջապես ուղարկվում է «Տրանսպորտային միջոցի գրավի (լիզինգի պայմանագրով վարձակալության) իրավունքի պետական գրանցման» վկայականի էլեկտրոնային տարբերակը։

10. Տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը մերժվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում։

11. Տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին որոշումը կայացնելու դեպքում այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը:»։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

մայիսի 8-ի N 570-Ն որոշման

 

 

«Հավելված N 15

ՀՀ կառավարության 2010 թվականի

սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ-ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՕՏԱՐՄԱՆ ՀԱՍԱՐԱԿ ԳՐԱՎՈՐ ԳՈՐԾԱՐՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԾԱԳՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են առանց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանում ներկայանալու տրանսպորտային միջոցների պետական գրանցման-հաշվառման էլեկտրոնային հարթակում (այսուհետ՝ հարթակ) տրանսպորտային միջոցի օտարման նպատակով հասարակ գրավոր գործարքի՝ առուվաճառքի կամ նվիրատվության (այսուհետ՝ գործարք) կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու հետ կապված հարաբերությունները:

2. Հարթակում գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հասանելի է միայն ֆիզիկական անձանց պատկանող՝ Հայաստանի Հանրապետությունում այդ գործողության պահի դրությամբ գրանցված կամ հաշվառված տրանսպորտային միջոցների համար։

 

2. ՀԱՐԹԱԿՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ԳՐԱՎՈՐ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

3. Սեփականության իրավունքով իրեն պատկանող տրանսպորտային միջոցը վաճառել կամ նվիրաբերել ցանկացող ֆիզիկական անձը (այսուհետ՝ օտարող, նվիրատու, իսկ բոլորը միասին այսուհետ` օտարող) և այդ տրանսպորտային միջոցը գնել կամ նվիրատվություն ստանալ ցանկացող ֆիզիկական անձը (այսուհետ՝ ձեռք բերող, նվիրառու, իսկ բոլորը միասին այսուհետ` ձեռք բերող) գործարք կատարելու և պետական գրանցման համար հարթակ կարող են մուտք գործել նույնականացման քարտի (ID Card) կամ բջջային նույնականացման քարտի (Mobile ID SIM Card) միջոցով (այսուհետ՝ խիստ նույնականացում)` անցնելով նույնականացում «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակում։

4. Օտարողը, հետևելով հարթակի հրահանգներին, հարթակի միջոցով ընտրում է իրեն սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցը, որը ցանկանում է օտարել, ներկայացնում է հայտարարություն՝

1) ոչ ուշ, քան գործարքը ձեռք բերողի կողմից վավերացվելուց հետո 7-օրյա ժամկետում ձեռք բերվող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը և հաշվառման վկայագիրը (եթե ձեռք բերվող տրանսպորտային միջոցը հանդիսանում է հաշվառված տրանսպորտային միջոց) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն ներկայացված (այդ թվում՝ փոստային առաքման միջոցով) լինելու մասին․

2) օտարվող տրանսպորտային միջոցի բոլոր սեփականատերերի՝ «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով խիստ նույնականացման արդյունքում տրված համաձայնությունը տրանսպորտային միջոցն օտարելու մասին, եթե oտարվող տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստրում գրանցված է մեկից ավելի անձանց անունով.

3) գործարքի վերաբերյալ բոլոր ծանուցումները և կայացված վարչական ակտերն իր էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու մասին։

5. Հարթակն ինքնաշխատ եղանակով, էլեկտրոնային թվային այլ համակարգերից տվյալների ստացմամբ, ստուգում է օտարողի, ինչպես նաև օտարման համար ընտրված տրանսպորտային միջոցի տվյալները։

6. Այն դեպքում, երբ ստացված տվյալների հիման վրա օրենքով արգելվում է տվյալ տրանսպորտային միջոցի պետական գրանցման գործողությունը կամ օտարողը գտնվում է հետախուզման մեջ կամ գործարքի համար անհրաժեշտ է ներկայանալ հաշվառման-քննական բաժին, հարթակը դրա մասին ծանուցում է օտարողին և ընդհատում է գործընթացը։

7. Ստացված տվյալների հիման վրա, օրենսդրությամբ տրանսպորտային միջոցի պետական գրանցման արգելքների բացակայության դեպքում, հարթակն առաջարկում է ընտրել օտարման տարբերակը՝ առուվաճառքի կամ նվիրատվության գործարքի կնքմամբ։ Առուվաճառքի գործարքն ընտրելու դեպքում օտարողը հարթակում լրացնում է նաև տրանսպորտային միջոցի վաճառքի գինը։ Այնուհետև օտարողը լրացնում է ձեռք բերողի վերաբերյալ հարթակում պահանջվող տվյալները։

8. Հարթակն ինքնաշխատ եղանակով, էլեկտրոնային թվային այլ համակարգերից տվյալների ստացմամբ, ստուգում է ձեռք բերողի տվյալները։

9. Ստացված տվյալների հիման վրա, օրենսդրությամբ տրանսպորտային միջոցի պետական գրանցման արգելքների և գործարքի համար հաշվառմանքննական բաժին ներկայանալու անհրաժեշտության բացակայության դեպքում հարթակն ինքնաշխատ եղանակով հաշվարկում է և օտարողին առաջարկում կատարել օտարման դեպքում տրանսպորտային միջոցի գրանցման գործողության համար անհրաժեշտ վճարները՝ փոխադրամիջոցի գույքահարկը և պետական տուրքերը։

10. Էլեկտրոնային եղանակով վճարումների կատարման ավարտից հետո հարթակն առաջարկում է օտարողին ստուգել բոլոր տվյալները և հաստատել։ Օտարողի կողմից հաստատվելուց հետո գործարքի տվյալների վերաբերյալ գեներացվում է համացանցային ակտիվ հղում և առաջարկվում այն փոխանցել ձեռք բերողին անմիջապես համակարգի միջոցով կամ էլեկտրոնային այլ տարբերակներով։ Ուղարկման վերաբերյալ էլեկտրոնային ծանուցում է ուղարկվում գործարքի կողմերին։

11. Ձեռք բերողը, հաղորդագրությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում, անցնելով ստացված հղումով, մուտք է գործում հարթակ խիստ նույնականացում անցնելու միջոցով` անցնելով նույնականացում «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակում։ Ծանոթանալով գործարքի բոլոր տվյալներին և համաձայնելով դրանց հետ՝ ձեռք բերողը հարթակի միջոցով ներկայացնում է հայտարարություն գործարքի վերաբերյալ բոլոր ծանուցումները և կայացված վարչական ակտերն իր էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու մասին։

12. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված գործողությունների կատարման ավարտից հետո համակարգն ինքնաշխատ եղանակով գեներացնում է օտարման (առուվաճառքի կամ նվիրատվության) էլեկտրոնային պայմանագիրը։ Պայմանագիրը վավերացվում է ձեռք բերողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։

13. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ժամկետում նույն կետով նախատեսված բոլոր գործողությունները չկատարելու դեպքում գործարքը համարվում է չեղարկված։

14. Ձեռք բերողի կողմից գործարքը վավերացվելուց հետո օտարողի էլեկտրոնային փոստի հասցեին ինքնաշխատ եղանակով ուղարկվում է համացանցային ակտիվ հղում՝ պայմանագիրը «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով ստորագրելու հնարավորությամբ։ Ուղարկման վերաբերյալ էլեկտրոնային ծանուցում է ուղարկվում գործարքի կողմերին։

15. Օտարողը, բացելով ստացված համացանցային հղումը, վավերացնում է ձեռք բերողի կողմից արդեն իսկ վավերացված պայմանագիրն իր էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։ Ստորագրումից հետո համակարգը երկկողմանի ստորագրված, վավերացված պայմանագիրն ուղարկում է գործարքի կողմերի էլեկտրոնային փոստի հասցեներին։

16. Օտարողի կողմից պայմանագիրը վավերացնելու պահից գործարքը համարվում է կատարված, և համակարգն ինքնաշխատ եղանակով պատրաստում է տրանսպորտային միջոցի պետական գրանցման գործողության նախագիծը, որի ավարտի մասին անմիջապես հաղորդագրություն է ստացվում օտարողի և ձեռք բերողի էլեկտրոնային հասցեներին։

17. Տրանսպորտային միջոցը համարվում է գրանցված, եթե հարթակում տեղեկատվություն է ստացվում սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, 9-րդ կետով նախատեսված վճարների, 15-րդ կետերով սահմանված գործողությունների կատարված լինելու մասին, և բացակայում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով տրանսպորտային միջոցի գրանցումը մերժելու հիմքերը։

18. Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի էլեկտրոնային տարբերակն անմիջապես ուղարկվում է ձեռք բերողի էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ թղթային տարբերակը ձեռք բերողն (կամ նրա ներկայացուցիչը) իր ցանկությամբ կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տարածքային հաշվառմանքննական ցանկացած բաժնից:

19. Տրանսպորտային միջոցի պետական գրանցումը մերժելու դեպքում անմիջապես հաղորդագրություն է ուղարկվում գործարքի կողմերի էլեկտրոնային փոստի հասցեներին։

20. Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին որոշումը կայացնելուց հետո այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը։»։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

մայիսի 8-ի N 570-Ն որոշման

 

 

«Հավելված N 16

ՀՀ կառավարության 2010 թվականի

սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ-ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՕՏԱՐՄԱՆ ՀԱՍԱՐԱԿ ԳՐԱՎՈՐ ԳՈՐԾԱՐՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԾԱԳՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են առանց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանում ներկայանալու տրանսպորտային միջոցների պետական գրանցման-հաշվառման էլեկտրոնային հարթակում (այսուհետ՝ հարթակ) տրանսպորտային միջոցի օտարման նպատակով հասարակ գրավոր գործարքի՝ առուվաճառքի կամ նվիրատվության (այսուհետ՝ գործարք) կատարման, այդ գործարքից բխող՝ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի միաժամանակ պետական գրանցում և պետական հաշվառում (այսուհետ՝ գրանցում և հաշվառում) կատարելու հետ կապված հարաբերությունները:

2. Հարթակում գործարքի կատարումը և դրանից ծագող՝ տրանսպորտային միջոցի գրանցումը և հաշվառումը հասանելի է միայն ֆիզիկական անձանց պատկանող՝ Հայաստանի Հանրապետությունում այդ գործողության պահի դրությամբ գրանցված և (կամ) հաշվառված տրանսպորտային միջոցների համար։

 

2. ՀԱՐԹԱԿՈՒՄ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

3. Սեփականության իրավունքով իրեն պատկանող տրանսպորտային միջոցը վաճառել կամ նվիրաբերել ցանկացող ֆիզիկական անձը (այսուհետ՝ օտարող, նվիրատու, իսկ բոլորը միասին այսուհետ` օտարող) և այդ տրանսպորտային միջոցը գնել կամ նվիրատվություն ստանալ ցանկացող ֆիզիկական անձը (այսուհետ՝ ձեռք բերող, նվիրառու, իսկ բոլորը միասին այսուհետ` ձեռք բերող) գործարք կատարելու, պետական գրանցման և պետական հաշվառման համար հարթակ կարող են մուտք գործել խիստ նույնականացում անցնելու միջոցով` անցնելով նույնականացում «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակում։

4. Օտարողը, հետևելով հարթակի հրահանգներին, հարթակի միջոցով ընտրում է իրեն սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցը, որը ցանկանում է օտարել, ներկայացնում է հայտարարություն՝

1) հերթական կամ ցանկալի հաշվառման համարանիշերը չփոխարինելու համաձայնության մասին (բացառությամբ միայն գրանցում ունեցող տրանսպորտային միջոցների), եթե կողմերի միջև առկա է նման համաձայնություն.

2) տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների և թափքի (խցիկի) գույնի փոփոխություն կատարված չլինելու մասին․

3) ոչ ուշ, քան ձեռք բերողի կողմից գործարքը վավերացվելուց հետո 7-օրյա ժամկետում ձեռք բերվող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը (բացառությամբ այն դեպքերի, երբ հարթակի միջոցով ներկայացվում է հերթական կամ ցանկալի հաշվառման համարանիշերը գործարքի կողմերի համաձայնությամբ չփոխարինելու մասին հայտարարություն կամ ձեռք բերվող տրանսպորտային միջոցը հանդիսանում է միայն պետական գրանցում ունեցող տրանսպորտային միջոց) և հաշվառման վկայագիրը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն ներկայացված լինելու (այդ թվում՝ պատվիրված փոստով, ստանալու մասին ծանուցմամբ) մասին․

4) օտարվող տրանսպորտային միջոցի բոլոր սեփականատերերի՝ «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով խիստ նույնականացման արդյունքում տրված համաձայնությունը տրանսպորտային միջոցն օտարելու մասին, եթե oտարվող տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստրում գրանցված է մեկից ավելի անձանց անունով․

5) գործարքի վերաբերյալ բոլոր ծանուցումները և կայացված վարչական ակտերն իր էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու մասին։

5. Հարթակն ինքնաշխատ եղանակով, էլեկտրոնային թվային այլ համակարգերից տվյալների ստացմամբ, ստուգում է օտարողի, ինչպես նաև օտարման համար ընտրված տրանսպորտային միջոցի տվյալները։

6. Այն դեպքում, երբ ստացված տվյալների հիման վրա օրենքով արգելվում է տվյալ տրանսպորտային միջոցի պետական գրանցումը և հաշվառումը, կամ օտարողը գտնվում է հետախուզման մեջ, հարթակը դրա մասին ծանուցում է օտարողին և ընդհատում է գործընթացը։

7. Ստացված տվյալների հիման վրա, օրենսդրությամբ նախատեսված տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման արգելքների բացակայության դեպքում, հարթակն առաջարկում է ընտրել օտարման տարբերակը՝ առուվաճառքի կամ նվիրատվության գործարքի կնքմամբ։ Առուվաճառքի գործարքն ընտրելու դեպքում օտարողը հարթակում լրացնում է նաև տրանսպորտային միջոցի վաճառքի գինը։ Այնուհետև, օտարողը լրացնում է ձեռք բերողի վերաբերյալ հարթակում պահանջվող տվյալները։

8. Հարթակն ինքնաշխատ եղանակով, էլեկտրոնային թվային այլ համակարգերից տվյալների ստացմամբ, ստուգում է ձեռք բերողի տվյալները։

9. Այն դեպքում, երբ ստացված տվյալների հիման վրա օրենսդրությամբ արգելվում է տվյալ տրանսպորտային միջոցի պետական գրանցումը և հաշվառումը ձեռք բերողի կողմից, կամ նշված գործողությունները կատարելու համար անհրաժեշտ է ներկայանալ հաշվառմանքննական բաժին, ապա հարթակը դրա մասին ծանուցում է օտարողին և ընդհատում է գործընթացը։

10. Ստացված տվյալների հիման վրա, օրենսդրությամբ նախատեսված տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման արգելքների և նշված գործողությունները կատարելու համար հաշվառման-քննական բաժին ներկայանալու անհրաժեշտության բացակայության դեպքում հարթակն ինքնաշխատ եղանակով հաշվարկում է և օտարողին առաջարկում կատարել օտարման դեպքում տրանսպորտային միջոցի գրանցման-հաշվառման գործողության համար անհրաժեշտ վճարները՝ գույքահարկը, պետական տուրքերը, պարտադիր այլ վճարները։

11. Էլեկտրոնային եղանակով վճարումների կատարման ավարտից հետո հարթակն առաջարկում է օտարողին ստուգել բոլոր տվյալները և հաստատել։ Օտարողի կողմից հաստատվելուց հետո գործարքի տվյալների վերաբերյալ գեներացվում է համացանցային ակտիվ հղում և առաջարկվում այն փոխանցել ձեռք բերողին անմիջապես համակարգի միջոցով կամ էլեկտրոնային այլ տարբերակներով։ Ուղարկման վերաբերյալ էլեկտրոնային ծանուցում է ուղարկվում գործարքի կողմերին։

12. Ձեռք բերողը, հաղորդագրությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում, անցնելով ստացված հղումով, մուտք է գործում հարթակ խիստ նույնականացում անցնելու միջոցով` անցնելով նույնականացում «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակում։ Ծանոթանալով գործարքի բոլոր տվյալներին և համաձայնելով դրանց հետ, ձեռք բերողը հարթակի միջոցով՝

1) ներկայացնում է հայտարարություն հերթական կամ ցանկալի հաշվառման համարանիշերը չփոխարինելու համաձայնության մասին (բացառությամբ միայն գրանցում ունեցող տրանսպորտային միջոցների), եթե կողմերի միջև առկա է նման համաձայնություն․

2) կատարում է օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարում (բացառությամբ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշ հատկացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի և ցանկալի համարանիշ ստանալու համար վճարման ենթակա օրենսդրությամբ հաստատագրված լրացուցիչ գումարի վճարումների, եթե հարթակի միջոցով ներկայացվում է հերթական կամ ցանկալի հաշվառման համարանիշերը գործարքի կողմերի համաձայնությամբ չփոխարինելու մասին հայտարարություն)՝ միաժամանակ նշելով հաշվառման համարանիշերն ստանալու եղանակը՝ հաշվառման-քննական ստորաբաժանումից կամ փոստային առաքմամբ․

3) ներկայացնում է հայտարարություն գործարքի վերաբերյալ բոլոր ծանուցումները և կայացված վարչական ակտերն իր էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու մասին․

4) ընտրում է ձեռք բերվող տրանսպորտային միջոցի նոր հաշվառման վկայագիրը թվային տարբերակով իր էլեկտրոնային փոստի միջոցով ստանալու և (կամ) հաշվառման-քննական ստորաբաժանումից կամ փոստային առաքմամբ ստանալու եղանակը:

13. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված գործողությունների կատարման ավարտից հետո համակարգն ինքնաշխատ եղանակով գեներացնում է օտարման (առուվաճառքի կամ նվիրատվության) էլեկտրոնային պայմանագիրը։ Պայմանագիրը վավերացվում է ձեռք բերողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։

14. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված ժամկետում նույն կետով նախատեսված բոլոր գործողությունները չկատարելու դեպքում գործարքը համարվում է չեղարկված։

15. Ձեռք բերողի կողմից վավերացվելուց հետո օտարողի էլեկտրոնային փոստի հասցեին ինքնաշխատ եղանակով ուղարկվում է համացանցային ակտիվ հղում՝ պայմանագիրը «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով ստորագրելու հնարավորությամբ։ Ուղարկման վերաբերյալ էլեկտրոնային ծանուցում է ուղարկվում գործարքի կողմերին։

16. Օտարողը, բացելով ստացված համացանցային հղումը, վավերացնում է ձեռք բերողի կողմից արդեն իսկ վավերացված պայմանագիրն իր էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։ Ստորագրումից հետո համակարգը երկկողմանի ստորագրված, վավերացված պայմանագիրն ուղարկում է գործարքի կողմերի էլեկտրոնային փոստի հասցեներին։

17. Պայմանագիրն օտարողի կողմից վավերացնելու պահից գործարքը համարվում է կատարված, և համակարգն ինքնաշխատ եղանակով պատրաստում է տրանսպորտային միջոցի պետական գրանցման և պետական հաշվառման գործողության նախագիծը, որի հաջող ավարտի մասին անմիջապես հաղորդագրություն է ստացվում օտարողի և ձեռք բերողի էլեկտրոնային հասցեներին։

18. Հերթական կամ ցանկալի հաշվառման համարանիշերը գործարքի կողմերի համաձայնությամբ չփոխարինելու մասին հայտարարություն ներկայացնելու դեպքում հաշվառման նոր համարանիշեր չեն հատկացվում:

19. Սույն կարգով նախատեսված՝ կողմերի համաձայնությամբ ձեռք բերվող տրանսպորտային միջոցի հերթական կամ ցանկալի հաշվառման համարանիշերը գործարքի կողմերի համաձայնությամբ չփոխարինելու հետ կապված կարգավորումները չեն գործում, և հաշվառման գործողությունը ենթակա է մերժման (բացառությամբ, երբ ձեռք բերողը համաձայնություն է տալիս այն փոխանակելու մասին), եթե ձեռք բերվող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը չեն համապատասխանում այդ պահի դրությամբ գործող սույն որոշման N 11 հավելվածով սահմանված հաշվառման համարանիշերի ձևերին (հին նմուշի են)։

20. Տրանսպորտային միջոցը համարվում է հաշվառված, եթե հարթակում տեղեկատվություն է ստացվում սույն կարգի 4-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով, 16-րդ կետերով սահմանված գործողությունների կատարված լինելու մասին, և բացակայում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով, սույն կարգով, ինչպես նաև սույն որոշման N 2 հավելվածի 10-րդ կետով նախատեսված՝ տրանսպորտային միջոցի գրանցումը և հաշվառումը մերժելու հիմքերը։

21. Ձեռք բերված տրանսպորտային միջոցի նոր հաշվառման վկայագիրը (բացառությամբ այն դեպքերի, երբ հարթակում ձեռք բերողն ընտրել է ձեռք բերվող տրանսպորտային միջոցի նոր հաշվառման վկայագիրը թվային տարբերակով իր էլեկտրոնային փոստի միջոցով ստանալու եղանակը), իսկ հերթական կամ ցանկալի հաշվառման համարանիշերը գործարքի կողմերի համաձայնությամբ չփոխարինելու մասին հայտարարություն ներկայացված չլինելու դեպքում՝ նաև հաշվառման համարանիշերը, պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, առաքվում են ձեռք բերողին սույն կարգի 17-րդ կետով նախատեսված հաղորդագրությունն ստացվելուց հետո 5-օրյա ժամկետում։ Առաքանին վերադարձվելու դեպքում, դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում ձեռք բերողի էլեկտրոնային փոստի հասցեին՝ նշելով, որ փաստաթղթերը ձեռք բերողը (կամ նրա ներկայացուցիչը) կարող է ստանալ իր հաշվառման վայրի տարածքային հաշվառման-քննական բաժնից։

22. Տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման գործողության կատարումը մերժելու մասին ձեռք բերողի և օտարողի էլեկտրոնային փոստի հասցեներին անմիջապես ուղարկվում է հաղորդագրություն։

23. Տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման գործողության կատարումը մերժելու մասին որոշումը կայացնելուց հետո այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը։»։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2025 թվական: