Գլխավոր տեղեկություն
Համար
N 704-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 704-Ա

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 57-Ն որոշմամբ հաստատված՝ բյուջետային ծրագրերի գնահատման կարգի 2-րդ կետի 9-րդ ենթակետը և 6-րդ կետը՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում բյուջետային ծրագրերի գնահատման խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում բյուջետային ծրագրերի գնահատման խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

13.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 704-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1. Խորհուրդը կազմված է նախագահից և խորհրդի անդամներից:

2. Խորհրդի կազմում քվեարկելու իրավունքով ընդգրկվում են հետևյալ անդամները՝

1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ՝ հարկաբյուջետային քաղաքականության ոլորտը համակարգող (խորհրդի նախագահ) կամ իր մասնակցության անհնարինության դեպքում իր հանձնարարությամբ հանդես եկող այլ ներկայացուցիչ.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար կամ իր մասնակցության անհնարինության դեպքում իր հանձնարարությամբ հանդես եկող այլ ներկայացուցիչ.

3) խորհրդի տվյալ նիստում քննարկման ենթակա բյուջետային ծրագրերի իրականացման համար պատասխանատու մարմինների ղեկավարներ կամ իրենց մասնակցության անհնարինության դեպքում իրենց հանձնարարությամբ հանդես եկող այլ ներկայացուցիչներ:

3. Խորհրդի աշխատանքներին առանց քվեարկելու իրավունքի մասնակցում են`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության՝ բյուջետային ծրագրերի գնահատման գործառույթ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը կամ իր մասնակցության անհնարինության դեպքում իր հանձնարարությամբ հանդես եկող այլ ներկայացուցիչ.

2) բյուջետային գործընթացը համակարգող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալը կամ իր մասնակցության անհնարինության դեպքում իր հանձնարարությամբ հանդես եկող այլ ներկայացուցիչ:

4. Խորհրդի աշխատանքներին մասնակցելու նպատակով (առանց քվեարկելու իրավունքի), անհրաժեշտության դեպքում, կարող են հրավիրվել`

1) բյուջետային ծրագրերի իրականացման համար պատասխանատու մարմինների այլ ներկայացուցիչներ.

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի նախագահը կամ փոխնախագահը.

3) տեսչական մարմինների ներկայացուցիչները՝ ըստ քննարկման առարկա հանդիսացող բյուջետային ծրագրերի ոլորտային պատկանելության.

4) ոլորտի անկախ փորձագետներ.

5) մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, միջազգային ֆինանսական կառույցների և զարգացման գործընկերների ներկայացուցիչներ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

13.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 704-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում բյուջետային ծրագրերի գնահատման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը բյուջետային ծրագրերի արդյունավետության, պետական ծախսերի մասով հաշվետվողականության և թափանցիկության մակարդակի բարձրացումն է՝ գնահատման արդյունքների հիման վրա ապացուցահեն որոշումների կայացման միջոցով։

3. Գործունեության ընթացքում խորհուրդը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

 

2. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Խորհրդի գործառույթներն են`

1) ղեկավարել գնահատման գործընթացը.

2) հաստատել գնահատման տարեկան ծրագրերը.

3) անհրաժեշտության դեպքում՝ նախաձեռնել արտահերթ գնահատումներ` անհրաժեշտության դեպքում տարեկան հաստատված գնահատման ծրագրերում կատարելով համապատասխան փոփոխություններ.

4) ընդունել և հաստատել գնահատման հաշվետվությունը (բացի մինչ-ծրագրային գնահատման հաշվետվություններից, որոնք ընդունվում են ի գիտություն) կամ ուղարկել այն լրամշակման՝ նշելով թերություններն ու խնդիրները.

5) կայացնել համապատասխան որոշումներ գնահատման արդյունքներով և տալ հանձնարարականներ բյուջետային ծրագիրն իրականացնող մարմնին` սահմանելով ժամկետներ դրանց կատարման համար.

6) բացահայտել և լուծումներ առաջադրել գնահատման հետ կապված միջգերատեսչական խնդիրներին.

7) հաստատել հետգնահատման հսկողության կարգը.

8) օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

 

3. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Խորհրդի նախագահը՝

1) հրավիրում և նախագահում է խորհրդի նիստերը.

2) հաստատում է խորհրդի նիստի օրակարգի նախագիծը.

3) ստորագրում է խորհրդի նիստերի արձանագրությունները.

4) hաստատում է խորհրդի նիստերին մասնակցելու համար հրավիրյալ անձանց կազմը.

5) իրականացնում է սույն աշխատակարգի դրույթներից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ։

6. Խորհրդի՝ քվեարկության իրավունք ունեցող անդամը՝

1) անձամբ մասնակցում է խորհրդի նիստերին և աշխատանքներին, իսկ մասնակցության անհնարինության դեպքում հանձնարարում է այլ ներկայացուցչի ներգրավումը.

2) կարող է խորհրդի նիստի ժամանակ ներկայացնել հարցեր օրակարգում ներառելու համար՝ համապատասխան հիմնավորմամբ.

3) խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում է առաջարկություն կամ կարծիք.

4) քվեարկում է խորհրդի օրակարգում ներառված հարցերի շուրջ կայացվող որոշումների վերաբերյալ: Խորհրդի տվյալ նիստում քննարկման ենթակա բյուջետային ծրագրերի իրականացման համար պատասխանատու մարմինների ղեկավարները կամ իրենց մասնակցության անհնարինության դեպքում իրենց հանձնարարությամբ հանդես եկող այլ ներկայացուցիչներ քվեարկում են միայն իրենց պատասխանատվության տակ գտնվող գնահատված ծրագրերի շուրջ կայացվող որոշումների վերաբերյալ: Գնահատման տարեկան ծրագրի հաստատման շուրջ կայացվող որոշումների վրա այս պայմանը չի տարածվում, այսինքն՝ քվեարկում են խորհրդի բոլոր անդամները.

5) խորհրդի նախագահի հանձնարարությամբ՝ կարող է հանդես գալ որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.

6) իրականացնում է խորհրդի գործառույթներից և սույն աշխատակարգի դրույթներից բխող այլ գործառույթներ:

7. Առանց քվեարկության իրավունքի նիստին մասնակցող և հրավիրյալ անձինք խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ կարող են ներկայացնել առաջարկություն կամ կարծիք:

 

4. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի և շրջաբերական գրությունների միջոցով: Խորհրդի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են գնահատման հաշվետվությունը (հաշվետվությունները) ընդունելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։

9. Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի՝ քվեարկության իրավունք ունեցող անդամներից մեկի առաջարկությամբ կարող են գումարվել արտահերթ նիստեր:

10. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցող քվեարկության իրավունք ունեցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է։

11. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե նիստին մասնակցում են խորհրդի՝ քվեարկության իրավունք ունեցող բոլոր անդամները կամ նրանց փոխարինող անձինք:

12. Խորհրդի նիստի օրակարգի նախագիծը մշակվում է և ներկայացվում է հաստատման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից։

13. Օրակարգի նախագծում նշվում են՝

1) խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը.

3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:

14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն օրակարգի նախագծի հետ միասին խորհրդի նախագահի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստին մասնակցելու համար հրավիրյալ անձանց կազմը։

15. Խորհրդի նիստի օրակարգը և օրակարգի հարցերի շուրջ առկա նյութերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրվում են խորհրդի անդամներին և նիստի մյուս մասնակիցներին էլեկտրոնային եղանակով խորհրդի նիստի անցկացումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

16. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին զեկուցմամբ։

17. Խորհրդի նիստերը ձայնագրվում են: Ձայնագրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և նիստի անցկացման օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում ձայնագրությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

18. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նիստերի արձանագրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը: Յուրաքանչյուր նիստի արձանագրությանը տրվում է հերթական համար։

19. Խորհրդի նիստի արձանագրությունը խորհրդի նիստի անցկացման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրվում է խորհրդի անդամներին և տվյալ նիստի ընթացքում քննարկված բյուջետային ծրագրերն իրականացնող մարմիններին:

20. Խորհրդի նիստի արձանագրության մեջ նշվում են՝

1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը.

2) նիստի օրակարգը.

3) նիստին մասնակցող անձանց անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը.

4) խորհրդի կողմից կայացված որոշումները՝ ներառյալ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկության արդյունքները:

21. Խորհրդի նիստը համարվում է ավարտված, երբ օրակարգն սպառված է։

22. Նիստի անցկացման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը բյուջետային ծրագիրն իրականացնող մարմնին (կամ մարմիններին) տալիս է հանձնարարականներ՝ խորհրդի նիստի արձանագրությունում ներառված որոշումներին համապատասխան՝ սահմանելով ժամկետներ դրանց կատարման համար։

23. Բյուջեի՝ «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գաղտնի տեղեկատվություն պարունակող ծրագրերի գնահատման դեպքում խորհրդի աշխատանքները կազմակերպվում են «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

13.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան