Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունը և Արաբական Միացյալ Էմիրությունները, այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր,
նպատակ ունենալով միմյանց ինքնիշխանության, հավասարության և փոխադարձ շահերի հարգման հիման վրա զարգացնել երկու երկրների միջև արդյունավետ համագործակցություն հանցագործությունների դեմ պայքարում,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան և մյուս Պայմանավորվող կողմի հարցման հիման վրա հանձնել իր տարածքում հայտնաբերված ցանկացած անձի, որը հետախուզվում է մյուս Պայմանավորվող կողմի կողմից՝ հանձնման ենթակա անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու կամ կայացած դատավճիռն ի կատար ածելու նպատակով:
Հոդված 2
1. Հանձնումն իրականացվում է, երբ այն արարքը, որի համար հայցվում է հանձնումը, հանցագործություն է համարվում երկու Պայմանավորվող կողմերի օրենքներով էլ և բավարարում է հետևյալ պահանջներից որևէ մեկը.
ա) հանձնման վերաբերյալ հարցումն առնչվում է քրեական հետապնդման իրականացմանը, և արարքը երկու Պայմանավորվող կողմերի օրենքներով էլ պատժելի է ազատազրկմամբ մեկ տարուց ոչ պակաս ժամկետով կամ ավելի խիստ պատժով, կամ
բ) հանձնման վերաբերյալ հարցումն առնչվում է կայացված դատավճռի ի կատար ածմանը և հանձնման ենթակա անձին պատիժը կրելու համար հանձնման վերաբերյալ հարցումը ներկայացնելու պահին մնացել է առնվազն 6 ամիս։
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն արարքը երկու Պայմանավորվող կողմերի օրենքներով հանցագործություն որակելու համար նշանակություն չունի այն հանգամանքը, թե Պայմանավորվող կողմերի օրենքներով դրանք սահմանվում են արդյոք միևնույն տեսակով կամ միևնույն տերմինաբանությամբ, թե ոչ:
3. Եթե հանձնման վերաբերյալ հարցումն առնչվում է երկու և ավելի արարքների, որոնցից յուրաքանչյուրը հանցագործություն է համարվում երկու Պայմանավորվող կողմերի օրենքներով, և որոնցից առնվազն մեկը համապատասխանում է սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված պատժաչափի պայմաններին, ապա հայցվող Կողմը հանձնումն իրականացնում է այդ բոլոր արարքների համար:
Հոդված 3
1. Հանձնումը մերժվում է, եթե.
ա) հայցվող Կողմը գտնում է, որ այն արարքը, որի համար հայցվում է հանձնումը, համարվում է քաղաքական հանցագործություն,
բ) հայցվող Կողմը բավարար հիմքեր ունի կարծելու, որ հանձնում պահանջող հարցումը կատարվել է անձին հետապնդելու կամ պատժելու համար՝ ելնելով նրա ռասայական, կրոնական, ազգային պատկանելությունից կամ քաղաքական հայացքներից, կամ այդ հանգամանքներից որևէ մեկը կարող է անձի դրության նկատմամբ կանխակալ վերաբերմունք առաջացնել դատավարության ընթացքում,
գ) արաքը, որի կատարման համար հայցվում է հանձնումը, համարվում է զինվորական հանցագործություն հայցվող Կողմի օրենքներով.
դ) անձը, որի հանձնումը պահանջվում է, հանդիսանում է հայցվող Կողմի քաղաքացի.
ե) հանձնման ենթակա անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի օրենքներով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի ավարտման պատճառով,
զ) անձի նկատմամբ, որի հանձնումը հայցվում է, հայցվող Կողմը կայացրել է վերջնական դատավճիռ կամ դադարեցրել է քրեական հետապնդումն այն արարքի կատարման համար, որի կապակցությամբ հանձնումը հայցվում է,
է) հայցող Կողմը հանձնման վերաբերյալ հարցումն ուղարկել է անձի բացակայությամբ կայացված դատավճռի հիման վրա, և այդ Կողմը չի երաշխավորում, որ հանձնումից հետո գործը կվերանայվի,
ը) Պայմանավորվող կողմերից որևէ մեկը հանձնման ենթակա անձին ներում է շնորհվել այն արարքի կապակցությամբ, որի համար հանձնումը հայցվում է։
2. Սույն Պայմանագրի նպատակների համար որպես քաղաքական չեն կարող դիտվել հետևյալ արարքները.
Պայմանավորվող կողմերից որևէ մեկի նախագահի կամ վարչապետի, կամ նրանց ընտանիքների անդամներից որևէ մեկի կամ Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամների, նրանց ընտանիքների անդամներից որևէ մեկի, թագաժառանգների կամ նրանց ընտանիքների անդամներից որևէ մեկի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կամ նրանց ընտանիքների անդամների վրա կատարված հարձակումը։
Հոդված 4
Հանձնումը կարող է մերժվել, եթե արարքը, որի համար պահանջվում է հանձնում, հայցող Կողմի ազգային օրենքների համաձայն՝ գտնվում է նրա իրավասության ներքո։
Հոդված 5
Եթե հանձնումը մերժվում է սույն Պայմանագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի հիման վրա, ապա հայցվող Կողմը, հայցող Կողմի խնդրանքով, գործը ներկայացնում է իր իրավասու մարմնին՝ ազգային օրենքներին համապատասխան քրեական հետապնդում իրականացնելու համար:
Այդ նպատակով հայցող Կողմը հայցվող Կողմին տրամադրում է գործին առնչվող փաստաթղթերը և ապացույցները:
Հոդված 6
1. Հանձնման վերաբերյալ հարցումը պետք է կազմվի գրավոր և ուղեկցվի հետևյալ փաստաթղթերով և տեղեկություններով.
ա) հայցող մարմնի անվանումը,
բ) հանձնման ենթակա անձի անունը և ազգանունը, տարիքը, սեռը, ազգությունը, ինքնությունը հաստատող փաստաթղթերը, զբաղմունքի տեսակը, մշտական բնակության կամ գտնվելու վայրը և այլ տեղեկություն, որը կարող է օգնել անձի նույնականացմանը, հնարավորության դեպքում՝ անձի արտաքին նկարագրությունը, լուսանկարը և մատնահետքերը,
գ) գործի էությունը, ներառյալ՝ քրեական արարքի համառոտ նկարագրությունը, ապացույցները և քննության արդյունքները,
դ) դատավճռի ի կատար ածման կամ քրեական հետապնդման առնչությամբ որևէ ժամանակային սահմանափակում նախատեսող օրենքների համապատասխան դրույթների տեքստերը,
ե) հանցագործություն համարող և դրա համար պատիժ նախատեսող օրենքների համապատասխան դրույթների տեքստերը,
զ) հանձնման ենթակա անձի նկատմամբ կայացված դատավճռի ի կատար ածման հետ կապված հանձնման մասին հարցումը պետք է ուղեկցվի նաև դատավճռի պաշտոնական պատճենով և պատժի արդեն իսկ կրած մասի վերաբերյալ տեղեկությամբ։
2. Հանձնման մասին հարցումը և դրան կից փաստաթղթերը պետք է ստորագրված և կնքված լինեն իրավասու մարմինների կողմից։ Վերոհիշյալ բոլոր փաստաթղթերը պետք է թարգմանված լինեն հայցվող Կողմի լեզվով կամ անգլերեն:
Հոդված 7
Եթե հայցվող Կողմը գտնում է, որ հանձնման վերաբերյալ հարցմանը կից ներկայացված տեղեկությունը բավարար չէ, ապա այդ Կողմը կարող է պահանջել 45-օրվա ընթացքում տրամադրել լրացուցիչ տեղեկություն, և այդ ժամանակահատվածը, հայցող Կողմի պատշաճ խնդրանքով, կարող է երկարացվել ևս 15 օրով։ Եթե հայցող Կողմը նշված ժամանակահատվածում լրացուցիչ տեղեկություն չի տրամադրում, ապա դա դիտվում է նրա կողմից հարցման կատարումից կամավոր հրաժարում: Այնուամենայնիվ, դա չի կարող խոչընդոտել, որ հայցող Կողմը նույն հանցագործության համար ներկայացնի նոր հարցում:
Հոդված 8
1. Անհետաձգելի դեպքերում հանձնման ենթակա անձը կարող է ժամանակավորապես կալանավորվել մինչև հանձնման վերաբերյալ հարցումը և 6-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերն ստանալը: Այդպիսի հարցումը կարող է ներկայացվել գրավոր՝ դիվանագիտական ուղիներով կամ Միջազգային քրեական ոստիկանական կազմակերպության (Ինտերպոլի) միջոցով կամ, Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, որևէ այլ եղանակով:
2. Հայցվող Կողմը պետք է հայցող Կողմին անհապաղ տեղեկացնի հարցման վերաբերյալ իր դիրքորոշման արդյունքների մասին:
3. Ժամանակավոր կալանավորումը դադարեցվում է, եթե հանձնման ենթակա անձի կալանավորումից հետո 30-օրյա ժամկետում հայցվող Կողմի իրավասու մարմինը չի ստանում հանձնման վերաբերյալ հայցող Կողմի պատշաճորեն կազմված պաշտոնական հարցումը. այդ ժամկետը կարող է երկարացվել ևս 15 օրով։
4. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորման դադարեցումը չի կարող արգելք հանդիսանալ ազատելուց հետո հանձնման ենթակա անձի հանձնմանը՝ հանձնման վերաբերյալ հայցվող Կողմից հետագայում պաշտոնական հարցում ստանալու դեպքում։
Հոդված 9
1. Հայցվող Կողմը, իր ազգային օրենքներին համապատասխան, քննարկում է հարցման վերաբերյալ հարցումը և ընդունված որոշման մասին անհապաղ տեղեկացնում է հայցող Կողմին։
2. Եթե հայցվող Կողմը մերժում է հանձնման մասին հարցումը, ապա մերժման պատճառների մասին պետք է ծանուցի հայցող Կողմին։
Հոդված 10
1. Եթե հայցվող Կողմը որոշում է ընդունում հանձնման թույլատրման մասին, ապա Պայմանավորվող կողմերը պայմանավորվում են հանձնման իրականացման ժամանակի, վայրի և հանձնման իրականացման այլ համապատասխան հարցերի շուրջ: Հայցվող Կողմը հայցող Կողմին տեղեկացնում է այն ժամկետի մասին, որի ընթացքում հանձնման ենթակա անձը կալանավորված է եղել նախքան հանձնելը։
2. Եթե հայցող Կողմը հանձնման իրականացման համար պայմանավորված ժամկետից հետո 15 օրվա ընթացքում չի ընդունում հանձնման ենթակա անձին, ապա հայցվող Կողմը պետք է այդ անձին անհապաղ ազատ արձակի և կարող է մերժել նույն արարքի համար նրան վերստին հանձնելու վերաբերյալ հարցումը, եթե, սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, այլ բան չնախատեսվի։
3. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը իրենից անկախ պատճառներով չի ապահովում պայմանավորված ժամկետում հանձնման ենթակա անձի հանձնումը, ապա մյուս Պայմանավորվող կողմը պետք է այդ մասին անհապաղ ծանուցվի։ Պայմանավորվող կողմերը մեկ անգամ ևս պայմանավորվում են հանձնման իրականացման հետ կապված համապատասխան հարցերի շուրջ, որի դեպքում կիրառվում են սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները:
Հոդված 11
1. Եթե անձը, որի հանձնումը հայցվում է, հայցվող Կողմի տարածքում ենթարկվում է քրեական հետապնդման կամ պատիժ է կրում այն հանցագործության համար, որի համար հանձնումը պահանջվում է, ապա հայցվող Կողմը կարող է հանձնման թույլտվության վերաբերյալ որոշում ընդունելուց հետո հետաձգել հանձնումը մինչև քրեական հետապնդման վերաբերյալ որոշում կայացնելը կամ պատիժը կրելը։ Հանձնման հետաձգման մասին հայցվող Կողմը ծանուցում է հայցող Կողմին:
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետի համաձայն անձի հանձնման հետաձգման հետևանքով լրանում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, կամ հանձնման հետաձգումը խոչընդոտում է այն հանցագործության քննությանը, որի համար պահանջվում է հանձնումը, ապա հայցվող Կողմը կարող է հետաձգման համար իր ազգային օրենքներով թույլատրված ժամկետում հանձնման ենթակա անձին ժամանակավորապես հանձնել Պայմանավորվող կողմերի միջև ձեռք բերված պայմաններին համապատասխան: Քրեական հետապնդման վերաբերյալ համապատասխան վարույթներն ավարտելուց հետո հայցող Կողմը պետք է անհապաղ հայցվող Կոմին վերադարձնի այդ անձին:
Հոդված 12
Եթե մի Պայմանավորվող կողմից բացի հանձնման վերաբերյալ հարցում է միաժամանակ ներկայացվում նաև մեկից ավելի պետությունների կողմից միևնույն կամ տարբեր հանցագործությունների համար, ապա հայցվող Կողմը հարցման վերաբերյալ որոշում ընդունելիս հաշվի է առնում բոլոր հանգամանքները, հատկապես՝ արարքի վտանգավորության աստիճանը և կատարման վայրը, հարցումների ստացման ժամկետները, հայցվող անձի ազգությունը և հետագայում այլ պետության հանձնելու հնարավորությունը:
Հոդված 13
Սույն Պայմանագրի համաձայն հանձնված անձի նկատմամբ հայցող Կողմի տարածքում չի կարող քրեական հետապնդում իրականացվել կամ նրա նկատմամբ դատավճիռը ի կատար ածվել մինչև հանձնումը նրա կողմից կատարված այլ հանցագործության համար, քան այն, որի համար նա հանձնվել է, ինչպես նաև անձը չի կարող վերահանձնվել որևէ երրորդ պետության, քանի դեռ.
ա) հայցվող Կողմը նախնական համաձայնություն չի տվել։ Այդպիսի համաձայնություն տալու նպատակով հայցվող Կողմը կարող է պահանջել ներկայացնել 6-րդ հոդվածում նշված փաստաթղթերը և տեղեկությունները՝ ներառյալ հանցագործության առնչությամբ հանձնման ենթակա անձի վկայությունները,
բ) այդ անձը չի թողնում հայցող Կողմի տարածքը 30 օրվա ընթացքում այն բանից հետո, երբ դրա հնարավորությունն ուներ։
Այնուամենայնիվ, այդ ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակահատվածը, որի ընթացքում տվյալ անձը հայցող Կողմի տարածքը չի թողել իրենից անկախ պատճառներով, կամ
գ) այդ անձը կամավոր վերադարձել է հայցող Կողմի տարածք այնտեղից հեռանալուց հետո:
Հոդված 14
1. Հայցող Կողմի խնդրանքով՝ հայցվող Կողմը իր ազգային օրենքներով և օրենսդրությամբ նախատեսված ժամկետում առգրավում է հանցագործության գործիքները և այլ առարակաները, որոնք հայտնաբերվել են իր տարածքում և կարող են ապացույց հանդիսանալ, և հանձնումն իրականացնելիս այդ առարկաները պետք է հանձնի հայցող Կողմին:
2. Հանձնումն իրականացնելիս սույն հոդվածի 1-ին կետում նշված առարկաները, այնուամենայնիվ, կհանձնվեն, եթե նույնիսկ հանձնումը չի կարող իրականացվել հանձնման ենթակա անձի մահվան, բացակայության կամ փախուստի պատճառով:
3. Հայցվող Կողմը կարող է ցանկացած այլ քրեկան հետապնդում իրականացնելու համար հետաձգել վերոհիշյալ առարկաների հանձնումը մինչև նշված ընթացակարգերի ավարտը կամ այդ առարկաները հանձնել ժամանակավորապես՝ դրանք հայցող Կողմից վերադարձնելու պայմանով։
4. Այդ առարկաների հանձնումը չի կարող սահմանափակել դրանց նկատմամբ հայցվող Կողմի կամ որևէ երրորդ անձի սեփականության ցանկացած օրինական իրավունքը։ Եթե այդպիսի իրավունքներն առկա են, ապա հայցող Կողմը, հայցվող Կողմի պահանջով, համապատասխան վարույթների ավարտից անմիջապես հետո դրանք անհապաղ անվճար վերադարձնում է հայցվող Կողմին։
Հոդված 15
1. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը հանձնված անձին երրորդ պետությունից փոխադրում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքով, ապա նա պետք է ստանա վերջինիս թույլտվությունը այդպիսի տարանցիկ փոխադրման համար: Նման թույլտվություն չի պահանջվում առանց վերջինիս տարածքում անվայրէջք օդային փոխադրման դեպքում։
2. Հայցվող Կողմը, հնարավորինս արագ, որքանով դա չի հակասում իր ազգային օրենքներին, բավարարում է տարանցիկ փոխադրման վերաբերյալ հայցող Կողմի խնդրանքը։
Հոդված 16
Հայցող Կողմը հայցվող Կողմին անհապաղ ապահովում է հանձնված անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու կամ դատավճիռն ի կատար ածելու կամ այդ անձին երրորդ պետությանը վերահանձնելու մասին տեղեկությամբ:
Հոդված 17
Հայցվող Կողմը կրում է իր տարածքում հանձնման հետ կապված ընթացակարգերից բխող ծախսերը։ Հանձնման ենթակա անձի փոխադրման և տարանցման հետ կապված ծախսերը կրում է հայցող Կողմը:
Հոդված 18
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր ազգային օրենքներին և գործող պայմանագրերին համապատասխան, տրամադրում է փոխադարձ օգնության լայն միջոցներ այն հանցագործությունների վերաբերյալ քննություն, քրեական հետապնդում և այլ քրեական վարույթներ իրականացնելու նպատակով, որոնց համար հայցվել է հանձնումը:
Հոդված 19
Սույն Պայմանագրի նպատակների համար Պայմանավորվող կողմերը միմյանց հետ հաղորդակցվում են իրենց համապատասխան լիազորված մարմինների միջոցով։ Մինչև այդ մարմինների նշանակումը նրանք հաղորդակցվում են դիվանագիտական ուղիներով:
Հոդված 20
Սույն Պայմանագիրը չի ազդում Պայմանավորվող կողմերի՝ այլ պայմանագրերով ձեռք բերած իրավունքների և ստանձնած պարտավորությունների վրա։
Հոդված 21
Սույն Պայմանագրի մեկնաբանման վերաբերյալ ցանկացած վեճ Պայմանավորվող կողմերը կարգավորում են դիվանագիտական ուղիներով՝ բանակցությունների միջոցով։
Հոդված 22
1. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակման օրվանից: Այն ուժի մեջ է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է նույն ժամկետներով:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել սույն Պայմանագրի գործողությունը մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն Պայմանագրի գործողության դադարեցումը ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումը ստանալուց 6 ամիս հետո: Այնուամենայնիվ, Պայմանավորվող կողմերից որևէ մեկի Կողմից արդեն սկսված ընթացակարգերը կշարունակվեն իրականացվել մինչև դրանք ավարտելը։
3. Սույն Պայմանագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել դիվանագիտական ուղիներով Պայմանավորվող կողմերի միջև փոխադարձաբար ձեռք բերված գրավոր համաձայնությամբ։ Այդ փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով։
Ի հավաստումն վերոշարադրյալի՝ ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով իրենց պետությունների կողմից, ստորագրեցին սույն Պայմանագիրը։
Կատարված է Աբու Դաբի քաղաքում 2002 թվականի ապրիլի 20-ին, երկու բնօրինակով, հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Պայմանագիրը մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին։
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 03.11.2005 թ.
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|