Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 692
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.1999-11.07.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.05.07/6(28)
Ընդունող մարմին
Արդարադատության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
27.04.1999
Ստորագրող մարմին
Արդարադատության պետական խորհրդական
Ստորագրման ամսաթիվ
27.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.07.2004

102.0692.29.04.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

27 ապրիլի 1999 թվականի թիվ 692

ք. Երևան


ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Ի կատարումն ՀՀ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի

 

Հրամայում եմ`

 

Հաստատել`

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների ծառայողական համազգեստի, դասային կոչումների տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրությունը և ձևերը:

 

Հայաստանի Հանրապետության
արդարադատության պետական խորհրդական

Դ. Հարությունյան

 

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
27.04.1999 թ. N 692 հրամանով

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների ծառայողական համազգեստի, դասային կոչումների տարբերանշանների եվ խորհրդանշանի

 

I

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

Գլխարկը սև կտորից է, և թավշյա գլխարկաբոլորքով, գլխարկագագաթի եզրով ոսկեգույն (դեղնավուն) եզրաշերտով: Գլխարկաբոլորքի վրա երկու կոճակներով ամրացվում է ցանցահյուսազարդով երկշերտ հյուսվածք կապը (քուղը)` և ոսկեզօծված գլխարկանշանը: Գլխարկահովհարը սև է` լաքապատ: Բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող աշխատակիցների գլխարկահովհարից վերև` գլխարկաբոլորքի վրա բացի ոսկեզօծ լարահյուսից և գլխարկանշանից ամրացվում է կաղնու ճյուղերի տեսքով երկու համաչափ ոսկեկար զարդ:

Բաճկոնը, 3-րդ դասի իրավաբանից մինչև 1-ին դասի իրավաբանի դասային կոչում ունեցող աշխատակիցների համար միակոճկուն է` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով 2 ոսկեզօծ կոճակներով, մարմինը կիսագրկող, հարթ մակերեսներով, ետծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով: Բարձրագույն կազմի և արդարադատության 3-րդ դասի խորհրդականից մինչև 1-ին դասի խորհրդականի դասային կոչում ունեցող աշխատակիցների համար` երկփեղկանի, երկկոճականի, մեջքի ներքևի մասում, առանց կտրվածքի: Բաճկոնը կողքերից ունենում է կափույրով ծածկվող կտրվածքով գրպաններ, իսկ կրծքի մասում` կտրվածքով գրպան: Բարձրագույն կազմի և արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային կոչում ունեցող աշխատակիցների համազգեստը կարվում է սև գույնի գաբարդինից, ավագ և միջին կազմի դասային կոչում ունեցող մնացած աշխատակիցներինը` սև կոստյումի կտորից: Բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող աշխատակիցների համար կարվում է նաև շքահանդեսային բաճկոն` սպիտակադեղնավուն գաբարդինից: 3-րդ դասի իրավաբանից մինչև արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի դասային կոչում ունեցող աշխատակիցների համազգեստի կրծքի աջ կողում ամրացվում է կրծքանշան` ծառայության խորհրդանշանը, բարձրությունը 55 մմ է, լայնությունը` 47 մմ:

Տաբատը սև կտորից է, ուղիղ, առանց ծալքերի, բարձրագույն, ավագ և միջին կազմի դասային կոչում ունեցող աշխատողների համար` 2,5 մմ լայնությամբ ոսկեգույն (դեղնավուն) եզրակարով: Բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող աշխատակիցների համար տաբատի վրա եզրակարից 50 մմ հեռավորությամբ կարվում է մուգ կարմրավուն վրակարվածք` 22 մմ լայնությամբ շերտով, տաբատի ողջ երկայնքով:

Կոշիկները (կիսակոշիկները) սև են, բարձրագույն և ավագ կազմի դասային կոչում ունեցող աշխատակիցներինը` այծակաշվե (շևրոյե), իսկ միջին կազմի դասային կոչում ունեցող աշխատակիցների համար քրոմակաշվե:

Կանանց համար բաճկոնի ձևը նույնն է, կոճկվում է դեպի ձախ, տաբատի և կոշիկների փոխարեն տրվում են համապատասխան շրջազգեստ և կոշիկներ:

Վերնաշապիկը բաց դեղնավուն է, փափուկ կամ կոշտ օձիքով: Որպես ամառային համազգեստ բաճկոնի փոխարեն տրվում է (բաց դեղնավուն) վրադիր վերնաշապիկ: Ձախ թևքի վրա կարվում է ծառայության խորհրդանշանը` բարձրությունը 85 մմ է, լայնությունը 70 մմ: Փողկապը սև է:

Կիսավերարկուն ունենում է 5 ոսկեզօծ կոճակ: Կոճակների միջև տարածությունը 160-170 մմ է: Բարձրագույն, ավագ և միջին կազմի դասային կոչում ունեցող աշխատակիցների համար կիսավերարկուն սև գույնի դրապից է:

Բաճկոնի և կիսավերարկուի օձիքը և թևքածալերը ոսկեգույն (դեղնավուն) եզրաշերտերով են` 2,5 մմ լայնությամբ, թևքածալերի վրա երկու փոքր կոճակներով:

Ուսադիրները կրում են բաճկոնի, կիսավերարկուի և վերնաշապիկի վրա:

Օձիքների անկյունում, բացի վերնաշապիկից, տեղադրվում է գերատեսչության խորհրդանշանը` 30 մմ բարձրությամբ, 20 մմ լայնությամբ, կաղնու տերևներով երիզված, իսկ ՀՀ Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի դասային կոչում ունեցող աշխատակիցներից մինչև 3-րդ դասի պետական խորհրդականը ներառյալ ոսկեզօծ ասեղնագործված խորհրդանշան` 29 մմ բարձրությամբ և 18 մմ լայնությամբ, որը եզրազարդվում է ոսկեզօծ դափնու տերևների տեսքով:

Գլխարկանշանը` ոսկեգույն, կաղնու տերևներով եզրազարդված Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ամրացվում է գլխարկի կենտրոնում:

 

II

 

ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ

 

1. Դասային կոչումների տարբերանշաններ են ծառայում ուսադիրները: Կիսափափուկ ուսադիրն իրենից ներկայացնում է ձգված վեցանկյուն, երկարավուն զուգահեռ կողմերով, որոնց ներքևի վերջնամասն ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է ստորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով: Ուսադրի երկարությունը 110-120 մմ է, լայնությունը` դասային կոչումներ ունեցող անձանց համար` սկսած արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականից մինչև արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականը ներառյալ` 45 մմ, իսկ արդարադատության 1-ին դասի եզրերը, բացի ստորինից, երիզվում են 2,5 մմ լայնությամբ, ոսկեգույն (դեղնավուն) մահուդե գործվածքով:

 

Արդարադատության 1-ին, 2-րդ, 3-րդ դասերի

պետական խորհրդականների ուսադիրները

 

2. Ուսադիրները պատրաստվում են սև թելից հատուկ միահյուսվածքով, մահուդի աստառի վրա` առանց լուսաշերտի, իսկ շքահանդեսային բաճկոնի համար` ոսկեգույն թելից: Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի ուսադիրների վրա, մեջտեղում ասեղնագործվում է 3 ուռուցիկ, ոսկեզօծ հնգաթև աստղ, յուրաքանչյուրը 25 մմ տրամագծով: Արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի ուսադիրների վրա` 2 ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ, յուրաքանչյուրը 25 մմ տրամագծով, հեռավորությունը ներքևի եզրագծից մինչև առաջին աստղի կենտրոնը 40 մմ, աստղերի միջև 35 մմ: Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի ուսադիրների վրա` 1 ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ, 25 մմ տրամագծով, ներքևի եզրագծից մինչև աստղի կենտրոնը 45 մմ հեռավորությամբ:

 

Արդարադատության 1-ին, 2-րդ, 3-րդ դասերի

խորհրդականների ուսադիրները

 

3. Ուսադիրները պատրաստվում են սև գույնի գործվածքից` մահուդե աստառի վրա: Ուսադիրների վրա լինում է 2 ոսկեգույն (դեղնավուն) լուսաշերտ: Արդարադատության 1-ին դասի խորհրդականի ուսադիրներին ամրացվում է 3 ոսկեզօծ հնգաթև աստղ 20 մմ տրամագծով, (որից 2-ը լուսաշերտերի, 1-ը լուսաշերտերի մեջտեղում): Արդարադատության 2-րդ դասի խորհրդականի ուսադիրներին` լուսաշերտերի վրա 2 ոսկեզօծ հնգաթև աստղ 20 մմ տրամագծով, հեռավորությունը ներքևի եզրագծից մինչև աստղերի կենտրոնը 30 մմ, աստղերի միջև 25 մմ: Արդարադատության 3-րդ դասի խորհրդականի ուսադիրներին` 1 ոսկեզօծ հնգաթև աստղ 20 մմ տրամագծով լուսաշերտերի մեջտեղում, ներքևի եզրագծից մինչև աստղի կենտրոնը 45 մմ հեռավորությամբ:

 

1-ին, 2-րդ, 3-րդ դասերի իրավաբանների ուսադիրները

 

4. Ուսադիրները պատրաստվում են սև գույնի գործվածքից` մահուդե աստառի վրա: Ուսադիրների վրա լինում է 1 ոսկեգույն (դեղնավուն) լուսաշերտ: 1-ին դասի իրավաբանի ուսադիրներին ամրացվում է 4 ոսկեզօծ աստղ` 13 մմ տրամագծով, (որից 2-ը ներքևի եզրագծից 30 մմ վերև, աստղերի կենտրոնների միջև 25 մմ հեռավորությամբ, 2-ը լուսաշերտի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից 25-ական մմ հեռավորության վրա): 2-րդ դասի իրավաբանի ուսադիրներին` 3 ոսկեզօծ աստղ` 13 մմ տրամագծով, (որից 2-ը ներքևի եզրագծից 30 մմ, աստղերի կենտրոնների միջև 25 մմ հեռավորությամբ, 3-րդը լուսաշերտի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից 25 մմ հեռավորության վրա): 3-րդ դասի իրավաբանի ուսադիրներին` 2 ոսկեզօծ աստղ` 13 մմ տրամագծով, ներքևի եզրագծից 30 մմ, աստղերի կենտրոնների միջև 25 մմ հեռավորությամբ:

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
29 ապրիլի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 10299065