«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 նոյեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10103344
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
27 հոկտեմբերի 2003 թ. ք. Երևան |
N 2-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել և գործողության մեջ դնել ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնող անձանց երդում տալու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ծանոթացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության ողջ անձնակազմին:
Գեներալ-լեյտենանտ՝ |
Կ. Պետրոսյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգը սահմանում է ազգային անվտանգության մարմիններում ծառայություն անցնող անձանց երդում տալու ընթացակարգը:
2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայողի երդում (այսուհետ՝ երդում) տալիս են ազգային անվտանգության մարմինների կրտսեր, միջին և ավագ խմբի պաշտոններում առաջին անգամ ընդունվող ծառայողները՝ պաշտոնի նշանակվելուց ու ծառայության վայր ներկայանալուց հետո 10-օրյա ժամկետում:
3. Երդումը տրվում է մեկ անգամ, անհատապես և հաստատվում անձնական ստորագրությամբ, այն չի կրկնվում հետագայում (ծառայությունը փոխելիս, աշխատանքում վերականգնվելիս, կրկին անգամ ազգային անվտանգության մարմիններում ծառայության նշանակվելիս և այլն): Երդման ստորագրված տեքստը պահվում է տվյալ ծառայողի անձնական գործում:
4. Երդում տվողների հետ, իրենց ծառայության վայրում, մինչև երդման արարողության օրը, տարվում է բացատրական աշխատանք, որի ընթացքում պարզաբանվում են երդման նշանակությունը և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված երդման տեքստի բովանդակությունը, հայտարարվում է երդման արարողության վայրը և օրը:
5. Նշանակված ժամին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի կադրերի հետ տարվող աշխատանքները համակարգող տեղակալի կամ կադրային մարմնի պետի՝ ազգային անվտանգության մարմինների նշանակության, խնդիրների և պարտականությունների մասին ներածական խոսքից հետո, հայտարարվում է երդման արարողությունն սկսելու մասին:
6. Երդման արարողությունը անցկացվում է հանդիսավոր պայմաններում, Հայաստանի Հանրապետության պետական և ՀՀ ԱԱԾ դրոշների առջև, այն մարմնի ղեկավարության մասնակցությամբ, որտեղ ծառայում է երդվող անձը:
7. Երդում տվողները հերթականությամբ դուրս գալով շարքից բարձրաձայն և հանդիսավոր ընթերցում են օրենքով սահմանված երդման տեքստը, ստորագրում ազգանվան դիմաց և գրավում իրենց տեղը շարքում: Այնուհետև ազգային անվտանգության ծառայության տնօրենի կադրերի հետ տարվող աշխատանքները համակարգող տեղակալը կամ կադրային մարմնի պետը շնորհավորում է ծառայողներին երդում տալու, իսկ տվյալ մարմնին՝ նոր համալրման կապակցությամբ, որից հետո հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:
8. Ազգային անվտանգության մարմիններում ծառայություն անցնող անձանց երդում տալու արարողակարգը կազմակերպում և իրականացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կադրային մարմինը:
9. Ազգային անվտանգության մարմիններում ծառայություն անցնող անձանց երդում տալու վայրը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի կադրերի հետ տարվող աշխատանքները համակարգող տեղակալը: