ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
13 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 28 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թեթև արդյունաբերության զարգացման 2015-2016 թվականների միջոցառումների ծրագրի 6-րդ կետի իրագործման նպատակներով,
«Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան, «Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործառման մասին հիմնադրույթը հաստատելու վերաբերյալ» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի ապրիլի 13-ի թիվ 2 որոշմամբ,
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Միություն)՝ թեթև արդյունաբերությունում նոր տեխնոլոգիաների համատեղ յուրացման և կիրառման, նոր շուկաների, այդ թվում՝ ծառայությունների շուկայի յուրացման, թեթև արդյունաբերությունում օգտագործվող առաջատար տեխնոլոգիաների արագ տարածման համար Միության շրջանակներում գիտական ներուժի արդյունավետ օգտագործման նպատակով,
հանձնարարում է անդամ պետություններին «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում` Միության պաշտոնական կայքում, սույն հանձնարարականի հրապարակման օրվանից անդամ պետությունների կողմից թեթև արդյունաբերությունում նոր տեխնոլոգիաների յուրացման և կիրառման, ինչպես նաև թեթև արդյունաբերությունում նոր տեխնոլոգիաների յուրացման և կիրառման համատեղ նախագծերի իրագործման դեպքում (գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ) (այսուհետ՝ համատեղ նախագծեր)՝
1. Առաջնորդվել թեթև արդյունաբերության ոլորտում հետազոտությունների և մշակումների, ինչպես նաև դրանք իրականացնող նոր կազմակերպությունների և ձեռնարկությունների հեռանկարային ուղղությունների ցանկով՝ թիվ 1 հավելվածի համաձայն, ինչպես նաև համատեղ նախագծերի իրագործման մասին առաջարկությունների ցանկով՝ թիվ 2 հավելվածի համաձայն։
2. Ոսումնասիրել թեթև արդյունաբերությունում նոր տեխնոլոգիաների համատեղ յուրացման և կիրառման հարցում արտադրողների շահագրգռվածության (պահանջարկի) խթանումն ապահովելու հնարավորությունները, այդ թվում՝ միջազգային բանկերի կողմից համատեղ նախագծերի մասնակիցներին այդպիսի նախագծերի իրականացման համար վարկավորման հատուկ պայմաններ տրամադրելու միջոցով։
3. Համատեղ նախագծերի իրագործման համար ապահովել անհրաժեշտ պայմաններ, այդ թվում՝ հետևյալի հիման վրա՝
ա) թեթև արդյունաբերության ոլորտում անդամ պետություններում ստեղծված նորարարական և ինժինիրինգային կենտրոնների, որոնք ձևավորվել են թեթև արդյունաբերության ոլորտում մասնագիտական կրթության հաստատությունների մասնակցությամբ.
բ) թեթև արդյունաբերության ոլորտում գործող տեխնոլոգիական պարկերի, արդյունաբերական պարկերի և արդյունաբերական կլաստերների.
գ) Միության մարմինների ակտերին համապատասխան ստեղծված՝ գերակա եվրասիական տեխնոլոգիական հարթակների։
4. Անդամ պետությունների թեթև արդյունաբերության ճյուղային ասոցիացիաների, գիտական կազմակերպությունների և գործարար համայնքի մասնակցության դեպքում սահմանել՝
ա) նոր տեխնոլոգիաների յուրացման և կիրառման, այդ թվում՝ սույն հանձնարարականի թիվ 1 և թիվ 2 հավելվածներով նախատեսված հետազոտությունների հեռանկարային ուղղությունների վերաբերյալ մշակումների մասով անդամ պետությունների թեթև արդյունաբերության արտադրանքն արտադրողների կարիքները.
բ) թեթև արդյունաբերության այն կազմակերպությունները և ձեռնարկությունները, որոնց հարթակում կարող են անցկացվել թեթև արդյունաբերությունում նոր տեխնոլոգիաների յուրացման և կիրառման ոլորտում փորձի փոխանակման համատեղ ուսուցողական միջոցառումներ։
5. Մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել՝
ա) տեղեկատվություն.
2012-2016 թվականներին արտադրության մեջ ներդրված, ինչպես նաև մոտակա 3 տարիների ընթացքում արտադրության մեջ ներդրվելիք նորարարական մշակումների մասին (մշակողների և բացառիկ իրավունքներ ունեցողների համաձայնության դեպքում).
թեթև արդյունաբերությունում նոր տեխնոլոգիաների յուրացման և կիրառման մասով՝ սույն հանձնարարականի 4-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ անդամ պետությունների թեթև արդյունաբերության արտադրանքն արտադրողների կարիքների մասին.
թեթև արդյունաբերության ոլորտում և հարակից ճյուղերում արդյունաբերական-նորարարական ենթակառուցվածքի գործող օբյեկտների, այդ թվում՝ թեթև արդյունաբերության ոլորտում կլաստերների, (արդյունաբերական, ինդուստրիալ, նորարարական), տեխնոլոգիական պարկերի, նորարարական և ինժինիրինգային կենտրոնների մասին.
թեթև արդյունաբերության ոլորտում նորամուծությունների մշակման և ներդրման արտոնագրերի մասին.
այն խոչընդոտների մասին, որոնք առաջանում են թեթև արդյունաբերությունում նոր տեխնոլոգիաների համատեղ յուրացման և կիրառման ժամանակ, և դրանց վերացման վերաբերյալ առաջարկների մասին.
բ) համատեղ նախագծերի անձնագրերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի ձևի.
գ) անդամ պետությունների արտադրողների մասնակցությամբ թեթև արդյունաբերությունում նոր տեխնոլոգիաների, մշակման յուրացման և կիրառման ոլորտում փորձի փոխանակման համատեղ միջոցառումների կազմակերպման և անցկացման վերաբերյալ առաջարկություններ՝ սույն հանձնարարականի 4-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան.
դ) Միության մարմինների կողմից այն ակտերի ընդունման վերաբերյալ առաջարկություններ, որոնք անհրաժեշտ են համատեղ նախագծերի իրագործման, ինչպես նաև անդամ պետությունների կողմից այդպիսի նախագծերի իրագործման համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից խորհրդատվական և համակարգողական բնույթի աջակցություն ցուցաբերելու համար (անհրաժեշտության դեպքում)։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|