Գլխավոր տեղեկություն
Համար
ՈՒ-001
Տիպ
Ուղերձ
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 09.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ՝

 

Հիմնվելով ՄԱԿ-ի 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի եվրոպական կոնվենցիայի, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965 թվականի միջազգային կոնվենցիայի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի ու մարդասիրական իրավունքի բնագավառում այլ միջազգային պայմանագրերի, միջազգային սովորութային իրավունքի, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի սկզբունքների վրա․

 

Հաշվի առնելով հայկական և ադրբեջանական կողմերի հանձնառությունը՝ վերադարձնելու գերության մեջ հայտնված բոլոր անձանց, ինչպես նաև դիերը․

 

Արձանագրելով, որ ադրբեջանական կողմն արհեստականորեն ձգձգում է գերության մեջ գտնվող անձանց ու դիերի վերադարձման գործընթացը, ակնհայտորեն թաքցնում իր վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների, ներկալված և անազատության մեջ գտնվող այլ անձանց իրական թիվը, շարունակում նրանց նկատմամբ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, խոշտանգումները, ֆիզիկական և հոգեկան տառապանքները․

 

Խստորեն դատապարտելով ադրբեջանական կողմից իր զինված ուժերի ներկայացուցիչների միջոցով բացառիկ ցինիզմով խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող և այլ անմարդկային արարքների տեսագրումն ու տարածումը զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերով․

 

Հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների համատարած և համակարգային քաղաքականությունը՝ ուղղված էթնիկ հայերի նկատմամբ կազմակերպված ատելություն սերմանելուն և թշնամանք բորբոքելուն, աշխարհի տարբեր մասերում հայերին սպանելու, խոշտանգելու և բռնության այլ դրսևորումների հերոսացմանը՝

 

ՈՒ Ղ Ե Ր Ձ Ո Վ  Դ Ի Մ ՈՒ Մ  Է

 

միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեին և խոշտանգումների կանխման ենթակոմիտեին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Ռասայական խտրականության վերացման կոմիտեին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Խոշտանգումների կանխման եվրոպական կոմիտեին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային ու ազգային կազմակերպություններին, կառույցներին և անձանց, միջխորհրդարանական կազմակերպություններին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և

 

Կ Ո Չ  Է  Ա Ն ՈՒ Մ

 

 հորդորել Ադրբեջանին՝ անհապաղ հայկական կողմին հանձնել իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիներին, ներկալված և անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց.

 

● պահանջել Ադրբեջանից՝ դադարեցնել խոշտանգումները, անմարդկային և դաժան վերաբերմունքը ռազմագերիների, ներկալված և անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց նկատմամբ.

 

● պարտավորեցնել Ադրբեջանին՝ դադարեցնել վերոնշյալ կոպտագույն խախտումների դրդապատճառ հանդիսացող հայատյացության քաղաքականությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ ուսումնական հաստատություններում, հասարակական, ռազմական և քաղաքական գործիչների հանրային խոսքում, զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում, ինչպես նաև ցանկացած այլ դրսևորման մեջ.

 

● առավելագույն ջանքերով ու իրական քայլերով դադարեցնել քաղաքակիրթ աշխարհի համար անհանդուրժելի՝ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, ներառյալ՝ մարդու իրավունքների և արժանապատվության ակնհայտ ոտնահարման, պատերազմական հանցագործությունների և ստանձնած միջազգային պարտավորություններից ամեն կերպ խուսափելու անսանձ քաղաքականությունը.

 

● գործուն միջոցներ ձեռնարկել՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային իրավունքով և միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնված պարտավորությունների հարգմանն ու խստիվ պահպանմանը:

 

Ազգային ժողովի նախագահ

Ա. Միրզոյան

 

2020 թվական, դեկտեմբերի 8

Երևան

 ՈՒ-001

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2020 թվական: