ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ՝
Հիմնվելով ՄԱԿ-ի 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի եվրոպական կոնվենցիայի, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965 թվականի միջազգային կոնվենցիայի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի ու մարդասիրական իրավունքի բնագավառում այլ միջազգային պայմանագրերի, միջազգային սովորութային իրավունքի, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի սկզբունքների վրա․
Հաշվի առնելով հայկական և ադրբեջանական կողմերի հանձնառությունը՝ վերադարձնելու գերության մեջ հայտնված բոլոր անձանց, ինչպես նաև դիերը․
Արձանագրելով, որ ադրբեջանական կողմն արհեստականորեն ձգձգում է գերության մեջ գտնվող անձանց ու դիերի վերադարձման գործընթացը, ակնհայտորեն թաքցնում իր վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների, ներկալված և անազատության մեջ գտնվող այլ անձանց իրական թիվը, շարունակում նրանց նկատմամբ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, խոշտանգումները, ֆիզիկական և հոգեկան տառապանքները․
Խստորեն դատապարտելով ադրբեջանական կողմից իր զինված ուժերի ներկայացուցիչների միջոցով բացառիկ ցինիզմով խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող և այլ անմարդկային արարքների տեսագրումն ու տարածումը զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերով․
Հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների համատարած և համակարգային քաղաքականությունը՝ ուղղված էթնիկ հայերի նկատմամբ կազմակերպված ատելություն սերմանելուն և թշնամանք բորբոքելուն, աշխարհի տարբեր մասերում հայերին սպանելու, խոշտանգելու և բռնության այլ դրսևորումների հերոսացմանը՝
ՈՒ Ղ Ե Ր Ձ Ո Վ Դ Ի Մ ՈՒ Մ Է
միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեին և խոշտանգումների կանխման ենթակոմիտեին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Ռասայական խտրականության վերացման կոմիտեին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Խոշտանգումների կանխման եվրոպական կոմիտեին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային ու ազգային կազմակերպություններին, կառույցներին և անձանց, միջխորհրդարանական կազմակերպություններին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և
Կ Ո Չ Է Ա Ն ՈՒ Մ
●
հորդորել Ադրբեջանին՝ անհապաղ հայկական կողմին հանձնել իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիներին, ներկալված և անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց.
● պահանջել Ադրբեջանից՝ դադարեցնել խոշտանգումները, անմարդկային և դաժան վերաբերմունքը ռազմագերիների, ներկալված և անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց նկատմամբ.
● պարտավորեցնել Ադրբեջանին՝ դադարեցնել վերոնշյալ կոպտագույն խախտումների դրդապատճառ հանդիսացող հայատյացության քաղաքականությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ ուսումնական հաստատություններում, հասարակական, ռազմական և քաղաքական գործիչների հանրային խոսքում, զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում, ինչպես նաև ցանկացած այլ դրսևորման մեջ.
● առավելագույն ջանքերով ու իրական քայլերով դադարեցնել քաղաքակիրթ աշխարհի համար անհանդուրժելի՝ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, ներառյալ՝ մարդու իրավունքների և արժանապատվության ակնհայտ ոտնահարման, պատերազմական հանցագործությունների և ստանձնած միջազգային պարտավորություններից ամեն կերպ խուսափելու անսանձ քաղաքականությունը.
● գործուն միջոցներ ձեռնարկել՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային իրավունքով և միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնված պարտավորությունների հարգմանն ու խստիվ պահպանմանը:
Ազգային ժողովի նախագահ |
Ա. Միրզոյան |
2020 թվական, դեկտեմբերի 8 Երևան ՈՒ-001 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|