Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ԿՈԼԵԿՏԻՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,
գումարված Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհրդի կողմից և հավաքված Ժնևում 1981 թ. հունիսի 3-ին` իր վաթսունյոթերորդ նստաշրջանին,
հաստատելով Ֆիլադելֆիայի հռչակագրի դրույթը, որում ճանաչվում է «Աշխատանքի միջազգային կազմակերպության կարևոր պարտավորությունը՝ նպաստել աշխարհի երկրների կողմից ծրագրերի ընդունմանը, որոնք նպատակ ունեն .... կոլեկտիվ բանակցություններ վարելու իրավունքը արդյունավետ ճանաչել», և նշելով, որ այդ սկզբունքը «ամբողջովին կիրառելի է բոլոր ժողովուրդների համար»,
հաշվի առնելով միջազգային նորմերի հիմնական նշանակությունը, որոնք բովանդակվում են Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին 1948թ. Կոնվենցիայում, Կոլեկտիվ բանակցություններ կազմակերպելու և վարելու իրավունքի սկզբունքների կիրառման մասին 1949թ. Կոնվենցիայում, Կոլեկտիվ պայմանագրերի մասին 1951թ. Հանձնարարականում, Միջնորդ դատարանի և կամավոր հաշտության մասին 1951թ. Հանձնարարականում, Պետական ծառայության մեջ աշխատանքային հարաբերությունների մասին 1978թ. Կոնվենցիայում և 1978թ. Հանձնարարականում, ինչպես նաև Աշխատանքի հարցերի կարգավորման մասին 1978թ. Կոնվենցիայում և 1978թ. Հանձնարարականում,
համարելով, որ ցանկալի է ներդնել առավել ջանքեր այդ նորմերում շարադրված նպատակներին և հատկապես Կոլեկտիվ բանակցություններ կազմակերպելու և վարելու իրավունքի սկզբունքների կիրառման մասին 1949թ. Կոնվենցիայի 4-րդ հոդվածում և Կոլեկտիվ պայմանագրերի մասին 1951թ. Հանձնարարականի 1-ին կետով նախատեսված հիմնական սկզբունքներին հասնելու համար,
անհրաժեշտ համարելով այդ նորմերը լրացնել վերոհիշյալ նորմերով հիմնված համապատասխան միջոցներով, որոնք ուղղված են ազատ ու կամավոր կոլեկտիվ բանակցություններին աջակցելուն, և
որոշում կայացնելով կոլեկտիվ բանակցություններին աջակցելու մասին որոշ առաջարկություններ ընդունելու վերաբերյալ, որը նստաշրջանի օրակարգի չորրորդ կետն է,
որոշելով, որ այդ առաջարկությունները պետք է ունենան միջազգային կոնվենցիայի ձև,
հազար ինը հարյուր ութսունմեկ թվականի հունիսի տասնիննին ընդունում է ներքոհիշյալ Կոնվենցիան, որը կանվանվի Կոլեկտիվ բանակցությունների 1981թ. Կոնվենցիա:
Բ Ա Ժ Ի Ն 1
Կիրառման եվ սահմանման ոլորտը
Հոդված 1
1. Սույն Կոնվենցիան կիրառվում է տնտեսական գործունեության բոլոր ճյուղերի նկատմամբ:
2. Ազգային օրենսդրությամբ կամ ազգային գործելակերպով կարող է սահմանվել, թե սույն Կոնվենցիայով նախատեսված երաշխիքներն ինչ չափով են տարածվում զինված ուժերի և ոստիկանության վրա:
3. Ազգային օրենսդրությամբ կամ ազգային գործելակերպով պետական ծառայության նկատմամբ կարող է սահմանվել սույն Կոնվենցիայի կիրառման հատուկ կարգ:
Հոդված 2
Սույն Կոնվենցիայի նպատակների համար «կոլեկտիվ բանակցություններ» հասկացությունը տարածվում է այն բոլոր բանակցությունների վրա, որոնք անց են կացվում գործատուի, գործատուների խմբի կամ գործատուների մեկ կամ մի քանի կազմակերպությունների միջև՝ մի կողմից, և աշխատողների մեկ կամ մի քանի կազմակերպությունների միջև՝ մյուս կողմից, հետևյալ նպատակներով՝
ա) որոշելու աշխատանքի և զբաղվածության պայմանները, և /կամ
բ) կարգավորելու գործատուների և աշխատողների միջև հարաբերությունները, և /կամ
գ) կարգավորելու գործատուների կամ նրանց կազմակերպությունների և աշխատողների կազմակերպության կամ կազմակերպությունների միջև հարաբերությունները:
Հոդված 3
1. Եթե ազգային օրենսդրությունը կամ գործելակերպը ընդունում է աշխատողների ներկայացուցիչների գոյությունը, ինչպես դա սահմանված է Աշխատավորների ներկայացուցիչների մասին 1971թ. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի «բ» կետում, ապա ազգային օրենսդրությունը կամ գործելակերպը կարող են սահմանել, թե սույն Կոնվենցիայի նպատակների համար «կոլեկտիվ բանակցություններ» հասկացությունը ինչ չափով է տարածվում նաև այդ ներկայացուցիչների հետ բանակցությունների վրա:
2. Երբ, սույն հոդվածի 1-ին կետին համաձայն, «կոլեկտիվ բանակցություններ» հասկացությունը տարածվում է նաև սույն կետում նշված աշխատողների ներկայացուցիչների հետ բանակցությունների վրա, անհրաժեշտության դեպքում պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի այդ ներկայացուցիչների ներկայությունը չօգտագործվի աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների դիրքերը թուլացնելու նպատակով:
Բ Ա Ժ Ի Ն 2
Կիրառման մեթոդները
Հոդված 4
Սույն Կոնվենցիայի դրույթների կիրառումը, եթե դա չի իրականացվում կոլեկտիվ պայմանագրերով, միջնորդ դատարանի որոշմամբ կամ ազգային գործելակերպին համապատասխանող ցանկացած այլ ձևով, ապահովվում է ազգային օրենսդրությամբ:
Բ Ա Ժ Ի Ն 3
Կոլեկտիվ բանակցություններին աջակցելը
Հոդված 5
1. Կոլեկտիվ բանակցություններին աջակցելու համար ձեռնարկվում են ազգային պայմաններին հարմարեցված համապատասխան միջոցներ:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված միջոցներն ուղղված են այն բանին, որ՝
ա) կոլեկտիվ բանակցությունները հնարավոր լինեն գործատուների և աշխատողների բոլոր կատեգորիաների համար գործունեության այն ոլորտներում, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայով,
բ) կոլեկտիվ բանակցությունները աստիճանաբար տարածվեն այն բոլոր հարցերի վրա, որոնք նշված են սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի «ա», «բ» և «գ» կետերում,
գ) խրախուսվի գործատուների և աշխատողների կազմակերպությունների միջև համաձայնեցված ընթացակարգի կանոնների մշակումը,
դ) կոլեկտիվ բանակցությունները կարգավորող կանոնների բացակայությունը կամ դրանց անբավարարությունը կամ անհամապատասխան բնույթը չխոչընդոտեն կոլեկտիվ բանակցությունների վարմանը,
ե) աշխատանքային վեճերը լուծող մարմինները և ընթացակարգը կազմակերպվեն այնպես, որ աջակցեն կոլեկտիվ բանակցություններին:
Հոդված 6
Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խոչընդոտում աշխատանքային հարաբերությունների համակարգի գործունեությանը, որտեղ կոլեկտիվ բանակցությունները անց են կացվում հաշտարարության շրջանակներում և/կամ արբիտրաժային եղանակով կամ մարմիններով, որոնցում կոլեկտիվ բանակցություններ վարող կողմերը մասնակցում են կամավոր:
Հոդված 7
Կոլեկտիվ բանակցությունների զարգացմանը աջակցելու և խրախուսելու համար պետական մարմինների կողմից կիրառվող մեթոդները հանդիսանում են նախնական խորհրդակցություններ և, երբ դա հնարավոր է, պետական մարմինների և գործատուների ու աշխատողների կազմակերպությունների միջև համաձայնագրեր:
Հոդված 8
Կոլեկտիվ բանակցություններին աջակցելու նպատակով կիրառվող մեթոդները պետք է մշակվեն կամ կիրառվեն այնպես, որ չսահմանափակեն կոլեկտիվ բանակցությունների ազատությունը:
ԲԱԺԻՆ 4
Եզրափակիչ դրույթներ
Հոդված 9
Սույն Կոնվենցիան չի վերանայում գոյություն ունեցող որևէ կոնվենցիա կամ հանձնարարական:
Հոդված 10
Սույն Կոնվենցիայի վավերագրերը գրանցման նպատակով ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին:
Հոդված 11
1. Սույն Կոնվենցիան պարտադիր է Աշխատանքի միջազգային կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Գլխավոր տնօրենի կողմից:
2. Այն ուժի մեջ է մտնում Կազմակերպության երկու անդամների վավերագրերը Գլխավոր տնօրենի կողմից գրանցվելու օրվանից տասներկու ամիս հետո:
3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամի նկատմամբ հետագայում սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից տասներկու ամիս անց:
Հոդված 12
1. Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ կարող է նրա ուժի մեջ մտնելու օրվանից տասնամյա ժամկետը լրանալուց հետո այն չեղյալ հայտարարել Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով չեղյալ հայտարարման մասին ակտ ներկայացնելու միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտի գրանցումից մեկ տարի հետո:
2. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, և որը նախորդ կետում նշված տասնամյա ժամանակահատվածը լրանալուց հետո մեկամյա ժամկետում չի օգտվի սույն հոդվածում նախատեսված չեղյալ հայտարարելու իր իրավունքից, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամկետում և այնուհետև սույն հոդվածով սահմանված կարգով կկարողանա սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալուց հետո:
Հոդված 13
1. Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին ծանուցում է Կազմակերպության անդամներից իր ստացած վավերագրերի և չեղյալ հայտարարելու վերաբերյալ բոլոր ակտերի գրանցման մասին:
2. Կազմակերպության անդամներին ծանուցելով իր ստացած 2-րդ վավերագրի գրանցման մասին՝ Գլխավոր տնօրենը նրանց ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա վրա:
Հոդված 14
Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան, գրանցման համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղարկում է ամբողջական տեղեկություններ բոլոր վավերագրերի և չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտերի մասին, որոնք իր կողմից գրանցվել են նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան:
Հոդված 15
Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհուրդը ամեն անգամ, երբ անհրաժեշտ է համարում, Գլխավոր խորհրդաժողովին զեկույց է ներկայացնում սույն Կոնվենցիայի կիրառման մասին և քննարկում է խորհրդաժողովի օրակարգում դրա լրիվ կամ մասնակի վերանայման հարցի ընդգրկման նպատակահարմարությունը:
Հոդված 16
1. Այն դեպքում, երբ խորհրդաժողովը կընդունի նոր կոնվենցիա, որն ամբողջովին կամ մասնակիորեն կվերանայի սույն Կոնվենցիան, և եթե այդ կոնվենցիայում նախատեսված չլինի հակառակը, ապա՝
ա) Կազմակերպության որևէ անդամի կողմից նոր, վերանայող կոնվենցիայի վավերացումը ipso jure, անկախ 12-րդ հոդվածի դրույթներից, առաջ է բերում սույն Կոնվենցիայի անհապաղ չեղյալ հայտարարում՝ այն պայմանով, որ նոր, վերանայող կոնվենցիան ուժի մեջ մտած լինի,
բ) նոր, վերանայող կոնվենցիայի ուժի մեջ մտնելու թվականից սկսած՝ սույն Կոնվենցիան փակ է Կազմակերպության անդամների կողմից վավերացվելու համար:
2. Սույն Կոնվենցիան բոլոր դեպքերում ըստ ձևի և բովանդակության մնում է ուժի մեջ Կազմակերպության այն անդամների նկատմամբ, որոնք այն վավերացրել են, բայց վերանայող կոնվենցիան չեն վավերացրել:
Հոդված 17
Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:
Ուժի մեջ կմտնի 2006 թ. ապրիլի 29-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|